Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
4 օսմանյան սուլթաններ, որոնք կոտրում են կարծրատիպերը
Հուշ

4 օսմանյան սուլթաններ, որոնք կոտրում են կարծրատիպերը

Շապիկին՝ օսմանյան սուլթանների պատկերները: Ձախից աջ՝ Մահմուդ Երկրորդ, Աբդուլ Մեջիդ, Աբդուլ Ազիզ, Մուրադ Հինգերորդ:

19-րդ դարի թուրքական ոչ բոլոր սոլթաններն են եղել այնպիսի  բռնակալներ, ինչպիսիք էին Սելիմ Առաջին Յավուզը (Արյունռուշտ) (1512-1520թթ.) կամ Աբդուլ Համիդ Երկրորդը (1876-1908թթ.): Իրականում, 19-րդ դարի թուրքական հինգ սուլթաններից չորսը եղել են բարյացակամ սուվերեններ, որոնք ի սրտե ցանկանում էին տանել Թուրքիան բարեփոխումների ճանապարհով: Նրանք փորձում էին դարձնել համակարգը ժողովրդավարական, կայսրության բոլոր հպատակներին՝ անկախ ռասայից կամ կրոնից, ընձեռել հավասար իրավունքներ, և բարելավել երկրի ընկալումը, փորձելով դրան տալով եվրոպական արտաքին տեսք:

Այն փաստը, որ այս առաջադեմ միապետերը հաջողության չեն հասնում, և արևելյան  նահանգներում հայերի տառապանքները շարունակվում են ողջ 19-րդ դարի ընթացքում, հարկավոր չէ կապել 19-րդ դարի այն սուլթանների անունների հետ, որոնք իրականում առաջնորդվել են բարի մղումներով: Հայ ժողովրդի տանջանքներն ու նեղությունները գալիս էին համակարգի այլ ուժային կենտրոններից՝ վեզիրներից, փաշաներից, քաղաքապետերից, նահանգապետերից ու հատկապես մուսուլմանական կրոնական առաջնորդներից՝ իմամներից ու մոլլաներից: Այդ մոլեռանդները հրահրում էին քրիստոնյաների շների խոշտանգումն ու սպանդը ու քարոզում էին դա որպես իրենց կրոնական դոգմա, վստահեցնելով մուսուլմանական զանգվածին, որ այդ հանցագործները երկնքում հուրիփերիներ են ստանալու որպես պարգևատրում:

Սուլթան Մահմուդ Երկրորդ (1808-1839)

Նիկոլայ Առաջին  ցարը, որը Ռուսաստանում գահ է բարձրանում 1825 թ. դեկտեմբերի 26-ին, Թուրքիային անվանում էր «Եվրոպայի տկար մարդ»: Նրա սերնդակիցը՝ Սուլթան Մահմուդ Երկրորդը, որն իշխել է Թուրքիայում 1808-1839 թթ., շատ լավ գիտեր, որ Թուրքիան քայքայվում ու անկում է ապրում: Նա փորձում է եվրոպականացնել Թուրքիան, ինչպես արել էր Պետրոս Առաջին  Մեծը Ռուսաստանում: Մինչ այդ պահը նա ամենալայնախոհ ու անաչառ սուլթանն էր, որը երբևէ գահակալել էր Թուրքիայում: Որպես շնորհակալություն, նա նվիրում է իր դիմանկարը Վենետիկում գործող հայկական Մխիթարյան Միաբանությանը (դիմանկարը մինչ այսօր կախված է մենաստանի միջանցքներից մեկում):

Բարեփոխումների շրջանակում նրա առաջին քայլը ենիչերների վերացումն էր. 1826թ. մոտ 20.000 ենիչերներ սպանվում են:

Հետադիմական թուրքերը, մոլլաներն ու դերվիշները իրար մեջ փսփսում էին. «Ո՞վ է այդ փադիշահը (արքա), որն ուզում է հավասար իրավունքներ շնորհել բոլոր հպատակներին անկախ ռասայից ու դավանանքից, գինի է խմում, հրամայում է բեղերը կտրել, եվրոպական նիստ ու կաց է տարածում մեր երկրում ու կայսրության գյավուրներին (անհավատներին) իր պաշտպանության տակ վերցնում»:

Սուլթան Մահմուդ Երկրորդ

Մի օր, երբ Մահմուդ Երկրորդն իր ձիով անցնում է Կոստանդնուպոլսի կամրջով, մի դերվիշ է մոտնենում թագավորին, բռնում ձիու սանձից ու ասում. «Ա՜յ գյավուր Փադիշահ, դեռ չե՞ս կշտացել կեղտոտ արարքներիցդ: Ալլահի  դատաստանի առջև ես կանգնելու քո ամբարիշտ կյանքի համար: Դու ոնչնչացնում ես Իսլամը, Ալլահի անեծքը թափվելու է մեզ բոլորիս վրա»:

Սուլթանն ուսերն է թոթվում ու ասում. «Խելագար է, ինչ է»:

 «Խելագա՞ր - բացականչում է կատաղած դերվիշը: - Ես չեմ խելագարը, այլ դու, գյավուր Փադիշահ: Աստված իմ միջոցով է իր խոսքը հասցնում քեզ: Ես պետք է ենթարկվեմ նրան ու խոստովանեմ ճշմարտությունը: Նա ինձ նահատակության թագն է խոստացել որպես փոխհատուցում»:

Դերվիշին գլխատում են: Մահմուդը վերացնում է դերվիշների միաբանությունն ու հայտարարում. «Բոլոր նրանք, ովքեր դեմ կգնան բարեփոխումներին, կստանան իրենց պատիժը»:

Սուլթանը ստիպված էր սուր, կառափնարան ու արտաքսում կիրառել բարեփոխումները կյանքի կոչելու համար, սակայն ապարդյուն: Երեսուն տարի շարունակվում է պայքարն այդ մեկ մարդու և ամբողջ ազգի միջև: Ընդհանուր առմամբ մարդկանց մտածեկերպը չէր տարբերբում դերվիշների մտածելակերպից: Մահմուդն ուզում էր բուժել իր ավիրվող երկիրը բարեփոխումների միջոցով, սակայն դա նրան չհաջողվեց հույների ապստամբության, 1828 թ. ռուս-թուրքական պատերազմի, և երկրում գերակշիռ կոնսերվատիվ մարդկանց պատճառով, ոքվեր ընդդիմանում էին վարչական ամեն մի տեսակի բարեփոխմանը:

Սուլթան Մահմուդն անկեղծ էր երկրի կերպարը փոխելու իր նկրտումներում, սակայն նա ևս անպակաս չէր հանդիմանություններից: Նա հրաման է տալիս կոտորել հայտնի հայկական Դուզիան տոհմը, առանց փաստերի ուսումնասիրման՝ հիմնվելով մի քանի նախանձ խմբավորումների բամբասանքների վրա: Դուզիանները բավականին հարուստ էին: Հարյուր տարի էր, ինչ նրանք պատասխանու էին թուրքական արքայական դրամահատման համար: Բացի Օսմանյան կայսրության ոսկե և արծաթե դրամները հատելուց, նրանք թուրքական արքունիքի պաշտոնական ոսկերիչներն էին: Դուզիան արքայատոհմի ամենաականավոր ներկայացուցիչներից էր Հակոբ Չալաբի Դուզը:

Սուլթան Աբդուլ Մեջիդ (1839-1861)

Սուլթան Մահմուդ Երկրորդին հաջորդում է նրա որդին՝ Աբդուլ Մեջիդը, որը տասնութ տարեկան էր, երբ գահ բարձրացավ: Երիտասարդ սուլթանը, ոգեշնչված իր հոր՝ Թուքիան եվրոպական ժամանակակից երկիր դարձնելու երազանքներով, 1839 թ. նոյեմբերի երեքին հայտարարում է Թանզիմաթի (բարեփոխումների ծրագիր) մասին: Ըստ դրա, սուլթանը խոստանում էր պաշտպանել կայսրության բոլոր հպատակների կյանքը, պատիվն ու ունեցվածքը անկախ ազգությունից ու կրոնից: Արգելվում էր խտրականություն դնել մուսուլմանների ու քրիստոնյաների միջև:

Սուլթան Աբդուլ Մեջիդը հատուկ կապվածություն էր զգում հայերի հանդեպ: Նա թույլատրում է հայերին գրել իրենց ազգային Սահմանադրությունը, որով կարգավորվելու էին երկրի հայերի ներքին հարցերն ու կրոնական կյանքը: Սահմանադրությունը կազմված էր 150 հոդվածներից, որոնք գրվել էին հայ մտավորականների ՝ Գրիգոր Օտյանի, Սերվիչենի (Սերովբե Վիչենյան), Գ. Բալյանի, Նահապետ Ռուսինյանի ու մի քանի եպիսկոպոսների մասնակցությամբ: Հայկական բուրժուազիան, ամիրաները, կալաբիստները, էֆենդիներն ու հոգևորականությունը դեմ են դուրս գալիս Սահմանադրությանը: Նրանց համար այն չափազանց «լիբերալ» էր:  Իրականում նրանց անհանգստացնում էր այն փաստը, որ Սահմանադրությունը սահմանափակելու էր իրենց բուրժուա խավի արտոնությունները:

Սուլթան Աբդուլ Մեջիդ

Երկրի ղեկավարությունը, որը դեմ էր հանդես գալիս քրիստոնյաներին օժանդակող յուրաքանչյուր օրենքի, նույնպես հավանություն չի տալիս Սահմանադրությանը: Ստեղծվում է նոր կոմիտե, կազմված տասնչորս քաղաքացիականներից և հինգ հոգևորականներից, որը կազմում է նոր սահմանադրությունը, 150 հոդվածի փոխարեն ներառելով 99ը:

Միքայել Նալբանդյանը (հեղափոխական բանաստեղծ) կատակում է այդ մասին. «Հայոց ազգային սահմանադրությունն այլևս թլպատված է»: Թուրքական կառավարության վեզիրներից մեկը սահմանադրության մասին նշում է հեգնանքով. «Դա ուղղակի քառակուսի անիվ է, որը երբեք չի պտտվի»: Բելգիացի Ռոլին Ջեքմենսը գրում է. «Փաստաթղթում ներառված էր ամեն ինչ բացի հոդվածներից, որոնք կխոչընդոտեին քրդերին գողանալ հայ գյուղացիների անասուններն ու բռնաբարել հայ աղջիկներին, հարկահավաքներին էլ ՝ թույլ չտալ  հայ գյուղացիներից նույն հարկը երկու-երեք անգամ հավաքել»: Բազմաթիվ շտկումներից հետո, 1863թ. մարտի 15-ին վերջապես Հայ Ազգային Սահմանադրությունը ստանում է կառավարության հավանությունը:

Հայոց ազգային սահմանադրության տիտղոսաթերթը

Սուլթան Աբդուլ Մեջիդը համեստ ու մեղմ վարքագծի տեր մարդ էր: Նա կարգադրում է իր երկու վեզիրներին կառավարել երկիրը մինչդեռ նա ՝ հաճույքներ փնտրող սուվերենը, էքստրավագանտ կյանք էր վարում: Իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր իր հարեմի բերկրանքը վայելելով ու արաք (Միջին-Արևելյան լիկյոր) խմելով: Նա մահանում է 39 տարեկան հասակում:

 Սուլթան Աբդուլ Ազիզ (1861-1876)

Աբդուլ Մեջիդին հաջորդում է եղբայրը ՝ Աբդուլ Ազիզը, որը գահը ժառանգելու պահին 32 տարեկան էր: Թուրքական հետադիմական կուսակցությունը, որը կտրականապես դեմ էր երկրի եվրոպականացմանն ու բարեփոխումներին,  հույս ուներ, որ Աբդուլ Ազիզը ժամանակը հետ կբերի ու կհրաժարվի քրիստոնյաներին հավասար իրավունքներ շնորհելուց: Նրանց բարկությանը չափ չի լինում, երբ հասկանում են, որ նոր սուլթանը, ինչպես իր նախորդները, ոգեշնչված է բարեփոխումների գաղափարով:

Սուլթան Աբդուլ Ազիզ

Աբդուլ Ազիզը՝ մեկ այլ հաճույքներ փնտրող միապետը ՝ անցկացնում է իր գահակալության տասնհինգ տարիները իր չորս կանանց ու տանսերեք հարճերի հետ (մեկ այլ աղբյուրի համաձայն, Աբդուլ Ազիզն ունեցել է 900 կին): Չնայած նա ժամանակ գտնում էր քննարկել բարեփոխումները նախարարների հետ, նրան չի հաջողվում դրանք կյանքի կոչել վերոնշյալ ընդդիմության պատճառով: Մուֆտին, մեծ վեզիրը, ու պատերազմի նախարարը չէին կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ սուլթանը համարելու էր բոլոր հպատակներին հավասար: Այդ երեքը դավադրություն են կազմակերպում սուլթանի դեմ ու գահընկեց են անում նրան մայիսի 29-ին: Հինգ օր հետո Աբդուլ Ազիզին գտնում են մահացած  պալատում:

Ամենաշատը հայերն էին, որ սգում էին լիբերալ հայացքների տեր միապետի մահը:

Սուլթան Մուրադ Հինգերորդ (1876-1876)

Ավնի Փաշան, սուլթան Աբդուլ Ազիզի դեմ դավադրության առաջնորդը, փնտրում էր Մուրադին՝ գահի ժառանգին, նրան ասելու համար, որ ինքն է լինելու հաջորդ սուլթանը: Ավնին զարմանում է , երբ գտնում է Աբդուլ Ազիզի ավագ որդուն սենյակի անկյունում պահ մտած ու արտաքին ցնցումներից  վախից դողալով: Նրա հորը սպանողները դիմավորում են նրան ասելով. «Թագավորն ապրած կենա»:

Նոր միապետը նույն վերաբերմունքն ուներ բարեփոխումների, երկիրը եվրոպականացնելու ու հպատակներին հավասար իրավունքներ շնորհելու վերաբերյալ, ինչպես իր հայրը:

Սուլթան Մուրադ Հինգերորդ

Այն օրը, երբ Մուրադ հինգերորդը բազմում է գահին ՝ 37 տարեկանում, նա հայտարարում է. «Մենք կառավարելու ենք այս երկիրը, առաջնորդվելով ազատության գաղափարով»: Նա նշանակում է Զիա բեյին ՝ Երիտթուրքերի առաջնորդին՝ վարչապետի պաշտոնում:

Մուրադը չորրորդ սուլթանն էր, որը փորձում էր փոխել հին կարգերը Թուրքիայում, շնորհելով հավասար իրավունքներ քրիստոնյաներին: Հետադիմական թուրքերն այդ ամենն այլևս տանել չէին կարող: Անմիջապես սկսկվում են ինտրիգներ Մուրադի դեմ: Նրան գագընկեց են անում ընդամենը երեք ամիս թագավորելուց հետո՝ 1876 թ. օգոստոսի 31-ին: Նրա հեռացման պատրվակը հետևյալն էր. «Սուլթանը մտավոր հետամնաց է»: Նրան տնային կալանքի տակ են վերցնում ու բանտարկում Չրաղանի պալատում մինչև կյանքի վերջը:

Մուրադ Հինգերորդը վերջին սուլթանն էր, որը հետաքրքրված էր բարեփոխումներով: Հետադիմական թուրքերը վերջապես գտնում են իրենց համար իդեալական ղեկավարի հանձինս Մուրադի փոքր եղբոր՝ Աբդուլ Համիդ Երկրորդի:

Ճանապարհից հեռացնելով Մուրադ Հինգերորդին, Աբդուլ Համիդ Երկրորդին ընդունում են որպես Թուրքիայի հաջորդ սուլթան: Նա դառնում է տխրահռչակ բռնապետ ՝ հայ ազգի խարազան:

Հեղինակ՝ Անդրանիկ Չալաբյան, բժշկական հետազոտող, քարտեզագիր և պատմաբան, «Հայոց պատմության» մի քանի հատորների հեղինակ:

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո