Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պորուչիկ Կոլմակով.  Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 1)
Հուշ

Պորուչիկ Կոլմակով. Անդրանիկն ու 210 հայ մարտիկները (մաս 1)

Պորուչիկ Կոլմակովը եղել է մասնակիցը  բոլոր այն  մարտերի, որոնք Առաջին հարվածային գունդը լեգենդար Անդրանիկի հրամանատարությամբ (1865—1927) վարել է 1918ի գարնանն ու ամռանը թուրք օկուպանտների ու նրանց աջակցող մուսավաթական հրոսակախմբերի դեմ: Կոլմակովի նկարագրած իրադաձություններն ու փոխանցած տեղեկություններն անփոխարինելի են իրենց ստուգությամբ ու օբյեկտիվությամբ:

1919 թ. Բաքվի Մեր ժամանակը թերթում լույս է տեսնում Կոլմակովի հեղինակած հոդվածների շարքը «Պատմական հայկական վաշտը» վերնագրով: Հոդվածը սկսվում  է Սիբիրում նրա ծառայած  հայկական վաշտի նկարագրությամբ, որը պատրաստ էր օգնելու Ռուսաստանին այդքան նվիրված հայ ազգին՝ նրա ազատագրական պայքարում:

Թուրքահայաստանի մասին դեկրետի ընդունումից անմիջապես հետո (ՌԽՖՍՀ ժողկոմխորհի որոշումը Արևմտյան Հայաստանի ինքնորոշման մասին, 1917թ.) Սովետական Ռուսաստանի կառավարությունը հետամուտ է լինում իր տարածքում հայկական կամավորական ջոկատների ստեղծմանը (աջակցում է նրանց նյութապես և բարոյապես), որոնց նպատակն էր պայքարել թուրքական օկուպանտների դեմ: Կոլմակովը հանդես է գալիս որպես այդ դեպքերի ականատես, օբյեկտիվորեն շարադրում ու նկարագրում է տեղ գտած իրադարձությունները:

Կոլմակովի պատմական ակնարկում տեղ են գտել 1913թ. Անդրկովկասում տիրող քաղաքական իրավիճակը, հայերի դրությունը Ալոքսանդրապոլի գավառում, Զանգեզուրում, Նիխիջևանում և Ղարաբաղում, ինչպես նաև այդ շրջաններում ապրող հայերի նկատմամբ տեղի ունեցող թուրքական վայրագությունները: Փաստաթղթում Կոլմակովը հերքում է այն հերյուրումները, թե Անդրանիկն իր ջոկատով ջարդեր է իրականացրել ադրբեջանական Յաղջն բնակավայրում:

Կոլմակովն անդրադառնում է նաև դաշնակնցական ղեկավարության ու Անդրանիկի միջև եղած հակասություններին: Այդ հակասությունների սրացումը հանգնում է նրան, որ դաշնակները Անդրանիկին օրենքից դուրս են հայտարարարում,  քանի որ վերջինս չէր ճանաչել Թուրքիայի հետ 1918 թ.  Բաթումում կնքված խայտառակ պայմանագիրը:

Անդրանիկն ասում է Կոլմակովին. «Ախր մեզ ոչ ոք չի ցանկանում ճանաչել ՝ ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը… Ում դիմենք զեկույցով, եթե ոչ Աստծուն..»

Կոլմակովը նախատում է Ռուսատանի ղեկավարությանը, որը չէր գնահատում ազնվաբարո հայերին ու չէր գիտակցում, որ այլ ղեկավարների դեպքում նրանք ունակ էին հրաշքներ գործելու:

Տվյալ հրապարակումը, ըստ մեզ, հետաքրքիր է ոչ միայն պատմաբանի համար, ով զբաղվում է հայերի ազգային ազատագրական պայքարի ու դրանում Անդրանիկի դերի ուսումնասիրությամբ, այլ այն ընթերցողների, ում համար լեգենդար Անդրանիկի անունը թանկ է:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՇՏԸ

Սիբիրում

Իրկուտսկ, 1917թ. դեկտեմբեր

Իրկուտսկի բնակչության համար մղձավանջային այդ օրերին, երբ ամենուր պայթում էին արկերը, անդադար հնչում հրացանների ձայնն ու ավերում ամեն ինչ, որտեղից որտեղ հայտնվում են թուխ, սևաչյա, սևահեր, մոխրագույն համազգեստ կրող կարգապահ մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնում խաղաղ բնակչությանը: 210 հայ ռազմագերիներից բաղկացած վաշտն էր, որին անհայտ պատճառով կամ Ռուսաստանի հանդեպ տածած համակրանքի համար որպես շնորհակալություն էվակուացրել էին Սիբիր:

Վաշտում մարդիկ էին, ովքեր չորս երկարուձիգ տարիներ անցակցրել էին քաղցի, ցրտի ու գերության պայմաններում: Իրկուտսկի բնակիչները սկզբում անվստահությամբ դիմավորեցին նրանց: Սակայն շուտով կասկածամտության սառույցը սկսեց հալվել… 45 աստիճան սառնամանիքի պայմաններում, զրկված լինելով հարմարավետ համազգեստներից, նրանք անտրտունջ կերպով կատարում էին քաղաքը պաշտպանելու իրենց պարտականություններն ու հետախուզական աշխատանքները:

Բնակչության տրամադրությունը բարձր էր. քայլում էին նրանք հանգիստ փողոցներով, քանի որ ի դեմս հայկական վաշտի ունեին վստահելի պաշտպաններ: Լինում էր ասենք, մեր զինվորնեից մեկը քայլում էր փողոցով, մեկ էլ մի ինչ-որ կին կբռներ ձեռքից ու կասեր. «Աաա՜ Կարապետիկ, գնանք ճաշենք մեր տանը»:Իսկ մեր Կարապետը կժպտար միայն ու հպարտ կքայլեր, իսկ նրան տեսնողները բարեհամբույր կխոնարհվեին նրա առաջ: Իրկուտսկի գրեթե բոլոր բնակիչները նրանց անվանապես ճանաչում էին, ու իրենց պարտք էին համարում հայերենով ասել  «Գնանք ճաշենք» : Ու ապրում էր այդպես հայկական վաշտը Իրկուտսկի մարդկանց հետ ասես մի ընտանիք, որոնց դռները միշտ բաց էին նրանց համար:

Քայլում է հայկական վաշտը փողոցով, մեկ էլ ինչ-որ եկվոր կհարցներ. « Ովքե՞ր են, յունկերներ են ինչ է՞ »:

— Ոչ, մեր հայկական վաշտն է , — հպարտությամբ պատասխանում է տեղացին:

— Զգում եմ, որ այստեղից չեն, ինչ-որ թուխ են շատ, — ասում է եկվորը:

Բոլշեվիկները գնատահում էին հայերի ազնիվ աշխատանքն ու փորձում էին ողջ ուժերով օգնել նրանց… Կամաց-կամաց Իրկուտսկում իրավիճակը հանդարտվում էր, իսկ Կովկասից նամակ-կոչեր էին հասնում հայերին ՝  գալու ու իրենց հայրենիքր պաշտպանելու մասին: Մեր զինվորները նույնպես սկսկեցին խոսել գնալու մասին: Խնդրում էին, որ թույլատրենք նրանց մեկնել Կովկասյան ճակատ:

— Ախր այստեղ լավ եք զգում ձեզ, — փորձում էին համոզել նրանց:

— Դա մեր պարտքն է,— հնչում էր նրանց հակիրճ պատասխանը:

Վաշտը կազմեցինք ու բնակության հասցեներն էինք ճշտում. մահվան պարագայում պետք կգար:

— Մկրտիչ, որտե՞ղ է քո տունը:

— Չիկա տուն: Մորս, հորս, կնոջս, երեխաներիս թուրքերը կոտորելով սպանել են: — Նույնն էր հաջորդի, երրորդի պատասխանը, ու այդպես 210 հոգի:

Մեր՝ Սիբիրի ժողովրդի համար դա վայրենի ու միաժամանակ ողբերգական էր հնչում. Ինչպես թե՞ կոտորելով սպանել: Ինչի՞ համար: Ու միայն նրանց հետ ունեցած երկար զրույցներից հետո հասկացանք այդ ազգի տառապանքների ողջ սարսափն ու մեծությունը.

Մեկնելու ժամը եկել էր, սակայն շնորհիվ իրեն նվիրված ու անշահախնդիր ծառայության, զինվորները գումար ընդհանրապես չունեին: Ինչպե՞ս էին ճամփա ընկնելու առանց փող: Ու այստեղ էր, երբ ողջ Իրկուտսկը մի մարդու նման ոտքի կանգնեց: Բնակիչները սկսկեցին երեկոներ կազմակերպել, տարբեր տեղերից գալիս էին նվիրատվություններ, կինեմատոգրաֆների ունեցած ողջ հասույթը փոխանցվեց հայկական վաշտին: Անտարբեր չմնացին նաև քաղաքային իշխանությունները:

Մեկնելու օրն էր: Դեռ վաղ առավոտից քաղաքը զարդարել էին դրոշներով: Բոլոր բնակիչները դուրս էին եկել ճանապարհ դնելու իրենց պաշտպաններին: Բոլոր ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկությունները, խանութներն ու գրասենյակները փակ էին: Ճամփորդների պատվին նվագում էր փողային նվագախումբը: Բոլշեվիկներն իրենց հերթին, կայարանում շարել էին իրենց պահակախմբին ու զարդարել գնացքը դրոշակներով: Մարդիկ գնացք էին տանում այն ամենն, ինչ հարկավոր էր հեռավոր ճանապարհ գնացողին: Բոլորը հուզված էին: Հրաժեշտի պահը եկավ: Իրար հրաժեշտ էին ասում հարազատների նման՝ արցունքները աչքերին: Հնչում է երրորդ զանգը: Սկսում է երաժշտությունը: Գնացքը շարժվում է: Վագոններից լսվում է  միաձայն Ուրաաա՜: Ի պատասխան դրան, ճանապարհողները՝ արցունքները աչքերին, թաշկինակներն էին թափահարում ու օդային համբույրներ ուղարկում:

Հետևում մնացին հարազատ քաղաքի վերջին տները… Մենք մտածում էինք այդ թուխ զինվորների, այդ ազնվաբարո մարդկանց մասին, որոնց հետ միասին սլանում  էինք անսահման Ռուսաստանի տարածքով: Եվ այդ մտորումների մի  իտք կար, որը մեզ հանգիստ չէր տալիս. կարողանալու ենք արդյո՞ք  մեր հայրենիքը կործանումից փրկած, մեզ այդքան հարազատ ու մեզ համար այդքան թանկ մարդկանց փոխհատուցել նույն կերպ: Սլանում է գնացքը Սիբիրի թավախիտ անտառներով  որոնք ծածկվել էին ձմռան շղարշով: Զինվորներից Թադևոսը պատուհանից դուրս է նայում ու արցունքները աչքերին քթի տակ թափառականի ինչ-որ երգ է երգում.

— Կռու՜նկ, ուրտեղից գուկա՞ս….

— Ռուսաստանում և Կովկասում

Դեռ Սիբիրում էինք: Ձյան մեջ պարփակված անծայրածիր երկիր… Անժարսկայա կայարանն: Գիշեր: Բոլորը քնած են: Լսվում են բարձր ձայներ:  Աղմուկով վագոն են մտնում ինչ-որ հանձնակատարներ, պահանջում են անմիջապես հանձնել զենքերը: Ահազանգի հետ հավասար, մերոնք հավաքվում են տախտակամածին ու ի ցույց դնում իրենց  մարտական պատրաստակամությունը, ցուցադրելով զենքերը: Այդ հանդգնությունը, հավաանաբար, ազդում է բոլշեվիկների վրա:

— Ովքե՞ր եք, — արդեն անվստահ ձայնով հարցնում են նրանք:

— Հայ ենք: Գնում ենք Կովկասյան ճակատ:

 Բոլշեվիկները ներողություն խնդրեցին ու գնացին: Գնացքը շարժվեց: Անցնում ենք Չելյաբինսկը. դրա հետևում մնաց հարազատ Սիբիրը, իր թավ անտառներով ու ճրթճրթան սառնամանիքով: Բոլորիս համար դժվար էր: Զինվորները հասկանում էին մեզ ու փորձում սփոփել:

— Ոչինչ, պարոնայք, կգնանք Հայաստան՝ տաք կլինի, ամեն ինչ լավ կլինի, — ասում է իմ հավատարիմ Կարապետը, ով մի անգամ չէ որ կյանքս փրկել է:

Դեռ երկար գնացինք Ռուսաստանով, նրա անծայրածիր դաշտերով… Հասանք Ռոստով: Միացանք Կիեվից, Խառկովից, Մոկվայից ժամանած հայ կամավորական էշելոններին: Բոլորը՝ թե աղջիկ, թե տղա ուսանողներ, գնում էին պաշտպանելու իրենց հայրենիքը: Կազմեցինք երկու էշելոն ու շարժվեցինք առաջ… Հասանք Տուապսե: Նստեցինք շոգենավ և չորս օր տևած ճանապարհորդությունից հետո ՝ հորդառատ անձրևներից թրջված ու քամուց այտուցված, հասանք Փոթի նավահանգիստ: Հոգնած էինք ու տանջված, սակայն այն մտքով որ համարյա Կովկասում ենք:

Եվ մեզ ՝ սիբիրցիներիս համար օտար ու անծանոթ , գեղատեսիլ բնությամբ շրջապատված ճանապարհներով հասանք Թիֆլիս: Մեզ տեղավորեցին զորանոցներում: Ու այդպես սկսվեց զորանոցային անշուք մեր  կյանքը այդ գեղեցիկ, բայց մեզ՝ հյուսային մարդկանց համար օտար քաղաքում, որը լի էր լույսով, արևով, ջերմությամբ,  սարերով ու տարբեր լեզուներով՝ հայերեն, վրացերեն, օսեթիներեն, ռուսերեն խոսող մարդկանցով: Սակայն, հենց զորանոցի կյանքն  ասես բեռ լիներ մեր զինվորների համար: Նրանք դարձել էին զգայուն ու նյարդային: Ասես ինչ-որ տեղ շտապեին, բաըց իրենք էլ չգիտեին, թե ուր: Ու չգիտեն, թե ում հետ… Ամենաբարդ պայքարը ընթանում էր հայկական հրամանատարական կազմի հետ, որոնք ցանկանում էին զինվորների կամքին հակառակ, վաշտի հրամանատարությունը վերցնել իրենց ձեռքը: Մենք դա չէինք ուզում: Ինչու՞: Մի պարզ պատճառով՝ չէինք հավատում ու չէինք վստահում այդ մարդկանց:

Ինչ-որ բանի էինք սպասում: Սպասում էինք մեր առաջնորդին: Սակայն որտե՞ղ է նա: Ո՞վ է լինելու: Ո՞վ է առաջնորդելու մեզ. մենք, որ պատրաստ էինք մեր կյանքն իսկ զոհել մեզ հարազատ այս մարդկանց համար: Որտե՞ղ է նա:

Նա Թիֆլիսում էր: Հենց մեր կողքին: Սակայն, նա հյուծված էր թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հյուծված էր այդ բոլոր խարդավանքներից, որոնցով նրան՝ ազնվաբարո, դյուրահավատ ու մեծն մարդուն , փոքրիկ ու ազգի տառապանքների հանդեպ անատարբեր մարդիկ շրջապատել էին. մարդիկ, ում համար հանցագործ ճանապարհով ձեռք բերած համբավն ու պատիվն ավելին էին քան իրենց ազգային շահը: Դա հայ ժողովրդի մեծն հրամանատար Անդրանիկն էր, ում անունը փառաբանում էր նույնսիկ Բայկալից այն կողմ՝ Կովկասից այդքան հեռու, հեռավոր Սիբիրում գտնվող մեր կոզակությունը: Մենք ձգտում էինք դեպի Նա՝ դեպի ծեր գեներալը, անկողնում պառկած տանջված գեներալը:

III

Երկար զրույց ունեցանք գեներալի հետ: Երկար համոզում էինք նրան, որ ջոկատ կազմի, որի միջուկը կդառնար մեր վաշտը: Գեներելը չէր համաձայնվում: Հոգիներիս ասես ծանրություն լիներ այն մտքից, որ Անդրկովկասյան սեյմում հայ ժողովրդի թշնամիներն իրենց կեղտոտ գործերն են անում: Բացի դրանից, վրացիներն ու թաթարները հայերի դեմ ուղղված ինչ-որ գաղտնի գործողություններում էին ներգրավված: Հիշում եմ ,թե ինչպես մի անգամ զինվորներին տանում էինք զորանոցները: Արդեն մոտենում էինք, երբ հեռվից մի մեքենա նկատեցինք: Կանգնեցինք :

— Ովքե՞ր եք:

— Մուսուլմաններ ենք, — եղավ պատասխանը:

— Ի՞նչ եք տանում:

Մի պահ լռեցին: Երևի վախեցել էին: Նրանց պահվածքը մեզ շատ կասկածելի թվաց: Խուզարկեցինք նրանց: Մեքենան բեռնված էր ռուսական հրացաններով:

— Ո՞վ է ձեզ թույլտվություն տվել:

Մեզ  ցույց են տալիս Անդրկովկասյան սեյմի թույլտվությունն ու ասում, որ վրացիներից են գնել: Զինվորները նույնպես հասկացան, որ մի բան այն չէր: Պարզվեց, կեղծված էր:

Ուժի օգնությամբ պահեցին զինվորներին, որոնք ուզում էին տեղում հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Թուրքերի հետ հայերն էին կռվում: Նրանց էր պետք զենքը: Ի՞նչ էին ուզում անել այդ զենքի հետ վրացիներն ու թաթարները: Հավանաբար ուզում էին թիկունքից  հարված հասցնել հայերին:

Այդ դեպքը և մի քանի այլ այդպիսի դեպքեր այնքան էին մեզ վրդովեցրել, որ որոշեցինք անհապաղ գործի անցնել: Հաջողվեց իրար գլուխ հավաքել մոտ քսան հազար Թուրքիայում ապրող հայերի, որոնք նույնպես սպասում էին Անդրանիկին: Այդպես որոշեցինք  ապացուցել մեզ դավաճանողներին, որ կան մարդիկ, ովքեր դեռ կանգնած են մեր կողքին: Հարկավոր էր ոչնչացնել Անդրկովկասյան սեյմը, այդ դավաճանությունների կծիկը:

Մեր որոշման մասին հայտնեցինք Անդրանիկին: Չորս ժամից կյանքի էինք կոչելու այն: Ընդամենը չորս ժամից: Անցավ մի ժամ: Երկու: Երեք: Մնացել էր կես ժամ: Շարվեցինք: Զինվորների հայացքները մտահոգ էին, աչքերը վառվում էին վճռականությամբ: Բոլորը հասկանում էին պահի լրջությունը: Հանկարծ աջ կողմից լսվեց բարձր Ու՜րաա ու արձագանքեց ողջ ճակատով մեկ: Մենք տեսանք Նրան, մեր երկար սպասված Անդրանիկին:  Մենք տեսանք նրա ազդեցիկ կեցվածքը, հպարտ ու բարձր պահած գլուխն ու այդ խորը, զարմանալի աչքերը: Լսեցինք նրա հզոր ձայնը, որը թափանցեց մեր հոգիներն ու այնտեղ ճրագ վառեց: Նա լուսավորեց մեր մտքերը, փարատեց մեր բոլոր կասկածները: Մենք  երեխաների նման ուրախացել էինք նրա գալուն:

— Դուք կանչում էիք ինձ, ահա ես ձեր դիմաց եմ: Կանգ առե՛ք: Ես ձեզ կառաջնորդեմ հայ ժողովրդի դահիճների դեմ պայքարում: Հանգիստ թողեք սեյմը: Այդ դավաճանները այնքան էլ ազդեցիկ չեն լինի, երբ մենք կործանենք մեր արտաքին թշնամուն՝ թուրքին: Զինվորների տեղը մարտի դաշտն է, ոչ թե այս անբարոյականության ու դավաճանությունների բույնը: Ես ընդունում եմ ձեր հրամանատարությունը: Միգուցե, Աստված ինքն է ձեզ ինձ մոտ ուղարկել:

Ինձ թվաց,  այդ երկաթե մարդու աչքերից մի մեծ արցունք գլորվեց: Արդյոք այդպես է՞ր: Միայն հիշում եմ այն, որ բոլորիս աչքերին արցունքներ հայտնվեցին: Նրա խոսքին ի պատասխան, բոլորը միաձայն գոչեցին Կեցցե Անդրանիկը: Սկսվեց ջոկատի կազմավորումը: Լցվեցին վագոններն ու գնացին դեպի Ալեքսանդրապոլ: Ես աչքերիս չէի հավատում: Թվում էր, երազ է, դյութիչ երազ, որի մասին հեռավոր խուլ Սիբիրում ես մի անգամ չէ որ անրջել եմ:

Ռուսական Հայաստանում

Ալեքսանդրապոլում մեզ համազգեստներ տրամադրեցին, և 1918թ. Ապրիլի 10-ին  մեր ջոկատը ուղևորվեց դեպի Ախալքալաքը, գեներալ Անդրանիկից հրաման ստանալով չանցնել Արփաչայի սահմանային գիծը, որի մասին որոշվել էր ըստ Թուրքիայի հետ կնքված համաձայնագրի:

Գեներալն ինքը, մնաց Ալեքսանդրապոլում ևս մեկ գիշեր, որպեսզի ցուցումներ տար սահմանային զորամասերին: Մենք առաջ էինք գնում առանց նրա մոտ երեք գիշեր: Առջևից գնում էր մեր հեծելազորը: Շատ հանկարծակի այն կանգ առավ: Ինչումն էր խնդիրը, ոչ ոք չգիտեր: Մեր ուշադրությունը գրավեց մի հայ գյուղացի, որը սարսափը աչքերում ինչ-որ բան էր բբացատրում: Ինձ ասեցին հետևյալը.

— Քրդերն ու թաթարները սրի են քաշել վեց գյուղ՝ Թուզ-Ղարաբաղը, Չիվթալին, Ղազանչին, Կայկուլին, Կիզելը, Ղիլիսը, Շեստանուն:

— Ինչպե՞ս թե սրի են քաշել:

Զինվորները լռում էին:

Վերցրեցինք հարյուր հոգանոց հեծելազորն ու շարժվեցինք գյուղի ուղղությամբ:

Աա՜: Սարսափ: Մղձավանջ: Կանայք, երեխաներն ու ծերունիները արնաշաղախ ընկած էին ամենուր: Նրանցից ոմանք չէին շարժվում, մնացածը տանջվում էին մահվան ջղաձգությունից: Դառը ճշմարտություն: Այդ ամենի հետ համեմատ, նախկինում մեր տեսած բոլոր սարսափելի տեսարանները մեր աչքին աննշան թվացին… Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ երիտասարդ կնոջ դին ու կողքին թպրտացող, արնան մեջ շաղախված կիսամեռած երեխային … Առաջին անգամ այդ պահին ես լիովին հասկացա հայ ազգի ցավի խորությունը: Հասկացա ու սարսափեցի: Արյուն…ամենուր արյուն էր: Անմեղ երեխաների, կանանց ու ծերերի արյուն: Անշնչացած, արնաշաղախ դիակներ ամենուր:

Ինչ-որ անհայտ զգացողություն էր մեզ պատել: Ձեռքս ակամայից ձգվեց դեպի թրիս կոթն ու ամուր սեղմեց այն:

Մենք ընկանք թշնամու հետևից, որը դեռ չէր հասցրել փախչել: Քրդերին մեջքից հարվածեցինք: Սկսեցին կրակել, սակայն ոչինչ չէր կարող հետ պահել զինվորներին: Թափված անմեղ  արյունը վրեժի ծարավ էր առաջացրել… Թշնամուն պատժելուց հետո, հոգնած վերադարձանք արշավից… Մեզ հետ միասին հետ էին դառնում նաև ողջ մնացած գյուղացիները… հետ էին գալիս իրենց ավերված, կրակի մատնված գյուղերը, որոնք դարձել էին անմեղ բնակչության՝ երեխաների ու կանանց գերեզմանը…

Արևը մայր էր մտնում.սարերն իրենց մռայլ շողքով ստվերում էին այս մռայլ աշխարհը, որի մասին մենք Սիբիրում պատկերացում էլ չունեինք… Մեր ջոկատը հանգրվան գտավ հայկական գյուղերում: Մեր վաշտին տեղավորեցին Կայկուլի-Ղազանչի գյուղում, որի բնակիչները իրենց հյուրասիրությամբ ու ջերմությամբ անում էին ամեն ինչ, որ ոչ մի բանի կարիք չունենանք: Գառ էին մորթում, թարմ լավաշներ թխում՝ ջանում էին որքան հնարավոր է լավ ընդունել իրենց ազատողներին:

Կյանքը գյուղում խաղաղ էր ու հանգիստ: Երեկոյան պահակախմբերը կազմեցինք, ու ժամապահների կարգեցինք: Ձիավորները հսկում էին սահմանի ողջ երկայնքը…

Գարուն էր: Արևը երկնքից վեր էր, օրը շոգ, սակայն այդ շոգը մեզ նեղություն չէր տալիս: Լեռների օդում մի տեսակ թարմություն կար: Ու չնայած երկրի սարսափելի վիճակին, ու դեպի այն շարժվող անմարդկային թշնամին, այդ զարմանալի օդի մեջ դեռ ծնվում էին երջանկության մասին հույզեր: Հավանաբար դրանում  է սարերի ու լեռների կախարդական ուժը… Երևի հարկավոր էր, որ հայտնվեի հայկական լեռներում, հասկանալու համար Հայի բարդ հոգեբանությունը՝ մեկ մռայլ, ասես ժայռերը, մեկ անմեղ ու նուրբ ասես հովվի եղեգը, մեկ բուռն, ասես լեռնային հոսքը, մեկ հուսահատ, ասես անդունդը սարերի միջև: Միայն այդտեղ ի սրտե սկսեցի հասկանալ նրանց կյանքը՝ նրանց յուրօրինակ ազգային երաժշտությունը, նրանց երգերն ու պարերը… Ու իմ առջև բացվեց մեկ այլ՝ նոր, մինչ այդ անհայտ մի աշխարհ՝ լի յուրահատուկ գույներով, յուրահատուկ ռիթմով, յուրահատուկ հոսանքներով: Այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները թույլ չէին տալիս սակայն հանգիստ ապրել ու ուսումնասիրել հայկական գյուղի հետաքրքրաշարժ կյանքը: Ասես հրաբխում ապրեինք՝ երկրում վխտում էին թուրքերը: Շուտով Անդրանիկից լուր ստացանք այն մասին, որ չնայած կնքված համաձայնության, թուրքերը շարժվել են դեպի Ալեքսանդրապոլ և գրավել են այն: Մենք շրջապատված էինք բոլոր կողմերից: Անդրանիկի հրամանը հետևյալն էր.

— Պաշտպանվե՛ք ու դիմակայեք թշնամուն մինչև իմ հրամանը: Մահվան իսկ գնով բաց մի թողեք ոչ մի թուրքի:

(...)Երեխաները, կանայք ու ծերերը փախնում էին: Գյուղը դատարկվել էր: Թնդում էին հրանոթներն, իսկ հրացանների կրակոցները չէին դադարում… Սրընթաց գալիս է արկն ու հասնելուն պես պայթվում: Մեր ձիավորներից մի քանիսն արնաշաղախ ընկնում են ձիերից: Ահա ընկնում է մեկը, իսկ հետևից մյուսը՝ երկուսն էլ մեր Սիբիրի վաշտից:

Թշնամին ուղղում է հրետանային կրակը դեպի ձախ…ու մենք ականատես ենք լինում սոսկալի մի տեսարանի: Օդն է ելնում հեծելազորը, իսկ ձիերի սմբակների տակից վեր է բարձրանում փոշին: Հեծելազորի դիմացից՝ քրտնաթաթախ ձիու վրա հենց ինքը՝  Անդրանիկն էր: Սուրը մերկացրած, հպարտ ու խրոխտ… Փամփուշտները վզվզալով անցնում էին նրա կողքից, խոցելով հետևից սրընթաց եկող հեծյալներին: Արկերը աղմուկով պայթվում էին նրա կողքին, ծածկելով նրան սև ծխի քուլաներով: Թվում էր, ամեն արկի պայթյունից հետո էլ չենք տեսնելու նրա ու ձիու հետքն իսկ:

Սակայն, ամեն մի պայթյունից հետո նա ողջ-առողջ դուրս էր գալիս ծխի միջից: Գնալով ավելի էր մոտենում մեզ: Նրա ձեռքը պինդ սեղմում էր թրի գեղեցիկ կոթը: Ձին հեծնելուց հետո, գեներալը հրաման արձակեց.

— Իմ հետևից: Առաա՜ջ: Ուրա:

Ու առաջ մղվեց, ինչպես միշտ անվախ: Մենք էլ նրա հետևից: Թուրքերը մեզ վրա փամփուշտների ու արկերի տարափ արձակեցին: Սակայն դա չէր կանգնեցնում մեզ. մեզ հետ էր Անդրանիկը: Ահա և թուրքերի հեծելազորը: Չդիմացավ այն մեր ճնշմանն ու խուճապահար սկսկեց փախչել: Թուրքերը կոտորված էին: Սակայն Անդրանիկը հրաման չտվեց նրանց հետապնդելու, քանի որ մեր կողքուբոլորը դեռ շատ թուրքեր կային: Բոլոր գյուղերին էվակուացվելու հրաման տվեց, քանի որ մեռ ջոկատը , որը կազմված էր 3000 կռվողներից, 8 հրանոթներից մի քանի արկերից, զբաղեցնում էր մի քանի մղոն տարածք:

 Կովկասում ու ռուսական Հայաստանում

Պահեստային  ուժերից զուրկ լինելով հանդերձ, գիշեր-ցերեկ ստիպված էինք թշնամու հարվածներին դիմակայել: Ձգվում էին սայլերը, բարձված գյուղից հեռացող գյուղացիների իրերով: Քշում էին անասուններին: Ու այդ ամենը տեղի էր ունենում գիշերը, մեր դիրքերի կողքին: Ցուրտ ու անձրևոտ գիշերը: Վեց թե յոթ գյուղեր դատարկվեցին: Բոլոր փախստականները հանգրվան էին գտել Չիվթալի գյուղում, որը գտնվում էր մի քանի գետակների խաչմերուկում: Գյուղի չորս կողմերից երևում էին բարձր սարերը, որոնց գագաթները ծածկված էին մառախուղով, որը մեկ իջնում էր մինչև լեռան ստորոտը, մեկ բարձրանում էր վերև, մերկացնելով ձյունով պատված գագաթները: Փախստականները սարսափահար նայում էին  ճանապարհին, որով մի որոշ ժամանակ անց ստիպված էին լինելու բարձրանալ: Անդրանիկը սկսկեց իրեն բնորոշ ձևով վաշտերն այս ու այն տեղ տեղափոխել: Վաշտից մի դասակ էր ընտրում ու ուղարկում անհայտ ուղղությամբ: Ինձ՝ որպես Արևմտյան ճակատի սպայի, այդ տեղափոխությունները թվացին տարօրինակ ու ոչ մի լավ բանի չբերող: Սակայն, որոշ ժամանակ անց ,Անդրանիկը նկատեց իմ զարմանքը, մոտեցավ ինձ ու ժպիտը դեմքին բացատրեց, ինչ-որ բան ցույց տալով.

— Տեսնում ես, ահա Առաջին վաշտը, ահա Երկրորդը: Այստեղ հրանոթներն են, իսկ անյտեղ՝ հեծելազորը:

Նայեցի ու ապշոցի.ամեն բան իր տեղում էր՝ վաշտը, հրանոթները, հրետանին, հեծելազորը:

— Իսկ այստեղ մենք ենք դիրքավորվելու, — մատնացույց արեց այն խրամատներին, որոնցից ծկլատում էին զինվորները:

Որոշ ժամանակ անց Անդրանիկը սկսկեց բարձրանալ սարը, որ ազատի այն թաթարական բանդաների ու թուրքերի ներկայությունից, այդ կերպ ապահովելով փախստականների անվտանգ տեղաշարժը: Մեզ հրաման տվեց պաշտպանել մեր զբաղեցրած դիրքն ու այնպես անել, որ բոլոր փախստականները շարժվեն մայրուղիով: 

Սառը անձրև սկսվեց: Փախստականներն իրենց ընտանիքներով նստած էին բաց երկնքի տակ, անձրևի տակ:

Տներից մեկը մտա , որ մի բան վերցնեմ, քանի որ ահավոր սառած ու քաղցած էի: Մտնում եմ ու տեսնում, թե ինչպես են մի քանի հայուհիներ գետնի մեջ փորված թոնիրում լավաշ եփում: Երկու օր է բան չէի կերել: Ջերմ ընդունեցին ինձ ու նստեցրեցին իրենց կողքը:  Հյուրասիրեցին ինձ տապակած հավով, թարմ լավաշով ու մածունով: Այնքան լավ էր այդտեղ՝ տաք ու հանգիստ: Տաքացա ու քունս տարավ: Բայց հանկարծ աղմուկ լսեցի: Տեղիցս վեր թռա ու ինչ եմ տեսնում՝ դեպի հովիտ են ձգվում թուրքական հեծելազորն ու հետևակները: Սկսվեց մի անասելի աղմուկ ու աղաղակ: Սարսափելի էր տեսնել մի գյուղի խուճապը, իսկ այստեղ հավաքված էին ութ գյուղեր: Իրար հրմշտելով ու ինչ ձեռքների տակն ընկներ վերցնելով, փախչում էին փախստականներն այս ու այն կողմ: Այդ աղմուկից վախեցած ձիերը խրտնել էին ու վազվզում էին ՝ ոտքի տակ առնելով երեխաներին, կանանց ու ծերունիներին:

Լավայի նման հորդում էր այդ ամենը ողջ հովտով մեկ,  մի կողմից  խանգարելով մեզ կողմնորոշվել, իսկ մյուսից՝ անբարենպաստ էր ազդում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա: Բարեբախտաբար, զինվորները չկորցրեցին իրենց այդ խուճապի մեջ: Հրամանից միանգամից հետո կրակ բացեցին: Հեծելազորը հետևից հարված հասցրեց թշնամուն: Թուրքերը փախուստի դիմեցին, թողնելով հովտում մահացածներին ու վիրավորներին:

Հարկավոր էր որքան հնարավոր է արագ փախստականներին տանել որոշված ճանապարհով: Բայց ասես խոսքները մեկ արած լինեին՝ հրաժարվում էին գնալ ու անհասկանալի խոհեմությամբ նույն բանն էին պնդում.

— Մեզ համար միևնույնն է, այստեղ կկոտորեն մեզ թուրքերը, թե այնտեղ… ավելի լավ է այստեղ՝ հարազատ հողի վրա…

Նրանք չէին կարողանում հրաժեշտ տալ այդ գեղեցիկ հովտին, և մահն այդտեղ նրանց համար ավելի ընդունելի էր, քան փախստականի կարգավիճակը լեռնային ձնոտ գագաթներին, որոնք այդ գիշեր ծածկվել էին մռայլ, սառը մառախուղով: Ինչ ասես  արեցինք ՝ խնդրեցինք, սպառնացինք՝ չկարողացանք նրանց հակառակը համոզել:

Երեկո էր արդեն, երբ Անդրանիկից լուր ստացանք.

— Բազմահազարանոց թաթարական բանդաները վերացրել եմ: Ճանապարհը բաց է, անմիջապես շարժվեք դեպի Ջալալօղլուն: Եթե փախստականները չգան, թողեք նրանց:

Բաժանումը ցավալի էր. դժվար էր նրանց թողնել դաժան մահվան ճիրաններում: Այդ խեղճ ու կրակները դեռ հույս ունեին, որ իրենց կխնայեն ու ձեռք չեն տա: Կխլեն անասուններին, ու այն ամենը ինչ նրանք կուտակել էին տարիների ընթացքում, բայց իրենց ողջ կթողնեն:

Սկսեցինք սարը բարձրանալ: Ցրտել էր: Մառախուղը գնալով խտանում էր, իսկ ցուրտը սաստկանում: Բարձրացանք սարի գագաթին: Ցուրտն անտանելի էր, մութն ու ցեխն՝ անանցանելի: Զինվորները դողում էին առանց վերարկուների: Երեք օր անդադար կռվել էին, բայց նույնիսկ ադտեղ չէին կորցնում իրենց ոգին.

— Պարոն պորուչիկ, Սիբիր ենք ընկել, ձեր Իրկուտսկում ենք, — ծիծաղում էր Կարապետը, բայց ոտքի վրա չէր կարողանում մնալ:

Սարի գլխին հավաքվեցինք, մեզ կարգի բերեցինք ու շարժվեցինք առաջ: Գնում էինք համարյա լուռ, առանց խոսելու: Բոլորի սրտում նույն վախն էր, որ վաղը, այն գեղեցիկ հովտում կարող է կատարվել սարսափելի մի բան… Մինչև գիշերվա 12ը քայլում էինք առանց հանգստանալու. նստելու տեղ էլ չկար: Ամենուր կամ ձյուն էր կամ ցեխ: Հասանք ինչ-որ մի յայլա. ոչինչ չէր երևում: Այդտեղ էինք մնալու գիշերը: Քայլելուց անըդհատ ինչ-որ ջրով լցված  փոսեր էինք ընկնում: Բոլորս թրջված էինք, տանջված ու սոված: Մտանք ինչ-որ կիսափուլ  խրճիթ, որտեղից շան հոտ էր գալիս: Երբ կրակ վառեցինք, տեսանք որ գոմաղբ էր. ինչ անեինք, ոչինչ, առաջին անգամը չէր: Ծածկոցը փռեցինք, ձիգ-ձիգ իրար գրկեցինք ու… քնեցինք մեռելի նման:

Պատմության շարունակությունը կարդացեք այստեղ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո