ՈՄԱՆՔ ՆՐԱՆ ԱՍՏՎԱԾԱՑՆՈՒՄ ԵՆ, ՄՅՈՒՍՆԵՐՆ ԷԼ` ԱՏՈՒՄ. ՕՐԻԱՆԱ ՖԱԼԼԱՉԻ
«Նույնիսկ եթե այս մոլորակի վրա բոլորը տարբեր կերպ մտածեն, ես կմտածեմ այնպես, ինչպես մտածում եմ»:
Նա առաջինն էր, ով բացահայտորեն և առանց գրաքննության բարձրաձայն խոսեց Եվրոպային մոտեցող վտանգների մասին ՝ Արևելքից, մասնավորապես իսլամական երկրներից արտագաղթի ընդարձակման տեսքով: Նա դասախոսել է Իտալիայի և Ամերիկայի բազմաթիվ համալսարաններում, այդ թվում ՝ Հարվարդում, Չիկագոյում, Յեյլում: Նրա գրքերը, հոդվածները և հարցազրույցները թարգմանվել են 26 լեզուներով:
Ոմանց համար նրա տեսակետները խիստ էին և վիրավորական, ոմանց համար՝ արդար և ամոքիչ: Բայց հենց նա կարողացավ հասարակության մեջ մեծ արձագանք ստանալ Եվրոպային սպառնացող քաղաքակրթական վտանգի թեմայի շուրջ և համաշխարհային հռչակ ձեռք բերել: Նա «դաժան և չխնայող» հարցազրույցներ է ունեցել աշխարհի այնպիսի մեծանուն գործիչների հետ, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին, Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրը, Իրանի առաջնորդ Այաթոլլա Խոմեյնին և Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին:
Նա իր կյանքը նվիրեց ֆաշիզմի և ամբողջատիրության բոլոր ձևերի, իսկ տարիներ անց ՝ իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարին, որում տեսնում էր նույն ֆաշիզմի դրսևորումները:
Այս հակասական, վառ լրագրողը իտալացի Օրիանա Ֆալլաչին է: Նա ծնվել է 1929 թ. Իտալիայում` Ֆլորենցիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին` 14 տարեկան հասակում, երբ նրա երկիրը գտնվում էր նացիստների տիրապետության տակ, նա իր հոր հետ միանում է Մուսոլինիի ռեժիմի դեմ դիմադրություն ցույց տվող ստորգետնյա շարժմանը:
Նրա աչքի առաջ նացիստները խոշտանգում էին հորը, աշխարհի թեժ կետեր գործուղումների ժամանակ նրա կյանքը մեկ անգամ չէ, որ վտանգի տակ էր դրվում, մինչև անգամ այն պահը, երբ նրան ծանր վիրավորված և արնաշաղախ նետում են դիակների մի կույտի մեջ` կարծելով, որ մահացել է:
Պատերազմական ժամանակահատվածի մանկությունը նրա մեջ հասունացնում է մարտական ոգին, որն արտահայտվում էր ազնիվ և ուղիղ հայտարարություններով: Նա երբեք չի խոնարհում իր հոգին և չի փորձում որևէ մեկին դուր գալ: Դեռահաս տարիքում Ֆալլաչին իր առջև նպատակ է դնում պայքարել կամայականության և բռնության դեմ: Նրան կարելի էր անվանել ձախ գաղափարախոսության դեմոկրատ:
Լրագրողի իր կարիերան նա սկսել է 16 տարեկանում և այդ պահից սկսած հրատարակվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են «Նյու Յորք Թայմսը», «Վաշինգտոն Փոստը», «Լոս Անջելես Թայմսը», «Կորրիե դելա Սեռան», «Նուվել Օբսերտվատորին» և այլն:
Նրա քաղաքական հայացքների և հետագա լրագրողական գործունեության շրջադարձային պահը դարձավ 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգությունը, որին նա ականատես եղավ: Նա առաջին քաղաքական լրագրողներից էր, ով ոչ միայն կանխատեսել էր ահաբեկչության լիարժեք վտանգը, այլ համարում էր սա իսլամական արմատական ընդարձակման գործիք ամբողջ աշխարհում:
Այդ պահից նա իր կյանքը նվիրեց ահաբեկչության դեմ պայքարին և սկսեց իսլամական դավանանքը համարել սպառնալիք եվրոպական (ներառյալ ամերիկյան) քաղաքակրթությանը:
Նա նշում էր, որ ըստ էության, մուսուլմանների գործունեությունն այսօր Եվրոպայում պարզապես շարունակությունն է այն գործընթացի, որը նրանք սկսել են 7-րդ դարում (իսլամի ծնունդով): Դա արշավանք է, որը միշտ կար, բայց կարճ ժամանակով ընդհատվել էր Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության փլուզումով:
Նրա խիստ դիրքորոշումը նրա համար շահեց միլիոնավոր մարդկանց սերն ու հարգանքը, միևնույն ժամանակ ՝ ձախակողմյան խաղաղապաշտների, գլոբալիստների և Եվրոպայի իսլամացման կողմնակիցների ատելությունը:
Ֆալլաչին ակտիվորեն աջակցում էր Եվրոպայի միավորմանը և իրեն դիրքորոշում էր որպես եվրոպական քաղաքակրթության նվաճումների պաշտպան:
«Երբ ես շատ երիտասարդ էի (...) ես փափագում էի, որ Եվրոպան միավորվի: Հետո ես վերադարձա պատերազմից, որտեղ իտալացիները և ֆրանսիացիները, իտալացիները և բրիտանացիները, իտալացիներն ու հույները, իտալացիներն ու ֆինները, իտալացիներն ու ռուսները, իտալացիներն ու գերմանացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, բրիտանացիները, լեհերը, հոլանդացիները, դանիացիները և ֆինները և ռուսները և այլք անխնա իրար սպանում էին, հիշու՞մ եք: (...) Անիծյալ Երկրորդ համաշխարհային պատերազմ»:
Միևնույն ժամանակ, նա հպարտ էր իր իտալական արմատներով և այս քաղաքակրթության մեջ Իտալիայի ներդրմամբ: Նա խորը զայրույթ և դժգոհություն էր տածում իր երկրի հիմքերը քանդողների նկատմամբ: Նա ասում էր, որ Եվրոպան ծնեց շատ ավելի վտանգավոր գաղափարախոսություն, քան Հիտլերի նացիզմը կամ Մուսոլինիի ֆաշիզմն էին, որի հետևանքները մենք կարող ենք տեսնել այսօրվա գլոբալիզացիայում, երբ սահմանների ջանասիրաբար ջնջումը ծնում է նոր արևմտյան հասարակություն ՝ առանց գենդերային տարբերությունների, առանց կրոնի, առանց ընտանիքի ինստիտուտի և ազգային արմատների ՝ «մի ունայն տարածք», որում ծլում են իսլամական երկրներից գաղթականների արմատները:
Ավելի քան տաս տարի առաջ Ֆալլաչին այս ամենը անվանում էր «քաղաքական անսկզբունքայնություն»: Ի վերջո, այդ ժամանակ չարիքն ակնհայտ էր, բայց այսօր այն թաքնվում է «դատարկաբանության հետևում, որը հավակնում է մարդկայնություն դառնալ»:
«Հավանաբար խնդիրն այն է, որ ես եվրոպացի առաջնորդներից ոչ մեկում չեմ տեսնում Ռիչարդ Առյուծասիրտին», - ասում է նա: «Իտալիան սիրում է իր դրոշը և աջ ձեռքը դնում է իր սրտի վրա ՝ ողջունելով օրհներգը: Սա Իտալիան է, որի մասին ես երազում էի, երբ ես փոքրիկ աղջիկ էի ՝ առանց կարգին կոշիկների: Այս Իտալիան գոյություն ունի, չնայած նրան լռեցնում են, ծաղրում, վիրավորում, բայց այն դեռ կենդանի է ՝ չնայած բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այն գողանալ ինձանից: Անիծյալ լինեն նրանք, ովքեր նման ոտնձգություն են անում: Ովքեր էլ լինեն այդ զավթիչները»:
Նա գրել է չորս գիրք, որոնք նախազգուշացնում են մարդկությանը Եվրոպայի՝ իսլամական խալիֆայության վերափոխման մասին. «Ինշալլահ» (Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասին), «Օրիանա Ֆալլաչին հարցազրույց է վերցնում Օրիանա Ֆալլաչիից», «Ապոկալիպսիս» (նախորդ գրքի վերջաբանը), «Կատաղություն և հպարտություն», «Բանականության ուժը»:
Չնայած այն փաստին, որ նա քրեական հետապնդման էր ենթարկվում իր հայրենիքում իր խիստ հայացքների համար նաև չնշելով այն փաստն անգամ, որ նա կարող էր ցանկալի թիրախ դառնալ հազարավոր ահաբեկիչների համար, այնուամենայնիվ, կյանքի վերջին՝ 2005 թ., նա ստացավ այն, ինչին արժանի էր: Իր աշխատանքի համար նա ճանաչման արժանացավ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի կողմից, ով նրան ոսկե մեդալ շնորհեց մշակույթի ոլորտում կատարած ավանդի համար:
Օրիանան այլևս չէր կարող գալ մեդալների հանձնման արարողությանը, բայց նա նամակ ուղարկեց` գրելով. «Ոսկե մեդալն ինձ շատ հուզեց, քանի որ դա մրցանակ է որպես գրող և լրագրող իմ քրտնաջան աշխատանքի, մեր մշակույթը պաշտպանելու համար պայքարի, իմ երկրի և ազատության հանդեպ իմ սիրո համար... Հանրության հայտնի իմ առողջական վիճակը թույլ չի տալիս գալ և անձամբ ստանալ այդ մրցանակը, որն ինձ համար մի կնոջ համար, ով շատ սովոր չէ մեդալների և մրցանակների, ունի էթիկական և բարոյական մեծ նշանակություն»:
Օրիանա Ֆալլաչին մահացավ 2006 թ. սեպտեմբերի 15-ին երկարատև քաղցկեղից իր հայրենի Ֆլորենցիայում, ինչպես նա էր ցանկանում: Նա անջնջելի հետք թողեց ինչպես իր ժամանակակիցների մտքում, այնպես էլ այսօր այդ մարդկանց սրտերում, ովքեր նրան տեսնում են որպես մարգարե: Այդպիսին են տաղանդավոր լրագրողներն և գրողները՝ համաշխարհային սպառնալիքների կանխատեսողները:
Օրիանա Ֆալլաչին հիվանդանոցում
Մնում է հուսալ, որ իրավիճակը Եվրոպայում և 2021 թ. արևելքում քրիստոնյաների հետապնդումները կստիպեն, որ շատ մարդիկ մտածեն եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության վերածնունդը խթանելու, այլ ոչ թե այլասերելու մասին: Եվրոպայի անկումը անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն դրանում բնակվող բնիկ ժողովուրդների, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի քրիստոնեական երկրների վրա:
Մեկնաբանություններ