«Սեհերը»՝ Թուրքական ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահետտին Դեմիրթաշի պատմվածքը
«Սեհերը» ոչ ծավալուն պատմվածք է, գրված քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր, էթնիկական ծագումով զազա (իրանական ժողովուրդ) Սելահետտին Դեմիրթաշի կողմից: Նա դեմոկրատական Թուրքիա կառուցելու և հավասար իրավունքների ու ազատությունների ջաթագովներից մեկն է: 2016 թ. նոյեմբերին Դեմիրթաշին ձերբակալել են Քրդական Բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով: 2017թ. փետրվարին, նրան մեղավոր են ճանաչում «թուրքական ազգին վարկաբեկելու» մեջ ու դատապարտում հինգ ամիս ազատազրկման, ինչը, սակայն, չի խանգարում, որ սույն տարվա մայիսի 13-ին հաստատվի նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում:
Հատկանշական է այն, որ Դիարբեքիրի այն բանտի ղեկավարությունը, որտեղ Դեմիրթաշը կրել է պատիժը, արգելել է նրա գրքի հրատարակումը, հիմք ընդունելով այն, որ գիրքը իբր թե պարունակում է «կոդավորված նամակներ»:
Սեհերը տարավ երեխաներին քնելու, նրանց ձեռքերին հնայով նախշեր նկարեց, հագավ հին գուլպաները ձեռնոցների փոխարեն, իսկ հետո Պինարն ու Քադերը գնացին քնելու: Միայն դրանից հետո Սեհերը գնաց քնելու քույրերի հետ միասին: Ուրախությունից ոչ ոք չէր կարողանում քնել, քանի որ վաղն իրենց տոնական առավոտ էր սպասում: Պինարն անդադար մտածում էր իր նոր զգեստի մասին: Առաջին անգամ էին նրան նոր հագուստ գնել: Մինչ այդ ստիպված էր կրել Քադերի հին շորերը: Քադերին, տոնի նախաշեմին նոր կոշիկներ էին գնել: Դա էր պատճառը, որ երկուսն էլ տոնական տրամադրություն ունեին: Մինչև կեսգիշեր վերմակի տակ պահ մտած ծիծաղում էին ու ծիծաղում: Նրանց համար միևնույնն էր, թե ինչ կմտածեր ավագ քույրը: Շատ լավ գիտեին, որ մեծ քույրն իրենց շատ է սիրում ու երկար չի մնա բարկացած: Վերջում գրկախառնվեցին ու քնեցին:
Սեհերը, սակայն շատ մտահոգ էր: Մի քանի օր առաջ համաձայնել էր հանդիպել մեկի հետ: Հայրի անունով տղայի հետ միասին նրանք աշխատում էին սրահում: Նախորդ օրը երկուսն էլ մնացել էին այնտեղ ավելի շատ, քան սովորաբար մնում էին: Երբ դուրս էին գալիս սրահից, Հայրին առաջարկում է նրան հանդիպել: Երկար ժամանակ էր արդեն, որ նրանք զգուշավոր հայացքներով էին փոխանակվում, ինչը դարձել էր բամբասանքի առարկա աշխատանքի վայրում: Նմանատիպ բաներն աննկատ չեն մնում մարդկանցից: Սեհերը մտածում էր, որ իր ամուսնանալու ժամանակն է արդեն: Նա 22 տարեկան էր և երբեմն վախենում էր, որ տանն է մնալու: Նրա հասակակիցները դեռ 18 տարեկանում էին ամուսնացել ու արդեն երեխաներ ունեին: Մի քանի անգամ նրան առաջարկել են ամուսնանալ, բայց չի համաձայնել: Նա միայն Հայրիին էր համակրում: Հայրին բարձրահասակ էր, գանգրահեր ու հաստ շուրթերով: Կարելի է ասել, որ նա գեղեցիկ էր: Ութ ամիս է, ինչ աշխատում էին միասին, բայց Հայրին չորս տարի է, ինչ աշխատում էր այդտեղ:
Առավոտյան բոլորի մոտ թեթև անհանգստության զգացում կար: Սեհերի հայրը ՝ Գանին, եղբայրների հետ գնացել էր նամազ անելու: Պինարն ու Քադերը լվացնում էին ձեռքերի վրա չորացած հինան: Այդ տոնական առավոտը նրանք զվարթ էին ու կենսուրախ: Սեհերը սկզբում մաքրեց իր ձեռքերի նկարը, հետո օգնեց քույրերին: Նրանց նուրբ ձեռքերն այնպես էին կարմրել, ասես նուռ լինեին: Հետո Սեհերը համբուրեց քույրերի փոքրիկ ձեռքերը:
Սուլթան մայրիկը խոհանոցում էր: Մինչև տղամարդկանց գալը նախաճաշը պետք է պատրաստ լիներ: Սեհերը գնաց խոհանոց՝ մորն օգնելու, իսկ փոքրիկ չարաճճիները վազեցին սենյակ՝ տոնական շորերը հագնելու: Տոնական սեղանի համար սենյակը դատարկել էին, իսկ իրերը տեղափոխել ուրիշ սենյակ: Բացառությամբ նման տոնական նախաճաշերի, ընտանիքը դեռ երբեք չէր հավաքվել միասին:
Մզկիթից վերադառնալուն պես, տղամարդիկ շնորհավորում են բոլորի տոնը: Բոլորը, բացի մորից, ինչպես որ կարգն է համբուրում են հոր ձեռքը: Հայրը գրկում ու համբուրում է Պինարին ու Քադերին, իսկ երեխաները համբուրում են մոր ձեռքն ու պինդ գրկում նրան: Քույրերը նույնպես փոխանակվում են համբույրներով ու գրկում միմյանց: Սեհերը գրկում ու համբուրում է փոքր եղբորը՝ Էնգինին, դրամապանակից հանում որոշ գումար ու շնորհավորում եղբոր տոնը: Էնգինը հատկապես թանկ էր Սեհերի համար: Հաճելի զրույցի բռնվելով, ընտանիքը սկսում է նախաճաշը:
Մինչև ճաշն ընտանիքն այցելում է մի քանի հարևանների, ինչից հետո տղամարդիկ գնում են տանից: Երեք ժամից Սեհերը հանդիպելու էր Հայրիի հետ, բայց մորը դեռ ոչ մի բան չէր ասել: Մայրը շատ էր կապնված երեխաների հետ, բայց Սեհերը միշտ հատուկ տեղ է ունեցել նրա սրտում: Սեհերը ոչ միայն նրա դուստրն էր, այլ կյանքի ընկերը. ընկեր, որը չի լքի դժվար պահին ու մարդ, ում կարելի է վստահել: Սեհերի նկատմամբ նա ավելի համբերատար էր, քան մնացած երեխաների: Մի քանի նախազգուշացումներից հետո նա թողնում է Սեհերին դուրս գալ, ոչինչ չի հարցնում, քանզի շատ լավ ճանաչում էր աղջկան, որ գուշակեր, թե ինչ է կատարվում իրականում:
Հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դիմացի սրճարանում: Երբ նա ներս գնաց, Հայրին մենակ նստած էր սեղանի մոտ: Սեհերին տեսնելուն պես, կանգնեց ու սեղմեց նրա ձեռքը:
- Բարի գալուստ: Տոնդ շնորհավոր, - ասեց նա: - Բարով ես եկել:
- Քո տոնը նույնպես շնորհավոր,- պատասխանեց Սեհերը դողացող ձայնով: Հուզմունքից քրտնել էր: Առաջին անգամ էր, որ հանդիպում էր ինչ-որ մեկին ու չգիտեր, թե ինչպես էր անցնելու հանդիպումը: Երկար տարիներ է, ինչ Սեհերի կյանքը սահմանափակվում էր տուն ու աշխատանքի գնալով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև նա հանգստացավ: Մինչ Սեհերի սիրտը խփում էր, նրանք խոսում էին ոչ կարևոր բաների մասին: Երբ մի քիչ հանգստացավ, խոսեցին երկուսի անցյալի ու ընտանիքների մասին:
Զրուցելիս, Սեհերն ամբոջղովին վստահում էր նրան, ասես մի քանի տարի էր, ինչ միասին են: Դրանում, իհարկե, Հայրիի դերը չափազանց մեծ էր. նա ուղղակի հմայել էր աղջկան: Վերջիվերջո նա տղամարդ է, հնարավոր չէ, որ փորձ չունենար նման հարցերում: Մի բան պատմելուց, Հայրին միայն Սեհերին էր տեսնում: Երբ գլուխը փոքր-ինչ առաջ թեքեց, Սեհերին հաջողվեց ուսումնասիրել նրա դեմքը: Երկու ժամից նրանք դուրս եկան սրճարանից ու հրաժեշտ տվեցին իրար: Սեհերը ոտքերը չէր զգում, հավանաբար սիրահարվել էր: Տուն հասավ ոտքով: Ողջ ճանապարհին Հայրիից բացի ոչ մեկի ու ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել: Զգում էր, որ Հայրիի մասին մտածելիս այտերը կարմրում են, գլուխն էլ պտտվում է: Այդ գաղտնի ու արգելված հանդիպումը ստիպում էր նրան վախենալ: Եթե հայրը կամ եղբայրը լսեին, հաստատ վատ էր լինելու, դրա համար էլ ինչքան հնարավոր է զգույշ պետք է լիներ, որ ոչ մի բան չնկատեին: Նա նույնսիկ չէր կարող մորը պատմել այդ մասին: Երբ տուն եկավ, տղամարդիկ դեռ չէին վերադարձել: Մայրը հատուկ ոչ մի բան չհարցրեց աղջկան. մի օր աղջիկն ինքը կպատմի:
Պինարն ու Քադերն այնքան էին հոգնել, որ երկուսի պառկելն ու քնելը մեկ եղավ: Սեհերը նույնպես պառկեց, բայց քնելու փոխարեն ժամերով երազում էր Հայրիի մասին: Պատկերացնում էր, որ արդեն հարս է, նրա հարսանիքն է ու թե ինչպես են նրա բոլոր իրերը հասնելու Հայրիի տուն: Այնքան էր ամաչում, որ այտերն այրվում էին: Նույնիսկ չնկատեց, թե ինչպես քնեց:
Հաջորդ առավոտյան ողջ ընտանիքը կրկին հավաքվել էր նախաճաշի սեղանի շուրջ: Սեհերն այնքան էր վախենում, որ ընտանիքը մի բան կիմանա, որ թաքցնում էր դեմքը բոլորից: Բազմոցին երկու հոգի էին նստած, որոնք իրար երես չէին նայում՝ Գանին ու եղբայրը՝ Հադին: Երեկ գիշեր պատահաբար հանդիպել էին Ադանայի գինետներից մեկում ու ձևացրել, թե իրար չեն ճանաչում: Այդ դեպքերում տղամարդիկ այնպես են իրենց պահում, ասես բան չի պատահել: Նախաճաշին խուսափում էին միմյանցից. մի բառ անգամ չփոխանակեցին, այն դեպքում, երբ Հադին այդ տարի նշանվելու էր, իսկ ամռանն՝ ամուսնանալու:
Երբ Սեհերը հետո եկավ աշխատանքի, նրա սիրտն անդադար խփում էր. Հայրին կողքին էր: Ամբողջ օրը հայացքներն իրարից չէին կտրում, իսկ ճաշարանում նստել էին նույն սեղանի շուրջ: Երբ ուրիշ տղամարդկանց էր նայում, չափազանց երջանիկ էր զգում, քանի որ ամենագեղեցիկ ու բարեսիրտ տղամարդը Հայրին էր, ում սիրտն ընտրել էր նրան: Նա չէր ուզում, որ այդ հեքիաթը վերջանա:
Աշխատանքից հետո երկուսով դւորս եկան: Սեհերն ուզում էր հրաժեշտ մաղթել, երբ Հայրին ամաչելով առաջարկեց.
- Ընկերներս մեքենայով են գալու, եթե ուզում ես, քեզ մինչև տուն կհասցնենք:
- Նեղություն մի կրեք:
- Ինչ ես ասում: Միևնույնն է այդ կողմով ենք գնալու:
- Լավ, բայց փողոցի սկիզբը դեռ չհասած կանգնեք: Այդքանն էլ բավարար կլինի, - համաձայնեց Սեհերը:
Երբ նրանք նստան մեքենա, Հայրին ծանոթացրեց նրան ընկերների հետ: Բոլորը շշուքով էին խոսում նրա հետ, ով վարում էր մեքենան: Հայրին մեքենայում մի տեսակ ուրիշ էր. ոչ ճանապարհն էր ցույց տվել, ոչ էլ Սեհերի հետ էր խոսում: Երբ մայրուղին անցան, արդեն մթնել էր: Սեհերն անհանգիստ ասեց.
- Սխալ եք գնացել, ես Շաքիրփաշ թաղամասում եմ ապրում:
- Մի մտածի: Մի քիչ կզբոսնենք, թարմ օդ կշնչենք ու քեզ տուն կտանենք:
- Լավ, բայց շատ չուշանանաք: Ինձ տանը սպասում են, - հուզված պատասխանեց Սեհերը:
Մի որոշ ժամանակ անց մեքենան հասավ անտառի արահետը: Սեհերի սիրտը սկսկեց անասելի ձևով խփել: Մի փոքր անտառ մտնելուց հետո, մեքենան կանգ առավ:
- Դուրս արի մի փոքր թարմանանք, անտառում օդն անզուգական է, - ասեց Հայրին, Սեհերի ձեռքից բռնելով:
- Ոչ, չեմ ուզում մեքենայից դուրս գալ: Ինձ հարկավոր է անհապաղ տուն գնալ, - խնդրեց Սեհերը:
Իսկ ինչու՞ ես մեքենան նստել, եթե չես ուզում դուրս գալ, գրողը տանի, - հանկարծ բղավեց Հայրին:
Սեհերը չէր հասկանում, թե ով է բղավում՝ Հայրին, թե ուրիշ մեկը: Դա չէր կարող Հայրիի ձայնը լինել: Նա ականջներին չէր հավատում: Մնացածը դուրս եկան մեքենայից ու մոտեցան նրան: Մեկն իրանից էր գրկել, մյուսը ՝ մազերն էր շոյում: Հայրիի օգնությամբ նրան գետնին գցեցին՝ ոտքերից ու ձեռքերից ամուր բռնելով: Նա ուզում էր բղավել, բայց ասես ձայնազուրկ լիներ: Աշխարհը կանգ էր առել, ամեն ինչ կանգ էր առել, միայն Հայրին էր շարժվում:
Երբ Սեհերն արթնացավ, հասկացավ, որ պառկած է մայթեզրին: Նրան թվում էր, թե քնած է. փորձում էր արթնանալ, բայց չէր կարողանում: «Հավանաբար, ինձ մեքենա է հարվածել,- մտածում էր նա: - Չէր կարող այդպիսի բան լինել, այն մղձավանջը, որ տեսել եմ, իրական չէ: Երբ մեքենան հարվածել է, գիտակցությունս կորցրել եմ ու մղձավանջ տեսել»: Այսպես էր Սեհերը փորձում ինքն իրեն համոզել: Փողոցում լռություն էր տիրում: Նա հասկացավ, որ ինչ-որ լքված վայրում է: Սեհերը վեր կացավ ու քայլեց դեպի այն կողմը, որտեղից լսվում էր մեքենաների ձայնը: Երբ խճուղի դուրս եկավ, հասկացավ, թե որտեղ է: Տունն այնքան էլ հեռու չէր: Նա քայլերն արագացրեց ու փորձում էր ոչ մի բանի մասին չմտածել:
Դուռը մայրը բացեց ու Սեհերին տեսնելով բղավեց.
- Ի՞նչ է պատահել, աղջիկս:
Սեհերը ծպտուն չէր կարող հանել. ձայնը կորել էր:
Տղամարդիկ դեռ տուն չէին եկել: Վաղ առավոտից գնացել էին գյուղատնտեսական շուկա ՝ բանջարեղեն վաճառելու, ու ուշ երեկոյան էին միայն վերադառնալու: Մայրը Սեհերին տարավ լողասենյակ: Պինարն ու Քադերը վախեցած հայացքներով նայում էին քրոջը: Մայրը, հագուստը հանելով, արյուն ու կապտուկներ նկատեց ու չկարողացավ արցունքները զսպել: Գլուխը դստեր մազերում թաքցնելով, լացում էր առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու: Արցունքները խառնվել էին տաք ջրի հետ: Սուլթանը լողացրեց դստերը, սանրեց մազերն ու կրկին լողացրեց: Սեհերը վերջապես ուշքի եկավ ու առաջին ձայնը, որ հանեց, դա աղեկտուր լացն էր: Մայրը գրկեց դստերն ու գրկախառնված լացում էին. լացում էին այն ամենի համար, ինչ եղել է, ու լինելու է…
Երբ Սեհերը չորացավ, մայրը գիշերազգեստը հագցրեց, պառկեցրեց ու վերմակով ծածկեց նրան: Դեռ երկար կողքին նստած մազերն էր շոյում ու աղոթքներ կարդում: Պինարն ու Քադերն անկյունում պահ մտած հետևում էին: Շուտով Սեհերը քնեց: Քնեց մանկան քնով, որին մայրը օրորում է ձեռքերի մեջ: Դեմքին, սակայն, դրոշմվել էր հոգնածությունը: Մայրը աղջիկների հետ զգուշությամբ դուրս եկավ սենյակից, անձայն փակելով դուռը:
Ավելի ուշ դուռը թակեցին: Տղամարդիկ էին: Հարևանները լուր էին տարածել, որ Սեհերին արնաշաղախ վիճակում տեսել են դրսում ու տանից գոռոցներ են լսել: Այդ էր պատճառը, որ տղամարդիկ սարսափահար վերադարձել էին տուն ավելի շուտ:
- Ի՞նչ է պատահել Սեհերին,- հարցրեց հայրը:
- Հիմա ամեն ինչ լավ է, քնած է,- պատասխանեց մայրը:
- Բայց ի՞նչ էր եղել:
- Ինչ եղել եղել է , - պատասխանեց Սուլթան մայրիկը:
Հայրն ու Հադին հանկարծակի վեր կացան: Միայն Էնգինը չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Գանին ասեց Հադիին, որ կանչեն բոլոր բարեկամ տղամարդկանց:
- Թո՛ղ հենց հիմա գան:
Սուլթանն աղաչում էր.
- Թո՛ղ ոչ ոք չգա հիմա :
- Այս ամենը լավ չի վերջանալու, - ասեց հայրն ու ավելացրեց,- մեռնելուց բացի ուրիշ ելք չկա:
Սուլթան մայրիկը փակել էր ամուսնու ճանապարհը:
- Իմ աղջիկն անմեղ է, ձեռք ՛մի տուր նրան, - աղաչում էր նա, բայց հոր վրա դա չէր ազդում:
Որոշ ժամանակ անց եկան բարեկամները: Բոլոր տղամարդիկ փակվել էին սենյակում, ու երկար ինչ-որ բան էին քննարկում: Սուլթան մայրիկը մի քայլ անգամ չէր գնում Սեհերից, լուռ նստել էր կողքին, համբուրում էր մազերն ու լացում: Մի փոքր ուշ տղամարդիկ լուռ լքեցին տունը: Սենյակ մտավ Հադին:
- Մամ, դուրս արի սենյակից:
- Չեմ գնալու, որդիս: Աղջկաս չեմ թողնելու տանեք: Ուր տանեք, ես ել եմ գալու,- ընդդիմացավ մայրը:
- Դու մեր միջև մի՛ կանգնիր: Սա քեզ չի վերաբերում: Սա պատվի հարց է, մեր պատվի հարցն է,- ասեց Հադին:
- Թող գրողի ծոցը գնա ձեր պատիվը: - բղավեց Սուլթանը: - Իմ աղջիկն անմեղ է, հեռու մնացեք նրանից:
Սեհերն ուր որ է կարթնանար: Բացեց աչքերն ու հայացքով հանդիպեց եղբոր հայացքին: Նրա աչքերն արցունքոտ էին, բայց դեմքի արտահայտությունը շարունակում էր մնալ խիստ: Սեհերն ամեն բան հասկացավ, վեր կացավ անկողնուց ու դանդաղ քայլերով գնաց հագնվելու: Երբ եկավ, խնդրեց եղբորը թույլ տալ մորը հրաժեշտ ասել: Սեհերն ամուր գրկել էր մորը. բան չէին կարողանում ասել, անդադար լացում էին: Պինարն ու Քադերը վախեցել էին ու նույնպես լացում էին: Սեհերը մի քանի անգամ գրկեց նրանց ու համբուրեց:
- Մի՛ մոռացեք ձեր ավագ քրոջը, լավ, - խնդրեց նա:
Քույրերը հասկացել էին, որ վատ բան է պատահել ու չէին ոզում քրոջը թողնել, սակայն հայրը բղավեց.
- Դուրս արի փողոց, ժամանակն է:
Մայրը պահել էր աղջկան իր թիկունքում:
- Սկզբում ինձ սպանեք, - հորդորում էր նա:
Ամուսինը դեմքին մի հարվածով նրան գետնին տապալեց:
- Մի՛ խառնվիր, - գոչեցին բոլոր կողմերից:
Սուլթանը գետնին պառկած, ամուսնու ոտքերը գրկած համոզում էր նրան հետ կանգնել, սակայն՝ ապարդյուն: Առանց Սեհերին նայելու, նա լուռ ցույց տվեց դեպի դուռը: Սեհերը, գլուխը խոնարհած, դուրս եկավ: Փողոցում, նստեցին մեքենան, որը նրանց էր սպասում: Հարևանները, վարագույրները կիսաբաց, հետևում էին, թե ինչպես են Սեհերին տանում: Ճանապարհին ոչ ոքի չտեսան: Սեհերը նստած էր հետևում, Էնգինի ձեռքից պինդ բռնած: Էնգինն ուզում էր գրկել քրոջը, բայց հորից վախը պահում էր նրան:
Կանգնեցին քաղաքից դուրս, ինչ-որ ամայի վայրում: Սեհերն առաջինը դուրս եկավ մեքենայից ու սպասում էր մնացածին: Նրա գեղեցիկ, պարզ դեմքը լուսավորված էր լուսնի լույսով: Նրանք գնացին. դիմացից հայրը, հետևից ՝ Սեհերը, Սեհերից հետո՝ Հադին, իսկ ամենավերջում ՝ Էնգինը: Շուրջբոլորը լռություն էր տիրում. միայն Ադանայի սառած հողն էր խրթխրթում ոտքերի տակ: Հայրը կանգ առավ, ու նրա հետևից բոլորը կանգ առան: Հանեց ատրճանակն ու տալիս էր Էնգինին: Սեհերն առաջին անգամ կորցրեց համբերությունը.
- Հայր իմ, դու արա դա: Մի՛ ստիպիր Էնգինին, նա դեռ երեխա է, չի դիմանա բանտում, - խնդրում էր Սեհերը:
Հայրն արցունքները մի կերպ զսպելով, ասեց.
- Վերցրու, տղաս ու վերջ տուր այս ամենին:
Էնգինն ատրճանակը վերցրեց հոր ձեռքից: Նրա ձեռքերը դողում էին:
- Ծնկաչոք կանգնի՛ր, - հրամայեց Հադին քրոջը որքան հնարավոր է խիստ ձայնով ու զգացմունքները թաքցնելով;
- Հա՛յր, թույլ տուր ձեռքդ համբուրեմ,- ասեց Սեհերը տանջված ձայնով:
Մի ձեռքը աղջկան ձգած, մյուսով փորձում էր մաքրել արցունքները:
- Օրհնում եմ քեզ, աղջիկս, - մի կերպ արտաբերեց հայրը:
Հետո գրկեց եղբորը՝ Հադիին, խնդրեց նրա օրհնանքը, բայց վերջինս անշարժ կանգնած էր: Վերջինը համբուրեց Էնգինին, ով իջեցրեց ատրճանակն ու ամուր գրկեց քրոջը: Սեհերը ծնկի եկավ: Էնգինը հանեց ատրճանակը, լիցքավորեց այն: Ձեռքերը դեռ դողում էին:
- Քո զոհն եմ դառնալու: Ոչ մեկից ու ոչ մի բանից մի՛ վախեցիր, իսկ բանտում առողջությանդ հետևիր, - ասեց Սեհերը որպես հրաժեշտի խոսք:
Էնգինն աչքերը փակած բղավեց «Սեհեե՜ր, քույր իմ» ու կրակեց: Կրակոցի ձայնից օդ բարձրացան հեռավոր բարդիներին նստած ագռավները: Սեհերն ընկավ ու նրա տաք արյունը հոսեց Չուկուրովի (Ադանայի շրջան) սառած հողին:
Գիշերային անտառում երեք տղամարդ խլեցին Սեհերի երազանքները:
Ուշ գիշերին ևս երեք տղամարդ այս ամայի վայրում խլեցին Սեհերի կյանքը:
Մեկնաբանություններ