ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ԶԵՅԹՈՒՆ
Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ զարգացած քաղաքացիական հասարակության ու տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում հայ ժողովրդի վրա նորից կկախվի ֆիզիկական գոյությանը սպառնացող ուղղակի վտանգ: Մենք սովոր ենք հայոց Մեծ Եղեռնին վերաբերվել իբրև պատմական փաստի, որը պետք է անպայմանորեն ուսումնասիրել և փոխանցել սերունդներին: Բայց ո՞վ կմտածեր, որ պատմության մասը կարող է դառնալ մեր օրերի իրականության մասը:
2020 թ. սեպտեմբերի 27-ին երկու եղբայրական բռնապետ տերությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սկսվեց համակողմանի ագրեսիա Հայաստանի և Արցախի նկատմամբ: Պատերազմի սկզբից անցել է ավելի քան երկու շաբաթ, և մեր հարևաններն արդեն բացահայտ կերպով հայտարարում են իրենց մտադրությունների մասին «հայկական հարցի» լուծման շուրջ:
Ինչպես եղել է սովորաբար (և ամենայն հավանականությամբ՝ կլինի), աշխարհի ո՛չ մի տերություն, միջազգային ո՛չ մի կազմակերպություն չի արել ոչինչ, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակչության և հայկական ամբողջական բնակավայրերի ոչնչացումը: Բոլորը «փաստեր են արձանագրում», «վճռորեն դատապարտում են», ռեպորտաժներ անում, ինչպես հարյուր տարի առաջ: Մեզ հստակ հասկացնում են, որ ոչ ոք ֆիզիկական ջանքեր չի գործադրի քսանմեկերորդ դարի նոր ցեղասպանությունը դադարեցնելու համար: Եվ դա սթափեցնող սառը ցնցուղ է հայ ժողովրդի համար, որը մինչ այդ արտաքին օգնության աղոտ հույսեր ուներ:
«Կանանց և երեխաներին ողջ-ողջ այրում են». Oakland Tribune, Կալիֆորնիա, 1909 թ. ապրիլի 22-ը
ԵՄ լուրջ մտահոգությունը, 2020 թ. հոկտեմբերի 12-ը
Բայց և հիշենք, որ դեռևս հարյուր տարի առաջ Զեյթունի լեռներում ապրում էին հայեր, որոնց միտքը մթագնված չէր սին հույսերով: Այդ քաջորդիների լավագույն ընկերը, հույսն ու դաշնակիցն իրենց զենքն էր: Զեյթունը քաղաք և նույնանուն գավառ է Հյուսիսային Կիլիկիայի լեռնային հատվածում: Հնուց այնտեղ տեղակայված էին բնիկ հայեր, որոնք ամուր էին ու անմատչելի իրենց լեռների պես, և ոչ մի բռնակալի չէր հաջողվում իր վերահսկողության տակ վերցնել այդ հողերը: Այն, որպես անկլավ, մնաց Օսմանյան կայսրության կազմում մինչև դրա գոյության վերջին տարիները:
Զեյթունը, Հայաստանը և Արցախը քարտեզի վրա
Մինչ Ստամբուլում, Զմյուռնիայում և Թուրքիայի եվրոպական մասի այլ խոշոր քաղաքներում քաղաքակիրթ հայերն ապրում էին՝ հնազանդորեն զիջումների գնալով իշխանությանը բիզնեսի, հասարակական, դիվանագիտական և այլ ոլորտներում, պակաս «քաղաքակրթված» զեյթունցիները, որ ամեն կողմից շրջապատված էին թշնամական զորքով, այնքան վստահ էին իրենց ոգու և ուժի վրա, որ իրենք էին մարտահրավեր նետում թշնամուն: Մինչ հայ գյուղացին դառնում էր օսմանյան տեղական բեկի իրավազուրկ ենթական, զեյթունցիներն ապրում էին ՝ ձեռքից վայր չդնելով զենքը և թույլ չտալով իրենց տարածքում սահմանել օսմանյան օրենքներ ու բարձր հարկեր:
Սարգիսը ՝ 1895-ի Զեյթունի պաշտպանության հերոսներից
Կոստանդնուպոլսի հայերն իսկական վերածնունդ ապրեցին՝ ոգեշնչվելով տասնիններորդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած՝ Զեյթունի հերոսական պաշտպանությամբ: Ռազմատենչ զեյթունցու հոգեկերտվածքը հայերի հանրային գիտակցության մեջ դարձավ ազատության ու պայքարի մարմնավորում:
Այսօր Այսրկովկասում հայ ժողովուրդն ունի իր փոքրիկ լեռնային տարածքը, որ կոչվում է Հայաստան և Արցախ: Կդառնա՞նք մենք Զեյթուն, թե՞ կկորչենք մոտակա դարերում՝ կախված է միայն մեզնից: Այսօր ավելի, քան երբևէ Հայաստանի և Արցախի ճակատագրի հանդեպ տագնապը կախված է օդում:
Իսկ դա նշանակում է՝ հասել է ժամանակը:
Ժամանակն է սեփական ճակատագիրը սեփական ձեռքով տնօրինելու:
Մենք պետք է դառնանք Զեյթուն:
Մեկնաբանություններ