Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թերեզա Մխիթարյան` մեր ժամանակի հասարակ հերոսը:  «Ես մի Երազանք ունեմ` միշտ օգնել այնպես, որ այն մարդիկ, ում մենք օգնություն ենք ցուցաբերում, այլևս օգնության կարիք չունենան»

Թերեզա Մխիթարյան` մեր ժամանակի հասարակ հերոսը: «Ես մի Երազանք ունեմ` միշտ օգնել այնպես, որ այն մարդիկ, ում մենք օգնություն ենք ցուցաբերում, այլևս օգնության կարիք չունենան»

Նա ուսումը ստացել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Շվեյցարիայում և մնում այնտեղ ապրելու:  Տարիներ անց նա գրելու է` «(...)երբ երկար տարիներ ապրում ես այստեղ, հասկանում ես, որ երջանկությունը բնավ մեծ գումար ունենալու կամ մաքուր ավտոբուսների մեջ չէ:  Հարմարավետությունը` այո, անշուշտ... Իսկ երջանկությունը մեկ այլ բանի մեջ է»:

Վերջին երեք տարիների ընթացքում Թերեզան գիտակցել է, թե որն է իրական երջանկությունը:

Ամեն ինչ սկսվեց 2015 թվականին,Գյումրի կատարած չպլանավորված այցից, որը դեռևս չի վերականգնվել 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո: Թերեզան ականատես եղավ, թե ինչպիսի կենցաղային և սոցիալական սարսափելի պայմաններում են ապրում ընտանիքները երկաթե կոնտեյներներում, որոնք պետք է լինեին ժամանակավոր կացարաններ, սակայն դարձան մշտական` 30 տարի տևողությամբ: Այդ բարակ պատերով շինության մեջ ամռանը անտանելի տապն է տիրում, իսկ ձմռանը`սառը ցուրտը:  

Թերեզան որոշում է ամեն գնով օգնել որոշ ընտանիքների` դուրս գալ այդ կոնտեյներներից:  Նա իր շուրջն է հավաքում սրտացավ մարդկանց և բնակարանների ձեռք բերման համար անհրաժեշտ դրամական միջոցների հավաք կազմակերպում` «100 մարդ – 100 դոլլար, և մեկ ընտանիք փրկված է...»:  Մանրամասն ծանոթանալով Գյումրու խնդիրներին` Թերեզան ամբողջական պատկերացում է կազմում այն մասին, թե ինչ է տեղի ունենում և նա հասկանում է, որ իրականում երկրաշարժից շատ քիչ տուժածներ են մնացել, ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր դիտավորյալ ապրում են կոնտեյներներում, հույսով, որ կհայտնվի որևէ բարերար, որը առանց ծանոթանալու և մանրամասնելու, կնվիրի նրանց բնակարան կամ կապահովի որոշակի միջոցներով:

«Տուժածների ցուցակում կարելի է ընդգրկվել որոշակի գումար տալու, ծանոթության կամ ճարպկության շնորհիվ... Եթե գումար վճարես, կամ լավ բարեկամ ունենաս, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, ապա գործը ավելի է հեշտանում:  Գյումրիում ամենադժվար աշխատանքը հայտնաբերել ով է խաբեբաը, ով իսկապես երկրաշարժից տուժածը: Գործնականում մենք այստեղ որպես դետեկտիվ ենք աշխատում»:

Նաև ըստ Թերեզայի, «Գյումրիում շատ անգամ սխալ ախտորոշում են անում` սրտի փոխարեն ստամոքսն են բուժում»,այլ կերպ ասած` ժողովրդի աղետալի իրավիճակի հիմնական պատճառը հայտնաբերելու փոխարեն բարեգործները հատկապես Գյումրի էին ուղարկում դրամական միջոցներ, մթերք, իսկ երբ օգնությունը վերջանում էր (եթե իհարկե հասնում էր հասցեատիրոջը), մարդիկ հայտնվում էին նախկին իրավիճակում:

«(...) Մարդկանց մեծ մասը կարծում է, որ Հայաստանում առաջացած խնդիրները կարելի է լուծել փողի միջոցով: Պատրանքների վրա կարելի է ծախսել, որքան ասես, միևնույնն է դա մի սև փոս է... Ընդհակառակը` որքան շատ ես ծախսում, այնքան ավելի է խորանում փոսը... Առաջ գնալու համար անհրաժեշտ է վերհանել փաստերը, աշխատել դրանք ճիշտ լուծում տալու ուղղությամբ և միայն այդ դեպքում ծախսված միջոցները օգուտ կբերեն...»:

Այսօր Գյումրիում կա երեք հազար կոնտեյներ, որոնք ոչ միայն աղտոտում են շրջակա միջավայրը, այլ զբաղեցնում են տարածքներ, որտեղ կարելի է սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ կառուցել: Այդ երկաթյա արկղերից քաղաքը մաքրելու և բացահայտելու, թե ում է իսկապես օգնություն հարկավոր` Թերեզան կատարել է հետևյալ դասակարգումը`

1. Երկրաշարժից իրական տուժածներ և մինչև այսօր օգնության սպասողներ

2. Խաբեբաներ, ովքեր տեղափոխվում են դատարկ կոնտեյներներ, որպեսզի օգնություն ստանան ինչպես Թերեզան է ասում «Լոս Անջելեսից ժամանած բարի քեռի Ջոնի» կողմից

3. Մարդիկ, որոնցից հետո մնացել են կոնտեյներներ, սակայն ովքեր տասնյակ տարիներ ապրում են արտերկրում

4. Մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ առնչություն չունեն երկրաշարժի հետ: Գյուղերից Գյումրի եկածներ, ովքեր ցանկանւմ են ապրել Գյումրիում, կամ ընդհանրապես եկել են այլ շրջաններից և երկրներից ու հաստատվել կոնտեյներներում

5.Մարդիկ ովքեր ստացել են բնակարաններ, իսկ իրենց կոնտեյներները փոխանցել են բարեկամներին (իսկ այդպիսիք շատ են) հույսով, որ նրանք ևս այդ կոնտեյներների հաշվին բնակարան կստանան

6. Մարդիկ, ովքեր երկար տարիներ սպասելուց հետո բնակարան են ստացել, սակայն ընտանիքի անդամների աճի պատճառով, ընտանիքի մի մասը տեղափոխվել է կոնտեյներ

Գործն իր ձեռքն առնելով` հոկտեմբերի վերջին Թերեզան հրապարակում է տեղեկություններ այն մասին, որ ստուգումները ավարտվել են և նա սկսում է օգնություն ցուցաբերել իսկապես կարիքավոր ընտանիքներին:

«Երբ քայլում ես կոնտեյներներով, յուրաքանչյուրը ցանկանում է պատմել, թե որքան դժվար ու տառապալից է իր համար…Ասես յուրաքանչյուրից վերցնում ես դժվարության, ցավի ու վրդովմունքի ու հույսի մի մասնիկը... (...) Ահավոր գլխացավ ես ունենում բոլոր այդ լսածից ու տեսածից…Ժամանակ է հարկավոր այդ ամենը մարսելու և ըմբռնելու համար...»:

Թերեզա Մխիթարյանի (ձախից) ստուգումներից հետո առաջին ընտանիքը, ում որոշվեց օգնել դուրս գալու կոնտեյներից:

Այս տարվանից սկսած Թերեզան սկսել է զբաղվել նաև Տավուշի սահմանամերձ գյուղերով, որտեղ ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, բառիս բուն իմաստով հենակետերի նշանակետի տակ ընտանիքներ են ապրում:  Անմիջական վտանգի տակ է տեղակայված ամեն ինչ` դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի շենքեր: Facebook-ի իր էջում #жизньнагранице /կյանքը սահմանին/ թեգի ներքո Թերեզան տեղեկացնում է ցուցաբերված օգնության մասին կամ ցանկացողներին առաջարկում սատարել: Օգնություն կարող է տրամադրվել տարբեր տեսակի`  երեխաների համար խմբակների կազմակերպում,  գրենական պիտույքների ձեռքբերում, որոնք սահմանամերձ գյուղերում ճոխություն են համարվում, գյուղական փողոցների լուսավորում, հասարակական և բնակելի շենքերի բարեկարգում, օգնություն առանձին ընտանիքներին ոտքի կանգնելու և այլն:

«Այս շրջանի բնակիչների համար Ադրբեջանի սահմանից ամենամոտ կետը գտնվում է 50 մետր, հիսուն մետր հեռավորության վրա: (...) Ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որ այս վտանգավոր շրջաններում ապրող մարդիկ բարեկեցիկ կյանքով ապահովված լինեն, որպեսզի նրանք ունենան նորմալ մարդկային պայմաններ, նորմալ դպրոցներ, հիվանդանոցներ: Հետևաբար, մենք մեկ գյուղից հետո անցնում ենք մյուսին և փորձում ենք ոտքի կանգնեցնել այն ընտանիքներին, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են դժվար իրավիճակում: Մենք պարտական ենք նրանց, քանզի նրանք ամեն օր ու ամեն րոպե պաշտպանում են մեր սահմանները»:

Սահմանամերձ Նորաշեն գյուղի երեխաները ուսումնասիրում են իրենց նվիրված գլոբուսը:

«Այն, որ փողն ու իրերը մարդկանց չեն փոխում…կարծում եմ ապացուցվել է բազմիցս: Մարդուն փոխում է Սերը: Ինչ-որ մեկի հայացքում նկատում ես, որ պետք ես ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի վերաբերմունքը օգնում է քեզ հավատալ սեփական ուժերին, սեփական մարդկային արժանապատվությանը, վստահություն ձեռքբերել(...)մեր խնդիրն է յուրաքանչյուր դեպքի համար այնպիսի վերաբերմունք ցուցաբերել մարդուն, որպեսզի նա հավատա ինքն իրեն և գտնի իր ուժեղ կողմերն ու իր տեղը այս կյանքում»:

Բարեգործությունը Թերեզայի համար փոքր նվիրատվությունները չեն, ոչ էլ կարճաժամկետ օգնությունները` սեփական ես-ը բավարարելու համար:  Նա չի օգնում այն մարդկանց, ովքեր ինքնակամ դժվար իրավիճակի մեջ են հայտնվում, կամ էլ կարող են ինքնուրույն դուրս գալ այդ իրավիճակից, սակայն սովոր են ամեն ինչ ստանալ դյուրին կերպով` դա օգնում է մարդկանց դեգրադացվել, այլ ոչ թե ինքնուրույնություն ձեռք բերել:   Թերեզայի համար օգնել, նշանակում է խթանել աճը, զարգացումը և առանց հաղորդակցությունը ընդհատելու հետևել արդյունքներին:

«Խնդիրը բարեգործության մեջ չէ, խնդիրը նրանում է, որ այդ բարեգործության մեջ կան այնպիսի լուրջ խնդիրներ, որ վնասն ավելի գերակշռող է քան օգուտը»:

Այս կամ այն ընտանիքին, գյուղին, քաղաքին, մարդուն օգնություն ցուցաբերելու մասին պատմությունների հետ մեկտեղ Թերեզան ցուցադրում է դժվար իրավիճակներում գտնվող կամ վտանգավոր սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց գեղեցկությունն ու  ազնվությունը: Ոչ ոք չի կարող անտարբերություն ցուցաբերել Մելիս պապիկի դրախտային այգու նկատմամբ, որը նա ստեղծել է Այգեձոր գյուղում` հայ-ադրբեջանական սահմանից մի քանի մետր այն կողմ: Այնտեղ նույնիսկ արևադարձային մրգեր են աճում` կիվի և բանանի տնկիներ: Անտարբեր չի թողնի նաև մի ընտանիքի պատմությունը, ովքեր 30 տարի Գյումրիում սպասում են բնակարանի իրենց հերթին, սակայն չեն չարացել իրենց տխուր ճակատագրից: Զարմացնում է սահմանամերձ գյուղերի կանանց դրական կեցվածքն ու ոգին, ովքեր վաճառում են իրենց բանջարեղենն ու մրգերը` անմիջապես գտնվելով ադրբեջանական հենակետերի նշանառության տակ: Նրանցից մեկը ժպտալով ասում է` «Ինձ եթե նոր ծնվեի ու հարց տան՝ կուզես որ տեղ ապրես, կասեմ Իջևանի Վազաշեն Միջնահան թաղամասում:Միայն» (սահմանամերձ գյուղ):

Մելիս պապիկը և նրա այգին Այգեձորում:

Եվ, թերևս, դա ամենակարևորն է, որ պետք է նրանցից սովորել: Եվ շնորհակալություն Թերեզային, որ այս խառնաշփոթ օրերին նա մեզ բոլորիս թույլ չի տալիս մոռանալ գլխավորի մասին: Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է գործել և լուսավորեց հարյուրավոր մարդկանց սրտերը` շվեյցարական Լուգանո քաղաքի քաղաքապետից մինչև հայկական շրջանների հասարակ մարդկանց, ովքեր ուրախությամբ ցանկանում են մասնակցել տարբեր նախագծերում, քանզի իսկական կարեկցանքը, բարությունն ու սերը սահմաններ չունեն:  

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո