Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՓՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մշակույթ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՓՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արևմտյան Հայաստանն և Կիլիկիան թողել են հայկական ձեռագրերի բացառիկ մեծ ժառանգություն: Գրեթե ամեն ընտանիք ուներ իր ձեռագիրը, որ պահվում էր տանը որպես սրբություն: Յուրաքանչյուր եկեղեցի, գործեր այն քաղաքում, թե՞ գյուղում, ուներ առօրյա ծիսակատարության համար անհրաժեշտ մատյաններ ու գրքեր, իսկ վանական համալիրները և վարժարանները եղել են ոչ միայն գրչության խոշոր կենտրոններ, այլև ձեռագրերի պահպանման օջախներ:

Մեծ եղեռնը իր նախադեպը չուներ ոչ միայն մարդկային զոհերի, այլև հայ մշակույթի ոչնչացման առումով: Այդպես էլ լիարժեքորեն չուսումնասիրված՝ բյուրավոր ձեռագրեր հրո ճարակ դարձան։ 1915 թ. Արևմտյան Հայաստանում վանքերը համատարած թալանվեցին ու այրվեցին, հիմնահատակ քանդվեցին, իսկ այնտեղ պահվող անթիվ ու անհամար ձեռագրեր, տպագիր գրքեր, անգամ ամբողջ գրադարաններ անվերադարձ ոչնչացան: Նրանց միայն մի փոքր մասն է հաջողվել հերոսաբար փրկել:

Վասպուրականի ձեռագրերը փրկելու գործողությունը

Գրչության առումով հատկանշական էին Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը: Կղզիները` բոլոր կողմերից շրջապատված ջրով, պաշտպանված էին թուրքերի և քրդերի անակնկալ հարձակումներից, այսպիսով, ծառայելով որպես անվտանգ տեղ մեծ թվով ձեռագրեր պահելու համար:

Վանա լճի կղզիները` Լիմ, Կտուց և Աղթամար   

Կտուց կղզու Սուրբ Կարապետ վանքը և վանական միաբանության անդամները  

«[Ցեղասպանությունից առաջ] Լիմ անապատի ձեռագրերի թիվը հասնում էր 550 կտորի, ուներ նաև 3000 չափ տպագրված մատյաններ: Կտուց կղզու վանքում պահվում էին շատ արժեքավոր ազգային և եկեղեցական սպասք, ինչպես նաև շուրջ 500 ձեռագրեր», - նշում է Լիմ վանքի վանահայրը` Հովհաննես Հյուսյանը:

1915 - 1916 թթ. ցեղասպանության ամենածանր օրերին, երբ բռնությունն ու մահն ամենուր էին, և երբ կյանքը փրկելն ինքնին հրաշք էր թվում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգ Ե Սուրենյանցը նախաձեռնում է մի գործողություն, որն առաջին հայացքից թվում է ` խելագարություն էր` Վասպուրականի հայկական ձեռագրերը փրկելու (Վան, Վարագավանք, Աղթամար, Լիմ, Կտուց կղզիներ), Մուշի և Կարսի տարածքում և դրանք Սուրբ Էջմիածին տեղափոխելու գործողությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը 

Վասպուրականի ձեռագրերը փրկելու բարդ գործողությունը ղեկավարում էր Լիմի վանքի վանահայր, վարդապետ Հովհաննես Հյուսյանը: Ապրիլյան սպանդի օրերին Հովհաննեսը Լիմը վերածեց պաշտպանության կենտրոնի, օգնեց տեղափոխվել այս կղզի և փրկվել շուրջ 12 հազար մարդու մինչև մայիս, երբ ռուսական զորքերը և հայկական կամավորական ջոկատները մտան Վասպուրական:

Հովհաննես վարդապետը ոչ միայն փրկեց հազարավոր անմեղ հայերի մահից, այլև հոգ տարավ նրանց ապաստանի, ընդհանրապես, Լիմի վանքի, ինչպես նաև ձեռագրերի և արժեքավոր սպասքի պահպանման մասին: 1915 թ. Արևելյան Հայաստան փախստականների գաղթի ընթացքում Հովհաննես վարդապետը և Կտուց մենաստանի միաբանը` Ստեփան վարդապետը, իրենց հետ վերցրին ձեռագրերի առաջին խումբը՝ մոտ 284 կտոր, և տարան Սուրբ Էջմիածին, որտեղ Գևորգ Ե կաթողիկոսը նրանց էր սպասում:

Լիմ կղզին և Սուրբ Գևորգ վանքը  

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին  

Նույն տարվա հոկտեմբերին կաթողիկոսը, ով քաջատեղյակ էր Արևմտյան Հայաստանում տիրող դժոխային իրավիճակին, այնուամենայնիվ Հովհաննես և Ստեփան վարդապետներին հանձնարարեց կրկին վերադառնալ հայրենիք, հավաքել մնացած բոլոր ձեռագրերը, արժեքավոր սպասքը, տեսակավորել և տեղափոխել այնտեղ`Սուրբ Էջմիածին:

Վանի և նրա շրջակայքի մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ մտահոգություն հայտնեց նաև Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի նախագահությունը: Վերջինիս հանձնարարությամբ Կովկասյան (Թիֆլիսի) թանգարանի ավագ հսկիչ Սմբատ Տեր-Ավետիսյանը մեկնում է Վան` միանալով Հովհաննես և Սմբատ վանահայրերին: 

1915 թ. նոյեմբերի 21-ին 1082 ձեռագիր հավաքվեց Ախթամար, Լիմ, Կտուց կղզիներից, ինչպես նաև Վանի վանքերից և երկու ամիս անց առաքվեց Սուրբ Էջմիածին: Ընդհանուր առմամբ, 1915-1916 թթ. փրկվել է շուրջ 1440 ձեռագիր: Այս մեծ հավաքածուին ավելանում են փախստականների բերած փոքրաթիվ գրքերը. 1916-1918 թթ. Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, վարդապետ Մեսրոպ Մաքսուդյանը, Ստեփան Կանայանը ձեռագրեր են հավաքել Վասպուրականից եկած գաղթականներից: Տարիների ընթացքում Մատենադարանն տարբեր մարդկանցից ստացել է նաև այլ փրկված գրքեր:

Մատենադարանում այժմ պահվում է Վասպուրականից շուրջ 1446 ձեռագիր, որոնք փրկվել են ցեղասպանության ժամանակ: Վերապրած այս ձեռագրերից յուրաքանչյուրն ունի ստեղծման իր պատմությունը, հատուկ նկարազարդումներն ու բովանդակությունը:

Ախթամար կղզուց հրաշքով փրկված ձեռագրերից մեկը ՝ Սարգիս Պիծակի (14-րդ դար) «Հրաշագործը»  

15-րդ դարում ընդօրինակված այս ձեռագիրը պահվել է Լիմ կղզու վանքում և համարվել սքանչելագործ

Հայկական գրչության կենտրոններում ձեռագրերը ոչ միայն պատճենվում և նրբորեն նկարազարդվում էին, այլև մեծ ուշադրություն էր դարձվում դրանց կազմերի պատրաստմանը: Այսպիսով, չնայած ցեղասպանության ընթացքում կրած հսկայական մշակութային կորուստներին, բացառիկ անձնազոհության արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց պահպանել գեղեցիկ, պատկերազարդ և արծաթափայլ ձեռագրերը:

Ձեռագրի շապիկ Կտուց կղզուց

Մուշի հրաշքով փրկած ձեռագրերը

Տարոն նահանգը հին ժամանակներից հայտնի է եղել իր վանքերով և եկեղեցիներով, որոնք հանդիսացել են հոգևոր և մշակութային կենտրոններ: Հատկապես ուշագրավ էին Մշո Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ վանքերը` իրենց վանական կարգերով, պատմությամբ, մշակութային նմուշներով, ներառյալ արժեքավոր ձեռագրերը: Այս վանական համալիրներում դրանք ոչ միայն արտագրվել և գեղեցկացվել են գունագեղ նկարազարդումներով, այլ ժամանակի ընթացքում ստեղծվել է նաև գրադարան՝ ձեռագրերի հարուստ հավաքածուով:

Սուրբ Առաքելոց վանքը  

Սուրբ Կարապետ վանքը  

Կաթողիկոսի կողմից ստեղծված հատուկ հանձնախումբը մեծ դժվարությամբ հասնում է Մուշ 1916 թ. ապրիլի 24-ին: Հանձնախմբի անդամներն էին Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի օգնական Ավետիք Տեր-Պողոսյանը, ճեմարանի ուսուցիչ Բահաթուր Բահաթուրյանը, ավելի ուշ նրանց է միանում բժիշկ Խոսրով Փանոսյանը:

Կաթողիկոսի տված հանձնարարականում նշվում է. «Վանքերին և եկեղեցիներին պատկանող ձեռագիրների վրա ունենալ առանձին հոգածություն և բոլորը ըստ կարելվույն ժողովել… արկղների և կամ պարկերի մեջ դասավորել և ապահով եղանակով փոխադրել Մայր Աթոռ [Էջմիածին]»:

Մուշում նրանց ուղեկցում են Եղիշե քահանա Տեր-Պարսամյանը (ով Մուշի շուրջ 500 հոգևորականներից միակ փրկվածն էր), Մուշի քաղաքային ժողովի անդամ Միսաք Բդեյանը, Մուշի Ձորոթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցու աթոռակալ Արամ Փորիկյանը և այլ երևելի մշեցիներ: 

Հանձնաժողովի անդամները գտնում են Մշո վանքերն ու եկեղեցիները թուրքերի ու քրդերի կողմից թալանված, պայթեցված ու քանդված վիճակում: Ծանր սրտով նրանք այս մասին հայտնում են կաթողիկոսին Էջմիածնում`

«Պատմական մենաստանները, հռչակավոր ուխտատեղիները այնպիսի ավերման են ենթարկվել, որ Չինգիզխան-Լենկթեմուրյան ավերածություններն իսկ նսեմանում են ներկայի առաջ: Ավերող ձեռքը անշունչ քարերի հետ վարվել է այնպես բարբարոսաբար, կարծես պատմական անմռունչ կոթողների վրա ևս թափել է իր վրեժի թույնը: Եկեղեցիները, սրբոց գերեզմանները, խաչքարերը քարուքանդ են արել ու կոտորել: Այս բարբարոս գործողության ազդակներից է եղել նաև վանքերի թաքստոցները գտնելու ձգտումը, որոնց տեղերը երբեմն չիմանալով, ամբողջ շենքը վառոդով կամ ուժանակով պայթեցրել են»:

Գրեթե հիմնովին ավիրված էին Մուշ քաղաքի առաջնորդարանի շենքը, Սբ. Մարիանե, Սբ. Հարություն, Սբ. Սարգիս, Սբ. Կիրակոս, Ձորո թաղի Սբ. Աստվածածին եկեղեցիները, քաղաքի դպրոցներն ու երևելի անձանց տները: Խորտակված էր երբեմնի հռչակավոր Սբ. Առաքելոց վանքն` իր մայր տաճարով, զանգակատնով և գավիթով, գաղտնարանները բացված և թալանված էին:

Միևնույն ժամանակ, Սուրբ Կարապետ վանքի նախկին սպասավոր Հակոբ Ստեփանյանը նամակ է գրում կաթողիկոսին, որում ասվում է, որ 1915 թ. գարնանը վանական վարչություն կարողացել է թաքցնել եկեղեցական սրբազան անոթները.

«Անցեալ գարնան երբ սկսեց քաղաքական վիճակը վատանալ Մշո Սբ. Կարապետի վանական վարչությունը որոշեց եկեղեցական սրբազան անոթները պահել, որ ազատեն թալանեն: Այդ գործը հանձնեցին կատարելու լուսարար հայր սուրբին և ինձ. երդվեցրին ոչ ոքի չասել մինչև անցնի վտանգը»:

(1916 թ. մարտի 1)

Հանձնախումբը հասնում է և տեսնում Սբ. Կարապետի մայր եկեղեցին և դառնում վերջինիս ավերակների վկան, գտնում հատակները` փորված, դռները` տարված: Հակոբ Ստեփանյանը հանձնաժողովի անդամներին բացահայտում է թշնամու աչքից վրիպած վանքի ամենամեծ ու ամենակարևոր պահոցը: Այնտեղից նրանք վերցնում են սրբազան զգեստներ, եկեղեցական պարագաներ, փոքր քանակությամբ տպագիր գրքեր և ձեռագրեր: Սրանից զատ, հանձնաժողովը հավաքում է նաև Մուշում տարբեր անհատների ձեռքում պահված 21 ձեռագիր: 1916 թ. մայիսի 29-ին հանձնաժողովը Էջմիածին է բերում փրկված բոլոր գանձերը:

Սուրբ Կարապետ վանքից փրկված ամենահայտնի ձեռագրերից մեկը XIII դարի արծաթե շապիկով ավետարան է, որը ընդօրինակվել է Կիլիկիայում:

Հետագա տարիներին Մուշից բերված ևս երեք ձեռագրեր տեղափոխվեցին Մատենադարան, այդ թվում ՝ Մշո հսկա Ճառընտիրը, որը պահվում էր Սուրբ Առաքելոց վանքում: Այսպիսով, Մուշից Մատենադարան են մուտք գործել 102 հայերեն ձեռագիր, 12 արաբատառ ձեռագիր (ձեռագրերից մեկը բաժանված է 16 մասերի) և 27 տպագիր գիրք:

Ցեղասպանությունից հրաշքով փրկված մի քանի ձեռագրերից մեկը, որն այժմ պահվում է Մատենադարանում, Մշո հսկա Ճառընտիրն է՝ ամենամեծ հայկական ձեռագիրը: Քաշը կազմում է 28 կգ: Յուրաքանչյուր էջ պատրաստված է հորթի կաշվից: Գիրքը պարունակում է շուրջ 40 հեղինակների հատընտիր աշխատանքներ:

Մարդկային համընդհանուր ժառանգության պահպանմանն ուղղված այս հատուկ գործողությունները ցույց են տալիս, թե հայերի նախորդ սերունդներն ինչ նրբազգայությամբ և հարգանքով էին վերաբերում իրենց մշակույթին ու արժեքներին: Անցել է մեկ դար, փոխվել են սերունդները: Այսօր, ունենալով բոլոր հնարավորությունները պահպանելու և զարգացնելու սեփական մշակույթը ՝ առանց սեփական կյանքը վտանգելու, մարդիկ հաճախ մնում են անտարբեր և մակերեսային վերաբերվում: Ստեղծագործող մի ժողովուրդ, որի հանդեպ ամենամեծ ոճիրն է իրագործվել, իրավունք ունի արդյո՞ք անտարբեր լինելու իր մշակույթի և ինքնության հանդեպ:

Տրամադրված նյութերի համար շնորհակալություն ենք հայտնում պատմական գիտությունների թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանին:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ

Հայերը, թուրքերը ու Հրանտ Դինքը

Ուղղափառ հույները թուրքական Մերսինում

Կարո Փայլան` մեր ժամանակի հերոսը