Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ԴԱՅԱԿՈՒԹՅՈՒՆ. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Մշակույթ

ԴԱՅԱԿՈՒԹՅՈՒՆ. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Հայաստանը ավանդույթների երկիր է: Ավանդույթների, որոնք հաճախ ծնվում են կյանքի ծանր պայմանները հաղթահարելու անհրաժեշտությունից: Այդպիսի ավանդույթներից մեկն է խնամակալության կամ դայակության կիրառումը:

Դայակությունը երեխաների դաստիարակության մի ձև էր, որը կիրառվում էր Հին Հայաստանում, երբ ծնողը ուղարկում էր իր երեխային դաստիարակվելու և կրթվելու այլ կենցաղում: Այս պրակտիկան հատկապես հայտնի էր հայ ազնվականության շրջանում հնագույն ժամանակներում: Ժամանակակից հայերենով դայակ պարզապես նշանակում է ստնտու, բայց հնում այն վերաբերվում էր նրան, ում վստահված էր երկար ժամանակ երեխային կրթելու և դաստիարակելու գործը:

Միջին դարերում հայ նախարարների (լորդերի` եվրոպական մշակույթում) երիտասարդ որդիներին ուղարկում էին այլ նախարարների մոտ դաստիարակվելու և կրթվելու, երբեմն երկրի հեռավոր շրջաններ: Տասնհինգ տարեկան հասակում այդ երիտասարդը վերադառնում էր տուն, հաճախ իրեն «որդեգրած» ընտանիքից հարսնացուի հետ միասին: Երիտասարդի (ով նաև կոչվում էր սան` աշակերտ, «խնամյալ» կամ «հովանավորյալ») և ընդունող տիրոջ (կոչվում էր դայակ) միջև գոյություն է ունեցել կապ ամբողջ կյանքի ընթացքում, և եթե երիտասարդը վերադառնում էր տուն կնոջ հետ, երկու նախարարական տների փոխադարձ շահերը առաջ են գնում:

Ձախ կողմում ՝ Հայաստանի արքա Տրդատ III-ը, աջում՝ հիմնաքանդակ Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարում (10-րդ դար):

Այս ավանդույթի պատմությունը վերագրվում է դեռ անհիշելի ժամանակներին, և հայկական ամենավաղ ձեռագրերը կարող են դա վկայել: Հայ պատմաբան Մովսես Խորենացին (մ.թ. մոտ 410–490-ականներ) հասցնում է դայակության ավանդույթը մինչ նախապատմական Հայաստան ՝ առասպելական Վաղարշ և Երվանդ թագավորների ժամանակներ: Իրոք, հաշվի առնելով Հին Հայաստանում պտղաբերության աստվածուհու` Անահիտի երկրպագությունը, ով հայտնի էր որպես հղի կանանց և մանկահասակների պաշտպան և հովանավոր, դժվար չի ենթադրելը, որ դայակությունը` որպես սովորույթ, կար և´ կանանց, և´ տղամարդկանց հատկացված հատուկ դերերով և կիրառվում էր հայերի շրջանում դեռ այն ժամանակ, երբ հինգերորդ դարի աղբյուրները չէին կազմվել կամ գրվել:

Դեռևս վաղնջական ժամանակների Հայկական լեռնաշխարհը ղեկավարվում էր տարբեր ազնվական տոհմերի կողմից, որոնք շատ առիթներով միմյանց հետ վարում էին դաժան պատերազմներ: Որոշ դեպքերում որոշակի տոհմերի պատմությունը հասնում էր նույնիսկ  ուրարտական ​​ժամանակներին (մ.թ.ա. վեցերորդ դար): Ազնվականության մի մասը բաղկացած էր հին տոհմական առաջնորդների ժառանգներից, որոնց իշխանությունը պայմանավորված էր ժառանգության իրավունքով: Ազնվականության մյուս մասը թագի կողմից նշանակված պաշտոնյաներից «ստեղծված» արիստոկրատիան էր: Դայակությունը նպաստեց, որ տոհմի ապագա ղեկավարներն կարողանան ձեռք բերել արժեքավոր հմտություններ ՝ որսորդության, պատերազմի և դիվանագիտության ոլորտներում այլ (հեռավոր) տոհմերից:

Ձիով որսի տեսարանի խորաքանդակ, 14-րդ դարի սկիզբ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք, Սյունիք 

Բայց այս սովորույթը սոսկ ընտանեկան կապեր չէր ստեղծում այլ ազնվականների հետ: Այն շատ կարևոր էր նաև ընտանիքի ժառանգորդի զուտ գոյատևման համար:

Չորրորդից հինգերորդ դարում Հայաստանում Արշակունիների տոհմը մի քանի առիթներով փորձեց ոչնչացնել մրցակցող նախարարական ընտանիքները: Բայց սա հեշտ գործ չէր: Նախարարական տոհմը / ընտանիքը (որը երբեմն ընդգրկում էր հազարավոր հարազատների) վերացնելը և թագի համար նրա հողերը բռնագրավելը նշանակում էր, որ տոհմի յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ պետք է սպանվեր: Եթե ողջ մնար անգամ մեկ արու նորածին, ապա նա կարող էր (չափահասության հասնելուն պես) հետ վերցնել իր տոհմի բոլոր հողերը. Հայաստանում գործող սովորույթային իրավունքի համաձայն` արքան կարող էր ստիպված լինել վերականգնել և վերահաստատել միակ վերապրածի իշխանությունը:

Կյանքի այդպիսի հնարավորինս անորոշ պայմաններում նախարարական մեծ տոհմերը նախազգուշական միջոցներ ձեռնարկեցին ՝ սեփական լիակատար բնաջնջումը կանխելու համար: Անշուշտ, տոհմերի գոյատևման համար մտահոգվելն ի սկզբանե հանգեցրեց նախարարների շրջանում դայակության ավանդույթի հայտնիությանը: Եթե ​​նախարարի նորածին որդիները բնակվեին երկրի հեռավոր շրջաններում, ապա նախարական տոհմի կորիզի դեմ ուղղված սպանդը կարող էր մեծ կորուստներ պատճառել, բայց երեխաները (և, հետևաբար, ապագա տոհմը) ապահով կլինեին: Կենդանի մնացած միակ ազնվական երեխաների խնամակալությունը առաջնային նշանակություն ունեցավ նախարարական Հայաստանում, հատկապես խնամակալական տների համար, որոնք շահում էին իրենց տոհմերը իրենցից կախված տոհմերի հետ միավորելուց: Վտանգավոր ժամանակներում տոհմի գոյատևումն ապահովելուց բացի, դայակությունը ծառայեց նաև որպես խնամատար ընտանիքներն իրար հարաբերական խաղաղության ընթացքում միասնական պահելու միջոց: Դայակի ազդեցությունը իր սանի վրա մեծ էր և խորը. նմանապես, հետագա կյանքում սանը` խնամյալը, հաճախ անում էր ամենայն հնարավորը ՝ օգնելու իր դայակին կամ դայակի ընտանիքին: Հինգերորդ դարի հայ պատմիչները, ինչպիսիք են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը և Ղազար Փարպեցին, պահպանել են դայակության մասին մի քանի հետաքրքիր հիշատակություններ, որոնք հաստատում են այս ավանդության կրկնակի կիրառումը:

Ըստ Ագաթանգեղոսի` հենց դայակների շնորհիվ էր, որ փրկվեց ապագա Տրդատ արքայի (Հայաստանի առաջին քրիստոնյա թագավորը, որը ղեկավարել է մոտ 303-330 թթ.) և ապագա Գրիգոր Լուսավորչի կյանքը: Թե՛ Գրիգորը և թե՛ Տրդատը փրկվել էին վաղ տարիքում` իրենց տոհմերի նկատմամբ ուղղված բնաջնջման փորձերից:

Ազնվական երեխաների խնամակալության կարևորությունը ևս մեկ անգամ փաստում է Փավստոս Բուզանդի պատմությունը Վաչեի փոքր որդու ՝ Արտավազդի մասին: Այս դեպքում երեխայի խնամակալ Մամիկոնյանները նաև վերահսկում էին սպարապետի` գերագույն հրամանատարի ժառանգական արքունի գործակալությունը, նույնիսկ իրենց ծխի փոքրության դեպքում: 

«… Սակայն Վաչե զորավարի որդուն, որ փոքր մանուկ էր, հայրենական գահն ու բարձր տվեցին, որ նրա (Վաչեի) հոր անունով կոչվում էր Արտավազդ։ Թագավորի առաջ նրան շնորհեցին հոր աստիճանը՝ սպարապետությունը, որովհետև մեծ վաստակավորի որդի էր, վաստակավոր տոհմից, իսկ նրանց տոհմում ուրիշ չափահաս մարդ չգտնվեց, որովհետև մեծ պատերազմում մեռել էին։ Իսկ զորավարության գործը հանձնարարեցին Արշավիր Կամսարականին՝ Շիրակի ու Արշարունյաց գավառի իշխանին և Սյունյաց իշխան Անդոկին, որովհետև սրանք Մամիկոնյան տոհմի փեսաներ էին։ Եվ Վրթանես մեծ եպիսկոպոսապետն ու թագավորը հրաման տվին Արշավիրին ու Անդոկին՝ պատանի Արտավազդին խնամել, որպեսզի իր նախնիների ու իր հոր տեղը գրավի...»

Միջնադարյան աղբյուրները հաճախ կենտրոնանում են տղամարդ դայակների և նրանց դերի վրա տոհմի ապագա ղեկավարներին պաշտպանելու և կրթելու գործում: Սակայն այս դերը հատուկ չէր միայն տղամարդկանց, և դա կարելի է եզրակացնել միջնադարյան աշխատություններում մի քանի հիշատակություններից: Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (մ. թ. 5-րդ դ.) աշխատությունը, ինչպես նաև «Սասնա ծռեր» էպոսը պարունակում են տեղեկություններ այս համատեքստում կանանց դերի վերաբերյալ: Խորենացու աշխատանքը տալիս է հայ ազնվական կնոջ դայակության գործում եղած դերի մասին անցողիկ մի ակնարկ:

«Բայց թե ինչու նա Սանատրուկ կոչվեց, պետք է ասել: Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում. մրրիկը բոլորին ցրեց, այնպես որ ոչ մեկը չգիտեր, թե ընկերն ո՛ւր քշվեց: Իսկ նրա դայակ Սանոտը, Բյուրատ Բագրատունու քույրը, Խոսրեն Արծրունու կինը, երեխային (Սանատրուկին), որ դեռ շատ փոքր էր, ստինքների մեջ առնելով՝ երեք օր և երեք գիշեր մնաց ձյան տակ: Սրա մասին առասպելաբանում են, թե մի ինչ-որ նորահրաշ սպիտակ կենդանի աստվածներից ուղարկվեց և նա պահպանում էր երեխային: Բայց որքան մենք վերահասու եղանք, բանն այսպես է եղել. որոնող մարդկանց հետ եղել է մի սպիտակ շուն, որ պատահել է երեխային և դայակին: Այս պատճառով էլ նա կոչվեց Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված»: 

Մովսես Խորենացի` «Հայոց պատմություն» (մ. թ. 5-րդ դ.)

Սանատրուկը և Ավդեն ձնաբուքից երեք օր հետո, Գ. Ֆուսարոյի կողմից (19-րդ դ.) 

Խնամակալական հարաբերությունները պաշտպանում էին տոհմը վերջինիս ֆիզիկական գոյության նկատմամբ ներքին և արտաքին սպառնալիքներից: Անկախ պատերազմական կամ հարաբերական խաղաղության ժամանակներից` դայակի ազդեցությունն իր խնամյալի վրա զգալի էր: Թվում է` երբեմն դրդված ազգակցական կապերով, այլասիրությամբ և մարդասիրությամբ ՝ չորրորդ դարի նախարարները հաճախ օգտվել են դայակությունից իրենց տոհմի հավակնություններն առաջ տանելու համար:

Աղբյուր՝ People of Ar, Dayeakut’iwn in Ancient Armenia by Robert Bedrosian (1984)

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո