Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ռաֆայել դե Նոգալես, "Չորս տարի մահիկի ներքո":  Ճակատգրի բերումով Մեծ եղեռնի ականատես դարձած թուրքական բանակի վենեսուելացի սպայի բացառիկ վկայությունները
Հուշ

Ռաֆայել դե Նոգալես, "Չորս տարի մահիկի ներքո": Ճակատգրի բերումով Մեծ եղեռնի ականատես դարձած թուրքական բանակի վենեսուելացի սպայի բացառիկ վկայությունները

Վենեսուելացի գրող և «ճակատագրի զինվոր»  Ռաֆայել դե Նոգալես-Մենդեսի գիրքը լույս է տեսել իր հայրենիքում անցյալ դարի 20-ական թվականներին և վաղուց արդեն դարձել է մատենագիտական  հազվադեպ նմուշ:  Բախտի կամոք նա դառնում է պատմության առաջին ցեղասպանության` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վկան:   Չստանալով թույլտվություն ծառայության անցնելու Անտանտ դաշինքի որևէ բանակում` Նոգալեսը  ծառայության է անցնում թուրքական բանակում որպես սպա և ամբողջ պատերազմի ընթացքում մարտի դաշտերում եռանդուն կերպով ծառայում է Օսմանյան կայսրությանը: Նա մասնակցել է հայոց հինավուրց մայրաքաղաք Վանի պաշարմանը և իր իսկ խոստովանությամբ զգալի վնաս է հասցրել քաղաքը հերոսաբար պաշտպանողներին:  Իր շփման շրջանակը առաջին հերթին կազմված էր թուրք զինվորական պաշտոնյաներից, հետևաբար նա իր գրքում կրկնում է հայերի նկատմամբ թուրքական պաշտոնական քարոզչության շաբլոնային արտահայտությունները:  Սակայն խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները չէին կարող նրան անտարբեր թողնել:  Պատերազմից հետո նրան հետապնդում էին ջարդի տեսիլքները:  Հնարավորություն ունենալով հետևելու իրադարձություններին մոտ հեռավորությունից ` նա ժամանակակից ընթերցողին է ներկայացնում նոր փաստեր և հանգամանքներ, որոնք հնարավորություն են տալիս քննարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարևոր տեսակետներ:  Մեր օրերում Նոգալեսի հիշողությունները առաջին անգամ թարգմանվում են ռուսերեն լեզվով և լույս են տեսնում «Ռուսկիյ վեստնիկ» հրատարակչության կողմից:

Գլուխ V

[...] Մի փոքր հանգստանալուց հետո մենք հեռացանք Մուշից:  Եվ շրջանցելով Ֆրատի հովիտը հարավից` արևի մայր մտնելուն պես մենք հասանք Կոդնե գյուղ, որը գտնվում էր Նեմրութ Դագի դիմաց:  Այս հրաբխային սարը 9 հազար ֆուտ բարձրություն ունի, իսկ նրա գագաթին կա հրաբխարան, կամ ավելի ճիշտ է ասել լիճ` ութ կիլոմետր շրջագծով:  Լճի շնորհիվ այս սարը համարվում է Հայաստանի հինգ հրաշալիքներից մեկը:

Կոդնեից չորսից հինգ կիլոմետր հեռավորության վրա մենք կենդանիներին ջուր տվեցինք ճանապարհից ոչ հեռու գտնվող կարկաչահոս մի առվից:   Դատելով նրա շրջակայքի ավերակներից` մի ժամանակ այն հոսում էր տաճարի կամ վարդագույն քարից կառուցված մատուռի տակով:   Այն հայտնի Կարասու գետի վտակն էր, որը պատմագիրները երբեմն շփոթում են Արարատից ոչ հեռու գտնվող Ալադաղի հյուսիային լանջին սփռված Արևելյան Եփրատի վտակի հետ: 

Ապրիլի 17-ին` երեկոյան, մենք վերջապես հասանք Տատվան գյուղակը, որը գտնվումէ Վանա լճի հարավ-արևմտյան ափին (կամ ինչպես նրան հնում անվանում էին` Արիզա-պալուս):

Այն ձգվում է հարթ, ինչպես արծաթե հայելին, ծովի մակարդակից երեք հազար երեք հարյուր մետր բարձրության վրա, ունի հարյուր մետր խորություն, հարյուր քսանհինգ կիլոմետր երկարություն և հիսուն կիլոմետր լայնություն:  Չնայած լճի ջրերը բավականին աղի են, այն հարուստ է ձկներով:  Կարծես թե նրա ջրհոսքը դեպի Տիգրիս գետի ավազան խցանվել է հազարավոր տարիներ առաջ Նեմրութ Դագի լավաների հոսքով, երբ այն դեռևս գործող հրաբուխ էր:  Այնուամենայնիվ, Վանա լիճը դեռևս միանում է Բիթլիս գետին ստորգետնյա վտակների միջոցով, իսկ Արևելյան Եփրատի հետ`Նազիկ ոչ մեծ լճի միջոցով: 

Տատվանը (համենայն դեպս այն ժամանակ) ոչնչով աչքի չընկնող գյուղակ էր, որը գտնվում էր լերկ բլրի ստորոտին, կամ բարձրության վրա, որից Քսենոփոնը և Թամերլանը շատ դարեր առաջ նայում էին հայտնի լճի ծիածանագույն ջրերին, որ ձգվում էր դեպի հարավ` Էրեկ լեռնաշղթա:  Այն ճանապարհը, որը ես սկզբում մտադիր էի օգտագործել, անցնում էր այս լեռնաշթայի միջով: Սակայն, երբ տեսա այդ ճանապարհի ձյունածածկույթը, ես, բարեբախտաբար, նախընտրեցի ավելի երկար, բայց ավելի անցանելի  հյուսիսային երթուղին:

Երեկոյան մինչ ես նստած էի Տատվանի լերկ բլրին`երազելով միայնության մեջ և հիանալով Արիզա-պալուսի հարթ ջրերով, դանդաղ մթնշաղն ընկավ, և Սյուփխան Դագը, որը երեկոյան երկնքում ասես փրփրած լեռ լիներ, աստիճանաբար ընկղմվում էր մռայլ ամպերի մեջ, իսկ Արարատը հուրհրում էր հեռվում ինչպես շիկացած ծծմբի կաթիլ:    

Խամրող լույսով լուսավորված և անվերջ տխրությամբ պարուրված այս բնապատկերը հիշեցրեց ինձ, որ ես վերջապես հասել եմ իմ ճանապարհորդության վերջնակետին և գտնվում եմ հնադարյան Հայաստանի ուղիղ սրտում:  

Ճանապարհը շարունակելով Նեմրութ Դագի ստորոտի երկայնքով`ապրիլի 19-ին   մենք հասանք Վանա լճի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ախլաթ բնակավայր և գտնվում էինք հինավուրց քաղաք Ախլաթի ավերակներից քիչ հեռու, որը ժամանակին Թամերլանի զորքերը գրոհով զավթել էին շեփորների ձայների և թմբուկների զարկերի ներքո`պաստառված Ախլաթի պաշտպանների մաշկով:  

Հին սոսիների ստվերի տակ գտնվող իմ սենյակի պատուհանից ես կարողացա տեսնել տեղացի հրամանատարին, ով հրամաններ էր տալիս իր սպաներին, իսկ, այդ միևնույն ժամանակ, քարտուղարների մի խումբ զբաղված էր մեծ թվով հեռագրերի վերծանմամբ:

Նման անսովոր ակտիվությունը ինձ կասկածի տեղիք տվեց, որ փոթորիկը ուր որ է կսկսվի:

Ես չսխալվեցի:

Հաջորդ առավոտյան, 1915 թվականի ապրլի 20-ին, շրջանցելով Ախլաթը մյուս կողմից` ճանապարհի երկայնքով մենք հանդիպեցինք հայերի բազմաթիվ այլանդակված դիերի:  Մեկ ժամ անց մենք նկատեցինք լճի հակառակ կողմից բարձրացող ծխի մի քանի հսկա սյուներ, որոնք ցույց էին տալիս այն վայրը, որտեղ Վան նահանգի քաղաքներն ու գյուղերը պատված էին կրակով: 

Այդ պահին ես հասկացա` պահը եկել է: Հայկական հեղափոխությունը սկսվել է: 

Գլուխ VI

Մայրամուտին մենք մտանք սարերով և մուգ ձիթենու ծառերով շրջապապատված Ադիլ-ջեվազ հինավուրց ամրոցը, որի վրա կախված էին ժայռոտ լեռները:  Բակերում` տների տանիքների վրա, վեհանում էին վայելչակազմ բարդիներն ու ուռենիները:   Իսկ սոսիների ստվերում հանգչում էին հին մզկիթների ու հիանալի դամբարանների ավերակները:  

Լճում` ափից ոչ հեռու, ալիքները թեթևակի ճոճում էին մի քանի նավակներ:  Դատարկ և մռայլ շուկաներում աչքի էին զարնվում թալանված հայկական խանութները և արյան հետքերը, որոնք վկայում էին այն մասին, որ մարդասպանները այստեղ բռնել են իրենց զոհերին: Մինչև ատամները զինված թուրքերից և քրդերից կազմված խմբեր  այս ու այն կողմ էին գնում փողոցներով, իսկ հեռավոր կրակոցների արձագանքը ապացուցում էր, որ մարդկանց որսը դեռ չի դադարել:  Տեղի կառավարության շենքի հակառակ կողմում ինձ էր սպասում գավառի կառավարիչը` գայմագամը` շրջապատված կարևոր  պաշտոնյաներով: Նրանք ողջունեցին ինձ կառավարության անունից:  Մի քանի բառ փոխանակելով` մենք ներս մտանք ժողովների սենյակ` զարդարված թանկարժեք գորգերով և Ղուրանից մեջբերված ոսկետառ գրառումներով: 

Այստեղ ես վերոնշյալ պաշտոնյաներից տեղեկացա, թե որքան լուրջ է ստեղծված իրավիճակը, և նաև, որ հայերի կողմից մեզ վտանգ է սպառնում, որոնք, ըստ նրանց, տեղակայված են բնակավայրի շուրջը գտնվող սարերում:

Արևը մայր մտավ, և երկինքը գունավորվեց արնագույն երանգով, իսկ Հայաստանի մայրաքաղաք Վանի արևելյան մասը պարուրվել էր կրակով և ավերվում էր թուրքական թնդանոթների հարվածներից, որոնք պատառոտում էին այդ արյունալի գիշերը հեռավոր համազարկերի թնդյունով: 

Ապրիլի 21:  Ես արթնացա արշալույսին կրակոցներից և հրետանային ռմբակոծությունների թնդյուններից:  Հայերը հարձակվել էին քաղաքի վրա:

Ես անմիջապես ձի հեծնեցի և մի քանի զինված մարդկանց ուղեկցությամբ գնացի հետախուզելու տիրող իրավիճակը:

 Սակայն որքան մեծ էր իմ զարմանքը, երբ ես հասկացա, որ ագրեսորները ոչ թե հայերն են, այլ հենց իրենք` քաղաքային իշխանությունները:  Քրդերի և տեղացի բնակչության աջակցությամբ նրանք պաշարել և թալանել էին հայկական թաղամասը, որտեղ երեք հարյուրից չորս հարյուր քրիստոնյա արհեստավորներ ամեն կերպ փորձում էին պաշտպանվել տականքների այդ մոլեգնած ամբոխի դեմ:  Հարձակվողները ջարդում էին դռները, ներս էին սողոսկում կավե ցանկապատերի միջով, ներխուժում տներ, և մորթելով իրենց անզեն զոհերին` ստիպում էին այդ դժբախտների կանանց, մայրերին կամ դստրերին ոտքերից կամ ձեռքերից բռնած քարշ տալ մարմինները փողոց, որտեղ դրսում սպասող սրիկաները սպանում էին նրանց:  Այնուհետև հանում էին նրանց շորերը ու շպրտում դիերը որտեղ պատահի` որպես ագռավների և շնագայլերի որս:  Չնայած փողոցներում տիրող բուռն հրաձգությանը` ինձ վերջապես հաջողվեց հասնել belediye reisi, այսինքն քաղաքապետի մոտ, ով ղեկավարում էր այս անկարգությունները, որպեսզի հորդորեմ նրան վերջ տալ անօրինություններին:  Սակայն վերջինս, ի զարմանս ինձ,  հայտնեց, որ նա ընդամենը ենթարկվում է նահանգի գեներալ-նահանգապետի գրավոր հրամանագրին`“ոչնչացնել տասներկու տարեկան և դրանից բարձր արական սեռի բոլոր հայերին”:

Երբ ես տեսա իշխանություններից ստացված այդ հրամանը, որի իրականացումը ես` որպես զինվորական, իմ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի կարող կանխել, հրամայեցի ժանդարմներին չխառնվել տեղի ունեցող դեպքերին, իսկ ինքս սկսեցի սպասել, թե երբ կվերջանան կոտորածները:  

Շրջապատված լինելով այդ դժբախտ մարդկանցով` ովքեր բռնել էին իմ ձիու պոչն ու բաշը, ասես փրկագոտուց բռնված լինեին, ու ուղեկցվելով արյունից գերհագեցած և թալանով բեռնված գազազած մարդկանց ամբոխների կողմից` ես մեկնեցի դեպի այդ փոքր քաղաքի կենտրոն:   Ես ստիպված էի ճանապարհ հարթել կուտակված ամբոխների միջով, որոնք հիմնականում թուրք և քուրդ կանայք էին:  Ի դեպ նրանք նայում էին այդ սահմռկելի տեսարանին փողոցներում կամ տների տանիքներին նստած` անշարժ ու անխոցելի, ասես սֆինքնսներ լինեին: 

Երբ ես հասա տեղական կառավարության շենքի մոտ, ինձ դիմավորեց գայմագամը և կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ինձ` հայերի այդ ահավոր հարձակումից քաղաքը փրկելու համար: 

Անասելի լկտիությունից զարմացած` սկզբում ես չիմացա ինչ պատասխանել:  Այնուհետև խնդրեցի զիջողականություն ցուցաբերել իմ գերիների նկատմամբ: Նա, ձեռքը դնելով սրտին, ինձ ազնիվ խոսք տվեց և անգամ  նշանակալի հանդիսավորությամբ հավելեց, որ իմ առաջ գլխով է պատասխանատու  նրանց կյանքի համար:

Այնուամենայնիվ, այդ նույն գիշերը նա հրամայեց գլխատել նրանց:  Իսկ մարմինները ևս քառասուն երեք այլ հայերի մարմինների հետ նետեցին լիճը, որոնք մինչ այդ Աստված գիտի, որտեղ էին թաքցրել:

Ահա թե ինչպես են Արևելքում սուլթանին ենթակա քաղաքային իշխանությունները պահում իրենց երդումն ու խոստումները:

Այդ նույն ժամանակ վերականգնվեց հեռագրային կապը: Որոշ ժամանակ անց մի նավակ եկավ, որն ինձ համար ուղարկել էր Բիթլիսի նահանգապետը, որպեսզի ես կարողանամ շարունակել իմ ճանապարհորդությունը:

Ես բարձրացա տախտակամած:  Հրաժեշտ տալով Ադիլջեվազի իշխանություններին և բնակիչներին, ովքեր հատուկ եկել էին լճի ափ, մենք ուղևորվեցինք դեպի Վան:  Նավը արագ հեռանում էր այդ բնակավայրից, որը հեռվից թվում էր ամենախաղաղը աշխարհում: 

Նավակի անձնակազմը բաղկացած էր նավապետից, ժանդարմների ոչ մեծ խմբից և չորս անզեն հայերից, որոնք միևնույն ժամանակ և' մեխանիկ էին, և' նավաստի:  Հոգնածություն զգալով` ես գնացի ննջելու:   Երբ արթնացա, արդեն երեկոյան ժամը հինգն էր:  Մենք դեռևս հեռու էինք ափից: Ես սկսեցի զբոսնել տախտակամածի վրա և հասնելով մեխանիկների բաժինը` նկատեցի, որ չորս հայից մնացել է երկուսը: Որտե՞ղ են այն մյուս երկուսը:

Այս հարցը երբեք չպետք է տալ Արևելքում, եթե չեք ցանկանում անկիրթ մարդու համբավ ունենալ: 

Սուլթանի մարդիկ սպանում են առանց ավելորդ աղմուկի, հատկապես  գիշերային ժամերին, ինչպես վամպիրները` սպանդ են իրականացնում հիմնականում խոր լճերի մեջտեղում, որտեղ չկան ավելորդ հոսանքներ, որոնք դիերը ափ են հանում:  Կամ էլ հեռու լեռնային քարանձավներում, որտեղ շներն ու շնագայլերը օգնում են նրանց թաքցնել հանցանքների հետքերը: 

Արդեն մթնշաղին մենք հասանք Ախթամար փոքր կղզի:  Նրա վրա կարծես ուրիշ կառույցներ չկային, բացառությամբ հինավուրց գեղեցիկ վանքից, որը Վանի հայկական եկեղեցու եպիսկոպոսի նստավայրն էր:  Վանքի ճակատը ծածկված էր ալեգորիկ գեղանկարչությամբ, բայց մթնշաղին այն գրեթե անհնար էր նկատել նավակի միջից:  Վանքի շեմքին և բակում իրար մոտ ընկած էին վանականների և եպիսկոպոսի մարմինները:  Տպավորություն էր ստեղծվում, որ կղզում այլևս կենդանի շունչ չկա, բացառությամբ թուրք ժանդարմների, որոնք էլ սպանել էին այդ դժբախտներին:

Երբ ժանդարմները պահանջեցին անհապաղ նրանց զինամթերքով ապահովել` Աստված գիտի ում սպանելու համար, մենք նրանց թողեցինք հինգ հազար փամփուշտ և լողացինք դեպի ափ:  Թե որտեղ էր գտնվում ափը, կարելի էր հազիվհազ գուշակել գյուղերում բոցավառվող կրակների և երկինքը ալ գունազարդող ցոլքերից:

Այս բնակավայրերի շարքում պայթյունի ձայները հատկապես ուժեղ էին Արտեմիդում, որտեղ սովորաբար ամառային հանգիստն էին վայելում Վանի հարուստ վաճառականները:  Արտեմիդի եկեղեցին ասես ջահ լիներ և մեզ համար որպես փարոս էր ծառայում: 

Երեկոյան մոտ ժամը տասին մենք հասանք ափ, որտեղ արդեն խավարն էր տիրում:  Շուրջը լռություն էր, ասես դամբարանում լինեինք:  Միայն երբեմն լսվում էր հեռավոր կրակոցների ձայները կամ շնագայլերի սահմռկեցուցիչ ոռնոցը:   Չցանկանալով այստեղ սպասել լուսաբացին, ես և նավապետը երկու ժանդարմ թողեցինք նավակի մոտ, որպեսզ այն վերահսկեն, իսկ մենք քայլեցինք դեպի դաշտեր ու արոտավայրեր: Կես ժամ անց լսվեց թուրք ժամապահի կտրուկ ձայնը`Kim var?

 Երբ մենք մոտեցանք Արտեմիդի ծայրամասում գտնվող տներին, մեզ դիմավորելու դուրս եկավ տեղացի հրամանատարը:  Նա ողջունեց մեզ և շնորհավորեց, որ ողջ ու առողջ տեղ ենք հասել, քանի որ ըստ նրա խոսքերի` ճանապարհը, որով մենք նոր անցել ենք, գտնվում է հայերի հսկողության ներքո:  Այդպես էլ կար:  Դեռ տեղ չհասած` հրաձգությունը վերսկսվեց և մենք ինքներս համոզվեցինք, որ զուտ պատահականության շնորհիվ մենք ողջ մնացինք:

Փոքրիկ հրապարակը, որտեղ մենք կանգնել ու զրուցում էինք, երևակայելի լուսավորում էին կրակից դուրս եկող լեզուները, որոնք ինչպես խոշոր օձեր, դուրս էին հորդում վառված եկեղեցու ավերակներից:  Մոտակա տների պատուհաններից դուրս էին ցցվել մեր բաշիբոզուկների հրացանները.  պատրոնդաշները կապած` նրանք օգտագործում էին ավտոմատ հրացաններ, իսկ գոտու վրա կրում էին լայն դանակներ կամ մաուզերներ:

Նրանց թվում ես նկատեցի նաև մեծաքանակ խմբի մեջ մտնող մի քանի քրդերի, որոնք պետք է մոտենային արևածագին` օգնելու ոչնչացնելու հայերին, ովքեր դեռևս բնակավայրի շուրջը շարունակում էին որոշակի տներ և դիրքեր զբաղեցնել:

Ես տեսա, որ հրաձգությունը ավելի ու ավելի կատաղի էր դառնում:   Բացի այդ` մեզ համար անհնար էր դառնում շնչել վառված մսի հոտը, որը գալիս էր եկեղեցու ծխացող ավերակների շուրջը ընկած հայերի դիերից:  Մենք հեռացանք այդտեղից, զգուշորեն անցնելով այգիների միջով և վերջապես  հանդիպեցինք սպիտակ պատերով մի մեծ տան: Այստեղ ինձ վիճակված էր անցկացնել ամբողջ գիշերը:

Քնելուց առաջ ես որոշեցի բացել պատուհանը և վերջին անգամ նայել շուրջը մոլեգնող հրդեհին:  Պատուհանից դուրս նայելիս ես լսեցի փամփուշտների վզզոցը, որոնցից մեկը դիպչեց իմ համազգեստի թևին:

Չնայած անդադար հրաձգությանը, որ անընդհատ խաթարում էր գիշերային լռությունը, ես հանգիստ քնեցի մինչև առավոտ, երբ ինձ արթնացրեցին աղեկտուր  ճիչերը, որոնց հաջորդում էին կրակոցները... Քրդերն էին քաղաք մտել և թիկունքից հարվածել հայերին:

Այն շարունակվեց քառորդ ժամ:  Եվ մինչ ես մի քանի քրդերի ընկերակցությամբ, որոնք եկել էին ինձ ողջունելու, նախաճաշում էի պատշգամբում, մեր աչքերի առաջ այնպիսի սարսափելի տեսարան էր տեղի ունենում, որ դժվար էր անգամ պատկերել:      

Վախվորած ճագարների պես հայերն էին վազում, որոնց հետևում էր ռմբակոծող հրետանին ու գետնին տապալում տասնյակ  հայերի:  Նրանցից շատերը նստում էին գետնին և անզգայանալով` հնազանդ սպասում էին մահվանը ինչպես ոչխարներ, որոնց տանում էին մորթելու: 

Միայն կավե ցանկապատին սեղմված երիտասարդների մի փոքր խումբ շարունակում էր խելահեղորեն պաշտպանվել, մինչև որ ուժերը տեղի տվեցին և նրանք հանձնվեցին:  Երիտասարդներն ընկնում էին մեկը մյուսի ետևից հրացանների կոթերի և դանակների հարվածների տակ: Խնայողության նկատառումներից ելնելով` քրդերը նախընտրում էին հնարավորինս օգտագործել սառը զենք: 

Մինչ այս ամենը տեղի էր ունենում այգում, փողոցներով անցնում էին պարեկները, ովքեր ստուգում էին մուսուլմանների նկուղներն ու տները` ողջ մնացած հայերի փնտրտուքով:

Եթե գտնում էին թաքնված հայերի, ապա կամ նրանց գլուխները կտրում էին յաթաղանով, կամ դաշույնն էին խրում կուրծքը:  Ավելորդ եմ համարում նշել, թե ինչ ջանքեր էի գործադրում, որպեսզի դեմքիս ժպիտ պատկերեմ այդ գազանություններին ականատես լինելով, տեսնելով, թե ինչպես են մարդիկ ցավից գալարվում և ընկնելով գետնին`թպրտում վերահաս մահի ցնցումներից, ինչպես նաև լսելով նրանց հուսահայտ ճիչերը, որոնք մինչ օրս հետևում են ինձ:   

Նախքան consumatum est (ավարտվելը (лат.) — խմբ. նշ.)` պարեկները ինձ մոտ բերեցին երկու երիտասարդի ազնվական ընտանիքից, ովքեր ինձ տեսնելուն պես մեկնեցին ձեռքերը` պաշտպանություն հայցելով: 

Ցանկանալով ամեն գնով փրկել այդ երիտասարդներին` ես հրամայեցի փակել նրանց հարևան շինությունում, խստագույնս արգելելով մոտենալ նրանց, մինչև ես չորոշեմ, թե ինչ եմ անելու նրանց հետ:  Սակայն այդ պահին եկան մի քանի քրդեր, ովքեր այնպես էին իրենց պահում, ասես չեն լսել իմ հրամանը:  Նրանք հայերին դուրս հանեցին բակ և չորս փամփուշտով սպանեցին նրանց:  Լսելով կրակոցի ձայներն ու երկար ճիչը, ես կռահում էի, թե ինչ է կատարվել:  Սակայն ես ինձ այնպես էի պահում, ասես ոչինչ չեմ հասկացել, քանզի Արևելքում անքաղաքավարություն է համարվում ցույց տալ զգացմունքները կամ բողոքել մի բանի դեմ, որն այլևս ի զորու չես փոխել: [...]

Կեսօրին մոտ ժամանեցին ձիերով ժանդարմների պահակախումբը, որոնց ինձ մոտ էր ուղարկել գեներալ-նահանգապետ Ջեվդեդ-բեյը:  Նոր էինք դուրս եկել այն դժողքից, որտեղ տեղի էին ունենում անհավատալի գազանություններ, երբ  լճի ափին նկատեցինք մի փոքր առանձնատուն, որը պատկանում էր Վանում ամերիկյան առաքելությանը:  Դարպասների մոտ երկու դիակ էր ընկած:  Ճանապարհի երկու կողմերում թևածում էին բարձր կռկռացող սև ագռավները, ովքեր պայքարում էին շների հետ ամենուր ընկած քայքայված հայերի դիակների համար:  Արևմուտքում բարդիների մերկ ճյուղերի միջից երևում էին Հայաստանի մայրաքաղաք Վանի մինարեթներն ու գմբեթները:  Վանը տեղակայված է միայնակ ժայռոտ լեռան հարավային լանջին, որը ունի 80 մետր բարձրություն և հարթավայրով մեկ ձգվում է արևելքից արևմուտք գրեթե մեկ կիլոմետր:   Լեռան գագաթը պսակավորված է հսկայական ատամնավոր պատերով և հնագույն ամրոցով, որն ըստ առասպելի` կառուցվել է դեռևս ասորացի թագուհի Սեմիրամիդի ժամանակաշրջանում: 

Վանը, որը նախկինում կոչվում էր նաև Տուշպա, Ալնիուն կամ Սեմիրանոկերտ մռայլ և տխուր տեսք ուներ, ինչպես և Հայկական լեռնաշղթայի գրեթե բոլոր քաղաքները, որոնք ծածկված են անծայրածիր տափաստաններով:  Վան քաղաքի բարձրությունը միջին հաշվով կազմում է 5-ից 6 հազար ֆութ:   Տարին վեց ամիս այստեղ գետինը ծածկված է ձյան շերտով, և միայն գետերի ավազաններում է, որ տեղացի սակավաթիվ բնակչությունը ապաստան և բերրի հողեր է գտնում:

Այստեղ շատ տներ երկհարկանի կամ եռհարկանի են:  Տները կառուցված են հրակայուն աղյուսից և կանգնած են քարե հիմքի վրա:  

Քաղաքի գրեթե բոլորը թաղամասերը ծածկված էին խիտ ծխով, որի միջից վեր էին խոյանում կրակի լեզուները:  Երկար, նեղ ժայռի գագաթից, որը նման է վերահաս ալիքի կատարի, որը պատրաստ է զարնվելու ափին, մշտապես լսվում էր թուրքական հրետանու զարկերը, որը հանգիստ չէր տալիս հայերին ոչ մի վայրկյան:  

Դեպի հարավ տանող ճանապարհին էր գտնվում այսպես կոչված առանձնատների թաղամասը կամ Այգեստանը, որի  հաղորդակցման միջոցը քաղաքի հետ ամուր կառուցված լայն ճանապարհն էր:  Ճանապարհի երկու կողմում գտնվում էին ամառանոցներ, տներ շրջապատված այգիներով, և դաշտեր, որոնք ոռոգվում էին հնագույն Սերամիս-Սու կոչվող ջրատարից` ի պատիվ իր հռչակավոր ստեղծողի:

Այգեստանը բաղկացած էր հիմնականում առանձին շենքերից, որոնք պաշտպանված էին ցանկապատերով: Հայերը հմտորեն կիրառում էին դրանք, որպեսզի ստեղծեն լավ ամրացված պաշտպանական գիծ:

Վերոնշյալ պաշտպանական կառույցներից բացի, որոնք կարող էին պատվով դիմակայել մեր հրետանու կրակին, նրանք արագ կառուցեցին մոտ ութսուն փոքր ամրություններ(blockhouses).  Դա նրանց թույլ էր տալիս վերահսկել իրավիճակը ամբողջ հարթավայրով մեկ:  

Կրակի գոտուց դուրս գտնվող գրեթե բոլոր հայերի տները ոչնչացվել էին գանձեր փնտրող մոլեռանդ մահմեդականների կողմից.  արևելքում մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր իրենց խնայողությունները պահում են բանկում:  Մեծամասնությունը իրենց ունեցած գումարը թաքցնում է պատերի մեջ կամ հատակի տակ, իսկ երբեմն էլ հենց տանիքի տակ:  Այդ գանձերը գտնելու համար անհրաժեշտ էր լինում քանդել ողջ տունը:  

Քաղաք ժամանելուն պես ես տեսա, թե ինչպես էին իշխանությունները թաքցնում իրենց գործած հանցանքների վերջին հետքերը:  Այլ կերպ ասած արագ թաղում էին ամենուր ընկած հայերի դիերը:  Հավանաբար նրանք չէին ցանկանում, որ ես հասկանամ թե ինչ մասշտաբների է հասնում տեղի ունեցածը:

Այնուամենայնիվ, իմ աչքին անընդհատ զարնվում էին դիերի կույտեր, ինչպես նաև շներ, որոնք քարշ էին տալիս հողից դուրս ցցված մարդկային ձեռքեր կամ ոտքեր:  

Շուրջբոլորը տիրում էր այդ գաղջ մթնոլորտի անտանելի հոտը:  Ես ինձ երջանիկ զգացի, երբ վերջապես հասա նահանգապետի նստավայր:  Սակայն նա տանը չէր. գնացել էր ամրոց:  Չցանկանալով սպասել նահանգապետի վերադառնալուն, ես անձամբ գնացի այնտեղ, որպեսզի հանդիպեմ նրա հետ:  

Սակայն ամրոց մտնելու համար մենք ստիպված էինք փոխել ճանապարհը, քանի որ հայերը անընդհատ դիպուկ կրակահերթ էին բացում մեր ուղղությամբ:  Մեկ փամփուշտ չէ, որ վզզում էր մեր գլխավերևում, իսկ ռումբերի անվերջանալի պայթյունները այնպիսի խլացնող ձայն ունեին, որ նույնիսկ Վանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կարելի էր լսել, թե ինչպես էին այդ ձայները մերթ հանդարտվում, մերթ ուժեղանում, բայց երբեք չէին դադարում:

Հայերի մեծ մասը լավ զինված էին, շատերը մաուզեր ունեին, որոնք կարճ հեռավորությունից կրակելու դեպքում ահաբեկում էին թշնամուն:  Նրանց ունեցած ազդեցությունը կարելի է համեմատել միայն գնդացրի հետ, քանի որ փամփուշտ փամփշտի ետևից կրակելու փոխարեն հայերը գրեթե միաժամանակ միևնույն թիրախն էին ուղարկում չորս, հինգ, վեց փամփուշտներ:  Բացի դրանից նրանք հորատի պես մի նյութ էին հորինել, որի շնորհիվ  շենքերի կավե պատերում անցքեր էին բացում:   Արդյունքում, երբ մենք նրանցից որոշակի դիրքեր էինք ետ վերցնում, նրանք իսկույն ատրճանակները մտցնում էին ակնթարթորեն բացված անցքերի մեջ և մահ սերմանում, նախքան մենք կհասկանայինք, թե ինչ է կատարվում: 

Պաշարվածների մեծ մասը (հատկապես երեխաներն ու կանայք) ապաստան էին գտնում տների հարավային մասում, որը մասնակի փրկում էր նրանց ամրոցի հրետանու արձակած կրակոցներից:  Ժայռի վերևի մասում դեռևս տեսանելի էին հին հայերենով գրված սեպագիր արձանագրությունները:  Հավանաբար այդ արձանագրությունները կազմվել են Ուրարտուի թագավոր Սարդուրի կառավարման ժամանակաշրջանում, այլ կերպ ասած`մինչ Քրիստոսի ծնունդը  IX-VII  դարերում:  Երեք լեզվով գրված գրառումների մեծ մասը պատմում է Դարեհ թագավորի որդի Քսերքսեսի մասին:

Դժբախտաբար ես չկարողացա դրանք ուսումնասիրել մոտիկից, քանի որ այդ վայրը ինտենսիվորեն հրետակոծվում էր պաշարվածների կողմից:

Դատելով սյուների, պատվանդանների, քարե սալիկների բեկորներից, որոնք երևում էին ամրոցի պատերի վրայից, այս ամրությունը անընդհատ ոչնչացվում և վերակառուցվում էր մի շարք նվաճողների` թուրքերի, սելջուկների, բյուզանդացիների, հռոմեացիների, պարթևների, պարսիկների, ասորիների, բաբելոնցիների, շումերների կողմից, որոնք հազարամյակներ շարունակ փորձլ են երկիրի երեսից ջնջել Հայկական լեռնաշղթայի բոլոր բնակավայրերը:   Բանն այն է, որ Անատոլայի բոլոր նվաճողների համար Հայաստանը Սիրիայի և Պաղեստինի հետ միասին հանդիսանում էին ահռելի միջանցք կամ էլ փակուղի` միայն հաստատվելով այս տարածքներում` նրանք կարող էին պաշտպանել իրենց Կենտրոնական Ասիայի ռազմատենչ հորդաների հարձակումներից:   

Փաստորեն միջնաբերդը իրենից ներկայացնում էր զորանոցների, ինչպես նաև վառոդի պահեստների մի քանի շինություն` փորագրված ժայռի մեջ:   Այդ շինությունների վրա վեր էր խոյանում սպիտակ մզկիթը, որտեղ հաջորդ օրը ևեթ ես կազմակերպեցի իմ հիմնական զորանոցը:  

Ասես քարե ասեղ վեր խոյացող մինարեթի բարձունքից ես հետևում էի մարտի ընթացքին և մեր հրետանու կրակն ուղղում դեպի քաղաք Վան, որն ինչպես մի հսկայական քարտեզ, տարածվել էր իմ առջև:  Բարձրությունից ես հեշտությամբ տարբերում էի, երբեմն նույնիսկ անզեն աչքով ցանկացած տուն, ցանկացած բակ և նույնիսկ փողոցով քայլող մարդկանց:

Արևմուտքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա երևում էին Սքելեքյոյի սպիտակ տները, որոնք հեռվից նման էին լճի ափը իջած աղավնիների երամի  իսկ արևելքում` մթամած հեռվում հազիվ կարելի էր տարբերել Արտչագ, Հազերան, Բոգաս-Կեսեն, Շուշանց և այլ գյուղերի եզրագծերը:  Այս գյուղերը հիմնականում բնակեցված էին հայերով: Գյուղերը տարածված էին Վանի շուրջը կիսալուսնի տեսքով, որի հյուսիսային մասը հասնում էր մինչև Էրչեկ փոքր լիճը, իսկ հարավային մասը` մռայլ ու անհանսանելի Վարագա լեռ:

Լեռան արևմտյան լանջին էր գտնվում մի հսկայական վանք, որը կառուցվել էր որպես ամրոց:  Այն կոչվում էր Yedi kilisa:  Շնորհիվ այդ վանքի հայերը կարողանում էին վերահսկել  ողջ Վարդակ կիրճը, որի միջով անցնում էր Վան վիլայեթի կենտրոնական մասը Հայոց Ձոր հովտի և իրանական սահմանի հետ կապող քարավանի ճանապարհը:

Իմ  ժամանման օրը սկսվեց Վանի պաշարումը:

Արամ փաշան իր հայերի հետ միասին, որոնց քանակը ըստ օրիորդ Կնապպի և պարոն Ռուշմոնդի կողմից հրապարակված տվյալների հասնում էր ավելի քան երեսուն հազար, գրավել էին ամբողջ քաղաքը և Այգեստանը:  Մեր հսկողության տակ էին գտնվում ամրոցն ու ծայրամասերը` կազմելով երկաթե օղակ, որն ավելի էր ամրանում մեր ամեն հաջող հարձակումից հետո: 

Ես հազվադեպ եմ ականատես եղել, որպիսի մարդիկ պայքարեն այնպիսի անողոքությամբ, ինչպես Վանի պաշարման ժամանակ: 

Այն հարարժան մարտ էր, որը երբեմն վեր էր ածվում ձեռնամարտի: Այստեղ ոչ ոք գթություն չէր աղերսում և ոչ ոք ոչ ոքի չէր խնայում:  Ոչ քրիստոնյան, ոչ մահմեդականը գերությունից չէր վերադառնում:  

Այդ օրերին գերուն փրկելը նույնքան անհնար էր, ինչքան սոված վագրից որսը վերցնելը:

Իմ մարդկանց նախանձախնդրությունը այնքան ուժեղ էր, որ ես երբեմն ստիպված էի հրաման տալ հրետանին տեղադրել տների ներսում, որպեսզի քանդենք հարակից շինություններից մեզ բաժանող պատերը:  Երբ մենք գրավում էինք այդ պատերը, ապա վառում էինք դրանք, որպեսզի մեր հակառակորդները չհասցնեն գիշերվա ընթացքում վերականգնել:

Միայն այսպես` այրված  մազերով, վառոդից և ծխից կեղտոտված դեմքով, հրետանու ռումբերի և կրակոցների ձայներից կիսախլացած` մենք կարողացանք դանդաղ, անհավանական զոհերի գնով առաջ շարժվել դեպի այդ համառ քաղաքի կենտրոն, որտեղ հայերը շարունակում էին աննկուն կերպով պաշտպանվել իրենց վառվող տների ավերակների մեջ` մինչև վերջին շունչը պայքարելով հանուն ազատ Հայաստանի և հանուն քրիստոնեական հավատքի հաղթանակի...

Իսկ ես անիծում էի այն ժամը, երբ չար ճակատագիրը դարձրեց ինձ իմ դավանակիցների դահիճը:
 

 Աղբյուրը՝ ԱՄԻՎ ամսագիր, №2(5)

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո