Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Սև կազմով գիրքը»՝ Ստամբուլում հրատարակած ցեղասպանության վկայությունները
Հուշ

«Սև կազմով գիրքը»՝ Ստամբուլում հրատարակած ցեղասպանության վկայությունները

Նրանք հազարներով ժամանեցին [Մասքանա], բայց մեծամասնությունը իրենց ոսկորները թողեցին այնտեղ: —Ամերիկյան վակուումային նավթային ընկերության գերմանացի աշխատակից Օգոստ Բերնո:

2016 թ հունվարին Արամ Անտոնյանի պատմական արժեք ներկայացնող «Այն Սև Օրերուն» գիրքը հրատարակվել է Ստամբուլում Pencere Publishing հրատարակչության կողմից: Սթիվեն Օհանյանը թարգմանել է գիրքը, իսկ Աթիլա Թույգանը խմբագրել ու պատճենահանել է այն: Դոկտոր Խաչիգ Մուրադյանը գրել է գրքի ներածական մասը, որի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև: 

***
Անտոնյանի «Այն Սև Օրերուն» գրքի իմ առաջին օրինակը վերատպագրված տարբերակն էր, որը թողարկվել էր Բեյրութում 1985թ.` նվիրված հայոց ցեղասպանության 70-ամյակին: Այն ուներ սև կազմ, որի վրա պատկերված էր արցունքներն աչքերին մի կին` լիրայի կողքին: 

Հիշում եմ, թե ինչպես էի կարդում այն մի քանի անգամ կազմ առ կազմ դեռահաս տարիքում: Կարճ պատմությունները հատկապես ցնցող էին` ոչ միայն սարսափելի պատմությունների և մանրամասն տվյալների համար, այլ որովհետև էջ էջի ետևից հանցագործներին իրենց անունը չէր տրվում` «թուրքեր» բառը գրքում ընդհանրապես չի հիշատակվում: Անտոնյանը չի հիշատակում նաև զոհերի ազգությունը: Գիրքն այնպիսի խորը տպավորություն է թողել ինձ վրա, որ մինչև այսօր ամեն անգամ երբ տեսնում եմ գրքի կազմը, տխրությունն է ինձ պատում: 

Եվ չնայած դրանից հետո խուսափել եմ գիրքը կրկին բացելուց, հոգուս խորքում գիտեի, որ այն ճակատագրական ազդեցություն կունենա իմ կյանքի վրա: 

Երեք տարի առաջ Քլարկի համալսարանում պրոֆեսոր Թաներ Ակչամի ղեկավարությամբ ես սկսեցի գրել իմ դոկտորական ատենախոսությունը «Ցեղասպանությունը և Մարդասիրական դիմադրությունը օսմանյան Սիրիայում, 1915-1917»: Աշխատությունը հիմա ավարտել եմ, որի մի ամբողջ գլուխ նվիրված է Մասքանայի համակենտրոնացման ճամբարին, որտեղ բազմաթիվ տեղահանված հայեր են մահացել: 

Այս գլուխը գրելիս մեկ օր անգամ չեմ դադարել մտածել Անտոնյանի գրքի մասին. մի կին, ով խելագարվել էր որդու սպանությունից, տեղահանվածներ, ովքեր լացում էին ջրի համար, տղա, ով խնդրում էր մահացած մորը արթնանալ… 

Քսան տարի անց, երբ առաջին անգամ բացեցի գիրքը, ես գիտեի, որ գրում եմ Մասքանայի մասին` պատվելու այն կնոջ, տեղահանվածների, տղայի…և Անտոնյան ազգանունով մարդու հիշատակը, ով առաջիններից մեկն էր, որ համակարգված ձևով փաստագրում էր իրականացված հանցագործությունը:  

Անտոնյանի «Այն Սև Օրերուն» գիրքը առաջին անգամ հրատարակվել է Բոսթոնում 1919թ.:

Անտոնյան

Արամ Անտոնյանի անունը`(1879-1951) որպես խմբագիր և գրող, մեծ հարգանք էր վայելում 20-րդ դարի սկզբի Կոստանդմուպոլսի գրական շրջանակներում: Նա ձերբակալվել է 1915թ. ապրիլի 24-ին իրեն ժամանակակից մի շարք գրողների հետ և ուղարկվել Չանկիրի: Օգոստոսի 19-ին նա 25 հոգուց բաղկացած պահակախմբի ուղեկցությամբ հեռանում է Չանկիրիից` ենթադրաբար Դիյարբաքիր ուղարկվելու համար: Ճանապարհին մինչ պահակախումբը գիշերն անց էր կացնում խանում` նա կոտրում է իր ոտքը և ստիպված էր ետ մնալ խմբից: Մնացածը շարունակում են իրենց ճանապարհը և սպանվում Անկարայից մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող Էլմա Դագի մոտ: 

Արամ Անտոնյան:

Այսպիսով կոտրված ոտքը փրկում է Անտոնյանի կյանքը: Անկարայի հիվանդանոցներից մեկում վերականգնվելուց հետո նա ուղևորվում է դեպի Տարսուս: Շուտով նա ձերբակալվում է, կալանավորվում Քոնիայում, տեղահանվում, կրկին ձերբակալվում և վերջապես 1916թ. սկզբին հասնում Մասքանա: Նա իր կրած փորձառությունները մի քանի տարի անց կներկայացնի կարճ պատմությունների հավաքածուի տեսքով: Մասքանայում մի քանի ամիս անցկացնելուց հետո նա նույն տարվա հունիսին փախչում է և ապաստան հայցում Հալեպում, որտեղ նրան մեծապես աջակցում են Բարոն հյուրանոցի սեփականատերեր ազդեցիկ Մազլումյան եղբայրները: Երբ Մազլումյաններին աքսորում են Զահլե, Անտոնյանը ևս գնում է նրանց հետ, որպեսզի վերադառնա Հալեպ 1918թ. Օսմանյան կայսրության պարտությունից հետո: 

Հաստատվելով ետպատերազմյան Հալեպում` Անտոնյանը հանձն է առնում հավաքագրել հայերի ոչնչացման վերաբերյալ վկայություններ և նյութեր: Նրա հարաբերությունները օսմանյան պաշտոնյա Նայիմ Բեյի հետ դառնում են ճակատագրական: Անտոնյանը հավաքագրում է Նայիմ Բեյից ստացված տեղեկություններն ու հեռագրերի պատճեները իր Մեծ Եղեռն գրքում: Անտոնյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստագրման ավելի կարևոր ներդրում կարելի է համարել այն հարյուրավոր պատմություններն ու վկայությունները, որոնք նա հավաքագրել է ցեղասպանությունը վերապրածներից Հալեպում առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Այս պատմությունների մեծ մասը հրատարակվել է պատմաբան Ռայմոնդ Կևորկյանի կողմից, ինչպես նաև լայնորեն կիրառվել իր աշխատության մեջ:

Անտոնյանը իր հետ Փարիզ է տանում հեռագիրներն ու ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որտեղ նա Խաղաղության համաժողովում աշխատում էր հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Բողոս Նուբարը: 1927թ. Նուբարը ֆինանսավորում է գրադարանի շենքի կառուցման աշխատանքները, որը ծառայելու էր որպես պատվիրակության արխիվների պահոց և այն, ինչը հնարավոր էր փրկել օսմանյան-հայկական մշակութային և գրական ժառանգությունից: Անտոնյանը ղեկավարել է Նուբարի գրադարանը գրեթե մինչև վերջինիս մահը: 

Մասքանա

1915թ. Հալեպ ժամանելուց հետո աքսորված հայերը կրկին անգամ տեղահանվում են Մասքանա և այնուհետև ներքև`դեպի Դիփսի, Աբուհարար, Համամ, Ռաքքա, Սեբկա և Դեր Զոր: Տասնյակ հազարավոր հայ տեղահանվածների համար Մասքանան դարձավ հանգստի հանգրվան, ովքեր, սակայն, այնտեղ մահացան տիֆից, աղիքային հիվանդություններից, զրկանքներից և բռնությունից:

Լուսանկար` Արմին Վենգեր, Մխիթարյան միաբանություն, Վենետիկ, Իտալիա:

1915թ. ուղեցույցում նշված լինելով որպես Սիրիա ժամանող հայերի վերաբնակեցման գործընթացը կազմակերպող տրանզիտային ճամբար` Մասքանան այդպիսի դեր է ստանձնել տեղահանությունների առաջին իսկ օրից, բայց իր կարևորությունը էլ ավելի մեծացավ 1915թ. վերջին և 1916թ. սկզբին Հալեպ քաղաքի շուրջը ճամբարների փակումից հետո:   

Տեղակայված լինելով Եփրատ գետի հարավային ճյուղի մեծ թեքատի վրա` Մասքանան 1915թ. բնավ քաղաքի տեսք չուներ: Ըստ տեղահնավածների պատմությունների այն «ոչ այլ ինչ է, քան մի շինություն, որը ծառայում է իբրև պանդոկ, գտնվում է Եփրատից մի քանի մղոն հեռավորության վրա և մի քանի դժգույն բլուրների դիմաց»: Գետի արևմտյան ափին` խանի հարևանությամբ կար նաև հեռագրատուն: Երբ 1916թ. վաղ գարնանը ցեղասպանությունը վերապրած Եղիշե Հազարբեդյանը ժամանեց ճամբար, քիչ հեռվում կառուցվում էին ռազմական զորանոցներ: «Այդ ամբողջ աշխատանքները վերահսկվում էին կապիտանի և նրա շրջապատի կողմից, ովքեր ապրում էին այդ պանդոկում, երբ չէին աշխատում զորանոցների շինարարության վրա: Պանդոկից դուրս կային մոտավորապես 50 հայ աշխատավորներ, ովքեր որպես կամավոր հանձն էին առել աշխատել այդ նախագծի վրա, որպեսզի խուսափեն գետն ի վար տեղահանվելուց…դեպի Դեյր-էր-Զոր» պատմում է նա:

Ճամբարը, որտեղ տեղահանվածները անցնում էին իրենց պրակտիկան, գտնվում էր խանից ոչ հեռու, ընդամենը անհրաժեշտ էր 10 րոպե քայլել խանից գետի ուղղությամբ: 1916թ. սկզբին, երբ տասնյակ հազարավոր տեղահանված հայեր լցվեցին Մասքանա, մեծ քանակությամբ վրաններ կառուցվեցին դեպի խանը նայող բարձունքների վրա, իսկ գետի մոտ գտնվող տարածքը պահպանվում էր այն հայերի համար, ովքեր ըստ գրաֆիկի պետք է տեղահանվեին հաջորդ անգամ: Մինչև 1916թ. վերջ քանի որ ճամբարը գրեթե դատարկվել էր, ճամբարի տնօրեն Հուսեին Ավնին տեղափոխեց մնացած տեղահանվածներին բարձունքներից դեպի Եփրատ գետի հովիտ, որը չոր ու քամոտ եղանակին ավելի քիչ էր փոշոտվում: Կառապանների և աշխատավորների վրանները ևս տեղափոխվեցին և կառուցվեցին զորանոցների վերևում գտնվող բարձունքների վրա: 

1915թ. ապրիլից մինչև 1916թ. ապրիլ ըստ փաստաթղթի, որը Ավնին անձամբ է տվել Անտոնյանին պատերազմից հետո, 110,934 տեղահանվածներ են անցել Մասքանայով: Տեղահանվածները թվով 28,834 հայեր էին, իսկ 80,000 մահացել է ճամբարում: Մնացած 2,100 տեղահանվածները 1916թ. ապրիլին դեռևս գտնվում էին ճամբարում: Այսպիսով ճամբարի տեղահանվածների 72 տոկոսը մահացել է տեղում: Ամերիկյան վակուումային նավթային ընկերության գերմանացի աշխատակից Օգոստ Բերնոն, ով 1916թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել է ճամբար` գաղտնի կերպով ֆինանսական միջոցներ հատկացնելու համար, տրամադրում է ավելի չափավոր թիվ` «Տեղում հավաքագրված տեղեկությունները թույլ են տալիս ինձ հաստատել, որ մոտավորապես 60,000 հայ է այնտեղ թաղվել» գրում է նա մանրակրկիտ իր կատարած ճանապարհորդության վերաբերյալ պատմության մեջ: Անտոնյանը նշում է, որ երբ նա գտնվում էր Մասքանայում, ամեն օր այնտեղ 300-500 մարդ էր մահանում: Ինչպես տեսնում ենք, անշուշտ թվերը ապշեցնող են` ըստ կոպիտ հաշվարկների Սիրիա-Մեսոպոտամիա ժամանած 10 տեղահանվածներից մեկը մահանում էր Մասքանայում: 

Մասքանայում փրկվածների մեծ մասը մի լավ օրի չէր: Օսմանյան իշխանությունները 1916թ. գարնանը և վաղ ամռանը ոչնչացրեցին Եփրատ գետի երկայնքով գտնվող ճամբարների մեծ մասը և տեղահանվածներին տարան դեպի Դեր Զոր: Այնտեղ 1916թ. ամռանը զինված ժանդարմերիան շրջանի չերկեսական բանդիտական խմբերի հետ միասին կոտորեցին մոտ 200,000 տեղահանվածներ:

Որպես այն քիչ մտավորականներից մեկը, ով փրկվել է 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ համայնքի ղեկավարների ձերբակալություններից և սպանությունից, և դրան հաջորդող գոյատևման շաբաթներից, Անտոնյանը իրեն պարտավորված էր զգում ջանասիրաբար հավաքագրել Մեծ եղեռնին վերաբերող բոլոր վկայություններն ու պաշտոնական փաստաթղթերը` հուսալով, որ դրանք պատերազմից հետո որոշակի կերպով կազդեն արդարության հաստատմանը: 

Չնայած արդարությունը չվերականգնվեց, հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները այս պատմությունները փոխանցել են իրենց երեխաներին և թոռներին: Դեռահասները վերցրեցին Անտոնյանի «Այն Սև Օրերուն» նման գրքեր և նրանց հետ միասին կրեցին ժղտողականության դեմ պայքարի բեռը:   

Մեզ պես սփյուռքում գտնվող «Այն Սև Օրերուն» գիրքը կարդացողների համար Թուրքիայում գրախանութներում այս գիրքը տեսնելը ասես մի հեռավոր երազանք լիներ: 

Աղբյուրը՝ armenianweekly.com

Թարգմանել է Աննա Մովսիսյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո