Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Լեոնիդ Ազգալդյան՝ Սա Հայաստան է և վերջ
Հուշ

Լեոնիդ Ազգալդյան՝ Սա Հայաստան է և վերջ

«Ազգի գոյությանը սպառնացող լուրջ վտանգների պահերին միայն ուժեղներն են մնում իրենց դիրքերում:  Նման պահերին ժողովուրդը ուժեղների մեջ փնտրում է ամենաուժեղին և իր ճակատագիրը դնում նրա ձեռքերում:  Այսպես է աշխարհ գալիս իսկական առաջնորդը»:  Այս տողերը, որ գրվել են Գարեգին Նժդեհի կողմից դեռևս 1930-ական թվականներին, լավագույնս նկարագրում են Լեոնիդ Ազգալդյանի անձը՝ մարդ, ում կյանքի ուղին ապացուցեց, որ ազգի համար ճակատագրական պահին, երբ երկրի գոյությունը վտանգի տակ է գտնվում, հաղթանակը հնարավոր է միայն անձնազոհ և ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում, ով կարող է իր շուրջը համախմբել մարդկանց և պայքար ծավալել թշնամու դեմ:

Լեոնիդ Ազգալդյանը արցախյան պատերազմի հերոս է, Արցախի «Ազատագրական բանակ»-ի կազմակերպիչն ու հրամանատարը:

Առաջին իսկ օրվանից Լեոնիդ Ազգալդյանը ներգրավված էր Արցախի անկախության համար մղվող շարժմանն ու պայքարին:  Չնայած այն հանգամանքին, որ նա դարձավ այս պայքարի առաջնորդներից ու ոգեշնչողներից մեկը՝ այնուամենայնիվ, նա ոչ մի կուսակցության չպատվեց իր անդամակցությամբ, չանդամակցեց ոչ մի քաղաքական, գաղափարական կամ այլ հոսանքի:

Ազգալդյանը նախընտրում էր գործել՝ խոսելու փոխարեն:  Ի տարբերություն շատերի՝ նա իր ժամանակն ու մտքերը զուր չէր վատնում անիմաստ հավաքների, բուռն քննարկումների, միտինգներում ամպագորգոռ ելույթների վրա: Նա իր ողջ ներուժը ներդրեց հանուն մեկ կառուցողական նպատակի ծառայման՝ հայրենիքի ազատագրման պայքարի համար: 

«Ու ես ուզում եմ ընդգծել. այն ազգը, որը կկորցնի Արցախը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի`ուրեմն իրենք, Հայը`ուրեմն Հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարցը չէ» – ասում էր Լեոնիդը:

Քիչ խոսքեր ու ավելի շատ գործողություններ հանուն Հայաստանի՝ Ազգալդյանի և իր համախոհների համար գործելու հստակ ուղեցույցը:  Նրա հասարակ խոսքը՝ զուրկ փայլից ու որոտընդոստ արտահայտություններից, ուներ գրեթե կախարդական զորության համոզմունք:  «Սա Հայաստանն է և վերջ» – ասում էր նա, և այդ պարզասիրտ արտահայտությունը իր մեջ պարունակում էր այն ամենը, ինչին նա հավատում էր՝ կյանքի ողջ փիլիսոփայությունը, մտահոգության և հոգածության միակ պատճառը:

Ոչ ոք չէր սպասում, որ երբեմնի լռակյաց ու համեստ ուսանողը կընտրի կյանքի այդ ուղին:  Լինելով բարձրաստիճան պաշտոնյայի որդի՝ նա կարող էր համալրել Խորհրդային Հայաստանի այսպես կոչված «ոսկե երիտասարդության» շարքերը, ապրել ըստ իր հաճույքի և չանհանգստանալ իր ապագայի վերաբերյալ:   Սակայն Լեոնիդ Ազգալդյանին այ; ուղի էր սպասվում:

Արցախյան պատերազմի հերոսը ծնվել է 1942 թվականին, Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ Լեոնիդը անց է կացնում իր դպրոցական տարիները:  Փայլուն գիտելիքներով նա կարողանում է ընդունվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական համալասարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 

Մոսկվայում ուսանողական տարիները ավարտվում են ողբերգական լուրով. մահանում է նրա մայրը: Լեոնիդը որոշում է վերադառնալ Երևան:  Այդ որոշմանը նպաստեց ևս մեկ իրադարձություն. նա լարված հարաբերություններ է ունեցել ՄՊՀ ռեկտորատի հետ, որովհետև իր ընկերների հետ միասին Լեոնիդը կազմակերպել էր սգո երթ՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչը աննախադեպ հանդգնություն էր 1960-ական թվականներին:  Նա հայտնվում է ԽՍՀՄ պետական անվտանգության համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:

Երիտասարդ ֆիզիկոսի մասնագիտական տաղանդը նրան մեծապես օգնում է Արցախյան պատերազմի ժամանակ:   Պրագմատիկ Լեոնիդը հստակ գիտակցում է, որ հրապարակներից ու պաշտոնյաների գրասենյակներից պայքարը տեղափոխվելու է մարտի դաշտ, քանզի խորհրդային ղեկավարությունը երբեք հենց այնպես Արցախը չի տա Հայաստանին:

Լարված ժամանակներ էին՝ Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ Ադրբեջանը՝ ի նշան արցախյան շարժման դեմ ուղղված բողոքի, կազմակերպում է հայ բնակչության զանգվածային ջարդեր:  Շուտափույթ պատերազմի կանխազգացումը ստիպում է Լեոնիդին ռազմական գործողություններին ընդառաջ լուրջ նախապատրաստություն սկսել:  Նրա տունը վերածվում է իսկական արհեստանոցի:  Իր գիտնական ընկերների հետ միասին նա նախագծում և պատրաստում էր հրացանների և պայթուցիկների մասեր, իսկ այնուհետև դրանք փորձարկում քաղաքից դուրս:  Զուգահեռաբար Լեոնիդը ուսումնասիրում էր մարտական արվեստը տեսականորեն, որպեսզի առնվազն ընդհանուր գիտելիքներ ունենա այս ոլորտում:

Մինչ բոլոր ԶԼՄ-ները ժողովրդի հետ միասին ներգրվված էին ելույթներում և հավաքներում, Լեոնիդը սպասում էր վատագոււյնին՝ պատերազմին: Նա համոզում էր հայ մտավորականությանը հրաժարվել սին խոսակցություններից և ղեկավարել ժողովրդական պայքարը, կոչ էր անում ժողովրդին միանալ իր գործունեությանը: Սակայն, ի զարմանս Լեոնիդի՝ արձագանքողները շատ քիչ էին: Հետագայում նա բազմիցս կրկնում էր. «Մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են»: Սա մեղադրանք չէր ուղղված այլոց, այլ ինքնաքննադատություն, մի մարդու անշահախնդիր խոստովանություն, ում համար ցավալի էր շուրջբոլորը տիրող անտարբերությունն ու վախկոտությունը:  

Շատ քչերը արձագանքեցին Լեոնիդի կոչին, բայց նրանք լավագույնն էին՝ գաղափարական, հաստատակամ և ազնվագույն մարդիկ, ընտրյալների մի  բուռ, ում նա հպարտությամբ կարող էր իր բանակը կոչել: Լեոնիդն ուներ իր կողմը  բացարձակապես տարբեր մարդկանց գրավելու տաղանդ, որոնք հետագայում ծառայում էին մեկ նպատակի և գաղափարի շուրջ՝ նրանք հավատում և պայքարում էին հանուն Հայաստանի և Արցախի միավորման:

1990 թվականի փետրվար ամսին նա իր ընկերոջ հետ միասին հիմնում է «Անկախության Բանակ» ռազմա-քաղաքական կազմակերպությունը: Լեոնիդը գիտակցում էր, որ զինված մարդկանց մի խումբը ոչ զորք է, ոչ էլ հատկապես բանակ: Որպեսզի իրավունք ունենան այդպես կոչվելու՝ պետք է հետևել խիստ կարգուկանոնի, իմանալ ռազմական արվեստի բոլոր նրբությունները, և, ամենակարևորը, լինել գաղափարակիցներ:

Այս խնդրի լուծումը եղել է Լեոնիդի՝ որպես առաջնորդի ուսերին:  Չնայած այն հանգամանքին, որ նա նույնպես փորձառության պակաս ուներ, նրա կողմից կազմակերպված պրակտիկ գործողությունները իրենց պտուղները տվեցին: Արդեն իսկ առաջին մարտերում «Անկախության Բանակը» զգալի հաջողություններ էր գրանցում: 

1991 թվականի հունիսին Լեոնիդը ստեղծում է նոր «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը:   Սա Արցախյան պատերազմի ընթացքում բոլոր հայկական շարժումների և ջոկատների շարքում նոր որակ էր: Պայքարի ողջ ընթացքում կազմակերպությունն իր վրա է վերցնում հիմնական դերերից մեկը: Հետագայում «Ազատագրական բանակ»-ից կելնեն կանոնավոր հայոց բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գնդապետեր և գեներալներ, ովքեր Ազգալդյանին կհամարեն իրենց կնքահայրն, առաջնորդն ու ուսուցիչը:   

Լեոնիդը իր բանակի շարքերը համալրում էր ոչ թե քանակով, այլ որակով՝ պահանջելով հետևել խիստ կարգապահության: Օրինակ՝ խստիվ արգելվում էր ծխել և խմել ոգելից խմիչքներ: Շատերը չէին դիմանում: Նման մարտիկների վրա Լեոնիդը զուր ժամանակ չէր վատնում, այլ խնդրում էր միանալ այլ ջոկատների, որտեղ կարգապահությանը առանձնապես ուշադրություն չեն դարձնում:  Զարմանալի է, սակայն մինչ Արցախյան պատերազմը չունենալով ոչ մի պատկերացում բանակային կյանքի և ռազմական կանոնադրության վերաբերյալ, Լեոնիդը կարողանում է ստեղծել այնպիսի ռազմական կազմակերպություն, որտեղ հաշվի առնվում յուրաանչյուր մանրուք: 

Դեռևս լեգենդներ են պտտվում «Ազատագրական բանակ»-ում տիրող կարգապահության մասին, սակայն Լեոնիդի մարդիկ հավաստիացնում են, որ ոչինչ մտացածին չէ:  Նույնիսկ ընդմիջումները ուղեկցվում էին վարժություններով և մարզանքներով, որոնք առաջին հերթին կատարում էր նա՝ օրինակ ծառայելով մյուսներին և աջակցելով հետևյալ բառերով՝ «շատ քրտինք, քիչ արյուն»

Նրա մարտիկները ի վիճակի էին կատարել ցանկացած առաջադրանք արագ, անվրեպ և որ կարևոր է, նվազագույն մարդկային կորուստներով: «Այն մարտիկները, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, ամենաթանկն են մեզ համար,  ասում էր նա – ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նրանց մահը»: 

27 ազատագրված գյուղեր, բազմաթիվ մեծ ու փոքր մարտեր, և ոչ մի պարտություն. այսպիսի ցուցանիշներով չէր կարող պարծենալ և ոչ ոք: Սակայն, Լեոնիդը, ընդհակառակը, մշտապես դժգոհ էր ունեցած արդյունքներից, զինվորներից, և ամենաշատը ինքն իրենից: Նա կրկնում էր, որ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, որովհետև այդ հաղթանակների հենասյունը պետք է լինի կանոնավոր բանակը, որը չկա: Իր փոքրիկ ջոկատը նա անվանում էր բանակ, սակայն նա անգամ լեյտենանտի կոչում չուներ:

Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992 թվականին՝ այդպես էլ չստանալով որևէ ռազմական կոչում: Զոհվեց՝ ինչպես միշտ գտնվելով առաջնագծում: Իր քաջության և անձնազոհության անձնական օրինակով նա վայելում էր իր կողմնակիցների, ինչպես նաև նրան անձնապես ճանաչողների իսկական հարգանքն ու սերը:

Դժբախտաբար, նրա մասին շատ քիչ բան է հայտնի հայ հասարակության լայն շրջանակներին, իսկ պետությունը չի արժանացրել նրան ՀՀ հերոսի կոչմանը:  Սակայն անվանական պարգևների կարևորությունը խամրում է ժողովրդական ճանաչման կարևորության ֆոնին: Չի կարող չուրախացնել այն հանգամանքը, որ այսօր ավելի ու ավելի շատ երիտասարդներ են իմանում նրա մասին, կազմակերպվում են հայրենասիրական երեկոներ և համերգներ, իսկ հայ-ռուսական համալսարանում իսկական հայրենասեր, մտավորական և հայրենիքի պաշտպան Լեոնիդ Ազգալդանի անունով լսարան է բացվել:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո