ԼԱՎՐՈՎ, ԽՈՒԴՅԱԿՈՎ, ՇԱԼԻԿԱՇՎԻԼԻ. ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Շապիկի նկարը՝ Սերգեյ Լավրով, Սերգեյ Խուդյակով, Ջոն Շալիկաշվիլի
Հայերն ունեն բնավորության այսպիսի ընդհանուր գիծ. ամեն տեղ փնտրել հայկական հետք ՝ սկսած ֆիլմի ավարտի տիտրերում հայկական ազգանուններ ուղղակի որոնելով, վերջացրած հայկական ծագում ունեցող բոլոր տեսակի մարդկանց փնտրտուքով: Ազգային այս սիրելի զբաղմունքը ստացել է ծայրահեղ արտահայտումներ. հասարակության մեջ, սեղանի շուրջ, լրատվամիջոցներում ` բոլորը զբաղված են այս գործով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ է, և վերջ. վիճելն անիմաստ է, քանի որ նրա կենսագրության մեջ կան ծանրակշիռ փաստեր. նրա ազգանունը Քալանթարով է, ավելի ճիշտ ՝ Քալանթարյան, հայրը ՝ Թբիլիսիի հայ: Թվում է` էլ ի՞նչ ապացույցներ են պետք: Եվ նշանակություն չունի, որ Լավրովն ինքն իրեն ռուս է որակավորում բոլոր պաշտոնական վայրերում. մենք ՝ հայերս, ավելի լավ գիտենք, թե ով է նա:
Հետաքրքիր է, թե ինչպես հայերի մի մասի համար որոշիչ գործոններ են արյունն ու ծագումը, իսկ ոմանց համար` ընդհակառակը, դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ինքնագիտակցության և ինքնաճանաչման հետ: Ինքը ՝ Լավրովը, օրինակ, միայն մեկ անգամ է մեկնաբանել իր հայկական ծագումը, և դա այն պատճառով, որ հարցը տրվել է հենց նրան, և իհարկե, Երևանում: Իրենց բնորոշ ինքնավստահությամբ հայերը հարցրին, թե արդյոք Լավրովի հայկական արմատներն օգնում են նրան իր գործում: «Իմ արմատները, ըստ էության, վրացական են, - ընդհատեց Լավրովը, - հայրս Թբիլիսիից է, բայց արյունը իրոք հայկական է», և այդպիսի սպառիչ պատասխանն ակամայից հարցն այլ կերպ ձևակերպելու ցանկություն է առաջացնում, օրինակ` «Արդյո՞ք նրա հայկական արմատները չեն խանգարում նրա աշխատանքին»:
Նման հակադրությունը, մասնավորապես`
- այն մարդկանց միջև, ովքեր հայ են համարում բոլորին, ովքեր ունեն հայկական արյուն,
- և այն մարդկանց միջև, ում համար կարևոր չէ իրենց հայկական ծագումը,
ստեղծում է բավականին անհարմար իրավիճակներ:
Կարող ենք դիտարկել, թե ինչպես են Հայաստանում հպարտանում Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովով, ով ոչ միայն հրաժարվեց իր իսկական անունից, այն է ` Արմենակ Խանփերյանց, այլև հորինեց իր համար կեղծ կենսագրություն, համաձայն որի ՝ նրա մայրը վրացի է, իսկ հայրը ՝ ռուս: Հատկանշական է, որ Խանփերյանցի որդին իր հոր հայկական ծագման մասին իմացել է միայն 14 տարեկանում:
Ըստ վարկածներից մեկի ՝ երիտասարդ Արմենակին թվացել է, որ անվանափոխությունը իրեն կանաչ ճանապարհ կհարթի Խորհրդային Ռուսաստանում կարիերայի համար: Սկզբունքորեն հենց դա էլ տեղի ունեցավ: Քառասուներեք տարեկան հասակում Խուդյակովն արդեն գեներալ-գնդապետ էր. նա էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակարգում գործողությունները կարևոր ուղղություններով, պատասխանատու էր Թեհրանի կոնֆերանսի պատվիրակության տեղափոխման համար, ինչը խոսում է պետական գործերում նրա կարևոր դերակատարության և Ստալինի կողմից նրա հանդեպ մեծ վստահության մասին:
Յալթայի համաժողովը 1945 թ. Առաջին պլանում (ձախից աջ) Չերչիլ, Ռուզվելտ, Ստալին: Խուդյակովը կանգնած է Ստալինի թիկունքում (երկրորդ պլանում աջից):
Սակայն պարզվեց, որ անվանափոխությունը ճակատագրական որոշում էր. երբ բացահայտվեց նրա իսկական անունն ու ծագումը, Խուդյակովին մեղադրեցին դավաճանության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ և գնդակահարեցին: Ի տարբերություն Խուդյակովի, Հայաստանում և Արցախում, որտեղից է նա արմատներով, մարդիկ հպարտանում են նրա հայ լինելով և համարում նրան վաստակավոր գործիչ. նրա մասին գրվում են գրքեր և մենագրություններ, նրա անունով կոչվում են փողոցներ, պողոտաներ, համալսարաններ:
Պարզապես հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր մեկով հպարտանալու հայկական սովորությունն էլ ավելի տհաճ զգացողություններ է առաջացնում, երբ միաժամանակ իմանում ես Ջոն Շալիկաշվիլիի նման անձանց պատմությունների մասին:
Վրացական ծագմամբ ամերիկացի գեներալ Ջոն Շալիկաշվիլին, ըստ էության, պետության երրորդ ամենակարևոր անձն էր նախագահից և պաշտպանության նախարարից հետո, ինչի մասին վկայում է նրա մեջբերումներից մեկը. «Որտեղ էլ որ լինեմ աշխարհում, ես ամեն վայրկյան պետք է կապի մեջ լինեմ ԱՄՆ նախագահի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ: Անհրաժեշտության դեպքում միայն մենք երեքով կարող ենք որոշում կայացնել միջուկային հարձակման վերաբերյալ»:
Ջոնի պատմությունը ուշագրավ է նրանով, որ, լինելով բարձրաստիճան անձ, ԱՄՆ պետական գործիչ, նա համառորեն պահպանեց իր դժվար արտասանվող, հատկապես անգլախոսների համար, վրացական ազգանունը: Նրան մեկ անգամ չէ, որ առաջարկել են փոխել կամ գոնե կրճատել իր ազգանունը` թողնելով չորս տառ` «Շալի», արտասանությունն ավելի հեշտ դարձնելու համար: Այդ խնդրանքով նրան դիմել է նույնիսկ Բիլ Քլինթոնը: Հարկ է նշել, որ Ջոնի տոհմում, որն ապրել էր Ռուսական կայսրությունում, կային մարդիկ, ովքեր ազգանունը փոխել էին ռուսական ձևով ` դարձնելով այն Շալիկով, Չալիկով և այլն, բայց, ըստ պատմության, Ջոնը կտրականապես դեմ էր նման փոփոխությանը և ավելի շուտ պատրաստ էր ժամ առաջ հրաժեշտ տալ իր աշխատանքին, քան թե ազգանվան մեջ գոնե մեկ տառ փոխել:
Նմանատիպ վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը գտնում ենք գեներալի մանկությունից հետևյալ պատմության մեջ.
Երբ Ջոնը փոքր էր, նրանց այցելեց Անդրոնիկաշվիլիի իշխանական ընտանիքի ներկայացուցիչներից մեկը: Ջոնի հոր ՝ Դմիտրի Շալիկաշվիլիի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ Անդրոնիկաշվիլին իր ազգանունը փոխել է ռուսերեն տարբերակի ՝ Անդրոննիկովի: Ջոնի հայրը կատաղեց, վեր թռավ և հյուրին դուրս վռնդեց տնից ՝ ասելով. «Ինչպիսի՞ վրացի ես, եթե չկարողացար պահպանել անգամ քո հոր ազգանունը»: Եվ այս պատկերն ամեն անգամ գալիս էր Ջոնի աչքերի առաջ, երբ նրան առաջարկում էին փոխել իր ազգանունը:
Ջոն Շալիկաշվիլին վրացական ազգային հագուստով (ձախից) և երեխաների հետ ՝ Կախեթիում, Վրաստան (աջից)
Ջոն Շալիկաշվիլին մեծ հարգանք ու ճանաչում ձեռք բերեց ինչպես իր տանը` Վրաստանում, որը նա շատ էր սիրում և այցելում էր, այնպես էլ այն երկրում, որին նա ծառայում էր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և «խնդրահարույց» ազգանունը դրան ոչ մի կերպ չխանգարեց: Նա վառ օրինակ է այն բանի, որ մարդ կարող է լինել մեկ այլ պետության կարևոր պաշտոնյաներից, բայց միևնույն ժամանակ ոչ միայն չհրաժարվել իր ծագումից, այլև հպարտանալ դրանով: Կցանկանայինք, որ հայ իրականության մեջ գնահատվեին մարդիկ, ովքեր ոչ միայն հայկական ծագում ունեն, այլ նաև հայ ինքնություն և հայ ժողովրդին ու պետությանը պատկանելու զգացողություն:
Հեղինակ ՝ Էլեոնորա Սարգսյան
Թարգմանություն՝ Մարգո Սարգսյան
Մեկնաբանություններ