Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ճակատամարտ սուրբ Առաքելոց վանքի մոտ` աննախադեպ հերոսության օրինակ հայոց պատմության մեջ
Հուշ

Ճակատամարտ սուրբ Առաքելոց վանքի մոտ` աննախադեպ հերոսության օրինակ հայոց պատմության մեջ

Շապիկի Նկարը՝ սուրբ Առաքելոց վանք / maximus101.livejournal.com

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Թեև թուրքական կառավարությունը մեղմացրել էր հայերի հանդեպ իր վերաբերմունքը  (ֆիդայինների կողմից հնարավոր հակահարվածի պատճառով), և հայերի դեմ իրականացված արյունահեղ հանցագործությունների թիվը ավելի քիչ էր, կառավարությունը չէր հրաժարվել հայերին ոչնչացնելու իր քաղաքականությունից. իրականում այն պարզապես փոխել էր իր գործելակերպը:  

1901թ. կառավարությունը Կովկասից ընդունեց հազարավոր մահմեդական փախստականների, նրանց հրացաններ բաժանեց և, չնայած տեղացիների դժգոհությանը, նրանց տեղավորեց հայկական գյուղերում:  Տարիներ շարունակ քրդերին դրդելով հալածել հայերին` կառավարությունը այժմ փորձում էր օգտագործել Կովկասի աղքատ մահմեդական փախստականներին` հայերին հետագայում էլ ավելի հալածելու համար: Հայերին պատկանող գույքը առգրավվեց և տրվեց փախստականներին:

Այնուհետև, կարծես թե Տարոնում քրդական ճնշումները բավարար չէին, սուլթանը աղքատ հայ գյուղացիներին պարտադրեց կերակրել կովկասյան փախստականներին:  Իր հրեշավոր սխեմայի հաջողությունը ապահովելու համար Մուշի հարթավայրում կառավարական զորքեր տեղակայեցին, որտեղ նրանք ապրում էին մակաբույծների պես` հայ գյուղացիների հաշվին:  Տարոնի հայերը բողոք ներկայացրեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանին, սակայն պատրիարք Մաղաքիա Օրմանյանը խորհուրդ տվեց նրանց  «հավատարիմ մնալ իշխանությանը»:

Մուշում Ռուսաստանի հյուպատոս Ումանսկին խոստացավ օգնել, եթե հայերը հրաժարվեն հայ առաքելական եկեղեցու սկզբունքներից և ընդունեն ռուս ուղղափառ եկեղեցու դավանանքը: Տարոնի հուսահատ հարյուրավոր հայեր շտապեցին դեպի Մուշ և պահանջեցին ռուս քահանաների: Մի քանի շաբաթ անց գիտակցելով, որ ուղղափառություն ընդունելու դեպքում անգամ կասկածելի էր խոստացված օգնությունը, նրանք վերադարձան իրենց հին դավանանքին:

Անընդհատ տառապանքների ու հալածանքների ենթարկվելով` մարդիկ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության էին դիմում: Սկզբում նրանք անհապաղ, լայնամասշտաբ գործողություններ էին պահանջում ֆիդայիններից` հուսալով, որ քրիստոնյա Եվրոպան իր անունից կարող է միջամտել: Ցավոք, հեղափոխության համար մի քանի տարի էր հարկավոր նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, և այն կարող էր աղետալի հետևանքներ ունենալ, եթե այն սկսեին առանց համապատասխան նախապատրաստման: 

Հուսախաբ լինելով հեղափոխության անմիջական արդյունքերից` մարդիկ երես թեքեցին ֆիդայիններից, իսկ որոշներն անգամ ավելի հեռուն գնացին ու Դժոխք Հրայրի դեմքին գոռացին, «Գրողի ծոցը գնա»:

Տարոնի գյուղացիները լիովին անօգնական էին` չիմանալով ինչ ինչ անել: Հույս չկար ոչ երկնքից, ոչ երկրից, ոչ բարձրաստիճան հոգևորականներից, ոչ էլ հեղափոխականներից: Բիշարա Խալիլի սպանությունից անցել էր մեկ տարի, և այդ դեպքի ազդեցությունը արդեն անցել էր: Այժմ նոր սխրագործություն էր հարկավոր կատարել` հեղափոխականների բարոյական վիճակը բարձր պահելու և հույս արթնացնելու հուսախաբ և չքավոր գյուղացիների շրջանում:   

Այս դժվարին և փորձություններով լի օրերին Անդրանիկը երևան եկավ այնպիսի խիզախ ու հանդուգն պլանով, որ այն կզարմացներ ընկերներին ու թշնամիներին և շաբաթներ շարունակ լարվածության և անորոշության մեջ կպահեր երկիրը:  

Մինչ կառավարությունը Մուշի հարթավայրում ֆիդայիններին էր կրկնկակոխ հետևում, Անդրանիկը որոշում է իջնել Սասունի սարերից, փակվել վանքում` ուղիղ թուրքական զինվորական հրամանատարների քթի տակ և դրդել կառավարությանը մարտի:  Այս առաքելությունը իրագործելու համար նա իր հետ բերեց Գևորգ Չաուշին, Հաջի Հակոբ Կոտոյանին Մուշից և այլոց: 

Այն քայլը, որն Անդրանիկը պատրաստում էր ձեռնարկել իր հեղափոխական կարիերայի սկզբում, բավականին անսովոր ու ռիսկային էր: Ցած իջնելով սարերից և գնալով Մուշի հարթավայր` Անդրանիկը վտանգի տակ էր դնում ամեն ինչ. իր` որպես հեղափոխական մարտիկի կարիերան, իր` որպես առաջնորդի համբավը, և առաջին հերթին իր կյանքը:  

Անդրանիկ Օզանյան կամ Անդրանիկ Փաշա / books.google.de

Անդրանիկը իր երեսուն խիզախ ու նվիրված ազատության համար մարտնչող մարտիկների հետ միասին մարտահրավեր էր նետում ամենադաժան բռնապետին` սուլթան Աբդուլ Համիդ II-ին:Բոլոր առումներով այս առաքելության իրագործումը համարվում էր անհնարին:

1901թ. նոյեմբերի 3-ին` շաբաթ օրը, Անդրանիկը և իր խումբը ժամանեցին վանք:  Այնտեղ նրանք գտան վաթսունից յոթանասուն որբեր, ինչպես նաև ուսուցիչներ, քահանաներ, տան աշխատողներ և հովիվներ` ընդհանուր առմամբ ութանասուն մարդ:

Անդրանիկը վանքի ավագ քահանա Հովհաննես վարդապետին ուղարկեց Մուշ, որպեսզի վերջինս չմասնակցի կառավարության հետ կայանալիք առաջիկա բախումներին:  Այնուհետև նա մեկ այլ մարդու ուղարկեց Կելյեկուզան` Հարությունին փոխանցելու ուղերձ հետևյալ բովանդակությամբ`

«Հարգելի Հարություն,

Եկեք առանց հապաղելու, որովհետև ամենայն հավանականությամբ վանքը կպաշարվի:  Ես երկու զինվոր կուղարկեմ Ձիրին մոտ գտնվող աղբյուր` ձեզ ուղեկցելու համար:  Եթե դուք այնտեղ չգտնեք նրանց, դա նշանակում է, որ ես չկարողցա ուղարկել նրանց, քանզի պաշարման մեջ ենք հայտնվել:  Մենք կփորձենք քողարկել ձեզ, երբ դուք մոտենաք վանքին:   Եթե մեզ չհաջողվի ընդունել ձեզ մինչև վաղը արևածագ, ապա մենք կվերադառնանք Սասուն: Եթե մենք ընկնենք վանքի պատերի տակ, դուք կշարունակեք մեր գործը: Բոլոր ընկերները համբուրում են ձեզ,

Անդրանիկ»:

Սուրբ Առաքելոց վանքի ճակատամարտը

Առաջին գործը, որ կատարեցին ֆիդայինները վանքում` ամրություններ կառուցեցին վանքի շուրջը` մարտին պատրաստ լինելու համար: Արդեն գրեթե կեսօրն անց էր, երբ նրանք լսեցին շեփորի ձայնը: Տասնվեց թուրք զինվորներ կապիտանի գլխավորությամբ ուղևորվել էին դեպի վանք: Անդրանիկը հրամայեց փակել բոլոր դռները, իսկ բանալիները վերադարձնել իրեն: Որպես պատվիրակ դուրս կանչվեց քահանան:

Թուրք զինվորները մոտեցան վանքին: Տեսնելով, որ դռները փակ են, նրանցից մեկը գոռաց, «Ինչու՞ եք փակել դռները»:

Քահանան պատասխանեց ըստ Անդրանիկի հրահանգների` «Մի քանի օր առաջ մոտ երեսուն զինված ոստիկաններ և քրդեր եկան վանք: Որբերը վախեցել էին: Մուշի արքեպիսկոպոսը հրահանգել է մեզ որևէ զինված մարդու առջև դուռ չբացել»:

Սուրբ Առաքելոց վանքի խաչքարներով գերեզմանը / lost-fortresses.livejournal.com

Նոյեմբերի 4-ին` կիրակի օրը, թուրքական կառավարությունը ուղերձ ուղարկեց ֆիդայիններին լքել վանքը, սակայն Անդրանիկը մերժեց` լավ իմանալով, որ թուրք զինվորները դարանակալած նրանց կսպասեին, եթե նրանք դուրս գան վանքից: 

Նոյեմբերի 12-ին ցրտեց և սկսեց ձյուն գալ: Վանքը շրջափակած վեց հացար թուրք զինվորները ստորգետնյա բունկերներ էին փորում` ցրտից պաշտպանվելու համար:  Ըստ Լեոն Տրոցկու` «Ֆերիկ փաշայի և Ալի փաշայի գլխավորությամբ հինգ գումարտակից բաղկացած մի ամբողջ գունդ պաշարել էր լավ պաշտպանված վանքը»:

Նույն օրը թուրք զինվորներին հաջողվեց Աստվածածին աշտարակի արևելյան պատի վրա անցք բացել :  Որոշ զինվորներ ներս մտան այդ անցքով, սակայն ֆիդայինները հակահարված տվեցին` սպանելով թուրքական կապիտանին:  Մնացած թուրքերը ետ նահանջեցին:

Ռազմական ուժով ֆիդայիններին տապալելու անհաջող փորձից հետո թուրքերը դիմեցին դիվանագիտական խորամանկության:  Նրանք մի հայ կնոջ ձեռքը տվեցին հաղորդագրություն և ուղարկեցին վանք:  Գրության մեջ կառավարության կողմից հարց էր. «Ի՞նչ եք ցանկանում: Որն է ձեր նպատակը և որո՞նք են ձեր պահանջները»:

Անդրանիկը պատասխանեց, որ նա չի կարող բացատրել իր պահանջները գրությամբ:  Փոխարենը նա ցանկություն հայտնեց, որ Մուշի քաղաքապետի ուղեկցությամբ զորահրամանատարներ Ֆերիկ փաշան և Ալի փաշան գան վանք, որտեղ նա կարող է բանավոր կերպով նրանց ներկայացնել իր պահանջները:   

Նոյեմբերի 19-ի գիշերը թուրքերը կատաղի հարձակում են գործում վանքի վրա:   Ֆիդայինները պատասխան կրակ են արձակում երեսուն յոթ ատրճանակներով:  Մութ գիշեր էր, խիտ մառախուղը պատել էր Մուշի հարթավայրը, իսկ ձյունը շարունակաբար գալիս էր: Անդրանիկը կասկածեց, որ թուրքերը կարող են օգտվել մթությունից և թնդանոթներով կոտրել մեծ դարպասը` ներս ներխուժելու համար:  Մեծ դուռը, որ կրկնակի փեղկ ուներ, ծածկված էր մետաղյա և մեծ երկաթե մեխերով: Անդրանիկը գնաց և անձամբ հսկեց դուռը ողջ գիշեր:

Օգտվելով թանձրախիտ խավարից` գիշերը թուրքերը ախոռի պատին անցք փորեցին, լուռ ներս մտան և զբաղեցրին ախոռի և խոտամբարի միջև ընկած հատվածը` ֆիդայիններից յոթանասուն քայլ հեռավորության վրա:  Հանկարծակի հայհոյելով քրդերեն լեզվով` մի զինվոր բղավեց ֆիդայիններին, «Անդրանիկ Փաշա, Անդրանիկ Փաշա ես Մարդինից եմ, Հասսանի հայրը:  Որտե՞ղ ես փախնելու իմ ճանկերից»:

Անդրանիկի բացակայության ժամանակ Գևորգը պատասխանեց քրդերեն, «Ես Փոքր Գևորգն եմ և Հասսանի մոր սիրեկանը: Ո՞նց ես վիզդ ազատելու իմ ճանկերից»:

Լռություն տիրեց: Այնուհետև տղամարդը հարցրեց թուրքերեն. «Գևորգ Չավուշ (տասնապետ), այդ դու՞ ես»:  Այդ պահից ի վեր Գևորգը հայտնի էր «Գևորգ Չավուշ» անվամբ:

Գևորգ Չավուշ / badanegan.com

Նոյեմբերի 22-ին կեսօրը երկու կողմերը դադարեցին կռվել: Ավագ քահանա Հովհաննես վարդապետի ուղեկցությամբ այն նույն կինը, ով բերել էր առաջին գրությունը, բերեց մեկ այլ գրություն: Այնտեղ ասվում էր. «Սուլթան Համիդը հրամայել է, որ Մուշի քաղաքապետը, քահանա Խոսրով Բեհրիկյանը, Մուղդադ էֆենդին [ընդհանուր տիտղոս] և Մուհամմեդ էֆենդի [հայ, ով ընդունել է մահմեդականություն] գան վանք` լսելու հայերի բողոքներն ու պահանջները և ներկայացնելու իրենց հաշվետվությունը Կուստանդնուպոլսում գտնվող կառավարությանը»:   

Անդրանիկը ընդունեց առաջարկը: Նա վանքի պատրիարքարանի սրահը պատրաստեց բանակցությունների համար: Մեծ քանակությամբ փամփուշտներ ունենալու տպավորություն ստեղծելու համար նա քառասուն դատարկ մոմի արկղներ է դնում պատի երկայնքով: Իրականում միայն վերևի շարքն էր պարունակում փամփուշտներ, որոնք ֆիդայինները լիցքավորել էին նախորդ գիշեր:  Նա նաև փամփուշտ լիցքավորելու սարքերն ու բրիտանական և տեղական արտադրության վառոդների պայուսակներն  էր գցել այս ու այն կողմ`  թուրք պատվիրակների վրա տպավորություն թողնելու համար:

Հաջորդ օրը Անդրանիկը ընտրեց ինը ուժեղ, վայելչակազմ և համեմատաբար լավ հագնված ֆիդայինների` թիկնապահ ծառայելու համար, իսկ վատ հագնված զինվորներին ուղարկեցին ավելի քիչ տեսանելի դիրքեր: Երբ թուրք պատվիրակները ժամանեցին, Անդրանիկը նստեց փամփուշտների տուփերի դիմաց: Նրա աջ կողմում նստած էր Գևորգ Չավուշը, իսկ ձախ կողմում` Հաջի Հակոբ Կոտոյանը:

Դողացող ձեռքերով Մուղդադ էֆենդին գրառեց Անդրանիկի կողմից նշված պայմանները`

1) Քաղբանտարկյալները պետք է ազատվեն:

2) Հայերն իրենք պետք է հավաքեն տաս տոկոսանոց հարկերը` թուրք պաշտոնյայի ուղեկցությամբ:

3) Քրդերը պետք է զինաթափվեն, իսկ մեղավորները պատժվեն:

4) Պետք է վերադարձնել քրդերի կողմից բռնագրավված բոլոր հայկական գյուղերն ու հողերը:

5) Հայ գյուղացիներից հարկեր հավաքող բոլոր քուրդ ավազակապետերը պետք է դադարեցնեն այդ հարկերի հավաքագրումը:  Պետության մեջ մեկ այլ պետություն գոյություն ունենալ չի կարող:

6) Դուք մեզ` հայերիս, անվանում եք հեղափոխականներ, ավազակներ:  Կառավարությունը իր իսկ շարքերում պետք է փնտրի ավազակների: Ես իմ զինվորների հետ միասին երկար տարիներ է այս երկրում եմ:  Մենք երբեք ավազակությամբ չենք զբաղվել: Մենք երբեք խաղաղ բնակչությանը չենք վնասել, բայց մենք պատժել ենք Բիշարա Խալիլին, ով մեր ժողովրդի դեմ վայրագություններ կատարեց: Նրա յուրաքանչյուր  քայլը լիովին վայելում էր կառավարության աջակցությունը:  Այդ հրեշները փոխանակ պատժվելու, կառավարության կողմից պարգևատրվում են մեդալներով և նվերներով:  

7) Մեկունք գյուղի շերիֆի սպանության համար դուք բանտարկեցիք տասնհինգ անմեղ հայերի և ստիպեցիք նրանց թույն խմել. նրանք սարսափելի մահով մահացան: Այնուհետև դուք կալանավորեցիք ևս  170 անմեղ մարդու` հայերի և բանտ նստեցրեցիք: Եվ հիմա մեզ հարցնում եք` «Ինչու՞ եք դուք այստեղ և ի՞նչ եք ցանկանում»:

8) Սբ. Աղբերիկ վանքի քահանայապետը սպանվել է երկու քրդերի կողմից ձեր հովանավորությամբ:   Հետագայում ես այդ երկու քրդերի մասին հոգ եմ տարել:

9) Դիյարբեքիրից [քաղաք հարավարևելյան Թուրքիայում] մինչև պարսկական սահման 150,000 զինված քրդեր կան:  Ինչու՞ են նրանք զինված և ու՞մ դեմ: Նրանց զինել են հայերի գլխին պատուհաս դառնալու համար: Եթե արդարություն կա, ապա ո՞րտեղ է այն:  Ինչու՞ եք դուք բանտարկում անմեղ հայերի:  Ինչու՞ չեք բանտարկում քուրդ մարդասպաններին: Ինչու՞ է նրանց թույլատրվում ազատորեն զենք կրել:

10) էլ ի՞նչ պետական պաշտոնյաներ եք, երբ այդպիս վայրագ գործողություններ եք իրականացնում խաղաղ և անմեղ բնակչության նկատմամբ. հարկերը հավաքելու պատրվակը օգտագործելով խլում եք նրանց հացի վերջին կտորը ու ընտանիքի պատիվը:  Դուք դաժանաբար ճնշում և հալածում եք հպատակ ազգերին:

11) Դուք կախեցիք Մարգար վարժապետին, դուք բանտարկեցիք Դամադյանին և Համբարձում Բոյաջյանին և հիմա ես եմ այստեղ: Եթե դուք չընդունեք իմ պայմանները, ես բավականաչափ զինամթերք ունեմ վեց ամիս դիմադրելու համար:

Անդրանիկը ընդգծեց իր վերջնագիրը` մատնանշելով դատարկ տուփերը:

Բանակցությունները տիրեցին ընդհանուր առմամբ երեք ու կես ժամ:  Ի վերջո, մինչև Կուստանդնուպոլսից պատասխան ստանալը, Մուղդադի էֆենդին առաջարկեց հրադադար կիրառել:  Այնուհետև թուրքերը հեռացան: 

Չնայած հրադադարի ռեժիմին` հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, թուրքերը ուժգին հարձակում գործեցին:  Այդ գիշեր շատ ցուրտ էր: Թուրք զինվորները վարակվել էին այնպիսի հիվանդությամբ, որը քայքայում էր նյարդային համակարգը, և հետևաբար հարյուրավոր թուրք զինվորներ մահացան այդ հիվանդությունից` նախքան Երզինջանի չորրորդ բանակի բժիշկների կողմից բուժում ստանալը:

«Ֆիդայիները փախան, ֆիդայիները փախան»

Այդ ընթացքում Թուրքիայում բնակվող թուրքերը, քրդերն ու հայերը կարծում էին, որ դա Անդրանիկի և նրա ֆիդայինների վերջին հանգրվանն է:  Մինչ ամբողջ Թուրքիայում կարծում էին, որ Անդրանիկին չի հաջողվի ողջ դուրս գալ վանքից, Անդրանիկը վանքից գաղտագողի փախչելու տարբեր պլաններ էր քննարկում: Երբ Անդրանիկը որոշեց իր ռազմավարության ուղղությունը, նա կանչեց Գևորգ Չավուշին, Վաղարշակին և Հաջի Հակոբին: Նա ասաց նրանց, որ վանքից դուրս գալու ժամանակն է, քանզի զինամթերքն ու ուտելիքը գրեթե սպառվել էին:

«Այստեղից հնարավո՞ր է ողջ դուրս գալ» հարցրեցին նրանք:

«Ես 99 տոկոս համոզված եմ, որ մենք ողջ դուրս կգանք, պայմանով, որ զինվորները հետևեն իմ հրահանգներին: Երեք հիմնական դիրքերից յուրաքանչյուրում տեղադրեք երեք զինվոր, իսկ մնացածը թող գան վանքի բակ»: Զինվորները կիսաշրջան կազմեցին` դեմքով դեպի Անդրանիկը և լսեցին նրա հրահանգները`

«Վաղը` նոյեմբերի 27-ին գիշերը ժամը տասին մենք դուրս կգանք այստեղից:  Գևորգ Չավուշը, Սեյթո Բողոսը, Վարդանը, Հովսեփը և ես առաջինը դուրս կգանք` խումբը գլխավորելու համար:  Երբ մենք արդեն հիսուն կամ վաթսուն քայլ հեռավորության վրա կլինենք` դուք կհետևեք մեզ երկու-երկու: Յուրաքանչյուր ոք պետք է փաթաթված լինի սպիտակ սավաններով կամ եկեղեցու սպիտակ թիկնոցներով, որպեսզի ձյան մեջ աննկատ լինեք: Հաջի Հակոբը և Բարսեղը կքայլեն խմբի առջևում, իսկ Տերպետոս Սարգիսն ու Վաղարշակը խմբի ետևում: Երբ բոլորս դուրս գանք վանքից և իմ խումբը մոտ վաթսուն  քայլ  հեռավորության վրա գտնվի, մենք ծնկի կգանք և կանշարժանանք, այնուհետև նույն բանը կանեք նաև դուք: Այդ լռության մեջ մենք կունդրենք ցանկացած շարժում:  Մենք գնալու ենք դեպի Արծվասար, որտեղ Արաբոն էր մնում: Մենք կգնանք դեպի հովիտ և այնուհետև կանցնենք մյուս կողմը` դեպի Միրկոյի ախոռը:   Քանզի քամիները կարող են այնքան ուժգին լինել, որ մաքրեն ձյան վրա մեր ոտնահետքերը, մենք ձյան մեջ ձողեր կտնկենք` միմյանց չկորցնելու համար»:

Ըստ այս պլանի` Անդրանիկի հինգ հոգուց բաղկացած մարտի պատրաստ և աչալուրջ ֆիդայինները գետնին կփռեին ցանկացած թուրք զինվորի, ով կկանգներ իրենց ճանապարհին:  Համոզվելու համար, որ բոլորը հասկացել են իր հրահանգները, առաջնորդը մեկ անգամ ևս կրկնեց դրանք:  Հաջորդ օրը նա ևս մեկ անգամ կրկնեց իր նախագծած պլանը և այնուհետև ասաց ֆիդայիններին, որ յուրաքանչյուրը պետք է բավականաչափ հաց վերցի իր հետ` երկու օր սնվելու համար:

Նոյեմբերի 27-ի կեսօրին Անդրանիկը ընտրեց երեք զինվորից բաղկացած երեք խումբ, ովքեր զբաղեցրեցին իրենց դիրքերը ախոռի անկյունում, Թադևոս Առաքյալի անվան աղբյուրի մոտ, և մի քանի մեծ ծառերի ետևում:  Նախքան նրանց դուրս ուղարկելը` հրամանատարը ասաց նրանց, «Մինչև այսօրվա գիշերը ժամը տասը, եթե որևէ թուրք մոտենա ձեր դիրքերին, սպանեք նրանց և պահեք նրանց ատրճանակները: Երբ բոլորը դուրս գան վանքից գիշերը ժամը տասին, թողեք ձեր դիրքերը և անմիջապես միացեք նրանց»:

Ժամը 10:00-ից մի քանի րոպե առաջ Անդրանիկը ասաց իր օգնականներին հետևել իրեն: Նրանք գնացին և համբուրեցին Հարությունի և Ղազարի գերեզմանոցները որպեսզի (Անդրանիկի խոսքերով) «հարգանքի տուրք մատուցենք մեր մահացած ընկերներին» Նրանք, մի քանի աղոթք ասելուց հետո, համբուրեցին նաև վանքի հինավուրց էբոնիտե դուռը:

Առաջապահ խումբը հազիվ էր հասցրել դուրս գալ վանքից, երբ երեք բացօթյա դիրքերի ժամապահները հասան ու միացան նրանց:  Անդրանիկը հարցրեց անփորձ զինվորներից մեկին. «թուրք տեսա՞ր»:

«Փաշա, կարծում եմ այնտեղ մարդ կար»:

«Սեյթո Բողոս, դու ինչ որ մեկին տեսա՞ր»:

«Ոչ, Փաշա, դա քամու սուլոցն էր...» պատասխանեց ավելի փորձառու ֆիդայի Սեյթո Բողոսը:

Հիսուն քայլ անելուց հետո Անդրանիկը և իր խումբը ծնկի եկան` ստուգելու արդյոք շուրջը ձայներ լսվում են, թե ոչ: Այնուհետև փախուստը նախաձեռնողը շրջվեց ստուգելու արդյոք մնացածը ևս ծնկի են իջել:  Նրանք բոլորը ծնկի էին իջել և լսում էին: Թվում էր կարգապահությունը լավ վիճակում էր:  

Քամին սուլում էր և ձյան փաթիլները դիպչում էին նրանց դեմքին, երբ առաջին խումբը արդեն երեսուն խումբ առաջ էր գնացել:  Հենց այդ պահին մի թուրք ժամապահ մոտեցավ նրանց:

«Ով ե՞ք» հարցրեց նա դողդոջուն ձայնով: Հինգ ատրճանակ իսկույն ևեթ ուղղվեց նրա կրծքավանդակին: Անդրանիկը թուրքերեն պատասխանեց ժամապահին`

«Ես կապիտան Մեհմեդ էֆենդին եմ: Ես շրջայց եմ կատարում, իսկ դու քնած ես»:

Մինչ Անդրանիկը հարցաքննում էր դողացող թուրք պահակին («Անունդ ի՞նչ է:  Ո՞րտեղից ես:  Ու՞մ որդին ես:» և այլն),  հիմնական խումբը շրջանցեց պահակին և զգալիորեն առաջ գնաց:

Մահու չափ վախեցած սպիտակ հագուստներով մարդկանցից թուրքը բղավեց դողդոջուն ձայնով`

«Ալլահ, Ալլահ! Ես չգիտեմ, թե դուք ովքեր եք»:

«մի քայլ առաջ գաս, կսպանեմ քեզ»: ասաց Անդրանիկը:  Հրացանները թուրքին ուղղած` նրանք առաջ անցան:

Երբ նրանք հասան Արծվասար, թուրքը սկսեց գոռալ` «Ֆիդայիները փախան, ֆիդայիները փախան» Այս խոսքերի հետ մեկտեղ թուրք զինվորները դուրս եկան իրենց բունկերներից և վրաններից և հրազենային կրակոցների տեղատարափ սկսեցին:

«Եկեք դիրքեր զբաղեցնենք ժայռերի ետևում և պատասխան կրակ բացենք», առաջարկեցին որոշ զինվորներ:

«Ոչ» ասաց Անդրանիկը: «Եթե մենք այդպես վարվենք, նրանք կիմանանք մեր տեղը: Շարունակեք քայլել»:

Արծվասարից հեռանալուց հետո որոշ ֆիդայիններ մթության մեջ կորցրեցին իրենց ճանապարհը և մոլորվեցին: Դժբախտաբար, ձյունը փակել էր դեպի Միրկոյի ախոռը տանող արահետը: Այնուամենայնիվ, Անդրանիկի մարդկանց մեծ մասը առաջ գնաց` երկու ժամվա ճանապարհը անցնելով ութ ժամում: Արևածագին նրանք նկատեցին հայկական գյուղ Հավատորիկի ախոռները:   Ախոռների տերը բացեց դուռը և ներս ընդունեց նրանց:  Նրանք չորացրեցին իրենց հագուստը բուխարու շուրջը և նախաճաշին կերան գարու հաց:  

Հավատորիկից նրանք ուղևորվեցին դեպի Շեյխնիստ գյուղ, որտեղ նրանց առատոչրեն հյուրասիրեցին: Այնտեղ Անդրանիկը կանչեց գյուղի վեց պատանիների և ուղարկեց տարբեր ուղղություններով`գտնելու այն ֆիդայիներին, ովքեր մոլորվել էին: Ավելի ուշ երիտասարդները հայտնեցին, որ անհայտ կորած ֆիդայիները արդեն անցել էին ձորը:

Անդրանիկը ցանկացավ անհապաղ հասնել Կոպ` միանալու մնացած խմբին, բայց նրա զինվորները` հոգնած անքուն գիշերներից` լի լարվածությամբ և ուղևորություններով, ամուր քնել էին հյուրընկալող տան հատակին: Մեծ դժվարությամբ Անդրանիկը արթնացրեց նրանց և ճանապարհ ընկավ նրանց հետ: Նախքան Շեյխնիստից հեռանալը նա ասաց գյուղացիներին «Ոչխարների մի հոտ բերեք մեզ հետևելու, որպեսզի նրանք ջնջեն մեր ոտնահետքերը ձյան մեջ»:

Ի վերջո Կոպի Զեյնեկցիկ ախոռում Անդրանիկի խումբը միացավ մնացած ֆիդայիններին: «Անհնար է բառերով նկարագրել ֆերմաների մոտ տեղի ունեցող սրտաճմլիկ գրկախառնությունները, համբույրները և ուրախությունը սպիտակ ձյան վրա և կապույտ երկնքի ներքո»:

Նախքան խելացի փախուստը իրագործելը Կոպի գյուղացիները երդվեցին զոհաբերություն կատարել Աստծուն, եթե ֆիդայիները երբևէ վանքից ողջ ու առողջ դուրս գան:  Կատարելով խոստումը` նրանք մորթեցին յոթ ոչխար, կերան և ուրախացան ֆիդայինների այդ օրը:  

***

Երբ Անդրանիկն ու իր երեսուն ֆիդայինները դեռևս գտնվում էին սուրբ Առաքելոց վանքում թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումների դեմ մարտեր մղելով, Մուշի բանտում երկու բանտարկյալ, ովքեր նաև ընկերներ էին, գրազ եկան: Նրանցից մեկը հայ էր Սաքո անունով Սև Քար գյուղից, իսկ մյուսը քուրդ էր Ջիբրանից:

Քուրդը ասաց հային. Սաքո կարծում եմ Անդրանիկ Փաշան կփրկվի:

Սաքոն թերահավատ էր: «Ինչպե՞ս նա կարող է վանքից ողջ դուրս գալ, երբ վեց հազար թուրք զինվորներ շրջափակել են տարածքը»:

«Սաքո», ասաց քուրդը, «եթե Անդրանիկը ողջ դուրս չգա վանքից, ես քեզ կտամ իմ ձիերից մեկը: Իսկ եթե նա ողջ դուրս գա, ի՞նչ ես ինձ տալու»:

«Ես այստեղ իմ սազից /երաժշտական գործիք/բացի ուրիշ ոչինչ չունեմ», ասաց հայը: «Բայց, երբ ինձ բաց թողնեն և ես գնամ Ռուսաստան, ես այնտեղից քեզ լավ նվեր կուղարկեմ»:

Երբ Անդրանիկի և նրա զինվորների վանքից ողջ դուրս գալու լուրը տարածվեց Մուշի բանտի բանտարկյալների մեջ, քուրդը շտապեց դեպի Սաքոն և ասաց, «Սաքո, Սաքո, ես քեզ չասեցի, որ Անդրանիկը ողջ դուրս կգա»:

«Աղա [հարգանքի տիտղոս], որտեղի՞ց դու դա գիտեիր»:

«Սաքո, Անդրանիկ Փաշան վաղուց է այստեղ: Դու երբևէ լսե՞լ ես, որ նա ինչ որ անարդար արարք գործած լինի կամ որևէ մեկի քիթը անարդար կերպով արյունլվա անի: Եթե Աստված նման մարդուն չպահպանի, էլ ու՞մ Նա պետք է պահպանի»:

***

Ըստ տարածված լուրերի` 1800 թուրք զինվորներ մահացել են համաճարակից,որը բռնկվել էր նրանց շարքերում քսանչորս ժամյա պաշարման ընթացքում: Ըստ թուրքական կառավարության պաշտոնական հաղորդագրության մահացել է ընդամենը 33 զինվոր, սակայն ըստ հայերի, ովքեր միս, հաց և կոշիկներ էին մատակարարում բանակին, 553 զինվոր մահացել է կամ հիվանդությունից կամ սպանվել մարտական գործողության ընթացքում :

Սուրբ Առաքելոց վանքի ճակատամարտը Անդրանիկի հեղափոխական կարիերայի առավել հերոսական և անհավանական համարձակ դրվագներից մեկն է: Այդ մարտի ընթացքում հերոսություն բառի իմաստը դրսևորվեց բառից բուն իմաստով:  Այդ ուշագրավ և ծայրահեղ արարքով Անդրանիկը ցանկանում էր հույսի շողով պատել հուսալքված հայ ժողովրդին` ցույց տալով, որ ոչինչ կորած չէ, որ հայերև դեռևս կարող են մարտնչել:  Իր անձնական քաջության և անձնազոհության օրինակով հերոսը ցանկանում էր ցնցել հայ ժողովրդին համարձակորեն կրել իր խաչը և գերբնական ջանքերով պայքարել հանուն գոյատևման:

Սուրբ Առաքելոց վանք / lost-fortresses.livejournal.com

Աղբյուրը՝ Antranig Chalabian, General Andranik and the Armenian Revolutionary Movement.

Թարգմանել է Աննա Մովսիսյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո