Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Գլեդիս Բերեջիկլյան. Ավստրալիայի ամենահին նահանգի առաջին կին վարչապետը

Գլեդիս Բերեջիկլյան. Ավստրալիայի ամենահին նահանգի առաջին կին վարչապետը

«Գիտեմ, որ գաղութը [հայկական համայնքը] միշտ իմ հետս է ու գիտեմ, որ հայ գաղութը միշտ կմաղթէ որ հաջողիմ, և այս ուժը ինձի առավելություն կտա ուրիշներու հանդեպ, նամանավանդ խորրդարանի ուրիշ անդամներու, որ այդ ուժը չունին»:

Հայերը Գլեդիս Բերեջիկլյանի մասին առաջին անգամ տեղեկանում են, երբ երիտասարդ կինը սկսում է զբաղեցնել բարձր պաշտոններ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում, իսկ անցած տարվա հունվարին դառնում է նահանգի վարչապետ: Հարկ է նշել, որ Ավտրալիայում նահանգները վայելում են գրեթե կատարյալ ինքնավարություն:

Գլեդիս Բերեջիկլյանը քաղաքականությամբ հետաքրքրվել է դեռ վաղ տարիքից և բավականին ակտիվ ներգրավվածություն է ունեցել բազմաթիվ կազմակերպություններում: Ուսանողական տարիներին դարձել է Լիբերալ կուսակցության անդամ, իսկ մի քանի տարի անց՝ Երիտասարդ լիբերալների շարժման նախագահ (ողջ պատմության ընթացքում երրորդ կին նախագահն էր այդ պաշտոնում):

Մինչև Ավստրալիայի ամենահին ու ամենախիտ բնակեցված նահանգի վարչապետ դառնալը, նա հասցրել է հարուստ փորձ ձեռք բերել մենեջմենթի ու քաղաքականության բնագավառներում: Մինչ այդ նա եղել է գլխավոր Գանձապահ (առաջին կին-գանձապահը Նոր Հարավային Ուելսի պատմության մեջ, ով վերահսկում էր նահանգի 70 մլրդ. ավստրալիական դոլար գնահատվող բյուջեն), Արդյունաբերական Կապերի նախարար, Տրանսպորտի նախարար:

Գլեդիսի ընկերների խոսքերով, այն ինչին հասել է նա՝ քրտնաջան աշխատանքի արդյունք է: Վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթի շրջանակներում Գլեդիսն ասել է. «Ամենակարևոր արժեքները, որոնց վրա պետք է հենվի իմ կառավարությունը՝ հարգանքն ու եռանդուն աշխատանքն են»: Նրա որդեգրած քաղաքականությունը ուղղված է երեք հիմնական նպատակների. ենթակառուցվածքային բարեփոխումներ, բնակատեղիի  հասանելիություն ու ամուր տնտեսություն: Գլեդիսը հաճախ է նշում, թե որքան հպարտ է, որ Նոր Հարավային Ուելսի տնտեսությունն ամենազարգացածն է երկրում:

Նոր Հարավային Ուելսի առաջին կին-գանձապահն ու առաջին կին-վարչապետը ծնվել է 1970 թ. Սիդնեյում, 1960-ական թթ. Սիդնեյ գաղթած հայ փախստականների ընտանիքում:

«Ես ծնվել եմ Սիդնեյում, բայց ծնողներս փախստականներ էին, դրա համար տանը հայերեն էինք խոսում: Երբ դպրոց գնացի, անգլերեն մի բառ իսկ չգիտեի, բայց մայրս ասում էր. «Եթե նույնսիկ չես հասկանում, թե ուսուցիչը կոնկրետ ինչ հարց է տալիս, միևնույնն է, ձեռքդ բարձրացրու»:Ահա թե ինչն է ինձ համար եղել առաջընթացի խթան ողջ կյանքում»:

Գլեդիսի տատիկն ու պապիկը Ցեղասպանությունից փրկվել ու ապաստան են գտել Մերձավոր Արևելքում: Գլեդիսի հայրը՝ Գրիգորը, Ավստրալիա էր տեղափոխվել Երուսաղեմից, իսկ մայրը՝ Արշան, Սիրիայից: Նրանք ծանոթացել ու ամուսնացել են Սիդնեյում: Ընտանիքում (Գլեդիսն ունի երկու կրտսեր քույրեր) բոլորը խոսում էին բացառապես հայերեն: Ինչ վերաբերում է Գլեդիսին, ապա նա  մինչ օրս հիանալի տիրապետում է հայերենին:

Արտասանության համար բարդ այդ ազգանունը միշտ հպարտության տեղ է տվել Գլեդիսին: Չնայած որ նրա կոլեգաներն ու կուսակցական ընկերները հաճախ խորհուրդ են տալիս նրան ուղղակի Գլեդիս ներկայանալ, նա հրաժարվում է, նշելով, որ ազգանունն իր մեջ արթնացնում է արդարության զգացողություն ու հիշեցնում է իր արմատների մասին:

Իր ելույթներից մեկում Գլեդիսը նշել է, որ թե՛ իր մարդ տեսակի, թե՛ իր վարչապետի պաշտոնի համար նա պարտական է ծնողներին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա:

«Նախկինում չեմ խոսել դրա մասին, բայց հայրս եռակցող է եղել, և նրա առաջին աշխատանքներից մեկը եղել է Սիդնեյի օպերային թատրոնում, ինչով ես շատ հպարտանում եմ: Մայրս 15 տարեկան հասակում թողել է դպրոցը, ընտանիքին օգնելու համար ու դարձել է բուժքույր: Իր բուժքույր եղած ողջ ընթացքում, ես ականատես եմ եղել, թե ինչպես է նա հոգ տանում խոցելի ու կարիքավոր մարդկանց մասին  (...) Նրանք մեզ ստիպել են հավատալ, որ կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել: Մեր տանը բողոքների ու արդարացումների համար տեղ չի եղել: Մենք ուղղակի վեր ենք կացել ու աշխատել ենք».

Գլեդիս  Բերեջիկլյանն իր ողջ կյանքը նվիրել է հանրային-քաղաքական գործունեությանը և այն հարցին, թե ինչու չի ամուսնացել, միշտ կատակով պատասխանում է, թե աշխատանքն է իր ամուսինը.

«Եթե մի քսան տարի առաջ ինձ հարցնեին, թե ինչպես եմ պատկերացնում կյանքս, հավանաբար, այլ կերպ կպատասխանեի: Սակայն, հիմա շնորհակալ եմ այն բոլոր հնարավորությունների համար, որոնք ինձ ընձեռվել են»:

Գլեդիսը միշտ ներգրավված է եղել Ավստրալիայի հայ համայնքի կյանքում, եղել է Հայ ազգային կոմիտեի անդամ ու պաշտպանել  Հայկական հարցը տարբեր հարթակներում: Նրա ակտիվ քաղաքական գործունեության շնորհիվ, դեռ 1997 թ. նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում հայերի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, իսկ մի տարի անց ՝ 1998 թ., խորհրդարանի շենքի մոտ խաչքարի տեսքով հուշարձան են կանգնեցնում Եղեռնի զոհերի հիշատակին:

Որպես լիբերալ արժեքների հետևորդի ու հայ ժողովրդի զավակի, Գլեդիսին միշտ անհանգստացրել է Արցախի հիմնախնդիրը: Տարբեր հարթակներից նա խոսել է ազգային ինքնորոշման սկզբունքի ու Արցախի ժողովրդի՝ իրենց կամքը արտահայտելու իրավունքի մասին, ինչի շնորհիվ նահանգի խորհդարանը 2012 թ. ճանաչել է Արցախը որպես անկախ պետություն:

Գլեդիս Բերեջիկլյանն աշխատում է ամեն հարցում օրինակ ծառայել. ապրում է հասարակ կյանքով ու աշխատանքի գնում հանրային տրանսպորտով: Այդ փխրուն, բայց միառժամանակ ուժեղ կինն ինքն է իրեն կերտել, և անկասկած, հայ հաջողակ կնոջ ու հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցչի վառ օրինակ է, որով մենք կարող ենք հպարտանալ:

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո