Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ռուսաստանի հայերը՝ ինչու՞աշխարհի ամենախոշոր համայնքը չի կարողանում հաղթահարել ասիմիլացիայի վտանգը

Ռուսաստանի հայերը՝ ինչու՞աշխարհի ամենախոշոր համայնքը չի կարողանում հաղթահարել ասիմիլացիայի վտանգը

Ռուսաստանում հայերը դարավոր պատմություն ունեն՝  հաստատվել են ավելի քան տասը դար առաջ:  Այդ պատմությունն իր էջերում պարունակում է հայտնի ազնվական ընտանիքների ներկայացուցիչների, պետական, ռազմական, մշակութային գործիչների, գիտնականների և բարեգործների անուններ:  Պետության տարբեր բնագավառներում Ռուսաստանի հայերի ունեցած դերը նկարագրելու համար շատ հատորներ պետք է գրվեն: 

Սակայն հայ համայնքը համեմատաբար վերջերս է դարձել այդպիսի խոշոր համայնք (մոտավորապես մեկուկես միլիոն մարդ՝ ռուսներից, թաթարներից, ուկրաինացիներից, բաշկիրներից, չուվաշներից ու չեչեններից հետո թվով յոթերորրդ խոշոր ազգային համայնքը): Բնակչության ամենամեծ ներհոսքը, որը ներկայիս համայնքի հիմքն է, տեղի է ունեցել Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1990-2000-ական թթ.:  Արտագաղթողները հիմնականում լքել են Հայաստանը՝ ավելի լավ կյանքի փնտրտուքներով:   

Հարկ է նշել, որ Ռուսաստան ներգաղթողների ամենամեծ ներհոսքը համընկնում է Հայաստանի կյանքում ամենադժվար ժամանակահատվածի հետ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետության քաղաքական և տնտեսական շրջափակումը և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմը երկիրը թաղում են խավարի մեջ, այդ տարիները տեղացիները անվանում են «մութ ու ցուրտ»: Գործնականում չկար էլեկտրաէներգիա, լույս ու ջեռուցում:

Այդ ժամանակահատվածում Ռուսաստան տեղափոխված հայերը հիմնականում հոգում էին իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը՝ աշխատանք էին փնտրում, բիզնեսներ ստեղծում, ներդրումներ կատարում բիզնեսում:

Արդարև, այսօր Ռուսաստանի հայերը կազմում են հասարակության հաջողակ շերտը, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ տեղ ու դիրք են նրանք զբաղեցնում խոշոր ԶԼՄ-ներում և բիզնես հարթակներում:

1990-ական թվականներից եկող միտումը դեռևս շարունակում է պահպանել իր արդիականաությունը. ռուսահայերը, որպես կանոն, առաջնային են համարում անձնական և ընտանեկան բարեկեցությունը, բիզնեսը, սակայն ոչ ազգային ինքնության պահպանումը՝ համալիր կատեգորիա, որն իր մեջ ներառում է ինչպես լեզվի և պատմության իմացությունը, այնպես էլ իրենց հայ համայնքին/կազմակերպությունների շարքին դասելը:

Հայ ինքնության չպահպանման վառ օրինակներ կարող են ծառայել Ռուսաստանում հայտնի այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ ռուս միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (իսկական ազգանունը Հարությունյան), ով վերցրել է կնոջ ազգանունը,  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (իսկական ազգանունը Քալանթարով), ով իրեն համարում է Թբիլիսիի հայկական արմատներով ռուս, և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան (իսկական ազգանունը Բաբայան), ով վերցրել է մոր ազգանունը, քանզի իրեն ավելի շատ «ռուս» է զգում:  Այս ցանկը դեռ կարելի է երկար շարունակել:

Ինչու՞ է այսպես ստացվում:

Առաջին հերթին հարկ է նշել, որ Ռուսաստանի պես վիթխարի երկրի տարածքում չկա ամբողջական հայ համայնք, կան միություններ տարբեր շրջաններում, քաղաքներում, որոնք, շատ հաճախ, իրենց մեջ չեն ընդգրկում հայ ակտիվ բնակչության անգամ տասնորդական մասը, այս խնդիրը առկա է հատկապես խոշոր քաղաքներում:  Հետևաբար՝ ասիմիլացիայի ետևում թաքնված պատճառը համալիր բնույթ է կրում:

Այս խնդրի հիմքերից մեկը՝ ռուսահայության գիտակցության մեջ արմատավորված Հայաստանի պատկերն է, որը շարունակում է նրանց համար մնալ աղքատ, անհաջող երկիր, որի հետ, համապատասխանաբար, հնարավորինս քիչ շփում ես ցանկանում ունենալ: Հայերը պատրաստակամորեն սկսում են օգտագործել ռուսերեն լեզուն և ինտեգրվում ռուսական հասարակությանը, իսկ այն հազվագյուտ հայերի հայրենիք վերադառնալու որոշումը ծայրահեղ անհեթեթություն է դիտարկվում նրանց հայ բարեկամների և ընկերների կողմից: Տեղին է զուգահեռներ անցկացնել «Երրորդ Հռոմի պետությունում» տեղի ունեցող ասիմիլացման գործընթացների և Բյուզանդական կայսրության կազմում ապրող հայերի ասիմիլացման գործընթացների հետ՝ ուղղափառ մշակույթը իր մեջ է կլանել հայերին՝ աստիճանաբար ազգային ինքնությունը դարձնելով բյուզանդական, որն, ըստ էության, նշանակում էր հույն ժողովրդի ներկայացուցիչ:

Յուրաքանչյուր սերնդի հետ միասին ավելի ու ավելի է տարրալուծվում այն գաղափարական ու մշակութային հիմքը, որին կարող են հենվել հայրենիքից կտրված հայերը: «Փոքր երկրի (ժողովրդի)» բարդույթը ակտիվ կերպով ներարկվում է ռուս հասարակության կողմից, ովքեր հայերին համարում են մերթ «կովկասցիներ»,  մերթ «նույն հավատքով եղբայրներ»: Հետևաբար, հասարակության մեջ ադապտացվելու ձևերից մեկը ՝ կովկասցիների և քրիստոնյաների «մակրոհամայնքների» շարքին դասելն է, և, զարմանալի չէ, որ խառը ամուսնությունների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով:  Նման ընտանիքներում նախապատվությունը որպես կանոն,տրվում է ռուսերենին՝ որպես միջազգային հաղորդակցման լեզու, որը անխուսափելիորեն հանգեցնում է ասիմիլացիայի:  «Կամուրջ» թիմի կողմից Մոսկվայի և Սոչիի հայերի շրջանում իրականացված հարցումների հիման վրա ակնհայտ է դառնում, որ հայերի 48 % դրական է վերաբերում խառը ամուսնություններին, որը՝ի համեմատ Ռուսաստանի այլ փոքրամասնությունների մեծ թիվ է կազմում:  Ընկալման և ըմբռնման առումով մոտ լինելով հայկականին՝ ռուսական հասարակությունը և մշակույթը հեշտությամբ իրենց են ձուլում հայերին, որն իր հերթին ևս ցեղասպանություն է, սակայն առանց արյունի և կամավոր հիմունքներով:  

Ռուսաստանի հարավային շրջանում բնակվող հայերը (հյուսիսային կովկասի պետությունները, Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջանները, Ռոստովի մարզը և այլն) չնայած այն հանգամանքին, որ տարածքային առումով մոտ են տեղակայված Հայաստանին, այնուամենայնիվ, ավելի ու ավելի են հեռանում վերջինից: Օրինակ՝ Կրասնոդարի շրջանի Սև ծովի ափին բնակվող հայերը ավելի շատ իրենց համարում են ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ և ապրում են նրա կանոններով:  Այսինքն՝ այնպես է ստացվում, որ Հայաստանը տոները նշում է մեկ օր, իսկ Ռուսաստանի բազմաթիվ հայեր՝ մեկ այլ օր:  Եվ սա մշակութային ասիմիլացիայի միայն մեկ օրինակ է:  Ցանկին կարելի է հավելել նաև երիտասարդների կողմից գրական հայերենի թույլ իմացությունը, որը նշանակում է, որ մարդիկ չեն կարողանում կարդալ մայրենի լեզվով և հետևել հայկական ԶԼՄ-ներին:  

Ասիմիլացիան խթանում է վառ, մրցունակ մշակությային կյանքի բացակյությունը: Այո՛, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ և համերգներ,  սակայն դրանցից ամենամեծածավալը և հանրաճանաչը հայկական շոու բիզնեսի երգիչների ելույթն է, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել Ռուսաստանի հայերի որոշակի շերտերում, իսկ հասարակության կիրթ հատվածի մոտ նմանատիպ միջոցառումները միայն հակակրանք են առաջացնում՝ ցածրորակ երաժշտության պատճառով:  Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված էՀայաստանում տիրող ժամանակակից երաժշտության արտադրությամբ, որտեղ քանակը վաղուց գերազանցել է որակին:  Հետևաբար, Հայաստանի հանրապետությունը հանդես չի գալիս որպես որակյալ մշակութային կողմնացույց՝ ռուսահայերը առաջնորդվում են իրենց մոտավոր պատկերացումներով թե ինչ է հայկական մշակույթը և ինչ է անհրաժեշտ ինքնությունը պահպանելու համար:  Հարկ է հավելել, որ Ռուսաստանի տարածքում ձևավորված հայի կերպարը ևս հակակրանք է առաջացնում հասարակության լայն շերտերի շրջանում, որոնց հոգնեցրելեն են խորովածի և ծիծաղ առաջացնող առոգանության վերաբերյալ ստերեոտիպային կատակները:  Ստացվում է, որ ԶԼՄ-ներում նշվող հայերի քանակը չի արտացոլվում հայերի ներկայացման որակի վրա:

Բոլոր այս խնդիրները կարելի է ամփոփել համայնքային կառուցվածքների վատ կազմակերպչական աշխատանքներով:  Տասնյակ կազմակերպություններ և նվազագույն արդյունավետություն:  Այդ կազմակերպությունները ղեկավարվում են կամ սովետական մտածելակերպով գործարարների կողմից (օր.՝ Ռուսաստանի հայերի միությունը), որոնք երկար տարիներ զբաղեցնում են տվյալ պաշտոնները, ի վիճակի չեն լուծել ռազմավարական առումով կարևոր հարցեր և միայն ապահովում են իրենց գործունեության տեսանելիությունը, կամ էլ ուսանողների խմբերի կողմից (օր.՝ Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիա), որոնք ստիպված են գործել կամավոր հիմունքներով, առանց ֆինասավորման, որը չի կարող չազդել աշխատանքային գործունեության որակի և արդյունավտության վրա:  Հաճախ այս կազմակերպությունները բացի այն հիմնողներից և նրանց շրջապատից չեն միավորում ոչ ոքի:  Գործնականում  բոլոր կազմակերպությունները ունեն արհեստավարժ կադրերի կարիք, ովքեր որպես պրոֆեսիոնալներ  կարող են զբաղվել իրենց գործունեությամբ՝ որպես հիմնական զբաղմունք:  Համակարգված աշխատանքի բացակայության պայմաններում կան բազմաթիվ հիմնարար  «անցքեր», որոնք թույլ չեն տալիս կազմակերպություններին ու համայնքներին արդյունավետ կերպով զարգանալ:  

Ասիմիլացիայի գործընթացի մեկնարկը վաղուց է տրվել և մեծ մասշտաբների է հասել, որոնց հետևից հնարավոր չէ հասնել և այս դեպքում Ռուսաստանի հայ համայնքի պահպանման համար անհրաժեշտ է ապավինել ոչ թե քանակային մեծամասնությանը, այլ որակական  փոքրամասնությանը:  Ռուսաստանի հայերը և ապագա սերունդները հնարավորություն կունենան կանխել անհետացման վտանգը, եթե Ռուսաստանում կարողանան ստեղծել  ոչ թե բացառապես ոգևորության և հայրենասիրական զգացմունքների վրա հիմնված միություն, այլ լուրջ կազմակերպություն՝ արհեստավարժ կադրերով, որտեղ առաջնահերթությունը տրվում է մշակույթին և կրթությանը, հայ գործարարների կողմից ապահովված է ֆինանսավորումը, որը հնարավորություն է ընձեռնում կազմակերպության անդամներին գործողությունների ազատություն՝ իրենց ունեցած գիտելիքների և պորֆեսիոնալիզմի շրջանակներում:  Նշյալ պայմանները հաշվի առնելու դեպքում հնարավորություն կստեղծվի տեսնել ուրախ, դինամիկ համայնք, որը ներգրավում և համախմբում է այն մարդկանց, ովքեր մտահոգ են իրենց ծագմամբ:

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո