Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿԱՄ ԹԻՖԼԻՍԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԸ
Մշակույթ

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿԱՄ ԹԻՖԼԻՍԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայ երգիչ, նշանավոր գուսան Շերամի ազգական Շարա Տալյանի հուզիչ պատմությունը, որին բախտ էր վիճակվել երգել Կոմիտաս Վարդապետի գլխավորած երգչախմբում:

ԹԻՖԼԻՍԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԸ

Շարա Տալյանի հուշերից (1893—1965)

«1906-1908 թվերին էր, ճիշտ տարին չեմ հիշում, երբ Ներսիսյան դպրոցում  Մակար Եկմալյանից հետո երաժշտության դասատուներ էին եղել Ալեքսանդր Մամաջանյանը, կարճ ժամանակով Անտոն Մայիլյանը, իսկ այդ թվերին նշանավոր ջութակահար Դավիթ Դավթյանը, բայց երգչախումբ ղեկավարող արժանավոր խմբավար դեռ չէր գտնվել:

Մեր երգչախումբը շարունակում էր գործել լավագույն երգչական ավանդույթներով, որը թողել էր  նրան նրա ղեկավար,  նշանավոր կոմպոզիտոր, երգչախմբային արվեստի հմուտ վարպետ և դիրիժոր Մակար Եկմալյանը: Երգչախմբի ելույթները ղեկավարում էին Եկմալյանի աշակերտները: 

Ահա այսպիսի անբարենպաստ պայմաններում էր գտնվում մեր երգչախումբը, որի մեջ երգում էի ես՝ իբրև առաջին ձայն՝ դիսկանտ: 

Երբ Թիֆլիսում հայտարարվեց մրցություն հոգևոր երգեցողության համերգային կատարմամբ, որ տեղի պետք է ունենար օպերային թատրոնում, մրցությանը մասնակցելու էին պատրաստվում ռուսական, վրացական, գերմանական և այլ ազգությունների երգչախմբերը: Պատրաստվելու ժամանակը շատ սուղ էր: Ներսիսյան դպրոցի վարչությունը դիմեց Կոմիտասին գլխավորելու այդ գործը: Կոմիտասը համաձայնվելով Էջմիածնից եկավ Թիֆլիս: 

Ընդամենը 2 շաբաթ էր մնացել մինչև համերգը և Կոմիտասը անցավ գործի: Ժամկետին մենք պատրաստ էին ելույթ ունենալու: Օպերային թատրոնի զարդարված փառահեղ շենքը, որ մեր սաներից շատերը առաջին անգամն էին տեսնում, թատրոնի ներսում կարգադրիչ իշխանուհիները,գեներալները և այլ շքեղազարդ հագնված կանայք ու տղամարդիկ ճնշող տպավորություն գործեցին մեզ վրա, քանի որ մենք՝ բոլոր աշակերտներս, չքավոր ընտանիքների զավակներ էինք և սովոր չէինք այդ բոլորին:

Ըստ երևույթի մենք ևս ճնշող տպավորություն թողեցինք շրջապատի վրա մեր շատ խայտաբղետ և հասարակ հագուստներով, քանի որ մյուս երգչախմբերի անդամների նման համազգեստ չունեինք թանկարժեք կտորներից կարված: Մեր ղեկավար Կոմիտասն էլ առանձին տպավորություն չէր կարող թողնել իր համեստ արտաքինով, զգեստով, շարժուձևով և հավատ ներշնչել չէր կարող: 

Պետք է կարծել, որ այս բոլորի հետևանքն էր, որ մինչդեռ մյուս երգչախմբերի անդամներին մինչ համերգը սկսվելը հյուրասիրեցին կաթով, թեյով, խմորեղեններով և քաղցրավենիքով, մեզ վրա ուշադրություն դարձնող չեղավ և մեզ զետեղեցին ծրագրում իբրև վերջին համար:Մենք համբերությամբ վկա եղանք այս վերաբերմունքին և  հավաքված մեկ սենյակում սպասում էինք մեր ելույթին: 

Սպասելը երկար տևեց, մենք հոգնեցինք և ուրիշների հյուրասիրվելը բնականաբար մեր մեջ նախանձ առաջացրեց: 

Վերջապես հասավ մեր հերթը և բեմ ելանք: Կոմիտասի խումբ վարելու արվեստը մնացել է իմ հիշողության մեջ, նա շատ ժլատ էր շարժումների մեջ, նրա թևերի շարժման դաշտը շատ փոքր էր, բայց այնպես էր մեզ վարժեցրել, որ փոքր-ինչ լայն շարժմամբ հասնում էր ուժեղ ֆորտեի: 

Ահա մենք կանգնած ենք ինչպես մի անձ, շնչում ենք միասին, կարծես միասին թարթում մեր աչքերը, որ մեծ ակնածանքով հիպնոսացված՝ նայում  են մեր այնքան սիրելի ղեկավարին՝ Կոմիտասին: 

Առաջին համարը երգված է, դահլիճի որոտընդոստ ծափերը անսպասելի ռումբի պայթյուն էր կարծես: Եվ այսպես բոլոր համարները և հասարակության ծափերը, հրճվանքն ու բացականչությունները վեր են ածվում օվացիայի: 

Մեր ելույթը ավարտվեց, վերջացել է և համերգը, դահլիճից հոծ բազմությունը դիմում է դեպի բեմը, ուր ոչ միայն մեծարում են մեր երաժշտագետին, հրճվալից շնորհակալական խոսք ասում, հիացմունք արտահայտում, այլև ուշադրության են արժանացել խմբի բոլոր անդամները: Համբուրում են երգիչներին և  քաղցրեղենով հյուրասիրում նրանց, որով առատորեն լի Էին իրենց գրպանները, և ապա հատուկ սեղանի շուրջը ճաշկերույթի հրավիրում մեզ: 

Երկու շաբաթվա ընթացքում Կոմիտասի պատրաստած հայկական խումբը հոգևոր երգերի կատարման մրցության մեջ գրավեց առաջին տեղը»:  

Շարա Տալյանի կարճ կենսագրությունը՝

Ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, Տալյանների նշանավոր ընտանիքում։ Շարայի հոր պապը եղել է նշանավոր աշուղ Քամալին, հայրը նույնպես աշուղ էր, հայտնի էր աշուղ Ջամալ անունով։ Նրա հոր մոտ ազգականներից էր նաև աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը։ Մանկուց մշտապես լինելով աշուղական երգարվեստի մեջ, կրթվելով որպես երաժիշտ և հաճախակի ներկա լինելով աշուղական մրցումներին, նրա մոտ վաղ տարիքից ի հայտ են գալիս երաժշտության հանդեպ սերը և ունակություններ։ Ժողովրդական, գուսանական և աշուղական երգերի կատարող: Կազմել և համախմբագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի ժողովածուները:Կնոջ հետ հիմնել է Երևանի երաժշտական ​​կոմեդիայի Պարոնյան անվան թատրոնը: Մահացել է 1965 թվականի նոյեմբերի 7-ին Երեւանում: Ավելի քան 65,000 մարդ էր եղել Շարա Տալյանի թաղման արարողությանը, այդ ժամանակների համար չլսված մարդկանց քանակ:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո