Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Մի ճամփի պատմություն. Այն ինչ կարող ես երազել՝ իրական է» Իբրահիմ Կարագյոզ

«Մի ճամփի պատմություն. Այն ինչ կարող ես երազել՝ իրական է» Իբրահիմ Կարագյոզ

Մենք բոլորս ունենք երազանքներ: Մեկը երազում է շրջել այն երկրում, որտեղ ապրում է, մյուսը՝ ճանապարհորդել աշխարհով մեկ: Բայց մեզանից քանի՞սն են իրենց երազանքներն ի կատար ածում: Մեզանից քանի՞սն են ուղղակի հավատում, որ երազանքները կարելի է կյանքի կոչել: Միջավայրը, որում ապրում ենք, մեզ դարձրել է մեր իսկ ունեցացածի ստրուկը: Այն ստիպում է մեզ հավատալ, որ ինչքան շատ աշխատենք, ինչքան շատ վաստակենք ու ինչքան շատ իրեր ունենանք, այնքան ավելի երջանիկ ենք դառնալու: Դա է պատճառը, որ մեզանից շատերն իրենց երազանքներում սեփական հյուրասենյակից դուրս չեն գալիս: Իհարկե դա ոչ բոլորին է վերաբերում: Կան մարդիկ, որոնք սեփական փորձով ապացուցում են, որ կարելի է երազել ու հավատալ, որ երազանքներն իրական են: Իբրահիմը նման մարդկանցից է: Ես նրան Քրիս եմ կոչում (այդպես է «Վայրի պայմաններում» ֆիլմի գլխավոր հերոսի անունը): Ձեզ ենք ներկայացնում նրա ոգեշնչող պատմությունը:

Ողջույն, Իբրահիմ: Կպատմե՞ս մեզ մի քիչ քո մասին

Ողջույն, ես Իբրահիմն եմ: Չսիրածս աշխատանքից հեռացել եմ, որ երազանքս կյանքի կոչեմ: Ինքս ինձ հարց տվեցի, ինչպես կարող եմ դեմ գնալ այն համակարգին, որում մենք բոլորս այսօր ապրում ու մեզ դժբախտ ենք զգում, ու սկսեցի քայլեր ձեռնարկել: Այդպես որոշեցի ճանապարհորդել աշխարհով մեկ, բայց ճանապարհորդությունս որոշեցի իմ հայրենի երկրից սկսել: Ութ ամիս ես ճանապարհներին եմ անցկացրել ու հիմա վերադարձել եմ իմ հարազատ քաղաքը, որպեսզի սկսեմ շուրջերկրյա ճանապարհորդությունս:

Ինչպե՞ս ծագեց ճանապարհորդություն սկսելու միտքը

Մոտ երեք-չորս ամիս տևեց մինչև վերջնական որոշում կայացրեցի: Ուզում էի միանգամից սկսել ճանապարհորդել, բայց չգիտեի որտեղից սկսել: Որտե՞ղ եմ ապրելու, ինչո՞վ եմ սնվելու: Կկարողանա՞մ դա անել առանց կլորիկ գումարի: Անկեղծ կլինեմ, որոշ ժամանակ չէի կարողանում հանգիստ քնել, այս հարցերն անընդհատ պտվվում էին գլխումս:

Ես հայտնի մի սրճարանում որպես բարմեն էի աշխատում ու մշտական աշխատավարձ ստանում: Բայց այն մարդկանցից եմ, որ մի կերպ են աշխատավարձով ապրում մինչև ամսվա վերջ, դրա համար ոչ մի գումար չունեի կուտակած, իսկ ընտանիքիցս ֆինանսական աջակցություն չէի ուզում խնդրել: Նույնիսկ եթե ուզենայի, դժվար թե ստացվեր. հայրս թոշակառու է, բայց դեռ շարունակում է աշխատել որպես խոհարար բեռնատար նավի մեջ: Ընտանիքս միջին եկամուտ ունի, դրա համար էլ նման խոսակցություններ էի լսում. «Քեզ փող որտեղի՞ց», «Էնքան փող ունե՞ս որ կարող ես հանգիստ ճանապարհորդել», «Հոր փողերով ման է գալիս»: Այս կարծիքներն ու հարցերը եղել են ու դեռ շարունակում են հնչել: Ավելի լավ է միանգամից պարզաբանեմ դրանք ՝ նման բան չկա: Բարմեն աշխատելը՝ թուրքական սուրճ ու լատե պատրաստելն ինձ համար արվեստի նման մի բան է եղել: Բայց միևնույնն է, մի բան պակասում էր: Ես լիարժեք երջանիկ չէի: Հոգնել էի ամեն օր նույն բանն անելուց: Զարթուցիչի ձայնից ամեն առավոտ արթնանալ, լոգանք ընդունել, ատամները լվանալ, մաքուր կոստյում հագնել, նախաճաշել, մի ժամ անցկացնել հասարակական տրանսպորտում հոգնեցնող ճանապարհին, աշխատել մինչև ուշ երեկո, այնպես անել, որ քո վաճառքն ավելի շատ լինի, քան մնացածինը ու զգալ նրանց ճնշումը, ովքեր քեզանից շատ են վաճառել: Ու այս ամենի մեջ ընդամենը մի ժամ ունես, որ հանգստանաս: Մինչ դու ճաշում ես կամ սուրճ խմում, այդ որոշումները քո փոխարեն մեկ ուրիշն է ընդունում: Ընդ որում, պետք է չմոռանաս ամեն բանից առաջ թույլտվություն հարցնել, նույնիսկ զուգարան գնալուց: Բայց մի ջղայնացիր, ախր դու դեռ լիքը իրավունքներ ունես: Օրինակ՝ քնելու իրավունք: Արի տուն, քունդ առ ու հաջորդ օրը նորից նույնն արա: Ու այս ամենը մի նպատակ ունի՝ հարստացնել քո տնօրենին, որին կյանքումդ չես էլ տեսել: Շատ տխուր է, բայց սա է այն իրականությունը, որում ապրում ենք, ու միգուցե Ձեզ թվա, թե դա կարելի է փոխել, բայց իրականում՝ ոչ: Այն ամենը, ինչի մասին դուք երազում եք, կարելի է իրականացնել: Երբ որոշել էի գնալ այդ քայլին, ազատ ժամանակս անցկացնում էի գրքեր կարդալով ու հետևելով այն մարդկանց, որոնք անընդհատ ճանապարհորդում են: Նրանք ինձ համար ոգեշնչանքի առարկա են եղել: Նրանցից առաջ, օրինակ, ես չգիտեի, թե ինչ է վրանային հանգիստը, ինչ է ավտոստոպը: Վերջիվերջո հասկացա, որ ժամանակն է մի բան անել: Ինձ հարկավոր էր ճամփորդական պայուսակ, քնելու տեղ, վրան, բայց դրանք գնելու համար գումար չունեի ու քանի որ ինքս էի որոշում կայացրել աշխատանքից հեռանալու մասին, իրավունք չունեի փոխհատուցում ստանալու: Ընկերս՝ Օմերը, ասեց ինձ, որ կարող է կկիսվել ինձ հետ անհրաժեշտ իրերով, ու դա ամենալավ լուրն էր, որ կարող էի լսել: Ուզում եմ առիթից օգտվել ու կրկին շնորհակալություն հայտնել Օմերին դրա համար: Նրա շնորհիվ ես պատրաստ էի ճանապարհ ընկնելուն: Դիմում գրեցի աշխատանքից հեռանալու մասին, պայուսակս հավաքեցի ու ճանապարհ ընկա:

Ինչպե՞ս ճանապարհ ընկար

Արդեն ասեցի, որ ամենամեծ խնդիրը գումարն էր: Երբ ճանապարհ ընկա, գրպանումս ընդամենը 180 լիրա ունեի: Ինձ շրջապատող մարդկանց համար իմ գաղափարն ուղղակի խելահեղություն էր: Նրանց ավելի շատ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես ընդամենը այդքան գումարով եմ ճանապարհ գնում: Մի քանի հոգուց բացի ոչ ոք չէր հավատում իմ ուժերին: Բոլորը փորձում էին համոզել ինձ հետ կանգնել: Բայց ես արդեն որոշել էի, ու գիտեի, որ ոչ ոքի չպետք է լսեմ: Ես հավատում էի իմ բռնած գործին ու հաստատ որոշել էի սկսել դա: Այդպես էլ եղավ: Մարդիկ միշտ էլ մի բան խոսելու են: Ճանապարհորդությանս հինգերորդ օրն արդեն փող չունեի, ու ես փորձում էի գումար վաստակելու եղանակներ գտնել: Որոշեցի թևնոցներ սարքել ու փողոցում վաճառել: Սկզբում դա ինձ հետաքրքիր մի խաղ էր թվում, բայց հետո սկսեցի մտածել, ինչ եմ անելու, եթե չկարողանամ դրանք վաճառել: Սկսեցի թևնոցներ սարքելու մասին ուսուցողական տեսանյութեր նայել ու դրանք փողոցում վաճառել: Շնորհիվ լավ մարդկանց, ես կարողացա մի որոշ չափի գումար հավաքել: Եթե նույնիսկ գումար չվաստակեի, միևնույնն է, անցորդների ժպիտները տեսնելն արդեն հաճելի էր: Այդպես սկսեցի գումար վաստակել այն բոլոր քաղաքներում, որոնցում կանգ էի առնում:

Ինչպե՞ս էիր մի քաղաքից մյուսը հասնում

Մոտ ութ ամիս ավտոստոպից եմ օգտվել: Երբեմն հանրային տրանսպորտից էի օգտվում, բայց միայն նրա համար, որ հասնեմ ավտոստոպին: Ավտոբուսներից ու ինքնաթիռներից չեմ օգտվել: Ինձ համար ավտոստոպը մշակույթի մի մաս է, ոչ թե անվճար տրանսպորտային միջոց: Երբ միայն այդ կողմից ես նայում, ողջ իմաստը կորում է: Ինձ համար ավտոստոպից օգտվել նշանակում է ծանոթանալ նոր մարդկանց հետ, լսել նրանց կյանքի պատմությունները: Ոչ մի կանոն չկա.կարող ես գնալ ուր ուզես, ուղղակի պետք է ձեռքդ մեկնես ու բութ մատդ օդում պահես:

Որտե՞ ղ ես եղել

Ութ ամսվա ընթացքում այցելել եմ 54 քաղաք ՝ արևելքից աևմուտք ու հյուսիսից դեպի հարավ: Ասեմ, ինձ թվերն այնքան էլ չեն հետաքրքրում: Կարևոր չէ, որտեղ եմ ու ում հետ եմ: Կարևորն այն է, որ ես կանգ չեմ առնում, անըդհատ ճանապարհին եմ:

Ինչպե՞ս ես լուծում գիշերակացի հարցը

Գիշերելու համար օգտագործել եմ իմ վրանն ու Couchsurfing հավելվածը: Ճանապարհորդելուս ողջ ընթացքում միայն մի անգամ եմ վճարել դրա համար 20 լիրա, Էդիրնայում: Կարծում եմ, Couchsurfing-ը լավագույն հավելվածն է: Դրա միջոցով ծանոթացել եմ տարբեր հետաքրքիր մարդկանց հետ: Ամեն մի քաղաքում մի տուն կար, որտեղ ինձ սպասում էին, ինչպես հյուրի: Կան մարդիկ, որոնց հիմա կարող եմ ընտանիքի անդամ կոչել: Ճանապարհ ընկել եմ մենակ, բայց եղել է, որ ինձ միացել են ընթացքում, բայց ամեն դեպքում, սիրում եմ, երբ մենակ եմ ճանապարհորդում:

Նոր քաղաք մեկնելուց առաջ պլանավորում ե՞ս ամեն ինչ

Ոչ, երկարաժամկետ պլաններ չեմ կազմում, կարելի է ասել ընդհանրապես ոչ մի բան չեմ պլանավորում: Երբ մի բան նախօրոք եմ մտածում, ինձ մի տեսակ սահմանափակված եմ զգում: Ոչ մի բան չեմ պլանավորում, չգիտեմ, թե ում եմ հանդիպելու, ինչպես եմ ապրելու: Ու դա հրաշալի է: Սովորաբար, առավոտ շուտ ճանապարհ եմ ընկնում ու ճանապարհին որոշում եմ ուր գնալ: Լինում է, որ մետաղադրամի օգնությանն եմ դիմում, մանավանդ երբ երկու ուղղություն կա ու չգիտեմ, թե դրանցից որ մեկն ընտրեմ:

Ի՞նչ ես անում, երբ արդեն որոշել ես որ քաղաքը գնաս: Ինչպե՞ս ես սկսում քաղաքի հետ ծանոթությունդ

Մինչև ինչ-որ քաղաք մեկնելս ընդհանուր ուսումնասիրում եմ այն: Քայլ առ քայլ: Ոչ մի կոնկրետ նպատակ չեմ դնում ու չեմ էլ շտապում: Լինում է, որ ուղղակի ուզում եմ քայլել, ու այդ պահերին գնում եմ մղոն մղոնի հետևից առանց մեքենա կանգնեցնելու: Կարծում եմ, տեղացիներին լավ իմանալու համար պետք է առաջինը գնալ թեյարաններ, քանի որ դրանց այցելուների մեծ մասը կամ ծնվել են այդ քաղաքում կամ արդեն երկար տարիներ ապրում են այնտեղ: Դրանում ոչ մի անգամ չեմ սխալվել: Թեյարանների այցելուներից կիմանաք ամենաստույգ ինֆորմացիան: Այնտեղ կգտնեք լավագույն գիդերին: Կլինեն նաև կոպիտ մարդիկ, որոնք Ձեզ կնայեն քննադատող հայացքով, բայց նրանք միշտ էլ եղել են ու կլինեն: Սովորաբար ես աշխատում եմ նրանց բանի տեղ չդնել: Իրականում ամեն ինչ կախված է հենց ձեր վերաբերմունքից: Միշտ ժպտացեք ու կտեսնեք, թե ինչպես են մարդիկ վարաքվում ձեր դրական էներգետիկայով: Երբ թևնոցներ եմ վաճառում փողոցներում, կյանքը լրիվ այլ կերպ եմ տեսնում: Ինձ իհարկե դուր է գալիս գումար վաստակելը, բայց բացի այդ ինձ համար մեծ մոտիվաացիա է մարդկանց ժպիտները տեսնելը, նրանց պատմությունները լսելն ու ուղղակի նրանց հետ շփվելը:

Ո՞ր քաղաքն ես ամենաշատը հավանել

Չեմ կարող մի կոնկրետ քաղաք առանձնացնել: Բոլոր քաղաքներն էլ յուրովի գեղեցիկ են ու յուրահատուկ: Ամեն 100 կմ այն կողմ մշակույթը, եղանակը, հայացքներն ու ուտելիքը տարբեր են: Ինձ համար Սև ծովի մերձակա շրջանների բնությունն ուղղակի առանձնահատուկ է: Այն քաղաքը, որտեղ կուզենայի օրինկ ապրել ՝ Չանաքալեն է: Չգիտեմ ինչու, բայց այդ քաղաքն ինձ համար ուրիշ էր, նման չէր մնացածին: Իհարկե, մինչ օրս ինձ կապված չեմ զգում ինչ-որ մի տեղի հետ: Ճանապարհորդել եմ լիքը քաղաքներով ու անցել եմ Անատոլիայի գրեթե բոլոր շրջաններով:

Ինչպիսի՞ն է քեզ համար Անատոլիան

Իմ այցելած բոլոր շրջաններում բնությունն ու ճարտարապետությունը հրաշալի են եղել, իսկ մարդիկ՝ բարեհամբույր ու հյուրընկալ: Մենք ապրում ենք մշակութային առումով հարուստ մի երկրում: Ուր էլ եղել եմ, դա զգացել եմ:

Ի՞նչ է քեզ համար նշանակում քաղաքը տեսնել

Ճանապարհին լինել չի նշանակում ուղղակի գնալ առաջ ու զվարճանալ: Նոր մարդկանց ես հանդիպում, ծանոթանում ես նոր մշակույթների հետ, որոնց մասին դրանից առաջ չէիր լսել, ու հենց այդ պահին ես հասկանում, որ կարելի է ապրել առանց ճոխությունների ու երջանիկ լինել: Կյանքը ճանապարհին ստիպում է քեզ աշխարհին այլ կողմից նայել: Մենք պետք է ընդունենք, որ կան մարդիկ, որոնք մեզանից տարբեր են. նրանք ունեն այլ կրոն, այլ լեզու, պատկանում են այլ ազգությունների: Մենք պետք է սովորենք ընդունել այդ տարբերությունները: Անհայտություն տանող ճանապարհն ուղղակի հրաշալի է՝ մոլորվել անծանոթ փողոցներում, հետևել արևածագին մի քաղաքում, իսկ մայրամուտին՝ մեկ այլ: Այդ ամենը նշանակում է ՝ փորձել իքնդ քեզ գտնել: Երբ ազատվում ես մի բանից կախված լինելու զգացումից, կյանքդ երջանկությամբ է լցվում: Մենք դա գիտենք, բայց վախենում ենք ընդունել: Մենք միշտ մի բանից վախենում ենք, անըդհատ ինչ-որ բանի մասին մտահոգվում: Ու մի բան էլ, մենք չենք կարող ազատվել հասարակության ճնշումից: Միջինը 60-70 տարի ունենք, որ մի բան անենք՝ աշխատենք, ամուսնանանք, վարկ վերցնենք ու վճարենք դրա համար ամբողջ կյանքի ընթացքում: Դա գիտակցելն, իհարկե, այնքան էլ հաճելի չէ: Հարկավոր է ուղղակի դուրս պրծնել այդ անիծյալ շրջանից, ու դա մեր ձեռքերում է: Ոչ մի անհնար բան չկա:

Ո՞րն է ամենադժվար ու ամենահաճելի բանը ճանապարհին

Հաճելի պահերի մասին արդեն խոսեցի, բայց իհարկե լինում են նաև դժվարություններ: Երբեմն դժվար է մի քանի կմ մեջքի վրա կրել այդ պայուսակը, կամ կոշիկներդ այնպես են սեղմում, որ լացդ մի կերպ ես զսպում: Սակայն ինձ համար դա մի այլ տեսակի թերապիա է: Այն հուզմունքը, որ շուտով նոր տեղ ես լինելու, քողարկում է բոլոր վատ բաները: Ես համակերպվել եմ այն մտքի հետ, որ երբեմն ստիպված եմ սոված քնել: Եղել է որ քնել եմ հենց զբոսայգում, փողոցում կամ մզկիթում: Երբեմն վախ եմ զգացել, բայց ոչ մի անգամ չեմ մտածել այդ կենսակերպից հրաժարվելու մասին, քանի որ մինչև ճամփա ընկնելս իմացել եմ, որ բախվելու եմ նման խնդիրների: Եթե անըդհատ վատ բանի մասին մտածես, այն կսկսի հետապդնել քեզ, դրա համար պետք է էներգիադ խնայես ու լավ բաների մասին մտածես:

Վերջին հարցս. կարող ե՞ս կիսվել քո հետագա պլաններով

Իհարկե, իմ նպատակն է մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության: Աշխատածս գումարի մի մասը կողքի եմ դրել, որ անձնագիր ստանամ: Ութ ամիս հետո վերադարձա իմ հարազատ Մերսին քաղաք: Այստեղ փորձում եմ նոր աշխատանքի հնարավորություններ ստեղծել: Հիմա ինքս ինձ ապահովում եմ, բայց հովանավոր չունեմ: Ուզում եմ աշխատանքի համար նոր սարքավորումներ ձեռք բերել ու մնալ այստեղ մինչև ինքնաթիռի տոմսեր գնեմ: Հենց որ անհրաժեշտ գումարը հավաքեմ, կկազմեմ իմ ճանապարհային քարտեզը: Հիմա ուզում եմ դիմել բոլոր ընթերցողներին ու ասել, եթե երազանք ունեք, մի հապաղեք, գնացեք դրա հետևից: Ձեզ կփորձեն հետ կանգնեցնել, կասեն, որ անհնար բան եք մտածել, կսկսեն ուղղություն ցույց տալ: Ուղղակի մի՛ լսեք, մի՛ հավատացեք նրանց: Անհնար ոչինչ չկա: Ձեր կյանքն է, ու երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար: Երբեք մի ՛հանձնվեք ու այսօրվա գործը վաղվան մի՛ թողեք, որովհետև սա է գործեկու պահը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո