Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Գրիգոր Զոհրապ՝ նոր Թուրքիայի հին խորհրդանիշը
Հուշ

Գրիգոր Զոհրապ՝ նոր Թուրքիայի հին խորհրդանիշը

Մարդ, ով իր մեջ համադրել էր մաթեմատիկական մտածողությունն ու հումանիտար տաղանդը:  XIX դարի վերջի, XX դարի սկզբի արևմտահայ մտավորականության ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը: «Եզակի էր բացառիկներուն մէջ» – ասում էր գրող Անդրանիկ Սարուկյանը՝ բնութագրելով Գրիգոր Զոհրապին: Արգասաբեր գործունեություն ու որպես արդյունք՝ Ստամբուլի առաջադեմ հասարակության կողմից վաստակած հարգանք, սերտ կապեր պետական գործիչների հետ՝ ավաղ վերոնշյալներից և ոչինչ չկարողացավ փրկել նրան վերահաս ողբերգական բախտի ճիրաններից...  

Մարդկանց հիշողության մեջ Զոհրապը ավելի շատ մնացել է որպես խորաթափանց, կարճ նովելների հեղինակ, այնինչ հատկանաշական է, որ գրողի գործը նրա հիմնական մասնագիտությունը չէր, նույնիսկ աշխատանքը չէր, այլ ներշնչանքի աղբյուրը: Թուղթն ու թանաքը փրկում էին նրան աշխարհիկ հոգսերից, հասարակական ճնշումից, կյանքի անարդարություններից: Դեպի Բոսֆորի գեղեցիկ ափ բացվող նրա բնակարանի պատուհանները նրա առջև բացում էին Ստամբուլը իր ողջ գունագեղ բազմազանությամբ՝  թաղամասերով, շուկաներով, մինարեթների ուրվապատկերներով, որոնք անկասկած ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում Զոհրապի համար:

Չնայած իր մտքերը արտահայտելու բնատուր տաղանդին՝ Զոհրապի կարիերան զարգանում է իրավագիտության ուղղությամբ, որը դասավանդվում էր Օսմանյան կայսրության այն ժամանակվա միակ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Գալաթասարայի վարժարանում:  Սակայն նրան բախտ չի վիճակվում ավարտել այն, քանի որ կառավարությունը որոշում է կայացնում փակել հաստատությունը ոչ բավարար քանակությամբ մահմեդական աշակերտներ ունենալու պատճառով՝ ընդամենը երկու մահմեդական քառասուն հինգ հայի դիմաց:  Այնուամենայնիվ, Զոհրապը շարունակում է ուսումը և շուտով ստանում փաստաբանի արտոնագիր:

Իրավագիտությանը զուգահեռ Զոհրապը զարգացնումէ իր գրելու ստեղծագործական հմտությունները՝ 1878 թվականից սկսած նա հրատարակվում է «Լրագիր» օրաթերթում, գրում է գեղարվեստական ստեղծագործություններ՝ փորձելով իրեն տարբեր ժանրերում:  Այս նույն ժամանակահատվածում 18-ամյա Զոհրապը իր «Թէ ինչ շահեցանք Պէրլինի վեհաժողովէն (Ի՞նչ շահեցինք Բեռլինյան համաժողովից)» հոդվածով մեծ աղմուկ է բարձրացնում:

1880-1890-ական թթ նա դառնում է կայսրության գրական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Փորձելու և սխալվելու մեթոդի շնորհիվ Զոհրապը գտնում է իր գրական ժանրը՝ փոքրիկ պատմություններ՝ նովելներ, որոնք վեր են հանում օսմանյան հասարակության սուր սոցիալական խնդիրները:  Իրականում՝ շնորհիվ իր բացառիկ գրելու տաղանդի՝ նա, նախ և առաջ, հայտնի է որպես  Օսմանյան կայսրությունում ապրող իրեն ժամանակակից հայերի կյանքը ներկայացնող վիպասան-տարեգիր:  Արևմտահայերեն լեզվով գրված նովելների շնորհիվ կարելի է տեղեկանալ գոյություն ունեցող սոցիալական անհավասարության, քաղաք-գավառ փոխհարաբերությունների, բարոյականության անկման և անգամ կանացի հոգեբանության և սիրային հարաբերությունների մասին:  Զոհրապի ստեղծագործական գործունեությունը գնահատվում ու դիտարկվում է ոչ միայն հայկական գրականության, այլ նաևընդհանրապես համաշխարհային գրականության վաստակ ու ժառանգություն: 

«Զոհրապը իր նովելներով հիացնում էր բոլոր ընթերցողներին: Ինչպես հոգեբան նա զգուշորեն բացահայտում էր կյանքի և մարդու այն բարդ կողմերը, որոնք այլոց համար կարող էին աննկատ մնալ:  Պոլիսի (Ստամբուլ – խմբ. նշ.)  փողոցով քայլող սպասուհու կամ  աղքատ վաճառողուհու մեջ Զոհրապը նկատում էր թաքնված հոգևոր գեղեցկությունը: Իսկ մաքրության արտաքին շղարշի ետևում՝ թաքնված դատարկությունը»: (Խմբագիր և հրապարակախոս Տիգրան Արփիարյան):

Իսկապես, Զոհրապը օժտված էր հազվադեպ դիտողականությամբ և խոսքի արվեստին տիրապետելու վարպետությամբ, որը լիովին կարելի է համարել  մասնագիտական փաստաբանական գործունեության արտոնությունը:     

Զոհրապի կենագրության մեջ անխոսափելիորեն մենք մոտենում ենք հայ ժողովրդի համար տագնապալի տարեթվերին:   1894 թվականին Ադանայում սկսվում են հայ բնակչության ջարդերը:  Վախը պատում է Ստամբուլի հայ հասարակության բարձր խավին, և մտավորականության շատ ներկայացուցիչներ շտապում են հեռանալ կայսրությունից:  Զոհրապը մնում է:  Նա շարունակում է իր գործունեությունը որպես հրապարակախոս և գրող՝ այս կերպ քննադատելով գոյություն ունեցող իրավիճակը, բայց ավելի շատ հանդես է գալիս որպես փաստաբան:  Արդարության զգացումը առաջ է մղում նրան դատարաններում պաշտպանելու իրենց տեսակետների համար դատապարտված իր հայրենակիցներին և այլոց:  Սակայն, 1906 թվականին քաղաքական հայացքների պատճառով Օսմանյան կայսրության կառավարությունը արգելում է նրան թուրքական դատարաններում աշխատել որպես պաշտպան:  Այս որոշումը ստիպում է Զոհրապին աշխատել արտասահմանում՝ Փարիզում, բայց այն երկար չի տևում:  Չնայած Եվրոպայում առկա մեծ հեռանկարներին՝ հայրենիքից ստացված լուրերը ստիպում են նրան հավաքել իր ճամպրուկը. Թուրքիայում սահմանադրական հեղաշրջում է սկսվում:  Թվում էր՝ զանգվածային բռնապետության վերջը եկել է: Զոհրապի սիրտը հույով է լցվում, իսկ Ստամբուլի փողոցները՝ ցուցարարներով:  Հնչում են հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներ: Զոհրապը վերադառնում է Կոստանդնուպոլիս և կրկին ներգրավվում հասարակական-քաղաքական կյանքում:

Սուլթանի վարչակարգի տապալումը կանխանշում էր հասարակության և պետության ժողովրդայնացում, որի համար իր ամբողջ կյանքում պայքարել էր Զոհրապը:  Վերադառնալուց հետո՝ երկու տարի անց, 1908 թվականին նրան ընտրում են Օսմանյան կայսրության պառլամենտի  և Հայոց ազգային ժողովի պատգամավոր, և նոր պաշտոնում Զոհրապի կյանքում մեկնարկում է լուրջ մակարդակի քաղաքական գործունեություն:   Մեջլիսը  (թուրքական պառլամենտը) լցվում է մարդու և ազատության ոլորտում հիմնարար փոփոխությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտության ջերմեռանդ ելույթներով: 

«Ես սահմանադրության փաստաբան եմ» – ինքն իր մասին ասում էր Զոհրապը:  

Ստամբուլի հայ հասարակությունում Զոհրապի անձը ըստ կարևորության և նշանակալիության համեմատվում էր պատրիարքի անձի հետ, քանզի նա հաղորդակցվում էր բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների, օտարերկրյա դեսպանների և այլոց հետ:  

Հայ ժողովրդի պատմության մեջ կուլմինացիոն ամսաթվի մոտեցման հետ մեկտեղ Զոհրապը   անխուսափելիորեն զգում է օդում թևածող վտանգը, սակայն որոշում է ապավինել պետության պաշտոնյաների հետ ունեցած բարիրդրացիական փոխհարաբերություններին:  Նա իր ուժերին ներածին չափով  անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի հայ ժողովրդին:   Այսպես՝ 1909 թվականին, երբ սկսվում են հերթական ջարդերը, նա Թուրքիայի վարչապետին հեռագիր է ուղարկում՝ պահանջելով դադարեցնել հայերի նկատմամբ հետապնդումները: Սակայն, հարկ է նշել, որ այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ մասշտաբի ողբերգություն է սպասվում հետագայում:    

1915 թվականի ապրիլի 24-ին՝ ճակատագրական այդ օրը, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հայ մտավորականության 235 ներկայացուցիչների՝ Կոմիտասին, Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Սևակին, Ռուբեն Զարդարյանին և այլոց:   Զոհրապն այս ցանկում չկար, որոշվեց նրան դեռևս չձերբակալել:  Ըստ երևույթին, հայ ժողովրդի ամենաակնառու ներկայացուցչի ձերբակալությունը, ով բազմաթիվ կապեր ուներ ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս, մեծ աղմուկ կբարձրացներ, ինչը ձեռնտու չէր թուրքական կառավարությանը:

Միևնույն ժամանակ Զոհրապը դիմում է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ նա սերտ հարաբերություններ ուներ, այդ թվում՝՜ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային և խորհրդարանի նախագահ Սաիդ փաշային՝ ամեն կերպ փորձելով փրկել իր ժողովրդին:

Վտանգի զգացումը գնալով էլ ավելի էր սրվում, և Զոհրապը հիանալի գիտակցում էր, որ անգամ պատգամավորական մանդատը չի փրկի դաժան ճակատագրի ճիրաններից: Սակայն նա չի շտապում հեռանալ երկրից, չնայած  ուներ բազում հնարավորություններ և ուղիներ երկրից հեռանալու համար: Արհեստավարժ ու պրոֆեսիոնալ պաշտպանը մինչև վերջ հավատարիմ է մնում իր խղճին և մինչև վերջին պահը չի կորցնում հույսը, որ կարող  է ինչ որ բանով օգտակար լինել: 

«Ո՞ւր փախչիմ և ինչպե՞ս. որո՞ւ թողում աս անտեր ու անգլուխ ժողովուրդը: Չէ, փախչիլ չեմ ուզեր, պետք է, պարտքս է մինչև վերջը պատնեշին վրա կենալ»

Ըստ Զոհրաբի վկայումների՝ փաստագրված Պ. Մազլամյանի կողմից, ձերբակալության գիշերը նա մինչև ուշ գիշեր նարդի էր խաղում  նախարար Թալեաթ փաշայի և գնդապետ Հալիլ բեյի հետ:  Արևմտահայ գրող և հրապարակախոս Երվանդ Օտյանը իր «Դեպի մահ» (1918թ) ակնարկում հրատարակել է հետևյալ հուշերը՝

«Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։ Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։

-Ինչո՞ւ համար այս համբոյրը, - կը հարցնէ։

-Սրտէս բխաւ, - կը պատասխանէ միւսը։

Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է»:

1915 թ. մայիսի 22-ին ոտքով զբոսնելու տրամադրող քնքուշ ու տաքուկ գիշեր էր: Վերջին գիշերը սրտին հարազատ քաղաքում: Տան շեմին նա հանդիպում է ոստիկանության հանձնակատարին: 

Գրիգոր Զոհրապին ձերբակալում և ուղարկում են կայարան, որտեղից սկսվում է նրա երկար ճանապարհորդությունը դեպի Դիարբեքիր, որտեղ ենթադրաբար պետք է տեղի ունենար նրա դատավարությունը:  Գիտակցելով իրեն սպասվող ճակատագիրը, այնուամենայնիվ, Զոհրապը երբեմն զբաղվում էր պաշտպանիչ ինքնախաբեությամբ.  իբրև նրանց նպատակը պարզապես աքսորումն է:  Ճանապարհին նա հեռագրեր էր գրում պաշտոնյաներին՝ ապացուցելով իր անմեղությունը, հիշեցնելով հանուն Օսմանյան կայսրության կատարած իր բազմաթիվ  գործերի և մատուցած ծառայությունների մասին. չէ որ նա իր ողջ գործունեությամբ փորձում էր Թուրքիան դարձնել այն երկիրը, որը առաջնորդվում է ազատության և հավասարության արժեքներով, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեին խաղաղ ու ստեղծագործ կյանքով:  

Այդ ընթացքում բազմաթիվ փորձեր են արվել Զոհրապին օգնելու՝ փախչելու համար, սակայն նա անպարտելիորեն պնդում էր, որ իր փախուստը կարող է ստիպել թուրքական ժանդարմերիային բարկությունը թափել այլ աքսորյալների վրա…

1915 հուլիսի 2-ին՝ մահից մի քանի օր առաջ, նա նամակ է գրում իր կնոջը՝ Կլարային. 

«Սիրելիս, հոգիս, միակս:Առավել գրելու ուժ չունեմ:Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է՝ միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել: Նաև ինձ չմոռանալ»:

Նրա մահից հետո Հալեպի շուկայի վաճառասեղաններից մեկի վրա կարելի էր գտնել նրա ամուսնական մատանին և ժամը: 

Այսօր՝ 103 տարի անց, Ստամբուլն, ինչպես և ողջ Թուրքիան լռում են Գիրգոր Զոհրապի մասին: Շատ քչերը գիտեն, թե որտեղ է գտնվում նրա բնակարանը, շատ քչերն են հիշում նրա ընդհանուր բարօրության մեջ ներդրած ավանդը, սակայն նրա հոգին, անկասկած, շարունակում է դեռևս ապրել իր հարազատ թաղամասի նեղլիկ փողոցներում և իր ազդու ու անվրեպ նովելներում: 

 

Պատկերը՝ Anaïs Chagankerian

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո