Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պորուչիկ Կոլմակով.  Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 2)
Հուշ

Պորուչիկ Կոլմակով. Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 2)

Պորուչիկ Կոլմակովը եղել է մասնակիցը  բոլոր այն  մարտերի, որոնք Առաջին հարվածային գունդը լեգենդար Անդրանիկի հրամանատարությամբ (1865—1927) վարել է 1918ի գարնանն ու ամռանը թուրք օկուպանտների ու նրանց աջակցող մուսավաթական հրոսակախմբերի դեմ: Կոլմակովի նկարագրած իրադաձություններն ու փոխանցած տեղեկություններն անփոխարինելի են իրենց ստուգությամբ ու օբյեկտիվությամբ:

Պատմության սկիզբը կարդացեք այստեղ

Լոռիում. Անվայել պահվածք

Արևոտ առավոտ էր: Գնում էինք Լոռիով: Սարեր, ծառներ, կիրճեր՝ ու այդ ամենը գարնանային արևի ներքո: Շուրջբոլորս ամեն ինչ թարմությամբ էր բուրում: Զինվորներից մեկը քթի տակ արտասանում էր հայտնի Լոռվա գրող Թումանյանի բանաստեղծությունը , փորձում էր ինձ հասցնել դրա ողջ գեղեցկությունը, բայց ոչ մի կերպ չէր ստացվում.

— Պարոն պորուչիկ, ախր դու սա չես հասկանա: Պետք է հարերեն իմանաս:

Նա ճիշտ էր. այն ժամանակ ես չէի հասկանում: Միայն հետո, Բրյուսովի ու այլոց թարգմանությունների միջոցով  ծանոթացա ծաղկուն Լոռվա այդ բանաստեղծի գրածների հետ ու հիացմունք ապրեցի:

Անդրանիկին մի ձիավոր է մոտենում ու սարսափելի լուր հայտնում. հովտի բոլոր ութ գյուղերն ավերվել են թուրքերի կողմից, իսկ մարդիկ կոտորվել:

Լուռ ու մռայլ շարժվում էինք առաջ: Կամաց – կամաց մութ ամպեր էին կուտակվում պարզ երկնքում: Սկսեց անձրևել: Մոտեցանք Ջալալօղլուին, որը հարմարավետ դիրքավորված էր սարերի արանքում: Ամբողջովին կանաչապատ Ջալալօղլուն մեզ՝ ռուսներիս, հիշեցրեց Ռուսաստանի վաղուց չտեսած վայրերը: Արդեն մոտենում էինք նրան, երբ լսեցինք եկեղոցու զանգերի ձայնը: Սրտումս ջերմություն զգացի… Ահա և Ջալալօղլուն: Հասանք, տեղավորվեցինք մի կերպ: Մեզ կերակրեցին:

Անդրանիկը սպաների հետ գնաց տարածքը ուսումնասիրելու, քանի որ այն ընդհանրապես ծանոթ չէր մեզ և դեռ չգիտեինք, թե որտեղ ենք դիրքավորվելու: Դիրքերը ընտրեցինք: Որոշեցինք, թե որտեղ են լինելու գումարտակները, թնդանոթներն ու հեծելազորը: Հեծելազորը մնալու էր հենց Ջալալօղլիում, քանի որ այն բաց տարածություն հանելու հնարավորություն չկար:

Թիֆլիսի ռուսական շտաբից նամակ ստացանք, որտեղ ասվում էր, թե մոլոկանների Վորոնցովկա գյուղում երկու հրանոթներ կան, որոնք մենք կարող ենք վերցնել: Գնացինք Վորոնցովկա, սակայն մոլոկանները հրաժարվեցին Անդրանիկի պահանջը կատարել ու պնդում էին, թե հրանոթները չեն հանձնելու:

Երկար ու ձիգ բանակցություններից հետո Անդրանիկն այնտեղ մի փոքր ստորաբաժանում ուղարկեց, որ թեթևակի վախեցնեն նրանց, քանի որ վստահ էր որ կատարվածն ինչ-որ թյուրիմացություն է: Բայց երբ գիշերը մոտենում էինք Վորոնցովկային, մոլոկանները մեր ուղղությամբ սկսեցին կրակ բացել: Ուղղակի ապշելու բան էր: Մենք, իհարկե, չպատասխանեցինք նրանց: Չէ՞ որ մեր մարդիկ էին, քրիստոնյաներ էին: Ստիպված եղանք մեր սպաներից մեկին ուղարկել այնտեղ, հասկանալու համար թե ինչ է կատարվում: Վորոնցովկայում գտնվելու ժամանակ, սպան նկատել էր այն ոչ բարեհամբույր վերաբերմունքը, որն ունեին մոլոկանները մեր ջոկատի հանդեպ, մինչդեռ նրանց մոտ ծառայող սպաներն ուղղակի խնդրում էին, որ իրենց ՝ հրանոթների հետ միասին մեզ մոտ տանենք: Մոլոկանները հասել էին այն աստիճան ստորության, որ գյուղի մյուս կողմից թուրքական զորամասեր էին կանչել, որոնք, պետք է մեզ շրջանցեին: Միաժամանակ և ամաչում էինք մերոնց համար, և զզվանք զգում:

Վերադառնալու մասին Անդրանիկի հրամանը ստացանք: Միայն հետո իմացանք, որ մոլոկանները թուրքերին էին հանձնել ռուսական սպաներին ու հրանոթները, ընդ որում հանձնողներից մեկը՝ կապիտանը, տեղում գնդակահարվել էր: Հաջորդ օրը հրաման ստացանք զբաղեցնել դիրքերը: Ջալալօղլուից դուրս եկանք գիշերվա ժամը 12 ին: Ցուրտ էր. մանր-մանր անձրև էր գալիս: Մենք այնպես էինք դիրքավորվել, որ զբաղեցրել էինք ողջ հովիտը: Հեծելազորը գտնվում էր բլուրների հետևում… Սկսվեց իսկական հրետանային անձրև: Արկը արկի հետևից պայթվում էր խրամատների մեջ: Վիրավորների տնքոցները միախառնվել էին հրացանների ու արկերի ձայների հետ: Բոլոր ձայները դարձել էին մի աննկարագրելի աղմուկ, որին միացել էր նաև կայծակի ձայնը: Շուտով, խրամատները լցվեցին ջրով: Զինվորները՝ կեղտոտ, թաց, տանջված՝ պառկած էին այդ խրամատներում ու հետևում էին հակառակորդի տեղաշարժին, որը վերադասավորվում էր, հավանաբար ցանկանալով շրջանցել մեզ ձախից:

Նայեցի իմ սիրելի հրամանատարի՝ Անդրանիկի կողմը, ով զինվորների նման  պառկած էր ամբոջովին թաց ու ցեխոտված: Անձրևի կաթիլները գլորվում էին նրա դեմքից:

— Հն, Կոլմակով, Արևմտյան ճակատում ավելի լավ է՞ր:

— Ավելի վատ էլ է եղել, գեներալ, պատասխանեցի ես:

Կայծակը մի պահ դադարեց, բայց հետո կրկին սկսվեց: Թուրքերը մեզ հանգիստ չէին տալիս: Իսկ մենք դեռ պառկած էինք:

Անդրանիկը հրաման տվեց հետ քաշվել: Հասանք Ջալալօղլու, իսկ այդտեղից մայրուղով գնացինք դեպի Քալագերան կայաարանը:

Փախստականները ողջ ճանապարհին սայլեր էին թողել: Անանցանելի ցեխ էր: Զինվորները, կանայք, երեխաները՝ բոլորը խառնվել էին իրար:

Ահա և Քալագերան կայարանը: Բարձրացանք Դսեղ գյուղը, որը գտնվում էր բարձր, անտառածածկ սարի վրա: Այնտեղ ես, ինչպես և շատերը, ծանոթացանք հայ գրող Հովհաննես Թումանյանի հետ, ով սիրահարված էի գեղատեսիլ Լոռվան: Երբ ծանոթացա գրողի հետ, ինձ ապշեցրել էին նրա ալեհեր գլուխը, ջահել դեմքն ու ահավոր բարի աչքերը, բայց ես այդ ժամանակ չէի էլ կասկածում, որ այդ համեստ արտաքինի ներքո թաքնված է այդ գեղեցիկ բանաստեղծությունների հեղինակը. բանաստեղծություններ, որոնց հետ ես ավելի ուշ ծանոթացա ռուսերեն լեզվով:

Մեզ լուր հասավ, որ Քիլիսը վտանգի մեջ է: Մեզանից օգնություն էին խնդրում: Բայց ի՞նչ կարող էինք մենք անել՝ սոված ու տանջված: Ի վիճակի չէինք նույնիսկ հեծելազոր ուղարկել, հետևակի մասին էլ չասած:

Հաջորդ օրը զինվորներ էին գալիս, ովքեր նահանջել էին թուրքերի ճնշման տակ: Նրանց հետ կային նաև սպաներ, այդ թվում հայկական հատուկ բրիգադի հրամանատար ՝ գնդապետ Կ.ն:

Անդրանիկը ժողով հրավիրեց, որտեղ եկածները փորձում էին ապացուցել հետագա պայքարի ողջ անհուսությունն ու պնդում, թե միակ ելքը Թիֆլիս սողոսկելն է:

— Դուք մոռացել եք, սպաներ, բայց ձեր գործն է , արեք այնպես ինչպես ձեզ ձեր խիղճն ու դիրքն են թելադրում: Բայց ես ձեզ հետ անկեղծ կլինեմ, - շարունակում է Անդրանիկը, դժվարությամբ շունչ քաշելով, ու նրա ամեն բառն ասես մտրակի հարված լիներ, - ձեր մտածած պլանին հետևելն իմ և իմ ջոկատի համար անընդունելի է, ես կասեի ամոթալի: Մենք կռվելու ենք մինչև վերջ:

— Բայց ախր դա մահվան դատավճիռ է , — հակաճառվում էին եկվորները:

— Չգիտեմ: Միգուցե և այդպես է: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դուք պետք է հետևեք մեզ:

— Աննպատակ բան է, կրկնում էին ոմանք, ավելի լավ է հանձնվենք:

Անդրանիկը զարմացած նայում էր նրանց:

— Հանձնվենք թուրքերին ինչ է հարցրեց նա հեգնանքով ու կատաղությամբ լի: Դուք կարծում եք դրանք մարդիկ են, ում պետք է հանձնվե՞լ: Ձեր կարծիքով նրանք մի կաթիլ ազնվություն ունե՞ն: Միթե՞ այդ բռի թուրքերը կարող են մեծահոգաբար վերաբերվել իրենց հանձնվող թշնամուն: Կովկասի հայերի սխալն այն է , որ թուրքերի մասին դատելիս, մտածում են այնպես ասես լուսնից են իջել: Նրանք ձեզ կթալանեն, ինչպես սովորական մանր գողերը, կծիծաղեն ձեզ վրա, ինչպես անպատկառները, ու երջանիկ կլինեք, եթե ձեզ ուղղակի սպանեն, ոչ թե խոշտանգումների ենթարկեն… Դուք չեք ճանաչում թուրքերին:

***

Անդրանիկը չկարողացավ նրանց համոզել: Նրանք գնացինք Սանահին՝ հանձնվելու: Ու տեղի ունեցավ այն, ինչը գեներալը կանխագուշակել էր: Հանձնվողների մի մասին թուրքերը սրի էին քաշել, իսկ մյուսներին հաջողվել էր փախչել անտառները:

Այնտեղ՝ անտառներում, ստիպված էր նաև իր ընտանիքի հետ միասին  թաքնվել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Մենք շարժվում էինք լեռնային ճանապարհով դեպի Դիլիջան ու մեզ հետ տանում հարյուրավոր փախստականների, որոնց թիվն օրեցօր աճում էր: Այդ պատճառով մենք շատ դանդաղ էինք առաջ գնում, սակայն այլ կերպ հնարավոր չէր: Քայլում  էինք Լոռու թավ անտառների միջով, բարձր սարերով, իսկ անձրևն ուղղակի անպակաս էր մեզանից…

Մի կերպ հասանք Դիլիջան: Միանգամից զբաղեցրեցինք մեր դիրքերը, որպեսզի կանխենք թուրքերի առաջխաղացումն ու թույլ չտանք Դիլիջանը գրավել:

Սակայն, այդ ժամանակ հայկական, կամ ինչպես թուրքերն էին ասում , Արարատյան կառավարությունը դաշինք էր կնքել թուրքերի հետ (խաղաղության պայմանագիր դաշնակների ու Թուրքիայի միջև, կնքված 1918թ. Հունիսի 4 ին Բաթումում): Մեզ առաջարկեցին թողնելն դիրքերն ու հանձնել դրանք:

Անդրանիկը հպարտ պատասխան ուղարկեց կառավարությանը:

— Չեմ ընդունում ձեր խայտառակ պայմանագիրը: Երբեք չեմ եղել ու չեմ լինի թուրքի ստրուկը:

Թուրքիայի պահանջի համաձայն, հայկական կառավարությունը մեր ջոկատը հայտարարեց խռովարարների ջոկատ, որի գործողությունների համար վերջինս պատասխանատու չէ: Մեզ հայտարարեցին օրենքից դուրս:

Անդրանիկը շարել կարգադրեց ողջ ջոկատն ու ասեց.

— Նա, ով չի վախենում ցրտից ու սովից; նա, ում համար թանկ են իր ազգի շահերը՝ կգա իմ հետևից: Վախկոտներին ես չեմ տանում ու չեմ ներում: Ովքեր վախենում են, թող գնան Էրիվան: Զգուշացնում եմ, ինձ հետ մնացողները պետք է մեռնեն պատվով: Ես չունեմ փող, ուտելիք, հագուստ. եղածը մի քանի հրացաններն են ու երկու հրանոթը: Բայց ես ունեմ հավատ ձեր ուժերի հանդեպ, հավատ, որ գիտակցում եք հայրենիքի առաջ ձեր ունեցած պարտքը:

Կայծակնային Ուրա ով մենք հետևեցինք մեր սիրելի գեներալի խոսքերին ու բոլորս մի մարդու նման երդվեցինք մեռնել նրա հետ, բայց չդառնալ ստրուկ թուրքերին: Ու շարժվեց մեր ջոկատը Գյոկչա լճակի, մոլոկանների գյուղերի՝ Ելենովկայի, Սեմյոնովկայի, (…) ու մի քանի մուսուլմանական գյուղերի կողքով: Մուսուլմաններից ոչ մեկին ձեռք չտվեցինք:

Հունիսի 20-ին հասանք Նախիջևան: Մեզ հետևում էին մոտ 15.000 փախստականներ (Թուրքիայի հայեր)՝ երեխաների, կանանց հետ ու իրենց ապրանքներով: Նախիջևանում Անդրանիկը հրամայեց տեղ-տեղ ուսումնասիրել երկաթուղին, որ Շախտախտի կողմից անվտանգ լիներ: Երկու օր հետո մեր ջոկատը ուղևորվեց դեպի Ջուլֆան, անցավ հայկական Քուզնուտ, Բանանյեր ու մուսուլմանական Քերաչուկ, Շաքյար, Ղումբուլ գյուղերն ու հասավ Ջուլֆա: Ջուլֆայի կամրջին մոտենալիս, նկատեցինք թուրք զինվորների, որոնք չէին հասկանում, թե ով ենք մենք: Դա նկատի ունենալով, հրաման տվեցինք մեր նվագախմբին, որը կազմված էր ջութակից ու ֆելյտայից, թուրքական զինվորական մարշ նվագել: Երիտասարդ սպաներից մեկը բղավեց թուրքերենով.

— Էս ինչու՞ չեք շարվում: Չեք տեսնում, ինչ է, թուրք փաշա է գալիս:

Թուրքերը, հավանաբար հավատացին ու շարվեցին: Պետք է նրաց դեմքերը տեսնեիք, երբ հասկացան, որ թուրքեր չենք: Մեզանից հետ ընկած գեներալ Անդրանիկը հենց այդ պահին հասավ մեզ: Թուրքերը նկատեցին նրան: Մի արաբ, ով դեմքով գիտեր Անդրանիկին, պահ էր մտել կամրջի հետևում ու ուզում էր կրակել նրան: Սակայն, մեր զինվորներից մեկը՝ Ասլանը, ով Անդրանիկի հետ ծառայել էր մոտ 15 տարի, նկատել էր նրան ճիշտ ժամանակին. մոտեցավ ու արաբի վերջը տվեց:  25 զինվորների ու երկու սպաների գերի վերցրեցինք ու ուղարկեցինք Ջուլֆա:

Փախստականները նույնպես ուզում էին կամուրջն անցնել, սակայն Անդրանիկը հրաման տվեց տեղում մնալ. կարևոր բան կար դեռ անելու: Անդրանիկը հրամայեց Ջուլֆայի պահակազորին, ոչ մի պատրվակով չթողնել փախստականներին Պարսկաստան: Ջուլֆայից մի որոշ քանակի լավաշ ու քիշմիշ վերցրեցինք, գիշերն Արաքսի ափին անցկացրեցինք, իսկ առավոտյան շարժվեցինք դեպի Պարսկաստանի խորքերը: Ու այդտեղ սկսվեցին իսկական տանջանքները: Ոչ ջուր ունեինք, ոչ հաց: Մյուս կողմից էլ անտանելի շոգ էր:

Հիշում եմ, ինչպես ցերեկը, երբ շոգն արդեն անտանելի էր դառնում, Արտուշ խանի հետ նստեցինք մի բան ուտելու: Ինձ մոտ դեռ Ալեքսանդրապոլից մնացած շվեյցարական պանիր ու անգլիական բիկսվիթ կար: Հենց դա էլ եղավ մեր նախաճաշը: Ծարավը հագեցնելու ճար, սակայն, չունեինք: Ստիպված էինք աղի ջրից խմել, որն ավելի սաստակցրեց ծարավներս: Ուղղակի անտանելի էր, օդ չկար շնչելու: Զինվորները ՝ տանջված, փոշոտված, մի կերպ շարժվում էին: Մեկ էլ անդադրում Կարապետն ասում է.

— Պարոն պորուչիկ, Իրկուտսկում ավելի լավ էր:

Կյանքս կտայի այդ պահին մի բաժակ ջրի համար: Բայց դրա փոխարեն ստիպված էի փոշի կուլ տալ:

Երբ երեկոն իջավ, շոգը մի քիչ թեթևացավ: Զինվորներն ակտիվացան, ուրախացան, սկսկեցին իրենց ազգային երգերը երգել: Կանգ առանք գիշերելու: Մեր խմբին մոտ եկավ ու նստեց Անդրանիկը: Սկսկեց պատմել , թե ինչպես իր երիտասարդ տարիներին, իր սիրելի հրամանատար Սերոբի (հայ ազգային ազատագրական պայքարի ականավոր գործիչներից մեկը) ղեկավարությամբ լեռներում կռվել են թուրքերի հետ:

— Ի դեպ, ծանոթացեք, իմ ուսուցիչ Սերոբ փաշայի կինն է, - ասեց Անդրանիկը:

Ու մենք տեսանք մի ծեր կնոջ, ով հմտորեն իջավ ձիուց ու մոտենում էր մեզ: Մեզ անչափ հետաքրքրիր էր տեսնել մեծն հրամանատարի կնոջը: Ու մենք հետաքրքրասիրությամբ, բայց միևնույն ժամանակ հարգանքով, սկսեցինք ուսումնասիրել նրան:

— Այս կինը երեք անգամ վիրավոր է եղել: Նա մասնակցել է ամուսնու բոլոր արշավներին: Երբ ես քսան տարեկան էի, - պատմում էր Անդրանիկը,  թուրքերն ինձ ուղարկելու էին ծանր աշխատանքների ընդմիշտ, ու այդ ժամանակ ես եկա Սերոբ փաշայի մոտ: Ու այդտեղ ես տեսա այս երբեմնի գեղեցիկ կնոջը, ով այդպես քաջությամբ հետևում էր իր ամուսնուն ՝ մեկ ինչ-որ փոքրաքանակ ջոկատի գլխավորությամբ, մեկ արաբական ձին հեծած, մեկ ոտքով, մեկ էլ մեր սեղանի շուրջ նստած….

Ես ուսումնասիրում էի այդ կնոջը ու փորձում նրա արևից կնճռոտված ու քամուց այրված դեմքին գտնել այն գեղեցկության հետքերը, որի մասին խոսում էր Անդրանիկը: Սակայն կնոջ կենտրոնացած, մտահոգ դեմքը խոսում էին միայն նրա տրտում հոգու մասին: Միայն մի պահ, եբ Անդրանիկի հետ էր խոսում, երեխայի նման ժխտաց, անթերի հոնքերի տակից երևացին փայլուն ու գեղեցիկ աչքերը… Գիշեր էր: Վաղը մեզ նոր մարտ էր սպասում: Քնելուց Անդրանիկն ինձ ասեց.

— Կոլմակով, ինչ ես ասում, մե՞նք դրանց վերջը կտանք , թե դրա՞նք մերը:

— Կտանք, փաշա, պատասխանեցի ես:

Պառկեցինք քնելու բաց երկնքի տակ: Լռություն էր տիրում, որը խախտում էին միայն տանջված զինվորների խռմփոցն ու դաշտում արածող ձիերի խրխնջոցը;

Ջուլֆայի մոտ

Վաղ առավոտյան շարժվեցինք՝ կրկին առանց ջուր, հաց, ծարավ ու փոշուց խեղդվելով: Զինվորները մի կերպ էին շարժվում:

Ու հանկարծ խոլերայի առաջին զոհն ունեցանք.մահացավ հենց այն Ասլանը, որը մի անգամ չէ որ փրկել էր Անդրանիկի կյանքը: Բոլորիս մոտ վախ առաջացավ:

Դեռ չէինք հասել հայկական Սեյդաբար գյուղը, երբ թուրքերը զբաղեցրեցին իրենց դիրքերը, տեղադրեցին հրանոթները թաթարական Էվանկու գյուղի մոտ ու կրակ բացեցին: Այդ պահին մեզ հետ էր միայն 400 հոգանոց հեծելազորը: Հետևակը, հրետանին ու հրանոթները մեզանից տանսհինգ մղոն հետ էին մնացել: Անդրանիկը որոշեց չսպասել նրանց հասնելուն, հրաման տվեց պատրաստվելու, իսկ ինքը հագավ զինվորական շինել, որպեսզի ուշադրություն չգրավեր ու չդառնար թուրքերի թիրախը:

Մի ճանապարհ ունեինք հարձակվելու համար, և այն անցնում էր կիրճով, որի դիմաց տեղակայված էին թուրքական ստորաբաժանումները: Կիրճով գնալը նույնն էր թե, ինքներս մեզ թաղեինք այնտեղ: Սակայն Անդրանիկը հրաման տվեց.

— Անցնե՛լ կիրճով. Երկու հարյուրդ՝ ձախից, մնացած երկու հարյուրդ՝ աջից, շրջափակե՛ք թուրքերին ու դրանց վերջը տվե՛ք:

Մտովի արդեն հաջողություն էի ասում իմ Սիբիրին.Արևմտյան ճակատում չորս տարվա ընթացքում դեռ երբեք հարձակման այսպիսի ձև չէի տեսել: Կիրճով հարձակվելն ուղղակի խելահեղություն էր: Անդրանիկը ձի թամբեց, մերկացրեց սուրն ու գոչեց . «Իմ հետևից, ուրաա»:

— Ուրաաա, — գոչեցինք մենք ու մտանք կիրճը:

Հրանոթները թնդացին, հրացանները ճրթճրթացին: Փամփուշտների տարափի ներքո, մենք մտանք կիրճը: Երկու հարյուրը՝ աջից, երկու հարյուրը ՝ ձախից: Անդրանիկն իր հետ վերցրեց մոտ երեսուն հեծյալների ու շարժվեց դեպի հրանոթներն ու թնդանոթները: Վայրկյենական խլեց հրանոթներն ու թնդանոթները, ու գերի վերցրեց թուրքերի հրամանատարներին՝ գերմանացի սպաներին:

Ամեն մի թիզ հողի համար ստիպված էինք կռվել. թուրքերը մոլեգնաբար էին պաշտպանվում: Իրար էին կոտորում, ծակում: Ընկնում էին ձիերից ու գետնին ընկած իրար խեղդում: Սակայն մեր հարձակումն այնքան անսպասելի ու արագ էր, որ թուրքերը չդիմացան: Նրանց մի քանի խմբերի բաժանեցինք ու երեկոյան արդեն Խոյ քաղաքի մոտ էինք: Ոչինչ չէին հասցրել տանել. բոլոր իրերը, նույնիսկ ուտելիքը գետնին ընկած էր:

Որոշեցինք գիշերել Սեյդաբար գյուղի մոտ: Այնտեղ տեսանք ընդամենը տասներկու հայ, որոնց ասելով, հայերին այնտեղ սրի են քաշել, ասորիները, թուրքերի ճնշման տակ գնացել են դեպի Ուրմիա, իսկ Սալմաստի հայերը փախուստի են դիմել: Այդ հանգամանքը կարևոր դեր ունեցավ մեր ջոկատի հետագա առաջխաղացման համար: Մեր Խոյ գալուց ինն օր առաջ, այդտեղ է եղել թուրքական դիվիզիան: Հաջորդ օրը՝ հունիսի 21- ին, ջոկատը Սեյդաբարից շարժվեցինք դեպի Խոյ: Երբ մոտենում էինք, թուրքերը թեթև կրակ բացեցին, որը գնալով ուժեղանում էր: Կրակոցների տակ, Անդրանիկը՝ ձին հեծնած, հրամաններ էր արձակում(…)

Քաղաքը շրջապատող սարերում թաքնված թուրքերի դեմ հրետանին կրակ բացեց: Հետևակը շարժվեց դեպի քաղաքը, որտեղից թուրքական ստորաբաժանումները, պարսիկների հետ միասին, սկսեցին կրակել  թնդանոթներից: Սակայն ոչինչ չէր կարող վախեցնել մեր զինվորներին: Քաղաքը գրավված էր: Թուրքերը՝ ահռելի վնասներ կրելով, փախան: Մարտը ավարտին էր մոտենում:

Անդրանիկը նստել էր հայտնի հայ առաջնորդ Վարդանի գերեզմանի կողքին ու հանգիստ ծխում էր: Դեռ չգիտեինք մեզ ինչ է սպասվում:  Սալմաստի կողմի մայրուղուց փոշի էր բարձրանում: Որոշ ժամանակ անց տեսանք մեզ մոտեցող թուրքական հեծելազորը: Հետևից գալիս էր հետևակն ու հրետանին: Իրավիճակը լրջանում էր: Մենք ընդամենը 3000 հոգի էինք: Մեր հեծելազորն ի զորու չէր դիմակայելու հակառակորդի հեծելազորին: Թե ձիերը, թե զինվորները հոգնել էին երկու օր տևած մարտերից ու ի վիճակի չէին հակահարված տալու մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամուն: Սակայն հոգնածությունն ու սովը մոռացության մատնվեցին մեր պարտքի զգացողության առաջ:

Թուրքական հետևակը սկսեց հարձակումը: Արաբ հեծյալներն իրենց ընտիր ձիերին հեծնած, սրերը մերկացրած գալիս էին դեպի մեզ: Ուշքի բերելով մարտերում տանջահար եղած ձիերին, մեր հեծյալները նույնպես շարժվեցին առաջ: Բոլորից առաջ գնում էր Անդրանիկը, սուրը մերկացրած: Իրար բախվեցին երկու անհավասար ուժեր: Սկսկեց սարսափելի մի ձեռնամարտ, որը դարձավ երկու ազգերի միջև վայրի մի պայքար: Իրար կոտորում էին թրերով, որոնք արնաշաղախ վերուվար էին լինում: Հրացանների կոթերով իրար գլուխ էին ջարդում ու իրար ձեռքից զենք խլում: Հրացանների ձայները, թնդանոթների դրմբոցը, ձիերի դոփյունը, վիրավորների տնքոցները խառնվել էին իրար ու դարձել մի անտանելի քաոս:

Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր: Անդրանիկն ընկավ ձիու հետ միասին: Միթե՞ նա զոհվել է: Մոտենում եմ նրան ու տեսնում, որ ամբողջովին արյան մեջ է: Կանգնում է ու ասում:

— Ջուր տուր…

Նրան ջուր տվեցի: Խմեց ու կրկին ընկավ: Դառը իրականությունից դողալով, ես թեքվեցի դեպի գեներալն ու հասկացա ինչ էր եղել.արևային հարված էր ստացել: Վեր կացավ, ձին արդեն չէր շնչում, վերցրեց սուրը, Ուրաաա գոչելով կրկին հարձակվեց թշնամու վրա: Թե հեծելազորը, թե հետևակը ասես նոր կյանք ստացան ու այնպիսի հարված հասցրեցին թշնամուն, որ վերջինս վախից սկսեց փախչել:

Կոտորված թշնամուն հետապնդելիս ու միգուցե հաղթանակից արբած, հեծելազորի մի քանի հրամանատարներ թշնամուն հնարավորություն էին տվել սողոսկելու և թիկունքից հարվածելու: Սակայն ինչ կարող էին անեին. մենք 3000 հոգի էինք, նրանք՝ ընդամենը երկու դիվիզիա:

Հանկարծ, հակառակորդը սկսեց կրակել քաղաք տանող մայրուղու ուղղությամբ: Ի՞նչ կարող էր դա նշանակել: Բոլորս շվարել էինք: Մեր հետևում մի ահավոր բան տեսանք: Տեսանք, թե ինչպես մեր զինվորները առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, կամաց-կամաց լքում էին դիրքերը: Որոշոցինք, որ թուրքերը մեզ շրջանցել էին Վան տանող ճանապարհի կողմից, կոտորել էին Առաջին գումարտակը, որը, նահանջելու ժամանակ ընկել էր հրետանու կրակի տակ: Մենք շրջապատված էինք: Մահվան ժամը եկել էր: Այդ սարսափելի միտքը կայծակի նման փայլեց գլխումս:

Անդրանիկը նահանջելու հրաման արձակեց: Երբ մոտեցանք այն տեղին, որտեղ կարծում էինք, նահանջել էր Առաջին գումարտակը, սարսափ ու միաժամանակ չարություն զգացինք: Դա ոչ թե Առաջին գումարտակն էր, այլ փախստականները: Այն փախստականները, որոնց Անդրանիկը չթողեց Ջուլֆա: Ջուլֆայի պահակախումբը չէր կարողացել զսպել այդ քսան հազարանոց զինված խումբը, որը լավայի նման հոսել էր մեր հետևից: Մեզանից ոչ մեկ չգիտեր այդ մասին. մինչ մենք կռվում էին թուրքերի հետ, նրանք մոտենում էին ամրոցին, ճանապարհը փակելով իրենց մոտ ունեցած սայլերով: Թուրքերը, հավանաբար կարծելով թե դա մեր հրետանու պահոցներն են, կրակ են բացել: Իսկ փախստականները հանկարծակի են եկել ու խուճապահար այս ու այն կողմ փախել: Թողել են երեխաներին, իրենց ունեցվածքը ու իրար հրմշտելով հետ վազել: Մեր զինվորներին թվացել էր, թե թուրքական զորամասերն են նահանջում, դրա համար թողել էին իրենց դիրքերը: Փախստականները խառնվել էին հեծելազորի ու հետևակի հետ ու խուճապահար վազվզում էին մայրուղով մեկ: Հնարավոր չէր ոչինչ անել: Կանայք աղիողորմ լացում էին, երեխաները՝ մայրերի փեշերից բռնած, վազում էին նրանց հետևից: Վախեցած ձիերն ու ցուլերը ոտքի տակ էին տալիս այն ամենը ինչ հայնտվում էր իրենց ճանապարհին: Թուրքերը շարունակում էին կրակել: Ու այդտեղ զինված պարսիկները մյուս կողմից, կրակում էին ու սարսափի ենթարկում փախստականներին:

Ողջ մայրուղին ծածկվել էր լքված սայլերով: Քիշմիշի պարկերն ընկած էին ճանապարհին: Սպանված, ճզմված երեխաներն ու կանայք շաղ էին գալիս արյան մեջ: Վախենում էի: Վախենում էի ոչ թե այն պատճառով, որ այն կամուրջը, որով իմ հեծելազորն անցնելու էր, բոլոր կողմերից շրջապատված էր թուրքերով: Սարսափելի էր այն, որ ձիս ոտքը ուր դներ, երեխայի ծղրտոց էր գալիս: Բոլոր կողմերից ես լսում էի այդ ձայնը: Ես նրանց չէի տեսնում. նրանց թողել էին մայրուղու կողքին հնձած ցորենի մեջ: Ահավոր էր…

Շարժվեցինք դեպի կամուրջը. սկսկվեց մի նոր ձեռնամարտ: Մի քանի զոհեր ունեցանք, սակայն ճեղքեցինք պաշարումը:

Հասանք նահանջողների հետևից: Երբ անցնում էինք փախստականների կողքով, կանայք բռնվում էին սանձերից ու խնդրում, որ չթողնենք նրանց: Նրանք չէին հասկանում, որ ուզում ենք շրջանցել իրենց, որ կանգ առնենք ու բաժանենք մեր ջոկատը փախստականներից:

Մենք չգիտեինք, թե այդ պահին ինչ է կատարվում Ջուլֆայի կամուրջին: Հնարավոր է, կամուրջն արդեն թուրքերի ձեռքում է , այդ դեպքում մենք՝ փախստականների հետ միասին, դիակ ենք…

Խեղճ Անդրանիկը այնքան էր հյուծվել, որ ի վիճակի չէր նույնսիկ ձի թամբել: Նա նստել էր  փախստականների սայլերից մեկն ու մեզ հետ գալիս էր: Ամբողջ գիշեր գնում էինք:  Գնում էինք առանց կանգ առնելու: Վաղ առավոտյան հեռվում նկատեցինք Ջուլֆայի կամուրջը: Նշանակում է, թուրքերը դեռ չէին հասցրել այն վերցնել: Ահա և կամուրջը: Անդրանիկը նստել էր կամրջի սկզբնամասին ու տխուր հայացքով նայում էր իր կողքով անցնող փախստականներին: Ջոկատը կանգ առավ կամրջի մոտ, իսկ փախստականները գնում էին դեպի Նախիջևանը: Մոտեցա Անդրանիկին ու նստեցի նրա կողքին:

Մեզ ուտելիք բերեցին.սկսեցինք ուտել ու մտածել, թե ինչ ենք անելու հետո.գնանք Բաքվի թե՞ Ղարաբաղի ուղղությամբ: Փախստականներին զինվորներից առանձնացրեցինք: Հավաքեցինք մեր զորամասերն ու շարժվեցինք դեպի Ղարաբաղ:

Գորիսում

Հարկավոր էր անցնել թաթարական Յայջի գյուղը, որն ընկած էր մեր ճանապարհին: Անդրանիկը թաթարներին խոստացավ ապահովել նրանց անվտանգությունը, եթե թողնեն ջոկատին գյուղով անցնել: Թաթարները պատասխանեցին.

— Թե մեզ քսան հազար ռուբլի տաք, կթողնենք անցնեք, ու մի երկու հոգու էլ կասենք ձեզ ուղեկցեն: Հակառակ դեպքում, բոլորիդ կկոտորենք:

Անդրանիկը բորբոքվեց.

— Քսան րոպեում վերցնել գյուղը,- եղավ նրա հրամանը:

Սկսեցինք հարձակումը: Թաթարները հազիվ հասցրեցին մի երկու անգամ կրակել, չնայած համ զինվորներ ունեին համ թուրքական սպաներ: Քսան րոպեում գյուղը մերն էր: Վերցրեցինք երկու հրանոթ, փամփուշտներ ու հրացաններ: Կոտորեցինք բազմաթիվ թաթարական բանդաները: Անցանք Տեր ու Աղա գյուղերով: Ու այդտեղ սկսվեցին մեր տանջանքները: Երկար անցումներից հետո հոգնածությունը, հիվանդությունները, չքնելը, բժշկական օգնության պակասը ազդել էին զինվորների վրա: Տարբեր համաճարակներ սկսեցին տարածվել թե զինվորների, թե փախստականների շարքերում: Սարսափելի վիճակ էր. Ամենուր սևացած դիակներ էին ընկած: Մահանում էին և երեխաները, և մեծերն ու կանայք:

Անդրանիկը ուզում էր հանգիստ տալ զինվորներին մինչև Ղարաբաղ շարժվելը, երբ Նախիջևանից վատ լուրեր ստացանք: Թուրքերը հայտարարություններ էին տարածել, թե երեք օրից մտնելու են Նախիջևան:

Իմացանք, որ բոլշեվիկները զբաղեցրեն ել Մյուսուսլի կայարանը, անգլիացիները ՝ Թավրիզը, իսկ Թուրքիայում հեղափոխություն է բռնկվել: Նախիջևանի հայերին սպառնում էր կոտորած ու սպանդ: Նախիջևանից մեզ մոտ էին եկել հայերի անունից հանդես եկող Աշոտ Մելիք-Մուսայանցն ու պրապորշչիկ Խաչատուրյանցը: Նրանք առաջարկում էին , որ մեր ջոկատը մեկնի Նախիջևան, որտեղ մեզ կտրամադրեն 6000 զինվորներ:

Ջոկատով Ապրակունիս հասնելուց հետո, մենք սկսեցինք կազմակերպել պաշտպանությունը ու ականատես դարձանք տեղի վաշտերի  անկազմակերպվածությանը… մոբիլիզացիայի մասին հրամանը չէր իրականացվել ու պարզ էր. թե ինչու. ոչ ձիերին կերակրելու բան ունեին, ոչ հագուստ, կոշիկ, ոչ էլ մթերք:

Թուրքերի հարձակումը սկսկվեց անասելի արագությամբ, միանգամից երկու ուղղությամբ՝ Շախտախտ ու Ջուլֆա: Ինչ վերաբերում է մեզ, մենք թույլ էինք, վատ կազմակերպված, հոգնած ու չունեինք բավարար զինամթերք: Բայց նույնիսկ այդ վիճակում Անդրանիկն անկոտրում էր:  Հարձակման եկան երկու դիվիզիաներ, ուժեղ հեծելազորով, որոնք կրակում էին ուր պատահի: Ինձ անձամբ հրաման էր տրվել հարձակում կատարել Նեգրամ գյուղի վրա, որտեղ թաքնված էին թուրք զինվորները:

Նեգրամցիները քաջությամբ էին կռվում, ամեն մի քայլի համար ստիպված էինք կռվել: Նեգրամի թաթարները շատ դիպուկ էին կրակում: Նրանցից լավագույններին տեղավորել էին մզկիթների կտուրներին, որտեղից նրանք մեզ ճնշում էին: Հասել էինք մզկիթին ու արդեն վերցնելու էինք այն, երբ վրա հասան թուրքական ջոկատները: Ստիպված նահանջեցինք:

Անդրանիկն արդեն հասել էր Նախիջևան ու ուր որ է խփելու էր թուրքերին թիկունքից: Բայց ինչ կարող էինք անել մենք . խեղճ ու կրակ երկու հազար զինվորներ, թուրքական քառասուն հազարանոց բանակի դիմաց: Ուժասպառ, հեծելազորի ուժեղ կրակողների տակ մենք փորձում էինք պահել թշնամուն մինչև որ բոլոր փախստականները ապահով էվակուացվեին:

Մարտը մի ամբողջ օր տևեց, ու հաջորդ օրը՝ անուժ, տանջված ու քաղցած, մենք նահանջեցինք դեպի Բիսթ գյուղը:

Թուրքերից ազատվեցինք, բաըց խոլերայից ու մնացած հիվանդություններից չէինք կարողանում ազատվել: Նրանք շարունակում էին մեզ հետապնդել:

Հասանք մինչև Չանանաբ գյուղը: Այդտեղ Օրդուբադ քաղաքից մեզ մոտ մի ռուս տեխնիկ էր եկել, որը խնդրում էր Անդրանիկին ազատ արձակել  Բաքու- Ջուլֆա երկաթ գիծը սպասարկող  ռուս ինժեներներին ու տեխնիկներին: Թաթարները նրանց պահում էին իրենց մոտ, նսեմացնում նրանց ու սովի մատնում:

Բայց մեր սիրելի գեներալը խոլերայով հիվանդ էր: Շատ վատ ժամանակահատված էինք մենք ապրում: Այնքան դժվար էր մեր բոլորի համար: Ինչ կարող էինք մենք ՝ փոքրիկ մարդիկս, առանց առաջնորդի:

Զինվորները գնում գալիս էին ընկճված: Բոլորը դողում էին Անդրանիկի կյանքի համար: Սակայն, երևում է, ժամը դեռ չէր հասել: Աստված լսեց մեր աղոթքները: Եկա նրա մոտ, իսկ նա ժպտաց  ու ասեց.

— Պորուչիկ, աչքերիցդ տեսնում եմ, խոլերայից վախենում ես: Պետք չէ վախենալ: Բոլորս էլ մեռնելու ենք: Բայց մեռնելուց առաջ ուզում եմ Աստծուն զեկուցեմ ամեն ինչի մասին: Չէ որ մեզ ոչ ոք չի ուզում ընդունել ու ճանաչել.ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը,- ծիծաղելով ասում էր Անդրանիկը:

Հետո աչքերիս մեջ նայեց ու կրկին հարցրեց.

— Վախենում ե՞ս խոլերայից:

Նա ճիշտ էր, ես վախենում էի:

Անդրանիկն ապաքինվեց. բոլորի երեսին ժպիտ եկավ:

— Պարոն պորուչիկ, մի ռուսական պար պարի,- բղավում է Կարապետը:

Ֆլեյտայի ձայնը եկավ: Զինվորները սկսկեցին ծափ տալ: Խրոխտ Թադևոսը տեղից թռավ ու սկսեց պարել:

— Ռուսական մի բան նվագեք, բղավում է կրկին Կարապետը. Սիբիրինն ենք պարելու:

Ու սկսկեցինք բոլորս պարել: Կողքուբոլորդ նայելուց կսարսափեիրր՝ մեռած գյուղ, ամենուր խոլերային դիակներ, սառած աչքեր, ջղաձգված ձեռքեր ու ոտքեր: Մահվան պար..

Վեց օր անց առաջ շարժվեցինք, փախստականներն էլ մեր հետևից: Առավոտից իրիկուն բարձրանում էինք ձնոտ գագաթը: Ձիերը, մարդիկ ընկնում էին կամ հոգնածությունից կամ գիշեր ցերեկ չդադարող թաթարական փամփուշտներից:

Նավֆանի միջով հասանք մինչև Ղափան ու քաթարական գործարաններ: Քաթարական թաղամասում մուսուլմաններն ու հայերը հանգիստ ապրում էին կողք կողքի: Համ տարօրինակ էր համ էլ ուրախալի այդ խաղաղ համակեցությունը տեսնելը:

Մթերք գրեթե չունեինք, դրա համար ստիպված էինք շարժվել դեպի Հերյուսին, հույսներս դնելով տեղի բնակիչների օգնության վրա: Չունենալով ոչ մի տեղեկություն , թե ինչ էր կատարվում Բաքվում, Թիֆլիսում ու Էրիվանում, մենք հասանք Հերյուսի:

Այն գտնվում էր հովտում, բոլոր կողմերից շրջապատված էր բնությամբ ու կազմված էր փոքրիկ տներից՝ ծածկված կարմիր կտուրներով ու գեղեցիկ դասավորված փողոցներով: Այդ փոքրիկ քաղաքը մեզ հիշեցնում էր հեռվում թողած մեր Սիբիրի մասին:

Սարերում ութ ամիս դեգերելուց հետո առաջին անգամ մենք հանդիպեցինք բանիմաց մարդկանց: Հերյուսին մեզ այդ պահին թվաց դրախտավայր, մշակույթի ու քաղաքակրթության օրրան: Այնքան վաղուց չէինք տեսել խաղաղ մարդկանց, չէինք քնել փափուկ մահճակալներին, չէինք նստել ճոխ սեղանների շուրջ: Դաշնամուրի հնչյունները, վալսի հիասքանչ մեղեդին մեզ տեղափոխեցին մոռացված երջանկության գիրկը: Ակամայից արցունքներ էին գալիս, երջանկության արցունքներ ու սրտներս արագ խփում էր: Մեր լարված նյարդերը այդ հանգստի կարիքը վաղուց ունեին… Այնքան երջանիկ էինք: Շուրջ բոլորը ամեն ինչ ծաղկում էր. այնքան հրաշալի էին այնտեղի այգիներն ու այնքան հիասքանչ էին լուսնի ներքո գիշերները:

Այդ հիասքանչ լռության մեջ դժվար էր հավատալ, որ այդքան ծանր ու դաժան օրեր ենք ապրել: Թվում էր հիվանդ հոգու զառանցանք էր այդ ամենը՝ ազգերի այդ դաժան կոտորածը, որում մենք մասնակցում էինք: Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Չէ՞ որ կյանքն այդքան հիասքանչ է, այդքան բուրավետ: Ոզում ես սիրել բոլորին, բոլորին, ողջ աշխարհը: Ինչպե՞ս կարող էի ձեռք բարձրացնել իմ նման մարդու վրա:

Ու ասես իմ հարցին ի  պատասխան, լսում եմ հրանոթների դղրդոցը, աչքիս առաջ են գալիս երեխաները, կանայք ՝տանջված, ծվատված, սոված ու անմարդկային թշնամու կողմից քշված: Տնքոցներ, արցունքներ…

Ու ձեռքս ակամայից շարժվում է դեպի սուրն ու ամուր սեղմում դրա կոթը…

Պատմության շարունակությունը կարդացեք այստեղ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո