Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Նազարեթ Տաղավարյան՝ Կոստանդնուպոլսի մտավորականության վառ ներկայացուցչի պայծառ կյանքը, կալանավորումը և սպանությունը
Հուշ

Նազարեթ Տաղավարյան՝ Կոստանդնուպոլսի մտավորականության վառ ներկայացուցչի պայծառ կյանքը, կալանավորումը և սպանությունը

Շապիկի նկարը՝ Կարո Փայլանը Նազարեթ Տաղավարյանի նկարը ձերգին Թուրքիայի խորհրդարանում իր հայտնի ելույթի ժամանակ, երբ նա թվարկում էր 1915 թ. Ցեղասպանության ժամանակ սպանված բոլոր հայազգի Օսմանյան պատգամավորներին / Civilnet:

Նազարեթ Տաղավարյան, Կոստանդնուպոլսի հայ հասարակական գործիչ, բնագետ, մանկավարժ, բանասեր, խմբագիր, բժիշկ, Օսմանյան խորհդարանի անդամ, ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) համահիմնադիր:  Ողջ կյանքի ընթացքում ծառայել է հայ ժողովրդին ու արժանացել պատվոնշանների գյուղատնտեսության ու բժշկության ոլորտներում: Ինչպես  մտավորականության այլ ներկայացուցիչներ, սպանվել է 1915 թ. ապրլի 24-ին:

Նազարեթ Տաղավարյանը ծնվել է 1862 թ. Սեբաստիայում: Յոթ տարեկան հասականում սկսել է հաճախել Ստամբուլի Սուրբ Փրկիչ դպրոցը: 1878 թ. դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ֆրանսիա: Այնտեղ երկար ժամանակ զբաղվել է խաղողի այգիների մշակմամբ: Մինչև 1881 թ. սովորել է Մերսում (Գերմանիա), հետո Փարիզում՝ երկրագործության վարժարանում: 1883 թ. Նազարեթը ստացել է գյուղատնտես-ինժեների դիպլոմ ու վերադարձել Փարիզ:

Ստամբուլում որոշ ժամանակ աշխատելուց հետո վերադառնում է իր հայրենի քաղաքն ու գլխավորում տեղի հայկական դպրոցը, իսկ կիրակի օրերը մեծահասակների համար դասընթացներ է կազմակերպում դպրոցում: Շուտով սկսում է տնօրինել Սեբաստիայի մի քանի հայկական դպրոց:

Ստամբուլում եղած ժամանակ նրա աշխատանքները սկսում են տպագրել հայկական ամսագրերում: Նա է ստեղծել  առաջին գիտական ամսագիրը առողջապահության, բուսաբանության ու կենդանաբանության ոլորտներում: Ամսագիրը լույս է տեսել ամեն ամիս: Հոդվածներից մեկում Տաղավարյանը գրում է. «Գիտությունը գնալով տարածում է գտնում հայ բնակչության շրջանում: Հայկական դպրոցներում ուշադրությունը բնական գիտությունների նկատմամբ մեծացել է, իսկ աշակերտները մեծ սիրով ու եռանդով են սկսել դրանք սովորել: Ամեն տարի հասարակությունը գիտական հրաշքի ականատես է դառնում… Չնայած առկա դժվարություններին ես որոշել եմ ամսագիր թողարկել: Նպատակ չունեմ դրանով գումար վաստակել, հակառակը, պատրաստ եմ ձեռքիս տակ եղած բոլոր միջոցները ներդնել այս ամսագրի մեջ: Այն ամբողջովին նվիրված է լինելու գիտությանը (...)»

1887 թ. կրկին մեկնում է Փարիզ ու ընդունվում Սորբոնի համալսարանի բնագիտական ֆակուլտետը, մինչդեռ ամսագիրը շարունակում էր լույս տեսնել: Փարիզում Տաղավարյանը ծանր հիվանդանում է, վերադառնում է Սեբաստիա՝ առողջությունը վերականգնելու: Առողջանալուց հետո շարունակում է ուսումը Փարիզում: 1891թ. ավարտում է Սորբոնի համալսարանը, իսկ 1892-ին բժշկագիտության դոկտորի կոչում ստանում Պաստյորի համալսարանում, ինչից հետո՝ 1893 թ.-ին, մեկնում է Ստամբուլ:

1895թ., Վիեննայում հայկական այբուբենի օրը, հրատարակվում է Տաղավարյանի գիտահետազոտական աշխատանքը: 1896 թ.՝  այն շրջանում, երբ հայ ժողովրդի վրա մեծ ճնշում էր գործադրվում Աբդուլ Համիդի իշխանության կողմից, Տաղավարյանին ձերբակալում են ու բանտարկում: Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվում: 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվում, միաժամանակ լինում է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ 1899 թ. Նազարեթ Տաղավարյանը սկսում է ղեկավարել այդ հիվանդանոցը, այդպիսով գործի դնելով բժշկության ոլորտում եղած նորարարություններն ու կատարելագործելով կառավարման համակարգը:

1898 թ. նա հրատակարակում է իր գիտական աշխատանքների շարքը, որոնց թվում էին ՝ «Պետական և ոչ պետական միջնակարգ դպրոցներ», «Մանրէաբանություն», «Մոլորակի ձևավորում» աշխատանքները: 1899 թ. տպագրվում է «Վերարտադրողական օրգանների անատոմիան» հետազոտական աշխատանքը:

1900 թ. նորից բանտարկվում է և ազատ արձակվում Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ 1901 թ. լույս են տեսնում նրա հետևյալ աշխատանքները՝ «Բժշկական տերմինների ֆրանսերեն- հայերեն բառարան», «Հիվանդությունների ֆրանսերեն- հայերեն բառարան», «Դարվինիզմ»: Այս հրատարակությունների, ինչպես նաև  բժշկության զարգացման գործում իր մեծ ավանդի համար Տաղավարյանը պարգևատրվում է ֆրանսիական իշխանությունների կողմից:

Մի անգամ, երբ նա բժշկական կրթություն ստացող ուսանողների համար դասախոսություններ է կարդում, ոստիկանությունում կարծում են, թե դա քաղաքական պրոպագանդա է, ու արգելում են Տաղավարյանին այցելել հիվանդանոց: Հետապնդումների պատճառով նա որոշում է կայացնում մեկնել արտասահման: Նրան անընդհատ հետապնդում են ու հետևում: Մոտ չորս ամիս ստիպված է լինում անցկացնել հիվանդի կարգավիճակում Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում, առանց շենքից դուրս գալու հնարավորության: Վերջապես, որոշ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Մարսել:

1905 թ. վերջին Տաղավարյանն ուղևորվում է Կահիրե, որտեղ շարունակում է սովորել ու դասավանդել: 1906 թ. ապրիլի 15-ին  հանդիպում է ունենում հայ բարերարների հետ, ՀԲԸՄ նախագահ՝ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ, ու սկսում է աշխատել որպես բարեգործական այդ կազմակերպության քարտուղար: 1910թ. նա Ստամբուլում բացում է կազմակերպության մասնաճյուղը, իսկ հետագայում ՝ Էդիրնեում, Սալոնիկում, Սամսունում, Իզմիթում, ու վերջապես Սեբաստիայում՝ իր ծննդավայրում: Բացի դրանից, Տաղավարյանը եղել է  Եգիպտոսում հիմնված Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության առաջնորդը:

1908 թ. Թուրքիայում նոր սահմանադրություն են ընդունում: Դրա ընդունումից հետո, ինչպես արտերկրում գտնվող Օսմանյան մտավորականության այլ ներկայացուցիչները, Տաղավարյանը նույնպես ընտանիքի հետ միասին ստիպված է լինում վերադառնալ Ստամբուլ: Որպես Կովկասի ներկայացուցիչ ընտրվելուց անմիջապես հետո որոշ ժամանակով մեկնում է Կովկաս ու այդ մասին «Հայերի հայրենասիրությունը» անվանումով էսսե գրում:

Օսմանյան խորհրդարանի պատգամավոր

Կովկասից վերադառնալուց հետո՝ 1908թ., Տաղավարյանն ընտրվում է խորհրդարանի պատգամավոր իր հայրենի Սեբաստիայից: Պատգամավորների զգալի հատվածը կամ ընդհանրապես չէր խոսում թուրքերեն կամ վատ էր խոսում, ինչի պատճառով հայ պատգամավորական կազմը պասիվ էր աշխատում: Նազարեթն այն քչերից էր, որ թուրքերեն գիտեր: Իր ինքնակենսագրության մեջ նա գրում է. «Օսմանյան խորհրդարանում ես վառ նացիոնալիստ եմ եղել, հատկապես երբ դա վերաբերում էր հայ քաղաքացիների իրավունքներին ու հողային հարցերին»:

Նազարեթ Տաղավարյանը հակված էր այն մտքին, որ Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ազգերը պետք է ունենան հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Նա համարում էր, որ նրանք բոլորը պետք է ապրեն նույն կերպ ու կողք կողքի: 1909թ. հունիսի 16-ին  ոչ մահմեդականների հարկերի ու զինվորական ծառայության մասին նա գրում է հետևյալը. «Մինչ օրս Թուրքիան բաժանված է եղել երկու մասերի՝ ազգերի մի մասը իրեն համարում է մահմեդական, իսկ մյուսը՝ ոչ: Այն օրվանից, երբ մենք ձեռքներս օրենքին դրած երդում տվեցինք,  այլևս Թուրքիայում չենք  ապրում, ապրում ենք Օսմանյան կայսրությունում: Այս պահից սկսած սա բոլոր ազգերի երկիրն է, ներառյալ թուրքերի, արաբների ու ոչ մահեմդականների: Ու դա մի բան է նշանակում. նշանակում է լինել հավասար»:

1911 թ. Օսմանյան խորհրդարանում հնչեցրած իր ելույթում Տաղավարյանը նշում է, որ կայսրության վերամշակող արտադրությունն ի վիճակի չէ մրցակցել եվրոպական արտադրության հետ, քանի որ պետությունն իր կողմից ոչ մի հարկային արտոնություն չի տրամադրել, ուստի բոլոր ձեռնարկություններին ապագայում սննկացում է սպասվում:

«Պարոնայք, դուք պետք է սատարեք մեզ, որ կարողանանք մրցակցել օտարերկրյա ձեռնարկությունների հետ: Ակներև է ու պարզ այն, որ մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին: Սակայն ինչ է կատարվում դրա փոխարեն, դրա փոխարեն երկրում սատարում են թուրքական նացիոնալիզմն ու իսլամը:  Բազմիցս նշել ենք, որ արտադրությունը երկրում չի զարգանում: Շատ լավ, ենթադրենք բացվել է օսմանյան գործարան, իսկ կողքին՝ ֆրանսիական: Վերջինս չի հարկվում, իսկ մեր ձեռնարկատերերը լծված են հարկերով ու չեն կարողանում մրցակցել օտարերկրյա ձեռնարկությունների հետ»:

Նազարեթ Տաղավարյանը դեմ էր «Միություն և առաջընթաց» կուսակցությանը ու մի քանի հայ քաղաքական գործիչների հետ առանձնանալով, 1911թ. նոյեմբերի 21-ին հիմնում է երկրորդ խոշոր կուսակցությունը՝ «Ազատություն ու համերաշխություն»: Նա իր վրա է վերցնում կուսակցությունը ղեկավարելու պարտավորությունը, որի նպատակն էր տարբեր խմբերի միավորել ընդդեմ գլխավոր իշխանական կուսակցության ՝ ընդդեմ «Միության և առաջընթացի»:

1909 թ. հրատարակվում են դոկտոր Նազարեթ Տաղավարյանի մի քանի հետազոտություններ մասնագիտական ու սոցիալական թեմաների վերաբերյալ:

1910 թվականին նա  պարգևատրվում է Ֆրանսիայի հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողագործական ծառայության համար պատվանշանով։ 1912-1915 թ. աշխատել է Իզմիրի Գրականագետների միությունում: 1913 թ. նշանակվել է Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ: Այնտեղ աշխատած տարիների ընթացքում նա ջանք չի խնայել հայկական համայնքի հասարակական կյանքը բարելավելու ուղղությամբ:

Հայկական խորհդրանաում ունեցած  իր ելույթում Նազարեթ Տաղավարյանը նշում է, որ հայ հասարակության զարգացման համար միայն քաղաքականության մշակումը բավարար չէ, ավելի կարևոր է բնակչությանը կրթելը: Նա մի քանի առաջարկություններ է անում այդ թեմայի վերաբերյալ. առաջարկում է ստեղծել կրթական հարցերով զբաղվող հատուկ բաժին ու հատկացնել անհրաժեշտ գումարային օգնություն:

Ցավոք սրտի, 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո, հայերի այն հույսերը, որ իրավիճակը դեպի լավն է փոխվելու, մարում են ու վերածվում հիասթափության:

1912 թ. համ մտավորականների շրջանում միտք է հղանում ստեղծել Ուժային միություն, որը եվրոպական տերությունների աջակցությամբ կյանքի էր կոչելու սոցիալական բարեփոխումները: Հենց այդ նպատակով է, որ ստեղծվում են հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցչություններ:

Ի պատասխան դրան, Օսմանյան կայսրությունը մի կողմից փորձում է կատարել որոշակի իրավաբանական փոփոխություններ, մյուս կողմից՝ հրավիրում է հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին ՝ բարեփոխումները միասին քննարկելու համար: 1912 թ. դեկտեմբերի 21-ին կայացած հանդիպման մասնակիցներից մեկը հենց ինքը Նազարեթ Տաղավարյանն էր: Հայ համայնքի վերաբերմունքը այս տեսակ հանդիպմանը բավականին խիստ էր, սակայն, հանդիպմանը ներկա բոլոր հայ ներկայացուցիչները, այդ թվում նաև Նազարեթ Տաղավարյանը, հայտարարում են, որ նրանք ոչ մի հակահայկան բան չեն անում ու ուզում են իրենց խոսքով դիմել ողջ ազգին:

Բացի ելույթներից, Նազարեթ Տաղավարյանն առաջարկում է հրապարակել իր ուսումնասիրություններն ու կիսվել դրանցով գիտական աշխարհի հետ: 1912 թ. լույս է տեսնում նրա «Ոսումը տարրական դասարաններում» աշխատությունը,  1913-ին հրատարակվում է «Հայաստանի ընդհանուր պատմությունը», իսկ 1914 թ.-ին՝ «Քրիստոնեական ընդվզման ծնունդը», «Մեր առողջությունը» աշխատությունները:

1914 թ.-ին, երբ Առաջին Համաշխարհային պատերազմը նոր էր սկսվել, իսկ Օսմանյան կայսրությունը դեռ ներգրավված չէր ռազմական գործողություններում, հայ բժիշկները մի քանի գիտաժողովներ են անցկացնում ու կիսվում են իրենց փորձով ու գիտելիքներով այլ բժիշկների հետ: Կոստանդնուպոլսի Հայ Բժիշկների ասոցիացիայի նախաձեռնությամբ, առաջին բժշկական օգնության հատուկ դասընթացներ են կազմակերպվում, որտեղ Նազարեթ Տաղավարյանը բժիշկ-դասախոսներից մեկն էր:

Ձերբակալությունն ու վախճանը

1916թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների շարքում էր նաև բժիշկ Նազարեթ Տաղավարյանը: Սկզբում բոլորը կարծում էին, թե ձերբակալությունն ուղղված է ընդդեմ Դաշնակցություն կուսակցության առաջնորդի, սակայն Տաղավարյանը ոչ մի կապ չուներ կուսակցության հետ, ուստի Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ձերբակալություններն այլ շարժառիթներ ունեին:

1915 թ. ապրիլի 24-ին Նազարեթ Տաղավարյանը եղել է Ստամբուլում ձերբակալված առաջին հայ մտավորականների շարքերում: Բոլոր ձերբակալվածներին գնացքով ուղարկել են Անկարա, մինչև «Սինջանքեյ» կայանը: Այնուհետև նրանց բաժանել են երկու խմբերի, կախված ձերբակալվածի կարևորությունից: «Սինջանքեյ» կայանին շատ մոտ գտնվում էր հայկական Սթանոզ գյուղը: Գյուղի բնակիչները տեսել են, թե ինչպես է Կարեն Ավագյանը ձերբակալվածներին խմբերի բաժանում: Որոշ ժամանակ անց հենց նա էլ փոխանցում է Նազարեթ Տաղավարյանի ձերբակալության մասին լուրը նրա ընտանիքին:

Տաղավարյանը մի քանի ամիս անցկացնում է բանտում, չափազանց վատ պայմաններում: Ստամբուլից հրաման է ստացվում Տաղավարյանին մեկ այլ կալանավայր ուղարկելու մասին: Նամակը, որը ստացվել էր 1915թ. հունիսի 2-ին, ուներ Թալեաթ փաշայի (Օսմանյան կայսրության Ներքին Գործերի նախարար) ստորագրությունը: Դրանում ասվում էր, որ բժիշկ Նազարեթ Տաղավարյանը, Խաչատուր Մալամյանը, Ռուբեն Զարդարյանը, Սարգիս Մինասյանը, Գարեգին Խաժակն ու Հարություն Ջանգուլյանը պետք է ուղարկվեն Դիարբեքիր ու կանգնեն ռազմական տրիբունալի առաջ: 

Թե ինչու էին ընտրվել հենց այս վեց հոգին, այսօր հնարավոր չէ պարզել, սակայն կարելի է ենթադրել. Խաչատուր Մալումյանը, Ռուբեն Զարդարյանը, Սարգիս Մինասյանն ու Գարեգին Խաժակը եղել են Հայ հեղափոխական շարժման ակտիվ մասնակիցներից: Ձերբակալվածներից ևս մեկը հայտնի ակտիվիստ էր: Միայն Նազարեթ Տաղավարյանն էր, որ չէր պատկանում ոչ մի կուսայցության, այլ ուղղակի հանդես էր գալիս հանուն Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների համակեցության: Դժվար է ասել, թե ինչու են ձերբակալվածներին հենց այդ կերպ առանձնացրել:

Ստամբուլի ոստիկանության համար կազմված ձերբակալվածների ցուցակում նշված էր նաև ձերբակալության պատճառը: Նազարեթ Տաղավարյանի անվան դիմաց գրված էր, որ նա կապեր է ունեցել Հայ հեղափոխական կուսակցության հետ ու դեռ երիտասարդ տարիներից հանդես է եկել Աբդուլ Համիդի ռեժիմի դեմ; Ասվում էր նաև, որ ձերբակալության պատճառներից մեկը նրա «Ազատություն և համերաշխություն» կուսակցության անդամակցությունն էր, որը դեմ էր «Միություն և առաջընթաց» կուսակցությանը: Կարելի է ասել, որ Ստամբուլից դեպի կալանավայր ճանապարհը այս վեց ձերբակալվածների համար ճանապարհ էր դեպի մահ: Օսմանայան կայսրությունը ճանաչել էր նրանց չափազանց վտանգավոր, ուստի նրանց առաջինն էին սպանելու:

Իր առաջավոր գործունեության համար Նազարեթ Տաղավարյանն Աբդուլ Համիդի կողմից բազմիցս պարգևատրվել է շքանշաններով, իսկ գյուղատնտեսության ու բժշկության ոլորտում նրա գիտական հետազոտություններն արժանացել են բարձր գնահատականի Օսմանյան հասարակության կողմից:

Ու նա, ով որպես Օսմանյան կայսրության պատգամավոր առանձնանում էր իր զգալի ներդրումով, ուղարկվում է Դիարբեքիր ՝ մահապատժի ենթարկվելու: Դիարբեքիրի ճանապարհին մի անգամ Ադանայում կանգ են առնում: 1915թ. հունիսին արքեպիսկոպոս Քերովբե Փափազյանը ականատես էր եղել, որ վեց հոգանոց խմբին ուղեկցում են ոստիկաններ: Մի քանի օր նրանք ապրել են Ադանայի կառավարական շինություններից մեկում:

Իր հուշերում արքեպիսկոպոսը գրում է, թե ինչպես է Ադանայի նահանգապետը հանդիպում ունեցել բանտարկված Տաղավարյանի հետ: Նազարեթը նահանգապետից օգնություն է խնդրել: Ադանայի նահանգապետ Իզմաիլ Հակկին թույլատրել է նրան ու նրա հինգ ընկերներին այցելել տեղի տաճարում անցկացվող պատարագը: Քերովբե Փափազյանը նշում է, որ աղոթելիս Տաղավարյանը չափազանց հանգիստ տեսք ուներ ու ուժեղ մարդու տպավորություն էր թողնում:

Դրանից հետո նրանք շարունակում են ճանապարհը, մինչև Օսմանիե: Իսլահիեում նրանց մեքենայով են տանում, քանի որ գնացքուղին այդ քաղաքում դեռ կառուցված չէր: Ուրֆայից մինչև Դիարբեքիր նույնպես մեքենայով էին հասնելու: Ճանապարհին ստիպված էին անցնել մի տարածքով, որը վերահսկում էին ավազակները: Այնտեղ նրանք ենթարկվում են հարձակման: Ձերբակալվածների անվտանգության համար պատասխանատու ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչ է կատարվում. այդ ավազակները կապված էին Դիարբեքիրի նահանգապետի՝ Ռաշիդ բեյի հետ, հետևաբար նրանք կապված էին Օսմանյան իշխանության հետ: Ավազակները սպանում են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում հիսուն երեքամյա Նազարեթ Տաղավարյանին, ու առանց խոչընդոտի լքում հանցանքի վայրը:

Հեղինակ՝ Nesim Ovadya İzrail.

Աղբյուր՝ Hristiyan Protestanlığının ve Kızılbaş İnancının Doğuşu.

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո