Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայ հին վիպշխարհը:  Ասորեստանի թագուհու կործանարար կիրքը հայ թագավորի հանդեպ:  Արա Գեղեցիկ և Շամիրամ
Մշակույթ

Հայ հին վիպշխարհը: Ասորեստանի թագուհու կործանարար կիրքը հայ թագավորի հանդեպ: Արա Գեղեցիկ և Շամիրամ

Նկարը՝ Վարդգես Սուրենյանց, «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899)

Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ վավաշոտ և այրասեր Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։ 

Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղեր սանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե1, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը։ 

Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է պատգամագնացությունը, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու, իր մոլեգին ցանկությունը կատարել տալու և տռփանքը հագեցնելու։ 

Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։ 

Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ 

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել տիկին Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով. 

— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։ 

Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամր վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հոմանիներից մեկին պաճուճապատում է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։ 

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։ 

--------------------------- 

1. Բարշամ, բուն անվանաձևը՝ Բաալշամեմ-արևմտյան սեմական ժողովուրդների երկնքի և արևի աստվածությունը, որի պաշտամունքը տարածված է եղել Ասորիքում անգամ մինչև մ. թ. 5-րդ դարը։ Բարշամը (նաև Բարշամին, Բարշիմնիա) պաշտվել է նաև հայերի մեջ։ Տիգրան 2-րդը նրա փղոսկրյա արձանը Միջագետքից բերել և տեղադրել է Երզնկայի մոտ գտնվող Թորդան ավանի տաճարում։ 

2. Պայապիս Քաղյա (հունարեն՝ Պապայոս Խիմայրագենես – Պապայոս այծածին, քաղ հին հայերենում նշանակում է այծ) հունական առասպելաբանության մեջ Զևսի դեմ կռվող գիգանտների գլխավոր Տիփոնի (հրաբխային լեռների և կործանող փոթորիկների խորհրդանիշը)՝ որդի Քիմայրան է, այծակերպ մի հրեշ, որի երախից կրակ է դուրս ժայթքում։ Հետևաբար՝ Արամի կռիվը Պայապիս Քաղյայի դեմ նման է Զևսի կռվին Տիփոնի դեմ, որին Զևսը դնում է Միջերկրական ծովի Ինարիմ (Էնարիա) հրաբխային կղզու տակ։ 

Աղբյուրը՝ «Հայ հին վիպաշխարհը», Սարգիս Հարությունյան * Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց Պատմության»։ 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո