Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ՆՈՐ ՆԵՄԵՍԻՍ ԿԱՄ 1970-1990 թթ. ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ
Հուշ

ՆՈՐ ՆԵՄԵՍԻՍ ԿԱՄ 1970-1990 թթ. ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ

Հայկական զինված կազմակերպությունների և խմբերի հայտնվելը բոլորովին էլ պատահական կամ ինքնաբուխ չէր: Հայերի կոտորածի կազմակերպիչները պետք է հասկանային, որ վաղ թե ուշ իրենց պետությունը, ինչպես էլ այն կոչվեր ` Օսմանյան կայսրություն կամ Թուրքիայի Հանրապետություն, պետք է վճարեր մի ամբողջ ժողովրդի համակարգված ոչնչացման և սեփական հողերից վտարման համար:

1915 թ. ի վեր, ավելի քան կես դար, աշխարհով մեկ սփռված ցեղասպանությունից փրկված հայերը սպասում էին իրենց հետ տեղի ունեցած աղետի արդարացի գնահատմանը, բայց միջազգային հանրությունը շարունակում էր անտեսել Հայկական հարցը `ցույց տալով հայկական ողբերգության և ընդհանրապես ամբողջ ազգի աննշանությունը` համեմատած Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու առավելությունների հետ:

Այս ողջ անտարբերությունն ամրապնդվեց ավագ սերնդի վախով, որը մեծ մասամբ նույնպես չցանկացավ ներգրավվել նոր բախումների մեջ և համակերպվեց իրավիճակի հետ: Իսկ ավանդական հայկական քաղաքական ուժերի ՝ դաշնակցականների, հնչակերի և ռամկավարների իրականացրած գործությունեությունը ապարդյուն էր:

Սա չէր կարող եռման կետի չհասցնել, քանի որ այս իրավիճակին զուգահեռ մեծանում էր հայկական նոր սերունդ, որոնց ուսերին էին ծանրացել ցեղասպանության ականատեսների վախերն ու վերքերը: Նոր սերնդի արյունը եռում էր երակներում, և նրանք դարձան այն ուժը, որը հասկանում էր մի պարզ ճշմարտություն. այս աշխարհը հարգում է միայն ուժի դրսևորումը, և միայն ուժը կարող է ծնել իրավունք:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարողները հայտնվեցին ոչ թե թղթի վրա, այլ գործնականում:

Գուրգեն Յանիկյան. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (անգ. ԱՍԱԼԱ) «կնքահայրը»

Գուրգեն Յանիկյանն (1895-1984) առաջին մարդն էր, ով ցույց տվեց, թե ինչպես է ուժի ցուցադրումը ազդում Հայկական հարցի` թերթերի առաջին էջերում հայտնվելու վրա: Հենց նա էր ոգեշնչում հայերին ստեղծել զինված խմբեր, ինչպիսին էր «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը», անգլերեն հապավումը ` ԱՍԱԼԱ (հայերեն` ՀԱՀԳԲ, որն ի սկզբանե կոչվում էր «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ»):

Նրա մասին ավելին կարող եք կարդալ հետևյալ հղմամբ. «Ինչպես է մեկ մարդը ստիպում ողջ աշխարհին հիշել Եղեռնի մասին: Հայ վրիժառու Գուրգեն Յանիկյանը»

ՀԱՀԳԲ-ի ողնաշարը երիտասարդ հայրենասերներն էին ՝ ոգեշնչված Յանիկյանի արարքով: Նրանք որոշեցին ստեղծել ընդհատակյա կազմակերպություն, որի անմիջական նպատակը Հայկական հարցը միջազգային քաղաքական և իրավական հարթակ վերադարձնելն էր, իսկ վերջնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալների ստեղծումն էր:

Ռազմական կազմակերպությունները ՝ որպես պայքարի նոր փուլ

Այսպիսով, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի պայթյունը 1975 թ. հունվարի 20-ին Բեյրութում սկիզբ դրեց պայքարի նոր, զինված փուլին: Նախկինում անհայտ «Գերի Գուրգեն Յանիկյան  Խմբակը» ստանձնեց ռմբակոծության պատասխանատվությունը: Նրանք գնացին այս քայլին, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն այն փաստի վերաբերյալ, որ Եկեղեցիների խորհուրդը նպաստել էր Միջին Արևելքի երկրներից հայության գաղթին դեպի ԱՄՆ և Կանադա ՝ նրանց վտարելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանից (Արևմտյան Հայաստանին սահմանակից): Այս օրը համարվում է ՀԱՀԳԲ-ի հիմնադրման օրը: Հաջորդ ամիսներին և տարիներին` մինչև 1990 թ. դեկտեմբեր, ՀԱՀԳԲ-ն իրականացրել է շուրջ 300 ռազմական գործողություն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ` Արևմտյան Հայաստանում, Անկարայում և Ստամբուլում: Հայկական գաղտնի բանակի թիրախներն էին Թուրքիայի դեսպանատները, հյուպատոսությունները, դիվանագետները, պետական ​​պաշտոնյաները, ռազմական և ոստիկանական հաստատությունները, թուրքական բիզնես միջավայրի ներկայացուցիչները, մասնավորապես,«Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակը, ինչպես նաև այլ երկրների կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ռազմական և ֆինանսական օգնություն էին ցուցաբերում Թուրքիային և խոչընդոտում ՀԱՀԳԲ-ի գործունեությանը: ՀԱՀԳԲ-ի ամենահայտնի ռազմական գործողություններն են Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին-Էրզրում» գործողությունը և Անկարայի Շուկայի վրա հարձակումը։

Պետք է նշել, որ ՀԱՀԳԲ-ն ուներ բազմաթիվ ճյուղավորումներ և ստորաբաժանումներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ գաղափարական անհաշտությունների հողի վրա տարաձայնություններ էին առաջանում, բայց կարևոր է ընդգծել, որ այս բոլոր զինված խմբավորումները նույն նպատակն ունեին:

Նման խմբերից մեկը գործում էր «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) անվան տակ, որն ուներ ավելի պահպանողական, աջակողմյան հայացքներ, քան ՀԱՀԳԲ-ի ձախ արմատական հայացքներ​​ը: Նրանք գործել են 1975 - 1983 թթ. հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ՝ հարձակումներ իրականացնելով թուրք դիվանագետների վրա: 1982 թ. թուրքական հատուկ ծառայությունների կողմից ՀՑԱՄ-ի առաջնորդ Աբրահամ Ասչյանի սպանությունից հետո ոչինչ հայտնի չէ ՀՑԱՄ-ի գործունեության մասին: Չի բացառվում, որ կազմակերպությունը ստացել է նոր անուն՝ «Հայ հեղափոխական բանակ», որի շրջանակներում գործում էր հանրահայտ «Լիսաբոնյան հնգյակը»: Վերջինիս կազմում հինգ խիզախ երիտասարդ տղաներ էին, ովքեր 1983 թ. հուլիսի 27-ին հարձակում կազմակերպեցին Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան վրա: Նրանք գնացին իմացյալ մահվան և հավերժ մնացին հերոսներ 1970 - 90-ականների հայոց ազգային պայքարի պատմության մեջ:

«Լիսաբոնյան հնգյակ». 19-ամյա Վաչե Տաղլյանը, 19-ամյա Սեդրակ Աճեմյանը, 21-ամյա Սիմոն Յահնիյանը, 19-ամյա Արա Քրջլյանը և 20-ամյա Սարգիս Աբրահամյան:

1973 թ. ՀԱՀԳԲ-ից անջատվեց առավել քիչ արմատական ​​և ավտորիտար թևը, որը կոչվում էր «Հայ նոր դիմադրություն»: Դիմադրության անդամները, որոնց թվում էր նաև Մոնթե Մելքոնյանը, դեմ էին մի շարք ահաբեկչություններին, որոնց արդյունքում ոչ միայն թուրք գործակալներ էին զոհվում, այլև խաղաղ բնակիչներ: Նրանց խնդիրն էր համախմբվել Սիրիայում համախոհ մարդկանց հետ և քրդերի հետ միասին հարվածել թիրախին` թուրքերին ՝ նրանց ռազմական ղեկավարներին, քաղաքական գործիչներին, գաղտնի գործակալներին, «գորշ գայլերին» և այլոց: Եվ դա անել Թուրքիայում: Ըստ ՀԱՀԳԲ-ի նախկին լոգիստիկ պատասխանատու և ֆինանսիստ Գարեգին Գրեգորյանի` սակավաթիվ լինելու պատճառով քրդերը հայերին դիտում էին ոչ այնքան որպես օժանդակ գումարտակ, որքան որպես  մտավոր օգնություն նյութատեխնիկական, տեխնոլոգիական, բժշկական և կազմակերպչական հարցերում: Հայերը ուղեղ էին քրդերի համար: «Հայ նոր դիմադրությունն» ուներ իր սեփական մեթոդները, որոնք խաղաղ բնույթ էին կրում անտեղյակ մարդկանց համար և սպառնալիք էին հանդիսանում Հայոց ցեղասպանությունն արդարացնողների կամ դրանում ներգրավվածների համար:

Գործունեության արդյունքները

1970 - 90-ականների հայերի զինված պայքարը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է հատուցում պահանջելու: ՀԱՀԳԲ-ի շուրջ շատ լուրեր ու առասպելներ են պտտվում, նրանց հաջողվել է և դեռ հաջողվում է թուրքական հասարակության մի մասին վախի մեջ պահել. թուրք բարձրաստիճան դեմքերը չէին կարողանում այցելել այն երկրները, որտեղ տեղի էին ունենում զինված գործողությունները, քանի որ ոչ ոք չէր կարող ապահովել նրանց անվտանգությունը:

Այս մարտիկների շնորհիվ Հայկական հարցը վերադարձավ միջազգային օրակարգ: Նրանք բառացիորեն արթնացրին հայկական սփյուռքը և նույնիսկ այն հայկական համայնքները, որոնք երկար ժամանակ համարվում էին «քնած»: Նրանք հսկայական դեր խաղացին Հայկական հարցը լուսաբանելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում: Ավելին, ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողության արդյունքում տուժածներից մեկը ՝ հայտնի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը, կորցրեց ոտքը, բայց այդ միջադեպը նրա մեջ զայրույթ չառաջացրեց, այլ, ընդհակառակը, ստիպեց նրան ուսումնասիրել կազմակերպության դրդապատճառները, ինչը նա արեց ավելի քան 30 տարի ՝ դառնալով հայ ժողովրդի սրտացավ անկեղծ բարեկամը: Նա երկու գիրք է գրել Հայոց ցեղասպանության և իր հետ կատարվածի մասին ՝ «Ռումբը» և «Հայերը. Մոռացված ցեղասպանություն»: Վերջին գրքի հիման վրա հայ-ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Կեդիկյանը նկարահանել է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը (2015):

Խոսե Անտոնիո Գուռիարան ՝ ՀԱՀԳԲ-ի անդամների հետ  

Խոսե Անտոնիո Գուռիարան ` Մոնթե Մելքոնյանի և ՀԱՀԳԲ-ի հիմնադիրներից մեկի հետ հանդիպմանը, ով ներկայանում էր Հակոբ Հակոբյան կեղծանվամբ  

Արդյունքում ՀԱՀԳԲ-ի որոշ նախկին մարտիկներ մասնակցեցին Առաջին Արցախյան պատերազմին և դարձան հայ ազգի հերոսներ: Երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ, երբ աշխարհը կրկին հայտնվեց խաղաղ բնակիչների սպանության լուռ դիտորդի դերում, շատ հայեր հիշում էին այդ կազմակերպությունները որպես հայ ժողովրդի պատվի պաշտպանների, որպես իրենց ոտնահարված իրավունքների համար իրապես պայքարողների և հույս փայփայում, որ նրանք կվերածնվեն: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո