Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Հայաստանը միշտ մտքումս կմնա»: ռուս բանաստեղծի արշավը Թուրքիա հայերի ցեղասպանության տարիներին
Հուշ

«Հայաստանը միշտ մտքումս կմնա»: ռուս բանաստեղծի արշավը Թուրքիա հայերի ցեղասպանության տարիներին

Պատկերը՝ Աննա Խանինյան

Սերգեյ Գորոդեցկին ռուս գրող ու բանաստեղծ է, ում Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին վիճակվել է լինել Արևմտյան Հայաստանում՝ իրադարձությունների կիզակետում: Քանի որ նա եղել է ռուսական բանակի սպա, լրագրող ու հատուկ լիազորված անձ,  իրավունք է ունեցել անարգել շարժվել Արևմտյան Հայաստանով: Նա ոչ միայն ականատես է դարձել հայերի զանգվածային ոչնչացմանն ու պատմական հայրենիքում նրանց հետքերի վերացմանը, այլ անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել անօգնական բնակչության փրկության գործում: Արևմտյան Հայաստանի մասին նրա հեղինակային հոդվածներն ու ակնարկները դարձել են դարաշրջանի արժեքավոր փաստաթղթեր, հայերի ցեղասպանության մասին վկայող յուրօրինակ տարեգրություն: Դրանք լույս են տեսել հանճարեղ հայ գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնիկի, լեզվաբանական գիտությունների դոկտոր ՝ Իրմա Սաֆրազբեկյանի ջանքերի շնորհիվ: Հովհաննես Թումանյանն ու Սերգեյ Գորոդեցկին եղել են մտերիմ ընկերներ:

Ավերված դրախտ

Կոտորն ի վեր ձգվում է մեր ուղին Պարսկաստանից Թուրքիա: Կիրճում ինչ֊-որ տեղ կորավ երկու չարաբաստիկ հարևանների միջև եղած պետական սահմանը: Կիրճը հետզհետե լայնանում է, լեոները մեկը մյուսի ետևից դեմ են անում իրենց լայն ու լերկ կռնակները: Լեռնանցքն այնքան էլ գեղեցիկներից չէ: Ահա և թուրքական առաջին քաղաքը՝ Սարայը: Ավերակները սարսափելի չեն. «Կարմիր Խաչի» և Քաղաքների համառուսական միության դրոշներն են ծածանվում դրանց վրա՝ որպես նոր կյանքի հանդիսավոր խոստում: Սարսափելի է հիշողությունն այն տառապանքների, որ մարդը պատճառել է մարդուն: Եվ ո՛չ պատերազմում: Կռվի մեջ ահավոր չէ տառապանքը: Անտանելի է, երբ մտածում ես, որ հարյուր հազարավոր խաղաղ, անպաշտպան մարդիկ հենց մարդկանց ձեռքով վայրագությամբ ենթարկվել են անլուր խոշտանգումների, մարմնի և հոգու նրբարվեստ լլկանքների…Այն զգացումը, որով համակված կանգնում ես ջարդ ու ավերմունքի վայրում, ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել վշտի և ցավի ուժով: Անուղղելի չարիք, անջնջելի խայտառակություն, անզոր ցասում՝ մարդկային հոգուն հասցված անարգանքի համար. ահա այն առաջին զգացումները, որ հարուցում է Թուրքիան: Այլևս չես կարող նայել, հիանալ բնությամբ: Գեղեցկությունը չես տեսնում, հավքերի երգը չես լսում:

Բնությամբ՝ հիասքանչ, պատմությամբ՝ հարուստ Վանը ծաղկուն քաղաք էր պատերազմից առաջ: Թուրքական թնդանոթներն ու թուրքերի մոլեգնությունը այդ դրախտը վերածեցին ավերակների կույտի: Ի՜նչ անտանելի տխուր էր Վան մտնելը գարնան օրով, մեկ տարի անց այն ժամանակվանից, երբ ռուսական զորքերր գրավել էին քաղաքը: Նույնպիսի ցավագին-սահմռկուն պատկեր է ներկայացնում Վանի ներկայիս բնակչությունը: Ւսկական վանեցիներ քաղաքում չկան կամ շատ քիչ են։ Դժբախտությունն այլասերում է մարդուն: Նրանք ժամեր շարունակ կարող են ընկնել ու մնալ իրենց պառկած տեղում: Դրանք ցավից մեռած հոգիներով մարդիկ են: Նրանց հարկավոր է հարություն տալ: Նրանց հարկավոր է նորից ստիպել հավատալու, որ կարելի է ապրել աշխարհիս երեսին, որ աշխատանքի պտուղները չեն սրբվի ու հողմացրիվ չեն արվի մեկեն, որ կյանքն ու պատիվը չեն խլվի իրենցից:

1916

Հանգած հրաբուխներ

Խոռի ու Թոնդուրեկ հրաբուխներն ասես հսկում են հովիտը: Դրանով անցել եմ Ամերկայից եկած մի քանի հայերի հետ: Հարկ է նշել, որ թուրքական պատերազմի դեռ սկզբին Ամերկայի հայերից կազմվել էր մոտ երեք հարյուր հոգանոց մի խումբ, որոնք զինվելով իրենց իսկ միջոցներով գալիս են Ռուսաստան ու մեկնում թուրքական ճակատ: Նրանք ծառայում էին առաջնագծում՝ հետախուզական ջոկատում ու մեծ օգնություն են ցուցաբերել մեր բանակին: Կոփված, նրբագեղ, ամրակազմ ձիերին հեծնած… Հենց որ թողնում էինք ձիերը հանգստանան, պատերազմի ողբերգական էլեգիան անցնում էր մեր աչքերի առջև. ավերված, կրակի մատնված գյուղեր; ցորենի չքաղված դաշտեր: Կապիտանի հոնքերն այս ու այն կողմ էին լինում: Նա ծնունդով թուրքական Հայաստանից էր, բայց մեծացել ու կրթություն էր ստացել Ամերիկայում: Որքան դժվար էր եվրոպական հոգու համար տեսնել հայրենիքն այդպես վայրենի ձևով ավերված…

1917

Երկնագույն ափը

Աշնանային այդ օվա վերջում, մոտ ժամը հինգին, մոտենում էի Պանզային՝ Վանա լճի ափին գտնվող առաջին բնակավայրին: Ջրի մակերեսը՝ հարթ ասես մշակված ալմաստը, փայլում էր սաթի գույնով: Պանզա գնալիս ճանապարհս փակել էին երկու ֆուրգոններ՝ եզներին լծված ու փախստականներով ծանրաբեռնված.  եզները ցեխից չէին կարողանում դուրս գալ: Չուլ ու փալասով ծածկված ֆուրգոններն ասես տներ լինեին: Այդպես էլ կար. դրանք տուն էին դարձել պատերազմից բնահան եղած հայերի համար: Քամին բացեց վարագույրներից մեկը, ու ես տեսա ֆուրգոնի ներսը: Մի ամբողջ ընտանիք էր ներսում՝ ալեհեր պապից մինչև ժիր մանուկներ, հավանաբար նրա թոռները կամ ծոռները: Ընտանիքն այն է, ինչի շնորհիվ  կանգուն է դեռ Սասունի կոտորածից մինչ օրս ոչնչացվող Հայաստանը: Իսկ ընտանիքները թուրքկական Հայաստանում շատ հին են ու մեծ: Աչքերիս առաջ էին երկու նման ընտանիք, որոնք նահանջել էին ու տուն էին վերադառնում: Չնայած ճանապարհին կրած տանջանքներին, նրանց դեմքերը շատ զվարթ էին. թեկուզ հայրենիքը ոչնչացված է, նրանք միևնույնն է վերադառնում էին այնտեղ: Մանկական անհոգ աստվածային ծիծաղի մեջ լսվում էր մահվան հանդեպ տարած հաղթանակը:

Պանզայում ինձ էր սպասում նման ընտանիքներից մեկի ողբերգական բեկորը՝ իմ ապագա գործընկեր Փախչանյանը: Նա թեյարանի ղեկավարն էր, որը ոչ բաց էր, ոչ փակ: Հաճախ մորուքով, երբեմն կոկիկ, երբեմն անխնամ արտաքինի տակ թաքնված էր բարի մի սիրտ, հումորի մեծ զգացողություն ու աշխատասիրություն: Մի հետաքրքիր հատկություն ուներ, նոր բառեր էր հորինում տնային պարագաների համար, ինչպես օրինակ՝ подпузник, подсамоварник, подмакаронник, чернилопромокательница և այլն: Նրա հորինած բառերը կարդալը մի երանություն էր: Նրա ճակատագիրը շատ հետաքրքիր էր: Գնում էինք միասին սարերով, արահետներով, ճանապարհն ուր տաներ: Փախչանյանը դիմացից էր գնում: Մեկ էլ նայում եմ նրան ու նկատում, որ լրիվ հասարակ ռուսական ծոծրակ ունի: Հարցրեցի, թե ինչու է ծոծրակն այդպես, ու նա այս պատմությունը պատմեց ինձ:

Մոտ երկու հարյուր տարի առաջ մի ռուս գյուղացի, որի ազգանունը հայտնի չէ, սպանում է իր տիրոջը գյուղացիներին տանջելու համար: Հասցնում է Պարսկաստան փախչել: Այնտեղ նրան ուզում են բանտարկել, բայց Հայաստան է գալիս, ամուսնամում է հայուհու հետ ու այդպես ընտանիք կազմում: Իր անուն ազգանունի մասին բոլոր հարցերին նույն բանն էր ասում՝ Փախչան, որը նշանակում է փախստական: Այդտեղից էլ ծագել է Փախչանյան ազգանունը, որը կրողները ապրում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Ամերիկայում: Իմ Փախչանյանն ապրում էր Վանում իր մեծ ընտանիքի ՝  հոր, մոր, եղբայրների ու քույրերի հետ: Թուրքերը սպանել էին բոլորին. միայն իրեն ու եղբորն էր հաջողվել փրկվել: Որքան նողկանք էի ապրում մարդկանց հանդեպ, երբ Փախչանյանը ցույց էր տալիս ինձ այն վայրերը, որտեղ նա աղավաղված դիերի կույտի մեջ փնտրել է հորը ու գտել միայն այն բանի շնորհիվ, որ հայրը շատ բոյով մարդ է եղել… Ինչքան հնարավոր էր լացել է, ողջ ցավը տարել է: Ժպիտը դեմքին, որից ես սարսռում էի, Փախչանյանն ինձ պատմում էր ինչեր են եղել այդ ափերին, որոնցով մենք անցնում էինք…

1917

Հովհաննես Թումանյանին ուղղված նամակից.

Այն, ինչին հետևում ենք, կատարվածի սկզիբն է, ոչ թե վերջը: Կովկասյան բանակի նահանջը սահմաններից, այն սահմաններից որոնց այն հասել է անիրական սխրանքների գնով, այն սահմաններից, որոնք ապոհովում են Անդրկովկասի անվտանգությունը, այն սահմաններից, որոնց վերահսկողությունը կյանքի է կոչում Հայաստանի անկախության մասին փափագողների երազանքը  ուղղակի անհասկանալի է. այդ սահմաններից  բանակի նահանջը չի նշանակում դավաճանություն համառուսաստանյան գործին, չի նշանակում հայերի նպատակների մտածված ոչնացում. դա ուղղակի նշանակում է ենթարկվել այն տարերային ուժերին, որոնց ենթարկվում է հիմա Ռուսաստանը: Բանակը հոսում է ասես լավա, ասես ավազ ու միթե՞ չի գիտակցում, թե ինչ է անում:

Ու եթե նույնիսկ  հոսի գնա, իր հետ տանելով ողջ ռուսականը, ու Անդրկովկասում մնամ մենակ ես, չեմ վախենա վերցնել ինձ վրա ողջ Ռուսաստանի, ռուսների ու նրանց գործի պատասխանատվությունը: Մենք այստեղ ենք: Ռուսաստանը չի լքել ձեզ:

1918

Pro Armenia

Pro Armenia, նրա համար, նրա պաշտպանության համար: Ոչ միայն վերնագիրը, այլ ողջ ելույթը կարելի էր լատիներեն գրել: Ոչ այն պատճառով, որ հնագույն ժողովրդի մասին այդ լեզվով հարիր է գրել: Ու ոչ էլ որ լատիներենի քաղցր հնչյուններն ամենից շատ էին սազում Հայաստանի մասին ողբերգության նկարագրությանը, որն ասես մարդկային խղճի ահազանգ լիներ: Անցած դարերի խղճի: Ոչ, ոչ մեր օրերի: Հայաստանի մասին պետք է լատիներենով գրել որովհետև ոչ մեկ չի լսում դրանք, մարդիկ փակել են ականջները, խոնարհել են հայացքները, որ չտեսնեն այդ ահասարսուռ, սահմռկեցուցիչ ու անտանելի իրադարձությունները: Կար մի ազգ, իսկ հիմա բոլորի աչքի առաջ այն ոչնչացնում են: Ասես լեփ-լեցուն թատրոն լինի, որում բոլոր տեղերից բեմը երևում է, ամեն ինչ լսվում է, ու ըստ օրենքի, ամեն մեկը պետք է ուշադիր լսի, հետևի թե ինչ է կատարվում, բայց մի բան պետք է տեղից չշարժվի:

Այ թե թատրոն եմ ասել: Գլխավոր հերոսին սպանում են, վարագույրն իջնում է, ու նա, որ մահացել էր, ժպիտը դեմքին դուրս է գալիս ընդունելու ծափահարությունները: Իսկ սա կյանք է: Հերոսին սպանում են, պատմությունն իջեցնում է վարագույրը ու վերջ: Գիշատիչները հարձակվում են դիակի վրա, իսկ հետո ոսկորները շաղ են գալիս անապատում:

Հայաստանի ողբերգության դեպքում քեզ իրոք թատրոնում ես զգում: Բոլորը՝ ամեն մեկն իր պատճառով, կարծես թատրոնում լինեն. Ռուսաստանը՝ պատշգամբում, տոնական Վրաստանը՝ պարտերում, Գերմանիայի դիվանագիտությունն ու սպաներն՝ օթյակում: Ու բոլորի աչքերի առաջ ոչ թե սպանության, այլ ինքնասպանության բեմականացում է: Սահմռկեցուցիչ մանրամասնություններ: Ահա դրանցից մեկը.

Հայաստանն, ազգային իր բնազդից ելնելով, արհավիրքների ժամանակ հատուկ քնքշությամբ ու սիրով վերաբերվում է երեխաներին: Տեսնել էր պետք երեխաներով լի վագոնները, մանկական որբանոցները, որոնք ստեղծվում էին տեղում ամեն անգամ, երբ մի նոր քաղաք էր ոչնչացվում; տեսնել էր պետք  դաստիարակներին, դայակներին ու երիտասարդ ուսուցիչներին, հասկանալու համար, թե ինչպես էր վախի զգացողությունը փոխակերպվում որբերի նկատմամբ անսահման սիրո, ինչը հասկանալի էր: Իր տուն ու տեղից, հայրենի հողերից զրկված փախստականը բնականաբար իր ապագան տեսնում է երեխաների մեջ: Հայաստանում այնքան որբեր կան, որ պետությունն է դարձել նրանց մայր: Մայր ունենալը հազվադեպ պատահող անձնական երջանկություն է, իսկ երեխաներին դաստիարակելը ՝ համապետական գործ:

Ահա մի փոքրիկ պատմություն հայ երեխաների կյանքից: Սուրամի պատմությունը լուսաբանվել է գրեթե բոլոր թերթերով. Բակուրիանիից Սուրամ երեխաներ են բերում, որոնք հիվանդանում են : Մտածում են թե համաճարակ է, ու երեխաներին վռնդում են Սուրամից: Թվում է թե մերօրյա սովորական սարսափելի պատմություններից է, բայց ամենաահավորն այս մանրամասնությունն է. որբանոցի բժիշկը գրում է, թե ինչու են երեխաները հիվանդացել: Իսկ նրանք հիվանդացել են, որովհետև խոտով սնվելուց անցել են սովորական սնունդին: Այսքանն ասելը երևի արդեն բավարար է: Բակուրիանում երեխաները խոտ էին արածում:

Խաբար էր եկել, թե Անդրանիկը մի քանի հայերի է գտել, որոնք դաշտերում արածում են: Ու մի բան էլ. Էջմիածինում մայրերը երեխաներին գետն էին գցում, որ փրկեն նրանց սովամահ լինելու տանջանքներից: Ու նման պատմություններ ՝ հազարներով: Մեկը մեկից վախենալու ու մեկը մյուսից ծանր: Ահավոր բան է տեղի ունենում: Հայերի ձեռքից սահմաններ է որ խլում են:

Թվում էր, թե Թուրքիայի սահմանից դուրս հայերի համար կյանքի նոր հնարավորություններ են բացվելու: Սակայն ոչ: Սահմանը երազանք էր դարձել: Այն չկար … Այն մնացել էր դիվանագիտական թղթերում ու Ռուսաստանի հին քարտեզներում: Շրջան շրջանի հետևից անցնում էր թշնամուն: Վերջապես, Բաթումի պայմանագրով «Հայաստանի ազդեցության տակ է անցնում» հողի մի կտոր՝ անմշակ ու անապատային, սակավ ռեսուրսներով՝ պետականության խորհրդանիշը: Ժողովուրդն ուզում է այստեղ կենտրոնանալ, որ փրկի իր գոյությունը, սակայն այդ բնի սահմաններն այնքան անկայուն էին, որ խաղաղ կյանքի ու հանգստության մասին պետք էր մոռանալ:

Ժամ առ ժամ Հայաստանի բնակչությունը բաժանվում է երկու հիմնական խմբերի՝ մահացածներ ու փախստականներ: Նման հարվածների տարափից ուղղակի հնարավոր չէր չբարոյալքվել:

Հին ու վատ սովորույթի համաձայն, ազգերն ունենում են թշնամիներ ու ընկերներ: Այն ժամանակ, երբ թշնամիները ուրախանում են, տեսնելով արնահոսող Հայաստանը, ընկերները հետևում են երկրի ճակատագրին ու հպարտանում դրանով: Ազգերն, ընդհանրապես, չեն մեռնում: Հատկապես այն ազգերը, որոնք բախվում են տանջանքների ու նվաստացումների, բայց պահպանում են իրենց ազգային արժանապատվությունը: Հայաստանն էլ չի մեռնի:

1918

Նոր վերք

Հոդվածը գրվել է ի պատասխան բոլոր հայկական կազմակերպությունների վերացմանը սովետական Ռուսաստանի կողմից (1918)

Այն պահին, երբ հայ ժողովուրդը ֆիզիկական բնաջնջման վտանգի ու քաղաքացիների ու սահմանների լիակատար անպաշտպանվածության պայմաններում ի մի է բերում իր ուժերը, բոլշեվիկյան Ռուսաստանը թիկունքից մեկ այլ հարված է հասցնում. Լենինի դեկրետի համաձայն, բոլոր հայկական ազգային միություններն ու կոմիտեները ՝ թե պաշտպանական , թե ռազմահեղափոխական, վերացվում են:

Բանն այն է, որ ծայրամասերում ինքնորոշման ձգտող ազգությունները միշտ եղել են բոլշեվիզմի թույլ տեղը:  Ինչպես ցարական իշխանությունը, այնպես էլ բոլշեվիզմը վախենում էր ազգությունների ազատ լինելու մտքից: Չկարողանալով երաշխավորել այսպես կոչված «փոքր պետությունների», կյանքն ու զարգացումը, բոլշեվիզմը, նախկին իշխանության նման, ուժի գործադրմամբ փորձում էր կապել դրանք իր հետ, ու վատ էր նայում ամեն տեսակի «ինքնորոշման» գաղափարներին, հայտարարելով դրանք «հակահեղափոխական»:

Էնգելսի միքտն այն մասին, թե պետությունը դա բռնություն է, Լենինը դարձրել էր իր քաղաքականության գլխավոր գործիքը, ու ամեն անգամ դա կիրառում էր ազգությունների հանդեպ: Նման քաղաքականության հետևանքներից է հայկական կազմակերպությունների մասին ընդունված դեկրետը: Այդ դեկրետների ցինիզմը հասկանալու համար պետք է մտքներումս վերականգնենք հայ ժողովրդի ապրած ողջ ողբերգությունը:

Ժողովուրդ, որին տեղահան են արել իր հայրենի հողից ու քշել են վերջին հողի կտորից: Ժողովուրդ, որին գազանի նման որջից դուրս են հանում զբոսանքի: Ժողովուրդ, որը ոչնչացվել է պատերազմի առաջին իսկ օրվանից, ցրվել ողջ աշխարհով մեկ, բայց ողջ է մնացել միայն իր երկաթյա տոկունության շնորհիվ: Այդ ժողովուրդը Ռուսաստանում մի քանի կազմակերպություն ուներ՝ միություններ, կոմիտեներ և այլն: Իհարկե դրանցով չէ, որ հնարավոր էր լինելու կանգնեցնել այն դժբախտությունները, որոնք ջնջում էին Հայաստանը աշխարհի երեսից, բայց միևնույնն է դրանք կատարում էին իրենց համախմբող կարևոր գործը:

Եթե այդ դեկրետը կազմողներից մեկը գոնե մեկ որբ երեխայի կամ սարսափից խելագարված աղջկա տեսներ, վստահ եմ, վերացումը տեղի չէր ունենա: Բայց բոլշեվիզմը այնքան հեռու է կյանքից, այն չի տեսնում կյանքը, այլ միայն բանաձևեր է հորինում, որոնցով հնարավոր լինի վերահսկել պատմական այս շրջանը: Արնահոսող հայ ժողովրդին նոր վերք է ավելանում, ու այն, որ այդ վերքը հասցրել է Ռուսաստանը, թեկուզ և բոլշևիկյան, վերքն ավելի ցավոտ է դարձնում:

Վերջին ճիչը

Հոգումս մի ճիչ է ապրում: Հավերժ ու անբաժան: Թե՛ դժոխքի ճիրաններում, թե՛ դրախտի երանություններում , կարող եմ այն հիշել, ու ամեն ինչ մարում է. կրակը, կապույտը, ծաղիկները…

Մենք լքում էինք Վանը: Երրորդ անգամ:

Երեխաներով լի ֆուրգոնները պատրաստ էին ճամփա ընկնել դեպի հեռավոր հյուսիս: Դարպասների մոտ մնացել էին նրանք, ովքեր դատապաարտված էին մնալու: Իրար էին հրմշտում, փորձում առաջ անցնել, բռնում անիվներից: Նրանց տանջված հայացքները կարոտ ու հուսալքվածություն էին արտացոլում: Ի՞նչ էր նրանց սպասում: Նրանց սպասում էր դանդաղ մահ, եթե թշնամիները չնկատեին, տանջալից մահ՝ եթե թշնամիները ժամանակ ու ցանկություն ունենային վայելել նրանց տանջանքները:

Մի ծեր կին էր կանգնած անկյունում:

Պատառոտված շորերով նույնիսկ ասես թագուհի լիներ: Ազգային տարազի վառ գույներն ավելի ուժեղ էին, քան դրա մաշվածությունը: Կարկտած ու տեղ-տեղ ճղված հագուստը դեռ պահպանում էր իր էկզոտիկ ազդեցությունը:

Մաշված գլխազարդի տակից երևացող սպիտակ մազերն ու դեմքը համբերատարության, տառապանքի ու հույսի արտացոլանքն էին, այնքան ուժեղ ու տպավորիչ, որ դրանից ուժեղ միայն այն ձայնն էր, որը ես շուտով լսեցի…

Կնճռոտված ճակատով, արծվաքիթ, ծռված բերանով ու դեմքի այն տարօրինակ արտահայտությամբ, որն ունենում են տանջանքների վերջին պահին և որը մի պահ ժպիտ է հիշեցնում…

Ու այդ աչքերը: Խորը, պայծառ, խելահեղ, չհանձնվող աչքերը: Ահա նրա կերպանքը:

Նա չէր հրմշտում, առաջ չէր ընկնում, ինչպես մնացածը: Կանգնած էր հեռվում: Ձեռքերը վերև էր պարզել, ու վզի խիստ արտահայտված ոսկորները նույնպես ձգվել էին:

Նա ոչ բղավում էր, ոչ էլ շարժվում, դրա համար էլ նկատեցի: Չէի կարողանում հայացքս կտրել: Ինչ-որ հին աստվածաշնչյան, անելանելի ու ճակատագրական մի բան կար նրա կերպարանքի մեջ:

Ամեն դեմքում, ինչ-որ անբացատրելի հույս կար, որը շարժում էր նրա հոգին…

Ֆուրգոնները շարժվեցին. առաջինը, երկրորդը, երրորդը, լիքը: Սառը լուսնի լույսը լուսավորում էր դատարկ քաղաքով անցնող ճանապարհը: Լռություն էր տիրում:

Ու հանկարծ այդ լուսնի լռության մեջ բղավոց լսվեց: Ծեր կինն էր ողբում:

Չգիտեմ ինչպես ասեմ ՝ լացում էր, բղավում, թե ողբում, բայց այդ ձայնով էին լցված ողջ գիշերը, ավիրված բնակավայրերը, վտանգավոր ճանապարհը:

Այդ ճիչն ամենուր մեզ էր հետևում: Ու չկա դրանից փրկություն, այն հավերժ մնացել է հուգումս, ինչպես շատերի հոգում. հուսալքվածության ու կարոտի վերջին ճիչը…

1919

Ո՞վ է դա արել

1916թ. աշնանը, մոտ ժամը հինգին, մոտենում էի Պանզային՝ Վանա լճի ափին գտնվող առաջին բնակավայրին: Հետևում մնացել էր Արարատի հսկա գագաթը՝ երեք Ասիաների սահմանին՝ Պարսկաստանի, հին Ռուսաստանի ու թուրքական Հայաստանի: Ոտք դրեցի Վան նահանգ, հայերեն՝ Վասպուրական: Երկիրն այդ լի է հեքիաթներով ու գեղեցիկ բնությամբ: Զարմանալի կերպով հանգիստ էր Վանա լիճը, փայլում էր ասես շափյուղ: Բայց հեքիաթների այդ երկիրը դարձել էր արյան երկիր: Հրաշալի բնությունը դարձել էր գերեզմանատուն հայերի ու քրդերի համար, որոնք իրար էին սպանում, որովհետև դաշնակիցների օրհնությամբ ցարական Ռուսաստանին պետք էր Հայաստանն առանց հայերի:

Լեռնային ճանապարհը, որի ամեն մի թիզը կլիմայական պայմանների շնորհիվ կարող էր հանգստավայր դառնալ, դարձել էր հայ ժողովրդի վախճանի ուղին: Դրա տերերը ցարական գեներալներն էին, հենց նրանք, ում մոտից հեղափոխությունից հետո կրպակներում լուցկի էի գնում, հաճույքով տեսնելով նրանց այնտեղ կանգնած: Բայց դրանից առաջ նրանք զբաղված էին հայ ժողովրդի կյանք ու մահի վաճառքով: Հիշում են նրանց փայլուն ազգանունները՝ Չերնոզուբով և Վորոնով:

Նահանջի ժամանակ մարդիիկ հարյուրներով զոհվում էին, իսկ ես գնում  էի հավաքելու այն երեխաներին, որոնց տանում էին Էրիվան, որոնցից շատերն այսօր մեծանում են սովետական ընտանիքներում:

Այս վերջին անգամ ես այն ճանապարհին էի, որտեղով հայերը վերադառնում էին հայրենիք՝ Վան: Հուլիսի 25-ին Բիթլիսը հանձնել էին թուրքերին, իսկ բնակչությանը հարյուր հազարներով աքսորել հյուսիս: Ողջ մնացածներն էին հետ գալիս:

Մոտ երկու հարյուր տարի առաջ, մի ռուս գյուղացի, որի ազգանունն անհայտ է, սպանել էր իր տիրոջը գյուղացիներին տանջելու համար: Հասցրել էր փախչել ու գնալ Պարսկաստան: Այնտեղ նրան ուզում էին բանտարկել: Գալիս է Հայաստան, ամուսնանում հայուհու հետ ու ընտանիք կազմում: Իր անվան մասին բոլոր հարցերին նույն կերպ էր պատասխանում՝ Փախչան, որը նշանակում է փախստական: Այդտեղից էլ ծագում է Փախչանյան ազգանունը, որի ներկայացուցիչներն այսօր ապրում են Հայաստանում ու Ամերիկայում:

Իմ Փախչանյանն ապրում էր հոր, մոր ու ընտանիքի հետ: Ընտանիքը մեծ էր, բնակվում էր Վանում: Թուրքերը բոլորին սպանել էին, միայն ինքն ու եղբայրն էին կարողացել ողջ մնալ: Փախչանյանը ցույց էր տալիս ինձ այն վայրերը, որտեղ նա աղավաղված դիերի կույտի մեջ փնտրել էր հորը ու գտել միայն այն բանի շնորհիվ, որ հայրը շատ բոյով մարդ է եղել…

Ամեմ մի քարը, լեռան ամեն մի կտորը կրում էր հին մշակույթն ու լեգենդները, բայց հնությունից ավելի բարձր էր հնչում վերջին օրերի պատմությունը, պատմություն տանջվածների, սպանվածների, խեղդվածների մասին:

Աղբյուր՝ Ս. Մ. Գորոդեցկի, «Վերջին ճիչը»:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո