Թուրքական քաղաքում, որն ունեցել է 10,000 հայ բնակչություն, այսօր միայն մեկն է մնացել
Անցած ամիս ես հարավ-արևելյան Թուրքիայում մի կին հանդիպեցի, ով հավանաբար շուտով կմահանա: Ասիայի մահը չի լուսաբանվի որևէ լրատվական ծառայության կողմից, և իր հայրենի Չունկուշ գյուղում միայն մի քանի հոգի կկարոտեն նրան: Անգամ իր հարազատները, ովքեր սիրում են նրան, հավանաբար կմտածեն, դե, նա 98 տարեկան էր, կամ 99. Կամ, եթե նա ապրի մինչև 2015թ., կմոտենա հարյուրամյակի շեմին: Նա երկար կյանք կապրի:
Երբ մայիսին ես հանդիպեցի Ասիային, նրա դուստրը ինձ հյուրասիրեց քրդական թունդ թեյ և ելակներ, որոնք իրենց այգուց էին: Եթե մի օր ես վերադառնամ այդ գյուղը և տեղեկանամ, որ նա իսկապես մահացել է,կարծում եմ կարտասվեմ:
Ինչու՞ արտասվել մի կնոջ համար, ում մեկ անգամ ես հանդիպել, ով երկար կյանք է ապրել և չի հասկանում իմ լեզուն: Ով խոսում է միայն թուրքերեն, մի լեզվով, որով գիտեմ ասել միայն «խնդրեմ» և «շնորհակալություն»:
Որովհետև Ասիան այն մարդկանցից է, ում մարդիկ անվանում են ծպտյալ հայ, և նա ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է Չունկուշում:
Ես հանդիպեցի նրան, երբ իմ վեց ամերիկահայ ընկերների հետ միասին ճանապարհորդում էի Թուրքիայի այն հատվածում, որը շատ հայեր (ես նույնպես) անվանում են պատմական Հայաստան: Մենք գտնվում էինք մի շրջանում, որը մեծապես բնակեցված էր քրդերով, սակայն ընդամենը 98 տարի առաջ այնտեղ բնակվում էին քրդեր, թուրքեր, ասորիներ և հայեր: Մենք գնացել էինք ուխտագնացության` տեսնելու հայկական հայկական եկեղեցիների և վանքերի ավերակները, մշակույթի մասունքները, որոնք ոչնչացվել էին երկրագնդի այս անկյունում հայոց ցեղասպանության ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայ պարբերաբար սպանվել էր` Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր չորս հայերից երեքը:
Մեր ճանապարհորդության հինգերորդ օրը մենք այցելեցինք Չունկուշ, որտեղ մինչև 1915թ. գործում էր 10,000 հայերից բաղկացած ծաղկուն համայնք: Եկեղեցու ավերակները կախված են գլխավերևում: Քաղաքը գրռթե ամբողջովին հայերով էր բնակեցված: Այդ ամառ մի քանի մղձավանջային գիշերների ընթացքում թուրք ժանդարմներն ու քրդական հրոսակախմբերը ներս խուժեցին գյուղ և գրեթե բոլոր հայերին տարան դեպի Դուդան կոչվող ձորը, որտեղ նրանք հայերին սպանեցին, սրախողխող արեցին կամ պարզապես ցած նետեցին դեպի մի քանի հարյուր մետր ձգվող անդունդը: Ժանդարմներից մեկը, սակայն, Ասիայի մորը դուրս հանեց ձորի եզրին կանգնած հերթից, որովհետև նրա կարծիքով նա գեղեցիկ էր: Նա որոշեց, որ կամուսնանա Ասիայի մոր հետ: Եվ այդպես նա փրկվեց. այն քիչ հայերից մեկը, ով փրկվեց 1915թ. ամռանը:
Ես և իմ ընկերները չէինք ակնկալում գտնել Ասիային, երբ ուղևորվում էինք դեպի Չունկուշ: Մենք պարզապես ցանկանում էինք տեսնել եկեղեցու ավերակները: Գյուղացիների մեծ մասը խոստովանում էր, որ ժամանակին Չունկուշում հայեր էին ապրում, սակայն, երբ հարցնում էինք, թե ինչ է պատահել հայերին, նրանք արագ հավելում էին, որ ինչ որ պահի նրանք բոլորը «տեղափոխվեցին»:
Ճշմարտությունը այն էր, որ հայերը դեռևս այստեղ էին, այն ինչ մնացել էր Դուդանի անդունդում փտող նրանց ոսկորների մնացորդներից: Մենք չէինք կարծում, որ քաղաքում հայեր կան:
Սակայն, երբ մենք պատրաստվում էինք հեռանալ, 60-ին մոտ մի նիհար տղամարդ` քամահարված դեմքով և կեպիով վազեց դեպի մեր միկրոավտոբուսը և թակեց դուռը: Մենք քաղաքում մնացինք մեկ ժամ, և լուրեր էին տարածվել, որ քաղաքում ամերիկացիներ կան: Նա ասաց, որ մենք պետք է հանդիպենք իր զոքանչին:
Մեր քուրդ վարորդը անհանգստացավ, որ սա տհաճ միջազգային պատահարի սկիզբ կարող է լինել. յոթ ամերիկացիներ առևանգվել են կամ սպանվել: Սակայն այդ մարդը հուսահատ էր, ուստի մենք համաձայնվեցինք հանդիպել Ասիային: Իմ ընկեր Խաչիկ Մուրադյանը` միացյալ նահանգներում Հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, խոսում է թուրքերեն և թարգմանում:
Նախկինում ես հանդիպել եմ ցեղասպանություն վերապրած մարդկանց հետ, որոնց մեջ էին իմ տատիկն ու պապիկը: Սակայն Ասիայի հետ հանդիպումը տարբերվում էր: Նա Վաշինգտոնում, Փարիզում կամ Բեյրութում չէր: Նա սփյուռքի մի մասնիկը չէր, որտեղ մենք, սովորաբար, հանդիպում ենք ցեղասպանությունը վերապրածների:
Նա մեկն էր, ում մայրը գտնվում էր անդունդի եզրին, եվ ով դեռևս ապրում էր մի վայրում, որտեղ հավանաբար սպանվել էին իր տատիկը, պապիկն ու հայրը, և որտեղ ոչնչացվել էր իր նախնիների մշակույթը:
Ջարդերից հետո 10,000 հազար հայերով բնակեցված քաղաքը փոխակերպվում է 10,000 քրդերով բնակեցված քաղաքի: Նա մեկն էր, ում մայրը լսել էր հրազենների անդադար կրակոցները, ժայռերին ընկնող մարմինների ձայնը, երեխաների հեկեկոցը:
Նա և իր մայրը մեծացել և ծերացել են` իմանալով որ հայ են, սակայն ստիպված են եղել համակերպվել և լռել: Ցեղասպանությունից հետո այդ օրերին սա էր գոյատևման միակ ձևը և դա մի սովորույթ է, որը դեռևս շարունակվում է Չունկուշի նման փոքր գյուղերում: Թերևս սա է ծպտյալ հայի իսկական սահմանումը:
Ամեն անգամ, երբ Ասիային հարցնում էինք իր հայ լինելու մասին, նա թափահարում էր գլուխը և լռում: Մի անգամ նրա դուստրը միջամտեց մեր խոսակցությանը` “Ոչ, մենք չենք կարող խոսել այդ մասին”:
Ամեն անգամ, երբ հարցնում էինք, թե ինչ է նրա մայրը պատմել անդունդի մասին, նա հայացքը հառում էր ներքև և մրմնջում` “Ես շատ փոքր էի, չեմ հիշում:” Երբեմն նա սկսում էր ինչ որ նախադասություն, “Իմ մայրը ասաց...” սակայն հետո լռում էր:
Նման պահերից մեկի ժամանակ, երբ նա լռեց, ես վերցրեցի նրա ձեռքը: Դա պարզապես ռեֆլեքս էր, և ես գաղափար չունեի, արդյոք դա մշակութային առումով անխոհեմ քալ էր իմ կողմից: Սակայն նա իր մատները փաթաթեց իմ մատների մեջ. նա շատ ուժեղ էր բռնել ձեռքս: Նա իր գլխաշորի տակից ինձ նայեց այնպիսի աչքերով, որոնք իմ տեսած աչքերից ամենատխուրն ու ամենաուժեղն էին: Ես իսկույն ևեթ հասկացա, թե ինչու իր փեսան` այդ լավ մարդը, ցանկանում, որ մենք հանդիպենք Ասիային. քանի որ Ասիան ցանկանում էր հանդիպել մեզ: Նա ցանկանում էր հանդիպել այլ հայերի:
Այսօր հայոց ցեղասպանությունը վերապրած միայն մի քանի ողջ մնացածներ կան: Երբ 2015թ. լրանա ցեղասպանության հարյուր տարին, դեռևս կլինեն մի քանի ողջ մնացածներ: Հուսով եմ, Ասիան դեռևս մեզ հետ կլինի, քանզի ես պլանավորում եմ վերադառնալ Չունկուշ այդ ժամանակ: Գյուղում ոչ ոք չի պատվելու այն 10,000 մարդկանց հիշատակը, ովքեր մահացան անդունդում, հետևաբար ինձ պես մարդիկ պետք է ջանքեր գործադրեն, և այո, հիշատակեն բոլոր այն Ասիաներին, ովքեր այնտեղ էին:
Ասիան այն մարդկանցից է, ում անվանում են ծպտյալ հայ և նա համարվում է ցեղասպանությունը վերապրած վերջին հայը Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող Չունկուշ փոքր գյուղում (Ջորջ Աղջայան)
Աղբյուրը՝ The Washington Post
Հեղինակը՝ Քրիս Բոյաջյան, ամերիկահայ վիպասան, 20 վեպերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» և Հայոց ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» բեստսելերների։
6 հունիսի, 2013.
Մեկնաբանություններ