Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ղարաբաղյան օրագիր՝ անմարդկային պատերազմական պայմաններում ապրող մարդկանց մասին
Հուշ

Ղարաբաղյան օրագիր՝ անմարդկային պատերազմական պայմաններում ապրող մարդկանց մասին

Ղարաբաղյան օրագիրը դա հոդվածների, հաղորդումների, հարցազրույցների, էսքիզների և ակնարկների հավաքածու է, որը գրվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի անմիջական մասնակից Աշոտ Բեգլարյանի կողմից: Որպես իրադարձությունների ականատես՝ Աշոտ Բեգլարյանը իր գրքում արծարծում է անմարդկային պայմաններում մարդկության գոյատևման, սիրո և ընկերության, պատերազմի ժամանակ խաղաղության ձգտելու վերաբերյալ փիլիսոփայական մտքեր: Գիրքը կազմված է օրագրի տեսքով, նյութերը զետեղված են ըստ ամսաթվերի: Ստորև ներկայացնում ենք մի քանի պատմություններ գրքից, իսկ մինչ այդ՝ մի քանի խոսք հեղինակի կողմից:

Հեղինակի կողմից

1992թ. օգոստոսյան շոգ ամռանը մեր ինքնապաշտպանական փոքրիկ ջոկատը դուրս էր գալիս թշնամու շրջափակումից: Ես քայլում էի փամփուշտի գնդակից ստացած երեք վերքով, ձախ ձեռքս երկու կոտրվածքից բավականին այտուցվել էր՝ կախվելով անբնական ձևով՝ ծռված արմունկի մասում և բաց ձեռքի ափով, ուղղված դեպի վեր: Փորձելով ձեռքից չթողնել հրացանը՝ առողջ ձեռքի նախաբազուկով փորձում էի կոտրած ձեռքի դաստակը դնել կրծքավանդակի մասում բացված համազգեստիս մեջ, որպեսզի այն չերևար իմ աչքին, և չխանգարեր քայլելիս:

«Դեռ ամեն ինչ վերջացած չէ...» ներշնչում էի, ինքս ինձ, իմ ներքին «ես»-ին:

Տղաներն ընթացքում վիրակապում էին իմ վերքերը: Վիրակապերը ակնթարթորեն ուռչում էին արյունից, որի թթվային հոտին ոչ մի կերպ չէի կարողանում ընտելանալ: Մանուկ ժամանակ, երբ արդեն հստակ գիտակցում էի, որ մահն անխուսափելի է բոլորի համար, չգիտես ինչու ես համուզված էի իմ սեփական անմահության մեջ: Ինձ թվում էր, որ մահն ինձ ինչ որ կախարդական կերպով շրջանցելու է: Հիշելով դա հիմա՝ գրեթե քսան տարի անց, ես ակամայից ժպտացի:

(...) Ես չէի կարող, չէի համարձակվում պատկերացնել մահ ասվածը, չէի հավատում, որ բառացիորեն մի քանի րոպե անց ես կարող եմ դառնալ անշարժ և անզգայուն, ինչպես ոչ հեռու ընկած այն կոճղը, որին արմատախիլ էր արել ռումբը:

Ես չէի ցանկանում նաև հավատալ, որ մարտական ընկերներիս մի մասը, որոնց հետ դեռ վերջերս կիսում էի ուտելիքը, քունը և հանգիստը, մահացել էր... Եվ դա ինձ ուժ էր տալիս:

Սակայն արյունահոսությունը, չնայած բոլոր ջանքերին, դադարեցնել չէր հաջողվում: Ես արդեն հանձնվել էի և գրեթե հարմարվել մահվան մտքի հետ: Բայց հետո ես Աստծուն խնդրեցի ինձ ողջ թողնել, որպեսզի պատմեմ մարդկանց կյանքի ու մահվան շեմին վերապրած զգացողություններիս մասին, պատերազմի մասին, անբնական, անհեթեթ ու անմարդկային պատերազմական իրողություններում մարդու գոյատևման մասին: Պատմել և մեղքերի թողություն անել…Եվ Աստված լսեց ինձ:

(...)

Ստեփանակերտ, 2013 թ.

Աշոտ Բեգլարյան` «Ղարաբաղյան օրագիր» գրքի հեղինակ / nashasreda.ru

Մահը խարդախ է ու նենգ

Ամեն օր՝ ժամը իննին, (հակառակորդ կողմը կարծում է, որ հատկապես այդ ժամին քաղաքի փողոցները ավելի մարդաշատ են. մարդիկ շտապում են աշխատանքի, դասի և այլն) սկսվում էր Ստեփանակերտի ռմբակոծությունը: (...)

Ռմբակոծությունը սկսվելուց հետո բնակչության շրջանում խուճապի առանձնակի տագնապ չկա՝ պատերազմական իրողությունը սովորեցրել է մարդկանց արագ և գրագետ ինքնապաշտպանություն կազմակերպել: (...) Յուրաքանչյուր մարդ ինքնին անհատ է, և այս ծայրահեղ վիճակում յուրաքանչյուր մարդ ևս գործում է անհատապես: Ճիշտ է՝ տարիքի և սեռի գործոնը այստեղ ևս կարևոր դերակատարում ունի և մտցնում է իր փոփոխությունները: Ինչքան էլ զարմանալի թվա, բայց բնակարաններից առաջինը դուրս են գալիս ընտանիքների ամենատարեց մարդիկ և բարեխղճորեն կտրուկ աստիճաններով իջնում են դեպի նկուղներ: Մնում է միայն գուշակել. կամ ամենից շատ նրանք են ուզում ապրել, կամ էլ կյանքի փորձը սովորեցրել է նրանց լինել զգույշ և խոհեմ: Նրանցից հետո բնակարաններից դուրս են գալիս կանայք երեխաների հետ, աղջիկներ և դեռահասներ: Ռմբակոծությունից ավելի շատ տուժոմ են երեխաները, հատկապես բարոյական առումով: Նրանց փխրուն, դեռևս չձևավորված հոգին բավականին ցավոտ կերպով է արձագանքում վայրի, պարբերաբար կրկնվող պայթող ռումբերի ձայնին: Այդ ամենի հետևանքով Ղարաբաղում շատ են մտավոր շեղումներով կակազող երեխաներ:

Ընտանիքների հայրերը, փորձելով պահպանել «համազգեստի պատիվը», որպես իսկական ջենթլեմեններ, բոլոր տան անդամներին թողնում են առաջ և անդրդվելի դեմքով կանգնում աստիճանների վրա: Որպես կանոն, նրանք նկուղ չեն հասնում, և հավաքվելով առաջին հարկի դռան շեմի մոտ բավականին արագ գտնում են զրույցի և վեճի թեմաներ՝ լինի դա գները, քաղաքականություն կամ էլ բերքահավաքի վերաբերյալ կանխատեսումներ: (...)

Ռմբակոծությունից հետո բոլորը վերադառնում են իրենց օջախները: Այստեղ, իհարկե, ակնթարթորեն անհետանում է տատիկների և պապիկների արագ քայլելու շնորհը՝ ռետրո ոճի հայհոյանքներով և դժգոհ փնթփնթալով, նրանք հազիվ հասնում են իրենց բնակարանների շեմը, և երկար ժամանակ «հարևանների» հասցեին հնչեցրած նրանց ձանձրալի և փնթփնթան անեծքները հանգիստ չեն տալիս տնեցիներին:

Իսկ ընդհանրապես ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Դժբախտությունը միշտ չէ, որ շրջանցում է: Մի այսպիսի ողբերգական դեպք տեղի ունեցավ՝

Սխալ կողմնորոշվելով առաջին պայթյունից, մի խումբ տղամարդիկ, չցանկանալով թաքնվել ապահով ապաստարանում, թաքնվեցին ցախանոցի ետևի մասում, որի վրա ուղիղ գալիս էր ռումբը...

Մահը նենգ է և անկանխատեսելի: Այն չի հանդուրժում թեթևամիտ և քամահրական վերաբերմունք իր նկատմամբ:

Մարտ, 1992

Պատերազմն է մեղավոր ամեն ինչի համար

Դուռը բացվեց, մինչ մենք կհասցնեինք դիպչել զանգի կոճակին, և պնդակազմ, հավանաբար, անքուն գիշերների հետևանքով աչքերը բորբոքված մի մորուքավոր տղամարդ ասաց.

Ամեն անգամ, երբ աստիճանների վրա լսում եմ տղամարդու ամուր քայլեր, դուրս եմ գալիս, նայելու արդյոք Անդրանիկն է վերադարձել:

Նրա որդին՝ Անդրանիկը, անհետ կորել է: Պատռելով շրջափակման խիտ օղակը՝ փոքրիկ ղարաբաղյան ջոկատը դուրս է գալիս նեղ, դեպի սարեր բարձրացող արահետ, որը փրկության միակ ուղին էր: Տապից հյուծված և ծարավից տանջված՝ տղաները հազիվ էին տեղափոխում ոտքից վիրավոր Մերուժին:

Ետևում Մերուժի ոտքին զգացվում էր թշնամու տաք շունչը: Մերուժի պնդմամբ՝ ընկերները նրան թաքցնում են մի փոքր ձորակում, վրան լցնում ճյուղեր, և խոստանում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան իր ետևից…

Մեկ րոպե անց Անդրանիկը վերադարձավ վիրավորի մոտ՝ մանկության անբաժան ընկերոջ մոտ: Վերադարձավ, որպեսզի սպանի նրան, չէ որ գերիների հետ թշնամին բարեգթություն չի ցուցաբերելու: Բայց ձեռքը դողաց...

Ես չեմ կարող քեզ սպանել, ասաց Անդրանիկը՝ Մերուժին տալով նռնակը: – Վերցրու, երբ շատ մոտենան քեզ, կպայթեցնես քեզ նրանց հետ: Ոչ հեռվում լսվեց թշնամու լեզվով խոսքը: Ընկերոջը համբուրելով՝ Անդրանիկը հեռացավ...

Հաջորդ առավոտյան մարտական տարածքը ստուգելիս հայկական ջոկատները գտան հազիվ ողջ Մերուժին:

Անդրանիկը ոչ մի տեղ չկար: Վերջին անգամ նրան տեսել են այդ չարաբաստիկ օրը՝ երեկոյան, մարտական ստորաբաժանումներից մեկում, որտեղից նա շարժական կապով փորձում էր կապ հաստատել շտաբի հետ, որպեսզի հայտնի վիրավորի գտնվելու վայրի մասին:

Որոշ ժամանակ անց, զինվորական այդ ջոկատը, նրա հետ միասին և Անդրանիկը, մարտի բռնվեցին: Մարտից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Անդրանիկի անունը վիրավորվածների և մահացածների ցանկում չկա: Որդու որոնման համար հայրն ամեն ինչ կանի:

Նույնիսկ ադրբեջանցիների շրջանում գտնվեցին ծանոթներ և հին ընկերներ, ովքեր ձեռնամուխ եղան օգնելու դժբախտ հորը:

— Կփնտրեմ, ինչպես իմ որդուն, — խոստացավ նրանցից մեկը:

Ինչու է նա պատրաստակամորեն օգնում մի մարդու, ում որդին, եթե պատերազմի նեղ արահետում հանդիպի իր որդուն, հավանաբար, առանց հապաղելու կկրակեր նրա որդուն: Միգուցե նա հասկացել է, որ մարդը մարդուն իսկապես ոչ թշնամի է, ոչ էլ գայլ: Որ ամեն ինչում պատերազմն է մեղավոր՝ նա է մարդկանց դնում պատնեշների տարբեր կողմերում:

Եվ ավելին՝ պատերազմը չի հարցնում ազգանուն և ազգություն:

Մարտ, 1992

«Հայ մարտիկները»

Ովքեր են նրանք, այդ տղաները, որոնց երբեմն անվանում են այդ ահեղ բառով ՝ «մարտիկ»?

Եկեք ծանոթանանք մոտիկից:

Եթե չլիներ պատերազմը, 23-ամյա Դանիելը կպտտեր քաղաքային ավտոբուսի ղեկը և, ինչպես ասում են, ինքն իր համար հանգիստ կապրեր: Հիմա նա իր երկու ավագ եղբայրների հետ միասին պաշտպանում է իր հայրենի երկրամասը:

Արմենը՝ ատամնատեխնիկ է: Ամուսնացած է և ունի երկու երեխա: Պայքարում է հանուն երջանիկ, խաղաղ ապագայի:

Մովսեսը Հայաստանի Արարատի շրջանի Փոքր Վեդի գյուղից է: Քաղաքացիական կյանքում այյգեգործ էր: Որպես կամավոր եկել է պաշտպանելու ղարաբաղյան հողերը: Մովսեսը այն անկեղծորեն համարում է իր հայրենիքը և սիրում է ոչ խոսքերով:

Արցախի ինքնապաշտպանական մարտերում կան նաև կանայք: Գայանեն կարծում է, որ պատերազմը բնավ կնոջ գործը չէ: Բայց նա փախստական է Կիրովաբադից, ով 20 տարեկանում տեսել է շատ բան և չկարողացավ դիմակայել սրտի և խղճի կոչին: Արդեն մեկուկես տարի Գայանեն տղամարդկանց հետ հավասար մարտնչում է ինքնապաշտպանական ջոկատներից մեկում:

(...)

Սեպտեմբեր, 1992

Ջիվան

Նա ուրախ, կենսախինդ երիտասարդ էր՝ շուրթերի վրա հավերժ ժպիտով:

Այժմ նա, ճակատին սպիտակ վիրակապով, պառկած է տարօրինակ փոքր փայտե դագաղի մեջ, անշարժ և անխոս՝ այնքան ոչ նման իրեն:

Նաիրիկը՝ արցունքներից թաց մորուքով հսկան, տանկի անձնակազմի երկու ողջ մնացածներից մեկը պատմում էր Ջիվանի մասին՝ քաջարի մարտիկի, ուշադիր հրմանատարի, իսկական մարդու և ընկերոջ մասին:

Ես լսում էի և մտածում այն հարյուրավոր երիտասարդ, կյանքից անժամանակ հեռացած տղաների մասին, ովքեր սիրում էին կյանքը ոչ պակաս մեզնից՝ ողջ մնացածներից: Նրանք անշահախնդիր մարդիկ են, ովքեր ոչ մի օգուտ չէին փնտրում պատերազմում և տվել են իրենց կյանքը հանուն մաքուր գաղափարի՝ հայրենիքի ազատագրման գաղափարի:

Նրանք հերոսներ են:

Սեպտեմբեր, 1992

Վեճ բացատում

Ղարաբաղի երեխաները ապրում են նկուղներում, արև չեն տեսնում, զրկված են հանգիստ խաղալու և թարմ օդ շնչելու հնարավորությունից: Նրանք շատ վաղ են հասունանում: Նրանց բացարձակապես չեն մտահոգում մանկական խնդիրները, նրանց խոսակցությունները մեծահասակների խոսակցությունների պես իմաստալից են և լուրջ:

Երկու փոքրիկներ վիճում էին բացատում, որտեղ միայնակ արածում էր վտիտ կովը: Խոշոր աչքերով փոքրիկը փորձում էր համոզել գանգրահեր ընկերոջը, թե որն է հրացանի առավելությունը կովի նկատմամբ:

— Հրացանից կարելի է թուրք սպանել:

— Իսկ կովի կաթով կարելի է հիվանդին բուժել, — առարկում էր գանգրահերը:

Միգուցե մենք՝ մեծահասակներս, պետք է ավելի հաճախ և ուշադիր ունկնդրենք մեր երեխաների զրույցները: Նրանցից կարող ենք օգտակար եզրակացություններ անել:

Սեպտեմբեր, 1992

Հայր ու որդի

(...)

Բլրակը, որ պաշտպանում էին Սամվելն ու իր ընկերները, հակառակորդի կողմից գնդակոծվում էր շուրջօրյա միանգամից մի քանի կետերից:

Երրորդ օրը մոտենում էր իր ավարտին, երբ վերջապես եկավ երկար սպասված հերթափոխը: Սամվելն արդեն պատրաստվում էր նորեկներին նկատողություն անել ուշանալու համար, բայց բառերն սառեցին շուրթերի վրա, երբ մթնշաղին հերթափոխը ընդունողների մեջ նկատեց հորը:.

— Ինչի˺ ես եկել — հանկարծակի դուրս թռավ նրա շուրթերից:

— Պետք է չէ ինչ որ մեկը փոխարինի քեզ՝ շան որդուն, — իրեն բնորոշ ուրախ ու կեսկատակ ասաց հայրը:

Սամվելը պատրաստ էր ամիսներով կանգնել խրամատում, միայն թե հայրը վերադառնար քաղաք: Բայց համոզել սկզբունքային հորը նա չկարողացավ: Նա սրտի մեջ ծանր քարով վերադարձավ տուն: Որդիական սիրտը ճիշտ էր կանխազգում դժբախտությունը: ԱՅն եկավ հենց նույն երեկոյան...

Վլադիմիր Նասիբյան ՝ ոստիկանության մայոր, ով լինելով անձնազոհ ու խիզախ մարդ, մինչև վերջ հավատարիմ մնաց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:

Հրաժեշտ տալով հորը՝ օպերատիվ քրեական հետախուզության սպա Սամվել Նասիբյանը երդվեց շարունակել նրա գործը:

Հոկտեմբեր, 1992

«Դու ինձ նախ թուղթը ցույց տուր»...

Խունացած համազգեստով արևայրուքով տղան դժգոհում էր... Երբ համառ մարտերից հետո թշնամին կարողացավ մոտենալ գյուղին, նա իր երկու ընկերների հետ վազեց պահեստ ռումբերի և զինամթերքի համար: Սակայն պահեստի աշխատողը շատ յուրահատուկ արձագանքեց՝

— Սա ձեր հոր գրասենյակը չէ: Դուք ինձ նախ հաշիվ-ապրանքագրերը ցույց տվեք:

Տղաները ստիպված էին ուժով վերցնել զինամթերքը:

Ու˺մ դեմ են պայքարում մեր տղաները ՝ մինչև ատամները զինված թշնամու, թե թիկունքի առնետների, բյուրոկրատների և անմարդկային զինվորականների դեմ:

Հոկտեմբեր, 1992

Ուսանողը

— Ի˺նչն է քո կարծիքով ամենսարսափելին պատերազմի ժամանակ — մի անգամ հարցրեցի Մարատին և ստացա հետևյալ պատասխանը (...):

— Քննական սեսսիան հանձնելը:

Կատակը կատակ, իսկ եթե ավելի լուրջ:

Մարատը Ստեփանակերտի մանկավարժական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող է, բայց ուսանողական լսարանում, ընդհանուր առմամբ, նա անց է կացրել մեկ տարի: Վերջին երկու-երեք «ուսանողական» տարիների ընթացքում նա փոխել է մի քանի ստորաբաժանում, մեկ անգամ չէ, որ մասնակցել է ռազմական գործողություններին: Իսկ պատերազմից ազատ ժամանակ նա հանձնում էր, (ավելի ճիշտ ստանում էր) ստուգարքներ և քննություններ: Այսպես Մարատը սպանում էր…ուզում էի ասել միանգամից «երկու նապաստակ», բայց մի քիչ մտածելուց հետո, հասակացա, որ նա ոչ թե նապաստակ է սպանել, այլ կուղբ. երկրորդ նապաստակը վերջիվերջո փախավ: Գիտության գրանիտը Մարատին մինչև վերջ կրծել չհաջողվեց:

Դե ինչ, պատերազմում, ինչպես պատերազմում: Պատերազմը քիչ ուսանողներ չի զորակոչել, շատերին կտրել է իրենց հիմնական գործունեությունից:

Հոկտեմբեր, 1992

Ապագան հերոսներինն է

(...)

Պատերազմը փորձում է մարդկանց՝ կայունության, ոգու ամրության և մարդկայնության առումով: Ազատագրական պայքարը միավորել է հազարավոր մարդկանց, ովքեր պատրաստ են անձնազոհել և նվիրել իրենց կյանքը հայրենիքին: Պատերազմը կերտեց հերոսներ: Սակայն ոչ բոլորն են կարողանում դիմանալ պատերազմի փորձություններին, և չի կարելի նրանց մեղադրել դրա համար: Ոչ բոլորն են ծնվել թռչելու համար, ոչ բոլորը կարող են դառնալ հերոսներ:

Պատերազմում իրենց լիովին դրսևորում են նաև հակահերոսները: Նրանք հայրենիքին հարված են հասցնում մեջքից:

Բայց դրանք քիչ են, և նրանց կողմից թողնված մութ հետքը գրեթե կորում է ասպետիզմի վառ ֆոնին: Նրանց չի հաջողվի կտրել հերոսների թևերը:

Հոկտեմբեր, 1992

Քելբաջարցիները՝ պատերազմի պատանդները

Ստեփանակերտի №3 մանկապարտեզ: Այստեղ չկա այն կենսուրախությունն ու անհոգ աղմուկը, որը բնորոշ է նման հաստատություններին: Իսկ իմ զրուցակիցներն էլ երեխաներ չեն, այլ տարեցներ...

Նրանց դիմաց նստած է յոթանասուն տարեկան տարեց ադրբեջանցի: Տրտում ու հանգած՝ ասես խիտ ծխով ընդգծված հայացք՝ խոր ընկած աչքերով (...): Նրա անունն է Մեխտի Բաբաեվ: Ծնունդով Քելբաջարի Միլլի գյուղից է: Սեպտեմբերի 2-ին գերեվարվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից...

Եկեղ մի փոքր շեղվենք թեմայից՝ մի կարևոր պահ ճշտելու համար: Իրավիճակը, որում գտնվում են այս մարդիկ, միայն պայմանականորեն կարելի է անվանել «գերություն»: Այստեղ նրանց նկատմամբ ցուցաբերում են բարյացակամ վերաբերմունք, ստեղծում են նորմալ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Օրինակ՝ արցախցի ոչ բոլոր ընտանիքները կարող են իրենց թույլ տալ ամեն օր օգտագործել շաքարավազ և կարագ:

«Գերիններն» ապահովված են այս տեսակի և այսօրվա պայմաններում դժվարհասանելի այլ հազվագյուտ ապրանքներով:

Իսկ մի երիտասարդ կին «գերության մեջ» լույս աշխարհ բերեց չորս կիլոգրամ կշռով տղա երեխա, և տեղացի բժիշկները հոգ են տանում մոր և երեխայի առողջության մասին:

Մեզ շրջապատում են ևս մի քանի տարեցներ: Կանայք, ասես չհամաձրակվելով մոտենալ մեզ, մեր զրույցը ունկնդրում են սենյակի խորքից:

— Ի˺նչ է մեզ հետ լինելու — հարցնում է Մհետի Բաբաեվը՝ միաժամանակ հույսով և տագնապով լի:

— Իսկ ձեր ղեկավարությունը գիտի˺, թե որտեղ եք հիմա դուք գտնվում – հարցով հարցին պատասխանում եմ ես և գիտակցում, որ դաժան և անարդարացի եմ վարվում:

(...)

— Համարյա ամբողջ կյանքս աշխատել եմ կոլտնտեսությունում, — Մեհտի Բաբաեվը ցույց է տալիս իր ձեռքերը: — Հայրենական մեծ պատերազմից հետո ոչ մի անգամ զենք չեմ վերցրել: Ես ընկերություն եմ արել հայերի հետ, կերել ենք մի սեղանի շուրջ, խմել միևնույն կուժից, մասնակցել ենք միմյանց հարսանիքներին և հուղարկավորություններին…Մեզանից ի˺նչ թշնամիներ:

Ու˺մ է պետք այս պատերազմը:

(...) պատերազմող կողմերի խաղաղ բնակչությունը՝ տարեցները, կանայք և երեխաները՝ անկախ ազգային պատկանելիությունից, չպետք է դառնան պատերազմի պատանդներ: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի դրա մասին և միջոցներ ձեռնարկի նրանց հնարավորինս շուտ վերադարձնելու իրենց հայրենիքը:

Չէ որ մյուս կողմում այսօր կան բազմաթիվ հայ գերիներ, որոնք ոչ մի առնչություն չունեն պատերազմական գործողությունների հետ: Ինչու համաձայնության չգալ փոխանակման շուրջ:

Ապրիլ, 1992

Պատերազմը և մարդիկ

Ստեփանակերտում նեղացրել էին տարեց մի կնոջ, ով արդեն իսկ ծանր վիշտ ուներ: «Նեղացրել էին» —բավականին մեղմ է ասված. ռազմի դաշտում ընկած իր միակ որդու գերեզմանից տարել էին արհեստական ծաղիկների զամբյուղը…Այս կնոջը դեռ բավականին ժամանակ է պետք հարվածից հետո վերականգնվելու համար:

Ղարաբաղում պատերազմը ձգվում էր: Այն մարդուն քշել էր մի անկյուն և սեղմում էր բոլոր կողմերից: Տանջահար և ուժասպառ՝ մարդ արարածը անճանաչելիորեն փոխվել էր: Եվ դժվար է քննադատել նրան դրա համար: (...)

Մահը գործարիք մեջ մտնելով պատերազմի հետ՝ հարյուրավոր երիտասարդ կյանքեր է խլում, մարում ընտանեկան օջախների հազիվ ջերմացած լույսը, երեխաներին դարձնում որբ: Շատ ընտանիքներ մնում են առանց տղամարդկային թիկունքի և հենարանի: Կանացի փխրուն ուսերին է ընկնում ոչ միայն մանկահասակ երեխաների, այլ նաև մահացած հարազատների համար խնամքը (...): Որպեսզի նրանց պատշաճ կարգով հողին հանձնեն, գերեզմանաքար տեղադրեն, անհրաժեշտ են մեծ նյութական ծախսեր, որը բոլորը չեն կարող իրենց թույլ տալ (...):

Հանուն ինչի˺ են զոհում իրենց երիտասարդ կյանքը հերոսները: Արդյո˺ք հանուն նրա չէ, որպեսզի մենք՝ ողջ մանցածներս, կարողանաինք հպարտորեն անվանել ինքներս մեզ մարդ: Եվ չնայած մեր ողջ հակամարդկային բնույթին՝ պատերազմը պետք է մեզ խոցի ավելի սուր ու ցավոտ, որպեսզի մենք մեզ մարդ զգանք: Եվ ոչ մի վայրկյան չմոռանալ, որ մեր կողքին հերոսներ են զոհվում...

Զորիկը մահանում էր մեր ձեռքերում: Դա տեղի ունեցավ անցած տարի օգոստոսին, Դրմբոն գյուղի մոտակայքում տեղի ունեցող մարտերի ժամանակ:

Թշնամու դիպուկահարի գնդակը դիպավ նրա ճակատին: Ցավի մեջ նա կանչում էր մորը և խնդրում ներել իրեն:

Զորիկն իր տարեց մոր և կնոջ ու երկու մանկահասակ երեխաների միակ ապավենն էր:

Գնալով այլ, միգուցե ավելի լավ հարթություն, նրանք մեր այս անկատար ու թերի երկրի վրա թղնում են սգացող մայրերի և անմխիթար այրիների, որոնց առաջ մենք հավերժական պարտք ունենք, քանզի նրանք են դաստիարակել հերոսներ, նրանք են մեծացնում ապագա հերոսներին: Նրանք շատ են Ղարաբաղում, մեր մեջ ու կողքին: Մենք չպետք է մոռանանք այդ մասին: Չպետք է:

Դեկտեմբեր, 1993

«Մի անհանգստացիր, մենք որդի կունենանք...»

 Հայրիկ, թուրքերը քեզ վրա չե˺ն կրակել — դիմավորելով հորը՝ հարցրեց փոքր դուստր Գայանեն:

 Ոչ, աղջիկս, նրանց գնդակները իմ կողքով էին անցնում, — պատասխանեց Ալեքսանդրը, իսկ հետո անսպասելիորեն ավելացրեց, բայց հաջորդ անգամ, հավանաբար, կդիպեն:

Ի˺նչ էր դա — անմարդակային հոգնածություն՝ առաջնագծում շարունակաբար երկու ամիս մնալուց հետո, նյարդային լարվածություն.. (...)

 Չեմ վերադառնա, — ասաց նա հաջորդ օրը իր կնոջը՝ Անահիտին հրաժեշտ տալիս: — Մի անհանգստացիր, մենք որդի կունենանք...

Անահիտը չփորձեց ետ պահել ամուսնուն, քանզի համոզելը անօգուտ էր: Ինչպես երկու տարի առաջ, երբ նա, Ստեփանակերտում կնոջ ու երկու մանկահասակ երեխաների հետ վարձելով մի փոքր անկյուն, կամավոր գնաց պաշտպանելու Քարինտակ գյուղը:

— Սա մեր հողն է, և ինչ որ մեկը պետք է պաշտպանի այն — ասաց նա կնոջը:

(...)

Երկու ամիս է, ինչ տանը անհանգստությամբ և անհամբերությամբ սպասում են Ալեքսանդրին: Վերջապես նա վերադառնում է, բայց որպեսզի հրաժեշտ տա իր ընտանիքին և փորձի հանգստացնել կնոջը:

 Մի անհանգստացիր, մենք որդի կունենանք, — միայն այս է կարողանում նա ասել հրաժեշտի ժամանակ:

Վեց ամիս անց Անահիտը իսկապես որդի լույս աշխարհ բերեց, ում ի հիշատակ հոր անվանում են Ալեքսանդր:

 

Աշոտ Բեգլարյան

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԱԳԻՐ

Թողարկվել է գրքի ստեղծման գաղափարի հեղինակ Արմեն Հոհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ:

Աննա Գիվարգիզյանի ընդհանուր խմբագրման ներքո,

«ԺԱՄ» հրատարակչություն:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո