Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Սյունիքի (Գլաձորի) և Տաթևի մանրանկարչական դպրոցները
Մշակույթ

Սյունիքի (Գլաձորի) և Տաթևի մանրանկարչական դպրոցները

Սյունիքի (Գլաձորիմանրանկարչական դպրոց.

 ՄՈՄԻԿ 

XIII-XIV դարերում հայ մշակույթի պատմության մեջ մեծ դեր են խաղացել Սյունյաց նահանգում գտնվող Գլաձորի և Տաթևի վանքերը: Քանի որ երկուսն էլ գտնվել են Սյունիքում, ուստի հայկական մանրանկարչության մասին խոսելիս Գլաձորի և Տաթևի դպրոցներին ընդունված է անդրադառնալ միասին: Երկուսն էլ մեծ դեր են խաղում հայկական մանրանկարչության մեջ: Սակայն, հաճախ միասին դիտարկվող այս դպրոցներն ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ:

Գլաձորի դպրոցի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մոմիկն ու Թորոս Տարոնացին: Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ, այն հաշվում են նրա առաջին գործի` 1292 թվականի Ավետարանի մանրանկարներիցենթադրաբար հետ գալով 25 տարի:

Մոմիկի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1283 թվականին, Գլաձորի համալսարանում կազմված մի ձեռագրում, ուր պահպանված միակ խորանի վրա գրված է. «ԶՄոմիկ նկարիչ խորանիս հիշեցեք աղաչեմ»:

Նա Օրբելյան իշխանական տան նկարիչ-ճարտարապետն էր, եւ նրանց հանձնարարությամբ նախգծում եւ կառուցում էր եկեղեցիներ, ծաղկում Ավետարաններ: Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում` 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով եւ այդպես հայտնի դառնալով:

Այնուհետեւ իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորում: Քանդակագործական աշխատանքներից ճշտորեն որոշված են, որ նրանն են 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթիԱստվածամոր եւ Հայր Աստծո պատկերաքանդակները:

Ճարտարապետական կառույցներից հայտնի են Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաեւ Եղեգիսի Զորաց, Տաթևի սբ. Գրիգոր եկեղեցիները:

 «Աստված և հայր». Նորավանքի գավիթ  

Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մոմիկն իրեն հիմնականում համարել է ճարտարապետ եւ քանդակագործ` դրա ակնարկը համարելով 1302 թվականի հիշատակարանն, ուր Մոմիկը հիշում է ցուրտ ձմռան մասին. այսինքն` այդ ակնարկից ենթադրվում է, որ նա մանրանկարչությամբ միայն ձմռանն էր զբաղվում, երբ կանգ էր առնում շինարարությունը եւ լռում էին քարգործների մուրճերը:

Բոլոր դեպքերում` Մոմիկը որպես մանրանկարիչ բավական ուսումնասիրված է, հատկապես Գլաձորի մանրանկարչական դպրոցի համատեքստում, սակայն նրա ճարտարապետական եւ քանդակագործական գործերը հիմնավոր ուսումնասիրված չեն եւ սպասում են իրենց ուսումնասիրողին:

Մեզ են հասել Մոմիկի ծաղկած 4 ձեռագիր Ավետարանները, որոնցից երեքը ստորագրված են, չորրորդն անստորագիր է եւ վերագրվում է նրան` ոճական ակնհայտ եւ ուրիշ ոչ մեկի մոտ չհանդիպող նմանություններից ելնելով: Նրա ծաղկած ձեռագրերն են 1292, 1302 (կամ` Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն:

Մոմիկի ձեռագրերը վերաբերում են նրա ստեղծագործության վաղ շրջանին: Նրա ընդօրինակած եւ նկարազարդած Նորավանքի Ավետարանը գրված է 1292 թվականին, Քարկոփի վանքի մոտ գտնվող Ուռո քար բնակավայրի սբ.Գեւորգ եկեղեցում, Հովհաննես ու Թադեոս քահանա եղբայրների պատվերով:

Ձեռագիրը պահվում է Մատենադարանում (թիվ 2848 ձեռագիր): Գրված է մագաղաթի վրա, եւ, բարեբախտաբար, ամբողջական է մատյանի հիշատակարանը: Հիշատակարանում գրիչ-մանրանկարիչն իրեն կոչում է «ապիկար քարտուղար.. Մոմիկ կոչեցելոյ», որ մագաղաթին է հանձնել «զգիծ եւ զնկար»: Շատ կարեւոր է նաեւ Մոմիկի թողած տեղեկությունն իր ուսուցչի վերաբերյալ. «Աղաչեմ եւս յիշել զբազմերախտի ուսուցիչն իմ զՅովասաբ կուսակրոն քահանայ»:

Ուշագրավ է, որ նույն 1292 թվականին Հովասափը մի ձեռագիր է ընդօրինակել Գլաձորի համալսարանի Եսայի Ուսուցչապետի պատվերով: Նորավանքում պահպանվել է Հովասափի` 1324 թվականը կրող տապանաքարը:

Նորավանքի Ավետարանը որպես ամենավաղ ամբողջական ստեղծագործություն` որոշակի պատկերացում է տալիս Մոմիկի արվեստի մասին: Այս Ավետարանում սյուժետային մանրամասներ չկան` ավետարանիչների պատկերներ են, լուսանցազարդեր եւ գլխազարդեր.գունային սեղմ ներկապնակ` կարմիր, կապտականաչավուն եւ դեղին հիմնական գույներով: Ոսկին սահմանափակ է օգտագործված:

Մոմիկը դիտողին առինքնում է գլխավորապես գեղարվեստական միջոցների պարզությամբ, ներդաշնակ-պածառ գուներանգներով: Մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, զարդանկարի հստակությամբ, կերպարների զանգվածեղությամբ ու դիմանկարների արտահայտչականությամբ:

«Քրիստոսին դագաղ դնելը» և «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» մանրանկարներում, որոնք զետեղված են «Հայկական մանրանկարչություն» (Լ. Ա. Դուռնովո, Ռ. Դ. Դրամբյան) գրքում, Մոմիկը ներկայանում է որպես մի վարպետ նկարիչ, որ տիրապետում է խմբավորման արվեստին և հուզառատ ու հուժկու կերպարանքների և նրանց շարժումների միջոցով կարողանում է արտահայտել իրադրության վեհությունը: Ներկապնակի վրա զգացվում է Կիլիկիայի ազդեցությունը, թեև Մոմիկի մոտ այն համեմատաբար պակաս նրբաճաշակ է:

1302 թվականի Ավետարան Nº 6792

1302 թվականին Մոմիկը Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդել է մի մեծարժեք, որի գրիչն է Հովհաննես Օրբելյանը, 300 էջ, որը նշանավոր պատմիչը միշտ մոտն էր պահում ճամփորդությունների ժամանակ: Անգամ հաճախ տարել են մարտի դաշտ` համարելով, որ հաղթանակ է բերում: Պատմիչ-գրիչի գրած գլխավոր հիշատակարանում, ցավոք, գրչության վայրը չի նշվում: Սակայն ամենայն հավանականությամբ Նորավանքն է, քանի որ եւ գրիչը, եւ մանրանկարիչը հիմնականում Նորավանքում էին բնակվում:

Ձեռագիրն իր անսովոր փոքր չափերով, մանրանկարների պատկերագրական ինքնատիպությամբ ու բարձր արվեստով ձեռագրական արվեստի իսկական գլուխգործոց է` 12 անգամ 8,7 չափեր ունեցող էջերի մեջ` 12 սյուժետային մանրանկար եւ 3 պատկեր, 2 անվանաթերթ, 8 շատ փոքր գլխազարդ եւ մի շարք լուսանցազարդեր: Մոմիկը ձեռագրի սկզբում զետեղել է ավետարանական գլխավոր իրադարձությունները` զարմանալի վարպետությամբ պատկերելով Ավետարանի տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները հետեւյալ հերթականությամբ. Ավետում, Ծնունդ, Տեառնընդառաջ, Պայծառակերպություն, Մուտք Երուսաղեմ, Ոտնլվա, խաչելուլություն, Ողբ, Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ:

1302 թվականի Ավետարան, ծաղկող` Մոմիկ  

Պահպանվել են նաեւ ավետարանիչների պատկերները: Չնայած գրքի անսովոր փոքր չափերին` նկարիչը կարողացել է կանոնական ամբողջականությամբ վերարտադրել տերունական պատկերները: «Համբարձում» մանրանկարում նա ներդաշնակորեն տեղավորել է մարդկային 17, «Մուտք Երուսաղեմ» տեսարանում` 18 ֆիգուր, արտահայտիչ ներշնչված դիմագծերով:

Մոմիկը դիմանկարային արվեստի ամենամեծ վարպետներից է հայ մանրանկարչության մեջ: Մոմիկի ստեղծած պատկերները կոթողային են, կերպարները` զգացմունքային: Նրա մանրանկարներին` հատկապես դիմանկարներին եւ մարդկային ֆիգուրներին բնորոշ է դրամատիզմը, նրանք բնավ էլ չեն կորչում ծանր ու մուգ գույնի ճարտարապետական խորքով ֆոնի վրա, այլ ընդգծվում են չափազանց իրական միջավայրով:

Գունաշարում ոսկու ներդաշնակ օգտագործումը պատշաճ շքեղություն է հաղորդում տեսարաններին: Մոմիկը երբեք չի կրկնում իրեն. ամեն անգամ տեսնում ենք մի նոր տարբերակ Աստվածամոր կերպարի պատկերման մեջ տարբեր ձեռագրերում: Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդած ավետարանում Աստվածամայրը երիտասարդ մի կին է` արտահայտված խոր աչքերով, նուրբ դիմագծերով եւ հեզաճկուն կեցվածքով:

Ավետարանի տարբեր հիշատակարաններում պատմվում է ձեռագրի հետագա ոդիսականը.1406 թվականին ձեռագիրը ոմն գրիչ վերականգնել եւ վաճառել է, այն ձեռքից ձեռք է անցել, իսկ 1676 թվականին վերստին վաճառվելիս նրա համար վճարվել է շատ մեծ գին` 1 կով, 1 ցուլ, 1 գոմեշ ու 1 կարպետ:

Կենսագրական հետաքրքրական տեղեկություն է պահպանվել 1331 թվականի հիշատակարանում, ուր Մոմիկը ասում է տեսողությունը կորցնելու եւ «զկնի սակաւ ամաց» Աստծո եւ իր հավատի շնորհիվ` «յուսովն որ առ Յիսուս» այն վերստանալու մասին: Տեսողությունը կորցնելուց եւ որոշ ժամանակ անց վերակնգնելուց հետո, սակայն, Մոմիկն այլեւս մանրանկարչությամբ չի զբաղվել:

ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆՍՑԻ

1318 թվականի Ավետարան

Հայտնի է, որ Թորոս Տարոնացին Մուշ քաղաքից է, որի համար նրան երբեմն Մշեցի են անվանել։ Նրա ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ ծնվել է քահանայի ընտանիքում: Սովորել է գլաձոր, Եսայի Նչեցու մոտ։ Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձեռագրերը, որոնցից 9-ը պահվում է Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307 թվական, Վենետիկի Ս. Ղազար վանք, ձեռագիր 1917 թվական), որը ուսումնասիրել է Ս. Տեր-Ներսեսյանը։ Գործունեությունը մոտ 40 տարի է տևել։ Վերջին անգամ անունը հանդիպում է 1346 թվականին, նրա ծաղկած ժողովածուում։ Տարոնացու լավագույն ստեղծագործություններից են 1318 թվականի Ավետարանի նկարազարդումները, որոնք իրենցից ներկայացնում են 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ։

Լուսանցքազարդերը մեծ մասամբ կազմված են բուսական մոտիվներից։ Գլխագրերը բազմազան են։ Թերթերի կոմպոզիցիոն կառույցը մոնումենտալ տպավորություն է թողնում։ Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկուսը՝ սիմետրիկ։

Բյուզանդական մանրանկարչության սկզբունքների որոշ առկայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում Թորոս Տարոնացու արվեստում։ Նկատելի է ժողովրդական արվեստի հնարքների օգտագործումը։ Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկարով։ Թորոս Տարոնացին առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (ներմուծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտածող Եսայի Նչեցուն:

1318 թվականի Ավետարանի կերպարների հագուստները, մշակված ձևերը, գոթական տարրերը խոսում են այն մասին, որ հայկական մանրանկարչությունը շատ տարրեր փոխ է առել այլ երկրների մշակույթից: Չնայած այս հանգամանքին` ինչպես Տարոնացու, այնպես էլ ամբողջ հայկական մանրանկարչության մեջ այս ձեռագիրը մնում է եզակին իր օրինակի մեջ:

Գլաձորի դպրոցում յուրօրինակ կերպով միահյուսվում են Կիլիկյան Հայաստանի և Մեծ Հայքի դպրոցների ձեռքբերումները: Այստեղ պահպանվում են նաև հեթանոսական արվեստի տարրեր: Օրինակ` կենաց ծառի պատկերումը, որը հանդիպում է Թորոս Տարոնացու մոտ: Յուրահատուկ է նրա գունային կոլորիտը, որն արտահայտվում է բաց կապույտ, կարմիր, երբեմն նաև ոսկեգույն երանգներով: Նկարների համար հաճախ որպես ֆոն ընտրվել է կանաչ գույնը: Տարոնացու մոտ խորաններում ու մարգինալներում տեսնում ենք օձերի և վիշապների, որոնք կռվում են իրար դեմ ու սպանվում սրբազան զինվորի կողմից: Ինչպես 1318, այնպես էլ 1323 թվականի ավետարանում զգացվում է Թորոս Տարոնացու յուրահատուկ ոճը:

1323 թվականի Ավետարան. Nº 6289

Ավետարանը նկարազարդված է շատ շքեղ: Մասնավորապես շլացուցիչ են խորանները, որոնք փայլում են ոսկուց: Նրանց բուսական զարդերի մեջ պատկերված են տարբեր էակներ` սբ. Գևորդը վիշապին սպանելիս, դարանակալ արծիվը, որ կաքավի է հետևում, հրեշտակը դևին կուրացնելիս, թութակներ, ջայլամներ, կոկորդիլոսներ, բուեր և այլն:

1323 թվականի Ավետարան. Հովհաննու Ավետարանի անվանաթերթը  

Իրենց բովանդակությամբ և հրաշալի ձևավորումով նվազ հետաքրքիր չեն նաև անվանաթերթերը: հովհաննու ավետարանի անվանաթերթի վերին մասի կենտրոնում նստած է Աստվածամայրը` մանկանը կերակրելիս, այսպես կոչված ստնտու Աստվածամայրը, որին հսկում են երկու հրեշտակներ: Քիչ ներքևում դալար շյուղերի մեջ պատկերված է մի մայր եղջերու, իսկ նրա ձագերի կողքին հայր եղջերուն է , որն իր ներկայությամբ կարծես հիշեցնում է, որ Քրիստոսը երկրային հայր չի ունեցել:

Մեծ գլխատառը, որ բաղկացած է չորս ավետարանիչների խորհրդանշաններից, ավարտվում է ավետարանական իմաստության պսակով` պատանի Քրիստոսը նստած վիճակում, ճիշտ այնպես, ինչպես սովորաբար նրան պատկերում են տաճարում ուսանելիս: Կողքի զարդանկարն ավարտվում է արծիվով` Հովհան ավետարանչի խորհրդանշանով: Այստեղ ամեն ինչ առնչվում է իրար` հիմնականում դոգմատիկ նպատակներ հետապնդելով:

Շատ շքեղ են բաժանազարդերը: Նրանց մեծ մասն առասպելական թռչուններ են, երբամն գլխարկով, որոնք պալեոլոգյան տարազներ են հիշեցնում: Նկատելիորեն թույլ են Տարոնացու թեմատիկ մանրանկարները: Թվում է, թե դրանք կատարված են որպես պարտականություն, չոր են և տաղտկալի տպավորություն են գործում, իսկ բովանդակությանը չհամապատասխանող պայծառ և բազմերանգ գունաշարը ավելի է ուժեղացնում այդ տպավորությունը:

1323 թվականի Ավետարան. Հովհաննես Ավետարանիչը Պրոխորի հետ  

Սյունիքի մանրանկարչական դպրոցը, իրավամբ, իր ուրույն տեղն ունի հայ մանրանկարչության պատմության մեջ: Հանձինս Մոմիկի և Թորոս Տարոնացու` հայ ձեռագրերի արվեստն ունի տաղանդավոր ու բազմակողմանի զարգացած ստեղծագործողներ, որոնք իրենց մի մասնիկն են թողել ինչպես Ավետարանների էջերում, այնպես էլ խաչքարներում, քանդակներում, անգամ որոշ եկեղեցիներում:

Տաթևի մանրանկարչական դպրոց

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

Տաթևի վանքը XIII-XIV դարերում ը դրանից հետո էլ չի կորցնում իր մշակութային նշանակությունը և մնումէ գիտական ու կրթական օջախներից մեկը: Հռչակավոր այդ վանքում ղեկավար դիրք ունեին ականավոր գիտնականները, որոնք այն ժամանակ կատարում էին նաև հասարակական գործչի դեր: Սրանցից էր անվանի փիլիսոփա նոմինալիստ Գրիգոր Տաթևացին, որ միաժամանակ նաև նկարիչ էր:

1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։

Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի հոգևոր կյանքի կենտրոն։ Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։

Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ։ Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։

Նրա ժառանգության մասն են կազմում Արիստոտելի և Դավիթ Անհաղթի գործերի մեկնությունները։ Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները:

1297 թվականի Ավետարան. Nº 7482

XIV դարի վերջում Գրիգոր Տաթևացին նկարազարդել է 1297 թվականին գրված մի Ավետարան: Նրա մանրանկարները շատ չեն, բայց վկայում են նկարչի մեծ ձիրքի մասին: Բացառիկ ինքնատիպ գունաշարը, որ հենվում է մուգ շագանակագույն ու կապույը երանգների և վառ կարմիրի ու դեղինի խաղի վրա, որոշ չափով հիշեցնում է 1232 թվականի Թարգմանչաց Ավետարանը: հորինվածքը աչքի է ընկնում մոնումենտալությամբ և ինչ-որ վեհ համաչափությամբ ու խորությամբ:

1297 թվականի Ավետարան. ծաղկող` Գրիգոր Տաթևացի  

Զարդանկարչական մանրուքները (Ավետման տեսարանում` ցածրիկ պատի քարերը, Ծննդյան տեսարանում` մսուրի վրայի փորագրությունները) ընդծում են վարպետի ձգտումը պատկերելու մոնումենտալ բնույթի իրական երևույթներ: Գույներն ընտրված են բարձր ճաշակով: Ուշագրավ են նաև մարդկանց դեմքերը, որոնք պատկերված են շատ նուրբ գծերով և որոնց կենդանություն է տրված այտերի բնական կարմրությամբ:

Իհարկե, այս ձեռագիրը չի կարելի համարել Տաթրի նկարչական դպրոցի առաջին աշխատանքը, քանի որ այնտեղ վաղուց գոյություն են ունեցել ինչպես գրչատուն, այնպես էլ նկարչական արհեստանոց: Վերջինիս ավանդները արտացոլված են Գրիգոր Տաթևացու գեղանկարչության մեջ և այդպիսով որոշ չափով բնորոշ են Տաթևի դպրոցին:

XIV-XV դարերի Ավետարան. Nº 6305

Տաթևի դպրոցում ստեղծված այս ձեռագրի մանրանկարները ստույգ թվական չունեն, բայց, ելնելով այն իրողությունից, որ նրա մեջ նկատվում են նախորդ շրջանի ձեռագրի գեղարվեստական մի քանի եղանակների հետագա զարգացման հատկանիշներ: Այն պետք է վերագրել XIV դարի վերջին կամ XV դարի սկզբին: Ծաղկողի անունը Գրիգոր է:

XIV-XV դարերի Ավետարան. Բարի ավետում. ծաղկող` Գրիգոր  

Բազմաթիվ մանրանկարների մեջ, պահպանելով հորինվածքի մոնումենտալությունը, նկարիչը ֆոնը և որոշ մանրամասնություններ լցնում է դաջած կտորների նախշեև հիշեցնող նրբին զարդերով, որով և նկարի ամբողջ մակերեսը ալեծուփ զարդանկարի է նմանվում, որի ձևերն ու գույները երբեմն համապատասխանում են մանրանկարի բովանդակությանը: Այս առումով առանձնապես հատկանշական է Ավետման մանրանկարը, որի մեջ Գաբրիել հրեշտակապետն ու Աստվածամայրը վեհաշուք դիրքով տեղավորված են ամպանման վարդագույն ֆոնի վրա, որից այնքան գեղեցիկ կերպով առանձնանում է հասուն պտուղներ ունեցող նռնենին: Հատկապես արտահայտիչ են զարմացած Մարիամի նրբագեղ կերպարանքը և հրեշտակապետի սրընթաց շարժումը:

Մյուս մանրանկարների մեջ ևս ուշադրություն են գրավում շարժումների կենդանությունը և, հատկապես, դեմքերի արտահայտչականությունը` խոշոր շարժուն աչքերով, նուրբ դիմագծերով և կարմիր այտերով: Քարի վրա քանդակված ժանյականման եզրազարդերը գոտևորում են ճարտարապետական մասերը: Գործվածքները զարդարված են ծաղկավոր վանդակաձև զարդանկարներով: Առանձնապես ուշագրավ է անվանաթերթի լուսանցազարդը: Դա գրեթե ամբողջովին իրական ծաղիկներից կազմված մի վիթխարի ծաղկեփունջ է` դրված շքեղ ծաղկամանի մեջ: Թեև մի քանի տարբեր երանգներից կազմված գունաշարը ամբողջությամբ տարբերվում է Գրիգոր Տաթևացու կիրառածից, բայց նրանց գեղանկարչական հակադրությունը արտահայտված է շատ որոշակի: Շատ մոտ է նար դեմքերի պատկերման եղանակը մուգ ու կարմիր գույներով, այտերին բնորոշ կարմրությամբ:

XIV-XV դարերի Ավետարան. Մատթեոսի Ավետարանի անվանաթերթը  

Նկարների հարթությունները զարդանկարներով լցնելու եղանակով նկարիչ Գրիգորը Տաթևացու ոճի անմիջական շարունակողն է: Նկարագրվող ձեռագրի տաղանդավոր նկարիչը, անշուշտ, գեղարվեստական կրթություն է ստացել, բայց նրա ստեղծագործության մի քանի գծերը` մոնումենտալիզմը, բովանդակության ներքին, հուզական կողմն արտահայտելու անմիջականությունը, զարդարվեստի ոճավորումը դեռևս նրան կապում են գրքային գեղանկարչության ժողովրդական հոսանքների հետ, ճիշտ այնպես, ինչպես կապում էին և իր նշանավոր նախորդին և, ըստ երևույթին, նաև ադպրոցը, մի բան, որ չի կարելի ասել Գլաձորի դպրոցի մասին:

Աղբյուրը՝ deesim.blogspot.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո