Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Սերգեյ Մելքոնյանը հրեաների ու Իսրայելի մասին. միֆեր և իրականություն

Սերգեյ Մելքոնյանը հրեաների ու Իսրայելի մասին. միֆեր և իրականություն

Հարցազրույց Ռուստատանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի ուսումնասիրությամբ զբաղվող բաժնի պրոֆեսոր, ARDI Lab Մերձավոր Արևելքի հետազոտությունների ղեկավար, Ռուսաստանի Խորհրդի միջազգային հարցերով փորձագետ Սերգեյ Մելքոնյանի հետ: 

Ինչպես հայերին ու հրեաներին, այնպես էլ Հայաստանն ու Իսրայելը հաճախ համեմատում են իրար հետ, ինչն իհարկե, պատահական չէ. երկու ազգերն էլ անցել են ցեղասպանության միջով, ունեն ողջ աշխարհով մեկ սփռված համայնքներ ու երկար պատմություն: Այսօր շատ հաճախ խոսվում է սձփյուռքի հայերի ձուլման մասին, ուստի առաջին հարցս հետևյալն է. ինչպե՞ս են հրեաները երկու հազար տարի շարունակ դիմակայել ձուլմանը: 

Ս.Մ. - Դա պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջին գործոնը աշխարհագրությունն է. հրեաներն ապրել են ԱՄՆ-ի, Եվրոպայի՝ Մերձբալթյան երկրներ, Լեհաստան, Գերմանիա, Իսպանիա,  և Մերձավոր Արևելքի միայն մի քանի շրջաններում, այսինքն, նրանք կազմել են համայնքներ: Բացի այդ, նրանք ունեցել են նմանատիպ զբաղվածություն, ինչը նույնպես խթանել է նրանց համախմբմանը: Երկրորդ գործոնը մշակույթն ու կրոնն են, ինչով նրանք տարբերվել են տեղացիներից և ինչը նրանց հետ է պահել խառը ամուսնություններից: 

Ի տարբերություն հրեաների, հայերը՝ որպես քրիստոնյա ազգ, ինչ-որ հատուկ ձևով չեն  առանձնացել Եվրոպայի տեղացի բնակչությունից, մասնակցել են դրա մշակութային ու կրթական կյանքում ու երբեք չեն ունեցել աշխատանքի տեղավորման խնդիր: Մինչդեռ հրեաներն ասես օտարներ լինեին: Երբ մարդիկ իմանում էին, որ դու հրեական արմատներ ունես, այլ կերպ էին քեզ վերաբերվում, ինչն իր հերթին ազդում էր հրեաների ինքնագիտակցության վրա: 

Իրականում, այն տարածված կարծիքը, թե հրեաները փրկվել են ձուլումից, այնքան էլ մոտ չէ իրականությանը, և ձուլման գործընթացներն այսօր էլ ընթանում են բավականին արագ տեմպերով: Հայրենադարձության մասին օրենքի համաձայն հայրենիք վերադարձող հրեաների մեծ մասն իրականում հրեաներ են մեկ քառորդ չափով: Լինում է, օրինակ, որ զուտ իրենց տատիկի հրեա լինելու հիման վրա նրանք քաղաքացիություն են ստանում: Ըստ Հալախայի (հրեական իրավունք, հուդայականության օրենքների ու ավանդույթների հավաքածու) հրեա ես, եթե մորական տատիկդ հրեա է, ու նրա երեխաներից մեկը նույնպես հրեա է:  Սա վերջնակետն է. եթե հրեա է քո ապուտատը, դու արդեն հրեա չես համարվում:  

Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նրանց համար ինքնագիտակցության հարցն առաջնային է եղել: Հայրենադարձության հնարավորություն է ստեղծվել, ու շատերն ուղղակի օգտվել են այդ հնարավորությունից: Չէի ասի, որ նրանք ապրել են, առաջնորդվելով հրեական ավանդույթներով, ու հետ են գալիս, որովհետև կապվածություն են զգում Իսրայելի հանդեպ: Պատճառն ավելի շատ այն է, որ պետությունն առաջարկում է հայրենադարձների համար լավ պայմաններ: 

Ի՞նչն է ժամանակին ոգեշնչել մարդկանց Իսրայել տեղափոխվեու համար: 

Ս.Մ. - Հրեական միգրացիան անցել է մի քանի փուլերով, ու բոլոր այդ փուլերն իրարից տարբեր են եղել: Սակայն, դրանցից մի քանիսը կարելի է առանձնացնել: 

Առաջին երկու փուլերն անմիջական կապ են ունեցել ջարդերի հետ: Ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար հրեա բնակչությանը մնում էր ոչ այլ ինչ, քան վերադառնալ պատմական հայրենիք: Չնայած այնտեղ էլ  չկային ձևավորված այնպիսի մեխանիզմներ, որոնք հրեաներին լիարժեք անվտանգություն կտային, նրանց հանդեպ վերաբերմունքն ավելի մեղմ էր, քան Ռուսական կայսրությունում: Այնուհետև, սիոնիզմի գաղափարի տարածումով, Բրիտանական մանդատի հաստատումով և Բալֆուրի հռչակագրի ընդունմամբ շատերը ոգեշնչվում են պատմական հայրենիքում համախմբվելու գաղափարով ու այնտեղ տեղափոխվելու մասին որոշում են կայացնում: Այս ամենը կատարվել է հակասեմիտության շարունակական աճի ֆոնին, հատկապես Գերմանիայում՝ նացիստների իշխանության գլուխ կանգնելուց հետո, ինչն ավելի է հրահրում հրեաներին մտածել իրենց անվտանգության մասին ու հարմար ու անվտանգ ապաստան գտնել: 

 Գաղթականների երեխաներ, Իսրայել, 1950-ականներ / myjewishlearning.com

Միգրացիայի հաջորդ փուլերն անցել են Իսրայելի պետության ստեղծումից հետո, ինչը երաշխավորելու էր բոլոր հրեաների անվտանգությունը: Բացի այդ, շարունակական արաբ-իսրայելյան պատերազմը նույնպես խթանում է հրեաների հայրենադարձությանը, քանի որ նրանք ձգտում էին վերադառնալ ու պաշտպանել այն նոր պետությունը, որի ստեղծմանը սպասել էին դարեր շարունակ: 

Պատճառներն, իրոք, շատ են, ու նրանց միջև փոխհարաբերությունը տարբերվում է պատմական շրջանից ելնելով: Առաջին հերթին եղել է ֆիզիկական բնաջնում և հակասեմիտականություն: Երկրորդը՝ հայրենասիրություն, որի հիմքում սիոնիստական գաղափարներ են: Հաջորդիվ, հրեական պետությունը ձեռնամուխ է եղել հայրենադարձության կազմակերպմանը, ինչը, պետականության ստեղծումից վեր մի քանի տարի շարունակ եղել է երկրի քաղաքական առաջնային ուղղություններից մեկը: 

 Երիտասարդները նշում են Իսրայելի Անկախության օրը, 2007 թ. / myjewishlearning.com

Ինչպե՞ս է տեղի ունեցել փաստացի մեռած լեզվի՝ եբրայերենի վերածնունդն ու դրա խոսակցական դառնալու գործընթացը: Մե՞ծ է արդյոք եբրայերենով խոսող հրեաների թիվն այսօր: 

Ս.Մ. - Չի կարելի եբրայերենն անվանել մեռած լեզու: Մոլորակի տարբեր հատվածներում եբրայերենով նյութեր են հրապաարակվել, որոնք ունեցել են իրենց լսարանը: Եբրայերենի վերածնունդն ու տարածումը կապված է Էլիեզեր Բեն-Եհուդայի անվան հետ: Լեզվի կիրառումը, կարելի է ասել, արվել է ուժի գործադրմամբ: Որոշում է կայացվել, որ արտերկրի հրեաներն իրար հետ կարող են շփվել միայն եբրայերեն: Եբրայերենը զարգացնելու համար Իսրայելում ստեղծվել է հատուկ հաստատություն, որը մինչ օրս զբաղվում է բառերին եբրայերեն հնչեղություն ու իմաստ հաղորդելու գործով: Մշակված բառերից շատերը չի ստացվել գործածության մեջ դնել, ուստի դրանք դուրս են մնացել խոսակցական լեզվից: 

Էլիեզեր Բեն-Եհուդա՝ «ժամանակակից եբրայերենի հայրը», ամբողջ կյանքը նվիրել է եբրայերենի վերստեղծմանը որպես խոսակցական լեզու, նրա զարգացմանը և հարստացմանը /  israelalbum.org

Այսօր Իսրայելի բնակչության մեծամասնությունը խոսում է եբրայերեն, քանի որ պետության որդեգրած քաղաքական ուղենիշը պարտադրում է ուսումնասիրել լեզուն ու փաստաթղթերը վարել միայն այդ լեզվով: Նոր հայրենադարձներից ոմանք չեն տիրապետում լեզվին, բայց նրանց զգալի մասը վերապատրաստվում է այն երկրում, որտեղ ապրում է: 

22,072 քառակուսի կմ մակերես ունեցող Իսրայելում այսօր բնակվում է 9 միլիոն մարդ: Համեմատության համար, Հայաստանում ու Արցախում (41,201 քառ.կմ մակերեսով) երեք անգամ պակաս բնակչություն է ապրում:  Ի՞նչն այն չէ մեզ մոտ: 

Ս.Մ. - Ձեր ասածին կավելացնեմ այն, որ Իսրայելի տարածքի մեծ մասը անապատ է ու պիտանի չէ բնակության համար, ի տարբերություն մերձծովյան հատվածին: Չնայած, մերձծովյան հատվածի քաղաքներն ու համայքները նույնպես մեծ չեն: Բացի այդ, Իսրայելի հարավն անընդհատ ենթարկվում է ռմբակոծման Գազայի կողմից, բայց դա միևնույնն է չի ստիպում սահմանամերձ շրջանների բնակիչներին լքել իրենց տները: 

Հայրենադարձության քաղաքականության իրականացման ժամանակակից փուլում, որի հիմքում պետությունը զարգացնելու համար անհրաժեշտ է հայրենիք վերադառնալ գաղափարն է, չափազանց երկար ժամանակ է հարկավոր, որը, ցավոք, Հայաստանը չունի: Իմ կարծիքով, այս պահին առաջնահերթ հարկավոր է որքան հնարավոր է նվազեցնել  արտագաղթի տեմպերը՝ երկրում կյանքի ու զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով: Հենվելով դրա վրա միայն հնարավոր է մշակել հայրենադարձության ռազմավարություն: 

Միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա կյանքի ու աշխատանքի ավելի լավ պայմաններ առաջարկել, քան այն երկրում է, որտեղ բնակվում ես, մարդը կկարողանա թողնել իր հարմարավետությունն ու տեղափոխվել հայրենիք: Հակառակ դեպքում, սոցիալական բարձր դիրք ու բարեկեցիկ կյանք վարող հայերի մեծ մասը կարիք չունի հայրենիք վերադառնալու, միայն եթե նրանց ու նրանց ընտանիքին վտանգ չի սպառնում, ինչպես դա եղել է հրեաներից շատերի դեպքում: 

Ինչպիսի՞ ազգակրոնական խմբերի է բաժանված Իսրայելի բնակչությունն այսօր: Ինչպիսի՞ն են նրանց միջև փոխհարաբերությունները: 

Ս.Մ. - Այսօր, Իսրայելի բնակչության գերակշիռ մասը կազմում են բնիկ հրեաները, որոնք ծնվել են այդ երկրում: Հայրենադարձների մեծ մասը եկել են նախկին ԽՍՀՄ երկրներից: Տարբեր պատմական շրջաններում հրեաներ են եկել Եվրոպայից, Մերձավոր Արևելքի երկրներից, Աֆրիկայից (հիմնականում Ֆալաշները, Եթովպիական համայնք), Լատինական Ամերիկայից և Ասիայից: Սակայն, չի կարելի մոռանալ այն փաստը, որ Իսրայելի քաղաքացիների 1.5 միլիոնից ավելին արաբներ են: Կան նաև ազգակրոնական փոքրամասնություններ, որոնց շարքին պատկանում են չերկեսները, դրուզները և բեդուինները: 

Ֆալաշներ՝ Եթովպիական համայնք, որն իրեն համարում է Սողոմոնի և Շեբայի թագուհու ժառանգ / 

Ինչ վերաբերում է նրանց միջև փոխհարաբերություններին, որպես կանոն, լուրջ կոնֆլիկտներ ու քննարակումներ շատ հազվադեպ են լինում հասարակությունում: Վերջերս եղած դեպքերից կարող եմ նշել եթովպացի տղայի պատմությունը, որին ոստիկանն անզգուշորեն սպանել էր: Արդյունքում, եթովպացի հրեաները սկսում են փակել գլխավոր ճանապարհներն ի նշան բողոքի ու խաթարում երթևեկությունը մի քանի օր շարունակ: Բեդուինների հետ կապված խնդիրներ են առաջանում ամեն անգամ, երբ տեղի իշխանությունները սկսում են քանդել ոչ օրինական շինությունները: Բանն այն է, որ գերազանցապես անապատներում ապրող բեդուինների շինությունները ոչ պաշտոնական են և անօրինական: Սա իր հերթին բերում է այդ շրջանում հանցագործությունների թվի աճին, քանի որ կլանների միջև կոնֆլիկտները պատահում են բավականին հաճախ: 

Իսրայելը որպես պետություն ձևավորվել է 1945 թ. անապատային մի հողակտորի վրա ու մինչ օրս շրջապատված է պետություններով, որոնք երազում են դրա ոչնչացման մասին: Ինչպե՞ս է այդ պայմաններում պետությանը հաջողվել հասնել նման բարձունքների այնպիսի լուրջ ու կարևոր ոլորտներում, ինչպիսին են բժշկությունն ու անվտանգության ոլորտը: 

Ս.Մ. - Ձեր հարցի պատասխանն արդեն իսկ կա հարցի մեջ: Հավանաբար, այն, որ Իսրայելը ստեղծման իսկ օրից գտնվել է մշտական քաղաքական, դիվանագիտական ու ռազմական ճնշման ներքո, անհրաժեշտություն է առաջացրել արագ տեմպերով զարգացնելու տնտեսության առանցքային ճյուղերը՝ գյուղատնտեսությունն ու բարձր տեխնոլոգիաները: Վերջինի զարգացումով է պայմանավորված ինչպես բժշկության, այնպես էլ ռազմատեխնիկական առաջընթացը: Չնայած, պետք է նաև չմոռանալ, որ զարգացման նախնական փուլում Իսրայելը շատ հարցերում ունեցել է ԱՄՆ-ի աջակցությունը:  Ինչ վերաբերում է բժշկության զարգացմանը, հարկ է առանձին ուշադրություն դարձնել նախկին ԽՍՀՄ երկրներից, ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանած բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետներին, որոնք զգալի ազդեցություն են ունեցել այդ ակնթարթային աճի վրա: Բացի այդ, պետությունն առաջնայնություն է տվել այդ ոլորտներին, ինչը բերել թ դրանց առաջընթացին: 

Հարցազրույցը վարեց Էլեոնորա Սարգսյանը 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո