Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան՝ ով է հայը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները
Հուշ

Մոնթե Մելքոնյան՝ ով է հայը և որտեղ է նրա հայրենիքը: Տերմինների սահմանումները

Նկարը՝ Ilya Vartanian

Սույն հոդվածը Մոնթե Մելքոնյանի և այլոց ղեկավարած ծրագրի մի մաս է, որը հիմք դարձավ ապագա քաղաքական կազմակերպության՝ Հայ –Ազատագրական շարժման գաղափարախոսության համար: Տեքստը գրվել է 1984 թ. և վերանայվել 1988 ին:

Ծանոթագրություն. այն տերմինները, որոնք օգտագործվել են հոդվածում և որոնք կարևոր են հասկանալու Հայկական հարցի էությունը, երկար և համատեղ աշխատանքի արդյունք են: Տվյալներ հավաքելիս մենք աջաջնորդվել ենք մեկ հիմնական սկզբունքով՝ գտնել ինչքան հնարավոր է շատ տեղեկություն տարբեր աղբյուրներից: Հետազոտությունն անկացնելիս  օգտվել ենք ընդունված տեխնիկական մեթոդներից, որոնց հետ ծանոթ է գրեթե յուրաքանչյուր ուսանող: Տարբերությունը կայանում էր միայն նրանում, որ մենք ստիպված էինք զբաղվել այս ամենով գաղտնի: Ողջ մեր գործունեությունն անցակցվել է հույժ գաղտնիության պայմաններում, անընդհատ ազատությունից զրկվելու սպառնալիքի ներքո: Բոլորը հասկանում են, որ նմանատիպ պայմաններն ուղղակի անընդունելի են ակադեմիական հետազոտություն կատարելիս, ինչի արդյունքում, մեր հետազոտությունը չունեցավ սիստեմատիկ բնույթ, չնայած որ այդպես էր նախապես պլանավորված:

Մենք ի սկզբանե դեմ ենք եղել այնպիսի մեթոդաբանության օգտագործմանը, որը սկսվում է զուտ սահմանումներով և ավարտվում առանց կոնկրետ տերմինների ռեֆերենտների հետ համագործակցության ու շփման: Ինչպես արդեն ասվեց, այս հետազոտության թերությունը, տեսության առումով, կայանում է նրանում, որ հնարավոր չի եղել անկացնել սիստեմատիկ վերլուծություն: Չնայած դրան, մենք փորձել ենք առաջնային տեղեկատվությունից բացի, որքան հնարավոր է  ներկայացնել նաև ավելի խորը և մանրամասն  տվյալներ:

Տերմիններ

Հայ. պատմությունը ցույց է տալիս , որ հայ բառը, կախված ժամանակահատվածից, ունեցել է տարբեր կիրառումներ: Մի ժամանակ այն վերաբերել է  ինչ-որ հատուկ շրջանի բնիկներին կամ որոշակի կլանի անդամներին: Եղել է մի շրջան, երբ այդ տերմինը կիրառել են բոլոր հայերեն խոսողների կամ այն հպատակների համար, որոնց մայրենի լեզուն եղել է հայերենը: Տերմինը վերագրվել է նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին: Հիրավի, երկու հազարամյակների ընթացքում ձևավորվել է ամբողջովին տարբերվող հայկական մշակույթ, իր առանձին լեզվով, սովորույթներով ու կրոնով, ինչպես նաև քաղաքական և վարչական դրսևորումներով: Մինչ մշակույթին հատուկ անդրադառնալը, կուզենայինք նշել հայ  բառի մի քանի տարածված, բայց ոչ ստույգ սահմանումների մասին:

Հայ ժոովուրդը, կամա թե ակամա գտնվել է հարևան և քոչվոր ազգերի ազդեցության տակ: Այլոց հետ ձուլվելը, օտար ագերի ներխուժումները, օտարների կողմից զավթումներն ու հարևան ազգերի հետ փոխհարաբերությունները միասին դիտարկման արդյունքում կարելի է հասկանալ, թե ինչու են հայերը (չնայած բոլորին հայտնի տիպիկ հատկանիշներին) ֆիզիկապես այդքան տարբերվում: Հենց սա է պատճառներից մեկը, որ հայ բառը չունի ռասայական բաղկացուցիչ:

Հարկ է նշել, որ լեզվական, կրոնական և այլ գործոններն առանձին դիտարկելը չի նպաստում տերմինի ճշգրիտ սահմանմանը: Օրինակ, այն մարդիկ, ովքեր ծնվել են Սովետական Հայաստանում, բայց համարում են իրենց ռուս կամ քուրդ, չեն կարող կոչվել ՀԱՅ միայն այն պատճառով, որ նրանք խոսում են հայերեն: Նույն կերպ, կաթոլիկները, բողոքականները, մուսուլմաններն ու աթեիստները չպետք է բացառվեն հայ ազգի շարքերից զուտ  այն պատճառով, որ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն: Բացի այդ, հայ տերմինը սխալ կլիներ կիրառել որոշակի շրջանի բնակիչների վերաբերյալ, քանի որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ շատ հայեր այսօր ապրում են իրենց հայրենիքի սահմաններից դուրս, տարբեր երկրներով ու վեց մայրցամաքներով մեկ:

Բազմիցս նշվել է, որ հայ բառն ավելի հաճախ վերագրվում է ազգամշակութային միավորին, հետևաբար, այն բոլորը, ովքեր ընդունում են հայկական մշակույթն ու համարում են իրենց դրա մի մասնիկը, կարող են համարվել հայ:  Իհարկե, պետք չէ այս հարցում ծայրահեղականություն դրսևորել. հայ մշակույթի հետևորդ ՝ չի նշանակում ,օրինակ, Եղիշեի ստեղծագործությունների գիտակ լինել կամ անպայման լսել Կոմիտասի երաժշտությունը: Հետևաբար, հայկական արմատներ ունեցող յուրաքանչյուր ոք, ով նույնիսկ չի տիրապետում հայերենի, բայց իրեն ասոցիացնում է հայկական մշակույթի հետ, կարող է համարվել հայ:

Մինչ 1915 թ. Եղեռնը  հայերը, որպես մեկ ազգամշակութային միավոր, ապրել են հիմնականում հարազատ հայոց հողին կամ հարևան շրջաններում: Ինչպես գիտեք, 1915 թվականից ամեն ինչ փոխվում է: Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը, հայեր են համարվում՝

1. Նրանք, ում նախնիները եղել են հայեր և

2. Ովքեր իենց համարում են ՀԱՅ

3. Ովքեր ավելի կապված են հայկական մշակույթի, քան այլ մշակույթների հետ ( ոչ միայն լեզվական ու կրոնական, այլ նաև այլ ասպեկտներով)

Այսօր, հայկական մշակույթին պատկանելը գրեթե միշտ ենթադրում է հայոց հայրենիքին պատկանել: Այս պնդումն ավելի սուր է դառնում հայրենիքից դուրս բնակվող հայերի դեպքում, քանի որ այնտեղ նրանց ձուլումը գրեթե անխուսափելի է և սա կապված է նաև այն երևույթի հետ, որ հայոց հայրենիքում հայերի մոտ բացակայում է հայկական ինքնության ինչ-որ հստակ դրսևորում: Հետևաբար, հայ  լինելը պետք է ենթադրի նաև հայ հողին պատկանելը, համենայնդեպս մշակութային առումով: Սակայն, երբեմն այն կարող է նաև ունենալ քաղաքական դրսևորում:

Այսպիսով, մենք կարող ենք անել հետևյալ եզրակացությունը՝ ՀԱՅ կարող է համարվել յուրաքանչյուր ոք, ում նախնիները հայ են, ով իրեն ՀԱՅ է համարում և ով ավելի կապված է հայ մշակույթին քան այլ մշակույթներին, հետևաբար կապված է հայոց հողին:

Գոյություն ունեն Հայերի երկու հիմնական  կատեգորիա.  

Հայեր, արմատներով հայկական հողերից. դա այն հայերն են, ովքեր ապրում են Սովետական Հայաստանում, Ախալքալաում, Նախիջևանում և ժամանակակից Թուրքիայի պատմականորեն հայերով բնակեցված  հյուսիս-արևելյան շրջաններում:

Սակայն, այս շրջաններում ապրող հայերի ինքնորոշման ձևավորումն ու պահպանումը տարբեր է եղել: Սովետական Հայաստանում ապրող հայերը օգտվում են իրենց ինքնորոշման իրավունքից և հետևաբար հնարավորություն են ստանում ներգրավված լինելու երկրի ղեկավարման գործում: Մինչդեռ, Ախալքալակում ապրող հայերը Սովետական Հայաստանից կտրված լինելու և դրա սոցիալական, տնտեսական ու մշակութային կյանքից անջատ լինելու  պատճառով չեն տիրապետել իրենց ինքնորոշումը դրսևորելու իրավունքին:  Ինչ վերաբերում է Արցախի ու Նախիջևանի հայերին, ապա նրանց իրավունքները գրեթե միշտ ոտնահարվել են իշխանությունների կողմից, ինչի արդյունքում նրանք ձգտել են միանալ Սովետական Հայաստանին: Այսօր ևս, Թուրքիայում ապրող հայերը ենթարկվում են հալածանքների տեղի իշխանությունների կողմից:

Արմատներով հայոց հայրենիքից հայերի թվում հարկավոր է նաև նշել այն մարդկանց, ովքեր մշտական բնակություն են հաստատել հայրենիքից դուրս, ինչպես օրինակ Սովետական Հայաստանի դիվանագետները, որոնք աշխատել են երկրից դուրս և ժամանակակից Արևմտյան Հայաստանի հայերը, որոնք  մինչ այսօր իրենց հայրենիքը համարում են հյուսիս-արևելյան Թուրքիան:

Սփյուռքահայեր. սփյուռքահայեր են համարվում նրանք, ովքեր ծնվել են կամ մշտապես բնակվել են հայոց հայրենիքից դուրս:

Ի տարբերություն վերոհիշյալ հայերի, սփյուռքահայերը չունեն անմիջական տնտեսական հարաբերություններ հայոց հայրենիքի հետ: Նրանց հայոց հողին կապված լինելն ավելի շատ կրում է մշակութային բնույթ, միայն երբեմն քաղաքական: Չնայած նրան, որ նրանք գտնվում են այլ երկրների մշակույթների ազդեցության տակ, սերտ կապված են հայկական մշակույթի հետ: Սովորաբար, նրանց ապրելակերպը կախված է այն երկրի մշակութային, սոցիալական, քաղաքական ու տնտեսական պայմաններից, որտեղ ապրում են:

Մշակութայնորեն ձուլված հայեր. սա հայկական ծագում ունեցող մարդիկ են, ովքեր այլևս նվիրված չեն հայկական մշակույթին: Նրանք ընդունում են իրենց հայկական ծագումը, սակայն չեն պատկանում հայկական մշակույթին:

Մշակութայնորեն ձուլված հայերի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում և Արևմտյան Եվրոպայում: Եթե տեղի հայ բնակիրներին հարցնեք իրենց ազգային պատկանելության մասին, հնարավոր է լսեք հետևյալ պատասխանները՝ «ավելի շատ ես ֆրանսիացի եմ, քան հայ», «սկզբում ամերիկացի եմ, հետո նոր հայ»:

Շատ դեպքերում տնտեսական գործոնն է դարձել պատճառ այս տեսակի ձուլման համար: Հայ կապիտալիստների համար արտերկրում ապրելու պայմանները և հատկապես նրանց զբաղեցրած արտոնյալ դիրքը այդ երկրկներում ձեռնտու են եղել: Հետևաբար, ավելի ճիշտ կլիներ «բուրժուական հայերին» անվանել «մշակութայնորեն ձուլված» հայեր ոչ թե «սփյուռքահայեր»:

Ժամանակակից Թուրքիայում ևս այսօր ապրում են մեծ քանակությամբ մշակութայնորեն ձուլված հայեր: Շատ դեպքերում այս մարդիկ չեն իմացել իրենց հայկական ծագման մասին և ընդունել են կամ պարտադրված են եղել ընդունել քրդական կամ թուրքական մշակույթն, ինչպես իրենց հարազատը:

Այն սփյուռքահայերը, որոնք տատանվում են իրենց՝ հայկական թե այլ մշակույթի պատկանելիության մեջ, կարող են անվանվել կիսով չափ մշակութայնորեն ձուլված: Այդպիսի մարդիկ հնարավոր է խոսեն հայերեն և շրջապատեն իրենց հայկական մշակույթի խորհրդանիշներով, սակայն, հոգու խորքում նրանք չեն պատկանում դրան:

Հայկական ծագման, բայց ոչ հայ. ենթադրվում է, որ այս մարդիկ գիտեն իրենց հայկական ծագման մասին և պահպանել են իրենց հայկական անունները, սակայն մնացած այլ առումներով նրանք ընդունում են այլ, ոչ հայկական մշակույթը որպես իրենց հարազատ մշակույթ:
Ինչպես մշակութայնորեն ձուլված հայերը, այնպես էլ հայկական ծագում ունեց, բայց հայ չհամարվողներն ապրում են հիմնականում Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում: Նման հայեր կան նաև Թուրքայի հյուսիս-արևելյան շրջաններում, հատկապես Սասունում ու Համշենում:

Հայկական մշակույթ. Այս տերմինը ենթադրում է այն բոլոր սովորույթները, որոնք դարերի ընթացքում ծագել ու զարգացել են հայոց հայրենիքում:

Հարկ է նշել, որ հայկական մշակույթը հազարամյակների ընթացքում զարգացել է տարբեր տնտեսական ու քաղաքական հանգամանքների ազդեցության ներքո: Հայերն ու իրենց հայրենիքն ավելի հաճախ գտնվել են օտար զավթիչների իշպանության տակ, քան ունեցել են իրենց սեփական իշխանական համակարգը: Չնայած դրան, հայրենիքում համախմբված ապրելով նրանց հաջողվել է պահպանել ու զարգացնել իրենց մշակույթը: Շատ հաճախ ներքին ձեռքբերումները համալրվել են արտաքին աշխարհում հայկական ձեռքբերումներով, սակայն նույնիսկ այս դեպքերում հիմնական շարժիչ ուժը գտնվել է հայրենիքում: Չնայած հայկական մշակութային զարգացումն անցել է վերելքների ու վայրէջքների միջով (ելնելով երկրում կատարվող տնտեսական ու քաղաքական փոփոխություններից) այն երբեք չի դոփել նույն տեղում: Օտար հարձակումների ժամանակ այն դարձել է զենք զավթիչների դեմ, իսկ խաղաղ ժամանակ զարգացել ու տարածվել է տարբեր ուղղություններով:

Ինչպես այլ մշակույթները, հայկականը ևս ունի իր տարբերվող հատկանիշներն ու անընդհատ փոխվում ու զարգանում է: Ժամանակակից հայկական մշակույթը Սովետական Հայաստանի ամենադինամիկ զարգացող մշակույթն է, մինչդեռ Սփյուռքում ավելի շատ տեղի են ունենում հայապահպանման գործընթացներ, քան նորարարություններ: Սակայն դա չի նշանակում, որ Սփյուռքում ոչ մի մշակութային նորարարություն տեղի չի ունենում, ուղղակի ի տարբերություն հայրենիքում կատարվողների, դրանք չնչին են:

Հայ ժողովուրդ. հայ ժողովուրդ ասելիս պետք է նկատի ունենալ հայրենիքում ապրող հայերին, սփյուռքահայերին և մշակութայնորեն ձուլված հայերին: Հայ ժողովրդի մի մաս են հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են հայկական մշակույթի, հետևաբար հայրենիքի հետ:

Հայոց հայրենիք. Հայոց հայրենիքը կազմում են այն շրջանները, որտեղ տեղի է ունեցել հայ ժողովրդի ծագումն ու ձևավորումը որպես առանձին էթնոսի; որտեղ հայերը պատմականորեն ապրել են ու զարգացել որպես ազգամշակութային միավոր, երբեմն նույնիսկ ունենալով ինքնավարության դրսևորումներ: Ավելի հստակ, հայկական հարենիքը ներառում է Սովետական Հայաստանը, Ախալքալաքը, Նախիջևանը և ժամանակակից Թուրքիայի հետևյալ շրջանները՝ Էրզրում, Կարս, Արդահան, Բիթլիս, Մուշ, Վան և Խարբերդի ու Դիարբեքիրի որոշ հատվածներ: Այսպիսով, հայկական հայրենիքի մաս են կազմում այն շրջանները, որտեղ մինչ 1915 թ. տեղի է ունեցել հայ ժողովրդի ձևավորումը : Հայկական հայրենիքն այլ կերպ անվանվել է նաև «Պատմական Հայաստան»: Հարկ է նաև նշել, որ ոչ առաջ ոչ էլ հիմա հայկական հայրենիքը բնակեցված չի եղել բացառապես հայերով:


Հայոց հայրենիքի բնիկներ. բնիկներ են համարվում այն մարդիկ, ովքեր ունեն հայկական արմատներ կամ նրանք ովքեր պատմության բերումով տեղափոխվել են այս շրջանները , դարձնելով այն իրենց բնակության մշտական վայր ու ընդունելով դրանք որպես իրենց հայրենիք: Դրանց թվում են՝ հայերը, քրդերը, թուրքերը, լազերը, չերկեսները, ասորիները և այլ ազգային փոքրամասնությունները, որոնք բնակվում են ժամանակակից Թուրքիայում; ինչպես նաև Սովետական Միության հայկական շրջաններում բնակվող վրացիները, ադրբեջանցիները, քրդերը:

Հայաստան. տերմինն այսօր վերաբերում է հայոց հայրենիքի այն հատվածին, որտեղ հայերը կազմում են բնակչության մեծամասնությունը (Սովետական Հայաստան, Ղարաբաղ, Ախալքալաք) ինչպես նաև այն շրջաններին, որտեղ ապագայում հայերը կարող են գերակշռել (ժամանակակից Թուրքիայի ու Նախիջևանի հայաբնակ հատվածներ):

Հայ ազգ. հայ ազգը դա հայոց հայրենիքն ու հայերն են միասին: Սա այն բոլոր հայերն են, ովքեր ապրում են հայրենիքում կամ նվիրված են հայրենիքին:

Կիլիկիա. չնայած նրան, որ հայերի ծագումը տեղի չի ունեցել Կիլիկիայում, սկսած 11 դարից նրանք կազմել են Կիլիկիայի բնակչության զգալի մասը: 300 տարիների ընթացքում, երբ Կիլիկիան հայկական թագավորություններից մեկն էր,  նրանք նույնիսկ եղել են բնակչության ճնշող մեծամասնությունը: Երկար տարիներ Կիլիկիան համարվել է հայ մշակութային կենտրոններից մեկը: Այս կամ այն պատճառներով, շրջանի հայերին թուրքերի, քրդերի ու արաբների հետ մեկտեղ պետք է համարել բնիկներ: Վերջին դարերի ընթացքում, հայերի թվաքանակը խիստ կրճատվել է: Դրան նպաստել են ոչ միայն Եղեռնը, ժողովրդագրական և քաղաքական փոփոխությունները, այլ նաև այն փաստը, որ Կիլիկիան այսօր Թուրքիայի մի մասն է կազմում: Սակայն, այս ամենի պատճառով Կիլիկիան միևնույնն է չի դադարում համարվել հայոց հայրենիքի մի մասը:

Հայրենիքից դուրս գործող հայ համայնքները. տարբեր ժամանակներ, տարբեր պատճառներով հայերի մի զգալի հատված ապրել է հարևան երկրներում և ոչ թե հայրենիքում: Շատ հաճախ նրանք կենտրոնացել են Սփյուռքի համայնքներում և բնակվել են այնտեղ որպես փոքրամասնություններ: Սակայն, նրանց հաջողվել է սերտ կապեր պահպանել հայրենիքում գտնվող իրենց հայրենակիցների հետ: Մինչ ժամանակակից պետության ստեղծումը, կապիտալիզմի զարգացումը, ընդհանուր շուկայի ձևավորումը և ժամանակակից տրանսպորտային միջոցների առաջ գալը, սփյուռքահայերին հաջողվում էր պահպանել արժեքներն ու չձուլվել: Այդ համայնքներից շատերը մինչ այսօր պահպանել են իրենց մշակութային դիմագիծը: Այդպիսի գործող համայնքների թվում հարկ է նշել Սպահանի, Իրանի հյուսիս-արևմուտքի, Բաքվի, Թբիլիսիի ու Ստամբուլի հայկական համայնքները: Այս համայնքների անդամները հայ ժողովրդի ու հայոց հայրենիքի անբաժան մասն են:

Աղբյուրը՝ The Right to Struggle (Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question).

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո