Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայկական Զմյուռնիայի վերջին շունչը. ողջ մնացածների բանավոր պատմության հետքերով
Հուշ

Հայկական Զմյուռնիայի վերջին շունչը. ողջ մնացածների բանավոր պատմության հետքերով

Շապիկի նկարը՝ Գրիգոր և Մալվինե Խանջյանները, 1927 / Stephanie Wolf

Ողջ մնացածների  հիշողությունները

Տարբեր են արդյո՞ք 1915թ. և 1922 թ. ողբերգությունները, ինչպես տարբեր են Զմյուռնիայինն ու Իզմիրինը:

Այդ դժոխքից բոլոր փրկվածները հաստատում են, որ Զմյուռնիայում հայերի, հույների ու թուրքերի միջև եղել են լավ հարաբերություններ: Սակայն նույնիսկ այստեղ և քաղաքից դուրս հատվածների մեծ մասում այդ էթնիկական խմբերը կենտրոնացված են եղել առանձին թաղամասերում, հասարակության մեջ ունեցել են տարբեբ դերեր ու կատարել են տարբեր գործառույթներ: Մինչև Զմյուռնիայում հայկական դպրոցների բացումը հայերի մեծ մասը խոսել են միայն թուրքերեն, իսկ որոշ տեղերում նաև հունարեն: Չնայած խտրականությանն ու հետապնդումներին, նրանց միջև եղել է մոդուս վիվենդի: Իրականում, Հայկ Մեսերլյանը Աֆիոն-Կարահիսարից կրկնում է լայն տարածված այն կարծիքը, թե ամեն տարի Կուրբան Բայրամի ժամանակ թուրքերը մի հայ տղայի էին գողանում ու սպանում: Զրուցակցի պատմելուց իմանում ենք, որ մի անգամ թուրքերը սպանել են այն մարդու միակ տղային, որը զավակ էր ունեցել ամուսնությունից տաս տարի հետո: Տղայի հայրը խելագարվել է, վերցրել ատրճանակը, մտել ակումբ, կրակ բացել ու այդպես սպանել վեց թուրքի: Նա փախել է սարերը, իսկ կինն ապաստան է գտել Մեսերլյանների տանը:

Հայկ Մեսերլյան

Աննա Աղախինյանի խոսքերով, Աֆիոն-Կարահիսարն ունեցել է խառը բնակչություն, և հայերը ստիպված են եղել իրենց տանից դուրս թուրքերեն խոսել: Նույնիսկ եկեղեցական քարոզները հարկավոր էր անցկացնել թուրքերեն, քանի որ տարածքում միշտ լինում էին տեղական ինքնակառավարման թուրք մարմիններ, որոնք հսկում էին հայերին: Վահան Առաքելյանը Մանիսայից ասում է, որ 1895-96թթ. զանգվածային սպանությունների ժամանակ թուրքական ամբոխը հավաքվել էր հայկական թաղամասի մոտ ու ուր որ է ներխուժելու էր այնտեղ, սակայն Բեքիր անունով ազդեցիկ թուրքը, որը լավ հարաբերությունների մեջ էր հայերի հետ, ազդեցություն է գործել մութասարիֆի (շրջանի նահանգապետ) վրա ու ցրել է ամբոխը:

Վահան Առաքելյան

Մոդուս վիվենդին դադարում է գործել և Առաջին Համաշխարհային պատերազմը սկսվելուն պես վերաբերմունքը հայերի հանդեպ փոխվում է: Թուրքերի կասկածները գյավուրների (անհավատների) հանդեպ աճում են: Հայկական բնակչության դեմ իշխանությունների կիրառած բռնի գործողությունների մասին լուրը բացասական է ազդում միջհամայնքային հարաբերությունների վրա: Դասալիքներին գտնելու պատրվակով կազմակերպված հայ ականավոր գործիչների ձերբակալություններն ու տների խուզարկումները վատթարացնում են իրավիճակը: Մալվինե Խանջյանի հայրը Աքսարեում (Մանիսայից ոչ հեռու) ձերբակալվածների թվում էր: Նա ատամնաբույժ էր և աշխատում էր իր թուրք գործընկերոջ հետ: Ավելի ուշ ընտանիքն իմանում է, որ գործոընկերը նրա վրա ճնշում է գործադրել և վերջինս հեղափոխական է դարձել: Մոտ մի ամիս անց նրանց տեղեկացնում են, որ հորը թունավորել սպանել են ռազմական ճամբարում: Մալվինեն պատմում է.

«Հորս թուրք գործընկերը եկավ մեր տուն ու մեզ դուրս շպրտեց, խլելով մեր փողերն ու իրերը: Մենք մնացինք ծայրահեղ աղքատության մեջ. մայրս և չորս որբ մնացած երեխաները: Նա սկսում է աշխատել մրգի այգիներում, սակայն շուտով հիվանդանում է: Մեկը մյուսի հետևից նա մեզ հանձնում  է ուրիշ ընտանիքների խնամակալությանը: Նա ընտրություն չուներ: Ընտանիքներից մեկը որդեգրում է ինձ ու տանում Մանիսա»:

Մալվինե Խանջյան

Էդվարդ Փափազյանի ընտանիքն արժանացել է նույն ճակատագրին: Նրա հորը տարել են բանակ, դարձրել աշխատանքային գումարտակի անդամ, իսկ հետո սպանել: Նրա մայրը՝ փխրուն ու վատառողջ մի կին, մնացել էր հինգ երեխաների հետ, որոնց մասին չէր կարողանում նույնիսկ հոգ տանել: Նրան մնում էր միայն  երեխաների խնամքը վստահել բարեկամներին ու ծանոթներին: Էդվարդը՝ հինգ երեխաներից ամենափոքրը, միակն էր, որը մնացել էր մոր հետ:

Էդվարդ Փափազյան

Չնայած պատերազմի ընթացքում տարած դժվարություններին, զանգվածային ձերբակալություններ ու աքսորներ, բացառությամբ Զմյուռնիայից ոչ այնքան հեռու շրջանների, ինչպիսիք են Աֆիոն-Կարահիսարն ու Նազիլին, տեղի չունեցան: Շրջանի զգալի հատվածի համար պատերազմի տարիները համեմատաբար խաղաղ էին: 1922թ. սեպտեմբերին քեմալականների հաղթանակը Զմյուռնիայում թույլ տվեց թուրքերին ոտքի կանգնել քրիստոնեական բնակչության դեմ:

Զմյուռնիայի հրդեհից հետո ողջ մնացածները, այդ թվում Քրիստինե Ավագյանն ու Օնիկ Էմինյանը հիշում են, թե ինչպես թուրքերը միացան քեմալականներին ու գողություններ ու սպանություններ կազմակերպեցին: Նրանք հիշում էին, թե ինչպես էին թուրքերը բռնի ուժով մտնում հայերի ու հույների տներն ու այն բարբարոսությունները, որոնք արել են առափնյա փողոցին: 

Քրիստինե Ավագյան

Փրկվածների մեծ մասը պնդում է, որ հայկական ու հունական թաղամասերը այրել են, որպեսզի այնտեղից վտարեն քրիստոնեական բնակչությանը: Այդպես էին բացատրում հայկական եկեղեցու ու դրա հետ մեկտեղ հարյուրավոր փախստականների այրումը: Այդ բացատրությունը, անկախ դրա ճշմարտացիությունից, ինչ-որ տեղ իմաստավորում է դաժանությունը: Այնուամենայնիվ, ընտանիքին մոտ կանգնած թուրք ընկերոջ դավաճանությունը բացատրություն չուներ: Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Մի հանելուկ, որը մնացել էր անպատասխան, շարունակում էր աղ լցնել առանց այն էլ ցավալի հիշողությունների վրա:

Քեմալականների ժամանման մասին լուրն իմանալուց հետո Օնիկ Էմինյանի հայրը որոշում է ընտանիքը Սիվրիհիսարից Զմյուռնիա տեղափոխել:

«Սիվրիհիսարում թուրքական կառավարության բարձր պաշտոնյան՝ ընտանիքի մոտ ընկերը, համոզում է հորս չհեռանալ: Նա ասեց հորս.  Ես անձամբ կերաշխավորեմ ձեր անվտանգությունը»: Հորեղբայրս չլսեց ու Իզմիր փախավ, ինձ տանելով իր ընտանիքի հետ: Ավելի ուշ մենք իմացանք, որ քեմալականները ձերբակալել էին հորս, և նա ինքնասպան էր եղել, իրեն նետելով հունական հյուրանոցից, որը դարձրել էին բանտ: Թուրք անցորդները կրակում են մահամերձ հորս վրա, երբ նա պառկած  է լինում փողոցին: Ավագ եղբորս և Սիվրիհիսարից մի քանի այլ հայ տղամարդկանց (այնտեղ կային ընդամենը մի քանի հայ ընտանիքներ, մնացածը կամ թուրքեր էին կամ հույներ) տանում են Ակշեհիր, որտեղ նրանց փակում են եկեղեցում ու այրում: Սիվրիհիսարից փրկվածներից մեկը, ում մենք հանդիպեցինք Հունաստանում, մեզ ասեց, որ հենց այն թուրքը, որը համոզել էր հորս չհեռանալ, ներխուժել է մեր  տուն, սպանել է մորս, երեք տարեկան քրոջս, տասնհինգ տարեկան եղբորս ու տասնութ տարեկան որբ աղջկան, որը ապրում էր մեզ հետ և ասես մեր ընտանիքի անդամը լիներ… Քսան տարեկան էի, երբ հասկացա, որ թուրքերը կենդանիներ են, որոնք սովոր են սպանել»:

Քեմալական արշավը ոգևորում էր տեղի թուրքերին, և հենց տեղական վարչական մարմինների հետ համագործակցությունն էր, որ այդքան հեշտացրեց օկուպացված հողերի մաքրումը:

«Այն, ինչը երիտթուրքերը մեզ հետ արել են երկու տարում, Քեմալն արեց տասնհինգ օրում»,- ասում է Մալվինե Խանջյանը: «Իզմիրի ջարդի պէս բան մը տեղ մը չէ եղած»: Նա միշտ հիշում է այս պնդումը, որից իրեն զգում է «աշխարհի մեծագույն ողբերգությունն ապրած մարդ»:

Ինչպիսի՞ն են այդ «ճշմարտության» մասշտաբները, որի մասին նա այդպես վստահ խոսում է:  

Հունական իշխանությունից հետո  հաստատված հարաբերական անդորրը հայերի մոտ անվտանգության զգացում էր ստեղծել և նրանց թվում էր, թե եվրոպական տերությունները պաշտպանում են իրենց: Մուստաֆա Քեմալի տասնհինգ օր տևած սպանդն ի չիքս դարձրեց այդ պատրանքը:

«Իզմիրի նման սպանդ դեռ երբեք ոչ մի տեղ չի եղել»:

Վահան Առաքելյանը պնդում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Իզմիրի նահանգապետը՝ Ռահմի բեյը, հայերի հետ շատ լավ հարաբերությունների մեջ էր: Նա նշում է, որ նահանգապետի կինը միայն վերնախավի հայ կանանց հետ էր շփվում. այդ կանանց հաջողվել էր ընկերական հարաբերություններ հաստատել Էնվերի կնոջ հետ, որն այդ ժամանակ Ռահմիի տանն էր աշխատում: Նա խոստացել էր Էնվերի հետ միջամտել ու փրկել Իզմիրի հայերին, և Վահանը կարծում է, որ նա դա արել է: Սակայն հետո Վահանն իմանում է, որ մոտ 240 հայ ընտանիքների, որոնք համարվում էին վտանգավոր ու անցանկալի, տեղավորել են վագոններում ու ուղարկել են Աֆիոն-Կարահիսար: Զմյուռնիայի մնացած հայերը փրկվել են: Հնարավոր է, որ այս պատմությունը խեղաթյուրված է և Վահանին ասեկոսեներ են հասել Էնվերի կնոջ միջամտության մասին. ամեն դեպքում, թուրքական բարի կամքի բացառիկ դրսևորումը ցույց է տալիս, որ հայերին այլ կերպ էին վերաբերվում կայսրությունում:

Մալվինե Խանջյանը համարում է, որ Զմյուռնիայի հայերին հաջողվել է փրկվել խոշոր կաշառքների ու եվրոպական կապերի շնորհիվ: Նա համարում է, որ Զմյուռնիան եղել է եվրոպական քաղաք և տարբերվել է կայսրության մնացած քաղաքներից, և որ թուրքերը չէին համարձակվի ամբողջությամբ ոչնչացնել հայերին, քանի որ նրանց մեծ մասը հարուստ առևտրականներ էին և սերտ կապեր ունեին Եվրոպայի հետ: Այդ բացառիկության զգացողությունն արտացոլվում է այն հպարտության մեջ, որը Զմյուռնիայի հայերը զգացել են իրենց քաղաքի հանդեպ: Էդուարդ Փափազյանն այս կերպ է արտահայտում իր հպարտությունը. «Եթե Կոստանդնուպոլիսն անկում ապրեր, Իզմիրը կկարողանար այն վերականգնել: Եթե Իզմիրն անկում ապրեր, Կոստանդնուպոլիսը չէր կարողանա այն վերականգնել: Իզմիրի հայերը շատ հարուստ էին»:

Քեմալականների նվաճումները դարձան այդ համոզմունքների վերջին կաթիլը, քանի որ անվստահության զգացողությունը փոխարինվեց բացառիկության զգացողությունով. մեզ հետ այդպես չի կարող լինել: Այնուհետև պատահում է ավելի խորը հիասթափություն. եվրոպացի պաշտպանները չէին խառնվում: Առաջին մի քանի օրերի ընթացքում միսիոներական հաստատությունները հանգրվան էին հատկացնում փախուստի մատնված հույներին ու հայերին, սակայն հրդեհից հետո նրանց նույնպես տարհանում են, իսկ փախստականներին արտաքսում: Արտասահմանյան հյուպատոսարաններին ուղղված բազմաթիվ խնդրանքներն արհամարհվում էին:

Բոլոր նրանք, ում հետ մենք զրուցել ենք, հիշում են եվրոպական և ամերիկյան ռազմածովային խմբերի արձագանքը: Հայկ Մեսերլյանին հաջողվում է դիակներով լի երկար տարածություն կտրել անցնել մինչև ամերիկյան նավը հասնելը, երբ նրան ջուրն է սուզում վրան շրջված խողովակը:

Էդվարդ Փափազյանը նկարագրում է նման մի տեսարան, որի ականատեսը նա եղել է: Օնիկ էմինյանը հիշում է, թե ինչպես Զմյուռնիայի հրաշալի ծովափը կամ, ինչպես հայերն էին ասում, կարապը, վերածվել էր սպանդանոցի: Եվրոպացիներն անտարբեր շրջում էին զոհերի միջով, նկարահանելով արյունալի տեսարանները: Ողջ մնացածներից շատերը պնդում են, որ գիշերը, երբ ամեն բան հանդարտվեց, ռազմական նավերը միացրեցին իրենց լուսարձակներն ու այդպես թուրքերը շարունակեցին թալանել, բռնություն կիրառել ու սպանել: «Սա, հիրավի, դավաճանություն էր հայերի հանդեպ, ակնհայտ թուրքամոլ վարքագիծ» - բացականչում է Էմինյանը:

Արսենուհի Վրթանեսյանը նույնպես պատմում է այդ անտանելի լուսարձակների մասին, որոնք լուսավորում էին ափը և այն մասին, թե ինչպես էին թուրքերը փախցնում հայ երիտասարդ աղջիկներին: Մալվինե Խանջյանը բարկացած կրկնում է.

«Իզմիրի եվրոպական ու ամերիկյան ներկայացուցիչներն անտարբեր անցնում էին կողքով, առանց ուշադրություն դարձնելու կանանց խնդրանքների վրա»:

Երբ մի քանի օր տառապանքներից հետո, ամերիկյան մեքենաները, բեռնված հացով ու ջրով, հասան օգնության,  Մալվինեն հիշում է, թե ինչպես էին զոհերը բղավում.

«Մենք հաց չենք ուզում: Օգնեցեք: Փրկեք մեզ այս դժոխքից»:

Վահան Առաքելյանն արտահայտում է անկեղծ կատաղությունը, որն արդեն վաթսուն հինգ տարի է չի պակասում:

«Այդ գրողի տարած ամերիկացիները! Ինչու նրանք օգնության ձեռք չմեկնեցին տասնյակ հազարավոր կանանց ու երեխաներին: Ինչու նրանք չմիջամտեցին Թուրքիայի վայրագություններին վերջ տալու համար»:

1915 թ. արտաքսումներից փրկվածները

Զմյուռնիայի, մոտակա քաղաքների, ինչպիսիք են Մանիսան, Աքսարը ու Կրքաղաչ,  հայերը փրկվել էին Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած մասսայական սպանություններից ու արտաքսումից, սակայն նրանք տեղյակ էին, թե ինչ էր կատարվում մնացած վայրերում: Օնիկ Էմինյանը նշում է.

«Ես փոքր էի, երբ մենք իմացանք վայրագությունների մասին: Հիշում եմ, ինչպես էր ավագ եղբայրս թուրքերեն լեզվով բանաստեղծություն գրել: Մենք հայերեն կարդալ-գրել չգիտեինք: Բանաստեղծությունը կոչվում էր «Խիղճ». թուրքերեն լեզվի մեջ չկա այդպիսի բառ, քանի որ թուրքերը խիղճ չունեն:  Մեր բարեկամներին արտաքսել էին Դեր Զոր ու սպանել: Մորաքույրս նամակ էր ուղարկել մեզ, որով խնդրում էր օգնել հորս: Հայրս նրանց փող ուղարկեց, և նա եկավ տղայի հետ: Իրենց մեծ ընտանիքում միայն նրանք էին ողջ մնացել: Մորաքրոջս արտաքին տեսքն ուղղակի ահավոր էր, իսկ նրա պատմությունները՝ ահասարսուռ: Նա պատմում էր, թե ինչպես են զինվորները շրջապատել Դեր Զորում ապաստան գտած ողջ մնացածներին, կրակել նրանց վրա ու փոսը շպրտել»:

Երկաթգծի երկայնքով մեկ ապրող հայերը ականատես դարձան, թե ինչպես էին Բանդիրմայից, Բալըքեսիրից, Աքշեհիրից արտաքսվածների մի մասին տեղավորել  վագոններում, իսկ մնացածները քայլում էին վագոնների կողքից: Վարդանուշ Իսկենդերյանը տեսել էր նրանց Էսքիշեհիրի կայարանում: Նա հիշում է նրանց տխուր դեմքերը, «որոնք մեզ են նայում, նրանց հուսահատ ձայները, որոնք արձագանքում են հեռվից... Պատմեցէք  պատմեցէ'ք բոլորին՛ մեր ճակատագրի մասին, այն սարսափի մասին, որում ապրում ենք, այն դաժան մահվան մասին, որը մեզ սպասում է»: Այն ժամանակ Վարդանուշը չգիտեր, որ Էսքիշեհիրի հայերին նույնպես արտաքսելու են:

Նա չգիտեր, որ ողջ է մնալու համակենտրոնացման ճամբարներում և վերջիվերջո հասնելու է Զմյուռնիա, որ նոր վայրագությունների միջով անցնի: Նա ասում է. «Ես երդվել եմ պատմել այն ամենն, ինչ տեսել եմ»: Իրականում նա շատ բան է տեսել: Նրա առաքելությունն է պատմել աշխարհին այն ամենը, ինչ նա չի կարողանում մոռանալ, այն ամենն, ինչը փոխել է նրա կյանքը և լավ մոր ու տնային տնտեսուհու անհոգ կյանքից վերածել է անդադար լացող կնոջ, որը անօգնականի նման պայքարում է անցյալի դեմ: «Գիշերները տեսածս մղձավանջներից վեր եմ թռնում: Չեմ կարողանում մոռանալ» - բացականչում է նա: Եվ սա արտասովոր բան չէ: Ողջ մնացածների մտքերում հավերժ անմահացել են ողբերգության նմանատիպ պատկերները և ամեն պահ կարող են հիշվել: Շարլոտա Դելբոն խոսում է այն երկու եսերի մասին, որոնք կան իր մեջ՝ այն որը եղել է այդ ողբերգությունների ժամանակ ու այն, երբ նա վերադարձել է իր բնականոն կյանքին: Մղձավանջները այդ երկու եսերի պայքարի ավարտի արդյունքն են, որի հետրանքով հին ես-ը հաղթանակ է տարել գիտակցորեն ընդունված ես-ի հանդեպ:

«Երազում կամքն անզոր է և այդ երազներում ես կրկին ինքս ինձ եմ տեսնում.հազիվ եմ կարողանում ոտքի վրա մնալ… ցրտից ու կեղտից քարացած եմ, իսկ ցավն այնքան ուժեղ է, որ կրկին զգում եմ այնտեղ ապրածս ցավը ողջ մարմնովս մեկ, զգում եմ, թե ինչպես է մահն ինձ առնում իր ճիրանների մեջ, զգում եմ, ինչպես եմ մահանում: Ի ուրախություն ինձ, այդ տառապանքներից բղավում եմ: Բղավոցս արթնացնում է ինձ, և ես դուրս եմ գալիս այդ մղձավանջից հյուծված ու կրկին ես ես եմ դառնում, նա ում դու ճանաչում ես, նա ով կարող է խոսել քեզ հետ առանց էմոցիաների ու առանց տարերքի մի նշույլի»:

Վարդանուշի մոտ չի ստացվում զգացմունքներն այդքան նրբանկատորեն նկարագրել, սակայն նրա ես-ի երկատումը վկայում է նրա դժվարին իրավիճակի մեջ գտնվելու մասին, անցյալի ու ներկայի միջև մղվող ցավալի կոնֆլիկտի մասին:

Ողջ մնացածներից ոմանք, ինչպես օրինակ Վարդանուշ Իսկենդերյանը, ամեն ինչի մասին ազատ խոսում են, ու նրանց հարցախեղդ անելու ոչ մի կարիք չկա: Նրանք պատմում են ամեն մի դետալի մասին, ասես երեկ տեղի ունեցած դեպքի մասին պատմեն:

Հայկ Մեսերլյանի հիշողությունը տպավորիչ է, ինչպես նաև նրա կատարած ճանապարհորդությունը: Սակայն ճիշտ է արդյո՞ք կիրառել ճանապարհորդություն բառը նման մոտեցման դեպքում: Աֆիոն-Կարահիսարը Զմյուռնիայից ոչ հեռու այն վայրերից էր, ուր Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ արտաքսել էին հայերին: Հայկը տասներկու տարեկան էր ու շատ լավ հիշում է այն օրը, երբ իշխանությունները հայերին լքելու հրաման արձակեցին: Եկեղեցու զանգերը խփելուն պես նրանք հավաքվում էին եկեղեցում, որպեսզի համարձակությունով զինվեն առաջիկա վտանգավոր ու անհայտ ճանապարհորդության համար:  Սկզբում Մեսերլյանի ընտանիքի հետ միասին կային յոթանասուն ինը անդամներ, որոնք անբաժան էին միմյանցից, սակայն դա երկար չի տևում: Սպանությունները, սովն ու հիվանդությունները խլել էին շատերի կյանքը: Հայկը, ծնողներն ու եղբայրը միակ փրկվածներն էին: «Ճանապարհորդությունը» նրանց բերեց Աֆիոն-Կարահիսարից Կոնյա ու Տարսուս, այնուհետև Քաթմա, Դամասկոս, որտեղից ՝ անապատում գտնվող արաբական ինչ-որ գյուղ ու հետո կրկին դեպի Դամասկոս, իսկ պատերազմի ավարտին ՝ Բեյրութ, Մերսին և կրկին Աֆիոն-Կարահիսար: Բրիտանական զինված ուժերի հովանու ներքո նրանք եկել էին վերականգնելու ոչնչացված կյանքի մնացորդները, սակայն անգլիացիների Կոստանդնուպոլիս նահանջից հետո նրանք կրկին ստիպված են լինում փախուստի դիմել ու  կրկին վերադառնում են Աֆիոն-Կարահիսար, որն այդ պահին օկուպացվել էր հույների կողմից:

Հարություն Բզդիգյանի պատմածներում կա ևս մեկ մանրամասն նկարագրություն: Նազիլիի (Հարությունի հայրենի քաղաքը, Զմյուռնիայից ոչ հեռու) հայերին արտաքսել էին Առաջին Համաշխարհայինի ժամանակ: Հարությունը հիշում է, թե ինչպես էր հայրը իրեն տարել թուրքական թաղամասի շուկաներից մեկը: Հանկարծակի զինվորները հարձակում են գործում շուկայի վրա ու ձերբակալում են հայ տղամարդկանց: Կանանց, երեխաներին ու ծերերին ուղարկում են պարտադրված զորավարժանքի:  

Հարությունի երկար ու ծանր փորձությունը սկսվում է այնտեղ, հոր հետ ճանապարհին, քայլելիս, թե բաց վագոններում, ամառվա տապին, թե ձմեռվա ցրտին: Դեպի արևելք անծայրածիր ճանապարհը բերեց նրանց Դենիզլի, Այերբերե, Ուշակու, Սեվրիհիսար, Էրեգլի, հեռավոր Անատոլիայի Աքսարայ՝ երկար ուղու այդ վերջին կանգառը: Ինչ-որ տեղ, ճանապարհին մոտ, հայրն ու որդին գտնում են ընտանիքի մնացած անդամներին: Երկու թրքացված հայ կանայք օգնում են նրանց ապաստան գտնել Աքսարայում, և ընտանիքն այնտեղ մնում է մինչև 1928թ.: Հարությունն ընդամենը ութ տարեկան էր, երբ սկսվեցին արտաքսումները, սակայն ամեն մի տեղի, տեղական յուրահատկությունների, այլ աքսորյալների, նրանց օգնած թուրքերի ու թուրքացված հայերի մասին հիշողությունները հավերժ անմահացել են նրա մտքում: Հարությունը պատմում է այդ մասին, ու բոլորի մոտ հարցեր են ծագում, թե ինչ եղավ այն հայերի հետ, որոնք ծածուկ էին պահում իրենց անուններն ու հայ լինելը, ինչպես դասավորվեց նրանց ճակատագիրը և ինչպես է ապրում այն սերունդը, որը ծնունդ է առել նրանցից հետո:

Թարգմանված է անգլերենից: Հեղինակը՝ Ռուբինա Փերումյան:

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո