Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Օսմանյան բանակի վաղուց մոռացված հերոսը. Թե ինչպես է Սարգիս Թորոսյանի հուշագրությունը փոխում ներկայիս իրողության ու Թուրքիայի պատմության մասին պատկերացումները: Մաս 1
Հուշ

Օսմանյան բանակի վաղուց մոռացված հերոսը. Թե ինչպես է Սարգիս Թորոսյանի հուշագրությունը փոխում ներկայիս իրողության ու Թուրքիայի պատմության մասին պատկերացումները: Մաս 1

Սարգիս Թորոսյանի ինքնակենսագրականը իր տեսակի մեջ յուրահատուկ ու բացառիկ մի փաստաթուղթ  է: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա եղել է թուրքական բանակի սպա և գործուն մասնակցություն է ունեցել պատերազմում : Գրքում զետեղված են  տվյալներ ու վկայություններ, որոնք ջրի երես են հանում այդ շրջանի պատմության, քաղաքականության ու դիվանագիտության  այն «մութ կետերը», որոնք որոշիչ դեր են խաղացել հայոց ողբերգական պատմության համար: Հիասթափեցնող խարդավանքներին զուգահեռ մենք ականատես ենք լինում հերոսի կյանքում տեղ գտած կրքոտ սիրուն ու ամուր ընկերությանը, դավաճանությունների ու հիասթափությունների:  Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ձեռնոց է նետում ներկայիս իրողությանն ու Թուրքիայի պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներին: Ստորև բերված են որոշ գլուխներ գրքից:

Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին

Կապիտան Թորոսյանը ծնվել է 1891 թ. Օսմանյան կայսրության հարավային մասում գտնվող Էվերեք քաղաքում: Նա եղել է հրետանու կապիտան, թուրքական բանակի առաջնագծի սպա, արաբական 60000-անոց հեծելազորի հրամանատար, Կիլիկիայում ֆրանսիացիների գլխավորած հայկական լեգեոնի հեծելազոր դասակի հրամանատար:

Միգուցե այն ինչ ձեզ պատմելու եմ, արկածների շարք թվա, սակայն իրականում դա իմ կյանքի պատմությունն է:

Չնայած որ ծառայել եմ թուրքական բանակում, ծագումով հայ եմ և այն հազվադեպ պատահող քրիստոնյաներից, ով եղել է թուրքական բանակի սպա:

Լինելով հալածված ազգային փոքրամասնություն տգետ մարդկանց երկրում, մարդկանց, ում մտքերն ու գործողությունները թելադրվել են հոգևոր սպասավորների կողմից, մենք ՝ հայերս, միշտ ապրել ենք վախի ու սպառնալիքի մեջ: Մենք ապրել ենք մի երկրում, ուր արյունահեղությունը, լրտեսությունը, դաժան բռնությունը, վայրագությունն ու կոտորածը սովորական երևույթներ էին: Ինքնավարություն ստանալու մեր իղձերը նախ ի չիքս դարձան կայսերական Ռուսաստանի, այնուհետև Անգլիայի և ի վերջո ՝ կայսերական Ֆրանսիայի թեթև ձեռքով:

Օտարազգի իմպերիալիստները, որոնք հրահրում էին մեզ ապստամբել ու ազատագրական պայքար սկսկել, մուրճն էին, իսկ թուրքերը ՝ գործիքը: Մինչ նրանք մեր մեջ հասունացնում էին ազգային ազատագրական պայքարի գաղափարները, թուրքերը՝ մեր հնարավոր ապստամբությունից վախեցած, իրականացրեցին Առաջին Համաշխարհայինի շրջանի ամենասարսափելի կոտորածը:

Ամեն անգամ երիտասարդ տարիներս հիշելիս թվում է, թե տները, որոնցում ապրում էինք, եկեղեցիները, որտեղ աղոթում էինք, դպրոցները, որտեղ սովորում էինք, լցված են զինվորական ոգով: Թվում էր ապրում ենք ռազմական ճամբարում, միայն այն տարբերությամբ, որ Օսմանյան կայսրության քրիստոնյաներին արգելված էր զենք կրել, նույնիսկ սուր:

Դպրոցը, որտեղ սովորում էի, պատկանում էր հայկական եկեղեցուն և շրջապատված էր բարձր պատերով: Ասես ամրոցում սովորեի: Դպրոցներին, եկեղեցիներին, քահանաների տներին շրջապատող պատերը հասնում էին մինչև վեց մետրի:

Մեր տները կառուցված էին այնպես, որ ապահովեին մեր անվտանգությունը՝ հաստ քարե պատերով ու բազմազան սենյակներով, որտեղ տեղավորվում էին մի քանի ընտանիքներ: Այդ համախմբվածության ու միասնության մեջ էր մեր միակ փրկությունը: Ամեն տուն ուներ ընդամենը մեկ դուռ ՝ մեծ ու ծանր, իսկ տների տակ կային ստորգետնյա անցումներ ու սենյակներ, որտեղ կանայք ու երեխաները ստիպված էին թաքնվել, մինչև կառավարությունը դադարեցներ կազմակերված ջարդերը: Հայերը կռվում էին իրենց միակ զենքով՝ քարերով ու փայտերով:

Ես դեռահաս էի, երբ 1908թ. սուլթանի դեմ Երիտթուրքերի ապստամբությունից հետո, թուրքական Կիլիկիա նահանգում սրի մատնեցին ավելի քան 30.000 իմ հայրենակիցների: Այդ ջարդերի հետևանքով Աբդուլ Համիդը ձերբակալվեց և մենք շունչ քաշեցինք, հավատալով, թե ամեն ինչ փոխվելու է, թուրքական սպառնալիքն ու Հայկական հարցը մնալու էին անցյալում:

Հարեմների հիասքանչ օրերը

Անհնար բան էր, որ հայը ծառայեր թուրքական բանակում, այն դեպքում եթե նա զորակոչված չէր:

Կյանքս լիովին այլ ընթացք ստացավ, երբ տանից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Ծնողներիս կողմից մեծ զոհաբերությունների գնով դարձա Թուրքիայի Ադրիանապոլսի պետական Ռազմական ուսումնարանի ուսանող և այդ օրվանից սկսվեց իմ տարօրինակ կարիերան:

Մի քանի տարի առաջ, երբ ապրածս վշտի վերքերը դեռ թարմ էին, եթե խնդրեիք ինձ կյանքս մի նախադասությունով նկարագրել, կասեի, որ այն սկսկվել է Ադրիանապոլսում՝ ընկերությունից և ավարտվել է Արաբիայում՝ մի փոքրիկ պուրակի մուտքի մոտ:

Մուհարեմն ազգությամբ արաբ էր: Նրա հայրը՝ փաշան, գեներալ էր Կոստանդնուպոլսից:

Ուսանողական առաջին օրերին ուղղակի համակուրսեցիներ էինք,  սակայն, ամառային արձակուրդներից հետո դարձանք անբաժան ընկերներ: Այն նամակների շնորհիվ, որոնք Մուհարեմը ստանում էր իր հարազատներից, ծանոթացա նրա ընտանիքի հետ այնպես , ասես իմ ընտանիքը լիներ: Ինձ կանչեցին Բոսֆոր՝ ամառային արձակուրդներս փաշայի պալատում անցկացնելու համար:

Փաշայի տունը դարձել էր մի տեղ, որտեղ ես լիակատար երջանիկ էի, և որտեղից սկսվեց իմ երկար ու հուզիչ ուղևորությունը, որն ինձ տարավ Արաբիայի այն պուրակը, ուր ինձ սպասում էր իմ վիշտը:

Ձեզ երբևէ բախտ վիճակվել է՞ նայելու սև, անբասիր , փայլուն աչքերի մեջ, նայելու, թե ինչպես են լույսն ու ստվերները խաղ տալիս նուրբ դեմքի վրա ու մի բան շշնջում, որը անպայման չէ բարձրաձայնել: Ձամիլան այդպիսի աչքեր ուներ: Նա Մուհարեմի կրտսեր քուրյն էր, և ցավոք ավելի շատ էր խունջիկ-մունջիկ գալիս, քան մեծը՝ Ֆերիդան:

***

Ադրիանապոլում մեր ուսանողական տարիներն անցան մի ակնթարթում: Դրանք երջանիկ ու անհոգ տարիներ էին, որոնցից հետո Մուհարեմն ընդունվեց Ռազմական Ակադեմիա , իսկ ես չգիտեի ինչ անել: Ու՞ր գնայի սովորելու, չգիտեի: Դառնայի պետական աշխատո՞ղ:  Թուրքական բանակի սպա դառնալու որոշումս երևի ամենաանհավանականն էր քրիստոնյա հայի համար:

Մուհարեմն առաջինը ակնարկեց, որ իր հետ միասին ընդունվեմ Ռազմական Ակադեմիա: Ես ապշած էի ընկերոջս հանդգնությամբ, բայց միաժամանալ նաև ճնշված զգացի, երբ փաշան խոսեց թուրքական օրենքների խստության մասին: Փաշան նույնպես վհատված էր: Նա երկար նստեց առանց մի բառ ասելու, հետո ժպտաց ու ասաց, որ հույսներս չկորցնենք:

Մի շաբաթ անց մեզ ասեցին, որ փաշան Թալեաթ փաշայի պատվին տոնական ընթրիք է կազմակերպել, որին հրավիրված են բազմաթիվ  բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց օգնությամբ վերջինս մտադիր էր իրականացնել իր պլանները: Փաշան հյուրերին խնդրեց, որ ինձ՝ իր սիրելի երկրորդ որդուն, ինչպես նա էր ասում, Մուհարեմի հետ միասին ընդունեն Ռազմական Ակադեմիա:

Դահլիճից ես դուրս եկա ցնցված: Իմ գլխում պտտվում էին շքեղ համազգեստների, բեղերի տակից ժպտացող թուխ զինվորների ու մեր պատվին բարձրացված բաժակների պատկերները:

Եկու շաբաթ էր անցել այդ օրվանից կամ ավելի շատ, արդեն չեմ հիշում: Ես շրջում էի պալատի այգիներով, մտածելով իմ ապագայի մասին, երբ հանդիպեցի Ջամիլային և ուզեցի թաքուն խոսել հետը:

Միգուցե հնաոճ հնչի, բայց այն ժամանակ թուրքական ընտանիքի աղջկա համար ամոթ էր ու անթույլատրելի խոսել երիտասարդ տղայի հետ, եթե աղջկան  չէր ուղեկցում ինչ-որ կին: 

Շատ սիրահարների հաջողվում էր շրջանցել այդ կանոնը, չնայած  հարեմը հսկող զինվորների առկայությանը: Սակայն մենք՝ ես ու Ջամիլան, այնքան էլ հաջողակ չէինք այդ հարցում: Մեր մեջ խոչնդոտ էր ոչ միայն մեր կրոնի տարբեր լինելը, այլ նաև այն,  որ ես պարտական էի փաշային: Ամեն դեպքում ես սիրահարվել էի այդ սև աչքերին, որոնք նայում էին ինձ սև թուրքական քողի տակից և փայլում ասես աստղերը:

Մի անգամ երբ փաշան տուն եկավ ու գրկախառնվեց իմ ու Մուհարեմի հետ, ես հասկացա, որ իմ երազանքը վերջապես իրականություն է դարձել: Ակադեմիայում ես լավագույն ուսանողն էի: Ես գիտեի, որ ակադեմիայի պարծանքն եմ ու ուղղակի պարտավոր եմ իմ կուրսերն անցկանցել այնտեղ: Որքան հրաշալի էր աշխարհը: Որքան լուսավոր էր ինձ թվում իմ ապագան:

Լուսնի լույսի ներքո, կիպարիսների ստվերի տակ ինձ հաջողվեց մի երկու բառ փոխանակել Ջամիլայի հետ, ում ես արդեն պաշտում էի: Ես ժպտում էի ամեն անգամ, երբ աչքերս հանդիպում էին նրա մտահոգ հայացքի հետ, քանի որ գիտեի, թե որքան մտահոգված է նա մեր ապագայով: 

Փաշան շատ բարի մարդ էր, իսմ Մուհարեմն ինձ համար ավելին էր քան եղբայր, իսկ ես բախտավոր աստղի տակ էի ծնվել և չէի դադարում դրան հավատալ նույնիսկ ուսումս ավարտելուց հետո:

Քանի ար ամբողջովին կլանված էինք ռազմական գործում կատարելագործվելով, գրեթե ժամանակ չունեինք մտածելու սիրո, ապագայի կամ ինչ- որ այլ բանի մասին: Չհասցրեցինք հանգստանալ ուսումից, երբ անցանք ծառայության. Մուհարեմը նշանակվեց այն դիվիզիայի ադյուտանտը, որտեղ ես իրականացնում էի հրետանու գնդի հրահանգիչի պարտականությունները: Այդ ամենն այնքան նոր ու գրավիչ էր մեզ համար, որ չէինք էլ նկատել մեր նշանակումների այդքան հապճեպ ու արագ լինելը:

Իսկ ի՞նչ եղավ սիրուս հետ: Այն ամենը ինչ կարող էի անել՝ Ջամիլային նամակ գրելն էր: Ես չէի էլ կասկածում, որ նամակներս սկզբում կարդալու է նրա մայրը, սակայն վստահ էի, որ իմ սիրելին կհասկանա այն սիրո խոսքերը, որոնք ես չէի համարձակվում գրել այդ ֆորմալ նամակներում, ինչպես ես էի կարողանում կարդալ նրա նամակներում հազարավոր չգրված, բայց ինձ հասկանալի սիրո խոստովանություններ:
        Սրտիս փափագն էր այս հրաշալի համազգեստով, սուրս գոտկատեղին ու փայլուն կոշիկները հագիս վերադառնալ Էվերեք: Որքան էին հպարտանալու ծնողներս ինձ այդպես տեսնելուց:

Ես արձակուրդ խնդրեցի, սակայն ի զարմանս ինձ, հայտնեցին, որ պատերազմ է սկսկվում և ինձ ուղարկում են Դարդանելի նեղուցի մուտքը պահող Էրթորգուլ բերդը որպես հրամանատար: Մուհարեմին նշանակել էին որպես ադյուտանտ Դարդանելում՝ գեներալ Ջեվադ փաշայի հրամանատարությամբ: Ինձ սփոփում էր այն փաստը, որ մենք իրար հետ էինք պատերազմելու:

Փաշան, սակայն, անչափ անհանգիստ էր, որ մեզ ուղարկում են ծառայության  այդպիսի վտանգավոր վայրում, իսկ մենք հուզմունքից ու ոգևորվածությունից ծիծաղում էինք: Մենք զինվորականներ էինք, որոնք պատրաստ էին ի ցույց դնելու իրենց քաջությունը: Մենք երիտասարդ էինք և պատերազմը մեզ արկած էր թվում՝ լի պարգևատրումներով ու մեծարանքով:

***

Մեր վերջին նախաճաշի ժամանակ ՝ գնալուց առաջ, ես ու Մուհարեմը փորձում էինք խոսել ու ծիծաղել: Փաշան, ով մինչ այդ միշտ քայլում էր հպարտ ու գլուխը բարձր, այդ օրը խեղճ-խեղճ նստած էր: Մուհարեմի մայրն ու Ֆերիդեն անձեն լացում էին: Իմ փոքրիկ նուրբ Ջամիլան անօգնական հայացքով աջ ու ձախ էր նայում: Ինչպես Մուհարեմը, այնպես էլ ես շատ էինք ափսոսում, սակայն ես իսկապես մտածում էի, որ կարիք չկար այդքան խառնվելու:


Դարդանելի ճակատամարտերը

Մշուշոտ առավոտ էր. ինձ ՝ երիտասարդ սպայիս, երկրորդ լեյտենանտիս, դեռ վերջերս Ռազմական Ակադեմիայի ուսանողիս՝ հասցրեցին Գալիպոլիի թերակղզի: Այդժամ, առաջին անգամ եզ զգացի որ պատերազմը կատակ չէ, որ այն լուրջ է: Ես պահելու էի մի ամբողջ ամրոց և պետք է ողջ ուժերս հավաքեի: Էրթորգուլի ամրոցը նկատելի էր նույնիսկ հեռվից և անկասկած այն Դարդանելի նեղուցը հսկող ամենակաևոր ամրոցներից մեկն էր:

***

Գնալով հասկանում էի, թե ինչքան զզվելի բան է պատերազմը ու թե ինչքան եմ ուզում տեսնել ծնողներիս ու Ջամիլային: Օրեցօր հավատը ուժերիս հանդեպ պակասում էր, ինչպես պակասում էր տածածս խորը համոզմունքը, թե ես բախտավոր ատղի տակ էի ծնվել:

***

Ամեն անգամ մտահոգվում էի, երբ ականջիս էին հասնում ինչ-որ խոսակցություններ, թե իրավիճակը Թուրքիայում օրեցօր սրվում է և Հայկական հարցը կրկին քննարկվում է: Թուրքական կառավարության առաջ ծառացել էին լուրջ խնդիրներ, ուստի նրանք փնտրում էին արդյունավետ միջոցներ Հայկական հարցը վերջնականապես լուծելու համար և դրա ամենարագ ու ոչ ավանդական լուծումը  ջարդերն էին:

Իմ հարազատները… Վեց տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ տեսել եմ նրանց: Եղբայրներս գումար վաստակելու նպատակով Ամերիայում էին, տանը մնացել էին միայն ծերացող ծնողներս ու փոքր քույրս: Ի՞նչ կլինի նրանց հետ ապագայում, եթե ես մահանամ: Պատերազմը հասցրել էր ինձ սովորեցնել, որ մահն այնքան էլ հեռու չէ: Ես չէի էլ կասկածում, որ քանի ես ողջ եմ և թուրքական բանակի սպա եմ, իմ ընտանիքին ոչինչ չի սպառնում:

***

Մարտերից մեկի ժամանակ, ինձանից ոչ այնքան հեռու մի արկ պայթեց, որի մնացորդները վնասեցին գլուխս ու կուրծքս: Երբ աչքերս բացեցի, հասկացա, որ Դարդանել քաղաքի հիվանդանոցներից մեկում եմ: Հաղթական ժամը հասավ, երբ Էնվեր փաշան ու իր սպաները այցելեցին հիվանդանոց: Երբ նա իմացավ, որ վանսվածքներս ստացել եմ հերոսական մարտի ժամանակ, ինձ կապիտանի կոչում շնորհեց: Հիմա ավելի հանգիստ էի ծնողներիս համար ու արդեն մտածում էի, թե ինչպես տեսնեմ Ջամիլային ու պարծենամ կապիտանի իմ կոչումով:

Մինչ ես հիվանդանոցում էի, բավականին ազատ ժամանակ ունեի մտածելու այն մարտերի մասին, որոնցում ես մասնակցել եմ:

Թուրք ռազմական գործիչները շատ լավ գիտակցում էին, որ Դաշնակից (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) նավատորմերի հրամանատարությունը տեղյակ է թուրքերի ծայրահեղ բարդ իրավիճակի մասին. անգլիական ու ֆրանսիական հետախուզությունը միշտ ամեն ինչից շատ լաբ տեղյակ էր: Ես եկա այն եզրահանգմանը, որ Դաշնակիցները հատուկ են ժամանակ ձգում: Սակայն ինչու՞:

Եկեք տեսնենք, թե էլ ինչ է կատարվել մինչև մարտի 18ը: Առաջին հերթին, ռուսներին հաջողվում է գրավել հյուսիսային Թուրքիան և առաջ տանել զորքերը դեպի Թուրքիայի խորքերը, իսկ Բոսֆորի մուտքի մոտ տեղակայվում են ռուսական նավերը, սպասելով թե երբ են ավարտին հասցնելու ֆրանսիական ու անգլիական նավատորմերի գործը:

Ինձ թվում է, որ անգլիական ու ֆրանսիական դիվանագետները սարսափում էին այն մտքից, որ ռուսները կարող են գրավել Կոստանդնուպոլիսը, փակել Սուեզի ջրանցքը և այդպիսով վերացնել նրանց գերակայությունը Միջերկրական ծովում: Ռուսաստանի մտադրությունները իսկապես գիշերային երազ էին նրանց համար, այդ պատճառով այն, ինչ կարող էր դառնալ հեշտ հաղթանակ, դարձավ խղճուկ ու ոչ համոզիչ պարտություն:

Շատ անգամներ ես փորձել եմ վերլուծել ֆրանսիական ու անգլիական դիվանագիտության ողբերգական հետևանքները,  որոնց պատճառով նրանք ստիպված էին հրաժարվել Դարդանելի հաղթանակից: 

Կարծում եմ, եթե մարտի 18-ին Դաշնակիցները անցնեին Դարդանելը, ինչի արդյունքում նրանք հանգիստ կարող էին գրավել Կոստանդնուպոլիսը, պատերազմը մի քանի տարի շուտ կավարտվեր և ողբերգություններից հնարավոր կլիներ խուսափել: Եվ երբեք տեղի չէր ունենա այն դաժան ողբերգությունը, որը երկու տարիների ընթացքում աշխարհի երեսից վերացրեց Թուրքիայում ապրող հայկական բնակչությունը:

Ապրիլ ամսին ծառայության վերադառնալուցս հետո, իմ բախտավոր աստղը կրկին փայլեց՝ իմ ջոկատին հաջողվեց պարտության մատնել ու ջրի տակ թողնել բրիտանական սուզանավերից մեկը:

Դարդանելից դեպի սպանդանոց

Վստահ լինելով, որ անգլիական ու ֆրանսիական ուժերը չեն հապաղի գրավել Դարդանելը, թուրքական ղեկավարությունը մտադրված էր վերջնական լուծում տալու իրենց հանգիստ չտվող Հայկական հարցին: Ասում էին, որ պատրաստվում են կազմակերպել հայերի մասսայական ջարդեր և որ հայկական բնակչությունը պետք է կամ ամբողջովին ոչնչացվի կամ մատնվի ստրկության: Պետական մարմիններում ծառայող բոլոր նրանց, ովքեր ունեին հայկական ծագում, աշխատանքից հեռացրեցին իսկ հայկական սպաներին պատրաստվում էին զրկել զենքից ու արժանացնել խաղաղ բնակչության ճակատագրին:

Մորիցս նամակներ սկսեցի ստանալ ոչ հաճախ ու այդժամ սկսեցի մտածել, թե ինչ է ինձ սպասվում:

Երբ մի անգամ հրամանատարիցս նրա մոտ ներկայանալու հրաման ստացա, այնքան էլ չզարմացա: Ինձ ազատեցին իմ ջոկատը ղեկավարելու հանձնարարականից: Երբ ներկայացա շտաբ, հրամանատարն ինձ հիշեցրեց քրիստոնյա զինվորների հանդեպ կիրառվող այն քաղաքականության մասին, որը որդեգրել էր Օսմանյան նոր ղեկավարությունը: Ինձ ասեց, որ նամակներ ունի Պաշտպանության նախարար Էնվեր փաշայից, և որ նախարարը կարգարդել է ինձ անհապաղ ներկայանալ իր մոտ:

Հետո միայն իմացա, որ հրամանատարս մի քանի անգամ փորձել է այնպես անել, որ ես մնամ իմ գործին: Միանգամից բողոքի նամակ էր գրել, որտեղ ասել էր, որ ես նրա ամենալավ մարդկանցից եմ ու առանց ինձ շատ դժվար կլինի մարտնչել: Սակայն, նրա խնդրանքը ունայն էր. գիշերը նստելու էի նավ ու հաջորդ օրը ներկայանալու էի Պաշտպանության նախարարին:

Ահա և իմ արկածների ավարտը՝ պարգևատրում հավատարմության ու փայլուն ծառայության համար: Ինձ, ինչպես և իմ հրամանատարին, որը մռայլ դեմքով պատուհանից դուրս էր նայում, դժվար էր ինչ-որ բան անգամ ասել: Երբ գնալու պահը եկավ, իրար ձեռք սեղմեցինք և մի կերպ ժպտացինք իրար: Չնայած անհասկանալի մրմնջոցիս, նա գիտեր, թե որքան շնորհակալ եմ նրան իր հոգատարության ու վերաբերմունքի համար:

***

Պաշտպանության նախարարության շենքը գտնվում էր Կոստանդնուպոլսում: Երբ արդեն մոտ էի շենքին, հիշեցի այն բոլոր սպաների մասին, որոնց կանչել էին այստեղ սուլթանի կառավարման տարիներին և որոնք երբեք այլևս դուրս չէին եկել այստեղից. հիշեցի հազարավոր քրիստոնյաների , որոնք բանտ էին նետվել ու սպասում էին իրենց մոտալուտ մահվանը:

Ինձ ուղարկեցին նախարարի մոտ, բայց մինչ այդ հայտնվեցի տեղի հրամատարներից մեկի սենյակում՝ բարձրահասակ, ամրակազմ ու սև սառը աչքերով մեկի: Հանկարծ նա հանեց ատրճանակը: Երբեք չեմ մոռանա այդ պահը, քանի որ ինձ տվաց, թե հենց այդտեղ վերջս տալու է: Նա բղավեց ու պահանջեց, որ ես ասեմ, թե ով եմ ես և ինչու եմ սրով ու ատրճանակով եկել հասել նախարարություն:

Իմ ասածները բանի տեղ չդնելով, նա սեղմեց կոճակը: Մի րոպե չանցած, սենյակ մտան սերժանտ ու երկու զինվորներ: Ձեռքերս բռնեցին, վերցրեցին սուրս ու ատրճանակս ու մի խուց տարան ՝ լի բանտարկյալներով: Սենյակի գաղջ օդն անտանելի էր, այն ընդհանրապես չէին օդափոխել: Այն լի էր հարյուրավոր սոված, կիսատկլոր, կեղտոտ թուրքական վիժվածքներով:

Ավելի ուշ իմացա, որ այդ մարդիկ դատապարտյալներ են, որոնք համաներում են ստացել Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից այն պայմանով, որ ծառայելու են երկրում և զբաղվելու են հայերի հանդեպ հրահրումներով: Նրանք պահանջում էին գյավուրների (անհատատների) արյունն ու հայ կանանց ջերմությունը:

Ես խոսում էի նրանց հետ, փորձում էի հասկանալ նրանց մտադրությունները, երբ դուռը բացվեց ու սենյակ մտավ խիստ անահգիստ մի սպա: Նա արագ արագ ներողությունն էր խնդրում ու աղաչում, որ իրեն հետևեմ: Ինձ հետ տվեցին իմ սուրն ու ատրճանակը, և ասեցին , որ նախարարը, որը վաղուց ինձ էր սպասում, հարցուփորձ է անում, թե ուր եմ ես:

Ես կրկին սկսեցի մտածել, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել: Ինձ տարան ընդունարան, որտեղ քարտուղարը անունս կարդալուն պես, դարձավ դեպի ինձ ու ժպտաց: Նա ձեռքը մեկնեց ինձ ու ասեց. «Բարով ես եկել, հերո՛ս»:

Հրավիրեց ինձ, որ նստեմ ու ասեց, որ թուրքական ղեկավարությունը ի սրտե շնորհակալ է ինձ իմ փայլուն ծառայության համար և ավելացրեց, որ բանակում իմ Դարդանելի ծառայությունը անվանում են հերոսական:

Դա բավականին լավ լուր էր:

Հետո ինձ բացատրեցին, որ թուրքական ղեկավարությունը հետ է կանչել բոլոր քրիստոնյա զինվորներին թուրքական բանակի շարքերից, սակայն այդ որոշումը ինձ չի վերաբերում, և ես ազատ եմ որոշելու շարունակել Դարդանելում իմ հրամանատարի պարտականությունները, թե ընտրել ուրիշ նշանակում: 

Ինձ տարան Էնվեր փաշայի անձնական սենյակը: Մի րոպե համարյա Ձերդ գերազանցությունը ուշադիր զննում էր ինձ, հետո վեր կացավ ու ներկայացրեց ինձ իր գերմանացի խորհրդականներին, անվանելով ինձ Դարդանելի հայ հերոս:

Կրկին հերոս: Արդեն սկսում էի ինքս դրան հավատալ:

Միանգամից ինձ իմ տանը զգացի, այնքան որ նրանք ջերմ էին ինձ հետ:

Էնվեր փաշան սկսկեց ռազմական մարտավարության հետ կապված հարցեր տալ: Նրա հարցերին պատասխանելիս նկատեցի, որ ժպտում է: Դրանից ինձ գերազանցիկ զգացի, որով անընդհատ ուզում էին պարծենալ:

Հրաժեշտից առաջ պատիվ տվեցի և փաշան անձամբ ինձ ճանապարհեց մինչև դուռը:

Երջանկությունից ինձ յոթերորդ երկնքում էի զգում:

***

Հենց որ դուրս եկա կառքից, նամակներ ուղարկեցի Մուհարեմին, մորս ու գեներալ Ջեվադ փաշային:

Վերջին ժամանակներս անընդհատ խոսում էին հայկական շրջանների մասին, ասում էին, թե 15 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց սպանում են իրենց կանանց աչքերի առաջ, աղջիկներին ու կանանց գողանում են, բռնաբարում ու ուղարկում են հազարավոր կիլոմետրեր հեռու: 

Մի քանի օր հետո նամակ ստացա. ասվում էր, որ մորս ու քրոջս ձեռք չեն տվել, քանի որ նրանք Դարդանելում ծառայող կապիտան Թորոսյանի մտերիմներն են: Երևում է, հերոս լինելու մասին այդ բոլոր խոսակցությունները անիմաստ չէին:

 Ռազամական գործողությունները Գալիպոլիում

Թուրքական բանակը շարունակում էր կրել ահռելի կորուստներ, բայց միաժամանակ շարունակում էր պահել իր դիրքերը:

Սեպտեմբերի 29 առավոտյան ինձ հայտնեցին, որ Մուհարեմը ծանր վիրավոր է և ուզում է տեսնել ինձ: Նա պառկած էր, ամբողջ մարմինը վիրակապերի մեջ, որոնց տակից երևում էին միայն փայլուն աչքերն ու կապտած շրթունքները: Բժիշկն ինձ հայտնեց, որ նա չի ապաքինվի՝ ամբողջ մարմինը վերք է և ներքին արյունահոսություն ունի:

Ձեռքը պինդ սեղմեցի, ժպտացի ու հարցրեցի, թե ինչ էր խելքին փչել, թռել էր արկի տակ: Հետո ասեցի, որ չմտածի, շուտով ապաքինվելու է: Մուհարեմը գիտեր, որ խաբում եմ, ու գիտեր, որ ես ել եմ դա հասկանում: Նա փորձում էր ժպտալ ինձ: Մինչև հիմա աչքիս առաջ նրա փայլուն տենդագին աչքերն են: Այդ վիրակապերով փաթաթված մարմինը, այդ մահացող մարդը եղել է իմ ամենամտերիմ ընկերը, բարեկամը, որի հետ անբաժան ենք եղել լավագույն երիտասարդ տարիներին: Պատերազմի դաժանությունը ուղղակի ճնշել էր ինձ ու զրկել խոսելու ունակությունից:

Ուզում եմ քեզ իմ քրոջ՝ Ջամիլայի մասին մի քանի բան ասեմ,- շշնջաց նա: - 1896 թ. հայկական ջարդերի ժամանակ, հայրս եղել է Մուշի մոտ գտնվող ջոկատներից մեկի հրամանատարը: Դեռ այն ժամանակ նա խորը մտահոգված էր այն քաղաքականությամբ, որը վարում էին թուրքերը քրիստոնյա հապատակների հանդեպ: Մի անգամ հայկական գյուղով անցնելիս, նա փողոցում գտնում է մոտ երկու տարեկան մի աղջկա, որը աննպատակ թափառում էր փողոցներով: Ոչ մի կերպ հնարավոր չի եղել իմանալ, թե ովքեր են նրա ծնողները, և հայրս խղճահարությունից ելնելով աղջկան իր հետ է վերցրել: Մայրս, սակայն, չէր ուզում, որ աղջկա ձախ ուսին խաչի տեսքով քրիստոնեական դաջվածքը մնա, դրա համար հեռացրել է այն ծծմբաթթվի միջոցով: Այդ դաջվածքի հետքը մինչև հիմա կա նրա ուսին: Ես սա ասում եմ, որ իմանաս, որ դուք մի ժողովրդի եք պատկանում, և որ Ալլահը մի կողմից, Աստված՝ մյուս, չեն կարող ձեզ բաժանել:

Երկու օր հետո նա մահացավ: Մահացավ, երբ ես նստած նրա մահճակալի կողքին, ձեռքն էի սեղմում: Այդ գիշեր, երբ հետ էի վերադառնում, քամին անդադար քշում էր անձրևն ու երեսովս տալիս:

Երեք ամիս շարունակ Դաշնակիցները ճնշում էին մեզ, և ամեն մի մարտն ավարտվում էր թուրքերի համար ծանր կորուստներով: Ես կրկին սկսկեցի մտածել Դաշնակիցների մարտավարության մասին և կրկին եկա այն եզրահանգմանը, որ նրանք չէին ուզում գրավել Կոստանդնուպոլիսը: Դա սովորական պատերազմ չէր, այլ անիմաստ կոտորած հանուն դիվանագիտության:

Մինչ այդ, ռուսները շատ վստահ շարժվում էին դեպի Փոքր Ասիա, ամենուր կրելով հաղթանակներ: Իրենց հսկողության տակ էին անցել այնպիսի մեծ ու ծաղկուն քաղաքներ, ինչպիսիք են Վանը, Բիթլիսը, Մուշը և Սև ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկը՝ Տրապիզոնը:

Ռուսների վստահ առաջխաղացումն ու հաղթանակները ոչ միայն աջակցություն չէին ստանում անգլիացիների կողմից, ավելին, 1916թ. Ապրիլի 29- ին ինչ-որ անհավանական կերպով անգլիացի գեներալ Թաունսենդը հանձնվում է թուրքերին, մինչդեռ թուրքերը երեք անգամ ավելի քիչ էին անգլիացիներից: Ազատության դեմ նա առաջարկում է թուրքերին 3000 ֆունտ ստերլինգ այն պայմանով, որ նրանք այլևս երբեք թուրքերի դեմ չեն գործի:

Գումարը շատ մեծ էր, սակայն, թուրքերը չեն համաձայնում, և գեներալ Թաունսենդի բազմահազարանոց բանակը ուղղակի դառնում է գերի: Չկա պատմության մեջ մեկ այլ նմանատիպ դեպք, երբ հասարակ զինվորները այս տեսակի տանջանքների ու խոշտանգումների միջով անցնեն հանուն դիվանագիտական խաղերի: Սկզբում նրանց բաժանում են ազգային, իսկ հետո՝ կրոնական հատկանիշներով: Նրանցից մոտ երեք հազարը ենթարկվում են խոշտանգումների, նսեմացումների ու ծաղր ու ծանակի: Հարյուրին սպանում են միանգամից: Միայն հնդկական ծագում ունեցող զինվորներին է հաջողվում ողջ մնալ:

Հարեմի գաղտնիքը

Գալիպոլիում անցկացրած մի քանի մարտերից հետո մեր դիվիզիան գրեթե ամբողջովին ոչնչացված էր: Հարկավոր էին նոր մարդիկ, որոնք կլրացնեին կորուստները: Ես կրկին հանձն առա հրամանատարությունը, որից առաջ ինձ տրամադրեցին մեկ շաբաթ հանգիստ:

Արդեն կեսօր էր, երբ ես թափառում էի Կոստանդնուպոլսի փողոցներով և անհամբերությամբ սպասում, թե երբ եմ տեսնելու հարազատներիս ու Ջամիլային: Սական, ինչքան ժամանակ է լուր չունեի ծնողներիցս: Մտքերս խառնվել էին իրար ու դարձել կասկածների ու հանգող հույսերի քաոս: Եվս մեկ նամակ ուղարկեցի ծնողներիս: Փողոցներով քայլելիս նկատեցի, որ այս երբեմնի ծաղկուն թաղամասում շատ բան է փոխվել: Կանայք ու երեխաները կրում էին հին պատառոտված շորեր ու տանջված, խղճուկ տեսք ունեին:

Երբ հասա սուլթան Բայազիթի անունը կրող թաղամասը, իմ ուշադրությունը գրավեց Էմին բեյի սրճարանը: Այնտեղ տեսա մի քանի թուրք սպաների ու պաշտոնյաների: Որոշեցի հույսս դնեմ իմ մեդալների վրա, որոնք կարդարացնեին իմ հանդուգն պահվածքը, մոտեցա նրանց  ու բարևեցի:

Մեդալներն իրոք իրենց գործն արեցին: Նրան կանգնեցին ու միասին բարևեցին: Իհարկե, նրանք չէին ել կասկածում, որ ես հայ եմ: Նրանց հետաքրքրեց, երբ ասեցի, որ եկել եմ Դարդանելից, որտեղ կռվում եմ գյավուրների (անհավատներ) դեմ:

Երբ խոսք գնաց հայերի մասին, սկսեցին իրենց ճարտասանությունը: Նրանք ատում էին հայերին ոչ միայն կրոնի պատճառով, այլ այն պատճառով, որ հայերը Թուրքիայում վերահսկում էին առևտրի զգալի մասը: Բացի դրանից, նրանց դուր չէր գալիս, որ հայերի համար սրբազան օր էր համարվում կիրակին և ոչ թե ուրբաթը: Սակայն, ամենից շատ նրանց ջղայնացնում էր այն փաստը, որ հարուստ հայերն ավելի շատ էին վաստակում, քան նույն հարուստ թուրքերը: Եվ կարևոր չէր, որ այդպես հաջողակ էին ընդամենը մի քանի հայկական փաշաներ ու խոշոր առևտրականներ:

Մեծ հաճույքով քննարկում էին հայերին ոչնչացնելու մասին թուրքական  կառավարության որդեգրած քաղաքականությունն ու միջոցները: Եթե մեկը ծանոթ չլիներ նրանց այդ ֆանատիզմի հետ, կմտածեր թե խելագարի զառանցանք են նրանց ասածները: Սակայն ամենից շատ ինձ անհանգստացնում էր այն, որ նրանք լիովին վստահ էին, որ բոլոր շրջաններում կառավարությունը նշանակել է հատուկ պաշտոնյաների, որոնք իրականացնելու էին այդ սարսափելի ծրագիրը:

Այդ պահին ես ավելի քան երբեք անհանգստացա ծնողներիս համար և գնացի փաշայի պալատը: Հիմա արդեն ինձ այդքան էլ երջանիկ ու հաջողակ չէի զգում:

Փաշայի համար այնքան ծանր էր համակերպվել որդու մահվան հետ, որ որոշել էր որքան հնարավոր է արագ ընտանիքի հետ ուղևորվել Արաբիա:

***

Ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչ է կատարվում իմ փոքրիկ ներքնաշխարհի հետ: Ընկերս զոհվել է: Ծնողներիս ճակատագիրն ինձ անհայտ է: Բաժանվելու եմ սիրելիիցս երկար ամիսներ, եթե ոչ տարիներ:

Վերջապես նամակ ստացա ծնողներիցս, որտեղ ասվում էր, որ նրանց հետ ամեն ինչ լավ է, սակայն մակագրությունն ինձ կասկածելի թվաց. մակագրված էր «Տիկին Վարդուհի Թորոսյան», մինչդեռ մայրս միշտ մակագրում էր «Վարդէ Թորոսյան»:

***

Ուրբաթ օրը գաղտնի հանդիպեցի Ջամիլային: Ձեռքերը սեղմել էի կրծքիս ու համբուրում էի: Հանկարծ արեցի մի բան, որն առաջ երբեք չէի համարձակվել անել՝ բարձրացրեցի շորի թևերն ու մերկացրեցի նրա նուրբ ձեռքերը: Ձախ ուսի սպին այնպես էր, ինչպես այն նկարագրել էր Մուհարեմը՝ խաչի բաց գույնի պատկերը, ծծմբաթթվից վառված ու կցկված մաշկի վրա:

Վերադարձի ճանապարհին նա լռում էր: Լռում էի և ես: Հետո սկսեց լացել ու խնդրել, որ մի բան անեմ, որ չբաժանվենք իրարից:

Վերջին ազատ օրն էր, որ միասին ենք անցակցրել: Մի շաբաթ անց, փաշայի կինը դուստրերի հետ մեկնեցին Արաբիա:

Պատմության շարունակությունը կարդացեք այստեղ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո

Ցավեր բռնողը

«Ձայն համշենական» ամսաթերթի արխիվը