Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Անատոլիայի մյուս կողմում` արևմտյան Փոքր Ասիայի հայերը
Հուշ

Անատոլիայի մյուս կողմում` արևմտյան Փոքր Ասիայի հայերը

Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող պատմական հայ համայնքները հաճախ անտեսվում են և պատշաճ կարևորության չեն արժանանում: Ամենայն հավանականությամբ այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նրանք հեռու են պատմական հայկական տարածքներից և Հայկական լեռնաշխարհից:

Սակայն Էգեյան և Մարմարա ծովերից մինչև Կիլիկիայի բերրի հարթավայրերի տարածքներում գտնվում էին բազմաթիվ հայ համայնքներ, որոնք Կոստանդուպոլսի(ներկայիս Ստամբուլ) շուրջը ձևավորել էին հարյուր մղոն երկարությամբ կամար: Կենտրոնացած լինելով եկեղեցիների և դպրոցների շուրջ` այս համայնքները պահպանել էին իրենց յուրահատուկ բարբառն ու կենցաղը, իսկ ծովի ափին տեղակայված լինելն ու վարչական կենտրոններին մոտ գտնվելը նպաստում էր այս համայնքների տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը` հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, հողագործությամբ, ներառված էին մետաքսի և տեքստիլ արդյունաբերության մեջ, տարածաշրջանային և միջազգային առևտրի մեջ: 

Փոքր Ասիայի գավառները (գունավոր նշված են արևմտյան գավառները) 

Հայերի զանգվածային վերաբնակեցումը Փոքր Ասիայում սկիզբ է առնում 14-րդ դարից, երբ մամլուքների հարձակումներից ընկնում է Կիլիկիայի հայկական թագավորությունը: Վերաբնակեցման երկրորդ խոշոր ալիքը տեղի է ունենում 16-րդ և 17-րդ դարերում, երբ Արևելյան Հայաստանի տարածքը դարձել էր օսմանների և պարսիկների կործանարար ռազմական գործողությունների թատերաբեմ: Դեպի արևմուտք էին տեղափոխվում ոչ միայն Արևելյան Հայաստանի հայերը, այլև Սեբաստիայի (Սրվազ) և Եփրատից ոչ հեռու գտնվող Ակն շրջանի հայերը: 

Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտյան Փոքր Ասիայի համայնքների կառուցվածքը

Արմտյան Փոքր Ասիայի անգամ ոչ մեծ հայկական բնակավայրերը ընդհուպ մինչև 19-րդ դարը պահպանել էին դպրոցն ու եկեղեցին, իսկ նրանցից շատերն անգամ կարող էին պարծենալ տղաների և աղջիկների համար առանձին դպրոցներով:

Կրթական հաստատությունները գործում էին եկեղեցիների հովանու ներքո` հայ առաքելական եկեղեցու հետ մեկտեղ արևմտյան համայնքներում գործում էին Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանած բազմաթիվ կաթոլիկ և բողոքական միսիոներներ, հետևաբար հայ ավանդական եկեղեցին պետք է միշտ «տոնուսի» մեջ լիներ, որպեսզի մրցակցեր կրթական և մշակութային ոլորտում առկա արտասահմանյան կրոնական կազմակերպությունների հետ:

Պատմական փոքր ակնարկ

Արևմտյան Փոքր Ասիայի հայերի կյանքում առաջին բեկումնային պահը դարձավ սուլթան Աբդուլ Համիդի II (1876 - 1909) թագավորության սկիզբը: Սուլթանի պարտությունը ռուս-թուրքական պատերազմում (1877-1878) հանգեցրեց նրան, որ ռուսական Կովկասից Օսմանյան կայսրություն հորդեցին հազարավոր մահմեդական գաղթականներ` հայկական համայնքներում ստեղծելով միջէթնիկական լարվածություն:

Ինչպես Օսմանյան կայսրության այլ հայերն ու քրիստոնյա փոքրամասնությունները, արևմտյան Փոքր Ասիայի հայերը ևս ողջունեցին 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը, որը վերականգնեց Սահմանադրությունը և սուլթանի իշխանությունը դարձրեց պարզապես անվանական: Սակայն խանդավառությունը երկար չտևեց: 1909 թվականին նոր կառավարությունը` ի դեմս երիտթուրքերի, Կիլիկիայում կազմակերպեց հայերի կոտորածը, իսկ 1914թ. Բալկանյան պատերազմներում պարտություն կրելուց հետո Փոքր Ասիա հորդեց քինախնդիր թուրք փախստականների ալիք:

Արևմտյան Փոքր Ասիայի հայերը, չնայած սակավաթիվ լինելուն, չկարողացան խուսափել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) տեղի ունեցող ցեղասպանության ջարդերից: Պատերազմում Օսմանյան կայսրությն կրած պարտությունից հետո` 1918 թվականի վերջին, ցեղասպանությունը վերապրած որոշ հայեր փորձեր ձեռնարկեցին Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Պարտիզակ, Իզմիթ, Ադաբազար, Բուրսա շրջանների իրենց տները, սակայն բախվեցին իրենց տների ու ունեցվածքի նոր տերերի թշնամական վերաբերմունքին: 

Հայերին վերջնականապես արտաքսեցին իրենց հայրենիքից, և այս անգամ թուրք ազգայնականների բանակի կողմից, որը գլխավորում էր նոր, ետպատերազմյան առաջնորդ Մուստաֆա Քեմալը: 

Արեւմտյան Փոքր Ասիայի հիմնական հայ համայնքերի ընդհանուր նկարագիրը

Չորս ծովերով շրջապատված շրջաններում (Սև, Մարմարա, Էգեյան, Միջերկրական) եղել են ավելի քան հարյուր հայկական բնակավայրեր, որոնցում բնակվում էր 100-150 հազար մարդ: Շատ հաճախ հայերը կազմում էին ընդհանուր բնակչության մի փոքր տոկոսը և ապրում էին մահմեդական մեծամասնությամբ շրջապատված: Գիտակցելով իրենց խոցելիությունը` նրանք հավատարմություն էին ցուցաբերում տեղական իշխանություններին` ձգտելով կայուն, խաղաղ գոյակցության պայմաններին: 

Իզմիթ (Իզմիթ նահանգ)

Հին ժամանակներում Նիկոմեդիա, նոր ժամանակներում` Կոջաելին տեղակայված է Ստամբուլից հարյուր կմ հեռավորության վրա գտնվող ծովածոցում: Հայերը Իզմիթ են տեղափոխվել ոչ միայն պատմական հայրենիքում տեղի ունեցած ցնցումներից, այլև հավանաբար, պաշտպանելու իրենց որդիներին օսմանական դեվշիրմեից` արյունի տուրքից, որոնք քրիստոնյաները վճարում էին սուլթանին, իրենց տղաներին տալով ծառայության, որտեղ նրանց դաստիարակում էին որպես մահմեդական` փոխելով ինքնությունը:

Հայերի վերաբնակեցումը արևմտյան Փոքր Ասիա տեղի է ունեցել ոչ միայն հարկադրաբար, այլ նաև բռնի կերպով` կայսրության ծաղկման գագաթնակետին օսմանյան իշխանությունները հայերը տեղափոխում էին հույն բնակչության մեծ տոկոս ունեցող նահանգներ: Դրա համար մի շարք պատճառներ կային, որոնց թվում էր հայերի իշխանությանը հավատարիմ լինելու համբավը, ինչպես նաև զսպվածության և հակակշռի վարչական քաղաքականության ստեղծում` հաշվի առնելով հայ և հույն եկեղեցիների միջև եղած պատմական հակասությունները:

18-րդ դարի Իզմիթը բաժանված էր 23 թաղամասի, որոնցից երեքը քրիստոնեական էին, իսկ մեկը հրեական: Ըստ գերմանացի ճանապարհորդ Անդրեաս Մորդտմանի տվյալների` 1850 թվականին Իզմիթում ապրում էր 2000 թուրք, 1000 հայ և 100 հույն ընտանիքներ: Հայ բնակչության 70% զբաղված էր գյուղատնտեսությամբ, 20%-ը` արհեստագործությամբ իսկ 10%-ը` առևտրով:

Իզմիթ քաղաքը

Պարտիզակ (Իզմիթ նահանգ)

Իզմիթից 19 կմ դեպի հարավ տեղակայված էր Պարտիզակ քաղաքը (ժամանակակից անվանումը` Բախչեչիկ):

Պարտիզակը հիմնվել է 16-րդ դարում Սեբաստիա նահանգի Պարտիզակ գյուղից եկած յոթ հայ ընտանիքների կողմից, ովքեր փախել էին հայրենի գյուղից քրդական ջելալի ցեղի ապստամբության ժամանակ:

Սեբաստիայից և Ակնայից տասներկու ընտանիքից կազմված հայերի երկրորդ ալիքը Պարտիզակ է եկել 17-րդ դարիս սկզբին:

Հայկական Պարտիզակ գյուղ էին գալիս նաև մահմեդականներ` հույս ունենալով աշխատանքի անցնել հայտնի հողատեր Խալիլ փաշայի կալվածքում: Սակայն փաշան, որը, ինչպես հայտնի է, հայկական ծագում ուներ, դժգոհ էր մահմեդական միգրանտների աշխատանքից և ազատեց նրանց` նախապատվությունը տալով հայերին:

Այսպիսով Պարտիզակը քաղաք էր, որի բնակչությունը ընդհուպ մինչև 1912թ կազմում էին հայերը` քաղաքային իշխանությունները ներառյալ: 19-րդ դարի վերջին 10-հազարանոց բնակչության 9260 հայեր էին` հայ առաքելական եկեղեցու հետնևորդներ, 300-ը` ավետարականներ իսկ 80-ը` կաթոլիկներ: Առաքելական համայնքը ուներ չորս եկեղեցի, իսկ ավետարանչական ու կաթոլիկ համայնքները մեկական եկեղեցիներ: Բնակիչները զբաղվում էին ծխախոտի, շերամի որդի բուծմամբ, ինչպես նաև պայտերի, սղոցանյութերի և փայտածխի արտադրությամբ:

Քաղաքի բարեխառն ու բուժիչ կլիման Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին ձգում էր այնտեղ, ովքեր ամառային ամիսներն այնտեղ էին անցկացնում 

Պարտիզակում կար ութ հայկական դպրոց, որոնց մեծ մասը գործում էր հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո և կոչվում էին ազգային գիմնազիաներ: Քաղաքի արևմտյան մասում էր գտնվում Վիֆինիայի բարձրագույն վարժարանը, որը հիմնվել էր ամերիկացի միսիոներների կողմից, իսկ արևելյան մասում ամենագեղեցիկ շինությունը կառուցված մխիթարյան միաբանության կողմից (հայ կաթոլիկներ), որն իր մեջ ներառում էր եկեղեցին, դպրոցը և «մայրապետանոց» կանանց վանական համալիրը: Քաղաքի արևելյան մասում ապրող հայերի մեծ մասը կաթոլիկներ էին, իսկ արևմտյան մասում` բողոքականներ:

Պարտիզակի հայերը

Արմաշ (Իզմիթ նահանգ)

Իզմիթից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արմաշ գյուղը հիմնվել է 1611 թվականին Իրանից եկած երեք հարյուր հայ գաղթականների կողմից: Արմաշը գտնվում է գեղատեսիլ, գեղեցիկ այգիներով շրջապատված Չարխափան Սուրբ Աստվածածին վանքի կողքին` բլրի վերևում:

Արմաշում էր գտնվում հայտնի նույնանուն ճեմարանը (Armash Theological Seminary), - արևմտյան Փոքր Ասիայի հայերի հոգևոր կենտրոնը և հազարավոր հավատացյալների ամենամյա ուխտագնացության վայրը: Ցեղասպանության ժամանակ հայտնի ճեմարանի անգին սուրբ նշխարներն ու ձեռագրերը թլանվել են, իսկ վանական համալիրը դարձավ մզկիթ:

Ֆրանսիացի աշխարհագրագետ և արևելագետ Վիտալ Կուինետը նկարագրում էր 20-րդ դարի Արմաշը, որպես մի փոքր քաղաք, որում բացառապես բնակվում էին հայեր` թվով 1500-ից ավել մարդ: Արմաշի բնակիչները հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, մետաքսի մշակմամբ, իսկ որոշ կանայք գլխարկներ էին կարում:

Հայկական վարժարանի աշակերտները, Արմաշ

Ադաբազար (Իզմիթ նահանգ)

Գտնվում էր Իզմիթից 45կմ դեպի արրելք, Զաքարիա գետի արևմտյան ափին: Ադաբազարը հիմնվել է Սեբաստիայի հայերի կողմից, ովքեր 14-րդ դարի վերջին փախել են Լենկ Թեմուրի նվաճողական արշավանքներից: Այստեղ են բնակություն հաստատել նաև Ակնայից, Թոքաթից, Իրանից, ապա կեսարիայից և Պարտիզակից եկած հայեր:

Կառուցված լինելով ցամաքած լճի վրա` քաղաքը նախապես կոչվել է Թոնիկաշեն` գյուղի ավագի պատվին: Իր Ադաբազար («կղզի-շուկա») անվանումը քաղաքը ստացել է ի շնորհիվ նրա, որ եղել է աշխույժ առևտրային և կոմերցիոն կենտրոն: Թուրքերն ու հույները սկսեցին Ադաբազար տեղափոխվել, երբ այն արդեն դարձել էր միջին մեծության քաղաք:

20-րդ դարի սկզբին Ադաբազարը ուներ գրադարան, հրատարակչություն, նորաձև հյուրանոցներ, դեղատներ, մթերային խանութներ, կաշվի պատրաստման գործարաններ, որոնց մեծամասնության սեփականատերերը հայեր էին:

Ըստ Վ. Կուինետի հաշվարկների` 19-րդ դարի վերջին Ադաբազարում բնակվում էր 900 հայ, 880 հույնև մոտավորապես 5 հազար մահմեդական: 1913 թվականին քաղաքում հայերի թիվը կազմում էր 2100 մարդ: Նրանք բնակվում էին չորս թաղամասերում, որոնք կրում էին այնտեղ գտնվող եկեղեցիների անունները` Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Կարապետ, Սուրբ Լուսավորիչ և Սուրբ Ստեփանոս: Բոլոր եկեղեցիները ունեցել են զույգ տարրական դպրոցներ աղջիկների և տղաների համար, ինչպես նաև մանկապարտեզներ:

Հայ ընտանիք Ադաբազարից

Բոլու (Կաստամոնուի նահանգ)

Բոլուն Իզմիթից մի փոքր արևելք գտնվող փոքր քաղաք ու շրջան է: Քաղաքը գտնվում էր երկու հանքային աղբյուրների սահմանակետին, որոնք ըստ տեղացիների հավատալիքի` ունեին հատուկ բուժիչ հատկություններ: Տնտեսությունը զարգանում էր բամբակի, գինու, ծխախոտի, լոբու, հացահատիկային կուլտուրայի, ոսպի և այլնի շնորհիվ:

19-րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմում էր 325 հազար, որից միայն 111 էին հայ, իսկ 3500-ը` հույներ: Իզմիթի հայ քահանաների վիճակագրությունը 1902 թվականի դրությամբ պարունակում է 167 առաքելական ընտանիքների վերաբերյալ տեղեկություններ:

Հայերը սկսեցին Բոլուում բնակություն հաստատել 16-րդ դարի սկզբին, հիմնականում Արևելյան Հայաստանից (Նախիջևան-Երևան)օսմանյան-պարսկական պատերազմների ժամանակ: Հատկանշական է, որ Բոլուի հայերը մինչև վերջ պահպանել են իրենց արևելահայերեն (արարատյան) բարբառը: Նրանք ունեին երկու եկեղեցի` Սբ. Աստվածածինը` հին թաղամասում և Սբ. Կարապետը` հայկական թաղամասում: 

Կաստամոնու նահանգի հայերը

Բուրսա (Խուդավենդիքար նահանգ)

Արևմտյան Փոքր Ասիայի կարևոր նշանակություն ունեցող քաղաքներից մեկն է, որի պատմությունը հասնում է մինչև վաղ անտիկ աշխարհ: 1326 թվականին օսմանները զավթում են Բուրսան և դարձնում իրենց առաջին մայրաքաղաքը: Անգամ, այն բանից հետո, երբ օսմանները տեղափոխեցին իրենց մայրաքաղաքը Ադրիանապոլիս (Էդիրնե), իսկ ավելի ուշ Կոստանդնուպոլիս (Ստամբուլ), Բուրսան մնում է որպես նշանակալից քաղաք, արևելքում ռազմական արշավանքների իրականացման բազա: 

Հայերը առաջին անգամ բնակություն են հաստատել Բուրսայում 1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո և շարունակում էին բնակություն հաստատել այստեղ օսմանների կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց առաջ և հետո (1453 թվականին): Առաջին հայ եպիսկոպոսը, ով Կոստանդնուպոլսում հիմենց հայոց պատրիարքարանը Բուրսայից էր:

Մարմարա ծովին մոտիկ տեղակայված լինելը դարձրել էր Բուրսային միջազգային առևտրի կենտրոն ինչպես Արևմտյան Եվրոպայի այնպես էլ Մերձավոր Արևելքի հետ: Բուրսայից արտահանվող ամենաթանկ ապրանքը համարվում էր մետաքսը: 1888թ. քաղաքում գործում էր շերամաբուծության ինստիտուտ, որի համահիմնադիրներից մեկը հայ էր: 20-րդ դարի սկզբին մետաքսի արտադրության 70% գտնվում էր հայերի ու հույների ձեռքերում: 

Ըստ պաշտոնական օսմանյան տվյալների` 1892 թվականին Բուրսայի 76 հազար բնակչից 7541 հայեր էին, 5158-ը հույներ և 2548 –ը` հրեաներ: Հատկանշական է, որ ողջ Խուդավենդիքարի նահանգում Բուրսայում հրատարակվել է միակ հայկական թերթը, որը, նաև եղել է հայերեն-թուրքերեն, այսինքն` թուրքերեն գրված հայերեն տառերով:

Բուրսայի հայկական թաղամասը

Բանդըրմա (Խուդավենդիքար նահանգ)

Բանդըրման նավահանգստային քաղաք է Մարմարա ծովում: Հայտնի է հին ժամանակներից Պանորամոս անունով: Ըստ 16-րդ և 17-րդ դարերի ճանապարհորդների քաղաքի բնակչությունը հիմնականում կազմված էր հայերից ու հույներից: 19-րդ դարի վերջին

Պատկերը փոխվեց, և բնակչության ¾ կազմում էին մահմեդականները:

1914 թվականին Բանդըրման դարձավ առևտրի և նավագնացության խոշոր կենտրոն, այնտեղից արտահանում էին հացահատիկ, քունջութ, ընտանի կենդանիներ: Քաղաքում գործում էին օտարերկրյա ընկերությունների , բանկիրների, ժամագործների, օփիումի արտադրողների և կարի արհեստանոցների գործակալություններ, որոնք զբաղվում էին իրենց ապրանքների և ծառայությունների վաճառքով: 

Էլիզ Հակոբյանը (Elise Hagopian Taft) վերածնում է Բանդըրմայի հայերի կյանքի վառ պատկերները ցեղասպանությանը նախորդող ժամանակահատվածում:

«Յուրաքանչյուր խումբ ապրում է համապատասխան թաղամասում` հույները ծովի մոտ, թուրքերը ավելի բարձր` բլրի լանջերին, հայերը` նրանց միջև: Հայերը Սուրբ Աստվածածին եկեղեցու , ինչպես նաև ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների հետևորդներ էին: Հայկական դպրոցները ընդհուպ մինչև ավարտական դասարանները համատեղ էին: Հայերը համեմատաբար ավելի ապահովված էին` ունեին շատ շերամի որդեր, գրեթե յուրաքանչյուր ընտանիք ուներ իր փոքր սեփական խաղողի այգին, մրգատու այգին ու ձիթենիներ»: Թաֆթը հիշում է, որ բերքահավաքի ժամանակահատվածը ամենաուրախն էր: 

Բանդըրմայի տեսարանը

Էսքիշեհիր (Խուդավենդիքար նահանգ)

Էսքիշեհիրը (թուրքերեն «հին քաղաք») հին ժամանակներից հայտնի էր որպես Դորիլեյ: Սելջուկները զավթել են քաղաքը 12-րդ դարի վերջին: 20-րդ դարում Էսքիշեհիրում ապրում էր 67 հազար մարդ` 6 հազար հայ, ովքեր այստեղ էին եկել Քյոթահիայից և Սիվրի-Հիսարից, ինչպես նաև պանդուխտներ, ովքեր սեզոնային աշխատանք էին փնտրում:

Էսքիշեհիրի քրիստոնեական (հայկական և հունական) թաղամասերը գտնվում էին բլրի ստորոտում: Այնտեղ էր գտնվում նաև լավ սարքավորված փակ շուկան, ինչպես նաև ջերմային բաղնիսներ: 

Հայերը սուրբ Երրորդություն եկեղեցու հետևորդներ էին և հաճախում էին սուրբ Մեսրոպյան և սուրբ Սանդուխտյան դպրոցներ: 20-րդ դարի վերջին աշակերտների թիվը հասնում է 221-ի: Հայերը սովորում էին նաև սբ. Ավգուստինի ֆրանսիական դպրոցում կազմելով քառասուն աշակերտների կեսը: 

Կուստանդնուպոլսի թուրք լրագրող Ահմեդ Շերիֆը, ով 1909 թվականին ճանապարհորդում էր Էսքիշեհիրում, նշել է հայկական դպրոցներում տիրող մաքրությունն ու կարգ ու կանոնը, ինչպես նաև զարմացած էր, որ հայ աշակերտները անց են կացնում ուսումնական խորհրդարանական նիստեր:

Հայերը, ինչպես և նույն դավանանքն ունեցող հույները ապրուստի միջոցը վաստակում էին առևտրով և արհեստագործությամբ: Այծի բուրդը (թիֆթիք) և օփիումը, ինչպես նաև հացահատիկը, ծիրանի կորիզը և սղոցանյութը համարվում էին արտահանման հույժ կարևոր ապրանքներ:

Հայկական դպրոցի ուսանողները , 1914 թ.

Սիվրիհիսար (Խուդավենդիքար նահանգ)

Սիվրիհիսարը (թուրքերեն «սրակատար ապարանք») բյուզանդական ժամանակաշրջանում հայտնի էր Հուստինիանուպոլիս անվամբ: 

Հայերը սկսում են բնակություն հաստատել քաղաքում 1471թ. սկսած: Սիվրիհիսարում 24 մահմեդական թաղամասերի մեջ կար ընդամենը մեկ հայկական թաղամաս, որի բնակիչները Սբ. Աստվածածին եկեղեցու հետևորդներ էին:

Սկզբում հայերը բնակություն էին հաստատում քաղաքից ոչ հեռու գտնվող Ային գյուղում, որը թուրքերը անվանում էին քրիստոնեական գյուղ:

17-րդ դարի աղբյուրները ցույց են տալիս, որ Սիվրիհիսարի հայ առևտրականները դեռևս 1602 թվականին կոմերցիոն կապեր էին հաստատում Վենետիկի վաճառականների հետ: 1616 թվականին քաղաք է այցելում լեհ-հայ զբոսաշրջիկ Սիմեոն Լեխացին, ով տեղեկատվական զեկույցներ է թողել մի շարք օսմանյան հայ համայնքների վերաբերյալ:

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին Սիվրիհիսարի հայկական բնակչությունը կազմում էր մոտավորապես 4 հազար մարդ 850 տնային տնտեսությունով: Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, արհեստներով, բրդյա գործվածքների արտադրությամբ, ապակու և գործվածքեղենի արտադրությամբ, առևտրով: 

Սիվրիհիսարում գործում էին առանձին դպրոցներ աղջիկների և տղաների համար` Սահակ Մեսրոպյանցի հատվածը տղաների համար էր, իսկ Հրիփսիմյան հատվածը աղջիկների համար, ինչպես նաև Թարգմանչաց գիշերօթիկ դպրոցը: Ահմեդ Շերիֆը այնքան էր հիացել հայ երեխաների ինտելեկտով, որ գրել է` «Եթե նրանցից որևէ մեկին հարց տաս, նրանք ձեզ կտրամադրեն այդ հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը»:

Սիվրիհիսարի հայերը, 1900 թ.

Օսմանյան բանակի հայ զինվորներն ու սպաները, 1909 թ.: Նրանցից շատերը սպանվել են 1915 թ.

Քյոթահիա (Խուդավենդիքար նահանգ)

Հին ժամանակներում ունեցել է Կոտեոն անվանումը: Քաղաքը գտնվում է Կուստանդուպոլսից 362 կմ հեռավորության վրա` Փոքր Ասիայի ներսում: Քյոթահիան հայտնի իր նուրբ սալիկներով և կերամիկայով, իսկ հայերի համար այդ քաղաքը յուրահատուկ նշանակություն ունի որպես անզուգական երաժշտագետ Կոմիտասի ծննդավայր:

Քութահիայում հայերի ներկայությունը ընդունված է համարել բյուզանդական ժամանակաշրջանից: Սելջուկների իշխանության օրոք այստեղ են տեղափոխվել մեծ քանակությամբ հայեր: Հայ բնակչության քանակը զգալիորեն աճել է 15-րդ դարում, երբ Քյոթահիայում ապաստան գտան Ագուլիսից (հին Ջուլֆայիմոտ գտնվող քաղաք, Արաքս գետի ափին) եկած հայերը: 1890-ական թվականների վերջերին Քյոթահիայի բնակչությունը կազմում էր 120 333 մարդ, որից 4050 հույներ էին, 2553 հայեր` հայ առաքելական եկեղեցու հետնորդներ և 754 կաթոլիկ հայեր:

Քյոթահիայի կերամիկական սափորները, գավաթներն ու ափսեները կարելի էր հանդիպել աշխարհի տարբեր մասերի շուկաներում: Նրանք աչքի էին ընկնում կանաչ, կապույտ, դեղին ու սպիտակ նախշերով: Արդյունաբերության այս ճյուղում աշխատում էին բազմաթիվ հայ ու հույն վարպետներ:

Վարպետ Թորոսի կողմից պատրաստված քյոթահիական ափսե: Պատկերված են 12 առաքյալները, 18-րդ դար

Քյոթահիայում արտադրվող դեկորատիվ սալիկները օգտագործվում էին ոչ միայն հայկական և հունական եկեղեցիների, այլ նաև օսմանյան մզկիթների և պալատների կաուցման ժամանակ: 

Ֆրանսիացի պատմաբան Ջոն Քարսուելի կարծիքով Քյոթահիայում կավագործությանը սկիզբ են դրել Արևելքից, հավանաբար Պարսկաստանից փախած արհեստավորները:

Կոստանդնուպոլսի, Քյոթահիայի, Անգորայի, Քոնիայի և Կեսարիայի մզկիթները ճոխ կերպով զարդարված են եղել Քյոթահիայի սալիկներով: 17-րդ դարում տեղի է ունենում հայկական եկեղեցիների շինարարության աճ, հետևաբար նաև կղմինդրի արդյունաբերության աճ: Աղբյուրները մատնանշում են, որ Քյոթահիայի կավագործության արդյունաբերությունը շարունակում էր զարգանալ և իր ծաղկման գագաթնակետին հասավ 18-րդ դարում: Դժբախտաբար 20-րդ դարում բոլոր եկեղեցիները ենթարկվել են վայրագությունների և զրկվել հայկական ինքնությունից:

Քյոթահյայի տեսարանը

Աֆիոն-Կարահիսար (Խուդավենդիքար նահանգ)

Քաղաքն իր անվանումը ստացել է մեծ քանակությամբ խաշխաշի դաշտերի, ինչպես նաև այնտեղ գտնվող մեծ սև ամրոցի պատճառով:

Աֆիոն-Կարահիսարում հայերը առաջին անգամ հիշատակվում են րդ դարի 16-օսմանյան արքունական ցուցակներում: Օսմանյան արքունիքի զեկույցներում պահպանվել են քաղաքում բնակություն հաստատած հայ ընտանիքների ազգանուններ, որոնց շնորհիվ կարող ենք պատկերացում կազմել այն բազմաթիվ շրջանների վերաբերյալ, որտեղից նրանք եկել են` Բուրսալիյան, իզմիրլի, Թոքաթլիյան, Միսրօղլու (Bursaliyan, Izmirli, Tokatliyan, Misroghlu):

Հայ համայնքը կոմպակտ կերպով ապրել է քաղաքի կենտրոնում և իր մեջ ընդգրկել է ինչպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այնպես էլ կաթոլիկներ ու ավետարանչականներ:

1914 թվականին Աֆիոն-Կարահիսարում բնակվում էր 45 հազար մարդ, որոնցից 7 հազարը թրքախոս հայեր էին` հիմնականում արհեստավորներ և առևտրականներ, ինչպես նաև փականագործներ, իրավաբաններ, քիմիկոսներ, բժիշկներ: 

Քաղաքում կար երկու հայ առաքելական եկեղեցի` սբ. Աստվածածինը և սբ Թորոս եկեղեցիները, մեկ հայ ավետարանչական եկեղեցի, վեց դպրոց և մանկապարտեզ: Ցեղասպանության ժամանակ սբ. Աստվածածինը ենթարկվել է վայրագությունների, կառույցի մի մասը դեռևս գոյություն ունի: 

Աֆիոն-Կարահիսարի տեսարանը

Կոնիա (Կոնիա նահանգ)

Հին ժամանակներում հայտնի էր Պիսիդիա (Pisidia) անվամբ: Այն ավանդաբար համարվում էր ցամաքի առաջին մասը, որը հայտնվել էր համաշխարհային ջրհեղեղից հետո: 

Քաղաքի գտնվելու վայրում ինչ-որ ժամանակ լիճ էր, րը ծածկում էր հարթավայրի մեծ մասը: Երբ լիճը ցամաքեց, նրա փոխարեն հայտնվեց բերքառատ հարթավայր, որը ոռոգվում էր Տավրոսի լեռներից սկիզբ առնող գետի ջրերով:

11-րդ դարում քաղաքը զավթած սելջուկները այն դարձրեցին իրենց մայրաքաղաքը, կառուցեցին այնտեղ վառ արքունիքներ ու մզկիթներ, իսկ այնպիսի հայտնի իսլամական գործիչների դամբարանները, ինչպիսին է սուֆիի գաղափարախոս Ջելալեդդին Ռումին, դարձրել են Կոնիան ուխտագնացության հանրաճանաչ վայր: 

Հայտնի չէ, թե երբ են հայերը առաջին անգամ հայտնվել Կոնիայում: Լատինացի տարեգիրները, ովքեր ուղեկցում էին առաջին խաչակիր արշավանքի ասպետներին, հիշատակում են 11-րդ դարի վերջին Իկոնիայի (Կոնիայի) մերձակայքում բնակվող ոչ մեծ հայ համայնքի մասին: Օսմանյան հարկային ռեգիստրը տեղեկություններ է պարունակում 22 քրիստոնյաների մասին, ովքեր բնակվում էին քաղաքում 16-րդ դարում: 1630 թվականի Կոնիայի հայկական սուրբ ձեռագրերի վերջին էջում հիշատակվում է հայկական երկու եկեղեցիների` սբ. Աստվածածնի և սբ. Թորոսի մասին, որը թույլ է տալիս եզրակացնել, որ համյանքն այդ ժամանակ մեծանում ու արագ զարգանում էր: 

Ճանապարհորդների վկայությունները օգտակար տեղեկատվություն են տրամադրում Կոնիայի հայ համայնքի վերաբերյալ: Սիմեոն Լեհացին գրում է, որ քաղաքի ներսում բնակվող հայերը («նրսեցիք») չգիտեին քաղաքի մերձակայքում բնակվող հայերին: Հայերի մեծ մասը կենտրոնացած էր Ալլահադդին թաղամասում: 1823 թվականին Կոնիա այցելած բրիտանացի և այլ օտար բիբլիական համայնքների ներկայացուցիչների ներկայացրած զեկույցներում գրված է, որ հայերը թուրքերեն են գրել հայերեն տառերով և նրանք ունեին դպրոց, որտեղ նրանց սովորեցնում էին այդկերպ գրել: Ըստ նրա տվյալների քաղաքի 14 հազար տների շարքում հաշվարկվում էր 100 հայ և 60 հույն ընտանիք:

Կոնիայի տեսարանը

1890-ական թվականների վերջերինՔոնիայում բնակվում էր 9700 հայ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ` 12971 հայ: Ցեղասպանությունը վերապրած Քոնայի բնակիչներից մեկը գրում է, որ հայերը ջերմ հարաբերություններ ունեին տեղացի մահմեդականների հետ, միասին ժամանակ էին անցկացնում, իսկ երեխաները խաղում էին միասին: 

Սույն ակնարկում տեղ գտած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ հայերը զանգվածային կերպով սկսեցին բնակություն հաստատել արևմտյան Փոքր Ասիա միջին դարերում: Միգրացիայի հիմնական պատճառներից էին հայերի պատմական հայրենիքում` հայկական լեռնաշխարհում տիրող պատերազմներն ու անկարգությունները: Ընդհանուր առմամբ, հայերը կարողացան պահպանել իրենց մշակույթը և իրավունք ստացան դավանել իրենց կրոնը` չնայած այն հանգամանքին, որ մահմեդական կայսրությունում համարվում էին երկրորդ կարգի քաաքացիներ: 19-րդ դարի վերջին,20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ հետապնդումները տարբերվում էր ըստ շրջանների, ըստ քաղաքների, սակայն արդյունքում երիտթուրքերի ռեժիմը բոլոր համայնքներին ապահովեց միանման և անվերապահ ավարտ, իսկ դրանց բնակիչներին միանման և անվերապահ արտաքսման և մահվան ճամփաներ:

Վերջին տասնամյակներում այս շրջանը զարգանում և ծաղկում է ապրում, սակայն հայ համայնքների պատմությունը աստիճանաբար ոչնչացվում է` այս կերպ քանդելով Անատոլիայի և Թուրքիայի հիմնարար շերտը:

Աղբյուրը՝  “Armenian Communities of Asia Minor” Edited by Richard G. Hovhannisian

Լուսակրարների աղբյուր՝ houshamadyan.org 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո