Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Օսմանյան բանակի վաղուց մոռացված հերոսը.  Թե ինչպես է Սարգիս Թորոսյանի հուշագրությունը փոխում ներկայիս իրողության ու Թուրքիայի պատմության մասին պատկերացումները: Մաս 2
Հուշ

Օսմանյան բանակի վաղուց մոռացված հերոսը. Թե ինչպես է Սարգիս Թորոսյանի հուշագրությունը փոխում ներկայիս իրողության ու Թուրքիայի պատմության մասին պատկերացումները: Մաս 2

Նկարը՝ Ara Güler

Սարգիս Թորոսյանի ինքնակենսագրականը իր տեսակի մեջ յուրահատուկ ու բացառիկ մի փաստաթուղթ  է: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա եղել է թուրքական բանակի սպա և գործուն մասնակցություն է ունեցել պատերազմում : Գրքում զետեղված են  տվյալներ ու վկայություններ, որոնք ջրի երես են հանում այդ շրջանի պատմության, քաղաքականության ու դիվանագիտության  այն «մութ կետերը», որոնք որոշիչ դեր են խաղացել հայոց ողբերգական պատմության համար: Հիասթափեցնող խարդավանքներին զուգահեռ մենք ականատես ենք լինում հերոսի կյանքում տեղ գտած կրքոտ սիրուն ու ամուր ընկերությանը, դավաճանությունների ու հիասթափությունների:  Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ձեռնոց է նետում ներկայիս իրողությանն ու Թուրքիայի պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներին: Ստորև բերված են որոշ գլուխներ գրքից:

Պատմության սկիզբը կարդացեք այստեղ

Ծնողներիս տխուր ճակատագիրը

Օրեցօր անհագստությունն ինձ սպանում էր, մինչև որ չխնդրեցի Ռազմական նախարարությանը օգնել ինձ ինչ-որ բան իմանալ ծնողներիս մասին: Էնվեր փաշայի քարտուղարն ինձ ընդունեց, լսեց պատմությունս և հեռագիր ուղարկեց Էվերեքի քաղաքապետին:

Մի քանի օր հետո հեռագիր ստացա, որտեղ ասվում էր, որ ծնողներիս սխալմամբ արտաքսել են, սակայն քաքապետն անում է ամեն բան, որ գտնի նրանց ու հետ վերադարձնի:

Ես ջղայնությունից տեղս չէի գտնում, սակայն հասկանում էի, որ ոչինչ չեմ կարող անել: Չէի կարողանում հավատալ, որ հնարավոր է այդ իսկ րոպեին ծնողներս այն դաժան ու այլասերված բանտարկյալների մտրակների հարվածներն են տանում: Հնարավոր է նույնիսկ հայրս արդեն մահացած մի տեղ ընկած էր, և նրա մարմինը հոշոտում էին անգղները:

Որոշեցի գնալ Կոստանդնուպոլսի թաղամասերից մեկը, որտեղ կարող էիր հանդիպել Էվերեքից եկած բնակիչների: Նրանցից մեկն ինձ թաքուն ասեց, որ երեկ երեկոյան Էվերեքից հայերի ընտանիք է ժամանել ու հիմա թաքնվում է հարևան փողոցում:

***

Կինն ինձ ուղեկցեց պատշգամբ ու ցածր ձայնով կանչեց.

- Գրիգո՜ր:

Դուռը կամաց բացվեց, ու դրա հետևից երևաց երիտասարդ մի տղամարդու նիհար դեմք՝ այլայլված հայացքով ու ամբողջովին կնճիռներով պատված դեմքով:

Նրանցից իմացա, որ Էվերեքի քաղաքապետ Զեքին ամեն օր ծնողներիս մոտ է ուղարկել իր մարդկանց, որոնք սպառնացել են արտաքսել նրանց, եթե չընդունեն մուսուլմանություն ու փոքր քրոջս չամուսնացնեն նրա զարմիկի հետ: Ամեն ինչ մտածված էր, քանի որ նա շատ լավ գիտեր, որ հին քրիստենյաները երբեք չեն հրաժարվի իրենց հավատքից, քանի որ սերտորեն կապված են ավանդույթների հետ: Նա հրաժարվել է ծնողներիս փոխանցել իմ ուղարկած նամակները և հորդորել է նրանց չհավատալ սպա - որդուն, քանի որ վերջինիս կարող են ամեն պահ սպանել: 

Ես հրաժեշտ տվեցի Գրիգորին, թողեցի նրա մոտ որոշ գումար ու շտապեցի հետ դեպի ճամբար: Պաշտպանության նախարարին ուղղված խնդրագիր կազմեցի, զեկուցեցի Էվերեքի քաղապետի քայլերի մասին ու խնդրեցի անմիջապես շտկել իրավիճակը:

Գերագույն օրենք ասում էր, որ քրիստոնյա զինվորականների ընտանիքներին չի կարելի հետապդնել, սակայն Թալեաթ փաշան՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը, խախտեց այդ օրենքը: 

***

Մի առավոտ ինձ հուզված մի կին մոտեցավ: Ասեց,որ Անգորայից եկած հայ է և խնդրեց օգնել իրեն: Թուրքերը խլել էին նրա ամուսնուն, իսկ թուրք ոստիկաններն ամեն օր գալիս էին նրա տուն, ծեծում ու վիրավորում նրան: Ես հայ էի և որպես հայ ուզեցի օգնել նրան: Նա շատ ուրախացավ ու ինձ ընթրիքի հրավիրեց:

Ժամը ութն էր, ինձ գինի հյուրասիրեց, բայց ես հրաժարվեցի: Սկսեց համոզել, որ մի երկու բաժակ խմեմ ընթրիքից առաջ: Ես ընդամենը երկու բաժակ խմեցի: Անմիջապես ընթրիքից հետո, երբ սուրճ էի խմուոմ, ինչ-որ մեկի ձայնը լսեցի.

- Այդ խելագար անհավատը վերևում է, դրա վերջը տանք:

Դանակը վերցրեցի, կնոջը սենյակում թաքցրեցի ու դուրս եկա միջանցք: Կոտրեցի սեղանի լուսամփոփը ու թողեցի նրանց մթության մեջ: Այդ խառնաշփոթի մեջ նրանք սկսեցին իրար խփել, կարծելով թե ես այնտեղ եմ: Մի երկուսը բղավեցին.

 - Փախանք, փախանք, թույնը չի ազդել անհավատի վրա:

Այդպիսին էր ինձ սպանելու ծրագիրը: Թալեաթ փաշան որոշել էր իր սիրուհիներից մեկի՝ Ֆահրի խանումի միջոցով բոլորից թաքուն սպանել ինձ ու գցել մարմինս ծովը:

***

Նամակ գրեցի Ամերիկայում գտնվող եղբայրներիս ու պատմեցի նրանց հայերին ամբողջությամբ ոչնչացնելու կառավարության ծրագրերի մասին: Պատմեցի, թե որքան եմ փնտրել մեր ընտանիքը և կիսվեցի իմ մտքերով այն մասին, որ թուրքերը երկար չեն ձգի, եթե միայն Դաշնակից զորքերն ամբողջովին չդադարեցնեն ռազմական գործողությունները: Ես հորդորեցի նրանց պատմել Ամերիկայի բոլոր հայերին Թուրքիայում իրենց հայրենակիցների իրավիճակի մասին և կազմել հայ կամավորների ջոկատ, որը կգար պաշտպանելու հայ ժողովրդին:

Այս տեսակի նամակ գրելն ուղղակի անմտություն էր, և խնդիրը ոչ միայն նրանում էր, որ ես կարող էի հայտնվել ռազմական հետապնդման մեջ, եթե նամակը հայտնաբերեին, այլ այն, որ շանսերը շատ քիչ էին, որ նամակը կհասներ եղբայրներիս: Իմ միակ հույսը Ամերիկայի դեսպանատունն էր: Այնտեղ ես գտա հայ թարգմանչի, ասեցի նրան իմ խնդրանքը, պատմեցի  զինվորական բնագավառում իմ ունեցած ծանոթների մասին ու այն մասին, թե ինչպես եմ կորցրել հարազատներիս: Իմ պատմությունը հետաքրքրեց նրան: Նա հայտնեց իր խորը ափսոսանքն ու խոստացավ հետևել, որ նամակս չընկնի թուրքերի ձեռքը ու հասնի մինչև Ամերիկա:


Անսպասելի հանդիպում ու գաղտնի խոսակցություն

Ռումինիայից Կոստանդնուպոլիս վերադարձի ճանապարհին գնացքում ծանոթացա մի հիասքանչ կազմվածքով արաբի հետ: Մենք ողջագուրվեցինք և նա ներկայացավ որպես մայոր Նուրի բեյ, թուրքական դիվիզիայի շտաբի սպա:

- Կապիտա՛ն, - ասաց նա, - ձեր նկարը տեսել եմ ընկերոջս՝ արաբ փաշայի պալատում: Նա գովաբանում էր ձեր հերոսություններն ու հպարտանում, ասելով որ դուք ասես նրա որդին լինեք:

Սկզբում բան չէի հասկանում, բայց որոշեցի վստահել առաջին տպավորությանը և հավատալ, որ նա անկեղծ է ու ընդունել նրան որպես ընկեր և ոչ որպես լրտես: Ես պատմեցի նրան իմ պատմությունը:

Նա ասեց, որ իսկական անունը Նուրի Յուսուֆ է: Ծագումով բավականին ազդեցիկ արաբական ընտանիքից է, որից թուրքական ղեկավաությունը միշտ վախեցել է , այդ պատճառով նրա հարազատներից շատերին բռնել են ու կախաղան հանել:

Մի քանի ժամ զրուցեցինք, և քանի որ մենակ էինք, նա չէր էլ փորձում թաքցնել այն ատելությունն ու չարությունը, որը զգում էր թուրքերի հանդեպ:

- Եվ այպես, կապիտան, - ասաց նա, - ինչպես տեսնում եք, մենք ընդհանուր բան ունենք: Հենց որ ինձ հնարավորություն ընձեռվի, դասալքելու եմ, իմ մարդկանցից բանակ եմ հավաքելու ու վրեժ լուծելու: Արաբները չեն հանդուրժելու թուրքական լուծը, մարդկանց սրտերում ու մտքերում արդեն ապստամբություն է բռնկվել:

Հանդիպում քրոջս հետ անապատում

Մոտենում էր Սուրբ Ծնունդը, իսկ ես գնալով ավելի շատ  ծանրություն էի զգում սրտումս: Այնքան բանի միջով ստիպված եղա անցնել վերջին օրերին. Ջամիլան հեռու էր ինձանից, Մուհարեմը զոհվեց, քույրս ու ծնողներս կորել էին, ես այդքան ընկերներ կորցրեցի: Այս Սուրբ Ծննդյան օրն ես ինձ անտանելի միայնակ կզգայի, եթե հրամանատարը թույլ չտար երեք հայ բժիշկների հետ նշեն տոնը: Ամեն մեկս մեր տխուր պատմությունն ունեինք, ամենքս հիշում էինք մեր հայրենակիցների տանջված դեմքերը:

Զրույցի ընթացքում բժիշկներից մեկը նշեց, որ լսել է, թե ինչպես մի թուրք սպա մյուսին պատմում է հայ փախստականների մասին, որոնք աշխատում են կայարանում: Ես որոշեցի գնալ այնտեղ. Ինչ–որ տեղ, հոգուս խորքում ես հույս ունեի, որ կգտնեմ ծնողներիս:

***

Մեծ տներից մեկը դուռը թակեցի: Երկար ճռռոցից հետո դուռը թեթևակի բացվեց: Շեմից այն կողմ մեզ էր նայում մի ծեր կին, որի դեմքին ասես սառել էր սարսափի դիմակը:

Նախկինում երբեք ես ականատես չէի եղել այդպիսի փոփոխության. նրա կնճիռներով պատված դեմքն ասես ջահելացավ , իսկ աչքերը սկսկեցին փայլել:

Ես վստահեցրեցի նրան, որ պետք չէ վախենալ իմ համազգեստից և ասեցի, որ փնտրում եմ Էվերեքից եկած կանանց:

***

Մեծ տներից մեկը դուռը թակեցի: Երկար ճռռոցից հետո դուռը թեթևակի բացվեց: Շեմից այն կողմ մեզ էր նայում մի ծեր կին, որի դեմքին ասես սառել էր սարսափի դիմակը:

- Շնորհավոր Սուրբ Ծնունդ,- բարևեցի ես հայերենով:

Նախկինում երբեք ես ականատես չէի եղել այդպիսի փոփոխության. նրա կնճիռներով պատված դեմքն ասես ջահելացավ , իսկ աչքերը սկսկեցին փայլել:

- Շնորհավոր Սուրբ Ծնունդ,- պատասխանեց նա վախվխելով: - Ինչ - որ մեկին փնտրում ե՞ք:

Ես վստահեցրեցի նրան, որ պետք չէ վախենալ իմ համազգեստից և ասեցի, որ փնտրում եմ Էվերեքից եկած կանանց:

***

 Կարծես գիտակցությունս կորցրեցի և առաջինը , որ հիշում եմ դա իմ առջև հայտնված բարակ մարմինով , կապույտ աչքերով , շագանակագույն մազերով, կարմիր այտերով, ամաչկոտ ու վախեցած աղջիկն էր: Աչքերիս չէի հավատում. նրա հայացքի մեջ ես տեսա մորս դեմքի արտահայտությունը:

- Ի՞նչ է քո անունը:

- Պայծառ Թորոսյան:

Նա, անկասկած, իմ քույրն էր, բայց չգիտես ինչու ես շարունակում էի հարցուփորձ անել:

- Ընտանիքդ այստեղ է՞ , - հարցրեցի ես, գիտակցելով հարցիս դաժան լինելը:

- Հայրս ու մայրս մահացել են: Երեք եղբայներս ապրում են Ամերիկայում, իսկ մյուսը՝ թուրքական բանակի սպան, մահացել է Դարդանելի ճակատամարտում: Ես մնացել եմ մեն մենակ:

Եվ մինչ մենք երկուսս կհասցնեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ես պինդ գրկել էի նրան, իսկ նա այնպես էր լացում, թվում էր սիրտը պատռվելու է:

- Ես քո եղբայրն եմ, - հազիվ կարողացա արտասանել ու հետո դեռ երկար նույնը կրկնում էի: Զգում էի, որ մի բան ինձ հաջողվել է խլել ղեկավարության ձեռքից, այն ղեկավարության որին արդեն սկսկել էի ատել:

***

Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ նա իրեն հանգիստ էր զգում, ու առաջին անգամ իր առանձին սենյակն ուներ: Պայծառի քնելուց հետո դեռ երկար ինձ տանջում էին տարբեր անհիմն մտքեր. թուրքական բանակից դասալքելը քիչ կլիներ, հարկավոր էր վրեժ լուծել: Ու ես հիշեցի թուրքական բանակի մայոր, արաբ Նուրի բեյին, որի հետ ծանոթացել էի գնացքում:

Պաղեստինյան ճակատ

Պաղեստինյան ճակատ ուղևորվելու պահին ես առաջին անգամ գիտակցեցի, որ հնարավոր է ինձ հաջողվի աջակցել Հայաստանի անկախացմանը ավելի շուտ, քան ես կարծում էի:

Լրիվ պատահական ես զրույց ունեցա հետախուզության բաժնի սպաներից մեկի հետ, որը, մի քանի բաժակ վիսկի խմելուց հետո, անկեղծացավ ինձ հետ: Նա պատմեց, որ թուրքերի դեմ այսօր պատերազմում են ոչ միայն Դաշնակից ուժերը, այլ նաև Ամերիկայից ժամանած հայկական կամավորական ջոկատները : Բացի դրանից մի քանի հզոր արաբական ցեղեր ապստամբություն են սկսկել Նուրի Յուսուֆի, Ալի Ռիզայի, Սաիդի, Նուրիի ու Քադիրի գլխավորությամբ: Արաբական շեյխերն ապստամբում են:

Այս հանդիպումից առաջ ոչ մի անգամ դեռ չէի հանդիպել մեկին, ով այդչափ վիսկի խմելուց հետո ինձ այդքան լավություն աներ:

Մի քանի անհանգիստ գիշերներ անցկացրեցի, մտածելով, թե ինչպես ապահովեմ քրոջս անվտանգությունը: Պարզ էր, որ չէի կարող այլևս նրան ինձ հետ ամենուր տանել, սակայն չէի էլ ուզում նրանից բաժանվել: Նա ինձ համար դարձել էր խորհրդանիշ՝ միակ հարազատս, ում ինձ հաջողվել էր փրկել թուրքերի ձեռքից ու ում նրանք չէին վնասի, քանի ես նրա կողքին եմ:

Ես թողեցի Պայծառին Հալեպում ապրող իմ սպա ընկերների մոտ: Այնտեղ անվտանգ ապրում էին մի քանի հայկական ընտանիքներ: Երբ իրար հրաժեշտ էինք տալիս, նա լացում էր: Լացում էր, սակայն ոչ վախից, քանի որ տեսել էր ու ապրել այն բոլոր տանջանքները, որոնք կարող են պատահել մարդուն: Նա լացում էր մոտեցող մենակության զգացողությունից:

Արաբական գաղտնի ծառայության մեջ

1918 թ. օգօստոսի 12 - ին ես Նաբլուսում էի՝ Պաղեստինի քաղաքներից մեկում: Ցերեկը ինձ անսպասելի հայտնեցին, որ ինչ-որ սպա, ով ներկայացել է որպես Ռազմական ակադեմիայի իմ համակուրսեցի, ինձ համար գրություն է թողել: Նա վերադառնալու էր հաջորդ օրը, ժամը երկուսին, որ ինձ տեսնի:

Հետաքրքրասիրությունը ինձ հանգիստ չէր տալիս, և ես որոշեցի, որ հաստատ տեսնելու եմ նրան: Հաջորդ օրը ժամը 1:30 եկա ակումբ, նստեցի անկյունում սեղաններից մեկի մոտ, որ աննկատ մնամ ու կարողանամ հետևել, թե ով է գնում գալիս:

Ժամը երեքի կողմ ակումբ մտավ մի բարձրահասակ, սևահեր, թուրքական լեյտենանտի համազգեստ կրող սպա: Նրա շարժումներում ես անհանգստություն ու նյարդայնություն նկատեցի: Վերջապես ես նկատեցի նրա ուշադիր հայացքը ուղղված ինձ: Շատ հանկարծակի նա մոտեցավ ինձ, ժպտաց, պատիվ տվեց ու ձեռքը մեկնեց.

- Այ քեզ բաա՜ն, ինչպես ե՞ս կապիտան Թորոսյան, - բացականչեց նա այնպես վստահ ասես հին ծանոթի էր հանդիպել: Այդ անսպասելիությունից ես սթափվեցի. վստահ էի, որ նրան առաջ երբեք չէի հանդիպել:

***

Ասում էր, թե որքան է ցավում, որ Մուհարեմը մահացել է և որ գիտի իմ ու նրա մտերիմ ընկեր՝ Նուրի Յուսուֆ բեյի հետ հանդիպման մասին: Նրա հայացքից ես հասկացա, որ նա ամեն ինչից տեղյակ է և վատ զգացի: Եվս մեկ հետախույզ - սպա, ով փորձում է ինձանից խոսք քաշել:

- Կապիտան, եկեք հասկանանք իրար: Դուք Նուրի Յուսուֆ բեյի ընկերն եք: Դուք նրան հանդիպել եք գնացքում Ռումինիա գալու ճանապարհին, այնպես չէ՞:

Ես գլխով արեցի, փորձելով վստահել նրա պարզ սև աչքերին ու վստահ ձայնին:

Նա շարունակեց.

- Իմանալով, որ ձեզ ուղարկել են այս ճակատ, Նուրի Յուսուֆն ուզում էր ձեզ կարևոր տեղեկություն փոխանցել: Ես համաձայնեցի ձեզ գտնել ու փոխանցել նրա ուղերձը, հագնվելով որպես թուրքական սպա: Եվ ահա ես այստեղ եմ:

***

Մենք գնացինք շեյխ Խաջի Սաիդի արաբական գյուղը, որտեղ կարող էինք հանգիստ քննարկել մեր անելիքը: Երկու թուրքական սպաներ, որոնք լքել են շտաբը ցերեկային զբոսանքի համար…

Մուտքի մոտ կանգնած էր զինված պահակախումբը: Գաղտնի բառերը ասելուց հետո, մեզ տարան շեյխի մոտ: Ես հայտնվեցի խորհրդակցությունների դահլիճում, շրջապատված ավելի քան երկու տասնյակ արաբական շեյխերով: Մինչ  հասցրեցի մի բան ասել, նրանք տեղերից վեր կացան ու միասին գոչեցին.

- Բարի օր:

Այդ ամենն ասես երազ լիներ:

- Կապիտան, մենք ուրախ ենք, որ եկել եք այստեղ: Մենք գիտենք, որ դուք ցանկանում եք ազատվել թուրքական լծից: Մեր ժողովուրդները ՝ արաբներն ու հայերը՝ շատ երկար են տառապել:

Կես ժամում նա ինձ համառոտ պատմեց այն դաշինքի մասին, որը կնքվել էր արաբական ցեղերի միջև և Նուրի Յուսուֆի անունից խնդրեց ինձ միանալ իրենց որպես իրենց առաջնորդներից մեկը:

***

Այդ գիշեր ես չէի կարողանում քնել: Գլխումս տարբեր ծրագրեր էին պտտվում և վերջում ես լրիվ շփոթվեցի: Վերջապես: Վրեժ: Որքան լավ ես գիտեի թուրքական բանակի թույլ կողմերը ու թե որտեղ ավելի լավ կլիներ հարվածել: Մինչև լուսաբաց  գլխումս ունեի արդեն գործողությունների այն պլանը, որով, իմ կարծիքով, պետք է առաջնորդվեինք:

***

Մի քանի օր հետո շեյխերի հանդիպմանը քննարկվելու էին գործողությունների բոլոր հնարավոր պլանները: Ես պատմեցի այն վհատված վիճակի մասին, որում գտնվում էր թուրքական բանակը, ինչպես նաև սպաների ու զինվորների անմարտունակության մասին: Իմ պլանը կայանում էր նրանում, որ հանկարծակի կայծակնային հարված հասցնեինք թուրքերին, նրանց խուճապի մատնելով:

Խաջի Սաիդը հավանություն տվեց իմ պլանին: Հաջողվեց համոզել նաև մնացած շեյխերին:

***

Հատված Նուրի Յուսւոֆի նամակից, ուղղված Սարգիս Թորոսյանին.

Ցերեկը, վերադարձա ճամբար, գնացի շտաբ ու հատուկ դիմում գրեցի , որ թույլ տան մի քանի օրով գնամ Հալեպ՝ քրոջս այցելելու: Դիմումս ստորագրեցին:

Հագնելով արաբական հագուստ ու ընտրելով արաբական անուն, ես ուղևորվեցի դեպի Հորդանանի հովիտ:

***

Մի թույլ ձայն անունս տվեց ու մի բարակ փոքրիկ ձեռք, թիթեռի նման թեթև, ձգվեց դեպի ինձ, դողաց ու կրկին ընկավ ծածկոցին: Աստված իմ, Աստված իմ: Ինչպես կարող է կյանքն այդքան դաժան վարվել մարդու հետ:

Ես աղաչում էի նրան, որ չխոսի, սեղմել էի նրան գրկումս ու պատմում էի ինչ խելքիս փչեր. քրոջս, ծնողներիս ու գաղտնի ծրագրերի մասին, որոնցում ներգրավված էի: Նա քնեց և ես դրան ուրախ էի, քանի որ ստիպված էի գնալ: Ինձ սպասում էին արաբ շեյխերից մեկի տանը, որտեղ քննարկելու էինք գալիք ռազմական գործողությունները:

Հաջորդ օրը ես կրկին նստած էի Ջամիլայի կողքին և զարմանում էի, թե ինչպես է նա դեռ ողջ: Երբ այգում ընթրիք մատուցեցին, և մենք նստած էինք նրա մոր հետ մի սեղանի շուրջ, նա ուղղակի փայլում էր: 

Երբ սեղանը հավաքեցին, իսկ մայրը գնաց տուն, Ջամիլան սկսկեց ուժեղ հազալ: Հետո  սկսկեց խեղդվել, փորձեց բարձրանալ անկողնուց և կրկին ընկավ արնաշաղախ բարձին: Ես վազեցի օգնության հետևից, և այգի եկան ծառաներն ու փաշայի կինը: Գրկեցի Ջամիլային ու բարձացրեցի անկողնուց: Ցավն ու վախն անհետացան նրա աչքերից, և կրկին փայլեցին, ինչպես աստղերը. կոպերը դանդա՜աղ փակվեցին ու նա հեռացավ…

Նրան թաղեցին հաջորդ իսկ օրը: Արևը շողում էր, իսկ խոջան Ղուրանից ինչ-որ տեքստ էր երգելով կարդում: Չեմ հիշում , թե ինչ էր կատարվում ինձ հետ նրա մահվան պահից մինչ այն պահը, երբ հողի առաջին բուռն ընկավ նրա գերեզմանին:

Արյունոտ վրեժի ուղին բռնած

Վերջապես լուր ստացա շեյխ Նուրի Յուսուֆից, որ վրեժի ժամը հասել է: Մոտակա օրերին տեղի էր ունենալու անգլիական ու ֆրանսիական զորքերի միասնական հարձակումը գեներալ Ալենբիի գլխավորությամբ: Արաբական հեծելազորը մոբիլիզացված էր և պատրաստ էր կռվելու:

Նույն այդ ժամանակ, մի քանի անգլիական ջոկատներ հայ կամավորների ջոկատների հետ համատեղ ջախջախիչ պարտության են մատնում թուրքերին, որոնք քաոսի մատնված թողնում են կռվի դաշտը:

Հեռախոսով հրահանգ ստացա թողնել դիրքերը ու գործել որպես սուրհանդակ շտաբերի միջև: Սակայն ես արդեն պատրաստ էի թողնել դիրքերը, իմ սեփական նպատակների համար: Մի պահ անգամ չեմ կասկածել: Ես հանգիստ էի, իսկ վրեժս՝ սառնասիրտ: Առանց ինչ-որ բան պատասխանելու, կտրեցի հեռախոսի լարը:

***

Մենք հանկարծակի հարձակվում էինք թուրքերի վրա, կոտորում նրանց ու վերցնում տեխնիկան ու մթերքը: Ես արդեն ոչ թե սովորական մարդ էի, այլ մարդասպան մի մեքենա:  Սպանում էի, քանի որ իմ մեջ  էին սպանել կյանքը, և ոչինչ այլևս չէր մնում անելու:

Դեռ երբևե վրեժն այդքան դաժան չէր եղել, ինչպիսին արաբներինն էր: Հանձնվող թուրքերի հետևից հորդում էր արյունը:

Իմ ողջ զինվորական կարիերայի ընթացքում չէի տեսել այդպիսի քաջություն, կարգապահություն ու պատրաստավածություն, որոնցով օժտված էին այդ անապատի հեծյալները:

Երեկոյան ես հանդիպեցի Նուրի Յուսուֆի և մի քանի այլ առաջնորդների հետ, որոնք սկսեցին օրհնել ինձ և իմ հաջողությունները: 

Հանդիպում եմ ողբայրներիս ու ծառայում ֆրանսիական Արևելյան լեգեոնում

1918 նոյեմբերի 4-ին Դամասկոսում սկսկեցին խոսել, որ Ամերիկայից եկած հայկական կամավորները համաձայնության են եկել Դաշնակիցների հետ, ըստ որի հայերին է անցնելու թուրքական Կիլիկիայի շրջանը: Նրանք շարժվում էին Բեյրութի ուղղությամբ:

Ես արձակուրդ վերցրեցի, 800 հայ կամավորներից բաղկացած ջոոկատ հավաքեցի, լքեցի արաբական շտաբն ու ուղևորվեցի դեպի Բեյրութ:  Կարծես վերածնված լինեի, երբ արաբները մեզ ճանապարհելով, արժանացրեցին զինվորական պարգևների, իսկ Դաշնակիցները ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին, որպեսզի այդ իրադարձությանը հատուկ կարևորություն ու հանդիսավորություն տային: Ողջ ուղևորության ընթացքում մեզ ողջունում էին արաբական գյուղերի բնակիչները, և թվում էր թե մեր արշավը մի հանդիսավոր արարաողություն է:

Երբ հասանք Բեյրութ, մեզ դիմավորեց հայ կամավորներից բաղկացած պատվիրակությունը: Ես անմիջապես հարցրեցի, արդյոք նրանց մեջ չկան արմատներով Էվերեքից մարդիկ:

***

Որոշ ժամանակ անց ինձ մոտեցան երկու երիտասարդներ:

 - Կապիտան Թորոսյանն այստեղ է ՞,- հարցրեցին նրանք: - Նա մեր եղբայրն է, և մենք ուզում ենք տեսնել նրան:

***

Մի բան ես հաստատ գիտեի. նամակը, որն ուղարկել էի Ամերիկայի դեսպանատան միջոցով, հասել էր նրանց, և նրանք միանգամից պատմել էին այդ մասին ընկերներին ու հայրենակիցներին: Արդյունքում նրանց հաջողվել էր հավաքել մոտ 2000 կամավորական ջոկատ, որպեսզի գային  ու միանային Դաշնակիցներին: Այդ ամենը տեղի էր ունենում 1917 ի ամռանը: Նրանք ժամանեցին Կիպրոս և ծառայության անցան ֆրանսիական դրոշի ներքո:

Հաջորդ օրը եղբայրներիս հետ գնացինք Հալեպ, Պայծառի հետևից: Երբ մենք հասանք, նա.. նա արդեն մահացել էր: Նա մահացել էր միայնությունից ու տխրությունից: Եղբայրներս չդիմացան, սկսկեցին լացել, իսկ ես՝ կիսում էի նրանց հետ վիշտը, սակայն լուռ կանգնել ու բան չէի կարողանում անել: Արցունքներ չունեի: Մի անգամ, Արաբիայի հին այգիներից մեկում ես նայեցի աչքերի մեջ, որոնք նման էին հանգչող աստղերի: Եվ այդ պահին, իմ ներսում ևս մի բան հանգավ:

Ես մնացի Բեյրութում երկու ամիս մինչև հայկական զորքերի ֆրանսիացի հրամանատար Ռոմեոն չգրավեց Կիլիկիան: Մի քանի վաշտ ուղարկեցինք փախստականների մոտ, որպեսզի նրանք ապահովեն նրանց անվտանգ վերադարձը տուն:

***

Աշնանը մոտ, մերզ ընկեր ու դաշնակից՝ ֆրանսիացիների ու անգլիացիների պահվածքի մեջ ինչ-որ փոփոխություն զգացի ու հասկացա, որ վաղուց արդեն ինչ- որ խարդավանք են մտածել:

Ազատություն էին պարգևում հազարավոր թուրք բանտարկյալների: Առանց ինչ-որ բացատրությունների, բրիտանացիները, որոնք հսկում էին Այնթափը, Մարաշը, Կիլիսն ու Ադանան, լքեցին իրենց դիրքերն ու փոխանցեցին դրանք փոքրածավալ հայկական լեգեոններին:

Սպաներից մեկն ինձ հուշեց, որ ֆրանսիացիներն ու թուրքերը գաղտնի համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ի վերջո Դաշնակիցներն ամբողջությամբ լքել են Կիլիկիան:

Հաջորդ քայլը, որով իմ ժողովուրդը հայտնվեց անօգնական զինվորի կարգավիճակում, ֆրանսիական գուբերնատորի հեռանալն էր իր պաշտոնից ու նրա փոխարեն թուրք պաշտոնյայի նշանակումը:

Ժողովուրդս կսկիծ ապրեց, երբ հասկացավ, որ խոստումները չեն կատարվելու: Ես նույնպես ցավ էի ապրում, սակայն զարմաացած չէի, քանի որ հրաշալի ծանոթ էի դիվանագիտության դավաճան բնույթին: Պատերազմը հրեշներ է ծնում, որոնք մարտի դաշտում դառնում են հերոսներ, իսկ դիվանագիտությունը՝ շնագայլերի խաղ է: Ես նախընտրում էի կռվել:

***

Գիշերը սովորական հագուստ հագա և գնացի թուրքական ճամբար: Ներկայացա որպես Էմին բեյ, հրետանու կապիտան, և համոզիչ լինելու համար ցույց տվեցի թուրքական համազգեստով նկարներս: Ինձ ուղեկցեցին բարձրաստիճան սպաների մոտ:

***

Նրանցից իմացա, որ թուրքերի վիճակն այնքան էլ վատ չէ: Զինվորների մեծ մասը ցանկանում է դառնալ Մուստաֆա Քեմալի բանակի մասը: Դաշնակիցները թշնամուց դարձել էին բարեկամ, որը զարմանալի չէր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր վերահսկողություն ունենալ Թուրքիայի հանդեպ: Թուրքերին զենք ու զինամթերքով ապահելով, նրանք ավելի շուտ կհամաձայնեին թողնել Թուրքիան թուրքերի իսկ ձեռքում, քան զիջեին մեկը մյուսին, քանի որ իրար ավելի քիչ էին վստահում, քան թուրքերին:

***

Հաջորդ առավոտյան ես գնացի Հայկական ազգային միության Խորհուրդ, պատմեցի այն, ինչ ինձ հաջողվել էր իմանալ ու առաջարկեցի գործողությունների պլան, կազմված երեք կետերից.

1. Հեղափոխության դրոշ բարձրացնել Կիլիկիայում

2. Բռնել բոլոր ֆրանսիական սպաներին ու դուրս շպրտել նահանգից

3. Զենք մատակարարել և ապահովել բոլոր քաղաքների անվտանգությունը

Իմ առաջարկությունները մնացին առանց ուշադրության. ոս նայում էի իրավիճակին զինվորականի տեսանկյունից, իսկ Խորհուրդը կազմված էր հարուստ գործարարներից, որոնք ոչ մի բան չէին հասկանում ոչ զինվորական ոչ քաղաքական հարցերում: Նրանց ավելի շատ հուզում էր իրենց անձնական բարօրությունը, քան այն, որ Դաշնակիցները դավաճանել էին իրենց ազգը: Նրանք վստահ էին, որ որոշումները, որոնք ընդունվել էին Փարիզի վեհաժողովի ժամանակ, պաշտպանելու էին իրենց: Փորձում էի բացատրել , որ չի կարելի խոսքերն ու որոշումներն օգտագործել փամփուշտների փոխարեն, սակայն բոլոր իմ փորձերն իզուր էին. ոչ մի կերպ չկարողացա համոզել նրանց, որ նահանգի վրա վտանգը կախված է սրի նման:

Ամերիկայի հայ կամավորներից շատերը վաղուց հասկացել էին, որ ֆրանսիացիներրը մեզ դավաճանել են, և հիասթափված ու զզվանքով լի վերադարձան Ամերիկա:

***

Այդ ընթացքում ես իմ մի քանի վաշտերի հետ միասին պաշտպանում էի Ադանային մոտ մի քանի փոքրիկ գյուղեր: Զգում էի ինձ թույլ ու անօգնական: Ես հուսահատ էի, թևաթափ ու հոգնած: Հոգնել էի այդ խաղից և որոշեցի թողնել ֆրանսիական բանակում ծառայությունս: 

Թուրքական պարտիզական պատերազմ

1920 թ. ապրիլն էր: Մուստաֆա Քեմալի հետևորդները երկրի բոլոր շրջաններում կազմակերպում էին խռովություններ: Հիմա, դառնալով ավելի ինքնավստահ, թուրք զինվորները սպանում էին նաև ֆրանսիացի զինվորներին, ինչի արդյունքում դավաճաններն իրենք դարձան իրենց իսկ դավաճանության զոհը:

Հայ կամավորների շարքերը լքելուց հետո, տասնհինգ խիզախ ու վճռական ձիավորների հետ ճանապարհ բռնեցինք դեպի լեռնային շրջանները: Նրանք բոլորը շատ լավ կրակում էին, գերազանց ձիավարում ու հրաշալի խոսում թուրքերեն:

Մենք կրում էինք թուրքական հագուստ, որ հանգիստ շրջեինք թուրքական գյուղերով առանց կասկածներ առաջացնելու և տարածեինք պրոպագանդան: Ես ցանկանում էի անցնել որքան հնարավոր է շատ գյուղերով և համոզել թուրքերին , թե որքան հզոր են հայերն ու ֆրանսիացիները: Քանի որ չէի կարող կռվել նրանց հետ, փորձում էի այդպիսով անյպես անել, որ նրանք վախենան ու խուսափեն հարձակումներից: 

***

Վերջիվերջո իմ մեջ հանգավ վերջին կրակը, և ես հոգնեցի վրեժից: Մեր որոնումներն անարդյունք էին, ջանքերն՝ իզուր: Իրականությունը գերազանցեց մեզ և ես որոշեցի զենքս վայր դնել: Կիլիկիան դադարեց հայերի հայրենիքը լինելուց, այն դարձավ եռացող մի կաթսա, ուր ժողովրդիս արյան մեջ մշակվում ու խառնվում էին դավադրություններն ու ինտրիգները:

Ես զինվորներին հայտնեցի որոշմանս մասին և վերջին անգամ նրանց խնդրեցի ինձ հետ գալ Էվերեք:

Երեք օր հետո հասանք ինձ հարազատ հովիտը: Ես տխուր չէի: Գնում էի, որ ինչ-որ անհասկանալի, բայց անհագ ծարավ հագեցնեմ, առանց այն նույնիսկ բացատրելու: Ես կարծես  հանդիսատես լինեի, որը կողքից դիտում է իր իսկ սեփական կյանքը:

Մոտեցա հորս պատկանող հողամասերին: Կար մի ժամանակ, երբ այգիներում օդը լի էր մրգատու ծառների բույրով, իսկ դաշտերը խնամվում ու ցանվում էին: Հիմա դրանցից մնացել էր ընդամենը դատարկ, անպտուղ հողի մի կտոր:

Շարունակում էի թափառել քաղաքով, ինքս էլ չգիտեմ ինչու: Ես երբեք սենտիմենտալ չեմ եղել: Բոլոր զգացմունքներն իմ մեջ հանգել էին:

Որոշ ժամանակ անց վերադարձանք Ադանա: Ամեն րոպե ավելի ու ավելի էինք համոզվում, որ Կիլիկիան հայերին վերադարձնելու բոլոր հույսերը մեռել են: Օրեցօր նահանգը լքում էին հարյուրավոր հայեր: Նրանք փախնում էին, լի տխրությամբ, սարսափով, վշտով ու փլուզված երազանքներով:

Մի անգամ ֆրանսիական ղեկավարությունը ինձ հասկացրեց, որ իմ ՝ ծառայությունը թողնելն այնքան էլ նրանց դուր չի եկել, և նրանց համար դա խնդիրներ է ստեղծել, ուստի նրանք ուզում են, որ ես մեկնեմ Ամերիկա:

Ես հանդիպեցի եղբայրներիս ու մենք եկանք այն եզրահագնմանը, որ ամեն ինչ կորած է: Գիշերը նավ նստեցինք ու լքեցինք Ադանան: Իսկ ջրի վրա իջել էր սև ամպերի շողքը: Եվ այդ անհուն սև հորձանուտում երևաց մի պայծառ աստղ…

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո