Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԸ» ԿԱՄ ԻՆՉՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎԵՑ ՄԱՀԱՊԱՏԺԻ
Հուշ

«ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԸ» ԿԱՄ ԻՆՉՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎԵՑ ՄԱՀԱՊԱՏԺԻ

1922 թ. հոկտեմբերի 31-ին Հունաստանի Աթենք քաղաքում վեց պետական գործիչներ և ռազմական ղեկավարներ ՝ արդարադատության նախարար Դ. Գունարիսը, արտաքին գործերի նախարար Գ. Բալտաձիսը, ներքին գործերի նախարար Ն. Ստրատոսը, ռազմական նախարար Ն. Թեոտոկիսը և Վարչապետ Պ. Պրոտոպապադակիսը և գեներալ Գ. Հաճիանեստիսը կանգնեցին դատարանի առաջ: Նրանք դատապարտվեցին մահապատժի `1922 թ. Թուրքիայի դեմ պատերազմում երկիրը պարտությանը տանելու համար: Այս պատերազմի ընթացքում Հունաստանը կորցրեց իր նախնիների տարածքների մեծ մասը Փոքր Ասիայում, որտեղից տարհանվեց բնիկ հույն բնակչությունը:


Ինչպե՞ս սկսվեց այդ ամենը:

«Մեծ գաղափարը» և «Հայկական հարցը»

Ուսումնասիրելով սելջուկ-թուրքերի կողմից Փոքր Ասիա ներխուժումից հետո Հունաստանի պատմությունը ` կարելի է բազմաթիվ զուգահեռներ անցկացնել Հայաստանի պատմության և հայկական հարցի հետ, ինչն ամենևին զարմանալի չէ: Հույներն ու հայերը այն երկու հիմնական ժողովուրդներ են, որոնք կորցրել են իրենց պատմական հայրենիքի զգալի մասը այս ներխուժման և Օսմանյան կայսրության հետագա կազմավորման արդյունքում: Հույները ՝ կայսրության արևելյան, իսկ հայերը ՝ արևմտյան մասում:

Չնայած նմանություններին ՝ հունական հարցը ունի իր առանձնահատկությունները: Ինչպես հույն քաղաքական գործիչ Իոաննիս Կոլետտիսն է այս համատեքստում ասել․ «Գոյություն ունի հելլենիզմի երկու խոշոր կենտրոն։ Աթենքը մեր թագավորության մայրաքաղաքն է։ Կոստանդնուպոլիսը մեծ մայրաքաղաքն է՝ բոլոր հույների երազանքն ու հույսը»։

Այսպիսով, գոյություն ունի «Մեծ գաղափար» հասկացությունը (հուն. Μεγάλη Ιδέα` «Մեղալի իդեա»-ն) ՝ հույն ժողովրդի ցանկությունը վերակենդանացնելու նախկին Բյուզանդական կայսրությունը: Ինչպես նկատեցիք, ի տարբերություն հայկական հարցի, հույների «Մեծ գաղափարը» գոյություն ունի հայեցակարգի տեսքով և ունի հստակ տարածքային ուղղվածություն ` կայսրության վերականգնում որոշակի սահմաններում, իսկ հայկական հարցը հիմնականում վերաբերում էր միայն Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայ քաղաքացիական բնակչության իրավունքներին, իսկ այժմ այն նշանավորում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը:

Տրամաբանական է ենթադրել, որ հունական և հայկական մոտեցումների տարբերության մեջ էական դեր խաղաց այն փաստը, որ հույները Օսմանյան կայսրությունից անկախացել էին շատ ավելի վաղ` 1832թ., և պետական ​​ինստիտուտների ձևավորումը, հույն քաղաքական առաջնորդների առաջացումը անխուսափելիորեն հանգեցրին ազգային գաղափարախոսության / նպատակի / երազանքի ձևավորմանը (կոչեք այնպես, ինչպես կցանկանաք):

Իրոք, եթե հունական «Մեծ գաղափարը» կառուցողական հասկացություն է, որի հիմնական դրույթը տարածքային վերակառուցումը, վերածնունդը և դեպի արևելք` դեպի մայրցամաք ընդլայնումն են, ապա Հայկական հարցը գոյություն ունի միայն Օսմանյան կայսրության տարածքում մի խումբ մարդկանց իրավունքները պահպանելու որոշ անորոշ պահանջների տեսքով (որոնք արդեն այդքան էլ արդիական չեն) և վնասի փոխհատուցման պահանջի տեսքով: Նույնիսկ հենց «հարց» բառի առկայությունը երևույթի անվան ձևակերպման մեջ արդեն իսկ խոսում է վերջինիս անհաստատ ու անկայուն լինելու մասին:

Ինչպե՞ս «Մեծ գաղափարը» կյանքի կոչվեց կամ հույն-թուրքական պատերազմ (1919-1922 թթ.)

1453 թ. անկման պահից մինչև այսօր Կոստանդնուպոլիսը շարունակում է մնալ Հունական կայսրության մայրաքաղաք հույների սրտերում: Մոտ հինգ դար անց ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հույները իրական հնարավորություն ունեցան վերադարձնել իրենց սրտի մայրաքաղաքը և իրենց հայրենիքի փոքրասիական տարածքները (Արևելյան կամ մայրցամաքային Հունաստան)՝ դրանով վերջ դնելով օսմանյան դարավոր օկուպացիային:

Չնայած այն հանգամանքին, որ պատերազմը նախաձեռնել էին Դաշնակից պետությունների ուժերը, որոնք պարզապես օգտագործում էին հունական գործոնը իրենց օգտին, 1910-1915 թթ. Հունաստանի վարչապետ Է. Վենիզելոսը կարծում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմը և ուժերի առկա հավասարակշռությունը Մեծ Հունաստանը երկու մայրցամաքներում վերստեղծելու լավ հնարավորություն կընձեռի:

Մեծ Հունաստանի քարտեզը` ըստ Է. Վենիզելոսի, 1920 թ., Հունաստանի պատմության ազգային թանգարան

Սա պարզապես ինքնավստահ հայտարարություն չէր. 1918 թ. կնքված Մուդրոսի զինադադարը (զինադադարի պայմանագիր, որի նպատակն էր հասնել «Արևելյան հարցի» վերջնական լուծմանը թուրքական պետականության ոչնչացման միջոցով) վստահորեն տանում էր հույների համար ամենալավ հանգուցալուծմանը:

Հատկանշական է, որ պատերազմը ազգային-ազատագրական բնույթ ուներ ինչպես հույների, այնպես էլ թուրքերի ընկալմամբ: Վերջիններիս համար այն մաս էր կազմում ընդդեմ արտաքին միջամտության մղվող Թուրքիայի անկախության պատերազմի, որը ղեկավարում էր Մուստաֆա Քեմալը` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և նախահայրը, ով ի վերջո պաշտպանեց երկրի ամբողջականությունը. հունական զորքերը, որոնք սկզբում կարողացան իրենց տիրապետությունը հաստատել Փոքր Ասիայի արևմտյան հատվածի մեծ մասի վրա, այնուամենայնիվ, վերջոիվերջո պարտվեցին քեմալականներին: Դա հանգեցրեց Մուդրոսի զինադադարի և Լոզանի հաշտության պայմանագրի կնքմանը, համաձայն որի ՝ Թուրքիան հաստատվեց իր ներկայիս սահմաններում:

Հունա-թուրքական պատերազմի ընթացքում (1919-1922 թթ.) հույն հետևակի հարձակումը Հերմոս (Գեդիզ) գետի վրա

Պատերազմի հետևանքները և «Վեցի մահապատիժը»

Վերադառնանք պատերազմի հետևանքներին: Հունաստանի պարտությունից և Արևելյան Թրակիայում և Փոքր Ասիայում հունական տարածքների փաստացի կորստից հետո ռազմական գործիչները (զորքերի հրամանատարները և զինվորները) մեղադրեցին Հունաստանի կառավարությանը պատերազմական գործողությունների ձախողման մեջ:

1922 թ. օգոստոսի 28-ին Պ.Պրոտոպապադակիսի գլխավորած կառավարությունը վայր դրեց իր լիազորություները, իսկ Կոստանդին Առաջին թագավորը ստիպված եղավ հրաժարվել գահից: Ապստամբները պահանջում էին ստեղծել նոր կառավարություն և իշխանական մարմիններ, որոնք կստանձնեն պատերազմի ղեկը և կտանեն հույներին հաղթանակի:

Ապստամբությունն ու ռազմական հեղաշրջումը կազմակերպած ռազմական վերնախավը հրավիրեց արտահերթ դատարան, որի ընթացքում կառավարության հինգ անդամներ և մեկ գեներալ դատապարտվեցին մահապատժի:

Հունաստանի կառավարության անդամները` Փոքր Ասիայի «Աղետի» ականատեսներ

Իհարկե, նման պատիժը շատերի համար կարող է թվալ չափազանց դաժան, բայց կարևոր է հիշել բոլոր այն ողբերգական հետևանքները, որոնց Հունաստանը բախվեց իր կառավարության վարած քաղաքականության արդյունքում:

Պատերազմում կրած պարտությունը ոչ միայն վերջ դրեց «Մեծ գաղափարի» ակտիվ փուլին, այլև հույն-քրիստոնեական բնակչության տարրի գոյությանը նրանց հնագույն բնակավայրերում, ինչը նշանակում էր հունական պատմության Փոքր Ասիայի 3000-ամյա դրվագի ավարտ: Դեպքերին, որոնք հանգեցրին այս արդյունքին, հիրավի տվել են «Աղետ» պատմագրական անվանումը:

Ֆրանսիացի պատմաբան Է.Դրիոն գրել է, որ «Փոքր Ասիայի աղետն ավելի մեծ ու սարսափելի էր, քան Կոստանդնուպոլսի անկումը»: Ֆրանսիացի հելլենիստ Օ. Մերլիեն գրել է, որ «Փոքր Ասիայի կորուստը նշանակում էր շուրջ քսանդարյա պատմության ավարտ: 1453 թ. անկում ապրեց Բյուզանդիան, սակայն 1922 թ. ավելի ողբերգական էր, քանի որ այն նշանավորեց փոքրասիական հելլենիզմի ավարտը»:

Հունական «Աղետը», որը բոլոր առումներով տեղավորվում է «ցեղասպանություն» հասկացության մեջ, հսկայական ազդեցություն ունեցավ ազգի հավաքական գիտակցության վրա և դարձավ հույների ինքնաճանաչման մաս:

Հեղինակ՝ Էլեոնորա Սարգսյան

Թարգմանություն՝ Մարգո Սարգսյան

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո