Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ցեղասպանություն վերապրած ընտանիքների իրական պատմությունները
Հուշ

Ցեղասպանություն վերապրած ընտանիքների իրական պատմությունները

Շապիկին՝ Տրապիզոնում արված ամուսինների լուսանկար / houshamadyan.org

Այս պատմությունները գրի եմ առել մորիցս՝ Սարեցյան Համեստուհուց, որը 84 տարեկան է, բայց հիանալի հիշողություն ունի և բոլոր մանրամասներով հիշում է մանկության տարիներին լսած դեպքերն ու իրադարձությունները:

Նրա ծնողները`Սարեցյան Արմենակն ու Չեպնյան Աղավնին, մանուկ հասակում ծնողների հետ, մեծ ջարդերից առաջ, գաղթել էին Տրապիզոնի մոտ գտնվող Շանա գյուղից:

Հաստատվելով Ծեբելդայում (Աբխազիա), Արմենակն ու Աղավնին յոթ զավակ են մեծացրել, մեծ որդին զոհվել է Մեծ հայրենականում: Նրանց բազմանդամ ընտանիքը աշխատասեր էր, ապրում էր համերաշխ:

Մորական պապս`Օհաննես Չեպնյանը, ծնողների, կնոջ ու հինգ զավակների հետ ապրում էր Տրապիզոնի մոտակայքում`Շանայում: Թուրքերը հայերին ստիպում էին փոխել կամ հավատը, կամ լեզուն: Հայերի մեծ մասը հավատափոխ չի լինում եւ ստիպված փոխում է լեզուն (պապս, օրինակ, հիմնականում թուրքերեն էր խոսում, եւ ես փոքրուց ազատ խոսում էի նաեւ այդ լեզվով): Պապս իր գլխով անցածը հաճախ էր պատմում մեզ` իր թոռներին. ես 5-6 տարեկան էի, բայց առայսօր հիշում եմ այդ պատմությունը` իր բոլոր մանրամասներով:

***

Շանայում հայերի մնալը դառնում է վտանգավոր. շրջակա բնակավայրերից լուրեր են հասնում նորանոր ջարդերի մասին: Հարեւանների օրինակով, պապս նույնպես կնոջն ու զավակներին (ծնողներին ժամանակավորապես թողնում է) նստեցնում է նավակ ու Սև ծովով հասցնում Աբխազի- այի ափերը. սկզբնական շրջանում հաստատվում են Ծեբելդայի Կարավեյչ (Կրաևիչ) գյուղում: Այնուհետեւ պապս շտապում է ետ` Թուրքիա, փրկելու ծնողներին, բայց ուշանում է. գյուղում մնացած ծերերին սպանել էին, իսկ երիտասարդները փախել, թաքնվել էին սարերում: Պապս միանում է համագյուղացիներին:

Աշնանամուտ էր, փախստականները սնվում էին այգիների, անտառի բարիքներով, բայց ցրտերը սկսվում են, տաք հագուստ չկար, սնունդ ճարելը օրեցօր դառնում էր ավելի ու ավելի դժվար: Փախստականների ահ ու սարսափը Թեմել անունով մի թուրք էր, որն իր ահարկու շներով «սանրում» էր անտառն ու հայտնաբերելով հայերին`գնդակահարում: Շուտով պապս մրսում է ու հիվանդանում, սկսում է հազալ, եւ ընկերներին չմատնելու համար`ստիպված մեկուսանում:

Պապիս փրկում է իր ազգակիցներից Չեպնյան Փիլիկը` մի աժդահա, սրտոտ տղամարդ, որն իր ընտանիքը Աբխազիա փախցնելուց հետո նույնպես վերադարձել էր: Փիլիկը խնամում, ոտքի է կանգնեցնում պապիս, եւ նրանք որոշում են սպանել Թեմելին: Ճարում են երկու չախմախ հրացան, ապա գաղտնի կապ հաստատում գեղեցիկ հայ աղջկա հետ, որին Թեմելը բռնությամբ իր տանն էր պահում:

Աղջկանից իմանալով Թեմելի թաքստոցի տեղը, նրանք թաքնվում են եւ սպասում: Շուտով վերադառնում է դահիճը` իր գամփռ շներով: Պապիս չախմախը չի կրակում, սակայն որոտում է Փիլիկի հրացանն ու փռում ոճրագործին իր տան բակում, կողքին էլ`շներին: Նրանք հայ գեղեցկուհուն հանձնում են իր հորը, ապա դժվարությամբ նորից անցնում Աբխազիա: Պապս չնայած թոռնատեր էր, եւս երկու զավակ է ունենում, մեծացնում, ամուսնացնում է բոլորին, օգնում է տուն-տեղ դնել: Նա ապրեց մինչեւ խոր ծերություն, բայց Աստծուց նեղացած էր, չէր ներում այդքան հայերի մահը, եւ մինչեւ կյանքի վերջ եկեղեցի ոտք չդրեց: 

***

Աթմաջյան Սրբուկը Ծեբելդայում մեր մոտիկ հարեւանուհին էր, ջարդերի ժամանակ կորցրել էր ողջ ընտանիքը՝ ամուսնուն եւ երեք փոքրահասակ երեխաներին: Պատմում էր, որ տեղահանության ժամանակ իրենց եւ շրջակա գյուղերի (ափսոս, անունները չեմ հիշում) բոլոր բնակիչներին թուրքերը հավաքում եւ մի շինություն են լցնում, ապա տղամարդկանց տանում անհայտ ուղղությամբ: Քիչ հետո կրակոցների հեռավոր ձայն է լսվում...

Լուսանալուց հետո թուրքերը կանանց ու երեխաներին տանում են գյուղից դուրս ու սկսում կոտորել՝ կացիններով ու պյջուներով (թուրքերեն՝ կուրեբի, կեռ քթով, կացնի նման գործիք է): ...Արնաշաղախ մարդիկ ընկնում են, մի մասը՝ սպանված, մի մասը՝ գիտակցությունը կորցրած: Սրբուկը, որ ողջ էր մնացել, հանկարծ լսում է.

- Քիմ սաղիսա, սեզ չի քարում, դհա բոյլե յափմազուք (ով ողջ է, ձայն հանեք, էլ չենք անի):

- Հորեղբորս աղջկա հետ կողք-կողքի էինք ընկած, - պատմում էր Սրբուկը, - հանկարծ նա տեղում նստեց ու ասաց.

- Կարդաշլարըմ, բի սիզեն նեյափարուք քի, բիզի բու հլա դյուշուրդուղուս (եղբայրներ, մենք ձեզ ի՞նչ էինք արել, որ մեզ հետ այդպես վարվեցիք)...

-Վա՜յ, գյավուր օղլի գյավուր..., - գոռում են թուրքերն ու նոր թափով շարունակում կոտորածը:

Սրբուկը պատմում էր, որ մինչ այդ պահը ինքը նույնիսկ մի քերծվածք չէր ստացել, բայց այս նոր հարվածներից բազմաթիվ վերքեր է ստանում եւ ուշաթափվում:

-Աչքերս բացեցի, ոչ մի տնքոց ու ձայն չէր լսվում, հավանաբար բոլորը սպանված էին... Գիշերը թեթեւ անձրեւ էր եկել, ու արյունը՝ խառնվելով ջրին՝ առվակներով հոսում էր... Քարշ գալով մի կերպ հեռացա, ճամփին մի պարան ու մանգաղ գտա, մտա անտառը, բարձրացա ծառն ու պարանով կապվեցի, որ եթե քնեմ՝ ցած չընկնեմ: Հաջորդ օրը ճամփա ընկա ու երեկոյան կողմ հասա մի գյուղ: Թաքնվեցի թփուտներում՝ ականջ դնելու, թե ինչ լեզվով են խոսում: Լսեցի հոռմերեն (հունարեն) խոսակցություն ու մտա առաջին պատահած տունը.

- Գել, բաջի (արի, քույրիկ), - ասաց տանտիրուհին ու ինձ ներս տարավ: 

Հույն կինը մի ամսից ավելի թաքուն պահում է Սրբուկին, խնամում, վերքերը դարմանում: Այնուհետեւ Սրբուկը ճամփա է ընկնում, մեծ դժվարությամբ անցնում է Աբխազիա, հաստատվում Ծեբելդայում: Ազգակիցներից ողջ էր մնացել միայն հորեղբոր որդիներից մեկը: Սրբուկն ամուսնանում է Մինասյան Քիրքորի (Գրիգորի) հետ, որի կինը մահացել էր` որբ թողնելով 5 զավակներին: Հինգ զավակ էլ Սրբուկն է ունենում: Քիրքորը ծույլ էր, ու ընտանիքի ողջ հոգսը Սրբուկի ուսերին էր: Մի գիշեր էլ Սրբուկի սիրտը չդիմացավ, ու նա հանկարծամահ եղավ: 

***

Հայրս` Արսեն Հակոբի Յալանուզյանը, ծնվել է 1917թ., 1935-37թթ. սովորել է Սուխումի նկարչական դպրոցում, 1938թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Զորացրվելուց 6 ամիս անց սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ նա մեկնել է ռազմաճակատ: Պատերազմից հետո ուսուցչություն է արել Աբլուխվարայի 8-ամյա ,դպրոցում, ամուսնացել է, երկու զավակ ունեցել: 1957թ. ընտանիքով տեղափոխվել է Սուխում, իսկ 78թ.` հաստատվել Երեւանում:

Հորս պապը՝ Սարգիս Նիկողայոսի Յալանուզյանը, Տրապիզոնի նահանգի Սամսոնի գավառի Չարշամպա գավառակի Կապաճեւիզ գյուղից էր: Ընտանիքով Աբխազիա է գաղթել 1895-96թթ. ջարդերից հետո: Սարգիսն ու Մայրոմը (Մարիամ) հաստատվում են Սուխումից հյուսիս ընկած լեռնային Աբլուխվարա (Ազանտա) գյուղում, մեծացնում 5 զավակ: Պապս` Հակոբը, 2 հասուն տղաների հայր էր, երբ կինը մահանում է: Այդ տարիներին (1905-06թթ.) գյուղի ամուրի երիտասարդներն անգամ դժվարությամբ էին հարսնացու գտնում, ուր մնաց՝ որբեւայրին: Եվ նա ուղեւորվում է Գյանջա (Գանձակ), լսել էր, որ հայ-թաթարական բախումներից հետո շատ երիտասարդներ են զոհվել եւ այնտեղ աղջիկների առատություն է:

Թե ինչպես է Հակոբ պապս Գյանջայից կին բերել, գրի է առել հայրս՝ Արսեն Յալանուզյանը:

Կնոջ մահից մեկ տարի անց, Հակոբն սկսում է, ինչպես ասում են՝ շուրջ բոլորը նայել, որ մի հարմար կին գտնի, բերի տուն: Իհարկե, փնտրողը կգտնի, եւ Հակոբն էլ գտավ, բայց մինչեւ Գյանջա հասավ: Մարդիկ խոսում էին, թե Գյանջայի կողմերը աղջիկ շատ կա, եւ սուտ էլ չէր: Ու Հակոբը ճամփա է ընկնում. Սուխումից նավով անցնում է Բաթում ու գնացքով հասնում Գյանջա: Մարդկանց հարցուփորձ անելով՝ նա հասնում է Գետաշեն, ապա՝ Մարտունաշեն, եւ նույն գիշերն էլ հյուրընկալվում Աղասարյան մեծ օջախում: Այա-նանն էր այս մեծ օջախի տեր-տիրականը, քանի որ ամուսինը՝ ուստա Օհանը, արդեն մի քանի տարի էր, որ մահացել էր:

Այա-նանը, նայելով հյուրի հագուկապին, մտքով անցկացնում է, որ այս մարդը աղջիկ տեսնելու եկած կլինի, եւ չի սխալվում: Հրավիրում է մոտիկ բարեկամներին ու սեղան բացում: Իսկ Հակոբն այդ ընթացքում մտովի ընտրություն էր կատարում. չէ՞ որ աղջիկները մի քանիսն էին: Ընտրյալը Շողիկն էր, բարձրահասակ, թխավուն, սեւ, երկար մազերով Հավաքված բարեկամները ծանոթանում են Հակոբի հետ, հարցուփորձ անում: Հակոբը պատմում է, որ ինքը Սուխումի կողմերից է, ապրում է գյուղում, տուն-տեղ ունի, փուռ ունի, մաղազա` ծխախոտի չորանոց: Ներկաներից մի քանիսը մաղազան մագազին են հասկանում եւ շատ ուրախանում: Այդ ուրախ լուրը հասնում է մեծ Այա-նանի ականջը, դրանից հետո մթնոլորտը է'լ ավելի է ջերմանում: Ջահելները սկսում են երգն ու պարը: Մեջտեղ է ընկնում եւ Այա-նանը ու ջահելավարի սկսում է պարել, շնորհակալ լինում սուխումեցի հյուրից, որ իր օջախն է եկել: Հակոբն էլ հետ չի մնում Այա-նանից, երկու հատ նոր չերվոնեց (ոսկեդրամ) է դնում ապագա զոքանչի մատների արանքը: Ներկաները ծափահարում են, ողջունում իրար, ուրախանում Խնջույքը տեւում է մինչեւ կեսգիշեր, որից հետո բոլորը ցրվում են:

Առավոտյան գյուղով մեկ տարածվում է ուրախ լուրը. սուխումցի մի մարդ եկել է Այա-նանի տուն, Շողերին ուզել ու պսակվել է: Երեք օր ու գիշեր Հակոբը՝ որպես հարգված փեսա, մնում է Աղասարյանների տանը: Այդ ընթացքում Այա-նանի մտքում մի ուրիշ բան է հասունանում: Նա որոշում է իր միջնեկ աղջկան՝ Մանուշին, որն ի ծնե կաղ էր, փեսայի հետ ուղարկել Սուխում: Ո՞վ իմանա, գուցե նրա բախտն էլ բացվի: Եվ չի սխալվում: Նախօրոք փեսա Հակոբի հետ խոսում է եւ նրա հետ Աբխազիա ճամփում թե' Շողիկին, թե' Մանուշին: Եվ իսկապես, Մանուշի բախտը բացվում է. մի ամիս չանցած՝ Հակոբի հարեւան Բույուկլի Ալեքսանը ուզում է Մանուշին ու հարսանիք անում:

Անցնում է մեկ-երկու ամիս, ամբողջ գյուղի խոսակցությունը Հակոբի Գյանջա գնալու մասին էր: Նույնիսկ մի քանի հոգի՝ Քոչկոնյան Օվեսը, Տերտերյան Մելքոնը, Քյուլյան Օվաննեսը, խնդրանքով գալիս են Հակոբի մոտ, որ իրենց համար էլ աղջիկ ճարի: Հակոբը խոսք է տալիս, որ առաջիկա վեց ամսվա մեջ այդ խնդիրն էլ կլուծի: Եվ իրոք, շուտով կրկին մեկնում է Գյանջա եւ երեք հարսնացու է բերում: Իսկ արդեն մեկ-երկու տարի անց Աբլուխվարա-Ազանտա գյուղում 7-8 գյանջայեցի հարսներ կային՝ Շողիկը, Մանուշը, Սոֆյան, Մանիկը, Արշալույսը, Աստղիկը, Նախշունը, Վարդանուշը:

***

Հակոբն ու Շողիկը վեց զավակ են մեծացնում՝ չորս որդի եւ երկու դուստր: Բացի տան կրտսերներից՝ Արսենից եւ Փեփրոնեից, բոլորն արդեն ամուսնացել, տուն-տեղ էին դրել, երբ սկսվում է Հայրենական պատերազմը: Հակոբի վեց որդիները՝ Եփրեմը, Համբարձումը, Անդրանիկը, Աշոտը, Հարությունը եւ Արսենը, ինչպես նաեւ մեծ աղջկա՝ Արաքսիի ամուսինը՝ Մանուկը, մեկնում են ռազմաճակատ: Եփրեմի, Անդրանիկի եւ Մանուկի փոխարեն «սեւ թուղթ» է գալիս, ամեն մեկի ընտանիքում «մի տուն լիքը» մանուկներ են որբանում... Մյուս որդիները ողջ-առողջ վերադառնում են:

Պապս` Հակոբը, մահացել է 82 տարեկան հասակում, 1949թ., իսկ տատս` Շողիկը, մահացավ 1978թ.` 88 տարե- կան հասակում: Նա պապիցս մոտ 22 տարի փոքր էր: Երբ երեխա էի, ինձ մի քիչ խորթ էր թվում նրա խոսվածքը. օրինակ, մեր բարբառի շատ տարածված «տա» մասնիկը արտասանում էր՝ «թա»: Եվ պատճառը իմացա հետագայում, հորիցս լսելով ձեզ արդեն ծանոթ պատմությունը: Ի դեպ, պապս բարձրահասակ, սպիտակամաշկ ու կապուտաչ է եղել, ինչպես համշենցիների մեծ մասը, եւ ասում էին, թխամաշկ ու սեւահեր «գյանջայեցի» հարսների «շնորհիվ» են մեր գյուղում ծնվել թուխ երեխաներ:

Կարինե Յալանուզյան

Աղբյուր` «Ձայն համշենական» թերթ, հոկտեմբեր, 2004

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո