Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ռուբեն Սևակ՝ պարտքի և պատվի ասպետ
Հուշ

Ռուբեն Սևակ՝ պարտքի և պատվի ասպետ

Հրատարակչության անունից՝

Շատերը երեսուն տարեկանում նոր-նոր սկսում են կայանալ, իսկ նա սպանվեց երեսուն տարեկանում, իր վառ ու արժանապատիվ կյանքով խորը հետք թողնելով հայ ժողովրդի հիշողության մեջ: Այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է:

Նա փայլում էր խելքով, կրթվածությամբ, հմայքով. ուներ բոլոր հնարավորությունները ժամանակի ընթացքում  գրականության վարպետների շարքը համալրելու համար, քանի որ հասցրել էր համակվել եվրոպական մշակույթով, դրա համատեքստով: Վերջապես կարող էր իր հանգիստ ու ապահովված կյանքով ապրել իր Լոզանի առանձնատանը, Լեման լճի ափին, իր գեղեցկուհի կնոջ ու երկու երեխաների հետ: Տաղանդավոր երիտասարդ պոետի ու շնորհալի բժիշկի առջև բոլոր դռները բաց էին, սակայն նա նախընտրեց գիտակցված մարտիրոսական մահը:  

Ռուբեն Սևակը (Չիլինկիրյան) ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին Սիլիվրի փոքրիկ քաղաքում, Մարմարե ծովի եվրոպական ափին՝ Կոստանդնուպոլսից ոչ հեռու: Կոստանդնուպոլսի Բերբերյանի անվան հայկական վարժարանը 1905թ. գերազանցությամբ ավարտելուց ու տարբեր առարկաներում բարձր առաջադիմություն դրսևորելուց հետո, Ռուբեն Սևակը ուղևորվում է Շվեյցարիա, որտեղ 1905 թ. աշնանը դառնում է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող: 

Բժիշկ-ուսանողի մոտ վառ բանաստեղծական տաղանդը երևան էր եկել դեռ վարժարանում սովորելու տարիներին: Շվեյցարիայում ՝ Եվրոպայի այդ քաղաքական, սոցիալական ու էսթետիկական նորարարությունների կենտրոնում, նրա տաղանդը բացահայտվում է ավելի մեծ եռանդով: 

Երիտասարդ պոետի բանաստեղծություններում չի զգացվում Արևելքից Արևմուտք այդ կտրուկ անցումը, և դա միայն նրա վաստակը չէ: Կոստանդնուպոլիսը, որը Թիֆլիսի հետ հավասար, եղել է հայկական մշակույթի կենտրոնը, դարասկզբին գտնվում էր երկու քաղաքակրթությունների ծայրին: Դա հատկապես երևում էր հայ մտավորականության շրջանում: Ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր չէր, սակայն այնքան անհրաժեշտ էր, որ Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գրողները տիրապետում էին ֆրանսերենին, ինչպես իրենց մայրենի լեզվին: Ու քանի որ հայկական մշակույթը դարասկզբին ավելի շատ եվրոպական ուղղվածություն ուներ, այն բնական կերպով ինտեգրվեց եվրոպականի մեջ: Եվրոպայի հանդեպ այդ ձգողությունը արտացոլվում է դարասկզբի արևմտահայերեն պոեզիայի մեջ:

Ռուբեն Սևակը եղել է 20-րդ դարի  արժանվույնս չգնահատված ֆենոմենի լավագույն և վերջին ներկայացուցիչներից մեկը: 

Քսանամանյա պոետը Շվեյցարիայում գտնվելու առաջին իսկ օրերից իրեն գավառացի չէր զգում, ինչպես սովորաբար լինում է, այլ զգում էր իրեն գրական զարգացումների լիիրավ անդամ:

1910թ. ամուսնամում է Յանի Ապելի հետ, գերմանուհի մի գեղեցկուհու, որը պրուսիական գնդապետի արիստոկրատ ընտանիքից էր:

Դժվար է մի հոդվածի շրջանակներում ներկայացնել Ռուբեն Սևակի պոեզիայի ողջ հարստությունն ու ինքնատիպությունը: Ուստի կներկայացնենք մի քանի բանաստեղծություն միայն, որոնցում նշմարվում է եվրոպական ու հայկական պոեզիայի միջև նմանությունների ու հարազատության փնտրտուքը:

Տիպիկ նեոռոմանտիկ «Ինչու՞» բանաստեղծությունը թվում է դուրս չի գալիս ռոմանտիկ պոետիկայի ու պատկերավորության սահմաններից. մաքուր սեր, մահ… Սակայն, պոետ-նեոռոմանտիկի մելանխոլիկ ինքնախոհությունն անսպասելիորեն դառնում է մահին ընդառաջ քայլող պոետ-մարգարեի ողբերգական մենախոսություն: 

Ես կ’երթամ մի՜շտ, անծայրածի՜ր

Դամբաններ են ոտքիս հետքե՜ր.

Քեզ սիրո մեղմ սյո՜ւք մը պետք էր,

Դուն փոթորկի՜ն կուրծքդ բացիր…

Սևակի մոտ հաճախ հանդիպող կերպարներից է ասպետը (պոետը)՝ ճերմակահեր ու դեպի անհայտությունը դանդաղ գնացող… Տիպիկ նեոռոմանտիկ կերպար, որն այս դեպքում խորհրդանշում է մահ, մի ողջ դարաշրջանի ավարտ, արժեքային համակարգի ավարտ:

Ի տարբերություն այլ նեոռոմանտիկների, Սևակը չէր մտածում, որ կործանման պատճառը միայն անաստված ժամանակներն են: Պոետի մոտ մահը գալիս է երկու երրորդություններով: Իդեալի մահը նյութականանում է ու դառնում ֆիզիկական մահ, բռնություն: Պոետը կանխագուշակում է անասելի աղետներ ու արհավիրքներ:

1912թ. («Ինչու՞» բանաստեղծությունը գրելու տարին) իր հոդվածներից մեկում նա գրում է. «Ճշմարտապես եմ ասում, ճշմարտապես, վտանգը ահռելի մեծ է, այնքան մեծ, որ չենք էլ կարող երևակայել» : 

«Կուրծքս» սոնետը ներկայացնում  է մարդկային գոյության պատկերը՝ կյանքն ու մահը: Սակայն դրանք ձուլվել են իրար, մեկը ծնում է մյուսին: Սերը մահ է ծնում:

Սերն ու մահը՝ դարաշրջանի փոխաբերությունները, Ռուբեն Սևակի մոտ հետզհետե ձեռք են բերում անձնավորված բնույթ: Նրա սարսափելի կանխագուշակումները սկսում են իրականություն դառնալ: 1909 թ. ապրիլին, երիտթուրքերի նոր իշխանությունը Կիլիկիայում սկսում է հայերի կոտորածներ: Երկու շաբաթների ընթացքում զինված խուժանը բանակի ու ոստիկանության լռակյաց համաձայնությամբ, կոտորում է 30.000 հայերի: Հայաստանի համար 20-րդ դարը դառնալու էր արյունոտ: Դա շատ լավ հասկանում էր հայրենիքից հեռու գտնվող պոետը: Նրա ճակատագրում ու ստեղծագործական կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում: Նրա համար մահը՝ թանաթը, այլևս էսթետիկական կերպար չէր, այլ արյունալի դրամայի իրական գործողություն, Օսմանյան կայսրությունում 1915 թ. անցկացվելիք եղեռնի կանխազգացում: 

ՀԱՅԱՍՏԱՆ

Ո՞վ կուլա այսպես խշտյակիս շեմքին.

– Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.

– Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.

– Ջարդն է, դուռըդ բաց:

1911 թ. իս նամակներից մեկում Ռուբեն Սևակը գրում է. «Վերջնականապես հայրենիք վերադառնալուցս առաջ կուզենայի գնալ Վենեցիա  ու այնտեղ գոնե մի գարուն անցկացնել, իմ կյանքի հաշված գարուններից մեկը: Ուզում եմ ապրել, զգալ, որ ապրում եմ… մահը կանխազգալով հանդերձ»:  

1914 թ. օգոստոս ամիսն էր: Առաջին Համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էր: Կոստանդնուպոլսի նավամատույցին, կինը՝ Յաննին, ապշած էր մնացել տիրող մթնոլորտից. «Ռուբեն, արի հենց այս նավով էլ հետ գնանք, ինձ դուր չի գալիս այս երկիրը… Անտանելի է, չե՞ս տեսնում, մարդկանց դեմքերին ժպիտ չկա»:

Մի քանի ամիս անց, 1915 թ. ապրիլի 24-ին, երիտթուրքական իշխանությունները ձերբակալում ու արտաքսում են Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին: Մշակույթի, գիտության, պետական ու կրոնական ավելի քան երկու հազար գործիչների, այդ թվում նաև պատգամավորներին, գաղտնի տեղափոխում են քաղաքից ու վայրագորեն սպանում: Ավելի ուշ՝ մայիս ամսին, ձերբակալում են նաև Սևակին: Նրան ուղարկում են Անատոլիայի Չանգիրի համայնք, որտեղ արդեն հավաքվել էր աքսորյալ հայերի մի խումբ: Ականատեսները պատմում են, որ աքսորում եղած ժամանակ նա իրեն արիաբար էր պահում, քաջալերում էր մնացածին, մինչև վերջին պահը հարազատ մնալով Հիպոկրատի երդումին…  

Այնպես է ստացվում, որ նա ստիպված է լինում բուժել բարձրաստիճան թուրք պաշտոնյայի դստերը: Աղջիկը մահվան եզրին էր: Բժիշկն ամեն հնարավոր բանն անում էր հիվանդի կյանքը փրկելու համար: Նրա առողջական վիճակն օրեցօր լավանում էր, ավելին, աղջիկը գնալով սիրահարվում էր իր փրկչին: Ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել Սևակին, աղջկա հայրն ասում է.

— Բժիշկ, բոլորդ մեռնելու եք, ձեզանից ոչ մեկը չի փրկվելու, բայց եթե իսլամ ընդունես ու աղջկաս հետ ամուսնանաս, ես կփրկեմ քեզ …

Սևակը պատասխանում է, որ նա արդեն ամուսնացած է ու երեխաներ ունի:

— Վախենալու բան չկա, - շարունակում է թուրք պաշտոնյան: - Մեր կրոնի դեպքում դա խնդիր չէ:

Սևակի աքսորյալ ընկերները համոզում էին նրան համաձայնել, գնալ ժամանակավոր կրոնափոխության ու փրկել իր կյանքը: Սակայն, Ռուբեն Սևակը հասկանում էր, որ դրանով կյանքն է փրկելու, բայց հոգին ՝ խորտակելու:

Հետաքրքիր է այն փաստը, որ աթեիստ լինելով հանդերձ, Սևակը համարում էր, որ կրոնափոխ լինելը նույնն է թե դավաճանությունը:  Նույնն էր թե դավաճանել ազգին, իր պոետ կոչումին, մտավորականությանը:  

«Մենք ենք ժողովրդի առաջնորդը: Եթե մենք դավաճանենք մեր իդեալներին, ժողովուրդը կդադարի հավատալ պայքարի արդարացիությանը: Մենք պետք է օրինակ ծառայենք: Մենք պետք է նահատակվենք հանուն մեր ժողովրդի անմահության», — ասում էր նա: Իր պես մարդու համար ՝ բարձր բարոյական արժեքների տեր, պոետ-ասպետ, մաքսիմալիստ, խղճի հետ ցանկացած գործարքը անթույլատրելի բան էր: Ահա թե ինչու նա նախընտրեց գիտակցված մահը:  «Ասպետն իրենով ու իր բարօրությամբ է զոհաբերում, բայց ոչ երբեք իր արժեքներով, քանի որ նա մինչև վերջ հավատարիմ է իր արժեքներին,- գրում է Բերդյաեվը»:

Ռուբեն Սևակի համար քրիստոնեությունը բարձրագույն արժեք էր ոչ թե կրոնական այլ համամարդկային իմաստով: Մեծագույն իդեալների կրող նշանակել նկարչին ՝ ահա այն արժեքը, որը վեր էր ֆիզիկական գոյությունից: 

1915 թ. օգոստոսի 26-ի լուսադեմին հինգ հոգուց բաղկացած խմբին ուղարկում են հարևան Այաշ փոքրիկ քաղաքը: Նրանց մեջ էր նաև Ռուբեն  Սևակը մեկ այլ նշանավոր հայ պոետի՝ Դանիել Վարուժանի հետ միասին: Հասան անունով թուրք կառապանի պատմությունը բացայայտում է այս սպանության բոլոր մանրամասները: 

Ճանապարհին, անհայտ անձինք կանգնեցնում են կառքը: Թվում էր, թե կողոպտիչներ են, սակայն ոստիկանը բարևեց անծանոթին, որի հետևից գալիս էին չորս զինված տղամարդիկ: Այսպիսով, այդ տեղափոխումն ընդամենը բեմականացում էր, ծուղակ: Հինգ զոհերի ձեռքերը կապված էին, ու նրանք չէին կարողանում ընդդիմանալ: Ոստիկանները խուզարկում են նրանց, թալանում ու հեռանում: Կառապանը հեռվից հետևում է այդ տեսարանին: Հինգ մարդասպաններ հարձակվում են կապված մարդկանց վրա, հանում նրանց շորերն ու կապում ծառներին: «Այնուհետև այդ վայրենիների գլխավորն ու նրա մարդիկ մերկացնում են սրերը ու սկսում դանդաղ կտրել նրանց: Նրանց հեկեկոցներից ու հուսահատ կատաղությունից սիրտս կտոր-կտոր էր լինում»: Դահիճների մեջ էր նաև այն աղջկա հայրը, որի կյանքը Սևակը փրկել էր:

Ողբերգական լուրը հասնում է Յաննիին, ով այդ ընթացքում Կոստանդնուպոլսում էր ու փորձում էր ամուսնուն ազատել աքսորից: Թուրքերն իրավունք չունեին նրան երկրից արտաքսել, քանի որ նա գերմանական հպատակ էր: Նա դիմել էր նաև Գերմանիայի դեսպանին ՝ Վահենգեյմին: Դեսպանն այսպես էր պատասխանել Յաննիի խնդրանքին. «Դու անարժան գերմանուհի ես, դավաճանել ես ժողովրդիդ, ամուսնացել այդ հայի հետ ու հիմա եկել խնդրում ես, որ նրան ազատեմ: Նա չի վերադառնալու: Նրանց բոլորին մահ է սպասում»: 

Ցնցվելով նման պատասխանից, Յաննին շպրտում է իր գերմանական անձնագիրը դեսպանի դեմքին այս խոսքերով. «Ես որդի ունեմ ու նրան այնպես եմ դաստիարակելու, որ մի օր նա վրեժ լուծի գերմանացիներից իր հոր համար». (О. Չիլինկիրյան. «Ռուբեն Սևակ», Փարիզ, 1985 թ.)

Յաննի Սևակը հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից, դադարում է գերմաներեն խոսել ու երեխաներին հայկական կրթության է տալիս: 20-30-ական թթ. նա խաղում էր փարիզյան թատրոնի բեմերին, ու ֆրանսերեն լեզվով մի քանի պոետիկ հավաքածու հրատարակում: 

Յաննին մահանում է 1967թ. դեկտեմբերի 28-ին Նիցցայում: Կտակի համաձայն, նրան թաղում են ըստ հայկական արարողակարգի: 

Ռուբեն Սևակի վախերն իզուր չէին: Յաննին իրոք ստիպված եղավ իր «գիրկը բացել» այն դաժանությունների առջև, որոնք վիճակվել էին պոետին ու նրա ժողովրդին, նա տիպված եղավ կիսել հայ ժողովրդի այդ ողբերգական ճակատագիրը: Ու նա արեց դա արժանապատվորեն: 

Մեր երախտիքի խոսքն ենք հայտնում տեքստի հեղինակ Ալեքսանդր Թոփչյանին և «ԺԱՄ» ամսագրին:

Թարգմանել է Մանան Աջամյանը: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո

Գյումրիի հին ու նոր եկեղեցիները

«Ինչի՞ համշեցնակ խաբրե չես»

Լեյլա Բեդիրխան՝ Արևելքի առաջին պարուհին