Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ինչպես հայը դարձավ պարսկական հեղափոխության առաջնորդ` Եփրեմ Խան
Հուշ

Ինչպես հայը դարձավ պարսկական հեղափոխության առաջնորդ` Եփրեմ Խան

Հայոց պատմությունը իր մեջ զետեղել է Իրանի հետ ունեցած հազարամյակներ ձգվող փոխհարաբերությունները` հայերն ու պարսիկները ապրել են կողք կողքի և զգալի ազդեցություն են թողել միմյանց վրա: Դարեր ի վեր զրկված լինելով պետականությունից` հայերը ժամանակի ընթացքում այս երկրում ստեղծում են խոշոր համայնք, որն արդեն գոյություն ունի 400 տարի:  Զարմանալի չէ, որ երբ 20-րդ դարի սկզբին Իրանում սկսվեցին հեղափոխական շարժումները` ուղղված միապետության տապալման և բոլորի համար արդար և հավասար օրենքների հիմնմանը, հայերը իրանցի ժողովրդի հետ միասին դարձան այդ հեղափոխության անմիջական մասնակիցներ:  1905-1911թթ պարսկական հեղափոխության լեգենդար հերոսների աստղային կազմում իր արժանի տեղն է զբաղեցնում հայ-իրանական պատմության ականավոր գործիչ, փայլուն կերպար Եփրեմ Դավիթի Դավթյանը` Եփրեմ Խան Սարդարը: Խորհրդային պատմագրության մեջ նրա գործունեությունը գնահատվում էր վառ արտահայտված քաղաքական համատեքստով. բազմիցս անտեսվել են Եփրեմի ունեցած արժանիքները հեղափոխության իրականացման գործում:  Խորհրդային պատմաբանները զրպարտում էին ականավոր ռազմիկի  ու հրամանատարի բարի անունը:  Հետևաբար` սույն աշխատությունը առաջին հակահարվածն էր պատմության կեղծարարների դեմ` պարսկական հեղափոխության մեջ ունեցած Եփրեմ Խանի ավանդի վերաբերյալ:  Այն գրվել է պատմության գիտությունների թեկնածու Ռոման Բաղդասարյանի կողմից, որը հրատարակել  է իր  “Եփրեմ Խան Սարդար” գիրքը Արտավազդ Բագրատիդ կեղծանունով:

Հայերի մասնակցությունը պարսկական հեղափոխությանը 

«Փոխադարձ բարիդրացիական հարաբերություններից բացի Պարսկաստանում ապրող կամ ճանապարհորդող հայը դեռ երկար ժամանակ կզգա հարգանքի այն մթնոլորտը, որը ստեղծել է Եփրեմը, Քեռին և այլ պարսկահայեր` ազատագրական շարժման մասնակիցներ»: (Պատմաբան և ճանապարհորդ Լևոն Մեսրոպի օրագրից)  

Հայերը (ինչպես Իրանի, այնպես էլ Հարավային Կովկասից և Արևմտյան Հայաստանից եկածները) առաջին իսկ օրվանից արդյունավետ աջակցություն են ցուցաբերել իրանցի ժողովրդին հեղափոխության իրականացման գործում:

19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին իրանահայերի շրջանում ուժեղանում են ազգային ինքնագիտակցության միտումները` բացվում են հայկական դպրոցներ, թատրոններ, տպագրվում են թերթեր և ամսագրեր մայրենի լեզվով, ստեղծում են քաղաքական կազմակերպություններ:  Ինչպես և ֆրանսիական դպրոցները` հայկական դպրոցները ևս շուտով Իրանում դառնում են կրթության և լուսավորության էտալոն, և, ընդհանրապես, հայկական մշակութային հաստատությունները տարբերվում էին իրենց եվրոպական տեսքով և մշակույթով:

Հեղափոխական պայքարում ժողովրդի ակտիվ մասնակցության և համակարգման գործում հիմնական դերը պատկանում էր “Դաշնակցություն” քաղաքական կուսակցությանը, որն ուներ իր Կենտրոնական Կոմիտեն Թեհրանում: Դեռ հեղափոխական իրադարձությունների շեմին` կուսակցության անդամները որոշում կայացրեցին մասնակցել հարևան երկրի ժողովրդի ազատագրական պայքարին: Դրա համար խթան հանդիսացան մի քանի գործոններ`

1. Իրանում բնակվում էին մեծ քանակությամբ հայեր: Հատկապես վտանգված էին Օսմանյան կայսրությանը սահմանակից Ատրպատական նահանգում բնակվող հայերը:  Հետևաբար` դաշնակները իրենց պարտքն էին համարում թուրքերի` երկիր ներխուժելու դեպքում, ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի սահմանադրական կառավարությանը:     

2. Իրանի սահմանադրական կառավարությունը (ընդդիմադիր մարմին (պառլամենտ), որը դեմ էր շահին) կարող էր ընդլայնել երկրի հայ բնակչության իրավունքները, ինչպես նաև թեթևացնել հայ գյուղացիների և Թուրքիայից եկած հայ գաղթականների վիճակը: 

Դաշնակները հեղափոխական պայքարի մեծ փորձ, լավ ռազմական ուժ, գերազանց կազմակերպչական հմտություններ ունեին, և մեջլիսում (իրանական պառլամենտում) այդ մասին քաջատեղյակ էին: Հայկական կողմի և իրանական կառավարության միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները: Դաշնակները պարտավորվում էին`

1. Եվրոպայում ունեցած իրենց կապերի շնորհիվ (“Դաշնակցության” արևմտյան բյուրո) պաշտպանել Պարսկաստանի երիտասարդ դատարանը` տրամադրելով արևմտյան լրատվական միջոցներին համապատասխան նյութեր:

2. Իրանին ռազմական օգնություն ցուցաբերել զավթիչների դեմ պայքարում, ովքեր փորձում էին գրավել երկրի սահմանամերջ շրջանները:

3. Սահմանադրական (հեղափոխական) կառավարությանը տրամադրել փորձառու սպաներ, ռազմական մասնագետներ, պայթուցիկ նյութեր:

Հեղափոխական կառավարությունը պարտավորվում էր`

1. Պաշտպանել Պարսկաստանի հայերի իրավունքները:

2. Թուրքիայի հայ գաղթականներին տրամադրել հողամասեր` ապրելու և աշխատելու համար:

3. Երաշխավորել դաշնակցական մարտական ջոկատների ազատ տեղաշարժը երկրի ներսում:

4. Ապահովել անվտանգություն և հեշտացնել զենքի և զինամթերքի մատակարարումը արտասահմանից Պարսկաստան:

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Իրան է ժամանում “Դաշնակցություն” կուսակցության անդամ, “Իրանի ապագա բռնապետ” Եփրեմ Դավթյանը:  Նա արագ ձևավորում է հայ-պարսկական կոմիտե և փաստորեն սկսում է նոր դարաշրջան` Եփրեմ Խանի հերոսական էպոպեան` դառնալով պարսկական հեղափոխության գլխավոր հերոսը:  Նրա  աներևակայելի և ֆանտաստիկ հաղթանակները դարձնում են նրան 20-րդ դարի սկզբի ամենաականավոր գործիչը: Սակայն դրա մասին քիչ ավելի ուշ:

Պարսկական հեղափոխությանը, ուղղված միապետության տապալմանը և սահմանադրական, ժողովրդավար համակարգի ստեղծմանը ընդդեմ թուրքերի և իմպերիալիստների սպառնալիքների, մասնակցում էին նաև տարբեր ազգության կամավորներ, որոնց թվում էին հայեր, վրացիներ, ռուսներ:  Նրանք համոզված էին, որ պատմական առաքելություն են իրականացնում ի շահ իրանցի ժողովրդի, իսկ այս առաքելության իրականացման գործում հայերը հանդիսանում էին գլխավոր դերակատարներից մեկը: 

Սակայն, ինչպես արդեն ասվել է, խորհրդային պատմաբանները խոչընդոտում էին հայերի` մասնավորապես Եփրեմ Խանի պարսկական հեղափոխությանը հերոսական մասնակցության վերաբերյալ հիշատակումներին և տրամադրում էին խեղաթյուրված տվյալներ այդ ամենի մասին:  Հատկապես այդ գործում աչքի էին ընկնում խորհրդային ադրբեջանցի գրողներն ու պատմաբանները:

Այս առումով հարկ է ընդգծել այն փաստը, որ հայերի դերը պարսկական հեղափոխության ժամանակ բացառիկ բնույթ էր կրում... Իրանցի պատմաբաններ Ահմեդ Քեսրավին և Էբրագիմ Սաֆային իրենց աշխատություններում բավականաչափ ուշադրություն են դարձրել հայերի ակտիվ մասնակցությանը սահմանադրական հեղափոխության ժամանակ:  Հայերը օգնություն են ցուցաբերել իրանցի աշխատավորներին քաղաքական կազմակերպություններ ստեղծելու գործում:

Եփրեմ Խան Դավթյան` ինչպես սկսվեց այս ամենը

Եփրեմ Ասրիբեկյան-Դավթյանը ծնվել է 1868թ. Բարսում գյուղում (Մեծ Հայքի արևելյան հատված` ներկայումս Ադրբեջանի տարածք):   Դեռևս մանուկ հասակում ապագա մարտիկն ու հերոսը բազում պատմություններ է լսում իր հերոս Ասրիբեկ պապի խիզախության և հերոսության, Արցախի հայրենասեր մելիքների և օտարների դեմ նրանց պայքարի մասին:

Եփրեմի մանկության տարիներին հայ հայրենասերները հեռավոր գյուղերում հիմնում են դպրոցներ, որպեսզի լուսավորեն ու կրթեն բնակիչներին, հայ մանուկներին ուսուցանեն մեսրոպատառ գրագիտություն:  Նրանցից մեկը Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանի շրջանավարտ Մարտիրոս Բալաբեկովն էր, ով Բարսում գյուղում բացում է առաջին պետական դպրոցը, իսկ նրա առաջին աշակերտներից մեկն էլ Եփրեմն է լինում:   10-12 տարեկան Եփրեմը համակ ուշադրությամբ յուրացնումէ իր պապիկի և համագյուղացիների  կատարած սխրանքները և երդվում իր կյանքը նվիրաբերել հանուն իր ժողովրդի ազատագրման գործի: 

Հետագա տարիներին Եփրեմը ուշի ուշով հետևում էր 1880-ական թվականների քաղաքական իրադարձություններին, հատկապես Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող պարտիզանական շարժումներին:   Հայ հասարակության առաջադեմ շերտերը սկսեցին ավելի ու ավելի հստակ գիտակցել, որ Արևմտյան Հայաստանի բնակչության իրավունքների մասին հռչակագրի տխրահռչակ 61-րդ հոդվածը, որը ներկայացվել է Բեռլինի համաժողովում Թուրքիայի պատվիրակության կողմից, ոչ մի դրական արդյունք չի տա, քանի որ թուրքական կառավարությունը մտադիր չէ որևէ բարեփոխում իրականացնել` չնայած նրանց հավաստիացումներին և խոստումներին: 

Այդ իսկ պատճառով հայերի շրջանում ի հայտ է գալիս հետևյալ կարգախոսը` “Հայի ազատագրումը կարելի է իրականացնել իր ամուր ձեռքի օգնությամբ”:  Արևելյան Հայաստանից շատ երիտասարդներ սկսեցին հատել Օսմանյան կայսրության սահմանը` արևմտահայության շրջանում լուսավորչական և կրթական աշխատանքներ տանելու համար, ինչպես նաև հարկ եղած դեպքում զենքով պաշտպանելու իրենց քույրերին և եղբայրներին:

Շուտով 17-ամյա Եփրեմը, ով նոր էր ավարտել Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանը, որոշում է միանալ հայրենասիրական գործունեությանը` իր անապահով և չքավոր հայրենակիցների պատիվն ու արժանապատվությունը փրկելու համար:  Նա միանում է Մուշի Սբ. Կարապետ վանքի մոտակայքում գործող պարտիզանական խմբին:  1889թ. նա հերոսական մարտեր է վարում Սասունի սարերում, այնուհետև Վանում, Էրզրումում և այլ վայրերում:   Այստեղ նա մոտիկից ծանոթանում է լեգենդար Անդրանիկի հետ և մինչև կյանքի վերջ նրանց ընկերությունը չի ընդհատվում…

1889թ. Եփրեմը որոշում է մեկնել Կարս և միանալ Պետերբուգում սովորող Նիժ գյուղից հայազգի Սարգիս Կուկունյանի ջոկատին, ով ցանկանում էր մեծ խմբով կամավորների հետ միասին հատել սահմանը:  Խմբի հիմնական հատվածը բաղկացած էր 20-25 տարեկան երիտասարդներից, նրանցից շատերը զենքի հետ վարվելու կանոնները չգիտեին. թողնելով իրենց ուսանողական նստարանները, հայրենասիրական դրդապատճառներով և ազնիվ մտադրությամբ նրանք որոշեցին գնալ Արևմտյան Հայաստան, որպեսզի ստիպեն թուրքական իշխանություններին կատարել Բեռլինի համաձայնագրի առնվազն 61-րդ հոդվածը:  Ընդհանուր առմամբ 110 հոգի էին, որոնց սահմանին սպասում էին ռուսական սահմանապահ զորքերը: Հայկական ջոկատը ընկնում է նրանց թակարդը:  Կուկունյանը, Եփրեմը և նրա ընկեր Մովսիսյանը ձերբակալվում են:  Հարցաքննության ժամանակ նրանք ազնվորեն խոստովանեցին, թե ինչն էր իրենց նպատակը` հույսը դնելով հայերի ավանդական հավատարմությանը Ռուսաստանին և իշխանությունների բարեխղճությանը, սակայն նրանց բանտ են ուղարկում:  Բանտի պատերից ներս Կուկունյանը բանտարկված իր ընկերներին դասավանդում է ընդհանուր կրթվածության դասեր, հայ ժողովրդի պատմություն, թվաբանություն, քերականություն և ռուսաց լեզու:

Ձերբակալման ամենադժվար հատվածը տաժանակիր աշխատանքների կատարումն էր` ածելիով գլուխները սափրած, աջ կողմում շղթայված բանտարկյալներին ուղարկում են հեռավոր Սախալին 8 տարի տաժանակիր կյանքի:  Երեք տարի անց Եփրեմի գլխավորությամբ մի խումբ բանտարկյալներ դիմում են փախուստի դեպի անծայրածիր, անհայտ և մահացու վտանգավոր տափաստան` շարժվելով դեպի արևմուտք` դեպի քաղաքակրթություն…

Այս ճանապարհը 21-ամյա հայի համար դառնում է կյանքի ամենադժվար փորձություններից մեկը, որի խղճին և ուսերին է ընկնում իր չորս ընկերների ճակատագրի պատասխանատվությունը: Նրանց ճանապարհն անցնում էր ճահիճների տհաճ հոտի և հորդառատ անձրևների, լիանների տանջալից միահյուսումների և վայրի գազանների հետ հանդիպման անընդհատ վտանգի, սովի և ծարավի, անհայտության հանդեպ վախի միջով:  Կյանքի համար պայքարելու համար նրանք ունեին միայն մի ժանգոտ կացին:  Վերջ ի վերջո հաղթահարելով բազմաթիվ փորձություններ` Եփրեմին հաջողվում է փրկվել և փրկել իր ընկերներին:  Սակայն, գիտակցելով, որ  նա այլևս չի կարող մնալ Ռուսաստանում, Եփրեմը որոշում է մեկնել Պարսկաստան:

Եփրեմը Պարսկաստանում`1905-1911 հեղափոխությունը

Իրանի որ քաղաքում էլ որ նա լիներ, Եփրեմը արագ իր շուրջն էր կենտրոնացնում հայ երիտասարդներին:  Նա չէր մոռանում նաև իրանցի ժողովրդի մասին, պատմում էր նրանց դժվարին և իրավազուրկ վիճակի մասին, հեղափոխության անհրաժեշտության մասին` հանուն արդար փոփոխությունների, հանուն ավելի լավ կյանքի:  

Ռեշտա քաղաքի (Գիլան գավառ) աղյուսի գործարանը, որտեղ Եփրեմն էր աշխատում, դառնում է հեղափոխական մտածող հայերի, պարսիկների, ադրբեջանցիների և այլնի հավաքատեղի:  Հասարակ ժողովրդի շրջանում նա մեծ համբավ է ձեռք բերում:

1908 թվականին Իրանում հեղաշրջում է տեղի ունենում: Այն հեղափոխական ալիք է բարձրացնում Գիլան գավառում: Ռեշտա քաղաքի ակտիվիստները ևս համակարգում են իրենց ուժերը Մոհամմեդ-Ալի շահի ռեժիմի դեմ:  Աղբյուրներից հայտնի է դառնում, որ Եփրեմ խանը նաև կապ էր պահում Թիֆլիսի և Բաքվի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների հետ և այնտեղից ստանում զենք և կամավորներ:  Հարկ է նշել, որ կամավորների մեծ մասը անկուսակցական էին և նրանց շարքերում կային ոչ միայն հայեր, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ:

Այս խիզախ տարբերի ազգերի մարտիկներից է ձևավորվում սահմանադրական զորքը, որը այնուհետև գրավում է Թեհրանը և իշխանությունից հեռացնում շահ Մուհամմեդ-Ալիին:

Այսպիսով` ապստամբներին սկզբից հաջողվում է գրավել Գիլանը և այնտեղ ձևավորել նահանգային խորհուրդ:   Քաղաքապետ է ընտրվում Մուիզ-Օս-Սուլթանը:   Այնուհետև, Եփրեմը 12 քաջերի հետ միասին հարձակվում է Էնզելի քաղաքի վրա և հավաքում որոշ քանակությամբ զենք ու զինամթերք:  Եփրեմի և և սարդար Մուիզի հերոսական ջոկատները շահի զորքի և Լյախովի կազակների դեմ վարում են անհավասար, բայց հաղթական մարտեր Ասարակ գյուղում, Քերեջ և Խահբագ կիրճերում և քայլ առ քայլ մոտենում են մայրաքաղաքին:   Վհատված և զայրացած լինելով Եփրեմ Խանի ղեկավարությամբ հեղափոխական զորքերի անհավատալի հաղթանակներով` շահը գնդապետ Լյախովի հրամանատարությամբ մայրաքաղաքի մատույցներում է կենտրոնացնում մեծաքանակ ռուս-պարսկական ուժեր:

Երեք ծանր մարտերից հետո Լյախովը վերջապես համոզվեց, որ անիմաստ է դիմադրել և հանձնվեց: Ճակատագրական մարտում Եփրեմ խանը համոզիչ հաղթանակ է տանում:

Հաշվի առնելով հայ-ռուսական պատմական կապերը` Եփրեմը ռուս գնդապետ Լյախովին հրավիրում է ընկերական հանդիպման Մեջլիսի շենքում, և երկու հրամանատարները բաակ են բարձրացնում խաղաղության համար:  Լյախովը հարցրեց Եփրեմ խանին`

–  Չեմ հասկանում, ի՞նչն է Ձեզ ստիպում այդքան մոլեգին պայքարել հանուն պարսիկների սահմանադրական հեղափոխության:

–  Ինձ համար հեշտ է պատասխանել Ձեր հարցին, իսկ Ձեզ դժվար կլինի բացատրել` ի՞նչ բարոյական սկզբունքներով եք դուք առաջնորդվում` պաշտպանելով շահի պալատը:  Բայց ես չեմ հարցնում, քանզի գիտեմ պատասխանը:  Իսկ ինձ հեղափոխության մասնակցելը դրդում է նաև իմ ժողովրդի շահերը:  Հյուսիսից Դուք (ռուսները), հարավից Անգլիան մասնատել եք Պարսկաստանը  ըստ ազդեցության  ոլորտների:  Արդեն իսկ ճնշված, չքավոր ժողովուրդը ի վիճակի չէ դիմադրել ձեր քաղաքական ճնշմանը: Իրանի հետ սահմանին Թուրքիան կուտակել է իր զորքը` երկրի մի մասը գրավելու նպատակով, իսկ շահը դրան չի դիմադրում:  Տառապում է նաև իմ ժողովուրդը, ով խաղաղ ապրում է պարսիկների հետ:  Այստեղ հայերն ունեն երկու թեմ, շատ դպրոցներ, մշակութային և առևտրային կենտրոններ:   Սահմանից այն կողմ` Թուրքիայում, իշխանությունները մեծ հանցանքներ են գործել Արևմտյան Հայաստանի բնակչության դեմ, և դա դեռ կշարունակվի:  Պարսկաստանի մի մասը գրավելու մտադրությունը կարող  է դարձնել այս երկիրը հայերի ոչնչացման վայր... Ես պայքարում եմ հանուն ազատության և իմ տառապյալ ժողովրդի կյանքի գոյության:

Տարած հաղթանակի շնորհիվ` 1909թ. հուլիսի 30-ին Եփրեմ խանը իր  ընդամենը 300 հոգուց բաղկացած հայկական ջոկատի հետ միասին առաջինն է մտնում մայրաքաղաք Թեհրան և իր ձեռքն է վերցնում իշխանությունը:  Իրանի շահ Մոհամմեդ-Ալին գահազրկվեց, և Եփրեմը վերականգնեց խորհրդարանը (մեջլիսը):  1906-1907 թթ սահմանադրությունը վերականգնվում է և ձևավորվում է ժամանակավոր կառավարություն:  Եփրեմը նշանակվում է Թեհրանի ոստիկանապետ, իսկ փաստացի` հեղափոխական զորքերի գլխավոր հրամանատար:  Ցուցաբերած ռազմական խիզախության համար նա ստանում է Սարդարի (Մարշալի) կոչում:

Հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխական ջոկատների շատ հրամանատարներ պետական պաշտոններ ստացան:  Իրանի ժողովրդավարական շրջանակները խորին երախտագիտությամբ են հիշում Եփրեմ Դավթյանի անունը:  Նրա անհերքելի և անշահախնդիր գործունեությունը փառաբանում էին ոչ միայն իրանական, այլ որ իրանական աղբյուրները:  Եվ միայն խորհրդային գրականության մեջ էր սուբյեկտիվ տեղեկատվություն և անարդար գնահատական տրվում հայ Գարիբալդի` Եփրեմ խանին: Եվ դա, առնվազն, տարօրինակ է:

Հեղափոխությունից հետո

Հարկ է նշել, որ հեղափոխությունից հետո նոր կառավարության գործունեության մեջ չէր նկատվում այն, ինչի համար պայքարում էր ժողովուրդը:  Խոշոր ֆեոդալ Սեպահդարը, ով իշխանության գլուխ էր եկել շահի տապալումից հետո, այդպես էլ չկարողացավ երկիրը դուրս բերել դժվար տնտեսական վիճակից:

Անկախ ամեն ինչից Եփրեմ խանը շարունակում էր պայքարը հեղափոխության թշնամիների դեմ, դեռևս հույս ունենալով, որ տառապած երկրում կիրականացվեն արմատական ժողովրդավարական փոփոխություններ, բնակչության չքավոր խավի կենսակերպը կբարելավի:  Նա շարունակում է պաշտպանել սահմանադրական հեղափոխությամբ ձեռք բերված ժողովրդավարական իրավունքները:  Նա կրկին ու կրկին հերոսական հաղթանակներ էր տանում միապետության ապստամբող համախոհների դեմ` դաժան խոշոր ֆեոդալ Ռահիմ խանի, Մոհամմեդ-Ալի  Զանջանա մուլլայի, “Համսայի” խան Ջահանգիր Աֆգարի դեմ:   Սահմանադրության թշնամիների նկատմամբ տարած հաղթանակները այնպես էին ամրապնդել Եփրեմի փառքը, որ հակառակորդների մոտ իսպառ վերացան երկրորդ անգամ հարձակում գործելու միտքը:

1910թ հուլիսին վերադառնալով Թեհրան` Եփրեմը տեղեկանում է, որ ժամանակավոր կառավարության ղեկավարների որոշմամբ շահ Մոհամմեդ-Ալիի բազմաթիվ կողմնակիցներ վերադարձել են պետական ապարատ:  Նրան միանգամայն պարզ է դառնում, որ  պետապարատ խցկված թշնամիները պատրաստվում են ներսից պայթեցնել դեռևս չամրապնդված սահմանադրական պետությունը, և այսպիսով օգնել խահին վերադառնալ իր գահին և երկրում վերականգնել միապետությունը:

Եփրեմը վճռականորեն դեմ է արտահայտվում կառավարության ղեկավարների վարած քաղաքականությանը, պահանջում է պետապարատից հեռացնել միապետականներին և սահմանադրության թշնամիներին:  Օգտվելով իր հեղինակությունից` նա փորձում է մաքրել կառավարության ապարատը, սակայն հանդիպում է ուժեղ դիմադրության: 

Եփրեմը խորը ապրումներ է ունենում այն երկրի և ժողովրդի ճակատագրի համար, հանուն որի պայծառ ապագայի նվիրաբերել ու ձոնել է իր կյանքը:  Եվ չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական կարգերը ոչ մի էական փոփոխություններ չբերեցին ժողովրդին, նա ճիշտ և համարձակ որոշում է կայացնում` շարունակել պայքարը հեղափոխության թշնամիների դեմ և կանխել  միապետական կարգերի վերականգնումը երկրում: 

Մոհամմեդ-Ալի շահը և նրա կողմնակիցները կրկին անգամ գլուխ են բարձրացնում և համակարգում են ուժերը` Թեհրանի վրա հարձակվելու համար:  Բարդ իրավիճակում Եփրեմ խանի դրոշի հովանու են հավաքվում հեղափոխության նվիրյալները:  Հաջող մարտերից հետո Եփրեմը դեմ հանդիման հանդիպում է իր հակառակորդին:   Վճռական մարտի նախօրեին Եփրեմը խոստանում է 48 ժամվա ընթացքում ջախջախել միապետականներին  և վերադառնալ մայրաքաղաք:  Նա կատարում է իր խոստումը և տղամարդու տված խոսքը:  Չնայած թշնամին գտնվում էր ավելի հարմար դիքրում` Եփրեմի քաջերի կայծակնային հարձակումը, որը հիմնականում բաղկացած էր հայերից, ստիպում է թշնամուն փախուստի դիմել: Թշնամին մարտի դաշտում է թողնում մեծ թվով սպանվածների:  

Մոհամմեդ-Ալի շահը խուճապահար նահանջում է և հեռանում Իրանից` ապաստան գտնելով Ռուսաստանում:  Կայծակնային գործողությունները շվարեցնում են թշնամիներին, նրանք խորապես ցնցվում են, և հեշտությամբ ենթարկվում են Եփրեմ խանին:    

1911թ սեպտեմբերի 11-ին Եփրեմին սպասվում է ևս մեկ մարտ, այս անգամ շահի հրամանատար Սալար-օդ-Դովլեի դեմ, ով Պարսկաստանում բազմաթիվ տարածքներ էր զավթել:  Եփրեմին հաջողվում է դուրս շպրտել նրան իր 6-հազարանոց ջոկատի հետ միասին, Սալար-օդ-Դովլեն փախչում է Օսմանյան կայսրություն: 

Շահին և նրա եղբայրներին արտաքսելուց հետո մեջլիս որոշում է կայացնում դադարեցնել նախկին շահի տրվող ցմահ թոշակը, ինչպես նաև բռնագանձել Սալար-օդ-Դովլեի և մնացած միապետականների ունեցվածքը:  Այս արդարացի որոշումը զայրացնում է Ռուսաստանի ցարական կառավարությանը, որը Բաքվից Գիլան է ուղարկում 400 հոգուց բաղկացած մի մեծ ջոկատ և շրջափակում Ռեշտը և Կազվինը:

Ռուսաստանի հաջորդ քայլը նոր կառավարությանն ուղղված վերջնագիրն է. ռուսական դեսպանության աշխատակիցները պահանջում են զինաթափել և լուծարել կամավորական ջոկատները, սահմանադրությունից հանել հեղափոխության արդյունքում ունեցած փոքրիկ ձեռքբերումները, վերականգնել շահի կարգերը:  Ռուսական գործակալները փորձում են քաղաքում ստեղծել արհեստական քաոս և սով:  

Բայց հեղափոխական ուժերը ևս քնած չէին` Եփրեմի ղեկավարությամբ կազմակերպվում են բողոքի ցույցեր ընդդեմ Ռուսաստանի միջամտության իրենց երկրի ներքին գործերի:  Ժողովուրդը պահանջում է մեջլիսից վճռականորեն մերժել ռուսական վերջնագիրը:

Ժողովրդի և անձամբ Եփրեմ խանի ճնշումների ներքո մեջլիսը մերժում է Ռուսաստանի վերջնագիրը, որից հետո Ռուսաստանը սկսում է վարել խորամանկ, “հանգիստ” քաղաքականություն:  Անգլիացիները ևս քնած չէին:  Նրանք առանձին աշխատանքներ են տանում կառավարության անդամների հետ, համոզում են նրանց ընդունել վերջնագրի մի քանի կետեր:  Շուտով կառավարության շատ անդամներ անգլո-ռուսական գայթակղիչ առաջարկների ներքո ընդունում են թշնամի գործակալներին հարմար ռուսական պահանջների կետերը:

Չհաշտվելով կառավարության անդամների դավաճանության հետ` Եփրեմը հրաժարվում է իր պաշտոնից:  Հայտնի հրամանատարը դառնում է անգլո-ռուսական գաղութարարների դավադրության և մեջլիսի հիմնարարների դավաճանության զոհը:   

Ռուսների վերջնագրի ընդունումից հետո երկրում իրավիճակը կտրուկ փոխվում է:  Իրանը հայտնվում է քաղաքական և տնտեսական փակուղու մեջ:   Գահընկեց արված շահ Մոհամմեդ-Ալին, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, կրկին ներխուժում է Իրան` հույս ունենալով վերադարձնել իր գահը:  Այս անգամ նա իր հետ բերում է 3000 կովկասցի լեռնցիների, որոնց պետք է միանային երկրի թուրքմենական միապետականները:  

Շահի ներխուժման վտանգը հաշտեցնում է Եփրեմին կառավարության հետ:  Նա կրկին իր ձեռքն է վերցնում հրամանատարությունը:  1912թ. ժամանակավոր կառավարությունը նրան նշանակում է պաշտպանության նախարար:  Սակայն Եփրեմը գտնվում էր չափազանց բարդ իրավիճակում:  Ունենալով հայերից և պարսիկներից բաղկացած 1000 հոգանոց զորք (իր բանակի մեծ մասը)` նա պետք է կռվեր երեկ ճակատներում:  Չնայած բոլոր դժվարություններին` Եփրեմի փայլուն ռազմական մարտավարությունը հանգեցնում է նրան, որ նրա սակավաթիվ զորքը ջախջախում է շահի 20-հազարանոց բանակին:  Կրկին անգամ պարտություն կրելով` Մոհամմեդ-Ալին ընդմիշտ լքում է երկիրը` մեկնելով Բաքու:

«Պարսկական սահամանադրական պայքարում հայերի մասնակցությունը խորը և երկարատև ազդեցություն ուներ պարսկական ժողովրդի կենսակերպի վրա(...) Պարսիկներն ու հայերը, ովքեր սովոր էին ապրել խաղաղության մեջ, բնականաբար միմյանց նայում էին որպես բարեկամի: (...) Պարսկական մտավորականությունը, ով առաջինը բողոքի ձայն բարձրացրեց, միանգամայն բնական համարեց հայերի մասնակցությունը սկսված պայքարում, և, ավելին, հույս ուներ, որ հայերը որպես երկրի բնակչության ավելի կրթված ու կազմակերպված մաս, կկանգնեն իրենց կողքին: Ես մեկն եմ այն մարդկանցից, ով ընդգծում էր հայերի չափից ավելի ներգրավվածությունը պարսիկների ազատագրական պայքարին:  Սակայն, երբ ավելի լավ ճանաչեցի Պարսկաստանը, հասկացա, որ առանց դրա վտանգի տակ կլիներ հայերի ֆիզիկական գոյությունը:   Բայց երջանկությունը ժպտաց Պարսկաստանի հայերին, քանի որ ամենատագնապալի օրերին նրանք կարողացան Եփրեմ ծնել: Նրա ռազմական տաղանդը և աննկուն բնավորությունը փրկեցին իրավիճակը:   Իր փոքրիկ բանակով նա հարված հարվածի ետևից էր հասցնում հակառակորդի տաս հազարանոց բանակին և դարձավ մեկը մյուսի ետևից բարձրացող ապստամբությունների ղեկավար`պառլամենտը պաշտպանելու համար»: (Լևոն Մեսրոպ)

Եփրեմ Խան` մահից հետո

1912 թ. մայիսի 6-ին շահի զորքերի դեմ պատերազմում զոհվեց Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սարդար Եփրեմ Խանը` Եփրեմ Դավիթի Դավթյանը:

Եփրեմի մարմինը բերում են Թեհրան:   Մայրաքաղաքի հազարավոր մարդիկ ցավով սգում են ազգային հերոսի մահը:  Գրեթե ողջ քաղաքը, պետական, հեղափոխական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ թաղման ժամանակ քայլում էին Եփրեմ Խանի դագաղի ետևից: 

Նա թաղվում է Հյակազյան հայկական դպրոցի բակում (ներկայումս` Եփրեմ Խան Դավթյանի անվան դպորց):  Հայկական “Մշակ” թերթը գրում է` «Փարիզից հեռագրվում է, որ երիտասարդ պարսիկների կոմիտեն հայտարարություն է արել այն մասին, որ Եփրեմ Խանը դավադրաբար սպանվել է»:

Նրա մահը մեծ կորուստ էր սահմանադրության կողմնակիցների համար:  Իրանի կառավարությունը հատուկ հաղորդագրություն է ուղարկում իր դիվանագետներին, որում արժանի գնահատական է տալիս հրամանատարին` «Եփրեմ Խանի մահը այն կորուստներից, որը հնարավոր չէ լրացնել...»:

Եփրեմի և նրա մարտական ընկերների խիզախությունների մասին խոսվում էր եվրոպական, իրանական, հայկական, ադրբեջանական, վրացական և ռուսական մամուլում:  Ժողովուրդը երգեր էր հյուսում և երգում քաջարի հայ զինվորների մասին, ովքեր վաստակել էին նրանց սերն ու հարգանքը:

«Նրա հայրենիքը Արցախն է` խիզախների բնօրրանը, որը միշտ բարձր էր “ստրկություն” հասկացությունից:   Սա սարերի և անանցանելի արահետների երկիր է, որտեղ թափառել է Դավիթ-Բեկի ոգին»: (Ավետիք Իսահակյան)

Լուսանկարում՝ Եփրեմ Խանը (աջ կողմում նստած) համածառայողների հետ tumblr.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո