Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ինչպես է մեկ մարդը ստիպում ողջ աշխարհին հիշել Եղեռնի մասին: Հայ վրիժառու Գուրգեն Յանիկյանը
Հուշ

Ինչպես է մեկ մարդը ստիպում ողջ աշխարհին հիշել Եղեռնի մասին: Հայ վրիժառու Գուրգեն Յանիկյանը

«Բոլորն ունեն արդար դատի իրավունք, բայց իրական արդար դատը հասանելի է եզակիներին». այս նախադասությունը հրաշալի նկարագրում է բոլոր ժամանակների աշխարհակարգը: Ոմանք ապրոմ են, համակերպվելով դրա հետ, իսկ մնացածը՝ առաջնորդվելով արդարության սուր զգացումով ու անդրդվելի բնավորությամբ, ընտրում են այդ իրավունքը ձեռք բերելու փշոտ ճանապարհը:

Շատ տարիներ են անցել, բայց այն փաստը, որ ընդամեկը մեկ ամերիկացի տարեց միգրանտի հաջողվել է միջազգային հանրության կողմից տասնյակ տարիներ լռեցված հայերի ցեղասպանության թեմայի շուրջ իրարանցում առաջացնել, մինչ օրս զարմանալի է թվում: Ո՞վ է եղել Գուրգեն Յանիկյանը, ու ի՞նչն է ստիպել նրան իր կյանքի մայրամուտին այդպիսի ռադիկալ քայլի դիմել:

Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 24-ին՝ պատմական շրջադարձային ու ամենաարյունահեղ շրջանում: Առաջին անգամ մահվան շեմին է եղել դեռ մանուկ հասակում, երբ մայրը ստիպված էր նրա անդադար լացը զսպելու  համար ամուր սեղմել բերանը: Հակառակ դեպքում, թուրք զինվորներին հայտնի էր դառնալու ընտանիքի թաքնվելու վայրը: Դա 20-րդ դարի սկիզբն էր՝ Աբդուլ Համիդի ռեժիմի հոգեվարքի շրջանում, ով, փորձելով պահել իշխանությունն ու Օսմանյան կայսրության ամբողջականությունը, իր ողջ զայրույթն ուղղել էր քրիստոնյա փոքրամասնությունների դեմ: Յանիկյանի կյանքը երկրորդ անգամ մազից կախված է եղել, երբ աննկատ ընկել է սահնակներից ու մի ամբողջ գիշեր մնացել ձյան շերտի տակ, երբ ընտանիքը Կարինից փախչում էր Կարս, որն այն ժամանակ ռուսների վերահսկողության տակ էր: Նույնիսկ դրանից հետո նրան հաջողվում է ողջ մնալ:

Բայց սա դեռ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչին Յանիկյանն ականատես է լինում ավելի ուշ. իր թաքստոցից ստիպված է լինում հետևել, թե ինչպես է թուրքական սուրը կտրում եղբոր՝ Հակոբի կոկորդը, մի ականջից՝ մյուսը: Տեսածից սարսափաահար Գուրգենն ուզում է բղավել, երբ մայրը մի կերպ փակում է բերանը, որ նա նույնպես գազանաբար չսպանվի: Գուրգենն այնքան ուժեղ է կծում մոր ձեռքը, որ այն ողջ կյանքի ընթացքում անշարժ է մնում: Դժվար է պատկերացնել այն մոր զգացմունքներն ու մտածմունքը, ում աչքի առաջ մորթում են որդուն, իսկ երկրորդի փրկության համար նա ստիպված է զսպել իր զգացմունքները:

Գուրգեն Յանիկյանը մանուկ հասակում

Յանիկյանների հրաշքով փրկված ընտանիքն ամեն ինչ անում է, որ սարսափելի հիշողությունները չխանգարեն տղային ապագայում: Յանիկյանին հնարավորություն է ընձեռվում սովորել Եվրոպայում, իսկ հետո՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Նրա խորը հավատք ունեցող մորը թվում էր, թե դա կօգնի տղային դառնալ ավելի մեղմ: Սակայն, եռանդուն տղան շուտով ձանձրանում է աստվածաբանությունից ու ընտրում է ինժեների կրթությունն ու գիտական կարիերան, ընդունվելով բարձր վարկանիշ ունեցող Մոսկվայի Պետական համալսարան:

Կարծես կյանքը հունի մեջ է ընկնում: Յանիկյանը կամաց-կամաց սկսում է մասնակցել ցարական Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում ու քիչ-քիչ դասավորում է կյանքը… մինչև ճակատագրական 1915 թ.: Առաջին Համաշխարհային պատերազմի հենց սկզբից ռուսական թերթերի առաջին էջերին լուրեր են հայտնվում Թուրքիայի հայ մտավորականության ձերբակալությունների, իսկ հետո հայ բնակչության զանգվածային ոչնչացման մասին: Թվում էր, թե Աբդուլ Համիդի ռեժիմը տապալված էր «առաջադիմական» երիտթուրքերի կողմից ու ամեն ինչ այլ էր լինելու:

Իրականում, ամեն ինչ այլ էր: Սպանություններն ու արտաքսումները դարձել էին ավելի զանգվածային, իսկ հայերին արդեն գյուղով մեկ էին կոտորում: Միջազգային լրատվամիջոցները ահազանգում էին քրիստոնյա ժողովուրդների պլանավորված սպանության մասին ու դատապարտում թուրքական իշխանություններին:

Մինչդեռ, տասնիննամյա Յանիկյանը չի կարողանում մնալ դիտորդի դերում: Նա թողնում է ուսումը, գրանցվում է ռուսական բանակի կազմում եղած հայ կամավորների շարքերը որպես ինժեներ ու ուղևորվում ռազմական արշավի արևելյան Թուրքիայի խորքերը: Հոր հրաժեշտի խոսքերը Յանիկյանին այսպես են հնչել. «Տղաս, չմոռանաս քո ժողովրդի վրեժի մասին, ինձ խայտառակ չանես»: Ինչին Գուրգենը պատասխանել է. «Հայր իմ, միթե՞ դու կասկածներ ունես»:

Թուրքիայում Գուրգեն Յանիկյանը կրկին ականատես է լինում վայրագությունների ու դաժանությունների. ճանապարհներին ընկած մարդկանց դիակներ, գետերով հոսող  մարմնի մասեր, կրակի մատնված տներ ու եկեղեցիներ:

1918թ. թուրքերը գրավում են Կարսն ու սպանում նրա բոլոլոր հարազատներին: Հետագայում, արցունքը աչքերին ու զգացմունքները մի կերպ զսպելով, Գուրգենը խոստովանում է. «Որպես ցեղասպանության ականատես-վկայի, իմ ողջ կյանքում հենց այստեղ եմ տեսել ամենադաժան տեսարանը, որը հավերժ հետք է թողել հոգումս ու հիշողությանս մեջ: Այդ օրվանից վրեժը դառավ կյանքիս գլխավոր նպատակը: Երբ 50 ռազմական կառքերով քաղաքից հանում էինք մահացածների դիակները, որ  ընդհանուր փոսի մեջ թաղենք, աչքերիս առաջ երևաց ևս մեկ սարսափելի տեսարան. պատի մոտ, գրկախառնված, օգնություն աղերսող հայացքով պառկած էին փեսաս՝ Խաչիկն ու նրա յոթամյա որդին: Երկար ժամանակ կանգնած էի նրանց անօգնական մարմինների մոտ, լսելով ու զգալով նրանց ցավը: Այս տեսարանները մոռանալն անհնար է, ես չեմ էլ մոռացել, ու չեմ էլ կարողանա: Նրանք դարձան իմ վրեժի աղբյուրը»:

Գուրգենի ծնողներին հաջողվում է փրկվել ու փախչել դեպի Թիֆլիս: Այնտեղ նրա հայրը բազում զրկանքներից ու տառապանքներից հետո մահանում է կաթվածից, իսկ մայրը խելագարվում է ու կյանքի վերջին օրերը հիվանդանոցում անցկացնում:

Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է մարդը կարողանում դեռ ապրել նման փորձություններ անցնելուց հետո: Դեռ երկար ժամանակ Յանիկյանը փորձում է հաղթահարել իր մեջ կուտակված բացասական էմոցիաները՝ զայրույթը, կատաղությունը, վախը, որ կարողանա ապրել բոլոր մարդկանց նման:

1929 թ. Յանիկյանին բախտ է վիճակվում տեղափոխվել այդ ժամանակ ծաղկող Իրան: Այնտեղ նրան հաջողվում է ստեղծել ինժեների լավ կարիերա: Վերջապես իր համար հնարավորություն է ստեղծվում զբաղվել նրանով, ինչը նա սիրում էր՝ ճանապարհորդություններով: Անցնելով ողջ Մերձավոր Արևելքը, նա կանգ է առնում Դեր Զոր անապատում, որը 1915թ. գերեզման էր դարձել  այնտեղ աքսորված հազարավոր մարդկանց համար: Յանիկյանի համար այս տեղը դառնում է խորհրդանշանական: Այստեղ նա ինքն իրեն խոստում է տալիս ամեն ինչ անել, որ ավազի մեջ թաղված այդ ոսկորներն անտեր չմնան: Կարելի է ասել, որ դա դառնում է նրա կյանքի իմաստը:

Հայկական հարցի մասին իրազեկվածությունը համաշխարհային մակարդակի հասցնելու համար Յանիկյանը ցանկանում էր մեկնել Ամերիկա, որտեղ, ի տարբերություն Իրանի, կատարվածի լուսաբանումն ու արդարության հասնելն ավելի հավանական էին թվում:

Երկրորդ Համաշխարհային պատերազմում որպես ինժեներ ցուցաբերած իր ծառայությունների համար Գուրգեն Յանիկյանին հնարավորություն է ընձեռվում հայտնվել օվկիանոսից այն կողմ. նա ռազմական պարգևատրում է ստանում անձամբ պարսից շահի՝ Ռեզա Փահլավիի կողմից:

Գուրգեն Յանիկյանը իր կնոջ՝ Շուշանիկի հետ

1946թ. Գուրգեն Յանիկյանը կնոջ հետ միասին ժամանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նոր էջ է սկսվում նրա կյանքում ու գործունեության մեջ: Ամերիկայում անցկացրած տարիներին նա հասկանում է, որ աշխարհին հայերի ցեղասպանության մասին հայտնելու լավագույն ձևը վավերագրական ֆիլմ նկարելն է, ֆիլմ, որում կլինեն չարագործությունների բոլոր մանրամասներն ու դրա համար պատասխանատու մարդկանց անունները: Այդ ֆիլմը պետք է ազատ տարածվեր ու անվճար ցուցադրվեր որքան հնարավոր է շատ երկրներում:

Ոգևորվված այդ գաղափարով, մի քանի տարվա ընթացքում նա գրում է ֆիլմի 600 էջանոց սցենարը ու աջակցություն է ստանում տարբեր մարդկանց կողմից, այդ թվում նաև այն թուրքերի, որոնք ատելով ատում էին սեփական իշխանություններին: Նրա ոգևորվածությանը չափ չի լինում, երբ հանդիպում է Ֆրանց Վերֆելի՝  հայերի ինքնապաշտպանությունը նկարագրող «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակի հետ, ու որոշում է, որ վեպի որոշ հատվածներ պետք է զետեղվեն ֆիլմում:

1960 թվականն էր: ԱՄՆ ու ԽՍՀՄ-ի միջև ընթացող Սառը պատերազմի արդյունքում ձևավորվել էր երկբևեռ աշխարհ ու նոր քաղաքական իրադրություն, որում Թուրքիան Արևմուտքի կողմից ընկալվում էր որպես սովետական հեգեմոնիան զսպող վահան: Հետևաբար, բոլոր այն խնդիրները, որոնք կարող էին խանգարել Թուրքիայի հետ հարաբերություններին, տեղում լուծվում էին: Միջազգային հանրության համար այլևս գոյություն չուներ Հայկական հարց: Դրա շուրջ գոյացել էր մի անխախտելի լռություն: Յանիկյանի ֆիլմ նկարելու փափագը խոչընդոտվում էր տարբեր մակարդակներում, մինչև որ այն ամբողջությամբ ձախողվեց:

Այն աշխարհը, որը XX դարի սկզբին բարձրաձայնում էր «քրիստոնյա եղբայրների» կոտորածի մասին, հումանիտար օգնություն էր ուղարկում Օսմանյան կայսրություն հայերին փրկելու համար ու թուրքերին կոչում մարդասպաններ ու արնախումներ՝ ամբողջությամբ փոխել էր իր վերաբերմունքը, տեղի տալով քաղաքական ու բիզնես շահերին:

Այդ իրականությունը խորը կշտամբանք էր Յանիկյանի համար: Նա չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մարդկության դեմ հանցագործությունը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ մոռացության է մատնվելու քաղաքական դաշտի խաղացողների թեթև ձեռքով:

Մինչ այդ, նոր Թուրքիան քաղում էր իր հանցագործության պտուղները: «Անհավատ» հայ բնակչությունից ազատվելուց ու նրանց ունեցվածքը սեփականաշնորհելուց հետո, այն անցկացնում էր ցեղասպանությունը հերքող ինտենսիվ քաղաքականություն ու նոր պատմություն էր գրում ապագա սերունդների համար, որտեղ հայերի համար տեղ չկար ու չէր էլ լինելու:

1973 թ. հունվարի 22-ին Յանիկյանն իրերն է հավաքում: Վերցնում է միայն առաջին անհրաժեշտության իրեր՝ Իրանում ապրելու տարիներին կնոջ հետ նկարը, իր համար թանկ գրքերն ու այդ տարիների ընթացքում գրած իր աշխատանքները: Գիտի, որ հետ չի վերադառնալու:

Հյուրանոցի կատարյալ մաքուր համարում նստած սպասում է Լոս Անջելեսից ժամանող կարևոր հյուրերին: Այդ հանդիպմանը Յանիկյանը երկար ամիսներ պատրաստվել էր: Ինժեների մտածելակերպը թույլ էր տալիս նրան ամենայն մանրամասնությամբ պլանավորել հանդիպումը:

Ներկայանալով որպես իրանացի Գուրգի Յանի Խան, ու ցույց տալով իբր հատուկ համակրանք է տածում Թուրքիայի հանդեպ, նա պատրաստվում էր թուրք հյուպատոս Մեհմեդ Բեյդարին անձամբ հանձնել արժեքավոր հուշանվերները՝ Աբդուլ Համիդի ննջարանում կախված նկարն ու մի հին ծոցատետր հայտնի մարդկանց ստորագրություններով: Նրա ազդեցիկ արտաքին տեսքն ու հատկապես տարիքը (այդ ժամանակ Յանիկյանը 78 տարեկան էր) ոչ մի կասկածի տեղիք չէին տալիս:

Ու հիմա, երբ հյուրերն ուր որ է հասնելու են, նա հասկանում է, որ հետդարձի ճանապարհ չկա: Չնայած նրա խիղճը չէր տանջում այն բանի համար, ինչ անելու էր, բայց նա անկեղծ զղջում էր, որ իրեն ընտրության հնարավորություն չեն թողել: Նա զղջում էր, որ իր բոլոր օրինական ջանքերն այդ տարիների ընթացքում ոչ մի արդյունք չեն ունեցել, իսկ հիմա նա ստիպված է այդ օրենքը խախտել…

Վերջապես միջանցքում քայլեր են լսվում: Նրանք էին՝ դեսպանատան աշխատակիցները, քառասուն տարեկան Մեհմեդ Բեյդարն ու երեսուն տարեկան Բաադուր Դեմիրը: Յանիկյանը շատ լավ գիտակցում էր, որ այդ երկուսը ծնվել են ցեղասպանությունից մի քանի տարի հետո ու ոչ մի անմիջական կապ չունեն դրա հետ, բայց նրա համար կարևոր էր այն փաստը, որ նրանք հանցագործ պետության ներկայացուցիչներն են, խթանել են մեծագույն հանցագործությունը թացքնելուն ու խոչընդոտել են  Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանի առաջ խաղաղ ցույցեր կազմակերպելու հայերի փորձերը:

Բարեհամբույր ողջագուրվելուց հետո, Յանիկյանը, հենց ինքը Յանի Խանը, ցույց է տալիս «ընկերներին» այն հուշանվերները, որոնք պատրաստել էր նրանց համար: Հնչում են շնորհակալական ջերմ խոսքեր ու «ընկերները» հանգստանում են: Հասկանալով, որ պահը հասունացել է, Յանիկյանը հայտարարում է, որ նա ոչ թե իրանացի է, այլ ծնունդով Էրզրումի հայ է: Հյուրերը կտրուկ լռում են: Գիտակցելով, որ ծուղակի մեջ են, սկսում են համոզել Յանիկյանին, որ պետք է մոռանալ անցյալն ու ապրել բարեկամության մեջ:

Յանիկյանը ժպտում է, հանում թաքցրած Լյուգեր ատրճանակն ու ասում. «Իսկ հիմա ես ձեզ կոչնչացնեմ, ես ձեզ կսպանեմ»: Հահյոյանքներ արտասանելով, նրանցից մեկը վերցնում է աթոռն ու շպրտում Յանիկյանի վրա, բայց փուստ է տալիս: Այդ պահին Յանիկյանն ինն անգամ կրակում է, կպնելով նրանց ուսերին, ու մինչ նրանք հատակին էին, վերցնում է Browning մակնիշի ատրճանակն ու երկու անգամ կրակ արձակում նրանց գլխին:

Երբ մոտնեում է հեռախոսին, աչքին երևում է եղբոր շողքը, որն ասես վրեժի հաստատումը լիներ: Ողջ մարմնով զգում է վրեժի բերկրանքը: Այն ինչ մտածված էր, հաջող կերպով ավարտին է հասցված: Այնուհետև Յանիկյանը վերցնում է հեռախոսը, կապվում է հյուրանոցի աշխատակիցների հետ ու խնդրում անհապաղ ոստիկանություն կանչել:

Յանիկյանի կազմած մանրամասն հոդվածն իր գործողությունների պատճառների մասին ուղարկվում է մի քանի խոշոր հրատարակչական տների, ինչպիսին էին The New York Times, Los Angeles magazine, Time magazine, ընդհուպ մինչը նախագահ Նիքսոնին, ու այդպես տարածվում ԱՄՆ ողջ տարածքով մեկ: ԱՄՆ ականավոր հայերին նա հրովարտակ է գրում, որում պատմում է «վայրագ թուրքական իշխանությունների» դեմ մղած իր անձնական պայքարի մասին ու հույս է հայտնում, որ իր արարքով վառ օրինակ է ծառայում հայերի համար, որպեսզի նրանք երբեք չդադարեն արդարությոն փնտրել:

Յանիկյանի խոր համոզմամբ, գրավոր պահանջների ժամանակն ավարտին է մոտեցել, ու միակ բանը, որը կվերականգնի արդարությունը, դա սեփական ուժի ցուցադրությունն է: Նա նաև գրում է, որ ամեն ինչ կանի իր գործողությունների մասին իրազեկվածությունը մարդկանց մեջ բարձրացնելու համար:

Յանիկյանն անում է ամեն ինչ, որ դատական գործընթացի ու հարցաքննության ժամանակ հնարավորություն ունենա անձամբ պատմել 1915 թ. իրադարձությունների մանրամասները:

Յանիկյանի արարքը շատերի համար խելահեղ էր թվում: Այն բուռն էմոցիաներ ու քննարկումներ է  արթնացնում տարբեր հարթակներում, դառնում աշխարհով մեկ սփռված շատ հայերի համար ոգևորության աղբյուր ու շարժիչ ուժ Հայկական հարցը լուծելու ու ցեղասպանությունը ճանաչելու պայքար սկսելու համար: Պայքար, որ լինելու էր գործով, այլ ոչ թղթին:

Հաջորդ տարիների ընթացքում ստեղծվում են այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են ԱՍԱԼԱ-ն (որը սկզբում կրում էր «բանտարկյալ Գուրգեն Յանիկյանի խմբավորում» անվանումը), «Հայերի ցեղասպանության ճանաչման ջաթագովներ» և այլն: Նրանք հարձակումներ էին իրականցնում աշխարհում թուրքական իշխանության ներկայացուցիչների հանդեպ ու երկար ժամանակ ահ ու սարսափի մթնոլորտում էին պահում թուրք հասարակությանը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ իրականացրած հայերի զինված հարձակումների մասին լուրերը պտտվում էին միազգային լրատվամիջոցների առաջին էջերին:

Ճաղերից այն կողմ Յանիկյանն ուշադիր հետևում էր, ինչ է կատարվում ու ասում. «Սա բնական պրոցես է, վաղ թե ուշ այն տեղի էր ունենալու»: Նրան հատկապես ուրախացնում էր նոր սերնդի խանդավառությունը, որոնք նախատում էին իրենց ծնողներին պայքարն ավելի շուտ չսկսելու համար:

Հարկ է նշել, որ Յանիկյանը կոչ էր անում զինված խմբավորումներին չթիրախավորել թուրք ժողովրդին, այլ պայքարել միայն իշխանության գլուխ կանգնածների հետ ու պետք չէ «բարոյազրկել հայի կերպարը»:

Այսպիսով, Սանտա Բարբարա հյուրանոցային համարում արձակած Գուրգեն Յանիկյանի մի քանի կրակոցները զարկ են տալիս իրադարձությունների մի շղթայի, որը դարձնում է Եղեռնի ճանաչումը կարևորագույն մի նպատակ ու խթան է դառնում բոլոր սերունդների համար հանուն արդարության պայքար մղելու: 

Գուրգեն Յանիկյանը բանտում անցկացնում է տաս տարի ու մահամերձ վիճակում նրան թույլատրում են գտնվել տնային կալանքի տալ: Մի քանի շաբաթ հետո, 1984 թ. մարտի 24-ին, ութսուն ութ տարեկան հասակում նա մահանում է:

Աղբյուրը՝ Tigran Kalaydjian, SENTINEL OF TRUTH. Gourgen Yanikian and the srtruggle against the Armenian Genocide.

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո