Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
7 հարց 7 հայերին 7 երկրներից

7 հարց 7 հայերին 7 երկրներից

Մաս առաջին՝ 6 հարց 6 հայերին 6 երկրներից 

1. Ինչպե՞ս են Ձեր նախնիները հայտնվել այդ երկրում:

Օհաննես, Թուրքիա՝ Մենք այստեղ չենք «հայտնվել», չէ որ Թուրքիայի տարածքը հայ ժողովրդի պատմական հայրենիքն է: Հայերի այն փոքրաթիվ մասը, ում հաջողվեց փրկվել ցեղասպանությունից և չփախչել երկրից, շարունակեցին ապրել Անատոլիայի տարածքում, իմ նախնիները նույնպես, ովքեր ծնունդով Սեբաստիայից են: 1950-ական թթ իմ ընտանիքը տեղափոխվեց դեպի արևմուտք` Ստամբուլ, քանի որ արդեն չէին կարողանում դիմակայել հարևանների ճնշմանը: Կային նաև տնտեսական պատճառներ, հետևաբար այդ տարիներին գրանցվել է բնակչության մեծ հոսք դեպի Ստամբուլ, որը փոքր քաղաքից վերածվեց խոշոր մեգապոլիսի: 

Վլադիմիր, Ռուսաստան՝ Բաքվում հայերի ջարդերի սկսվելուն պես, մենք բոլորս միասին այնտեղից եկանք Ռուսաստան:

Արթուր, ԱՄՆ՝ Դե, ես ծնունդով Ուզբեկստանից եմ: Իմ տատիկը այնտեղ է տեղափոխվել Էրզրումից ցեղասպանությունից հետո:  Պապիկս ծնունդով Երևանից է բայց նախքան Ուզբեկստան տեղափոխվելը` կյանքի մեծ մասը անց է կացրել Արցախում: Տնտեսական խնդիրներից ելնելով մայրս ու ես 1999թ. տեղափոխվեցինք ԱՄՆ: 

Նարեկ, Սիրիա՝ Իմ հայրիկի պապիկը Բիրեջիկից էր (Սիրիայի սահմանին մոտ գտնվող քաղաք Արևմտյան Հայաստանում), իսկ տատիկը Քիլիս քաղաքից էր: Նրանք երկուսն էլ փախել են ցեղասպանության ժամանակ և Եփրատ գետով հասել են սիրիական Ջերաբլուս գյուղ: Իմ պապիկը ծնվել է այնտեղ և իմ տատիկի հետ ամուսնանալուց հետո, ով նույնպես հայ էր, նրանք տեղափոխվեցին Հալեպ: Իմ մայրիկի պապիկը Այնթափից էր (այժմ կոչվում է Գազիանթեպ), իսկ տատիկը` Բիրեջիկից: Նրանք նույնպես հայտնվեցին Հալեպում:

Աննա, Վրաստան՝ Իմ ապուպապը՝ Արշակը, ծնվել է 1894թ. Կարսում: Նա այստեղ է եկել Ցեղասպանության ժամանակ, երբ քսանմեկ տարեկան էր: Իսկ ես արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչն եմ, որը ծնվել է Թբիլիսիում:

Կարին, Իսրայել՝ Մորական կողմիս պապիկի ընտանիքը ծագումով Յողոնլուկից է, Մուսա լեռան շրջանում գտնվող գյուղից: Նրա ընտանիքին ֆրանսիական նավերը տարհանել են Պորտ Սաիդ 1915 թ., սակայն երբ շրջանն անցել է ֆրանսիական հսկողության տակ, նրանք կրկին վերադարձել են: Պապիկիս ծնվելուց շատ քիչ ժամանակ անց Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվում, որի արդյունքում որոշ շրջաններ հանձնվում են Թուրքիային, ու հայերից շատերը ստիպված են լինում լքել դրանք: Ընտանիքս հանգրվան է գտնում Անջարում, իսկ հետագայում աշխատանք գտնելու նպատակով գալիս հասնում է Յաֆֆա: Մորական կողմիս տատիկը ցեղասպանությունից հետո հայտնվում է Կիպրոսի որբանոցներից մեկում: Նրա հեռու բարեկամներից մեկը, որը փնտրում էր ողջ մնացած ընտանիքը, գտնում է նրան ու ամուսնանում հետը: Նրանք նույնպես գալիս են Յաֆֆա աշխատանք գտնելու նպատակով:

Շահեն, Լիբանան` Նախնիներս եկել են Մարաշից (այսօր՝ Քահրամանմարաշ): Իմ Արաբողլյան ազգանունը կարևոր դեր է խաղացել նախնիներիս կյանքում: «Արաբ-օղլու»ն թուրքերենից թարգմանաբար նշանակում է «արաբի որդի»: Ցեղասպանության ժամանակ այն կիրառել են ազգությունը թաքցնելու համար, ինչի արդյունքում թուրք ազգայնականները կարծել են, թե նրանք ոչ թե հայեր են , այլ արաբներ: Ամեն դեպքում դժվար չէր համոզել, որ արաբ ենք, քանի որ արտաքնապես մենք քիչ էինք տարբերվում Միջերկրածովյան արաբներից, իսկ Մարաշը Միջերկրական ծովի ափամերձ քաղաք էր, և թուրքերն ուղղակի սիրահարված էին դրան:

2. Արդյո՞ք ձեր երկրում հայերը համախմբված են:

Օհաննես, Թուրքիա՝ Իմ կարծիքով Թուրքիայի հայերը միասնական չեն, նրանք բաժանված են տարբեր խմբերի`հատկապես քաղաքական հայացքներից ելնելով: Հատկապես վերջին տարիներին, երբ մեր պատրիարքը ծանր հիվանդացավ, և իշխանությունը անօրինական կերպով իր ձեռքն առավ Արամ Աթեշյանը:  

Վլադիմիր, Ռուսաստան՝ Դժվարանում եմ պատասխանել: Ես ունեմ իմ ընկերական շրջապատը, որի շարքերում հուսալի ու հավատարիմ հայեր կան: Ի պատասխան այն հարցին, թե համախմբված ենք արդյոք մենք, կասեմ, որ այո, համախմբված ենք: Ընդհանուր առմամբ հայերի միասնությանը Ռուսաստանում խանգարում են հայտնի ու հեղինակավոր հայկական կազմակերպությունները, որոնք միավորելու փոխարեն, պառակտում են մարդկանց: 

Արթուր, ԱՄՆ՝ Ես կասեի և’ այո, և’ ոչ: Կան բազմաթիվ տարբեր բարեգործական ընկերություններ եւ կազմակերպություններ ովքեր օգնում են Հայաստանցի հայերին, սակայն, միևնույն ժամանակ գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական տարաձայնություններ:   

Նարեկ, Սիրիա՝ Այո, Սիրիայի, հատկապես Հալեպի հայերը համախմբված են շատ առումներով: Նրանք բնակվում են այնպիսի թաղամասերում, որտեղ հիմնականում հայեր են բնակվում, և հայերի մեծ մաս հաճախում է հայկական դպրոցներ, սկաուտների ակումբներ, կազմակերպություններ, եկեղեցիներ և այլն: 

Աննա, Վրաստան՝ Ցավոք սրտի, ոչ: Չնայած որ Թբիլիսիում գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, հայկական համայնքի շատ փոքր հատվածն է, որ ակտիվ ներգրավված է համայնքի կյանքում: Կարծում եմ, Վրաստանը տարբերվում է Սփյուռքի մնացած երկրներից նրանով, որ հայերն այստեղ հարուստ պատմություն ունեն, սակայն նրանց քանակն այսօր գնալով նվազում է, ինչի հետ մեկտեղ մոռացության է մատնվում այն հանճարեղ մարդկանց համբավը, որոնք ապրել են այստեղ ու ստեղծագործել են այս երկրի համար:

Կարին, Իսրայել՝  Հայերն այստեղ շատ հին պատմություն ունեն: Եղել են այսպես կոչված «քաղաքացիներ», ովքեր ապրել են Երուսաղեմում դարեր շարունակ և զբաղվել են հիմնականում առևտրով ու վաճառականությամբ: Ցեղասպանությունից հետո որոշ ողջ մնացածներ հայտնվում են Երուսաղեմում, Յաֆֆայում ու Հայֆայում, որտեղի հայկական եկեղեցին նրանց որքան հնարավոր է օգնում է: Ողջ մնացածների հետևորդներից շատերը մինչ օրս ապրում են Երուսաղեմի հայկական վանքում և բաժանված են երկու հիմնական սոցիալական խմբերի ՝ Հոյետչմենները, որոնք փոխկապակցված են Ռամկավարների հետ և Հոմենեթմենները՝ Դաշնակների հետ: Միգրացիայի հաջորդ մեծ ալիքը տեղի է ունենում 1991թ., Սովետական Միության փլուզումից  հետո: Այն հայերը, որոնք կարողանում են ապացուցել, որ հրեա նախնի ունեն, թույլտվություն են ստանում տեղափոխվել Իսրայել:

Շահեն, Լիբանան՝ Լիբանանի հայերը բավականին համախմբված են, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով. Կան մշակութային ու գեղարվեստական խմբակներ, երիտասարդական ֆեդերացիաներ, համալսարաններին կից ուսանողական միություններ, սկաուտական ջոկատներ, սպորտային ակումբներ, հայկական դպրոցների լայն ընտրություն ու մի քանի այլ կարևոր միություններ:

3. Երբևէ ցանկացե՞լ եք թաքցնել Ձեր ազգությունը:

Օհաննես, Թուրքիա՝ Նման ցանկություն չի եղել, սակայն երբեմն մտածում եմ, թե արդյոք կյանքս ավելի հեշտ կլինե՞ր եթե ես հայ չլինեի: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ապրում եմ Թուրքիայում և կան պատմական հարցեր, օրինակ` ցեղասպանության հարցը, որին մինչև օրս լուծում չի տրվել: Եվ սա մեծ խնդիր է երկու ժողովուրդների համար և մեծ խոչընդոտ է երկխոսության և փոխհարաբերությունների ձևավորման համար:

Վլադիմիր, Ռուսաստան՝ Եղել են դեպքեր, երբ հայերն այնքան անհարիր պահվածք են դրսևորել, որ ամոթից գետինն եմ մտել: Այլ ազգերի ներկայացուցիչների հետ շփվելիս, սակայն, երբեք ցանկություն կամ անհրաժեշտություն չի եղել թաքցնելու, որ հայ եմ:

Արթուր, ԱՄՆ՝ Երբեք: Ատում եմ, երբ այլ երկրի հայեր փոխում են իրենց ազգանունը`տվյալ երկրին համապատասխանելու համար: Մենք հինավուրզ ազգ ենք, մենք ապրել և այնքան շատ բաների ենք հասել, որպեսզի ես երբևէ թաքցնեմ իմ հպարտ ինքնությունը:

Նարեկ, Սիրիա՝ Ոչ: Ի դեպ Սիրիայում հայ լինելը որոշ դեպքերում նույնիսկ ձեռնտու էր քանզի շատ սիրիացիներ հայերին համարում են վստահելի մարդիկ:

Աննա, Վրաստան՝ Վրաստանում հայ լինելը միշտ չէ որ ձեռնտու է եղել, դրա պատճառով շատ հայեր փոխել են իրենց ազգանունները և մինչ օրս փորձում են թաքցնել իրենց հայ լինելը: Կարճ ասած ՝ Վրաստանում հայ լինելը մոդայիկ չէ: Վերջերս որոշ փոփոխություններ են եղել. հայերի նոր սերունդը, որը հնարավորություն ունի կրթություն ստանալ ու օգնել ուրիշներին հասկանալ, որ հայ լինելու մեջ ամոթալի բան չկա, այլ հակառակը, հարկ է դրանով հպարտանալ ՝ դժվար թե ամաչի ինքն իրենից:

Կարին, Իսրայել՝ Ոչ, երբեք: Ընտանիքս ինձ այնպես է մեծացրել, որ ինձ միշտ հպարտ հայ զգամ:

Շահեն, Լիբանան՝ Դժվար է թաքցնել հազարավոր տարիների պատմություն, մշակույթ ու ինքնատիպություն ունեցող ազգին պատկանելու փաստը: Ամեն դեպքում, երբեք անհրաժեշտություն չեմ զգացել թաքցնել ազգությունս: Արևմուտքում հայերին նայում են որպես հնագույն էթնոս. մի բան, որի մասին արևմտյան ազգերը փափագել են: Միջին Արևելքում ես հպարտությամբ եմ խոսում Հայաստանում այսօր կատարվող սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումների մասին, քանի որ արաբները կարող են միայն երազել այդ ամենի մասին: Իմ համալսարանում գործող Հայկական ակումբի անդամ եմ և անընդհատ մասնակցում եմ հայկական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, որոնք նվիրված են, օրինակ Բարեկենդանին, Սուրբ Սարգսի տոնին, Եղեռնի տարելիցին և մասնակցում եմ նույնիսկ այնպիսի հիմար բաների, ինչպիսին է ֆոնդահայթայթմանն ուղղված սենդվիչների ու սուջուխների վաճառքը:

4. Ձեր երկրում երբևէ հանդիպել ե՞ք էթնիկ խտրականության ազգային պատկանելիության պատճառով:

Օհաննես, Թուրքիա՝ Սա, ի վերջո, Թուրքիան է, և ցանկացած հայ անպայման բախվում է այս խնդրին: Ես նույնպես ունեցել եմ նման խնդիր, բայց միևնույն ժամանակ մենք ունենք բոլորովին տարբեր, բավականին դրական երևույթներ, և դա փաստորեն այն պատճառներից մեկն է, որ մենք շարունակում ենք ապրել այս երկրում որպես հայեր և որպես քրիստոնյաներ: Այդ իսկ պատճառով ես ապրում եմ` կենտրոնանալով ավելի շատ լավի վրա, քան վատի: 

Վլադիմիր, Ռուսաստան՝ Ռուսաստանում դժվար է խոսել ազգային խտրականության մասին, ավելի շուտ խոսքը գնում է առօրյա կոպտության ու տգիտության մասին: Ես լավ կրթություն եմ ստացել ու լավ աշխատանք ունեմ: Իմ նման հայեր շատ կան: Չեմ հիշում մի դեպք, որ ինձ ճնշեն ազգությանս պատճառով: Այլ է, երբ ռուսների մի մասը համարում է, որ իրենք են քաղաքակրթություն տարածել ԽՍՀՄ նախկին ազգերի շրջանում, իսկ հիմա վստահ են, որ շատ դժբախտություններում միգրանտներն են մեղավոր. այս ամենը ծնում է արհամարհական վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են հայերի հանդեպ կիրառվող «սևամորթ», «չուրկա» և այլ պիտակները: Սակայն, սա ոչ թե խտրականություն է, այլ անդաստիարակություն, իսկ ինձ հիմնականում շրջապատում են պարկեշտ մարդիկ:

Արթուր, ԱՄՆ՝ Անձամբ ես երբեք չեմ հանդիպել ո’չ Ամերիկայում, ո’չ Ուզբեկստանում:

Նարեկ, Սիրիա՝ Սիրիացիները սիրում և հարգում են հայերին, քանի որ մենք աշխատասեր ազգ ենք, ով անկախ բնակության վայրից օգուտ է բերում երկրին: 

Աննա, Վրաստան՝ Կարծում եմ, սա շատ զգայուն հարց է Վրաստանում ապրող բոլոր էթնիկական փոքրամասնությունների ու մանավանդ հայերի համար: Շատ հաճախ դրան ականատես կլինեք սոցիալական կայքերում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգիստ ի ցույց դնել իրենց ատելությունը:

Կարին, Իսրայել՝ Փոքրամասնություն լինելով հանդերձ, հայերին միշտ հարգել են: Սակայն, անհատապես, կարող եմ ասել, որ հանդիպել եմ խտրականության որոշ դրսևորումների, ոչ այն բանի համար, որ հայ եմ, այլ որ իշխող մեծամասնության մասը չեմ մի երկրում, որը գտնվում է շարունակական հակամարտության մեջ:  

Շահեն, Լիբանան՝ Կարծում եմ, վաղ թե ուշ յուրաքանչյուր փոքրամասնություն բախվում է խտրականության հետ, հատկապես Լիբանանում, որտեղ հայերը կազմում են բնակչության ավելի քանի 4%-ը, ինչը դարձնում է մեզ ամենամեծ ոչ արաբական փոքրամասնությունը: Եղել են դեպքեր, երբ Լիբանանում խոսել եմ քաղաքականության մասին, ինձ ասել են, թե «զբաղվիր քո Հայաստանով», և սա այն դեպքում, երբ մենք Խորհրդարանում վեց հայ պատգամավորներ ու երկու նախարարներ ունենք: Լեզվական խնդիրներ նույնպես ունեցել ենք, քանի որ ինչպես հայտնի է, արաբերենն աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է, և երբեմն ես «հայկական արմատներիս» պատճառով թույլ եմ տալիս քերականական սխալներ: Ամեն դեպքում, հայերը (բացառությամբ մի քանի մանրմունր դեպքերի) երբեք չեն դարձել ազգայնականության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառ:

5. Ինչ մակարդակի վրա եք տիրապետում հայերեն լեզվին:

Օհաննես, Թուրքիա՝ Կարծում եմ, որ հայերենի իմ իմացությունը միջինից բարձր է: Այսինքն ես կարդում եմ, սակայն խոսակցական լեզուն հաճախ կիրառել չի ստացվում, որովհետև իմ ամենօրյա կյանքում ես շրջապատված եմ ոչ հայերով: 18 միլիոնանոց քաղաքում հայի հանդիպելը մի փոքր բարդ գործ է:

Վլադիմիր, Ռուսաստան՝  Հայերենի շատ վատ եմ տիրապետում. գրել-կարդալ կարողանում եմ, բայց չեմ խոսում ու շատ վատ եմ հասկանում:

Արթուր, ԱՄՆ՝ Գրեթե չեմ խոսում: Ես ամեն ջանք գործադրում եմ սովորելու համար, սակայն բոլոր առումներով դա այնքան էլ հեշտ չէ:

Նարեկ, Սիրիա՝ Մանկապարտեզից սկսած ես Հալեպում հաճախել եմ AGBU-LNKG (Լազար Նաջարյանի և Գալուստ Գյուլբենկյանի անվան համահայկական բարեգործական միության դպրոց) հայկական դպրոցը և ավարտել այն: Այնտեղ մեզ ուսուցանում էին լեզու, պատմություն և կրոն արևմտահայերենով: Մենք նաև տանը խոսում էինք հայերեն, հետևաբար այն իմ մայրենի լեզուն է: Սակայն, երբ ես եկա Հայաստան, առաջին մի քանի ամիսը դժվար էր, քանի որ շատ մարդիկ չէին հասկանում արևմտահայերեն լեզուն, քանի որ այն տարբերվում է արևելահայերենից: Որոշ ժամանակ անց ես հարմարվեցի որոշ բառերի կիրառման և որոշ տառերի արտասանության մեջ եղած տարբերություններին, բայց դեռևս չեմ կարողանում խոսել մաքուր արևելահայերեն առոգանությամբ:   

Աննա, Վրաստան՝ Ես բավականին լավ գիտեմ հայերեն, քանի որ հայկական դպրոց եմ ավարտել. մի բան, որը հազվագյուտ է լինում մեր երկրում ապրող հայերի մոտ:

Կարին, Իսրայել՝ Բավականին լավ գիտեմ հայերեն: Հայերենն առաջին լեզուն է, որով ինձ սովորեցրել են խոսել և միակ լեզուն է, որով խոսում են մեր տանը, չնայած ընտանիքիս բոլոր անդամները կիրառում են երեք այլ լեզուներ: Չնայած Երուսաղեմում հայկական դպրոցի առկայությանը, Յաֆֆայում ապրելու պատճառով մենք չափազանց հեռու էինք, դրա պատճառով ծնողներս մեզ ընդունել էին Յաֆֆայում գտնվող շոտլանդական դպրոց: Երբ մենք փոքր էինք, հաճախում էինք ուրբաթօրյա դպրոց, որտեղ մեր համայնքը կազմակերպում էր հայկական դասընթացներ, սակայն հայերենի գիտելիքներս այնքան էլ խորը չէին: Համալսարան ընդունվելու պահից, երբ հետաքրքրությունս ժառանգությանս հանդեպ գնալով մեծանում էր, ես որոշեցի, որ ուզում եմ սովորել վարժ հայերեն կարդալ: Շնորհակալություն պետք է հայտնեմ տատիկիս, որ նստում էր հետս ժամեր շարունակ, համբերատար ուղղորդում էր ինձ, մինչև որ վարժ կարդալ սովորեցի:

Շահեն, Լիբանան՝ Ինձ բախտ է վիճակվել մեծանալ հայկական ընտանիքում ու հաճախել հայկական դպրոց, դրա համար ազատ խոսում եմ հայերեն ու բավականին գրագետ գրում եմ: Ես մեծացել եմ այն համոզմունքով, որ հայոց լեզուն ոչ միայն իմ հայրենասիրությունը ցույց տալու միջոց է, այլ լեզու է, որը պակասում է Սփյուռքի մեր համայնքներում և որը կարիք ունի խորքային բարեփոխումների: Հայերենով մենք արտահայտում ենք մեր սերը հայրենիքի հանդեպ, հարգում ենք պատմությունն ու երգում մեր մշակույթի մասին, և դա հրաշալի է: Սակայն, երբ ուզում ենք արտահայտել մեր զգացմունքները, ուղղակի խոսել կամ երգել սիրո, կյանքի ու աշխարհի մասին, մենք խուսափում ենք դա հայերենով անելուց և միանգամից անցնում ենք այն լեզուներին, որոնք մեզ սովորեցնում են ԶԼՄ-ները կամ այն երկրի լեզուներին, որտեղ մենք մեծացել ենք:

6. Ապրելով սփյուռքում`հանդիսանում եք արդյո՞ք հայ համայնքի ակտիվ անդամ:

Օհաննես, Թուրքիա՝ Հայ համայնքից ես շատերի հետ եմ շփվում և ընկերություն անում, ունեմ ծանոթ քահանաներ, պաշտոնյաներ տարբեր կազմակերպություններից, սակայն ես ինքս համայնքի կյանքին չեմ մասնակցում և չեմ ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել: Ես ուղղակի հասկանում եմ, որ համայնքային բյուրոկրատիայի սահմաններից դուրս մնալով ես կարող եմ ավելի շատ հայ լինել, քան դրա ներսում, քանի որ հայկական կազմակերպությունների ներսում ես շատ խնդիրներ, ինչպեն նաև շահադիտական նպատակներ եմ տեսնում: Բայց ես հետևում եմ նորություններին, հայկական հրատարակչություններին` իմանում ով ով է, որոնք են օրակարգում դրված հարցերը:

Վլադիմիր, Ռուսաստան՝ Մի ժամանակ հայոց պատմություն էի դասավանդում, իսկ հիմա դասախոսություններ եմ կարդում մեր պատմության մասին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում: Տաս տարի է, ինչ աշխատում եմ հայկական  ամենաորակյալ «Ժամ» օրաթերթի համար, որը երբեմն նաև կազմակերպում է հայկական թեմաներով մշակութային երեկոներ, ֆիլմերի ցուցադրություներ և այլն: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով հանդերձ, ինձ չեմ կարող «հայկական համայնքի ակտիվ մասնակից» համարել, քանի որ ոչ մի համայնք էլ գոյություն չունի՝ կան հայկական կազմակերպություններ ու կան առանձին հայեր:

Արթուր, ԱՄՆ՝ Ոչ, ես Հայաստանում եմ զբաղվում հայկական գործունեությամբ:  Ես ոչ պաշտոնապես գովազդում և փորձում եմ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել մասնակցելու VoMA կենտրոնի դասընթացներին (գոյատևման արվեստ): Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ զինված ուժեր, դա այն է, ինչ պետք է հետաքրքրի ԲՈԼՈՐ հայերին:  

Նարեկ, Սիրիա՝ Երբ Հալեպում էի, ես երկար տարիներ AGBU-AYA (Համահայկական բարեգործական միության երիտասարդական ասոցիացիա) սկաուտական խմբի անդամ էի: Ես նաև հայկական պարի խմբի անդամ էի:  Այնտեղ իմ ընկերների մեծ մասը հայեր էին: 

Աննա, Վրաստան՝ Դեռ տասնհինգ տարեկան հասակից ես ակտիվ մասնակցում եմ համայնքի միջոցառումներին և առավելագույնս աշխատում եմ իմ թեկուզ և փոքր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում:

Կարին, Իսրայել՝ Լինելով հպարտ հայ, ես փորձում եմ որքան հնարավոր է ներգրավվել համայնքի ծրագրերի մեջ: Դեռ վաղ հասակից եղել եմ Հոմենեթմեն Սկաուտների անդամ և փորձում եմ որքան հնարավոր է ակտիվությունս պահպանել կազմակերպության մեջ: Ես նաև ակտիվորեն աշխատում եմ շրջապատող համայնքներին հայերի հետ ծանոթացնելու եւ նրանց հայերի պատմությունը ներկայացնելու ուղղությամբ, սեմինարներ ու տեղեկատվական դասընթացներ եմ  առաջարկում ոչ հայ երիտասարդներին:

Շահեն, Լիբանան՝ Եթե ցուցակ լիներ, որում գրվեր այն ամենն ինչը կարելի է անել Լիբանանի հայ համայնքում, ես բոլորի դիմաց կնշեի: Ես պարել ու դաշնամուր եմ նվագել հայկական մշակութային կենտրոնում, եղել եմ սկաուտ, երիտասարդական ֆեդերացիայի անդամ, համալսարանում Հայկական ակումբի անդամ, ու այս ցանկը դեռ կարելի է շարունակել:

7. Կցանկանայի՞ք տեղափոխվել Հայաստան: Ինչու՞:

Օհաննես, Թուրքիա՝ Ես ցանկանում եմ: Դա ինձ համար ամենալուրջ հարցերից մեկն է: Ես արդեն վեց-յոթ անգամ եղել եմ Հայաստանում, եվ ամեն անգամ, երբ գալիս եմ, հետևում ու ուսումնասիրում եմ մթնոլորտը, փոխհարաբերությունները, տնտեսական իրավիճակը: Այժմ ինձ համար ավելի իրական է թվում Պոլսահայի կարգավիճակը, սակայն տեղափոխվելու վերաբերյալ մտքերը ինձ հանգիստ չեն տալիս:

Վլադիմիր, Ռուսաստան՝ Այո, արդեն պլանավորել եմ, երբ եմ գալու Հայաստան ու ինչով եմ զբաղվելու հայրենիքում: Ինչու՞: Որովհետև Հայաստանն իմ տունն է:

Արթուր, ԱՄՆ՝ Պատկերացրեք, եթե 1 միլիոն մոտիվացված ու համակարծիք հայեր վերադառնան Հայաստան: Մենք ոչ ոքի օգնության կարիքը չէինք ունենա: Հայաստանը միայն տնտեսական տնեսանկյունից է թույլ:  Հանցագործությունների թիվ, թերևս ամենացածրն է երկրների ցանկում: Մարդիկ բարեհամբույր են, ուտելիքը` լավ:  Իհարկե կցանականայի, սակայն, դժբախտաբար, առնվազն մոտ ապագայում դա անհնար է:

Նարեկ, Սիրիա՝ 2014թ-ից ի վեր ես Հայաստանում եմ: Նախևառաջ ես տեղափոխվել եմ, որպեսզի սովորեմ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այս տարի ես ավարտում եմ համալսարանը և անկեղծորեն ուրախ եմ իմ այստեղ տեղափոխվելու որոշման համար:  

Աննա, Վրաստան՝ Հայաստանում ապրելն ինձ համար երազանք է եղել, որն իրականացրել եմ անցած տարի՝ 2018 թվականին, Երևանում չորս ամիս սովորելով: Դա այնքան էլ հեշտ բան չէր, քանի որ մարդիկ այլ մտածելակերպ ունեն և հարկավոր է հասկանալ ու ընդունել, որ նրանց կյանքն ավելի բարդ է եղել, քան մեզանից շատերինը: Միգուցե իմ սպասելիքներն այնքան էլ չարդարացան, բայց Հայաստան տեղափոխվելն ուղղակի ժամանակի հարց է: Ես ուղղակի կուզենայի, որ մարդիկ այնտեղ ավելի բարեխիղճ լինեին…

Կարին, Իսրայել՝ Ինձ մեծացրել են այն համոզմունքով, որ Հայաստանը մեր հայրենիքն է, և մենք միշտ պետք է պայքարենք, որ վերջնական այնտեղ հաստատվենք: Դա եղել է իմ պապիկի երազանքը, և նրա ոգևորությունը փոխանցվել է ինձ: Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 2010թ. և անմիջապես սիրահարվել եմ երկրին, կարծես դա միակ վայրն է, որտեղ ես ինձ օտար չեմ զգում: Դա միակ վայրն է, որտեղ ես առավոտյան կարող եմ բացել պատուհանն ու լսել իմ սեփական լեզուն, որով խոսում են ինձ անծանոթ մարդիկ: Հուսով եմ, ապագայում ես կկարողանամ իմ և շատերի երազանքն իրականություն դարձնել:

Շահեն, Լիբանան՝ Բարդ հարց է, որի պատասխանը նույնպես բարդ է լինելու: Կասեմ, որ այո: Չնայած Սփյուռքի մշակույթը շատ է տարբերվում Հայաստանի մշակույթից, և Օսմանյան Կայսրության սահմաններում մենք առանձին ենք ապրել այն հայերից, որոնք հիմա ապրում են Հայաստանում, միևնույնն է, ես համարում եմ, որ իմ կարիերայի վերջնական կետը դառնալու է Հայաստանը: Կուզենայի ավելի շուտ տեղափոխվել, սակայն դա այդքան էլ արագ իրագործելի բան չէ:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո