Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Աֆրինը հայերի ցեղասպանության ժամանակ
Հուշ

Աֆրինը հայերի ցեղասպանության ժամանակ

Շապիկի նկարը՝ 

Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շուրջ քննարկումներն այսօր կրկին ակտուալ են, ինչի պատճառը քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» անվանումը կրող ռազմական գործողությունն է: Մոտ հարյուր տարի առաջ ևս Աֆրինը եղել է օրակարգում, սակայն այն ժամանակ կար մեկ այլ պատճառ՝ հայերի ցեղասպանությունը:

Հայերի ցեղասպանության ժամանակ Աֆրինը կարևոր տեղ է զբաղեցրել, քանի որ հարյուր տարի առաջ այս վայրում ձևավորվել են վրանային ճամբարներ: Ռայմընդ Գևորգյանի հեղինակային թուրքալեզու «Հայերի ցեղասպանությունը» գրքում ասվում է, որ այդ վրանային ճամբարներով ցեղասպանության ժամանակ հայերի բազմաթիվ խմբեր են անցել:

Ճամբարներից մեկը ստեղծվել է Անկարայում գտնվող հայ կաթոլիկ համայնքի արտաքսման ժամանակ: Հայերի այդ խմբին ձերբակալել են ոստիկանները 1915թ. օգոստոսի 27-ին: Այն կազմված է եղել 1500 տղամարդկանցից, որոնց թվում եղել են նաև եպիսկոպոսն ու մի քանի քահանաներ:

Այլախոհներին ներում չկա

Ողջ մնացած սակավաթիվ ականատեսների խոսքերով, հայերի մի խումբ, որն անցել է Քիրշեհիր, Քայսերի, Բիգու, Պոզանտի շրջաններով, հասել է մինչև սիրիական Հալեպին մոտ գտնվող քաղաքներից մեկը: Ճանապարհին նրանք անցկացրել են մոտ մի ամիս: Դրանից հետո նորանշանակ քննիչ Հակկի բեյը, որը վերահսկում էր աքսորյալների տեղաշարժը, որոշում էր, թե ուր են նրանք ուղևորվելու հետո: Մի մասին ուղարկել են Ռեսուլայն, մյուսներին՝ սիրիական Դեր Զոր:

Նրանց վերջնակետը եղել է Կաթմայի ճամբարը, սակայն այդ խմբից ոչ ոք ողջ չի մնացել: Ավելացրել են ևս մեկ կանգառ՝ մինչև Քարաման: Առաջին ձերբակալությունները սկսվում են մայիսի 23-ին, իսկ 1915 թ. օգոստոսի 11-ին հայերի ողջ խումբը անցնում է Էրեգլին, Պոզանտին, Տարսուսը ու Օսմանիեն: Հալեպ հասնելուց առաջ նրանց է միանում աքսորվածների մեկ այլ խումբ, սակայն ավելի ուշ, նրանց, ի տարբերություն Անկարայի հայ կաթոլիկների, ուղարկում են սիրիական անապատը:

Նույն ժամանակահատվածում սկսվում է հայ բնակչության երկարատև աքսորումը Աքշեհիր քաղաքից: Նրանք ճամփա են ընկնում օգոստոսի 20-ին ու այդպես գնում մինչև հոկտեմբեր: Առաջին խումբը գնացքով գնում է Էրեգլի, երբ կանգառներից մեկի ժամանակ նահանգապետ Ֆաիկ բեյը, ոստիկանապետ Իզզեթ բեյը երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին խուզարկում են հայերին ու նրանցից խլում արժեքավոր բոլոր իրերը, ինչից հետո խումբը շարունակում է ճանապարհը մինչև Օսմանիե: Մինչև հոկտեմբերի 23-ը նրանք մնում են Օսմանիեում, ինչից հետո նրանց ուղարկում են սիրիական անապատ:

Ինչպես տեղեկացնում էր Հալեպի նահանգապետ Բեքիր Սամին, մինչև սեպտեմբերի 1-ը բանտարկյալների հիմնական կազմը համալրվում է Գառիից արտաքսված ևս 1000 մարդկանցով: Նահանգապետի անձնական նախաձեռնությամբ, նրանց Դամասկոս տեղափոխելու փոխարեն ուղարկում են անապատ:

Հայերին գնացքով հասցնում են մինչև թուրքական Օսմանիե քաղաքը, որտեղից նրանց տեղավորում են ճամբարներում, իսկ հետո նրանք ոտքով հասնում են մինչև տրանզիտային կենտրոնը՝ Կարլիքե քաղաքը, որտեղ նրանց վիճակված էր սպասել աքսորի երկրորդ փուլին:

Հալեպի ճանապարհին շատերը զոհվում են: Հալեպում գտնվող հյուպատոս Հոֆմանը դեսպանատանն ուղղված իր նամակում գրում էր, որ դեռ 40,000 մարդու սրի են քաշելու: Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Անատոլիայի էթնիկական խմբերին ուղարկելու են ճամբարներ, մինչդեռ 300,000 մարդ արդեն բռնի ուղարկվել է հարավ:

Ռաջոյի ճամբարում դիերը պահում էին վրաններում

Ռաջո քաղաքում, երկաթգծի կայարանից դեպի ներքև տանող ճանապարհին, մի ճամբար էր տեղակայված, ճահճոտ տարածքում, որն ամբողջությամբ ծածկված էր վրաններով: Ցեղասպանություն ապրած ականատեսներից մեկը, որը ողջ էր մնացել, այսպես է հիշում այս տեղը. «Մահացածների դիակները դասավորում էին վրաններում: Նրանք, ովքեր վրաններ չունեին, ապրում էին երկաթգծի կամրջի տակ, որպեսզի մի կերպ պատսպարվեին ցրտից: Ուժեղ քամու ու անձրևի ժամանակ շատերը խեղդվում են: Նրանց դիակներն ամենուր էին: Շատ քչերին հաջոցվեց ողջ մնալ»:

Նման դեպքեր կատարվում էին նաև հարևան ճամբարում, կայարանից ոչ այնքան հեռու: Հայերի ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ հետազոտությունների ու գրքերի հեղինակ Սարգիս Մակարովն իր «Հայերի ցեղասպանությունը» գրքում գրում է. «Հայերի վրանները հաշվելն ահնար էր: Անհնար էր նաև հաշվել այն աքսորյալներին, որոնց առողջական վիճակը ծայրահեղ վատ էր: Անընդհատ անձրև էր գալիս: Ամենուր ավիրածություն էր: Շատերի դիակները մնացել էին հենց անձրևի տակ, առանց թաղելու: Ես նույնպես ուժեղ հիվանդացել էի, բարձր ջերմություն ու անքնություն ունեի: Ամեն գիշեր ճամբար գալիս էին գողեր, որոնք թալանում էին բոլորին ու սպանում նրանց, ովքեր փորձում էին ընդդիմանալ»:

Սեպտեմբերի 6-ին ճամբար եկան ևս 1000 մարդ: Այդ մասին գրել է ճամբար ժամանած ականատեսներից Վահրամ Դադյանը: Ուտելիքի բացակայության ու հիգինեայի կանոնների չպահպանման արդյունքում ճամբարում սկսում են տարածվել տարբեր հիվանդություններ ու համաճարակներ:

Երբ Դադյանը տեսնում է, թե ինչ է կատարվում ճամբարում, հասկանում է, որ եթե մոտակա ժամանակները չփախչի այնտեղից, նա նույնպես կամ համաճարակի զոհ կդառնա կամ սովից կմահանա: Հալեպի իշխանություններին ուղղված բոլոր դիմում-խնդրանքները աքսորյալ հայերի կեցության պայմանները բարելավելու մասին ապարդյուն էին:

Մահն ամենուր

Պրոֆեսոր Արփին Պարտիգյանը, ծնված 1903 թ. Աֆիոն-Կարահիսարում,  ով անցել է ցեղասպանության ու այդ համաճարակի միջով գրում է.

«Ոտքով հասանք մինչև ճամբարը: Աշուն էր, ու օդի մեջ արդեն սառնություն էր զգացվում: Մարդիկ ուզում էին արագ հասնել ուր որ գնում էին, վրանները բացել ու թաքնվել դրանցում, քանի անձրև չէր սկսվել: Եղբորս կանչեցի ու ասեցի, որ կողքովս քայլի, բայց ամբոխի մեջ նրան տեսադաշտիցս կորցրեցի: Դա վերջին անգամն էր, որ նրան տեսա: Չգիտեմ գողացել էին նրան, թե կորել էր: Մենք սոված էին, բայց ուտելու ոչ մի բան չունեինք: Խոտ էինք ուտում կամ ցորենի մնացորդներ փնտրում ձիերի գոմաղբում: Արդյունքում, բոլորը հիվանդացան: Ուժեղ փորացավ ունեինք, արնահոսում էինք, հավանաբար տիֆով էինք հիվանդ: Ոչ մեկիս մոտ դեղ չկար, հետևաբար չէինք կարող բուժվել: Ամենուր մահ էր»:

Նոյեմբերի 8-ին Գերմանիայի հյուպատոսը, որը գտնվում էր Հալեպում, նամակ է ուղղում Գերմանիայի կանցլերին, որով տեղեկացնում էր, որ Կաթմայի ճամբարում էլ տեղ չկա: Աքսորյալների թիվը հասել էր մոտ 200,000-ի: Դրանից հետո հայերին ուղարկում են հարևան Ազեզ քաղաք, ուր հասնելու համար մի քանի ժամ էր անհրաժեշտ:

1915թ. նոյեմբերին, ականատեսներից Երվանդ Օտյանը լսում է աքսորյալների մեջ տարածված շշուկներ: Ռաջո և Դեր Զոր քաղաքների ճամբարները նա անվանում է հայկական Օսվենցիմ, ու զգուշացնում, որ կյանքի գնով էլ լինի դրանցից պետք է հեռու մնալ:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին բոլոր հայ բանտարկյալներին ուղարկում են Ռեսուլայն քաղաք, որպեսզի խուսափեն փախուստներից ու մաքրեն ռազմավարական տեսանկյունից կարևոր Ադանա-Հալեպ ճանապարհը: Մի քանիսին, սակայն, հաջոցվում է փախչել: Նրանցից մեկը՝ 1903 թ. ծնված Հովսեփ Փաշտիկյանը, պատմում է.

«Հասանք Կաթմա ու հասկացանք, որ հայերի ցեղասպանությունը հասել է ահռելի մեծ մասշտաբների: Ադանա: Դերսիմ: Նրանք հավաքել էին Թուրքիայի բոլոր անկյուններում ապրող հայերին: Կաթմայում՝ հիվանդությունների ու համաճարակների այդ էպիկենտրոնում, մի երեք-չորս ամիս մնացինք: Սոված, ոչ մեկին պիտանի ժողովուրդ: Բնակչության կեսից ավելին մահացավ հենց հիվանդություններից: Աշնան վերջին օրերին բոլոր ողջ մնացածներին տարան Ռեսուլայն ու Դեր Զոր:

Ռայմընդ Գևորգյանի խոսքերով, Կաթմայի, Ռաջայի ու Ազեզի ճամբարներում 1915 թ. աշնանը մահացածների թիվը հասնում է մոտ 60,000-ի:

Աղբյուր՝ bianet.org

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո