Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Սփյուռքի հայերը պատասխանում են հարցերին

Սփյուռքի հայերը պատասխանում են հարցերին

1. Ի՞նչպես են քո նախնիները եկել այդ երկիր:  

Արթուն, Թուրքիա՝ Ես ծնվել և մեծացել եմ Թուրքիայում, իմ ողջ կյանքը ապրել այնտեղ, մինչև վերջերս` մոտավորապես երկու տարի առաջ, երբ տեղափոխվեցի Ֆրանսիա: Այսպես` իմ նախնիները Անատոլիայի հայեր էին, հայրիկիս կողմը հիմնականում Ստամբուլից էր, մայրիկիս կողմը հիմնականում արևելյան Անատոլիայից:  

Դիանա, Ռուսաստան՝ Իմ նախնիները ծնվել և ապրել են Արցախում: 1990-ականների սկզբին իմ հայրը եկավ Ռուսաստան աշխատելու և մնաց այստեղ:

Մելանի, Կանադա՝ Ես ծնվել եմ Կանադայում:  Իմ ծնողները ծնվել են Եգիպտոսում 1950-ական թթ.:  Նրանք Կանադա են տեղափոխվել 1969: Հորս կողմից իմ պապիկ Հրաչը Խարբերդից (Խարպուտ) էր, իսկ տատիկս` Տիգրանակերտից:   Մորս կողմից նրա պապիկը Տիգրանակերտից էր, իսկ տատիկը` Բարդիձագից: Երկու կողմից էլ ունենք 1915թ. ցեղասպանությունը վերապրածներ:  Հրաչը  8 տարեկան էր, երբ նա իր մոր և եղբոր հետ բռնեց անապատ տանող ճամփան:  Հետագայում նրանք հասնելու են Եգիպտոս, որտեղ նրա մայրը հաշմանդամ է դառնում երկար քայլելու հետևանքով, իսկ եղբայրը մահանում է:  Կոպիտ ասած նա որբանում է և մեծանում Եգիպտոսի մանկատանը: Եգիպտոսում նա հանդիպեց իր ապագա կնոջը և նրանք երեխաներ ունեցան` իմ հայրիկին: Մայրիկիս կողմից. 16 տարեկանում (միայնակ) իմ տատիկի մայրը Եգիպտոսում այցելում է իր բարեկամներին և այն օրը, երբ նա Եգիպտոսում նավ է նստում Բարդիձագ վերադառնալու համար, նրան ասում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և իր գյուղը ավերվել է, իսկ մարդիկ սպանվել են:  Նա նավ չնստեց, և  16 տարեկանում իր կյանքը սկսեց Եգիպտոսում առանց իր ընտանիքի:   Նա Եգիպտոսում ամուսնացավ, ունեցավ երեխաներ (իմ տատիկը):  Երբ 1950թ. մայրս ծնվեց Եգիպտոսում նրանք որոշում են տեղափոխվել Կանադա, քանի որ այդ ժամանակ Կանադան ցանկանում էր բնակեցնել որոշ քաղաքներ:  Որոշ հայ ընտանիքներ արդեն այստեղ էին, հետևաբար նրանք օգնեցին մյուսներին ներգաղթել: Նրանք ժամանեցին 1969թ.: Հայրս նույնպես ներգաղթեց: Հայրս և մայրս իրար հանդիպեցին Կանադայում 1975թ.:

Իննա, ԱՄՆ՝ Իմ ծնողները մեծացել և ապրել են Բաքվում: 1988 թվականին շատերի պես նրանք ևս ստիպված եղան փախչել և հայտնվեցին Ռուսաստանում` Կալինինգրադ քաղաքում: 2014 թվականին ես որոշեցի տեղափոխվել ԱՄՆ պարզապես այն պատճառով, որ միշտ երազում էի, երբեք չեմ ուզեցել ապրել Ռուսաստանում, ուզում էի փոխել կյանքում ինչ-որ բան, 6 տարի սովորել եմ օտար լեզուներ և ուզում էի ապրել անգլիախոս երկրում: Անսահմանափակ հնարավորությունները, մտածելակերպը, ազատության ոգին միշտ գրավել են ինձ:

2. Դու քեզ ավելի շատ հա՞յ, թե՞ քո երկրի քաղաքացի ես համարում:

Արթուն, Թուրքիա՝ Երբ ես Թուրքիայում էի ապրում, ինքնության վերաբերյալ այս հարցը իրականում հաճախ էր կրկնվում: Ես միշտ զգացել եմ, որ երկուսն էլ առկա են, բայց երբեմն դժվար էր որոշել, թե արդյոք որն էր զբաղեցնում առաջին տեղը: Ավելի վաղ տարիքում ես ավելի հակված էի ասել որ «հայկական ծագում» ունեմ, կարծես դա հավելում լիներ իմ ինքնությանը` որպես Թուրքիայի քաղաքացի: Բայց ավելի ուշ սկսեցի զգալ, որ դա ճիշտ չէ, ուստի սկսեցի ասել, որ «հայ» եմ, իմ ինքության այդ մասը դնելով մյուսի առջև: Հիմա, երբ ապրում եմ Ֆրանսիայում, իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, բայց միևնույն ժամանակ հեշտ: Ավելի բարդ է, քանզի երբ մարդկանց ասում եմ, որ Թուրքիայից եմ, նրանք իսկույն ևեթ ենթադրում են, որ թուրք եմ, և ես նրանց պետք է նաև ասեմ իմ հայկական ծագման մասին: Մյուս կողմից ինձ  ավելի հեշտ է միանգամից ներկայանալ որպես հայ, երբ ինքս եմ ինձ ներկայացնում:

Դիանա, Ռուսաստան՝ Ես ինձ ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի եմ զգում, քանզի ծնվել եմ այս երկրում և դաստիարակվել եմ այս երկրի մշակույթի ազդեցության ներքո, այնուամենայնիվ, ունենալով ծնողներ և բարեկամներ Հայաստանից` մեր ընտանիքը առօրյա կյանքում փորձում է պահպանել հայկական ավանդույթները:  

Մելանի, Կանադա՝ Ինձնից շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ես ինձ որևէ երկրի քաղաքացի համարեմ:  Ես դեռևս դժվարանում եմ այդ հարցում: Ես չեմ զգում, որ բավականաչափ մասնակցություն ունեմ որևէ երկրի քաղաքացիական կյանքին:  Երկար մտավոր աշխատանք տարվեց, որպեսզի ես համոզվեմ, որ Կանադայի քաղաքացի եմ, անգամ եթե մայրս ու հայրս 30 տարի է ինչ այստեղ են, և ես էլ այստեղ եմ ծնվել: Կարծում եմ,  քաղաքացի համարվելու համար պետք է ակտիվորեն մասնակցել մշակութային ու քաղաքային կյանքին, սեփականություն ունենալ, կամ էլ աշխատանքդ պետք է լինի այնպիսին, որ կարողանաս ինչ որ առումով երկրիդ օգտակար լինել: Ես դրանցից և ոչ մեկը չեմ կատարում: Գիտեմ, որ ճանապարհորդելիս պաշտպանված եմ: Այդքանը: Մյուս կողմից կարող եմ ասել, որ ես ինձ ավելի հարմարավետ և հոգեպես ավելի կապված եմ հայ լինելու հասկացության հետ, որովհետև իմ ծնողները սերմանել են իմ մեջ, որ հայ եմ և երբ նախկինում երեք անգամ այցելեցի Հայաստան, ես իսկապես զգացի, որ ինտելեկտի իմ տեսակը, հումորը, բնավորությունը ԲԱՎԱԿԱՆԻՆ հայկական են… Այնուամենայնիվ, ինձ քաղաքացի համարել հնարավոր չէ: Ես ինձ Հայաստանի քաղաքացի չեմ զգում: Եվ ես տեղյակ եմ, թե ինչպես են նրանք տառապել վերջին 100 տարին, երբ ես դեռևս այստեղ չէի:

Իննա, ԱՄՆ՝ Ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում և ապրել եմ այնտեղ մինչև 22 տարեկան: Ես ինձ միշտ զգացել եմ կոսմոպոլիտ, աշխարհի քաղաքացի, հատկապես Ամերիկա տեղափոխվելուց հետո: Անձնագիը/քաղաքացիությունը ինձ համար որևէ  նշանակություն չունի: Իմ հայ լինելու գիտակցությունը միշտ ինձ հետ է, չնայած, պետք է խոստովանեմ, որ Ամերիկա տեղափոխվելուց հետո այն ավելի քիչ է զգացվում քան Ռուսաստանում:

3. «Ի՞նչ ես արել Հայաստանի համար»: «Ի՞նչ է արել Հայաստանը ինձ համար»: Այս հարցերից ո՞րն է քեզ ավելի հարազատ:

Արթուն, Թուրքիա՝ Այս երկու հարցերը ասես հավ-ձու սցենարը լինեն: Պետությունները/երկրները ստեղծված են մարդկանց համար, այլ ոչ թե հակառակը, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող գոյատևել առանց մարդկանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի շատ հայեր ապրում են դրսում քան Հայաստանում, ապա դա ավելի է բարդացնում իրավիճակը: Բայց եթե ես իսկապես ընտրեի մեկ պատասխան, ես հակված եմ մտածել, թե  «ի՞նչ է արել Հայաստանը ինձ համար»: Այս հարցը ինձ ավելի հարազատ է թվում: Կարծում եմ Հայաստանը կշահի, եթե փորձի կառուցել մշակութային և մտավոր կամուրջներ` աշխարհով մեկ ապրող հայերի հետ կապ հաստատելու համար: Այդ քայլը կարող է խրախուսել ինձ նման մարդկանց, ովքեր սերտ կապեր չունեն երկրի և նրա բնակիչների հետ:

Դիանա, Ռուսաստան՝ Ինձ ավելի հարազատ է «ի՞նչ է արել Հայաստանը ինձ համար» հարցը.  Չեմ կարծում, որ որևէ կարևոր բան եմ արել Հայաստանի համար: Ապրելով այլ երկրում` ես հաճախ կիսվում եմ Հայաստանի պատմության և մշակույթի մասին պատմություններով` հուսալով, որ իմ ծանոթները ավելի լավ կզգան այդ երկիրը: Պատասխանելով հարցին, թե ինչ է ինձ նվիրել Հայաստանը, կարծում եմ, կարևորը դա գենետիկ ժառանգությունն է, բնավորության և վարքի որոշ վառ հատկություններ:

Մելանի, Կանադա՝ Բացի ֆեյսբուքյան մի քանի գրառումներից, ցեղասպանության ճանաչմանը նվիրված երթերից և համալասարանում իմ թեզում Հայաստանի պատմությունը քննարկելուց/պաշտպանելուց որևէ այլ բան չեմ արել: Ես պաշտպանում եմ իմ երկիրը և ճշգրիտ ներկայացնում այն և խրախուսում այլոց ծանոթանալ հայոց պատմությանը, ինչպես նաև հնարավորության դեպքում ներկայացնում եմ այն: Ես կցանականայի ասել, որ նախընտրում եմ, որ Հայաստանն է ինչ որ բան արել ինձ համար տարբերակը: Կարծում եմ կարևոր է հպարտանալ քո երկրով… այս առումով ես հպարտ եմ այնտեղ ՀԿ-ների կողմից իրականացվող որոշ աշխատանքներով և անգամ զինվորականների ու այն կանանց հզորությամբ, ովքեր սահմանը ապահով պահում են…

Իննա, ԱՄՆ՝ Երկու հարցերն էլ տեղին են և հետաքրքիր: «Ի՞նչ ես արել Հայաստանի համար». Հավանաբար, իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է իրեն տա այդ հարցը և լուրջ մտածի դրա վերաբերյալ: Իմ կարծիքով չկա ավելի լավ բան, քան գիտակցել, որ դու կարող ես օգտակար լինել որևէ մեկին և կյանքը մի փոքր ավելի լավը դարձնել, ինչ որ նոր բան մտցնել: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ եկեղեցի հաճախել, միջոցներ նվիրաբերել, զբաղվել Հայաստանին առնչվող ծրագրերով, մարդկանց պատմել հայ ժողովրդի, ավանդույթների, մշակույթի մասին, աջակցել ստարտապ ծրագրերի և ավելի խոշոր բիզնեսների: «Ի՞նչ է արել Հայաստանը ինձ համար» մի փոքր անհարմար հարց է, քանի որ երկիրը կարող է միայն ինչ որ բան առաջարկել /բացել աչքերը/ հնարավորություններ, իսկ այդ ամենը իրագործելը դա արդեն ներքին ուժն է, ձգտումն ու ցանկությունը: Ամեն ինչ կախված է մեզնից: Չեմ կարող պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ ես կմեղադրեմ կամ կգովաբանեմ որևէ երկիր` այնտեղ ինչ որ բան տեղի ունենալու համար: Պետությունը մաքուր կտավ է, իսկ մնացածը ամեն ինչը նկարում ենք մենք ինքներս: Առաջին անգամ Հայաստան եմ եկել արդեն փոքրիշատե հասուն տարիքում` որպես 25 տարեկան գիտակից մարդ: Ի՞նչ է նա արել ինձ համար: Բացել է իմ աչքերը, թե ինչպես են ապրում մարդիկ, միտքս ու հոգիս իրար է խառնել (լավ իմաստով), թույլ տվել հպվել գեղեցիկին, հավանաբար ցրել է որոշ պարզամիտ մանկական մտքեր, սիրահարեցրել ինձ ինքս ինձ:  

4. Ի՞նչն է քեզ դուր գալիս և ի՞նչը դուր չի գալիս հայերի մեջ և Հայաստանում:

Արթուն, Թուրքիա՝ Քանի որ երբեք չեմ եղել Հայաստանում ու շատ քիչ հայեր գիտեմ Հայաստանում, ապա այդ հարցին ինձ համար բավականին դժվար է պատասխանել:  Բացի այդ, ես սովորաբար, փորձում եմ հեռու մնալ երկրներին, մշակույթներին ու մարդկանց ընդհանրացնելուց: Այս ասելու հետ մեկտեղ ես կարող եմ ասել, որ ինձ միշտ հիացրել են մշակույթը, մտավոր առաջընթացն ու միասնությունը արժևորող հայերը, և ես ուրախ եմ տեսնել այս հատկությունները ինձ ծանոթ հայերի մեջ:  Մյուս կողմից, ես հանդիպել եմ շատերին, ովքեր դրսևորել են եսասեր ու տգետ պահվածք, որը ինձ ընդհանրապես դուր չի եկել: Ես նաև կցանակայի նշել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները իսկապես ոգևորիչ էին ինձ համար: Անհավատալի էր, թե ինչպես հայ ժողովուրդը կանգնեց հանուն իր սկզբունքների, իր ազատության և իր ապագայի: Ես միայն կարող եմ հուսալ, որ հայ ժողովուրդը կկարողանա շարունակել կառուցել այս ամենի վրա:

Դիանա, Ռուսաստան՝ Այդքան շատ ծանոթ հայեր չկան շուրջս, որպեսզի գլոբալ առումով գնահատական տամ, բայց եթե անհրաժեշտ է նշել որոշակի հատկանիշներ, ապա օրինակ Ռուսաստանի հարավում հայերը հաճախ շատ էքսպրեսիվ և բարձրախոս են, ինչը անսովոր է ինձ պես հանգիստ մարդու համար: Սակայն այդ ամենը փոխհատուցվում է իմ կարծիքով հայերի լավագույն հատկանիշներից մեկով` հյուրընկալությամբ և հաճախ նույնիսկ օտար մարդկանց օգնելու ցանկությամբ: Ես, չլինելով գիտակ շատ կարևորում եմ Հայաստանի հնությունն ու յուրօրինակությունը և հայ ժողովրդի իր երկիրը և պատմությունը պահելու և հպարտանալու կարողությունը:    

Մելանի, Կանադա՝ Ես կարող եմ խոսել Կանադայում ապրող հայերի և Հայաստանի հայերի մասին առանձին: Ինձ դուր է գալիս հայերի ուժը և հարմարվելու, լավ աշխատելու, բիզնեսներ բացելու  մեր ունակությունները, և ընդհանրապես, մեզ սիրում ու մեզնով հիանում են բոլոր նրանք, ովքեր լսել են հայերի մասին: Շատերը ասում են, որ մենք բավականին խելացի ենք ու ստախոսներ չենք. դա ճշմարիտ է:  Մենք մի քիչ անմեղ ենք ու դա ինձ դուր է գալիս: Ես նկատել եմ, որ մենք հնարավորինս փորձում ենք հարմարվել ու շատ կարևորում ենք , թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ, ես գիտեմ, որ Մոնրեալում պարանոիկ այդ վիճակը հասել է ծայրահեղ աստիճանի, երբ համայնքը (հատկապես կանայք) չափազանց դատապարտում են երիտասարդությանը: Ինչպես ենք հագնվում, ինչ ենք սովորում,ինչպես ենք խոսում, ում հետ ենք ամուսնանում….Դա այնքան վատ է, որ ես դադարեցի մասնակցել համայնքի իրադարձություններին, երբ 12 տարեկան էի, քանի որ մի փոքր էքսցենտրիկ էի: Ինչ վերաբերում է Հայաստանի հայերին` ես միաժամանակ համակրում և հակակրում եմ նրանց: Հակակրում եմ հատկապես նրա համար, երբ տեսնում եմ կոպիտ վերաբերմունք կամ ինքնագիտակցության պակաս (կենդանիների կամ երեխաների նկատմամբ կոպիտ վարքի դրսևորում…):  Կանայք շատ ուժեղ են, բայց միևնույն ժամանակ նրանք այս ուժը կիրառում են վնասելու այլ կանանց ավելին, քան ես տեսել եմ աշխարհի որևէ այլ վայրում  բռնություն կիսուրների կողմից, կանանց ՀԿ-ների հանդեպ ատելության խոսքեր, պահպանողականության բարձր մակարդակ):  Ես ներում եմ ամեն ինչ, քանզի գիտեմ, որ այս ամենը գալիս է Հայաստանի մեկուսացված լինելուց: Այս խնդիրների մեծ մասը ի հայտ է գալիս ներսում տիրող աղքատությունից կամ քաղաքական խնդիրներից, որոնք նվազեցնում են մարդկանց կարողությունը «իմանալու ավելին» և ավելի լավ միջոցներ ձեռնարկելու, կամ անգամ հույս փայփայելու… Միաժամանակ ես ԱՅՆՔԱՆ ՇԱՏ եմ սիրում Հայաստանի հայերին` ես զգում եմ մտավոր կարողության այնպիսի մակարդակ, նույնիսկ վախենալու է, թե որքան խելացի են նրանք…իհարկե դա ընդհանրացում է` ոչ բոլորն են այդպիսին: Հայերն ինձ նման են` մենք արագ ենք սովորում: Ես նաև գնահատում եմ պատմության և մշակույթի վերաբերյալ ունեցած նրանց գիտելիքները:

Իննա, ԱՄՆ՝ Ինչն է դուր գալիս և ինչը դուր չի գալիս: Թերևս ամենադժվար հարցն է: Մտքերս այս ու այն կողմ են ցրվում… Ես հաստատ չեմ կարող ասել երկրի մասին, քանի որ այնտեղ  ընդամենը մի քանի շաբաթ եմ անցկացրել: Իհարկե, ցանկանում եմ ասել, որ ինչ լավ է, որ մեր ժողովուրդը այդքան տաղանդավոր, աշխատասեր, բարի, իմաստուն, ձեռներեց…գեղեցիկ է: Ցանկանում եմ ավելի շատ առաջընթաց տեսնել, ավելի շատ բարելավումներ և արդիական լուծումներ տեսնել երկրի ենթակառուցվածքներում:

5. Կցանկանայիք արդյո՞ք ապրել Հայաստանում:

Արթուն, Թուրքիա՝ Սա շատ բարդ հարց է մի քանի նկատառումներով: Մի կողմից ես հայ եմ և Հայաստանում բնակվող հայերի հետ ունեմ ուժեղ մշակութային հարցեր:  Մյուս կողմից իմ ամբողջ կյանքում եղել եմ «Ստամբուլից հայը» մինչև վերջերս, երբ ես դարձա Ֆրանսիայում ապրող «սփյուռքահայ»: Հայ մշակույթը իմ ինքնության ուժեղ կողմն է, որը ես մտադիր եմ ապագայում ևս բացահայտել և զարգացնել, բայց եթե անկեղծ լինեմ, համոզված չեմ արդյոք իմ այդ կողմը բավականաչափ ուժեղ է մղելու ինձ այդպիսի որոշման իրագործմանը:   Միգուցե ապագայում, երբ ես հնարավորություն ունենամ այցելել Հայաստան և ծանոթանամ երկրին, ես կկարողանամ ավելի կիրթ որոշում կայացնել:

Դիանա, Ռուսաստան՝ Քանի որ չեմ եղել Հայաստանում, չեմ կարող հաստատ ասել կցանկանայի արդյոք մշտապես տեղափոխվել թե ոչ, սակայն անպայման կայցելեմ հայրիկիս պատմական հայրենիքը:

Մելանի, Կանադա՝ 21 տարեկանից ի վեր (երբ այցելեցի առաջին անգամ) ես ցանկացել եմ հեռանալ Կանադայից և տեղափոխվել Հայաստան: Վախենում եմ, եթե հիմա վերադառնամ, այն բավականին արևմտականացված կլինի: Ես անկեղծորեն չեմ ցանկանում վերադառնալ վատ արևմտյան երևույթներին, որոնցից ես խուսափում եմ (աղտոտվածություն, սպառողականություն, անորակ հեռուստատեսություն, և այլն):  Ես աշխատանքներ եմ տանում այստեղ բիզնես հիմնելու և զբաղվում եմ ինքնակրթությամբ, որպեսզի երբ տեղափոխվեմ, կախվածություն չունենամ այնտեղի տնտեսական վիճակից և հնարավորություն ունենամ ռեսուրսներ ներմուծել երկիր: Իմ օգնությունը կլինի միգուցե... 5-10 տարուց:

Իննա, ԱՄՆ՝ Նախքան Ամերիկա տեղափոխվելը միգուցե ես դիտարկում էի այդ միտքը: Ներկայումս ես ինձ չեմ կարող պատկերացնել մեկ այլ երկրում: Երբ փոքր էի, կարծում էի Հայաստան կտեղափոխվեմ` ծերությունս այնտեղ անցկացնելու համար:  

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո