Կորուսյալ հետքեր` դաջվածքների առաջացման պատմությունը
Դաջվածքները աշխարհով մեկ հայտնի են որպես մասսայական մշակույթի բաղկացուցիչ մաս: Սակայն շատ երկրներում նրանք համարվում են հնագույն ավանդույթների մի մաս և վաղուց դարձել են բազմաթիվ գիտնականների ուսումնասիրության առարկա: Նման մի ուսումնասիրություն իրականացվել է 2015 թվականին Մումտազ Ֆիրատի կողմից, ով իր աշխատության համար ֆոլկլորագիտության ոլորտում արժանացել է մրցանակի: Ստորև ներկայացնում ենք ձեզ նրա կողմից կատարված ուսումնասիրությունը`
Համառոտ ակնարկ դաջվածքների վերաբերյալ
Դաջվածք են անվանում մարդու մաշկի վրա գտնվող մշտական նկարը կամ նշանը, որը ստանում են մաշկի ծակոտիները ներկով լցնելու միջոցով: Ներկանյութը քսում են մաշկին սրածայր առարկայով:
Դաջվածքը բազմաթիվ իմաստներ ունի: Այն ծառայում է և' որպես զարդ, և որպես պաշտպանություն չար ուժերից, և' որպես թալիսման: Հարավ-արևելյան Թուրքիայի բնակիչները սովորաբար դաջվածքներ են անում, որպեսզի դրանք ծառայեն որպես զարդարանք և որպես չար աչքից պաշտպանություն: Հատկանշական է այն փաստը, որ որպեսզի դաջվածքները ծառայեն որպես համայիլ, ներկանյութի մեջ կարող են ավելացնել օրինակ մայրական կաթ:
1991թվականին Ալպերում հայտնաբերվել է 5300 տարի առաջ ապրած սառցեմարդ Էտցիի մումիան: Այն թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ տեսք ուներ մարդը քարե և բրոնզե դարաշրջանում` նրա մարմնի վրա հայտնաբերվել է 57 դաջվածք: Հետաքրքիր է, որ բոլոր դաջվածքները գտնվում էին այնպիսի կետերում, որոնք չինական բժշկության մեջ օգտագործում են թերապևտիկ ասեղնաբուժության համար:
Էտցի մումիայի վրա հայտնաբեմրված դաջվածքները / Journal of Cultural Heritage
Սառցե մարդից բացի, դաջվածքների հետքեր են հայտնաբերվել նաև Եգիպտոսում և Ասիայում գտնված մումիացված մարմինների վրա: Սա ապացուցում է, որ գոյություն ուներ ավանդույթ, ըստ որի դաջվածքներ էին կրում իշխող դասին պատկանող մարդիկ: Սակայն, սա չի նշանակում, որ սոցիալական այլ դասին պատկանող մարդիկ չէին կարող դաջվածքներ ունենալ:
Դաջվածքներ եգիպտական մումիայի վրա / Journal of Archaeological Science
Հին հույն պատմաբան Հերոդոտոսը գրում է, որ Թրակիայում (նահանգ Հռոմեական կայսրությունում) դաջվածքները համարվում էին ազնվականության նշան: Գոյություն ուներ կարծիք, որ առանց դաջվածքների մարդը կարող է չարիք բերել: Այսինքն` ազնվական դասի ներկայացուցիչները դաջվածքներ էին անում ի նշան այն բանի, որ նրանք ավելի ազնվազարմ են, քան այլ դասի ներկայացուցիչները:
Օկեանիայի որոշ կղզիներում դաջվածքները նաև արտոնության նշան էին համարվում: Սակայն ոչ բոլոր դաջվածքները, այլ դրա մի քանի ձևերը: Մինչ ունևոր դասի ներկայացուցիչները կարող էին դաջվածքներ անել մարմնի ցանկացած հատվածներում, չունևոր խավը կարող էր դաջվածքներ անել միայն մարմնի սահմանափական հատվածում, քանի որ դաջվածք անելը բավականին թանկ պրոցեդուրա էր: Այսպիսով հին ժամանակներում դաջվածքը օգտագործում էին հիերարխիկ սոցիալական համակարգում դրսևորվելու համար:
Դաջվածքների վերաբերյալ պատմությունը մենք կարող ենք քաղել նաև այլ աղբյուրներից, օրինակ` անտիկ գրողների աշխատություններից: 15 անտիկ գրողներ նշում են, որ դաջվածքը հայտնի է թրակիացիների, հին հույների, գալլերի, գերմանացիների և բրիտանացիների շրջանում: Հին Հռոմում դաջվածքներ անում էին ստրուկներին և հանցագործներին: Քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական պետություններում դաջվածք անելը արգելվեց, սակայն այն կրելու ավանդույթը շարունակեցին մյուսները, հատկապես Մերձավոր Արևելքի ժողովուրդը:
Մուհամմեդի կառավարման օրոք արաբների մոտ դաջվածք անելը համատարած բնույթ էր կրում. այդպես է նշված բազմաթիվ աղբյուրներում: Սակայն մարգարեն բացասական վերաբերմունք ուներ մարմնի վրա արված նկարներին, ուստի շատ արաբ հեղինակներ այդ թեման ներկայացնում էին բացասական տեսանկյունից: Սակայն, չնայած արգելքներին, դաջվածքները երկար ժամանակ առկա էին արաբ ժողովրդի կյանքում: Այդ աղբյուրներում նշվում է, որ դաջվածքների պատմությունը սկիզբ է առնում Ալժիրում (այն ժամանակ Օսմանյան կայսրության մի մասը) և Ստամբուլ է բերվել ալժիրցի նավաստիների կողմից XVII դարում:
Եվրոպացիները կրկին վերադարձան դաջվածքներ անելու արվեստին մեծ նվաճումների ժամանակ` բախվելով ամերիկացի հնդկացիների և պոլինեզացիների հետ: «Դաջվածք /տատու/» բառը եվրոպական լեզվաընտանիք է եկել Տահիտի կղցուց` այն գրառել է ճանապարհորդ Ջեյմս Կուկը 1796 թվականին կատարած ուղևորության ժամանակ:
Աշխարհի տարբեր մասերից տարբեր պատմական ժամանակաշրջաններում հավաքագրված վերոնշյալ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ չնայած կիրառման տեխնիկայի և խորհրդանիշների տարբերություններին` դաջվածքները համընդհանուր երևույթ էին և ունեին մեկ ընդհանուր նշանակություն` կրոնական:
Դաջվածքներն ու հավատը
Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որ ավանդական դաջվածքները կապված են հավատի հետ անբացատրելի քողով. շատ մարդկանց գիտակցության մեջ նրանք ունեն կախարդական/կրոնական հատկություններ, իսկ նրանց կրողը ստանում է հատուկ արտոնություններ: Օրինակ`եղջերուով դաջվածքը որսի ժամանակ ծառայում էր որպես օգնական, եղջերուի միսը այն ժամանակ սննդի անբաժանելի աղբյուր էր:
Ագրարային հեղափոխության մեկնարկով, որը մարդկության զարգացման կարևոր փուլերից է, մարդկանց գիտակցության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք իմաստային առումով ազդում են նաև դաջվածքների վրա: Այս փոփոխությունները հանգեցնում են նոր մտածելակերպի ձևավորմանը, որը արմատապես տարբերվում էր նախնադարյան մարդուց:
Ուժի հանդեպ հավատի և ընդհանուր առմամբ կենդանիների, բույսերի ունեցած ազդեցությունը փոխարինվեց հավատ այն ուժի նկատմամբ, որը վերահսկում է բնության բոլոր գործընթացները: Այսպիսով մարդիկ հայտնաբերեցին Աստծուն և բազմաստվածությունից անցում տեղի ունեցավ դեպի միաստվածություն: Միաստվածային կրոնների առաջացումը բացասաբար է անդրադարձել դաջվածքների ավանդույթի վրա` այդ կրոնները հավանություն չէին տալիս մարմնի վրա պատկերներին` համարելով դրանք հեթանոսական հավատքի տարրերից մեկը:
Կրոնական հասկացությունները մեծապես ազդել են դաջվածքների բնույթի վրա` նրանք թելադրում են, թե որ խորհրդանիշները կարելի է դրոշմել մարմնի վրա, իսկ որոնք ոչ, կամ էլ ամբողջովին արգելում են դաջվածք անելը:
Թուրքիայում դաջվածքների պատմության վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ
Դաջվածքների պատմության վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները տպագրվել են1975 թվականին բանահյուսությանը նվիրված թուրքական ամսագրում: Ուսումնասիրության հեղինակն է Աբդուլ Քադիր Գյուլերը, նա հոդվածը տպագրել է «Դաջվածքների ծագումը Մարդինում, Քըզըլթեփե գավառ»: Ըստ Աբդուլ Քադիր Գյուլերի` այդ դաջվածքները առաջացել են Աֆրիկայում և Ասիայում: Քանզի մշակութային սահմանները խիստ աղավաղվել են, ուստի դաջվածքի ճշգրիտ ծագումը հնարավոր չէ սահմանել: Միջագետք, Իրան, Սիրիա, Եգիպտոս, Հնդկաստան` մենք երբեք չենք կարողանա սահմանել որտեղից և ինչից է սկսվել այդ մշակութային հոսքը, քանի որ մշակութային բոլոր հետքերը վաղուց խառնվել են իրար: Միակ բանը, որ կարող ենք վստահ ասել, այն է, որ հատկապես Թուրքիայի հարավ-արևելքում, Իրաքի հյուսիսում, Իրանի հյուսիս-արևմուտքում, Սիրիայի հյուսիսում մարմնի վրա դաջվածք անելու ավանդույթը պահպանելու մեջ իրենց դերակատարումն ունեն այդ շրջաններում բնակվող քոչվորները:
Աղբյուր` Mümtaz Fırat "Kaybolan İzler-Güneydoğu’da Geleneksel Dövme ya da Dek ve Dak."
Թարգմանել է Աննա Մովսիսյանը:
Մեկնաբանություններ