Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պանթուրանիզմ՝Ռուսաստանով դեպի Թուրքիա

Պանթուրանիզմ՝Ռուսաստանով դեպի Թուրքիա

Հայ գրող Զարեվանդի «Թուրքիան և պանթուրանիզմը» գիրքը (1930) անկողմնակալ, հստակ շարադրված փաստերով պատմում է պանթուրանիզմի գաղափարախոսության ծագման և զարգացման, ինչպես նաև այդ ամենում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ պատասխանելով բոլոր այն հարցերին, որոնք կարող են հետաքրքրել ընթերցողներին այս թեմայի շուրջ: Գիրքը հատկանշական է նաև, որ նրանում տեղ է գտել ռուս դիվանագետ, արևելագետ, Օսմանյան կայսրության օրենսդրության գիտակ Ա.Ն. Մանդելշտամի խոսքը՝ նախաբանի տեսքով:  Չնայած գիրքը գրելուց հետո անցել է 90 տարի, սակայն այն դեռևս ակտուալ է, քանզի դրանում նկարագրված պատմական և քաղաքական գործընթացները աշխարհի դասավորվածության մեր ներկայիս նախադրյալներն են:  Ստորև ներկայացնում ենք գրքի բովանդակության ամենակարևոր կետերը:

Ի՞նչ է նշանակում Թուրան: Պանթուրանիզմ

Եթե նայենք աշխարհի ֆիզիկական քարտեզին, ապա կարող ենք մոտավոր պատկերացում կազմել Թուրան կոչվող պայմանական շրջանի տեղակայության վերաբերյալ: Այն գտնվում է Կասպից ծովի, Իրանի և Ակմոլայի բարձրավանդակի և Սըրդար ու Իրտիշ գետերի ակունքների միջև: 

Թուրանից են ի հայտ եկել Աթիլլայի, Չինգիզխանի, Թամերլանի  հորդաները: Նրանք միաժամանակ հեղեղել էին Ռուսաստանը, ամբողջ Մերձավոր Արևելքը և Եվրոպայի մի մասը:

Այս ցեղերի ժառանգները հայտնի են որպես «Թուրանի ժողովուրդներ»:  Դրանք են՝  Փոքր Ասիայի թուրքերը, Հարավային Ռուսաստանի և Կովկասի թաթարները, Պարսկաստանի և Միջին Ասիայի թուրքմեններն ու թյուրքերը, ուզբեկները, կիրգիզները, մոնղոլները, տունգուզներն ու տաջիկները, Սիբիրի բնիկները, ինչպես նաև ֆինները, բուլղարացիները և հունգարացիները: 

Պանթուրանիզմ է կոչվում քաղաքական այն ուղղությունը, որը միտված է միավորել  թուրանական բոլոր ազգերին մեկ ամբողջական ազգային-քաղաքական տարածության մեջ:  

Սակայն թուրանական ոչ բոլոր ժողովուրդներն են ապրում միասին և մեկ տարածքում՝ դա կարելի է հեշտությամբ հասկանալ՝ նայելով աշխարհի քարտեզին: Ինչպես նաև նրանք միմյանցից տարբերվում են իրենց լեզվով, կրոնով և մշակույթով: Իսկ որոշները՝ ինչպես օրինակ ֆիններն ու բուլղարացիները ընդհանրապես առանձնացել են:  Հետևաբար անհնար է առանց բացառության բոլոր թուրանական ազգերի քաղաքական միավորումը:

Սակայն նրանց շարքում կա ժողովուրդների մի խումբ, որոնք կապված են միմյանց հետ կրոնով, լեզվով ու մշակույթով, ինչպես նաև զբաղեցնում են Միջերկրական ծովից մինչև չինական պատը (ընդհատվելով միայն մեկ վայրում՝ փոքրիկ Հայաստանում) տարածվող հսկայական տարածքը:  Դա թուրանական ժողովուրդների թուրք-թաթարական խումբն է, և պանթուրանիզմը առաջին հերթին միտված է այդ խմբի միավորմանը:  

Ինչպե՞ս առաջացավ պանթուրանիզմը

Որքան էլ զարմանալի թվա, սակայն պանթուրանիզմը առաջացել է Ռուսաստանում ՝ Վոլգայի և Ղրիմի թաթարների շրջանում:  Այսինքն՝ ռուս մահմեդականները դարձան պանթուրանիզմի հիմնադիրները և տարածեցին այդ գաղափարը Անատոլիայի թուրքերի շրջանում: 

Հայտնի է, որ ազգայնականությունը (և ընդհանրապես ազգայնական զգացմունքները) ի հայտ են գալիս այն ժողովուրդների մոտ, ովքեր չունեն քաղաքական ինքնուրույնություն:  Ինքնապաշտպանության նկատառումներով նրանք սկսում են դիմակայել գերիշխող ազգին:  Ռուսաստանի թաթարների դեպքում այդ դիմակայությունը պայմանավորված էր կրոնով:  Թյուրք-թաթարական ակտիվիստները, ովքեր ենթարկվում էին -«գյավուր» ցարին (այսինքն՝ անհավատին. այդպես էին մահմեդականները անվանում քրիստոնյաներին) իրենց գործունեությունը սկսում էին «շարիաթի» և իսլամի պաշտպանություն ուղղափառությունից կարգախոսով:  Քանի որ բոլոր մահմեդականների կրոնական Խալիֆի նստատեղն էր Կոստանդնուպոլիսը, ապա այս պայքարում ռուս մահմեդականները իրենց հայացքն ուղղել էին դեպի այնտեղ:

Մահմեդական շարժման առաջադեմ մասը ոչ միայն պայքարում էր ռուսականացման քաղաքականության դեմ, այլ նաև փորձում էր բարեփոխել իր ազգակիցների կրոնական-մշակութային կյանքը, կրթել նրանց:  Սակայն սկզբում պահպանողական թարթարները ուժեղ դիմակայություն են ցույց տալիս այդ ամենին և նրանց միջև պայքար է սկսվում: 

Այս պայքարում ռուսական կառավարությունը կանգնում է պահպանողական թաթարների կողքին և սկսում է հետապնդել բարեփոխիչներին, ովքեր իբրև իսլամում   «անհաճո ուսմունքներ» են ներդրել: 

Սակայն, ինչպես սովորաբար պատահում է, հետապնդումները միայն ուժեղացնում են սկսված շարժումը, որը շուտով կրոնական-կրթական շարժումից վերածվում է զուտ ազգայնական շարժումի: 

Այս անցումը ժամանակի առումով համընկնում է ռուս մտավորականության շրջանում առաջացած հեղափոխական տրամադրությունների հետ: Աստիճանաբար լուսավորվող թաթար երիտասարդությունը սկսում է սերտ կապեր հաստատել  ռուս մտավորականության ներկայացուցիչների հետ և ևս վարակվում ընդդիմադիր տրամադրություններով:  Չնայած նրանց կարծիքները համընկնում էին կառավարության փոփոխության հարցում, սակայն այս երկու խմբերի նպատակները բոլորովին այլ էին՝ ռուս մտավորականությունը ցանկանում էր քաղաքական-սոցիալական վերակազմավորում, իսկ թաթարները ձգտում էին ազատության:

Հարկ է նշել, որ ազգային արժեքների նկատմամբ գիտակցումը դեռևս զարթոնք էր ապրում թաթար հասարակությունում՝ անդրադառնալով միայն վերին, մտավորական խավին:  Իսկ հասարակ մարդիկ զուրկ էին ազգային գիտակցությունից և ապրում էին որպես կրոնական համայնքներ:  Այդ իսկ պատճառով նախքան նրանց հետ պանթուրանիզմի մասին խոսելը՝ անհրաժեշտ էր նրանց մեջ արթնացնել ազգային զգացմունքները, ներդնել ցեղային ընդհանրությունների գաղափարը Ղրիմի թաթարի, Միջին Ասիայի ուզբեկի և Թուրքեստանի սարտի միջև:  Իսկ դա պահանջում էր իրականացնել մեծ մշակութային-լուսավորչական աշխատանք:  Հենց այդտեղից էլ սկսում են թաթար ազգայնականները:

Ազգային գաղափարների քարոզչության ամենավտանգավոր ձևերից մեկը գեղարվեստական գրականությունն է:  Նրանք հրապարակում են մի շարք  դրամատիկական ստեղծագործություններ, որտեղ գովերգում են ինչ որ ժամանակ Ասիայում և Եվրոպայում իշխող թուրանական ժողովուդների «փառահեղ» նախնիներին, ովքեր միավորել են բոլոր թուրանական ժողովուրդներին մեկ ուժեղ ու անկախ պետության կազմում:  Ինչպես նաև պանթուրանիզմի ջատագովներին իրենց քարոզչության գործում մեծ ծառայություններ են մատուցել եվրոպացի ու ռուս որոշ արևելագետների(Վամբերի, ֆոն Լեկոկ, Ռադլով) գիտական աշխատությունները, որոնք ապացուցում էին բոլոր թաթար ժողովուրդների լեզվի, մշակույթի և ծագման ընդհանրությունը, ինչպես նաև անցյալում բարձր քաղաքակրթության գոյությունը:   

1905 թ. ռուսական հեղափոխության սկսվելուն պես գաղափարական քարոզչությունը ներառում է նաև ամսագրերն ու թերթերը:  Թյուքերեն լեզվով մի շարք հրապարակումներ են ի հայտ գալիս: 

Ադրբեջանի թաթարները և թուրանական ինքնագիտակցության զարթոնքը

Կովկասում պանթուրանիզմի կենտրոնն ու թաթարական ազգային շարժման կենտրոնը եղել է Բաքու քաղաքը:  Այնտեղ հայտնի միլիոնատեր Զեյնալ Թագիեվի նյութական օժանդակության շնորհիվ հրատարակվում էր «Կասպից» օրաթերթը, որը հանդիսանում էր ադրբեջանական ազգայնականության հիմքը: Սակայն Կովկասում ևս շարժումը սկզբում կրոնական բնույթ էր կրում, քանզի շատ դժվար կլիներ մաքուր թուրանիզմի գաղափարներով մոտենալ ադրբեջանցի գյուղացուն, ով դեռևս տոգորված չէր ազգային ինքնագիտակցությամբ: 

Ժամանակը գնում է և աստիճանաբար ազգային սկզբունքները վերելք են ապրում: Եվ Թուրքիան, որն ի սկզբանե դիտարկվում էր որպես իսլամի կենտրոն, սկսում է դիտարկվել նաև որպես մեկ ազգությամբ երկիր: Ադրբեջանական պանթուրանիզմի ջատագովները ասում էին, որ Անատոլիայի թուրքը սերում է այն նույն թուրանական արմատից, ինչ Ադրբեջանի թաթարը, և կիսում է նույն մշակույթն ու լեզուն:  Եվ քանի որ թուրանական բոլոր երկրներից միայն թուրքերն են պահպանել իրենց անկախությունն ու ընդհանուր մշակույթը, ապա օտարի լծից թյուրք-թաթարական ժողովուրդների ազատագրման և մեկ պետության մեջ նրանց միավորելու բարձր պատիվը տրվում է  թուրք սուլթանին:

Եվ որտե՞ղ, եթե ոչ Թուրքիայում օգնություն չփնտրել

1905թ. հեղափոխությունը, իհարկե, արգասաբեր միջավայր ստեղծեց պանթուրանիզմի գաղափարների զարգացման համար:  Ռուսաստանում բռնկված քաղաքացիական անկարգությունների ժամանակ տեղի էին ունենում մահմեդականների գաղտնի համագումարներ:  Դրանցից մեկի ժամանակ հատկապես քննարկվում էր Թուրքիայի հետ բոլոր տեսակի կապերի հաստատումը:   Այդ նպատակով, օրինակ, առաջարկվում է ստեղծել ընդհանուր գրական լեզու, որի հիմքում ընկած կլինեն ոչ թե Ռուսաստանի թաթարների լեզուն, այլ Կոստանդնուպոլսի թուրքերի լեզուն, կամ էլ Ռուսաստանի թյուրք-թաթարների դպրոցներում ներդնել Թուքիայի դպրոցական ուսումնական ծրագրերը:  Քարոզչությունը սկսվեց թերթերի և ամսագրերի թուրքերեն լեզվով հրատարակումից՝ ոչ պակաս թուրքամետ բովանդակությամբ:  

Սակայն այդ ամենն իրագործել պարզվեց՝ այդքան էլ հեշտ չէր:  Ռուսաստանը, հեղափոխությունից վերականգնվելուց հետո, արագ տեմպերով հավաքում է ուժերը և վերականգնում ղեկավարման հին մեթոդները՝ արմատախիլ անելով ոչ միայն կայսրությունից առանձնանալու նկրտումները, այլև Ռուսաստանի ներսում մշակութային-ազգային ինքնորոշումը:

Այս իրավիճակում Ռուսաստանի պանթուրանիզմի ջատագովների ազատագրվելու միակ հույսը դրսից օգնությունն էր՝ հատկապես Թուրքիայի: Անհրաժեշտ էր համոզել թուրքերին, որպեսզի վերջիններս իրենց վրա վերցնեն պանթուրանիզմի շարժման ղեկավարությունը:   Այս առաջադրանքով մեկը մյուսի ետևից Ռուսաստանում պանթուրանիզմի հայտնի ջատագովները տեղափոխվում են Թուրքիա: 

Ի՞նչ տրամադրություններ էին տիրում Թուրքիայում նախքան Ռուսաստանից պանթուրանիզմի ջատագովների այցը

Ռուսաստանի պանթուրանիզմի ջատագովների Կոստանդուպոլիս այցելելու ժամանակ այնտեղ տիրում էր բոլորովին այլ քաղաքաքական տրամադրություն՝ հասարակությունը ձգտում էր դեպի արևմտյան քաղաքակրթության և բոլորը միաձայն բղավում էին արդիականացման անհրաժեշտության մասին:    Թուրքերն այն ժամանակ գաղափար անգամ չունեին, որ նրանք որևէ ընդհանրություն ունեն Ասիայի թյուրք-թաթարական ժողովուրդների հետ: 

Հետաքրքիր դրվագ է պատմում հայտնի թուրքագետ Ա. Վամբերին:  Երբ նա 1856 թվականին Կոստանդմուպոլսի վերին խավին էր ներկայացնում Թուրանի ժողովուրդների ծագման միասնության տեսությունը, ապա մարդկանց դեմքերին մեծ դժգոհություն նկատեց. Կոստանդնուպոլսի «քաղաքակիրթ» էֆենդիները անգամ վիրավորվել էին, քանզի նրանց համար «թյուրքիզմը» վայրենության և դաժանության հոմանիշ էր հանդիսանում:

Արդիականությանը միտված բարեփոխումների այդ փուլում (1839-1876) թուրք հասարակությունը ընդունում էր միայն օսմանյան հայրենասիրությունը՝ որոշակի տարածքային սահմաններում իրական հայրենիքի գաղափարը:   (Դրանից առաջ Օսմանյան կայսրությունում գերիշխող ազգը իրեն դիտարկում էր որպես ոչ թե ազգ, այլ «հումմէթ և Մուհամեդ», այսինքն՝ Մուհամեդի համայնք, այս կերպ հակադրվելով կայսրության քրիստոնեական համայնքներին:  Թուրքերն այդ ժամանակ չունեին ոչ ազգային ինքնություն, ոչ ազգային մշակույթ, հետևաբար չէին փորձում ասիմիլացիայի ենթարկել իրենց ենթակայության ներքո գտնվող ժողովուրդներին՝ բավարարվելով միայն նրանց իշխելով և շահագործելով):

1889 թվականին Բաքվից Կուստանդնուպոլիս ռուսաստանցի պանթուրանիստների այցով սկսվում է պանթուրանիզմի գաղափարների քարոզչությունը, որին արձագանքում են այն ժամանակվա թուրք երիտասարդությունը, և շատ շուտով պանթուրանիզմը սատարողների մի մեծ խումբ է հավաքվում:.

Արդեն 1890- ական թվականներին երիտասարդության համար պայքարում են երեք ուղղություններ՝օսմանիզմը, պանիսլամիզմը և պանթյուրքիզմը (պանթուրանիզմը):  Ըստ այդմ ձևավորվում են երեք քաղաքական կազմակերպություններ՝ «Օսմանյան միություն», «Պանիսլամական միություն» և «Պանթյուրքական միություն»:

Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության գալուն պես տարածքային (օսմանյան) հայրենասիրությունը արմատախիլ է արվում:  Սուլթանն իր էությամբ պանիսլամիստ էր և ցանկացած դրսևորված ազգայնականության եռանդուն հակառակորդ՝ լիներ այն օսմանյան, թե թյուրքական և ընդունում էր միայն իսլամը (կրոնը)՝ համարելով, որ ցանկացած ազգայնականություն անխուսափելիորեն հանգեցնելու է լիբերալիզմի:  Սուլթանը Թուրանին հակադրում էր Ղուրանով և առանձնահատուկ վերաբերմունք չէր դրսևորում իրեն հաճախ դիմող ռուսաստանցի թաթարների պատվիրակներին:  

Երիտթուրքերն ու պանթուրանիզմը

1908 թվականին տեղի է ունենում երիտթուրքական հեղաշրջումը, և իշխանության է գալիս «Միություն և Առաջադիմություն» կուսակցությունը:  Այդ կուսակցության ներկայացուցիչներին անվանում էին երիտթուրքեր, որոնք ձգտում էին վերջ տալ բացարձակությանը և Թուրքիայում հիմնել սահմանադրական կարգեր և քաղաքացիական հավասարություն:  Նոր ազատ Թուրքիայում ակտիվորեն սկսեցին ի հայտ գալ նոր քաղաքական հոսքեր, որոնց թվում էր նաև պանթուրանիզմը:  Այս ուղղության համախոհները շատ արագ Կոստանդնուպոլիսը վերածեցին պանթուրանիզմի քարոզչության կենտրոնի:

«Միություն և Առաջադիմություն» իշխող կուսակցության պաշտոնական ուսմունքը, ինչպես հիմնական քաղաքական ուղղությունը այն ժամանակ օսմանիզմն էր:  Այդ ուսմունքի օգնությամբ երիտթուրքերը փորձում էին միավորել Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդներին օսմանյան մեկ ազգի մեջ՝ միասնական լեզվով և մշակույթով, ինչպես դա եղել է Ամերիկայում:

Սակայն նրանք մի փոքր հանգամանք հաշվի չառան, որ Թուրքիայում տիրող պատմական իրողությունները բավականին տարբերվում էին ամերիկյան իրականությունից. Օսմանյան կայսրությունում դարեր ի վեր պայքար էր տեղի ունենում իշխող և ենթակա ժողովուրդների միջև, և ինչքան էլ երիտթուրքերը փորձեին համոզել բոլորին, որ արյունահեղ ջարդերն ու կոտորածները անցյալում են մնացել, ազգային և կրոնական փոքրամասնությունները այնուամենայնիվ նրանց նկատմամբ զուսպ և անվստահ վերաբերմունք էին ցուցաբերում:  Ավելին՝ իրավիճակն այն շրջաններում, որոնք բնակեցված էին ոչ թուրք ժողովուրդներով, ավելի վատթար էր՝ Բալկանի ժողովուրդները, արաբները և հայերը չին ցանկանում հրաժարվել իրենց ինքնությունից և դառնալ օսմանյան ընտանիքի մի մասը:  Դա բնավ այն չէր, ինչ երիտթուրքերն էին ակնկալում.  նրանք փոքրամասնություններից ակնկալում էին հայրենասիրության դրսևորումներ և երախտագիտություն և շատ արագ «միասնություն»:  Երբ մեկ տարի փորձելուց հետո՝ նրանք չստացան ակնկալվող արդյունքները, նրանց պատեց հիասթափությունը՝ ինչպես սկզբունքների, այնպես էլ կիրառվող քաղաքական մեթոդների առումով...

 Այդ նույն ժամանակ պանթուրանիզմի քարոզչությունը հասնում է իրեն չարդարացրած օսմանիզմի ետևից՝ դանդաղ, սակայն ճշգրիտ կերպով ներթափանցում կուսակցության  կենտրոնական կոմիտեն:  Երիտթուրք ղեկավարության  հետագա մարտավարությունը կարելի բնութագրել որպես  «կույր և հարձակվողական իմպերիալիզմ»՝ ուղղված «ուխտադրուժ»  և «երկիրը դավաճանած» ժողովրդի դեմ:   Նա պետք է կլաներ և ասիմիլացիայի ենթարկեր բոլոր դժգոհ (ոչ թուրք) ժողովուրդներին՝ նույնիսկ կիրառելով բռնություն: Երբ այդպիսի տրամադրությունները սկսեցին ներթափանցել թուրք մտավորականության շրջանակները, օսմանիզմը վերջնականապես իր տեղը զիջեց պանթուրանիզմին (պանթյուրքիզմին):

Այսպիսով կես դար անց միայն թուրքերը հասկացան, որ Թուրքիան ոչ թե եվրոպական, այլ ասիական պետություն է, և իրենց հայացքն ուղղեցին դեպի Արևելք, որտեղ նրանց էին սպասում «միլիոնավոր թուրանական ժողովուրդներ»:  Պատերազմներում կրած պարտությունները, տարածքների կորուստները և հոգեբանական ընկճվածությունը ամոքվեցին նոր պանթուրանական գաղափարախոսությամբ, որը, սակայն, իսկական պատուհաս դարձավ Թուրքիայի մյուս ազգությունների համար:  Քրիստոնյա թե մահմեդական՝ դա ոչինչ չի փոխում. բոլորը պետք է թրքացվեն: 

Պանթուրանիզմն ու առաջին համաշխարհային պատերազմը

Ինչպես հայտնի է՝ պանթուրանական շարժումը սկիզբ է առել Ռուսաստանում, և զարմանալի չէ, որ այն հիմնականում ուղղված էր Ռուսաստանի դեմ, քանզի այն համարվում էր «բարբարոս պետություն, ժողովուրդների ստրկատեր երկիր» :

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հակառուսական տրամադրությունները սրվեցին հատկապես թուրքերի շրջանում: Բանն այն է, որ  գերտերությունների (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)պահանջով հիմնականում հայերով բնակեցված Թուրքիայի արևելյան վիլայեթներում պետք է ստեղծվեր ինքնավար Հայաստան:  Բնականաբար, թուրքերը նման բարեփոխումը համարում էին խոչընդոտ միատարր և ուժեղ թուրքական պետականության ստեղծման գործում, ինչպես նաև  «միասնական թյուրքական աշխարհում սեպ խրելու» փորձ՝ այս կերպ թուրքերին կտրելով մնացյալ թուրանական ժողովուրդներից:  Բարեփոխումների գլխավոր սադրիչ են համարում Ռուսաստանին, որը թուրքերի կարծիքով ցանկանում է հայոց հարցի օգնությամբ նոր հարված հասցնել Թուրքիային, իսկ հայ հեղափոխականներին, որոնց հիմքը կազմում էին կովկասյան հայերը, պարզապես համարում էին ռուս գործակալներ: Ռուսաստանին խանգարել թուրքերը կարողացան միայն Համաշխարհային պատերազմի դաշտ մտնելով՝ Ռուսաստանի հակառակորդների կողմից:

Պատերազմի ընթացքում Էնվեր փաշայի (երիտթուրք, Օսմանյան կայսրության ռազմական նախարար) արշավանքը դեպի Անդրկովկաս և Դաղստան, Թուրքեստանը և Միջին Ասիան նվաճելու նրա պլանները ցույց տվեցին, որ Թուրքիան վերջնականապես բռնել է պանթուրանիզմի ուղին, և որ ռազմական գործողությունների հիմնական խնդիրն է իրագործել պանթյուրքիստների (պանթուրանիստների) ծրագիրը:   Ծրագիրն իր մեջ ներառում էր նաև թուրքահայերի լրիվ բնաջնջում, որը Թուրքիան իրականացրեց պատերազմի առաջին իսկ փուլում՝ այսպիսով վերացնելով Թուրան տանող ճանապարհին ընկած արգելքը:  «Հայկական հարցին վերջ տալու համար ես ավելի շատ բան եմ արել քան Աբդուլ Համիդը երեսուն տարվա ընթացքում» - հայտարարեց Թալեաթ փաշան (երիտթուրք, Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար), ասելով, ցավոք, ողջ ճշմարտությունը:

Սակայն թուրքերի ունեցած հաջողությունները սահմանափակվեցին այսքանով:  Պատերազմը նրանց համար անհաջող շրջադարձ կատարեց՝ անատոլիական շրջանները մեկը մյուսի ետևից անցնում էին ռուսներին, իսկ թուրքերը հուսահատության գիրկն էին ընկել: 

Սակայն հրաշք տեղի ունեցավ՝ Ռուսաստանում հեղափոխություն սկսվեց և բոլոր իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվեց… Այն թուրքերին շունչ քաշելու հնարավորություն ընձեռեց, այդ կերպ նրանց մեջ վերջնական փրկության հույս արթնացնելով: Ոչ պակաս ուրախացան ռուսաստանցի թյուրք-թաթարները, որոնք Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող պատերազմի ամենասկզբից թուրքերի կողմից էին՝  1913 թվականին տեղի ունեցավ հանդիպում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների միջև, որի ժամանակ որոշվեց բոլոր ջանքերն ուղղել արևելյան և արևմտյան թուրքերին միավորելու համար:  Սկզբում Ռուսաստանի հաջողությունները և ռուսական կառավարության վարած կուռ քաղաքականությունը անհնարին էին դարձնում թյուրք-թաթարների բաց ելույթները, սակայն ռուսական կառավարության թուլացման հետ մեկտեղ նրանք ավելի էին բացվում և ի վերջո դարձան հակառուս և թրքամետ:  Ավելի հստակ նման վերաբերմունքը դրսևորվեց բոլշևիկյան հեղաշրջումից հետո՝ հատկապես Կովկասում: 

Պանթուրանիզմը և բոլշևիկյան հեղաշրջումը՝ գաղափարախոսության գագաթնակետը

Հեղափոխությունից և բոլշևիկյան հեղաշրջումից հետո հաղթանակած ռուսական բանակը, որը իր ձեռքում էր պահում Թուրքիայի տարածքների 1/3 –ը, լքեց այդ շրջանները և տուն գնաց:  Կովկասյան ճակատը ամբողջովին բաց էր, և թուրքերի համար մեծ հեռանկարներ են բացվում:   Նրանք ետ վերադարձրին բոլոր նվաճված տարածքները և մոտեցան Կովկասում ռուսական սահմանին: 

Այնուհետև Բրեստ-Լիտովսկում բոլշևիկների հետ կնքված հաշտության համաձայնագրով  նրանց վերադարձրեցին Ռուսաստանի կողմից 1879 թվականին  գրավված Կարսի, Արդահանի ու Բաթումիի շրջանները:  Թուրքիան ստացավ ավելին քան կարող էր պատկերացնել, սակայն շարունակում էր համառորեն շարժվել դեպի Անդրկովկասի խորքը՝ ձգտելով միավորել թյուրք-թաթարական բնակչությունը Թուրքիայի հետ՝ հատկապես ադրբեջանական բնակչությունը:  Նրանց ոչինչ ետ չի պահում այդ մտքից՝ անգամ գերմանացի դաշնակիցների դժգոհությունը, որոնք պատերազմում թուրքերի առջև լրիվ այլ առաջադրանքներ էին դրել: 

Ռուսական զորքերը դուրս բերելուց հետո ադրբեջանական թաթարների ողջ գործունեությունը խստորեն համաձայնեցվում էր թուրքական բանակի ռազմական առաջադրանքների հետ:  Թուրքերի և թաթարների համատեղ գործողությունները առաջին հերթին ուղղված էին հայերի դեմ, որոնք, ռուսական զորքերի հեռանալուց հետո, ստիպված են իրենց թուլացած ձեռքն առնել կովկասյան ճակատի պաշտպանությունը թուրքերից և թիկունքում՝ թաթարներից: 

Անդրկովկասի թաթարների պահվածքում ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք առաջնորդվում էին, ոչ թե Ռուսաստանից անկախանալու ձգտումով, այլ թուրքերի իշխանությանը հանձնելու իրենց և ամբողջ Անդրկովկասը:  Դրան նրանք հասան շատ արագ. կոտրելով հայերի դիմադրությունը և օգտվելով վրացիների չեզոքությունից:  1918 թվականի սեպտեմբերի սկզբին թուրքական բանակը «ազատագրեց» Բաքուն՝ կոտորելով  հայերի 30 հազարանոց խաղաղ բնակչությանը, իսկ այդ նույն ամսվա վերջում արդեն կռվում էր Պետրովսկի մատույցներում՝«ազատագրելու» Կովկասի լեռնցիներին:   

1918 թվականի ձմռանը Ադրբեջանը դարձավ թուրքական գավառ:  Այդպիսին այն մնաց անգամ մայիս ամսին՝ իր անկախությունը պաշտոնապես հայտարարելուց հետո: «Կեցցե թուրքական բանակը, կեցցե բոլոր թյուրքերի միավորումը» - գոչում էր ադրբեջանական կառավարության ղեկավար Խան-Խոյսկին – «սրտի թրթիռով հիմա ազատագրող թուրքական բանակին են սպասում Կովկասի լեռնցիները, Վոլգայի թաթարները,  անդրկասպյան սարտերը, ուզբեկներն ու կիրգիզները(...)».

Հանկարծ երկրորդ հրաշքն է տեղի ունենում, որն այս անգամ վերջ է դնում պանթուրանիստների պլաններին. պատերազմն ավարտվում է Թուրքիայի դաշնակիցների պարտությամբ և հասնելով Թուրանի շեմին՝ թուրքական բանակը ստիպված էր հրաժարվել իր հետագա առաքելությունից և հայացքը դարձնել ետ՝ դեպի Անատոլիա:

Այսպիսով կեսճանապարհին ավարտվեց պանթուրանական շարժման առաջին և ամենավառ փուլը:

Պանթուրանիզմը քեմալական շարժման ժամանակ

Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցների կրած պարտությունից հետո Թուքիայի համար լուրջ խնդիր է ծագում փրկվել վերջնական մասնատումից և պահպանել անկախ և ուժեղ պետականությունը:  Եվ ոչ միայն հանուն թուրքերի, այլ նաև հանուն թուրանական ժողովուրդների ազատագրման մեծ առաքելության, որը պատմությունը վստահել է Թուրքիային:  Այս տրամադրությունները Թուրքիայում զարկ տվեցին նոր ազգային շարժման, որը ստացավ քեմալական անունը՝ ի պատիվ իր առաջնորդ Մուստաֆա Քեմալ փաշայի:

Ազգային այս շարժումը Թուրքիայի պատմության մեջ նոր դարաշրջան է բացում:  Թուրքիան դառնում է հանրապետություն՝ ձգտելով պետականության առավելագույն միատարրության:  Շարունակելով երիտթուրքերի գործը, ովքեր արևելյան վիլայեթները «մաքրել էին» հայերից՝ քեմալականները սպանում կամ արտաքսում էին Փոքր Ասիայից հույներին, և զբաղվում էին երրորդ խմբով՝ քրդերով:  Այսպիսով՝  քեմալականների ստեղծած «Թուրքիան միայն թուրքերի համար է» կարգախոսը մոտ էր իրագործմանը:  Երիտթուրքերին փոխարինեցին թուրք ազգայնականներ-քեմալականները, որոնք քարոզում էին հարյուր տոկոսանոց թյուրքիզմ:

Քեմալականները փորձում էին հաղթանակած գերիշխանություններից փրկել գոնե տարածքների այն մի մասը, որը դաշնակիցների նախագծով պետք է խլվեր Թուրքիայից:

Պատերազմի ընթացքում ըստ դաշնակիցների միջև կնքված համաձայնագրերի՝ Օսմանյան կայսրությունից պետք է վերցնեին բոլոր արաբական հողերը (Սիրիա, Մեսոպոտամիա, Արաբիա), փոքրասիական թերակղզու հարավային և արևելյան ափերը, Թրակիան:  Եվ ունենալով այսքան տարածքային կորուստներ՝ թուրք ազգայնականները իրենց պայքարի առաջնային կարգախոս են դարձնում հայկական շրջանները պահելը և հայոց պետականության ստեղծմանը խանգարելը:  Ի՞նչպես սա բացատրել: 

Հայկական շրջանները իրենց իշխանության տակ պահելով՝ Թուրքիան ուղղիակիորեն անմիջական տարածքային կապ էր հատատում Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի այլ թուրանական ժողովորդների հետ, այսինքն՝ պահպանում է հետագայում թուրանական ծրագիրը իրականացնելու հնարավորությունները:

Քեմալականներն իրենց պայքարը հաջողությամբ պսակեցին՝ Թուրքիայում իրենց ձեռքը հափշտակելով պետական իշխանությունը, իսկ Լոզանում դաշնակիցների ձեռքից պոկելով խաղաղություն՝ բարենպաստ պայմաններով:    

Թուրք ազգայնականների հաղթանակում առաջնային դեր են խաղում նրանց զինվորական ուժերը: Նրանք նաև ճնշում էին գործադրում դաշնակիցների վրա՝ սպառնալով վերջիններիս դեմ ոտքի կանգնեցնել ողջ թուրանական և անգամ մահմեդական աշխարհը:  Նրանց նաև օգնեց պատերազմից հետո ստեղծված միջազգային իրադրությունը, մասնավորապես դաշնակիցների միջև առկա տարաձայնությունները և Ռուսաստանում բոլշևիկյան իշխանության առաջացումը:

Քեմալականների և խորհրդային ղեկավարության միությունը՝ արյունոտ բարեկամություն և եղբայրություն

Քեմալականներին մեծապես աջակցություն են ցուցաբերել ռուս բոլշևիկները:  Վստահաբար կարելի է փաստել, որ Սովետական Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել քեմալական զենքի ապահովման գործում, և եթե այսօր Թուրքիան գոյություն ունի որպես անկախ պետություն, ապա մասնավորապես պետք է   պարտական լինի ռուս բոլշևիկներին:  Ի՞նչ ընդհանուր շահեր ունեին բոլշևիկներն ու քեմալականները:

Երբ Թուրքիայում սկիզբ առավ ազգային շարժումը, նա արդեն Ռուսաստանի հետ չուներ ընդհանուր սահմաններ, և այն ռուսական տարածքները (Անդրկովկաս), որոնց նկատմամբ թուրքերը ունեին պանթուրանական նկրտումներ, գտնվում էին խորհրդային իշխանության սահմաններից դուրս:    Այնտեղ տեղակայվել էին Դաշնակիցները, ովքեր թուրքերից խլել էին Ադրբեջանը, Դաղստանը և սպառնում էին Հզոր Հայաստան ստեղծելու իրենց ծրագրերով և այդպիսով ընդմիշտ վերջ դնելով պանթուրանիզմի գաղափարներին:    Ահա թե ինչու այդ ժամանակ Թուրանի համար տարվող պայքարը նշանակում էր պայքար, ոչ թե Ռուսաստանի, այլ Դաշնակիցների՝ հատկապես Անգլիայի դեմ:

Անգլիայի և ընդհանրապես Անտանտ գերտերության նկատմամբ հակակրանք էին տածում նաև ռուս բոլշևիկները՝ այդ հաշվով ունենալով իրենց պատճառները: Ահա այս ընդհանուր ատելությունը հանգեցրեց բոլշևիկների և քեմալականների համաձայնությանն ու դաշինքին: 

Սովետական միության հետ դաշինք կնքելով՝ թուրքերը առաջնորդվում էին բացառապես իրենց ազգային շահերով: Նրանք գտնվում էին այնպիսի դրության մեջ, որ այդ դաշինքը նրանց անսահման օգուտ կբերեր, նույնիսկ այն դեպքում, եթե բոլշևիկյան Ռուսաստանը պարզապես չեզոքություն պահպաներ Թուրքիայի հետ, եթե նա իր հարևանությամբ ունենար ոչ թե թշնամաբար, այլ պարզապես անբարյացակամ տրամադրված Ռուսաստան:  Այն ժամանակ նրան ոչինչ չէր փրկի:  Եվ ահա փոխարենը թուրքերը ձեռք են բերում Ռուսաստանին որպես դաշնակից, որը նրանց ցուցաբերում է բարոյական, դիվանագիտական և նյութական օգնություն՝ ամենակարևորը փոխարենը ոչինչ չպահանջելով:  

Բոլշևիկների կողմից ցուցաբերած անշահախնդիր ընկերությունը թուրքերը օգտագործում են լիովին՝ ոչ միայն դաշնակիցների դեմ պայքարում, այլ կրկին անգամ խթանելով իրենց պանթուրանական նպատակները:  

Քեմալականների առաջնային խնդիրն էր հայկական սեպը (Հայաստանի անկախ հանրապետություն) վերացնելը և Արդրբեջանի հետ տարածքային կապի հատատումը:  Բայց մինչ այդ անհրաժեշտ էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայի հայկական շրջանները միանային Հայաստանի հանրապետությանը:  Այս նպատակով 1920  թվականի ապրիլի 15-ին նրանք Արդրբեջանի հետ կնքում են փոխօգնության և Հայաստանի դեմ համագործակցության ռազմական համաձայնագիր:  Խորհրդային Ռուսաստանը, որը միացել էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին, ևս պարտավորվում է պաշտպանել Թուրքիայի իրավունքները հայկական շրջանների նկատմամբ:  Այդ համաձայնգրի կետերից մեկում նշվում է միասնական Հայաստան ստեղծելու նախագծերի դեմ պայքարը:

Դաշնակցային բանակները Կարմիր Բանակի հետ բախվելու վտանգից ելնելով թողնում են Անդրկովկասը, և այժմ նրա հարավային սահմանները բաց են թուրքերի առջև, իսկ հյուսիսային սահմանները՝ բոլշեվիկների առջև:  Ահա այստեղ է, որ Ռուսաստանի տնտեսական շահերը (Բաքվի նավթը) բախվում են ազգային Թուրքիայի քաղաքական շահերի հետ (պանթուրանիզմ). հակամարտությունը լուծվում է միմյանց նկատմամբ փոխադարձ զիջումների շնորհիվ՝ քեմալականները, վստահ լինելով, որ թյուրքական Ադրբեջանը մշտապես հավատարիմ կլինի Թուրքիային, տալիս է իր համաձայնությունը, որպեզի բոլշևիկյան զորքերը մուտք գործեն այնտեղ:  

«Զոհելով» Ադրբեջանը՝ թուրքերը իրենց համար պահանջում էին փոխհատուցում Հայաստանի հարցում:   Նրանք ցանկանում էին ոչնչացնել Հայաստանի հանրապետությունը և զավթել հայկական հողերը, սակայն այդ ամենը իրագործելու համար նրանց անհրաժեշտ էր Խորհրդային միության օգնությունը:  Այդ օգնությունը իրեն երկար չսպասեցրեց: Ադրբեջանի խորհրդայնացման երկրորդ օրն իսկ նրա նոր կառավարությունը 11-րդ Կարմիր բանակի հրամանատարության հետ համատեղ սկսեցին Հայաստանի կառավարությանը ռմբակոծել վերջնագրերով, որոնք բոլորը ավարտվում էին սպառնալիքներով:   1920 թվականի աշնանը թուրքական ուժերը մոտեցվեցին Հայաստանի սահմաններին:

Մնում էր պարզել Վրաստանի դիրքորոշման հարցը:  Եվ ահա Քեմալ փաշայի պնդմամբ Բաքվից Թբիլիսի է ժամանում պատվիրակը, որտեղ հաջորդ օրը տեղի է ունենում հանդիպում Վրաստանի կառավարության նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:  Այդ հանդիպումն ավարտվեց…ճաշով՝ ի պատիվ Բաքվի պատվիրակի, որը վկայում էր այն մասին, որ թուրքերի առաքելությունը բարեհաջող ավարտվեց: 

Սկսվեցին ռազմական գործողություններ քեմալականների և Հայաստանի միջև ... հարձակվեցին արևելքից՝ Նախիջևանի և Ղազախի կողմից:  Շուտով գրավեցին Կարսն ու Սարիղամիշը: Հայաստանը պարտություն կրեց և նրան թուրքերը առաջադրեցին  խաղաղություն կնքելու բավականին ծանր պայմաններ:  Հայաստանում խորհրդային միության ներկայացուցիչը 1920 թվականի նոյեմբերի 30 –ին Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անունից Հայաստանի կառավարությանը ներկայացնում է վերջնագիր՝ պահանջելով բոլշևիկներին հանձնել այն տարածքների վրա իշխանությունը, որը դեռևս գրավված չէր թուրքերի կողմից:  Հայկական կառավարութունը գնաց այդ քայլին, որպեսզի փրկի իր մնացյալ ժողովրդին թուրքական դանակից և Հայաստանի բաժանումը Թուրքիայի և Խորհրդային Միության միջև դարձավ այլևս իրագործված փաստ: 

Թուրք-բոլշևիկյան հարաբերությունները ամրագրվեցին 1921 թվականի մարտի 16-ին  «բարեկամության և եղբայրության» Մոսկվայում կնքված պայմանագրով:  Ըստ այդ պայմանագրի՝ Կարսի և Արդահանի նահանգները, ինչպես նաև Սուրմալուի գավառը անցան Թուրքիային:  Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանի մի մասը մտան ԽՍՀՄ կազմի մեջ որպես ինքնուրույն ազգային-խորհրդային հանրապետություններ:  Թյուրքական Ադրբեջանի հետ տարածքային կապի պահպանման նկատառումներից ելնելով՝ Թուրքիան պայմանագրի մեջ առանձին կետ է մտցնում, ըստ որի թուրքական նոր տարածքների և Ադրբեջանի միջև գտնվող Նախիջևանի շրջանը վերցվում է Հայաստանի ղեկավարությունից և փոխանցվում Ադրբեջանի պրոտեկտորատին:

Չնայած թուրքերին չհաջողվեց իրականացնել իրենց ազգային գաղափարը՝ միացյալ Թուրանի, բոլոր թյուրք-թաթարական ցեղերի հզոր կայսրության ստեղծումը, բայց բոլշևիկների հետ ունեցած բարեկամության շնորհիվ նրանց հաջողվում է փրկել այդ գաղափարը ոչնչացումից և ստեղծել նախնական և շատ հարմար պայմաններ՝ ապագայում իրենց պանթուրանական ծրագրերի իրագործման համար:  

Արդյո՞ք պանթուրանիզմը ապագա ունի

Անկասկած կարելի է ենթադրել, որ պանթուրանիզմի գաղափարները ոչ միայն առկա են, այլ նաև ակտիվորեն զարգանում են՝ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական պանթուրանիզմի ջատագովները ընդունում են բոլոր թյուրքական ժողովուրդների քաղաքական և մշակութային միավորման անհրաժեշտությունը:  Եվ մեկ, և մյուս կողմը համաձայն են այն մտքի հետ, որ միավորման կենտրոն պետք է դառն Թուրքիան:  Պանթուրանիզմի բոլոր ջատագովները միաձայն ու միասնական են իրենց նպատակների իրագործման հարցում և որ ամենակարևորն է՝ միասնական է նրանց գործունեության նպատակը…

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո