Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թաներ Աքչամ. Թուրք պատմաբանը թուրքական ազգային «Ես»-ի ու դրա որոշ առանձնահատկությունների մասին

Թաներ Աքչամ. Թուրք պատմաբանը թուրքական ազգային «Ես»-ի ու դրա որոշ առանձնահատկությունների մասին

Ուշացած թուրքական ազգային «Ես»-ն ու բաց թողածը վերականգնելու ձգտումով պայմանավորված ագրեսիվությունը:

Իրենց ազգային «Ես»-ի մասին թուրքերն առաջին անգամ լրջորեն սկսել են մտածել 20-րդ դարի սկզբին։ 1898 թ. վենգերական արևելագետ Վամբերին զարմանքով նշում է, որ Ստամբուլում չի հանդիպել գոնե մի թուրքի, որը լրջությամբ հետաքրքրված լիներ թուրքական նացիոնալիզմով և թյուրքական լեզուներով։ Այդ ընթացքում և դրանից հետո ՝20-րդ դարի սկզբին, օսմանական դպրոցներում թուրքական պատմություն չէր դասավանդվում։  Թուրքական «Ես»-ի վերացման հիմնական պատճառը արաբական աշխարհից եկող ուժեղ կրոնա-մշակութային ճնշումն էր։ Իսլամի ազդեցությունն այնքան մեծ էր, որ թյուրքական ոչ մի պետությունում թուրքերենն այդպես էլ չդարձավ պաշտոնական լեզու, և մինչև 12-րդ դարի վերջը կիրառվում էր արաբերենը։ Նացիոնալիզմի գաղափարը չընդունելը կապված էր նաև նրա հետ, որ նման գաղափարների տարածումը կարող էր հանգեցնել կայսրության անկմանը, ինչը օսմանյան առաջնորդները քաջ գիտակցում էին։

Որպես «պաշտոնական» գաղափարախոսություն հռչակվեց պանօսմանիզմը, ըստ որի կայսրության բոլոր ազգերը, անկախ կրոնական ու էթնիկական պատկանելությունից միավորվելու էին որպես օսմաններ։ 1912 և 1913թթ. Բալկանյան պատերազմներից հետո, երբ ազգային փոքրամասնությունների զգալի հատվածը հրաժեշտ տվեց Օսմանյան կայսրությանը, պանթուրքական էությունն արթնացավ հարկադրված քնից և վերջապես խոսեց իր գոյության մասին, միաժամանակ գործի դնելով բնակչության թուրքացման քաղաքականությունը։ Ուշացած զարթոնքն ու բաց թողածը վերականգնելու ձգտումն արտահայտվում են մնացած էթնիկական խմբերի դեմ թուրքերի բացահայտ ագրեսիայի տեսքով։

Իրականում, թուրքիզմն այնքան էլ ցանկալի այլընտրանք չէր։ Առաջին հերթին այն պատճառով, որ «թուրքն» այն ժամանակ ուներ նվաստացնող նշանակություն, և որոշ մարդիկ ամաչում էին իրենց թուրքական ծագումից։ Երկրորդը, գլխավոր նպատակը երկրի տարածքային ամբողջականությունը փրկելն ու պահպանելն էր, իսկ պանթուրքիզմը վանում էր և քրիստոնյաներին, և ոչ թուրք ծագում ունեցող մուսուլմաններին։ Դա է պատճառը, որ կայսրության ղեկավարները մինչև վերջին պահը ցանկանում էին պահել ժողովրդի միասնությունը պանօսմանիզմի ու պանիսլամիզմի դոկտրինների միջոցով։

Թուրքական նացիոնալիզմի ուշացած զարթոնքը հղի էր նաև ռասիստական միտումներով։ Թուրքական նացիոնալիզմը սնվում էր ազգի մասին ռասիստական ու դարվինյան տեսություններով։ Թուրքերը փորձում էին ապացուցել, որ իրենց նվաստացած ու բոլորի կողմից արհամարհված ազգն իրականում բարձր է։

Թուրքական ազգային «Ես»-ը պատասխան է մշտական անլիարժեքության բարդույթին

Թուրքական ազգային «Ես»-ը ձևավորվել է ի պատասխան մշտական արհամարհական վերաբերմունքի։ Փաստացի, թուրքերի համար պանթուրքիզմը անելանելիության, անհուսության ու անլիարժեքության բարդույթից ազատվելու արտահայտման ձև էր։ Օսմանյան պատմության մեջ «թուրք» տերմինը կշտամբանք է եղել։ Այն կիրառել են կոպիտ, անշնորհք, տհաս մարդկանց նկարագրելիս։ Օսմանցիների շրջանում տարածված չկամությունը այն ամենի հանդեպ, ինչը թուրքական է, բացատրվում էր մի քանի գործոններով.

1. Օսմանյան պետական ծառայողները ծագումով թուրքեր չէին։ Հին ավանդույթի համաձայն, իսլամ ընդունած քրիստոնյաների երեխաները ստանում էին համապատասխան կրթություն և համալրում էին օսմանյան բյուրոկրատական համակարգը։ Բնականաբար, նրանք միշտ բանի տեղ չէին դնում թուրքերին։

2. Թեմուրի դեմ պատերազմում պարտությունը. 1402թ. պատերազմում, Անատոլիայի ֆեոդալները «դավաճանում են» օսմանների արքայական տոհմն ու անցնելով Թեմուրի կողմը, խթանում են օսմանցիների պարտությանը։ Ոչ թուրքական ծագման պետական ծառայողներն օգտվում են այդ հանգամանքից, որպեսզի օսմանցիների շրջանում ատելություն սերմանեն անատոլիական թուրքերի դեմ։

3. Արաբ-իսլամական գիտությունը օսմանյան հասարակության մեջ տարածված թուրքաֆոբիայի հիմնական պատճառներից մեկն է։ Օսմանյան մեդրեսում ՝ կրոնական դպրոցներում, կրթության հիմքը եղել են արաբական-մուսուլմանական հեղինակների ստեղծագործությունները, որոնցում թուրքերը ներկայացվում էին որպես նվաստացած մարդիկ ու նրանց համեմատում էին կենդանիների հետ։ Թուրքերի հասցեին կշտամբանքներ հանդիպում են իսլամի վերաբերյալ գրեթե բոլոր հիմնական ստեղծագործություններում։

4. Ալեվիտ թուրքմենների ընդվզումները. Օսմանյան կայսրության գոյության պատմության ողջ ընթացքում անատոլիական գյուղացիությունն ընդվզել է կենտրոնական իշխանության դեմ։ Այդ սոցիալ-կրոնական բնույթի ընդվզումները սրում են օսմանյան բյուրոկրատական համակարգում տիրող հակաթուրքական տրամադրությունները։

5. Թուրքերի հանդեպ արհամարհական վերաբերմունքի ձևավորման մեջ մեծ դեր էր խաղում նաև արտասահմանյան պատմագրությունը։ Հայտնի է, որ Միջնադարին ու Նոր ժամանակներին նվիրված պատմական աշխատություններում հաճախ հանդիպում են արտահայտություններ, որոնցով թուրքերին կոչում են «բարբարոսներ» «արնախումներ»։ Թուրքերի մասին դեռ միջնադարում ձևավորված կարծրատիպը արդի է եղել նաև Նոր շրջանում:

Ինչ է մնում անել մի ազգի, որը ողջ պատմության ընթացքում տառապել է անլիարժեքության բարդույթով, եթե ոչ փորձել ապացուցել իր գերակայությունը։ Մնացած ազգերին կյանքի իրավունք է տրվել միայն այն պայմանով, որ նրանք պետք է ընդունեն թուրքերի գերիշխանությունը։ Նույնիսկ այն շրջանում, երբ պանթուրքիզմը դեռ գոյություն չուներ և արդիական էին պանօսմանիզմի ու պանիսլամիզմի մասին դոկտրինները, այդ դոկտրինները պաշտպանողները փորձում էին հասկացնել, որ դրանով նկատի ունեն թուրքական էլեմենտի անվիճելի գերակայությունը հասարակությունում։ Պատահական չէ, որ պանթուրքիզմի գաղափարի ներդրումը լեզվի ու գրականության մեջ իրականացվել է այն նույն մարդկանց կողմից, որոնք դեռ երեկ հանդես էին գալիս որպես պանօսմանիզմի ու պանիսլամիզմի ջաթագովներ։ Սա կարևոր է հասկանալու համար նացիոնալիզմի շուրջ ծավալվող քննարկումների բնույթը։

Արևմուտքի երկակի ստանդարտները. Քրիստոնյաների հանդեպ թշնամական վերաբերմունքը

Փոքրամասնությունների ընդվզումները թույլ են տալիս իմպերիալիստական շրջանակին խառնվել Օսմանյան կայսրության ներքին գործերին. գրեթե ամեն փոքրամասնություն իրեն պաշտպան էր գտել։ Դեռ երեկ, ցածր խավի ներկայացուցիչներ համարվող քրիստոնյաները, չնայած դեկլարատիվ, բայց հավասարվում են մուսուլմաններին իրենց իրավունքներում և ձեռք են բերում որոշ արտոնություններ։ Սա գնահատվում է գերակայող ազգի կողմից որպես «դավաճանություն»։ Սրա բնական հետևանքը դառնում է քրիստոնյաների դեմոկրատական պահանջների հանդեպ անհանդուրժողականությունը։ Արդյունքում, ի հայտ է գալիս «իսլամական շովինզիմը», որը չէր ընդունում հավասարության գաղափարը կամ քրիստոնյաների գերակայությունը։

Թուրքական նացիոնալիզմը սնվում էր նաև ռեվանշիզմով, որը ծնունդ էր առել պարտությունների, մուսուլմանների ջարդերի և տարածքային կորուստների արդյունքում։ 19-րդ դարի կեսից մուսուլմանների հսկայական զանգված, որը փախուստի էր դիմել ջարդերից, տեղափոխվում է Անաատոլիա, ինչը չէր կարող չազդել թուրք-մուսուլմանների ինքնագիտակցության վրա։ Ջարդերն ու տեղափոխությունները հատկապես մասսայական դարձան ռուս-թուրքական պատարազմների ժամանակ՝ 1877-1878թթ.։ Դրան հետևեցին մուսուլմանների կոտորածն ու արտաքսումը Բալկանյան պատերազմների շրջանում։ Փախստականներին գիտակցաբար վերաբնակեցնում էին այն տարածքներում, որտեղ ապրում էին քրիստոնյաները։ Այս խղճուկ, կոտորածներից հրաշքով փրկված մարդիկ մոտ ապագայում դառնալու էին Անատոլիայի ազգային փոքրամասնությունների՝ առաջին հերթին հայերի դահիճները։ Մուսուլմանների տեղահանման ծավալը պատկերացնելու համար միայն կասեմ, որ 1878-1904թթ. վիլայեթում հայ բնակչության հետ մեկտեղ ապրում էր մոտ 850,000 փախստական։ Տարածքային կորուստներով պայմանավորված հատուցման զգացողությունը, որն առաջացել էր օսման-թուրքական վերնախավում, ուղղված էր այդ տարածքներում ապրող ազգային փոքրամասնությունների դեմ։ Հույների ու բուլղարների բոլոր «մեղքերի» համար, որոնցից թուրքերը չկարողացան «վրեժ լուծել» Առաջին Համաշխարհայինի ընթացքում, պատասխան էին տալու «անշնորհակալ հայերը, որոնք համագործակցում էին թուրքերին մեջքից հարվածած իմպերիալիստների հետ»։

Թուրքական նացիոնալիզմի ձևավորման վրա ոչ պակաս ազդեցություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Եվրոպայում արձագանքում էին միայն քրիստոնյաների հանդեպ բռնությունների լուրերին, մինչդեռ այն կոտորածների մասին, որոնց ենթարկվում էին թուրքերն ու մնացած մուսուլմանները, համառորեն լռում էին։ Խնդիրը չի սահմանափակվում միայն երկակի ստանդարտներով ու մեր հանդեպ անարդար վերաբերմունքով։ Խնդիրն այն է, որ նման վերաբերմունքի մեղավորները մեր աչքին դառնում են քրիստոնյա փոքրամասնությունները։ Կարճ ասած, թուրքական պաշտոնական տարբերակը հնչում է հետևյալ կերպ. «Ոչ մի կոտորած ու ցեղասպանություն չի եղել. մուսուլմաններն ուղղակի քայլեր են ձեռնարկել, որոնք հրահրված են եղել քրիստոնյաների կողմից, կայսրության ներքին գործերում Արևմուտքի միջամտությունը ապահովելու նպատակով»։ Սա թույլ է տալիս անել մեր հետազոտության համար չափազանց կարևոր մի եզրակացություն։ Քրիստոնյաների մասսայական կոտորածը արդարացվում է այս տրամաբանությամբ։ Այն համոզմունքը, թե աշխարհն անարդար է մեր նկատմամբ, հիմնվում է ևս մեկ կարևոր փաստի վրա. քրիստոնյաներին «դավաճանության», իսկ Արևմուտքին ՝ ներքին գործերին խառնվելու մեջ մեղադրելով մենք սովոր ենք թաքնվել այդ մեղադրանքների հետևում և արհամարհել անօրինությունն ու ճնշումները, որոնք իրականում մեզ մոտ գոյություն ունեն։ Մենք անընդհատ խուսափում ենք խոսել ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումից, մոտիվացնելով դա նրանով, որ նրանք գործիք են դարձել արտաքին ուժերի ձեռքին։ Սա է այսօր մեր ազգային  բնավորության գլխավոր առանձնահատկություններից մեկը։

Իմպերիալիստական պետությունների կոալիցիայի ու սեփական քրիստոնյա հպատակների դեմ պայքարը զգալի կերպով անդրադարձել է նաև թուրքական հոգեբանության վրա։ Այն միտքը, որ նրանք փլուզված հասարակության անդամներ են և որ պետք է փրկել հայրենիքը, ամեն ձևով կարծրացել է նրանց գիտակցության մեջ։  Օսման-թուրքական մտավորականության համար, առաջնային խնդիր է դարձել ընդհանուր արժեքների ու ընդհանուր համախմբվածության ստեղծումը, որոնք հնարավոր կդարձնեն ազգերի ու ազգությունների խաղաղ համակեցությունը մեկ պետության սպահմաններում։

Բոլոր ազգային շարժումներն ընկալվել են որպես թուրքերի կյանքի ու մահի հարց և ճնշվել են հատուկ դաժանությամբ։ Որքանո՞վ էին հիմնավորված թուրքերի վախերը, էմոցիաներն ու կասկածները։ Որտե՞ղ է անցնում իրականության ու երևակայության միջև սահմանագիծը։ Թվարկված փաստերից շատերը, անխոս, համընկնում են օբյեկտիվ իրականության հետ։ Սակայն դրանք այնքան չափազանցված էին, որ հասարակությունը դարձել էր պարանոյայով հիվանդ ու ագրեսիվ։ Նշված գործոնները, որոնց շարքը դեռ կարելի է շարունակել, այն ժամանակ ստեղծված պայմաններում հնարավոր դարձրեցին այնպիսի բարբարոս մի ակցիայի անցկացումը, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը:

Հայերի կոտորածն ու 1915 թ. Ցեղասպանությունը

Թուրքական ազգային «Ես»-ը որը ձևավորվել էր վերոնշյալ միջավայրում, պետք է կորուստների ողջ պատասխանատվությունը դներ Օսմանյան կայսրության վերջին քրիստոնեական համայնքի ուսերին։ Այդպես էլ եղավ։ Հայերը պատասխան տվեցին կայսրությունից առանձնացած  բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների փոխարեն և շատ թանկ գին վճարեցին, քանի որ թեկուզ և ուշացումով, նրանք նույն մարտավարությունը կիրառեցին ու փորձեցին ստանալ ինչ-որ իրավունքներ, օտար տերությունների ուշադրությունը գրավելու միջոցով։ Օսմանյան առաջնորդներն արդեն քաջատեղյակ էին այդ մարտավարությանը։ Ավելին, Բալկաններում այդ մարտավարությունը շատ ծանր անդրադարձավ նրանց վրա ՝ կորցված տարածքներ, հարյուր հազարավոր փախստականներ, մուսուլմանների ջարդեր, Արևմուտքի կողմից մշտական ծաղրուծանակ։ Ահա թե ինչու կառավարությունը չէր պատրաստվում այս հին ֆիլմը հետևողի դերում լինել, այլ պատրաստվում էր «խեղդել երեխային (հայերին) դեռ օրորոցում»։

Հայերի ջարդերը Օսմանյան կայսրությունում ունեն հին պատմություն․ Դրանց բնույթից ու իրագործման ձևից ելնելով, կարելի է դրանք առանձնացնել 3 փուլերի: Առաջին փուլը ներառում է 1890-1909թթ., երկրորդը ՝ 1915-1917թթ., իսկ մյուսը սկսվում է 1918թ.-ից հետո։ Հայերի ջարդերն անցել են բավականին հետաքրքիր էվոլյուցիա։ Առաջին փուլում դրանք ունեին ավելի տեղային բնույթ և իրականացվում էին ոչ թուրքական, էթնոկրոնական խմբերին ճնշելու քաղաքականության շրջանակներում։ Այս քաղաքականությունն իրականացնողը միայն պետությունը չէր։ Իրականացման ձևերը հետևյալն էին.

1. Քուրդ և մուսուլման ցեղերի մշտական հարձակումներ հայկական գյուղերի վրա, գողություններ, աղջիկների գողություններ, մասսայական սպանություններ։

2. Քաղաքացիական պատերազմ, բախումներ հայերի ու մուսուլմանների միջև և դրանց ընթացքում իրականացվող կոտորածներ։

3. Կոտորածներ, որոնք իրականացվում էին պետության կողմից հարկեր հավաքելու պատրվակով, բանդիտական խմբավորումների հետապնդումներ, հայերի ընդվզումների ու «անկարգությունների» ճնշում։

19-րդ դարի 90-ական թթ. սկսած հայկական ջարդերի բնույթը սկսում է խիստ տարբերվել այն գործողություններից, որոնք իրականացվում էին այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Կառավարությունը գործի է դնում «պանիսլամիզմի» խաղաքարտը։ Հասարակության մեջ սկսվում է հայերի ՝ որպես էթնիկական ու կրոնական խմբավորումի, նվաստացումների արշավը։ Իշխանությունները սկսում են հայերի դեմ իրականացնել ռասիստական քաղաքականություն։ Ի տարբերություն այլ քրիստոնյա ազգերի, հայերի հանդեպ ջարդերը կրում էին կենտրոնացված, իշխանությունների կողմից կազմակերպված բնույթ։ Հայերի վրա հարձակումներն ու կոտորածն օգտագործվում էին պետության ազդեցությունը մուսուլմանական բնակչության շրջանում ամրապնդելու համար։ Միաժամանակ, առաջին անգամ հնչում են ոչ երկիմաստ կոչեր, այն է, լուծել Հայոց հարցը ողջ ազգը բնաջնջելու միջոցով։ Այս ամենը զանգվածաբար իրականացնում են 1915-1917թթ.։ Ո՞ր գործոններն են նպաստել դրան։

Հիմանական գործոնն, իհարկե, «համապատասխան միջավայրի» առկայությունն էր, ինչպիսին էր Առաջին Համաշխարհային պատերազմը։ Չնայած օսմանցիների իսլամական աշխարհայացքի մեջ կային ռասիզմի էլեմենտներ, դժվար է ասել, որ եղել է հայերին, որպես էթնոսի, բնաջնջելու նախապես մշակված ծրագիր։ Նույնիսկ առաջին ամիսներին, երբ հակասություններն ու լարվածությունը հայերի ու թուրքերի միջև ակներև էին, ոչ մի ցուցիչ չի եղել, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը պատրաստվում է դատ ու դատաստան իրականացնել հայերի հանդեպ։ Խնդիրը ուսումնասիրողները եկել են մեկ ընդհանուր եզրակացության, որ նման որոշում կայացվել է 1915 թ. փետրվար-մարտ ամիսներին։

Անկասկած, ոչ պակաս կարևոր էին նաև թուրքական ազգային «Ես»-ի առանձնահատկությունները։ Օսմանյան կայսրության բարոյալքված ու կոմպլեքսավորված ղեկավարներին թվում էր, թե Առաջին Համաշխարհայինը իրենց հրաշալի պատմական հնարավորություն կտա անցյալը վերականգնելու համար, սակայն այդ հույսերն ի չիքս դարձան։ Պատերազմի առաջին տարիներին իրար հետևած պարտություններն արագացրեցին հանգուցալուծումը, իսկ Սարիղամիշի պարտությունը դարձավ իսկական աղետ։ Այդ պարտությունների հետևանքում, այն հողերը, որոնք մնում էին թուրքերին, անցնելու էին հայերին։ Դեռ պատերազմից առաջ թուրքերին հանձնել էին ռեֆորմների ծրագիր (հայկական շրջաններում), որից պատերազմի շնորհիվ  իրենց հաջողվեց խուսափել։ Այս հոգեվիճակը ուղիղ կապ ունի հայերի ցեղասպանության հետ։

Որպես հայերի ցեղասպանության պաշտոնական ամսաթիվ ընդունված է  1915 թ. ապրիլի 24/25-ը, սակայն սա սիմվոլիկ է, քանի որ սպանություններն ու մասսայական բռնագաղթը սկսվել էին դրանից շատ ավելի վաղ: Հարկ է նշել, որ գույություն չունի ոչ մի փաստաթուղթ, որում ամրագրված լինի հայերին ոչնչացնելու մասին որոշման հրամանը: Գոյություն ունեցող փաստաթղթերը հրատարակվել են բռնագաղթը սկսելուց անմիջապես հետո: Դրանցում կարելի է հանդիպել նմանատիպ արտահայտությունների. «հայերին վերաբնակեցնել այլ շրջաններ»,  «արտաբնակեցնել և տեղավորել նրանց այդ նպատակով ընտրված շրջաններում» և այլն:

Անկասկած, պահպանվել են նամակներ, որոնք ուղարկել է Բահադդին Շաքիրը, նա ով պատասխանատու էր հայերի ոչնչացման համար: Դրանցից մեկում ասվում է. «Ինձ անմիջապես տեղեկացրեք, հայ ազգի ներկայացուցիչները սպանված են, թե՞ ուղղակի արտաքսված»: Չնայած նման նամակները վկայում են կոտորածի պլանավորված լինելու մասին, միևնույնն է, դրանց մեջ չկա ոչ մի պաշտոնական պետական որոշում: Այն մասին, թե ինչպես են դեպքերը զարգացել, հնարավոր է պատկերացում կազմել այդ ժամանակ տարածքում գտնվող ականատեսների վկայություններից, հյուպատոսների, օտարերկրյա զինվորականների, բուժքույրերի կամ միսսիոներների խոսքերից: Հետաքրքիր է այն փաստը, որ այդ բոլոր մարդիկ վկայություններ են տվել անկախ մեկը մյուսից, սակայն նրանց բոլորի խոսքերը համընկնում են, ինչը վկայում է, որ գոյություն է ունեցել հայերի ոչնչացման մեկ ընդհանուր ծրագիր: Սա արձանագրելը շատ կարևոր է, քանի որ թուրքական կողմը շարունակում է պնդել, որ կոտորածները չեն ունեցել պլանավորված բնույթ:

Իրականում, հայերի ցեղասպանության առանձնահատկություններից մեկը դրա քաոսային թվալու մեջ է: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ եղել են ընդամենը ոչ պլանավորված գործողություններ, ջարդերի շարք, որն իրականացրել են տեղական իշխանությունները: Հարկավոր էր սպանությունների, գողությունների ու քաղցի միջոցով արտաքսվողների թիվը հասցնել նվազագույնի, որպեսզի այն տեսանելի լիներ: Մեզ համար այդքան էլ կարևոր չէ, ցեղասպանությունը կենտրոնական իշխանությունների կողմից պլանավորված գործողություն է եղել, թե ոչ: Կան բավարար քանակությամբ փաստաթղեր, որոնք ապացուցում են իշխանությունների մասնակցությունն այդ ակցիաներին: Նույնիսկ այն, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել նոր բնակեցման վայրերում կամ  ճանապարհին մարդկանց բնականոն տեղափոխությունը ապահովելու համար, արդեն իսկ ապացուցում է, որ իշխանությունները միտված են եղել ջնջելու հայ ժողովրդին աշխարհի երեսից: Ապշեցնում է միայն այն, թե ինչպես է իշխանությունների մոտ ստացվում այդ ակցիաներին տալ ոչ միտումնավոր բնույթ:

Հայերին համարում էին կասկածելի ու վստահություն չվայելող ազգ դեռ պատերազմից առաջ: Դեռ 1914 թ. սեպտեմբերի 6-ին օսմանյան իշխանությունները հայաբնակ վիլայեթներ էին ուղարկել ծածկագրված հրահանգներ, որոնցով պահանջում էին անդադար հսկողության տակ պահել քաղաքական կուսակցությունների առաջնորդներին: Պատերազմի սկզբին, Օսմանյան բանակում դասալքությունը չափազանց տարածված էր, և հայերև ևս ամնասն չէին դրանից: Եղել են դեպքեր, երբ հայերի ջոկատները հայտնի գործիչների ղեկավարությամբ անցել են սահմանն ու լրացրել ռուսական կամավորների շարքերը: Անատոլիայի տարբեր հատվածներում  կազմվում էին հայերի զինված ջոկատներ, որոնք մարտնչում էին իշխանական զորքերի ու քրդական աշիրետների դեմ: Օսման-թուրքական պաշտոնական օղակները ցեղասպանության իրականացման պատճառ են համարում նաև այս գործողությունները:

Պատերազմի արդյունքում հայերը հանդեպ ճնշումներն ավելանում են : Անատոլիայի արևելյան վիլայեթներում հարկերի հավաքման ու դասալիքներին հետապնդելու պատրվակով հարձակումներ են իրականացվում գյուղերի վրա, կատարվում են գողություններ և սպանություններ: Այդ գործողություններն իրականացվել են հիմնականում քրդական Համիդիե գնդի ու Թեշկելաթ Մահսուսա կազմակերպության կողմից: Ոչ հեռավոր ապագայում նրանք իրականցնելու են հայերի մասսայական կոտորածները:

Թեշկելաթ Մահսուսա կազմակերպության մեջ մտնում էին հիմնականում ազատված բանտարկյալները, ինչպես նաև Բալկանների ու Կովկասի փախստական մուսուլմանները: Կա վարկած, որ նրանց հատուկ պատրաստել են ցեղասպանությունն իրագործելու համար: Այդ նպատակով նրանք հատուկ ուսուցում են անցել ռազմական նախարարության հսկողության տակ: Պատերազմի հենց առաջին տարիներին հարձակումները, թալանն ու սպանությունները, որոնք իրականացվում էին այդ կազմակերպության ճյուղերի կողմից, հասնում են  այնպիսի մասշտաբի, որ մի քանի վիլայեթների նահանգապատեր սկսում են բողոքել և պահանջել վերջ դնել այդ անկարգություններին: 

Թուրքական բանակի պարտությունը Սարիղամիշի ճակատամարտում շրջադարձային է լինում հակահայկական քաղաքականության մեջ: 1915 թ. փետրվարի հրամանով, բոլոր հայ զինվորական ծառայողները զինաթափ են արվում ու նրանցից կազմում են աշխատավոր խմբեր:  Ճանապարհների կառուցման կամ ծանրությունների տեղափոխման համար օգտագործվող այդ խմբերը կամ զոհվում էին ցրտից ու քաղցից կամ ֆիզիկապես ոչնչացվում էին:

Ճնշումների երկրորդ ալիքը սկսվում է Վանի հայտնի դեպքերից հետո: Ըստ թուրքական տարբերակի, 1915 թ. ապրիլին Վանում բռնկվում է տեղի հայ բնակիչների ապստամբություն, որոնք ողջ ամիս պաշտպանվում են մինչև որ ռուսական զորքերը մտնում են քաղաք: Ապրիլի 24/25 դեպքերը որպես պատրվակ են օգտագործում Ստամբուլում հարյուրավոր ձերբակալությունների համար: Որոշ վիլայեթներում դրանք սկսվել էին դեռ ապրիլի 19-ին ու շարունակվել մինչև մայիսի 19-ը: Որոշ վայրերում ձերբակալվածներին հանրային մահապատժւ են ենթարկում, որպեսզի մնացածին վախեցնեն: Այս ամենը մի նպատակ ուներ՝ որքան հնարավոր է նվազեցնել հայերի դիմակայությունը բռնագաղթին: Այդ ժամանակ է նաև, որ բոլոր հայերին հեռացնում են պետական պաշտոններից ու արգելում նրանց տեղաշարժվել երկրի ներսում: 

Հայերին զինաթափելու հարցը դրվել էր դեռ պատերազմից առաջ: Դրանում հատկապես հաջողություն ունեցան Թեշկելաթ  Մահսուսայի  ջոկատները: Հայ բնակչության ու զինվորների զինաթափումը, ձերբակալություններն ու հայ համայնքի առաջավոր մարդկանց կախաղան հանելը նախազգուշացնող միջոցներ էին սիստեմատիկ ոչնչացումը սկսելուց առաջ: 

Բռնագաղթի մասին պաշտոնական որոշումն ընդունվել է 1915 թ. մայիսի 27-ին և հրապարակվել է 1915 թ. հունիսի 1-ին “Resmi gazete” ամսաթերթում, սակայն հայերին տներից դուրս հանումը սկսվել էր դեռ մարտ ամսին: Ամենամեծ ծավալների բռնագաղթն իրականացվել է արևելյան վիլայեթներում, որտեղ պատերազմում  Օսմանյան բանակի պարտության դեպքում կարող էր ստեղծվել հայկական պետություն: Այդ վիլայեթներից հայերի տեղահանումը սկսվում է մայիսին ու ավարտվում օգոստոսի սկզբին:

Բռնագաղթը տարբեր շրջաններում իրականացվում էր տարբեր ձևերով: Որոշ տեղերում բնակչությանը երկու ժամ առաջ էին տեղեկացնում, իսկ մնացածում հինգ օր ժամանակ էին տալիս: Սակայն, որպես կանոն, այդ ժամկետները ֆիկտիվ էին: Լինում էր, որ հայերին թույլ էին տալիս իրենց հետ իրեր վերցնել, լինում էր , որ արգելում էին նրանց ունեցվածքի առք ու վաճառքը: Դեպքեր են եղել, երբ հայերից անշարժ գույք գնած մուսուլմաններին մահապատժի են ենթարկել:

Որպես կանոն, տղամարդկանց սպանում էին բռնագաղթից առաջ: Այն վայրերում, որտեղ «մաքրումը»  նախօրոք չէր իրականացվել, առաջին իսկ կայանում տղամարկդանց առանձնացնում էին կանանցից ու երեխաներից ու սպանում էին, գործի դնելով տարբեր միջոցներ: Ծեծկռտուքի մեջ, Թեշկելաթ Մահսուսա ջոկատների ու քուրդ աշիրեթներից բացի մասնակցում էին նաև զինվորական կազմավորումներ (ժանդարմերիա) ու քաղաքացիական բնակչություն: Լինում էին դեպքեր, երբ քաղաքացիական բնակչությունն իր պաշտպանության տակ էր առնում հայերին, սակայն լինում էր նաև, որ ժանդարմները ստիպված էին պաշտպանել նրանց քաղաքացիականների բռնությունից:

Հենց որ մայիս-հունիս ամիսներին արևելյան վիլայեթներից բռնագաղթը ավարտվում է, սկսվում է Արևմտյան Անատոլիայի ու Թրակիայի հայերի բռնագաղթեցումը: Առաջին նպատակակետը Սիրիայի Հալեպ քաղաքն էր: Այստեղ կենդանի հասածներին հավաքում էին համակենտրոնացման ճամբարներում: Այդ մահացու ճամբարներից կենդանի դուրս գալը հրաշք էր համարվում: Այստեղից նրանց ուղարկում էին երկու ուղղությամբ՝ հարավային Սիրիա կամ արևելյան Միջագետք, այսինքն Արաբական անապատ… Դա հավասար էր մեռնելուն: Անապատում սարքված ճամբարները, ամենայն հավանականությամբ, դառնալու էին հայերի համար գերեզման: Նրանց ոչ միայն ուղղակի սպանում էին, այլ պայմաններ էին ստեղծում ՝ քաղց, ծարավ, հիվանդություններ, որոնցից նրանք մահանում էին: Ճամբարում եղած ականատեսներից մեկը շատ տեղին է նշում.  «այստեղ մարդկանց չեն սպանում միանգամից իրենց տանջանքները թեթևացնելու համար, այլ նախընտրում են դանդաղ մահը: Սա քաղաքակրթության նոր «ձեռքբերում»  է: Բնականաբար, կոտորածը պակաս օրինական է, քան սոված մահը: Դրանով թուրքերը փրկեցին  «քաղաքակրթության դեմքը»: 1916թ. վերջին բռնագաղթը ավարտվեց:

Բռնագաղթի ընթացքում սպանված մարդկանց հստակ քանակը հայտնի չէ: 1919 թ.  «Միություն և առաջադիմություն» կուսակցության դատական գործընթացի ժամանակ խոսվում էր 800,000 թվի մասին: Յոհաննես Լեպսիուսը նշում էր 1 մլն. զոհերի մասին: Մնացած աղբյուրների տվյալներում թիվը տատանվում է 600.000-ից 1.5 մլն.:

Արդյունքը պարզ է: Ինչպես ասում էր Թալեաթ փաշան 1916 թ. Օգոստոսի 31-ին Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչի ՝ Ֆորսթ Լանգենբուրգի հետ խոսելիս, « La question armenienne n'existe plus» («Հայկական հարցն այլևս գոյություն չունի»):

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո