Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Զորավար Անդրանիկ` «Գործս կիսատ մնաց…»
Հուշ

Զորավար Անդրանիկ` «Գործս կիսատ մնաց…»

«Այն, որ մենք` հայերս, իրավունք ունենք անվանել մեր անցյալը հերոսական և որպես ազգ պահպանվել ենք, մենք լիովին պարտական ենք մեր անմոռանալի և հավերժական հերոս Անդրանիկին» (Ալբերտ Գասպարյան, «Սովետական Հայաստան» թերթի թղթակից, 1971 թ. օգոստոս)

Ազգային հերոս և ազգային-ազատագրական շարժման ղեկավար Անդրանիկ Օզանյանի մասին գիտեն գրեթե բոլոր հայերը:  Նա այն մարդկանցից է, որի շնորհիվ հայերին ճանաչում են ոչ միայն որպես ցեղասպանություն վերապրած բազմաչարչար ազգ, այլ նաև որպես ազգ, ով հերոսական մարտեր է մղել  մի քանի անգամ գերազանցող թուրքական ուժերի դեմ:  Անդրանիկի կյանքի պատմությունը հայի պայքարի պատմությունն է` հանուն իր իրավունքների և արժանապատվության վերականգնման:

Անդրանիկը ծնվել է 1865 թվականի փետրվարի  25-ին, դա մի ժամանակաշրջան էր, երբ սուլթանի լծի տակ ապրող հայերի համբերության բաժակը լցվում է, ինչն էլ հանգեցնում է ողբերգական   հանգուցալուծման:  Մի քանի դար շարունակ ապրելով մշտական հալածանքների ներքո` որպես երկրորդ սորտի մարդիկ` զուրկ նույնիսկ տարրական ինքնապաշտպանության իրավունքից, նրանք ի վերջո սկսում են գաղտնի համակարգել իրենց ուժերը` սկիզբ դնելով ազգային-ազատագրական շարժմանը:  

1885 թվականին Անդրանիկի հայրենի քաղաք Շապին Գարահիսարում սկսվում է հեղափոխական շարժում: Վաղ տարիքից մշտապես ապրելով վախի մթնոլորտում` հերթական ջարդերին և կողոպուտներին սպասելիս, Անդրանիկը առաջիններից էր, ով ընդգրկվեց թուրքերի և քրդերի հարձակման դեպքում հայ երիտասարդներին ինքնապաշտպանության տեխնիկա ուսուցանվող գաղտնի խմբում:

1895 թվականին Անդրանիկը ձեռք է բերում իր առաջին փորձը որպես ֆիդային` միանալով ժամանակի մեծագույն հեղափոխական և զինյալ Աղբյուր Սերոբի ջոկատին: Սկզբում Անդրանիկը ստվերում էր` կատարելում էր կառապանի աշխատանք` օգնելով ավելի փորձառու ֆիդայիներին: Նա հիշում է, որ այն օրը, երբ նրան վերջապես վստահեցին զենք կրել, իր կյանքի ամենաերջանիկ օրն էր: Դա հին հրացան էր: «Դրանից հետո ոչ մի նշանակություն չուներ, թե ինչ հրացան էի ես կրում, քանզի այն սրտի թրթիռը այլևս չունեցա:» – ասում էր նա:

Աղբյուր Սերոբ hayazg.info

Ժամանակի ընթացքում Անդրանիկի անձի կարևորությունը այնքան է բարձրանում իր ընկեր ֆիդայիների աչքերում, որ Աղբյուր Սերոբի ողբերգական մահից հետո հենց նրան են ընտրում որպես նոր առաջնորդ:   ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդ հայտնի գրող Միքայել Վարանդյանը ասել է` «Ոչ պակաս քաջարի ու ունակ քան Աղբյուր Սերոբը` Անդրանիկը օժտված էր ինչպես ինտելեկտով, այնպես էլ ուժեղ ինտուիցիայով: Լինելով ի ծնե ռազմավար` նա անգիր գիտեր իր հայրենիքի բոլոր սարերն ու հովիտները, անկրկնելի և գերազանց առաջնորդ ու հրամանատար էր: Նա խիզախ էր, բայց միևնույն ժամանակ` զգույշ և հեռատես»:

Շնորհիվ Անդրանիկի և նրա ֆիդայիների ակտիվ գործունեության` քուրդ և թուրք ավազակախմբերը այլևս իրենց անպատիժ չէին զգում, և հայ բնակչությանը կանոնավոր կողոպտելու ու  սպանելու նրանց գործողությունները բավականին քչացան: Սակայն դա ամենևին չէր նշանակում, որ թուրքական իշխանությունները հրաժարվել էին քրիստոնյա բնակչությանը ճնշելու քաղաքականությունից. նրանք պարզապես անցան խորամանկ մարտավարության:

1901 թվականին Թուրքիայի իշխանությունները Մուշի հայերին պարտադրում են կերակրել և պահել Կովկասից տեղափոխված զինված մահմեդական փախստականներին:  Եվ, կարծես, դա էլ բավարար չէր, հայերից բռնագանձվում և նրանց է փոխանցվում հայերի ունեցվածքը:   Կոստանդնուպոլսի հայ պատրիարք Մաղաքիա Օրմանյանը կոչ է անում հայերին համբերությամբ զինվել` «հավատարիմ լինել իշխանությանը», Մուշում Ռուսաստանի հյուպատոսը խոստանում է օգնել, եթե հայերը ուղղափառություն ընդունեն:  Հուսահատ լինելով` հայ գյուղացիները սկսում են մեղադրել ֆիդայիներին այն բանի համար, որ նրանք լայնածավալ հեղափոխություն չեն սկսում: Սակայն հեղափոխությունը պահանջում էր նախապատրաստական տարիների աշխատանք:

Այսպիսի կրիտիկական օրերին` իր հեղափոխական կարիերայի սկզբում, Անդրանիկը որոշում է մի այնպիսի արկածախնդիր քայլ ձեռնարկել, որը կզարմացնի ինչպես իր ընկերներին, այնպես էլ թշնամիներին և շաբաթներով բոլորին լարվածության մեջ կպահի...

Նա հավաքում է երեսուն ֆիդայիներից կազմված ջոկատ և փակվում Մուշում գտնվող մոտակա սբ. Առաքելոց վանքում`Օսմանյան ռազմական հրամանատարների քթի տակ, և նրանց մարտի բռնվելու մարտահրավեր նետում:  Այս քայլը խաղաքարտին է դնում ամեն ինչ` նրա` որպես հեղափոխականի կարիերան, նրա` որպես առաջնորդի համբավը և, իհարկե, նրա կյանքը: 

Այն ժամանակ, երբ Անդրանիկը մարտնչում էր վանքում, Մուշի բանտում երկու բանտարկյալ` Սաքո անունով հայը Սեվքարից և Ջիբրան անունով քուրդը խաղադրույք էին կատարում:  Քուրդն ասաց հային.

–Սաքո, կարծում եմ, որ Անդրանիկ Փաշան կփրկվի վանքի շրջափակումից:

Սաքոն թերահավատ էր.

– Ի՞նչպես նա կարող է ողջ դուրս գալ վանքից, եթե վեց հազար թուրք զինյալներ շրջափակել են տարածքը:

– Սաքո, – ասաց քուրդը, – եթե Անդրանիկը կենդանի դուրս չգա շրջափակումից, ես քեզ կտամ իմ ձիերից մեկը: Իսկ եթե նա շրջափակումից դուրս գա, ի՞նչ ես դու ինձ տալու:  

– Ես, բացի իմ սազից (երաշժտական գործիք) ոչինչ չունեմ, – ասաց հայը: – Բայց երբ ինձ ազատեն, և ես գնամ Ռուսաստան, ես քեզ լավ նվեր կուղարկեմ:

Երբ Մուշի բանտարկյալների շրջանում տարածվեց Անդրանիկի և նրա ֆիդայիների վանքից ողջ դուրս գալու լուրը, քուրդը շտապեց դեպի Սաքոն և ասաց`

– Սաքո', Սաքո', մի՞թե չէի ասում, որ Անդրանիկը ողջ դուրս կգա շրջափակումից:

– Աղա (հարգալից վերաբերմունք), ինչպես դու կարող էիր դա իմանալ:

– Սաքո մենք Անդրանիկ Փաշային երկար ժամանակ է ինչ գիտենք: Դու երբևէ՞ լսել ես, որ նա ինչ որ անարդար գործով զբաղվի:  Եթե Աստված այդպիսի մարդուն չփրկի, է՞լ ում պետք է փրկի:

Սբ. Առաքելոց վանքի ճակատամարտը Անդրանիկի կարիերայում ամենահերոսական սխրանքներից մեկն է:  Նա ցանկանում էր հույսի շող արթնացնել հալածված հայ ժողովրդի մոտ, ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ, որ հայերը դեռևս կարող են մարտնչել:  Անդրանիկը իր արիության և անձնազոհության օրինակով ցանկանում էր սթափեցնել հայ լայն զանգվածների գիտակցությունը և խթանել նրանց պայքարելու հանուն գոյատևման: 

1904 թվականին տեղի է ունենում թուրքական լծի դեմ հայերի ամենամեծ ապստամբություններից մեկը` Սասունի ապստամբությունը: Ընդամենը հազար հայ (200 ֆիդայի, մնացածը տեղացիներ) դիմակայեցին թուքերի և քրդերի 17 հազարանոց բանակին:  Սրերը դիմակայում էին թնդանոթներին: Հայերը արիաբար դիմակայեցին ամիսներ շարունակ և անգամ հաղթանակներ տարան մի քանի մարտերում:  Պարտության միակ պատճառը դարձավ զենքի ու զինամթերքի պակասը: Թուրքերի հաղթանակը ուղեկցվում էր զանգվածայն արյունահեղությամբ և Սասունից հայ բնակչության ամբողջովին բնաջնջելու փորձով:

Սասունցիները հողը ակոսելիս / houshamadyan.org 

Այս պարտությունը խորը հուսահատության մեջ գցեց ԱՆդրանիկին:   Չնայած այն հանգամանքին, որ նա հայերի համար նշանավոր դեմք ու հերոս էր, այնուամենայնիվ, թուրքերի կողմից Սասունի ինքնապաշտպանությունը ճնշելուց հետո Անդրանիկ որոշում է հեռանալ Արևմտյան Հայաստանից:  Ուսուցիչ-մտավորական Հովհաննես Գուլօգլյանին տրված հարցազրույցում նա ասում է, որ Սասունի ապստամբության փորձը նրան չորս բան սովորեցրեց` 

– որ հայ հեղափոխական շարժում ապարդյուն էր;

– որ զոհերը, որ պահանջում էր հեղափոխությունը, չափազանց ծանր էին ազգի համար;

– որ հայ հեղափոխական շարժումը առանց արտաքին ուժերի օգնության հաջողության հասնելու հավանականություն չուներ 

– և որ օտար գերտերությունների աջակցությունը ընդամենը պատրվակ էր` սեփական շահերը հետապնդելու համար

Ապրելով արտասահմանում` Բուլղարիայում, Անդրանիկը գիրք է գրում «Ռազմական հրահանգներ» անվամբ, որի վերջում դիմում է հայ երիտասարդությանը`

«Երկու տարի է անցել, ինչ ես գտնվում եմ սփյուռքում,  ես չեմ տեսել, որ հայ երիտասարդությունը հավաքվի և վերապատրաստվի մարտ վարելու և զենքին տիրապետելու արվեստին: Սիրտս մղկտում է, երբ խոսում եմ այդ մասին: Դուք ականատես էիք, թե ինչպես էր թշնամու սուրը մեր հայրենիքը արյունով թաթախում և ստիպում մեզ` ենթարկվել իր կամքին: 

Փորձը ցույց է տալիս, որ պաշտպանվելու և գոյատևելու համար, լինի դա Թուրքիայում, Պարսկաստանում, թե Կովկասում մենք այլ ելք չունենք, քան զինվել և սովորել մարտնչել:  Մարդ հերոս կամ զինյալ չի ծնվում:  Միայն զենք օգտագործելով է նա զարգացնում է իր մարտնչելու և գոյատևելու ունակությունները: 

Սփյուռքի հայ եղբայրնե'ր, այդ ես չէ, որ կոչով դիմում եմ ձեզ, սա հայրենիքի կոչն է, մեր նահատակների և հերոսների կոչը, ովքեր արյուն թափեցին մեր հողերի և ժայռերի վրա:  Նրանք կոչ են անում գործել, կոչ են անում վրեժխնդիր լինել»:

Անդրանիկի պլակատը «Նյու Յորք ամերիկեն» ժուռնալում, 1920 թ

Բուլղարիայում Անդրանիկը հանգիստ ու մեկուսի կյանք էր վարում, նրան ընկերակցում էին միայն անցյալի հիշողությունները:   Ամեն երկրորդ կամ երրորդ շաբաթ օր նա նավակով լողում էր դեպի Վարնա` մասնակցելու պատարագին և երաժշտություն լսելու սբ. Սարգիս հայկական եկեղեցում:  Նա երբեք չէր հեռանում եկեղեցուց, մինչև չլսեր «Օրհնյալ եղերուկ» և չհամբյուրեր քահանայի ձեռքն ու Աստվածաշունչը, որը նա պահում էր իր ձեռքերում:

Անդրանիկի անձի ընկալման կարևոր պահը` «Դաշնակցություն» կուսակցության հետ ունեցած նրա հարաբերությունն է:  Անդրանիկը հանդիսանում էր կուսակցության անդամ, սակայն 1907 թվականին` Չորրորդ ընդհանուր համագումարում Անդրանիկի և ՀՅԴ-ի միջև տեղի է ունենում պառակտում: 

Բանն այն է, որ Անդրանիկը դեմ էր «Կովկասյան պլանին», որի համաձայն հայերը պետք է պայքարի մեջ մտնեն ռուսական ցարիզմի դեմ և Կովկասում ու ողջ Ռուսաստանում սոցիալիզմ կառուցեն` «Դա կթուլացնի հայրենիքում հանուն ազատագրման մեր պայքարը (Արևմտյան Հայաստանում):  Մենք բավականին շատ թշնամիներ ունենք, Ռուսաստանը մի դարձրեք դրանցից մեկը»:

Մյուս հարց վերաբերում էր Օսմանյան կայսրությունում սպառազինության տեղափոխմանը: Անդրանիկը կարծում էր, որ հեղափոխականների սպառազինության գաղտնի պահեստները պետք է տեղակայված լինեն գյուղական աննկատ տարածքում, այլ ոչ թե Վանում` Վասպուրականի ամենախոշոր քաղաքում, որտեղ կառավարությունը կարող է հետևել դրանց գտնվելու վայրին:  Անդրանիկը զգուշացրեց համագումարին` «Վաղ թե ուշ պահեստները կընկնեն կառավարության ձեռքը»:

Կուսակցության անդամներից մեկը` Արամ Մանուկյանը  (Հայաստանի առաջին հանրապետության ապագա ղեկավարը), մարդ, ով չուներ ռազմական փորձ, վիճարկում է Անդրանիկի դիրքորոշումը:  Երբ հարցը դրվեց քվեարկության, համագումարը սատարեց Արամի կարծիքը:   Անդրանիկը կրկին անգամ զգաց, որ չի կարող կանխել անխուսափելի կորուստները` իր գործընկերների` քաղաքական և ռազմական հարցերում ունեցած մակերեսային մոտեցման հետևանքով:

Անդրանիկ Օզանյան / houshamadyan.org

Անդրանիկը կարծում էր, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումը պետք է լինի հեղափոխական կազմակերպության գործունեության գլխավոր ուղղությունը:  Ավելի վաղ ՀՅԴ իսկապես կողմնակից էր այդ տեսակետին, սակայն Չորրորդ ընդհանուր համագումարում այն փոխում է իր հիմնական ուղղվածությունը:  Ընդլայնելով իր հեղափոխական գործունեության շրջանակը Արևմտյան Հայաստանից մինչև Կովկաս, ՀՅԴ-ն փորձում է միաժամանակ պայքարել սուլթան Աբդուլ Համիդ II և ցար Նիկոլայ II բռնապետական կառավարությունների դեմ: Անդրանիկը դեմ էր կուսակցության սոցիալիստական ուղղվածությանը, քանզի նրա համար թուրքահպատակ հայերի ազատագրումը վեր էր ամեն տեսակի խնդիրներից կամ գաղափարախոսություններից:  Սոցիալիզմին կողմ կամ դեմ բերված փաստարկներին Անդրանիկը պատասխանում էր`«Աստծու սիրուն եկեք սկզբում ազատենք մարդկանց»:

Հայտնի է, որ Դաշնակցությունը համագործակցում էր երիտթուրքերի հետ` հույս ունենալով, որ նրանց օգնությամբ գահընկեց կանեն սուլթան Աբդուլ Համիդ II-ին:  Իսկ Անդրանիկը ընդհանրապես չէր վստահում թուրքերին` անկախ նրանց պատկանելիությունից` օսմանյան, երիտթուրքական կամ քեմալական ծագման:

Շուտով դաշնակ առաջնորդները ստիպված են լինում հիշել, թե ինչ էր ասել Անդրանիկը Չորրորդ ընդհանուր համագումարում`չորս ամիս անց Անդրանիկը իմացավ, որ Վանում գտնվող զինամթերքի գաղտնի պահեստները ընկել են թուրք կառավարության ձեռքը, և որ Արամ Մանուկյանը ձերբակալվել է իր ապաստարանում:  

Ակնհայտ էր, որ ՀՅԴ կուսակցությունը բաժանվել էր արևելյան և արևմտյան ֆրակցիաների: Արևելյան (ռուսա-) հայ պատվիրակները, ովքեր չէին բնակվում Թուքիայում և իրենց մաշկի վրա չէին զգացել թուրքական վայրագությունները` սատարում էին այդ «Կովկասյան պլանի» իրագործմանը: Շատերը, եթե ոչ բոլոր արևմտյան (թուրքա-) հայ պատվիրակները միացան Անդրանիկին` դեմ հանդես գալով այս պլանի իրագործմանը: Նրանք առաջին հերթին շահագրգռված էին թուրքական բռնապետության ներքո տառապող  իրենց հարազատների ազատագրմամբ:  Նրանց չէին մտահոգում Ռուսաստանի ներքին խնդիրները, քանի որ նրանք ևս ունեին բավականաչափ խնդիրներ:

1909 թվականին` համագումարից երկու տարի անց, երբ երիտթուրքերի «սահմանադրական» կառավարությունը արդեն հաստատուն կերպով ամրապնդվել էր Օսմանյան կայսրությունում, Ադանայում տեղի են ունենում զանգվածային ջարդեր:  Փորձելով Եվրոպայի աչքերից քողարկել իրենց կատարած վայրագությունները` երիտթուրքական կուսակցության ղեկավարությունը իրականացնում է տեղի ունեցածի կեղծ ուսումնասիրություն, իսկ իրական մեղավորները մնում են անպատիժ:

Ֆրանսական ժուռնալի շապիկին պատկերված «Արյունոտ սուլթանի» կարիկատուրան, 1897 թ

Մինչ 1912-1913թթ. հայ մտավորականությունը լսում էր երիտթուրքերի Թուրքիայում հաստատված նոր ժողովրդավարական կարգի մասին ճառերը, բոլոր հպատակների «ազատության, հավասարության և եղբայրության» մասին, Անդրանիկը գտնվում էր Բուլղարիայում և պատրաստվում էր օգնել թուրքերին պատերազմ հայտարարած բալկանյան բոլոր երկրներին` ձեռք բերելու ազատություն: Նա 273 հայ գաղթականներից կազմում է կամավոր խումբ, որպեսզի բուլղարացիների հետ միասին կռվի թուրքերի դեմ:  Անդրանիկի լեյտենանտներն էին Թորգոմը, Նժդեհը, Արգամանյանը և ուրիշներ:

Բալկաններում պատերազմի նախապատրաստվելու ժամանակ երիտթուրքերի նորաստեղծ կուսակցությունը ազգային արշավ է սկսում` թուրքական բանակի համար միջոցների հավաքագրման համար: Հայերը մեծահոգաբար արձագանքեցին կոչին և հավաքեցին երեսուն հազար ոսկե ֆունտ: Հայ վաճառականները, որոնք որպես կանոն, Հայաստանի ազատագրման համար տրամադրում էին հինգ կամ տասը ոսկե ֆունտ, երիտթուրքերի կուսակցությանը տրամադրեցին հարյուրավոր ու անգամ հազարավոր ոսկե ֆունտեր:

Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և Կարմիր բանակի ստեղծողներից` Լև Տրոցկին այդ ժամանակ «Կիեվսկայա Մըսլ» ռուսական թերթի թղթակիցն էր Բալկաններում և այսպես էր նկարագրում հայ կամավորների հրամանատարին`«Անդրանիկը զորքի ոգին է: Նա հիանալի տեսք ունի իր դաշտային համազգեստով` կարակուլի գլխարկով և կոկիկ զինվորական երկարաճիտ կոշիկներով, որի տակից երևում է մտրակը` որպես իր պաշտոնական իրավասությունների խորհրդանիշ:  Կողքից կախված են հեռադիտակն ու Բրաունինգ ատրճանակը: Կրծքին` ժապավենով ծաղկեփունջ` որի վրա գրված է «ազատություն կամ մահ»: Դա նվեր էր Կարմիր Խաչի հայ կանանց կողմից»:

Բալկանյան պատերազմում Անդրանիկի մասնակցության մասին գրում էին բոլոր թերթերը: Պատերազմում հաղթանակից հետո և բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո Լև Տրոցկին հոդված է գրում հետևյալ վերնագրով` «Անդրանիկը և իր զորքերը»` «Սոֆիայում կազմավորված կամավորական ջոկատը գլխավորում էր երգերի և լեգենդների հերոս Անդրանիկը: Նա միջահասակ է` գլխարկով և երկարաճիտ կոշիկներով, նիհար է, կնճիռներով և ալեհեր մազերով, փարթամ բեղերով և սափրված կզակով, ուներ այնպիսի աուրա, որ ասես երկարատև պատմական դադարից հետո, կրկին վերագտել էր իրեն»:

Լև Տրոցկի / aif.ru

1914 թվականին ՀՅԴ անդամները հավաքվում են կուսակցության Ութերորդ համագումարին, որը տեղի է ունենում Թուրքիայում:  Կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացնում, որ պատերազմ սկսվելու դեպքում կուսակցությունը «հավատարիմ» կմնա կառավարությանը: Այսպիսով, անգամ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո հայերը, խաբվելով երիտթուրքերի լոզունգներին, պաշտպանում էին նրանց «առաքինի հնազանդությամբ»: Կուսակցության անդամներից մեկը` Է. Ակնունին, (Խաչատուր Մալումյան) ասաց հետևյալը` «Չկա որևէ պատճառ, որի հետևանքով իշխանությունը մեզ կթերագնահատի:  Մեր համագումարում մենք որոշեցինք, որ եթե կա ընդհանուր զորահավաք, ապա զինվորական տարիքի յուրաքանչյուր հայ  պետք է կատարի իր զինվորական պարտականությունները:  Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կառավարությունը կհասկանա և կգնահատի մեր ազնվությունը»:

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց ի վեր Անդրանիկը դիմում է բոլոր հայ մտավորականներին և հեղափոխականներին` կոչ անելով հեռանալ Կոստանդնուպոլսից և գնալ արտասահման:  Նրանք չլսեցին ԱՆդրանիկին, ով ավելի ուշ իր հուշերում գրում է` «Առյուծ տղամարդկանց քշում էին սպանդանոց իբրև ոչխարներ»:

Շուտով Անդրանիկը միանում է Առաջին համաշխարհային պատերազմին` ռուսական բանակի կազմում ձևավորելով հայ կամավորական ջոկատ, որը կռվելու է թուրքական բանակի դեմ կովկասյան ճակատում: Լի խանդավառությամբ` աշխարհի տարբեր կետերից հայերը սկսեցին գալ կամավորական ջոկատի հավաքագրման կետ Թբիլիսի:  Բոլորը ցանկանում էին գնալ կռվի ճակատ և պայքարել թշնամու դեմ:  Հայակական ջոկատը հերոսաբար մարտնչում էր Արևմտյան Հայաստանի տարածքում` Վանը, Մուշը, Բիթլիսը և այլ քաղաքներ գրավելու համար, իսկ ցեղասպանության հետևանքով Կովկաս փախած հայ բնակչությունը ետ էր վերադառնում իրենց ավիրված տները` վստահ լինելով, որ գտնվում են ռուսական բանակի հուսալի վերահսկողության ներքո:

Առաջին անգամ բավականին երկար ժամանակ անց հայերը, ունենալով Ռուսաստանի նման դաշնակից, ում համար հայկական հարցն անհրաժեշտ էր սեփական նպատակներն իրագործելու համար, զգացին, որ կարող են կառուցել իրենց պետականությունը իրենց պատմական տարածքներում: Սակայն տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ինչը հանգեցրեց ռուսական միապետության տապալմանը և սոցիալիստական համակարգի ստեղծմանը...

Նոր իշխանություն Ռուսաստանում` նոր արտաքին քաղաքականություն: Հեղափոխականները որոշեցին, որ հանուն իրենց իշխանության պահպանման Ռուսաստանը պետք է դուրս գա պատերազմից:  Այսպիսով, կովկասյան ճակատը ընկավ, իսկ հայ կամավորները փաստորեն մնացին ռուսական բանակի կողմից նվաճված Թուրքիայի տարածքների վրա գտնվող հայ փախստականներին պաշտպանող միակ ուժը:

1918 թվականի փետրվարի վերջին, երբ մի քանի հազար ողորմելի թուրք զինվորներ սկսվեցին շարժվել դեպի արևելք, նրանք օգտագործեցին այն, ինչ չօգտագործեցին հայերը` ռուսական զինամթերքի և ռազմական տեխնիկայի ահռելի պաշարները:   Թբիլիսիում տեղակայված հայ ղեկավարները թույլ են տվել, որ այդ հնարավորությունը սողոսկի նրանց կողքով:  Գալիք սերնդի առջև «մեղքերը քավելու» համար Թբիլիսիի հայկական ազգային խորհուրդը ներկայացնող «Դաշնակցության» առաջնորդները կազմավորեցին հայկական ստորաբաժանում` զորավար Անդրանիկին հայտարարելով իրենց հրամանատար: Զորավար Անդրանիկը ուղևորվեց Էրզրում` պաշտպանելու Արևմտյան Հայաստանի որոշ հատվածներ և նա լիովին համոզված էր, որ ռազմաքաղաքական իրավիճակը բարենպաստ էր այդ հարց լուծելու համար:

Առաջին անգամ իր դարավոր պատմության ընթացքում, հայոց պատմության տարեգրության մեջ ամենակրիտիկական պահերից մեկում հայերը մարտի մեջ մտան ունենալով ռազմական գերազանցություն մի շարք առանցքային բնագավառներում` թվաքանակի առավելություն (15 հազար մարդ, որից 8 հազարը պրոֆեսիոնալ զինվորներ), ահռելի քանակությամբ զինամթերք, թնդանոթներ և պարեն: Բացի դրանից Էրզրումը պաշտպանված էր հաստ պատերով, առվափոսերով և փշալարերով, իսկ հակառակորդը մոտենում էր քաղաքին բաց դաշտերից` չորս հազար սոված, վատ հանդերձավորված և խղճուկ հագնված մարդիկ:  

Սակայն զորքի ռազմական ոգու հետ կապված Անդրանիկի սկզբնական լավատեսությունը արագ անհետացավ: Կովկասից եկած հայ զինվորները դժկամությամբ էին կռվում թուրքական տարածքում: Նրանք չէին գիտակցում, որ Էրզրումի ճակատամարտը վճռորոշ պահ էր Հայաստանի պատմության մեջ:   Ուսումնասիրելով քաղաքում տիրող իրավիճակը` զորավար Անդրանիկը փոխանցեց այդ հատկանշական հաշվետվությունը Թբիլիսիում գտնվող Ազգային խորհրդին` «Քաոս է! Լրիվ քաոս, այդ բառի բուն իմաստով!»:

Մի շարք գործոններ նպաստել են Անդրանիկի զորքի` հատկապես Ռուսաստանից եկած հայ զինվորների խանդավառության անկմանը`

–  Լենինի կարգախոսը «Կորչի պատերազմը!», որը նա հնչեցնում էր պատերազմից հոգնած ռուսների համար;

– Ազգային խորհրդի երկակի վերաբերմունքը Արևմտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ;

–Թբիլիսիից եկած խոսակցություններն այն մասին, որ Արևմտյան Հայաստանից թուրքերը կգնան;

– Բրեստի համաձայնագիրը, որում ասվում է, որ թուրքերին չէր թույլատրվում 1914 թվականին սահմանված իրենց սահմաններից առաջ գնալ;

–հայկական ռազմական գերատեսչությունում դատարանի և մահապատժի բացակայությունը:

Մի առավոտ Անդրանիկը կանխազգում է, որ մինչ օրը բացվելը նա կընկնի մարտի դաշտում: Հետևաբար, նախքան ռազմաճակատ գնալը նա ասաց իր օգնականներին`«Ապագա սերունդներին կասեք, որ ես կանգնած եմ մենակ և մենակ էլ կընկնեմ Էրզրումի պատերի տակ»:

Քաղաքական գործիչ և Հայաստանի առաջին հանրապետության ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը Էրզրումի անկման մասին հետագայում հետևյալ խոսքերն ասաց` «Փետրվարի 27-ին Էրզրումն ընկավ ամենաամոթալի հանգամանքների ներքո: Անդրանիկի հրամանատարության ներքո կային ութ հազար լավ զինված և լավ վերապատրաստված զինվորներ, լավ վիճակում գտնվող ավելի քան հարյուր հրանոթներ և զինամթերքի ու պարենի անսպառ պաշարներ»:

Մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանի սիրտը` Էրզրումը:

«Դաշնակցություն» կուսակցության գաղափարախոսներից մեկը` Միքայել Վարդանյանը հետագայում գրել է`«Եթե անգամ Անդրանիկի փոխարեն Նապոլեոն Բոնապարտը լիներ, այդպիսի պայմաններում նա չէր կարող ազատարարի դեր կատարել:

Երեսուն տարի շարունակ հայ հեղափոխականները Օսմանյան կայսրության ներսում բավականին դժվար պայքար էին մղում, իսկ Էրզրումը, որ ռազմավարական առումով կարևոր քաղաք էր ու պատմական ու մշակութային կենտրոններից մեկը ուղղակի հանձնվեց թուրքերին Արևմտյան Հայաստանի հետ միասին:  Բանակի սպաների խորամանկ գործողությունները, Թբիլիսիի երերուն առաջնորդները, ովքեր խաբվել էին Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի դրույթներին, ռուսահպատակ և թուրքահպատակ հայերի միջև առկա կուսակցական տարբերությունները և բանակում զինվորական կարգապահության բացակայությունը հանգեցրել է աղետի: 

Էրզրումի անկմանը հաջորդեց Կարսի անկումը, որը Կովկասի ռուսաստանցի հայերի շրջանում ավելի մեծ բարկություն և դառնություն առաջացրեց, քան Էրզրումի անկումը, քանզի Էրզրումը, ի վերջո պատկանում է թուրքահպատակ հայերին, իսկ Կարսը` նրանց: Թիֆլիսից հայկական զորքերը վարչապետ Չխենկելիից հրաման ստացան անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ընդունել թուրքական կողմի պայմանները:  Ակնհայտ է, որ նա գործում էր վրաց ժողովրդի շահերից ելնելով` բանակցելով թուրքերի հետ և կանխելով նրանց ներխուժումը Վրաստան:  Հայկական զորքերը Կարսը լքեցին քաղաքի 20 հազար բնակչության հետ միասին:  Այդ նույն օրը երեկոյան թուրքական ստորաբաժանումը մտավ Կարս:

Չնայած այն հանգամանքին, որ Անդրկովկասյան կառավարությունը (1917 թվականին Թբիլիսիում ստեղծված Անդրկովկասյան կառավարություն վրացի «մենշևիկների», էսերների, հայ դաշնակների և ադրբեջանցի մուսավաթականների մասնակցությամբ) կատարեց թուրքական կողմի բոլոր պահանջները, թուրքերը շարունակում էին գրոհները, և հայկական ստորաբաժանումը նրանց կողմից սաստիկ ճնշումների ենթարկվելով, նահանջում է դեպի Ալեքսանդրոպոլ: 

Կարսի անկումը, որին հաջորդեց Ալեքսանդրոպոլի անկումը, հանգեցրեց Հայաստանի շրջափակմանը, և այդ իրավիճակում անհրաժեշտ էր որոշում կայացնել` կամ մահ, կամ պայքար վերջին ճիգերը գործադրելով: Այդ նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել 1918թվականի մայիսյան հերոսամարտերը, երբ հայկական ուժերին հաջողվեց պաշտպանել իրենց պետականությունը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում և թուրքական զորքերին հասցնել ջախջախիչ հարված: 

Այդ հաղթանակից մի քանի օր անց հայկական կողմը ի դեմս Թբիլիսիում Ազգային խորհրդի, թուրքերի հետ ստորագրում է Բաթումիի հաշտեցման պայմանագիրը, ըստ որի Հայաստանին է մնում ընդամենը 12 հազար կմ2 տարածք (Էրիվանի և Էջմիածնի շրջանները) ընդամենը 1միլիոն բնակչությամբ:

Պայմանագրի ստորագրումից հետո զորավար Անդրանիկը խզեց կապերը նորաստեղծ Հայաստանի հանրապետության հետ:   Նա կարծում էր, որ Հայատանի փոքրիկ ռուսական հանրապետության ներկայիս սահմանների ճանաչումը վերջ կդնի Հայկական հարցին և կհաստատի Արևմտյան Հայաստանը վերջնականապես կորցնելու փաստը, որի ազատագրման համար նա պայքարել է իր ողջ գիտակցական կյանքում:

Անգամ ռուսահպատակ հայերը չէին շտապում վերադառնալ նորաստեղծ փոքրիկ «Երևանի հանրապետություն»` նախընտրելով Թբիլիսին կամ Բաքուն: 1920 թվականին`անկախության հռչակումից երկու տարի անց, 30 հազարանոց Երևան քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում էին թաթարները: 

Ռուսաստանի հայերը հրաժարվեցին պաշտպանել Թուրքիայում գտնվող Արևմտյան Հայաստանը, իսկ Անդրանիկի համար ներկայիս «Երևանի հանրապետությունը» լիարժեք Հայաստան չէր: Այնուամենայնիվ, առանց Անդրանիկի և նրա ստորաբաժանման մասնակցության Զանգեզուրն այսօր կլիներ Ադրբեջանի մի մաս և միայն հրաշքը կարող էր փրկել այդ շրջանի 60 հազարանոց բնակչությանը 1918թ. աշնանը թուրք-թաթարական ուժերի կողմից լրիվ բնաջնջումից:

Հայաստանի Առաջին հանրապետության կառավարությունը կազմված էր «Դաշնակցություն» (նացիոնալ-սոցիալիստներ) կուսակցության անդամներից, ովքեր ձգտում էին մերձենալ ոչ թե խորհրդային, այլ թուրք-գերմանական բլոկի հետ:  Թուրքերի հետ համաձայնագրեր կնքելով և իր պատվիրակություններին Կոստանդնուպոլիս ուղարկելով` դաշնակների կառավարությանը թվում էր, որ դա հիանալի դիվանագիտական քայլ է, որը կօգնի Թուրքիային գթասրտություն ցուցաբերել հայերի նկատմամբ և նրանց զիջել պատմական Հայաստանի մի «մասը»:

Անդրանիկի կյանքի նպատակներն ու քաղաքական կողմնորոշումը բավականին տարբերվում էին «Դաշնակցության» նոր արտաքին քաղաքականությունից: Երեսուն տարի շարունակ պայքարելով, հաղթական մարտեր տոնելով և հիասթափություններ ապրելով` զորավար Անդրանիկը ֆիզիկապես սպառվել ու բարոյապես ճնշվել էր:

Շուտով Անդրանիկը որոշում է կայացնում հեռանալ արտասահման, իսկ նրա այնտեղ գտնվելու ժամանակ իրականանում է այն, ինչը նա կանխատեսել էր` նրա մեղադրանքները այն մասին, որ թուրքական պայմանների հիման վրա ստեղծված անկախ Հայաստանը խաբկանք է, իրականություն դարձավ: 

Թուրքական նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը հայերի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ բռնել էր այն նույն ուղին, ինչ իր նախորդները. 1920 թվականի վերջին քեմալական Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա: Այս արարքը անակնկալի է բերում հայ ղեկավարներին և ավարտվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտությամբ: Հայկական կառավարությունը` ի դեմս դաշնակների, համաձայնվում է ստորագրել պատմության ամենաամոթալի պայմանագիրը` Ալեքսանդրոպոլի հաշտության պայմանագիրը` թուրքերի համար բոլոր առումներով բարենպաստ պայմաններով, միայն թե պահպանեն ինքնիշխանության փոքրիկ մասը և կանխեն Հայաստանի այն փոքր մասի խորհրդայնացումը, որը դեռևս մնացել էր  (ըստ պայմանագրի արդեն իսկ փոքր հանրապետության 20%):  Ավելին` Թուրքիան իր մանդատն է դնում Հայաստանի վրա, որը նշանակում էր, որ հայ ազգը գտնվելու է իր թշնամիների «պաշտպանության ներքո», իսկ Հայաստանի բանակը չպետք է գերազանցի 1500 հոգին...

Սակայն շուտով Ալեքսանդրոպոլի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Կարմիր բանակը մուտք է գործում Հայաստանի տարածք, և Առաջին հանրապետության կառավարությունը հրաժարական է տալիս:  Խորհրդային բանակի ուժերը ետ են վերցնում թուրքերի կողմից գրավված տարածքների մի մասը, ինչը երեք անգամ մեծացնում է Հայաստանի հանրապետության տարածքը: Հայաստանի խորհրդայնացումից հետո Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ոչնչացվում է առանց ուժի մեջ մտնելու:

Այդ նույն ժամանակ Անդրանիկը մեկնում է Ֆրանսիա, Անգլիա և ԱՄՆ, իսկ այնուհետև հայտնի սփյուռքահայ գործիչ Պողոս Նուբար Փաշայի հրավերով վերադառնում է Եվրոպա` սատարելու Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ Կիլիկիայի հայերի ազատագրական պայքարին: Կիլիկիան պետք է ճանաչվեր անկախ պետություն ֆրանսիական մանդատի ներքո: 

Զորավար Անդրանիկը Փարիզում, 1909 թ / houshamadyan.org

«Եթե չկարողանանք շարունակել պայքարը, ապա հայերի արտագաղթը Կիլիկիայից մեծ աղետ կլինի: Ավելի լավ կլիներ, եթե հայերը ապրեին ֆրանսիական իշխանության ներքո:  Կովկասում շատ գաղթականներ կան, իսկ Կիլիկայից գաղթականների համար շատ դժվար կլինի հասնել այնտեղ, հատկապես տարվա այս եղանակին: Կարծու՞մ եք ֆրանսիացիները կարող են փոխել իրենց վերաբերմունքը:   Կկարողանան արդյո՞ք նրանք հասկանալ հայերի հետ բարեկամության կարևորությունը սեփական շահերի տեսանկյունից:  Ապագան ցույց կտա»: որավար Անդրանիկի նամակից)

Ապագան ցույց տվեց: Այս նախաձեռնությունը ևս ձախողվեց անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման հետևանքով: Ֆրանսիան իր զորքերը հանեց Կիլիկիայից, իսկ թուրքական զորքերը մտան Կիլիկիա:  .

1922 թվականին Անդրանիկը տեղափոխվում է ԱՄՆ, Ֆրեզնո: Հանգիստ ու խաղաղ կյանքը, որ նա գտավ այնտեղ իր կնոջ հետ, չէր համապատասխանում հերոսի կյանքին: Դա նման էր ինքնաարտաքսման: 

Տեսնելով հայ քաղաքական գործիչների վրիպումները Թբիլիսիում, որոնք այնքան ճակատագրական եղան հայ ժողովրդի համար, և Էրզրումից հայ զինվորների ամոթալի նահանջը, որտեղ պայքարը արդեն հասել էր գագաթնակետին և ուր որ է պետք է պսակվեր հաջողությամբ, Անդրանիկը աշխարհի ոչ մի ծայրում չէր կարողանում գտնել հանգիստ ու խաղաղ մի այնպիսի անկյուն, որ կսփոփեր նրան:  Ֆրեզնոյում` խաղողի այգիների լռության ներքո, Անդրանիկը սգում էր իր երազանքների համար, որոնք փշրվեցին Էրզրումի պատերի տակ: 

Զորավար Անդրանիկը այցելել է Ամերիկայի բազմաթիվ քաղաքներ ու նահանգներ և շարունակել աջակցություն ցուցաբերել սփյուռքի հայերին, նվիրատվություններ կազմակերպել հայ գաղթականների և որբերի համար: 

Նյու Յորք կատարած իր վերջին այցի ժամանակ նա ասաց` «Մենք բոլորս մահկանացու ենք:  Երբ ես մահանամ, ես չեմ ցանկանում, որ իմ մարմինը պատկանի ինչ որ մեկին: Այն պատկանում է հայ ազգին, իմ հավատարիմ զինվորներին և Հայաստանին: Ես չեմ ցանկանում, որ իմ դագաղի առաջ դրվատանքի խոսքեր հնչեն: Ծաղիկների փոխարեն ես ցանկանում եմ, որ դուք նվերներ ուղարկեք իմ լքված զինվորներին ու նրանց ընտանիքներին»:

Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, նրա վերջին խոսքերն էին` «Գործս կիսատ մնաց…»:

Աղբյուրը` Andranig Chalabian, "General Andranik and the Armenian Revolutionary Movement"

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո