Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ովքեր  են թուրք-յուրուկները. նրանց պատմությունը

Ովքեր են թուրք-յուրուկները. նրանց պատմությունը

Շապիկի նկարը՝ antitopor.com

Անատոլիայի քոչվոր ցեղերը, որոնք հիմնականում զբաղվել են անասնաբուծությամբ ու ապրել վրաններում ՝ հարթավայրերում կամ բարձրադիր վայրերում, կախված տարվա եղանակից, կոչվել են օղուզ-թուրքեր: Նրանց նաև անվանել են թուրքմեններ: «Քոչվոր» բառի փոխարեն, որն իր մեջ ներառում էր «մարտական», «քաջ»,  «արագ», «խրոխտ» որակները, սկսում են կիրառել յուրուկ բառը:  Տերմինը վերաբերել  է բոլոր այն համայնքներին, որոնք վարել են քոչվոր կյանք, բայց հատկապես այն վերագրվել է օղուզ-թուրքերին:

11-րդ դարում, Միջին Ասիայում ապրող օղուզները գալիս են Պարսկաստան ու Մալազգիրտի (1071թ. սեպտեմբերի մեկին սելջուկական բանակը սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ ջախջախիչ պարտության է մատնում բյուզանդական կայսր Ռոման Չորրորդ Դիոգենեսի զորքերին) հաղթանակից հետո բնակություն են հաստատում Անատոլիայում: Այնտեղ նույնպես նրանք վարում են  իրենց նախկին ապրելակերպը: Իսլամիզացիայի ժամանակ օղուզները տարածվում են ողջ Անատոլիայի շրջանով: Նրանց մի մասը սկսում է ապրել բնականոն կյանքով և անվանվում թուրքմեն, իսկ մյուս մասը շարունակում է քոչել ու կոչվում յուրուկ:

Անատոլիական սելջուկների ու իշխանական տների  գահակալման ժամանակ օղուզներին օգտագործել են որպես ռազմի ուժ: Սելջուկներն, օսմաններն ու յուրուկներն անդադար պայքար են մղել տարածքների համար: Օսման Գազի Յըլդըրըմի իշխանության տարիներին յուրուկները հսկում  էին ճանապարհներն ու կառուցում պաշտպանական շինություններ: Հենց որ օսմանները գրավուն են Բալկանները, քոչվորների զգալի մասը տեղափոխվում է այնտեղ: Սուլթան Մուրադ խանի իշխանության օրոք քոչվորներին ուղարկում են Սերեզ (Ղրիմ) այնտեղ  բնակություն հաստատելու ու նվաճումներին մասնակցելու համար: Նրանց Բալկաններ տեղահանելն ինտենսիվորեն շարունակվում է Օսման Գազի Յըլդըրըմի իշխանության օրոք:

Սուլթան Մուրադ Երկրորդի ու սուլթան Ֆատիհ Մեհմեդի օրոք քոչվորներին ուղարկում են նոր նվաճված տարածքները: Նրանց, ինչպես և այլ քաղաքացիների, տրամադրում են որոշ հարկային արտոնություններ և պաշտոնապես համարում հարկատու ու զինապարտ: Յուրուկներին չափահաս տարիքից  օգտագործել են որպես օգնական ուժ ամրոցներ ու այլ տեսակ շինություններ կառուցելիս: Ըստ աշխարհագրական դիրքի օգտագործվել են նաև որպես աշխատուժ ՝ նավաշինության, ճանապարհների պահպանման ու կամուրջների կառուցման ժամանակ: Մասնակցել են նաև հանքափորային աշխատանքների ու պետական կառույցների վերանորոգմանը: Տեղափոխությունների ժամանակ յուրուկները բնակվել են ընդհանուր վրաններում:

Քոչվորներին Բալկաններ տեղափոխելն ու նվաճված տարածքներում նրանց բնակեցնելը դառնում է Օսմանյան պետության համընդհանուր քաղաքականությունը:  Որոշ ժամանակ անց յուրուկների վերաբնակեցման տեմպերը դանդաղում են: Սակայն, այդ որդեգրված քաղաքականությունը շարունակվում է ընդհուպ մինչև 18-րդ դարը: Եղել են դեպքեր, երբ նրանք վերաբնակվել են իրենց իսկ ցանկությամբ:

Անատոլիայում սկսված ժողովրդական ընդվզումների ու խռովությունների ժամանակ Անատոլիայի բնակիչների բնականոն կյանքը խախտվում է:  Այդ խռովությունները խաթարում են նաև յուրուկների կյանքը: Դրա պատճառով, պետությունը ստիպում է նրանց բնակություն հաստատել սովորական տներում, որպեսզի կարողանա վարչական իշխանություն հաստատել քոչվորների նկատմամբ ու խուսափել հնարավոր վնասից: Պարտադրված տեղահանման նպատակն էր ապահովել  ոչնչացված ու դատարկ բնակավայրերի վերականգնումը, հողատարածքների մշակումը, ինչպես նաև հսկողություն սահմանել բանդիտների հանդեպ, ինչը պետությանը չէր հաջողվում անել: 1863 թ. օսմանական բանակը պարտություն է կրում Վիեննայի ճակատամարտում, ինչը խթանում է բանդիտական շարժումների աճին: Դրա հետևանքով, 1691թ. միջոցներ են կիրառվում քոչվորներին վերջնականապես տարաբնակեցնելու համար:

Բալկանների քոչվորները միավորվում են մեկ շարժման մեջ, որը կոչվում էր «Էվլադ և Ֆատիխան»:  Նրանց օգտագործում էին պատերազմական նպատակներով: Թուրք յուրուկները, որոնք ապրում էին Անատոլիայի Համմա, Հումուս, Ռաքքա, Հալեպ քաղաքաներում, փորձում էին կանխել ցեղային բանդիտների հարձակումները: 1692 թ. մարտի 18-ին հրաման է արձակվում, որի համաձայն տարաբնակեցվում են ևս 77 ընտանիքներ տարբեր վարչական միավորներից ու նահանգներից: Նրանց բնակեցնում են Ադանայում ու Մարաշում, դրանք չլքելու գրավոր կարգադրությամբ: 1720 թ. թուրքական բնակչության թիվն աճում է Դամասկոսի վարչական շրջանում քոչվորների վերաբնակեցման հաշվին: 1693-1728թթ. յուրուկներին բնակեցնում են Կայսերիի, Փանիրբաշի շրջաններում ու քանդված գյուղերում: 1732 թ. հրամանը չեղարկվում է հենց որ քոչվորներին տարաբնակեցնում են համապատասխան վայրերում: Բացի դրանից, քոչվոր որոշ համայնքների բնակեցնում են Թորոս լեռան ստորոտին գտնվող քաղաքներում ու գյուղերում: Ալանյայի որոշ բնակիչների ուղարկում են Կիպրոս:

19-րդ դարից սկսկած քոչվորների ֆինանսավորումը դառնում է ավելի կանոնակարգ: Յուրուկներով բնակեցված վարչական շրջանների նահանգապետերը փորձում էին տեղում կարգ ու կանոն ստեղծել: Թանզիմաթի (Օսմանյան կայսրության բարեփոխումներ) շրջանից սկսկած, յուրուկների համար որպես բնակվելու վայր են ընտրվում լքված հողերն ու այն տարածքները, որոնցից նախկին սեփականատերերը հրաժարվել են: Այդպիսով, նրանց համար հողատարածքներ են ընտրվում Բուրսայի, Կյոնյեի, Անկարայի, Սիվասի ու Այդինի շրջաններում: Շատ քոչվոր համայքների տարաբնակեցնում են նոր քաղաքների ՝ Իսլահիյե, Ադանա, Հալեպ, Մարաշ, Անթեբ կառուցման համար:

Այսօր, բոլոր տեղահան եղած քոչվորներն ունեն մշտական բնակության վայր: Սակայն, դեռ կան խմբեր, որոնք վարում են նախկին քոչվոր ապրելակերպը, բնակվելով Տավրոսի լեռներում: Քոչվորներին վերաբերվող կանոններն ու իրավական դրույթներն իրենց ձևակերպումն առաջին անգամ գտել են այսպես կոչված Ֆատիհի (Օսմանյան կայսրության հիմնական օրենքը) օրենքում: Օրենքի համաձայն, յուրուկներին միավորել են վարչական ու պատերազմական նպատակներով: Դրանում նաև ասվում էր, ու յուրուկները պատերազմ գնալիս  անձամբ են պարտավորվում իրենց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով: Օրենքը նաև բաժանում էր յուրուկներին խմբերի ու ազատում էր նրանց հարկերից: Պատերազմից հետո նրանց տրամադրում էին հողատարածք:

Քոչվոր ցեղերի անդամներից մեկին ընտրում էին որպես ցեղապետ: Ցեղապետերը կատարում էին աշխատանքի բաժանում: Սկզբում խումբը կազմված էր քսան հոգուց, հետո աճում էր մինչև երեսունը:  Խմբից ամեն հինգերորդը գնում էր ծառայության, իսկ մնացածն օգնում էին նրան: Նրանք բոլորն ազատված էին մի քանի տեսակ հարկերի վճարումից: Եթե մնացած յուրուկներն ապրում էին ինչպես որ հարկն է, վարում էին կագապահ ապրելակերպ՝ նրանց հարկերը նույնպես փոխվում էին: Սակայն եթե թողնում էին աշխատանքն ու վերադառնում գյուղատնտեսական նիստ ու կացին, նրանց հարկերն ավելացվում էին:

Գյուղերում, տներում ու շրջաններում, որտեղ ապրում էին յուրուկները, շատ հաճախ պատահում էին դժբախտ պատահարներ: Երբ ինչ-որ բան էր  տեղի ունենում, յուրուկներն անմիջապես դիմում էին դատարան: Նրանց հետ կապված գործերով զբաղվում էր Քադին (մուսուլման դատավոր-չինովնիկ): Քադին նաև հետևում էր, թե յուրուկներից ով է գնալու բանակ, ինչպես նաև յուրուկներին պատկանող կենդանիների տեղաշարժին:

Անատոլիայում ապրելով հանդերձ, յուրուկները շարունակում էին ապրել այն  ավանդույթների համաձայն , որոնցով ապրել էին Կենտրոնական Ասիայում: Նրանց կյանքը ենթարկվում էր հատուկ կանոնների: Այդ կանոնները հիմնականում սովորույթների տեսքով էին:  Ամռանն ապրում էին բարձրադիր շրջաններում, իսկ ցրտերն ընկնելուն պես շարժվում էին դեպի ավելի տաք տափաստանները: Այդ կարգը ձևավորվել էր ժամանակի ընթացքում: Որոշ քոչվորներ արոտավայրեր էին վարձակալում: Ցեղերի մի մասն ուներ իր սեփական արոտավայրերը, որտեղ կարող էին արածել ողջ ցեղին պատկանող կենդանիները: Նրանք ունեին նաև տներ, այգիներ ու կենդանիներ: Տները, որոնք նման էին վրանների, կոչվում էին յուրթաներ: Որպեսզի մի ցեղին պատկանող կենդանիները չխառնվեին այլ ցեղին պատկանող կենդանիների հետ, նրանց վրա հատուկ նշան էին  անում: Ոչխարներին, այծերին ու մնացած կենդանիներին կերակրելու համար քոչվորները մշակում էին ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարեղեն: Կաթնամթերքն ու միսը նրանց սննդի անբաժան մասն են եղել: Իրենց հագուստն իրենք են կարել: Դրա հետ մեկտեղ, քոչվորները չեն ունեցել փակ տնտեսություն: Մի բան գնելու համար, նրանք իջել են սարերից, վաճառել իրենց արտադրանքն ու այդ գումարով գնել այն, ինչ հարկավոր է եղել: Ապրանքները տեղափոխել են ուղտերի միջոցով: Ստամբուլի նման մեծ քաղաքներ նրանք վաճառքի են տարել ցորեն և նմանատիպ այլ ապրանքներ: Այն յուրուկները, որոնք կերակրել են այծերին՝ ապրել են բրդից վրաններում, իսկ մնացածը՝ թաղիքից: Քոչվորների վրանները կազմած են եղել մի քանի հատվածներից. հանգստի , քնելու և ուտելիք պատրաստելու հատվածներ: Վրանները հիմնականում բաժանված են եղել 5-9 մասերի: Մեծ վրաններում տեղ է հատկացված եղել նաև կենդանիների համար: Հանգստի հատվածում փռել են գորգեր, իսկ դրանց կողքին բարձեր շարել: Ամեն իր ունեցել է իր հատուկ տեղը:

Ընտանիքում իշխող դիրքը պատկանել է տղամարդուն: Յուրուկների մոտ ընդունված է եղել մեկ ամուսնություն, սակայն ամուսնացած զույգն ապրել է հոր ընտանիքում: Դա է պատճառը, որ յուրուկների ընտանիքները մեծ են եղել: Եղել են նաև մտերիմ բարեկամների ամուսնության դեպքեր:

Վարչական առումով, յուրուկները միավորվել են ցեղերի մեջ: Լինի դա բարձրադիր վայր, թե տափաստան՝ այն ցեղերը, որոնք տվյալ պահին ապրել են նույն տարածքում, կոչվել են օբա: Հետագայում այդ տերմինը վերանում է և դրան փոխարինում է շրջանը: Երկու օբաները միասին կոչվել են ցեղ: Այդ ցեղի առաջնորդը կոչվել է կետուխուդա (ատաման,ավագ):  Մի քանի ցեղապետեր միասին  կոչվել են բոի: Մի քանի բոիների միավորումը կոչվել է ուլուս, որոնց գլուխ  կանգնած է եղել ուլուսբեյը:

Յուրուկներն ունեցել են հարուստ ավանդույթներ: Քոչվորների արտագաղթն ու տեղաշարժը պայմանավորված է եղել որոշ սկզբունքներով: Տափաստաններում տեղաշարժը կատարվել է գարնանը: Ցեղապետերը հայտարարել են այդ մասին, նախօրոք որոշելով գնալու  օրը: Դրանից մի օր առաջ, յուրուկները տեսել են ճանապարհի համար բոլոր պատրաստությունները: Նախորդ օրը բոլոր իրերը փաթեթավորել են, բարձել ուղտերի վրա ու ծածկել գորգերով: Ուղտերի ճակատին կախել են մեծ ու փոքր զանգեր: Քարավանի դիմացից գնացել է հարսը՝ շքեզ հագնված ու բրդի մի կտոր ձեռքին: Քարավանը շրջապատել են զինված տղամարդիկ: Ցեղապետերի երեխաները, կանայք ու երիտասարդ աղջիկները քայլել են դիմացից կամ կենդանիների կողքից: Երկար ճանապարհից հետո նրանք կանգ են առել տափաստանում, իսկ աշնանը նույն ճանապարհով հետ են եկել: Քոչվորներն ունեցել են իրենց տոնական արարողություները, ինչպես օրինակ նշանադրություն, ամուսնություն, թլպատում և այլն:  Յուրուկների ավանդույթների մի մասը պահպանվել է մինչև այսօր, ինչպես օրինակ նշանադրության ու ամուսնական ավանդույթները:

Տղան գալիս է իր ընտրած աղջկա ընտանիք: Եթե ստանում է դրական պատասխան, աղջկա տանը նրան սուրճ են հյուրասիրում: Հակառակ դեպքում, տղան պետք է անհապաղ լքի տունը: Դրական պատասխան ստանալուց և խոսք առնելուց հետո, փեսացուի կողմի կանայք գնում են հարսնացուի տուն, նրան նշանադրությանը նախապատրաստելու համար: Պատրաստում են զարդերը, ոսկեղենը, զգեստը: Փեսացուն գումար է տալիս աղջկա հորը կամ նրա խնամակալին: Քանի որ մուսուլմանների մոտ ընդունված չէ աղջկա համար գումարով վճարել, փեսացուի բարեկամները հարսնացուին նվիրում են զարդեր, շորեր, խոհանոցի պարագաներ , ինչպես նաև նվերներ են տալիս հարսի բարեկամներին:  Այդ արարողությունը կոչվել է «բարի ճանապարհ»: Եթե աղջիկը ուրիշ գյուղից է լինում, փեսայի հայրը պետք է նվերներ ուղարկի այդ գյուղի ամեն մի տանը: Նվերի տեսքով կարող են ուղարկել բաժակներ, սպասք, սուրճ, շաքարավազ: Այդ տների տերերը կանչում են փեսացուին իրենց տուն, հյուրասիրում նրան ու օգնում հարսանեկան պատրաստությունների հարցում: Երբ հարսանիքը սկսվում է, թե հարսնացուի, թե փեսացուի բարեկամները հյուրասիրում են հյուրերին:

Հարսանիքից առաջ աղջկա տանը կազմակերպում են հինայի գիշեր: Փեսացուի տուն գնալու նախորդ օրը նվերներով ու օժիտով լի զամբյուղները թողնում են դռան առջև: Աղջկա դեմքը փակում են ու նրան ձի նստեցնում: Հետո օժիտն ուղարկում են տղայի տուն: Փեսացուի տան դիմաց հարսնացուին իջեցնում են ձիու թամբից: Փեսայի մոտ բարեկամներից մեկը դիմավորում է նրան գումարով, խաղողով, շաքարավազով ու ցորենի հասկերով: Հարսնացուին դիմավորում է նաև տղայի հայրը, նվերներ տալիս ու խոստում տալիս: Մնացած բարեկամները նույնպես դիմավորում են նրան նվերներով ու հրավիրում  նրան փեսացուի տուն:

Արարողությանը պատրաստվում է նաև փեսացուն: Նա հագնում է կոստյումը, գնում գյուղի քահանայի մոտ ու աղոթում բարեպաշտ ամուսնության համար: Աղոթքից հետո ընկերները նրան տուն են տանում:

Հաջորդ օրը կանայք գնում են հարսնացուի տուն: Այդ արարողությունը կոչվում  է «քողի բացում»: Մոտ մի շաբաթ հետո փեսացուն հարսնացուի հետ գալիս է աներոջ տուն, համբուրում մեծերի ձեռքն ու հրավիրում աներոջն ու զոքանչին իրենց տուն: Այդ օրը կոչվում է «ձեռքերը համբուրելու օր»:

Քոչվորներին անվանել են ըստ ցեղային պատկանելության. Կաի, Բայաթ, Յազիր, Դողեր, Ավշար, Բեգդիլի, Չեպնի, Սալուր, Իգդիր, Յուրեգիր, Բուգդուզ, Չավունդուր և այլն: Այսօր այդպես են կոչվում Անատոլիայի շատ գյուղեր: Յուրուկները բնակվել են Կենտրոնական, Հարավային ու Արևմտյան Անատոլիայում: Այսօր նրանք տարածվել են երկրի ողջ տարածքով՝ Անկարա, Բոլու, Կաստամոնու, Մանիսա, Աֆյոն, Ուշակ, Իզմիր, Այդին, Անտալիա, Կոնյա, Ակսարայ, Նիիդե, Նեվշեխիր, Ադանա, Հատայ, Մարաշ: Այն քոչվորները, որոնք ապրել են մեծ խմբերով, բաժանվել են մի քանի փոքր խմբերի ու բնակեցվել տարբեր տարածքներում: Կենտրոնական Անատոլիայի յուրուկները տեղափոխվել են Անկարա, Թոկաթ, Կիրշեհիրի շրջան: Մյուս մասը հաստատվել է Բուրսայում, Ինեգալում, Ակսարայում: Գյուղերում մնացել են շատ քիչ քանակությամբ յուրուկներ:

Եթե Անատոլիայում յուրուկները ապրել են միմյանցից անջատ, ապա Բալկաններում նրանք եղել են ավելի կազմակերպված: Այստեղ նրանք տարածվել են մինչև Բուլղարիա, Սերբիա, Սալոնիկ: Բալկաններում յուրուկները բաժանված են եղել ութ խմբերի և ենթարկվել են ավելի խիստ ցուցումների, քան անատոլիական յուրուկները: Ամեն մի խումբ ունեցել է իր անվանումը, կապված բնակության վայրի հետ:

Բալկաններում ապրող քոչվորները  նվաճումների ժամանակ օգնել են Օսմանյան բանակին, ինչի արդյունքում նրանց քանակը զգալի նվազել է: Երբ օսմանները կորցնում են Բալկանները, քոչվորները հետզհետե սկսում են լքել այդ տարածքն ու գնում դեպի Անատոլիա: Նրանք, ովքեր մնացել են Բալկաններում, այսօր հիմնականում ապրում են Հարավսլավիայում, զբաղվում անասնաբուծությամբ, պահպանելով իրենց ավադույթներն ու կառուցվածքը:

Այդինում, Մանիսում, Անտալիայում, Մուլեում, Ադանայում ապրող յուրուկները այսօր ունեն մշտական բնակության վայր, սակայն դեռ կան մարդիկ, որոնք պահպանում են իրենց նախկին ապրելակերպը: Նրանք ապրում են սարերում ու վարում կիսանստակյաց քոչվոր կյանք:

Աղբյուրը՝ http://goldenworld.blogcu.com/yoruk-ne-demek-yoruklerin-tarihi-gecmisi/5931887

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո