Հարավային Կորեայից դեպի Իրան, Իրանից՝ Թուրքիա. կորեուհի Զեյնաբի կյանքի պատմություն
Մերսինում ապրում են մեծ թվով եկվորներ, այդ թվում նաև Հարավային Կորեայից: Այսօր ձեզ մի կնոջ արկածների մասին կպատմենք, ով Հարավային Կորեայից մեկնել է Իրան, Իրանից՝ Թուրքիա և վերջապես հաստատվել Մերսինում: Նա իրեն կոչում է կորեուհի Զեյնաբ:
Իրականում Զեյնաբի հետ շատ պատահական եմ ծանոթացել: Ես աշխատում էի գրքերի խանութում, երբ նա դստեր հետ մոտեցավ ինձ: Քանի որ Մերսինում առաջին անգամ էի կորեացիների տեսնում, նրանց հետ ծանոթանալու ու զրուցելու ցանկությունս շատ մեծ էր: Հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու սկսեցինք հաճախ հանդիպել:
Նրա կյանքը ՝ Կորեայից մինչև Իրան, Իրանից մինչև Թուրքիա, ինձ շատ հետաքրքրեց, և ես որոշեցի ձեզ պատմել այդ ուժեղ աղջկա մասին, ում սիրտը սիրով լի է աշխարհի ու մարդկանց հանդեպ:
Ինչպիսի՞ ն էր կյանքդ Կորեայում
Ես սովորական կյանքով էի ապրում: Ապրում էի ծնողներիս հետ, որոնք ինձ քրիստոնեական դաստիարակություն են տվել: Քրիստոնյաների մեջ եմ ապրել, սակայն երբեք իմ հավատքն այնքան ուժեղ չի եղել, ինչպես նրանցը, ինչն ինձ շատ էր անհանգստացնում: Ես ունեի շատ լավ ընկերներ, որոնց հետ հրաշալի ժամանակ էի անցկացնում , բայց նրանց կողքին ինձ միշտ փոքր էի զգում: Աստծուն հարցնում էի, թե ինչու եմ ծնվել փոքրիկ Հարավային Կորեայում, երբ աշխարհն այդքան մեծ է և ինչու Աստված ինձ գեղեցկությամբ չի օժտել: Անընդհատ հարցնում էի, բայց պատասխաններ չէի կարողանում գտնել: Հենց այդ շրջանում էր, որ սկսկեցի աշխարհի ու կանանց մասին գրքեր կարդալ:
Հայրս լավ մարդ էր, բայց երբեմն նա ինձ երկերեսանի էր թվում: Օրինակ, նա գնում էր եկեղեցի, աղոթում այնտեղ, սակայն տանը շատ դաժան էր մեր հանդեպ, հատկապես եղբայրներիս: Այդ պատճառով է, որ սկսկեցի ատել չափահաս տղամարդկանց: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու են տղամարդիկ այդքան ճնշում գործադրում կանանց վրա:
Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք Հարավային Կորեայում
Արդեն տաս տարի է Կորեայում չեմ եղել, դրա համար այն ինչ կասեմ տաս տարվա վաղեմություն ունի: Կորեայի բնակիչների մոտ քսան տոկոսը բուդդիստներ են, այդքանն էլ՝ քրիստոնյաներ: Բուդդիստները հավատում են, որ ծնողների մահվանից հետո նրանց հոգիները վերադառնում են երեխաների մոտ: Այդ իսկ պատճառով, մահվան տարելիցի օրը երեխաները պատրաստում են իրենց ծնողների սիրելի ճաշատեսակները: Երբ սեղանը պատրաստ է լինում, միայն տղամարդիկ կարող են գտնվել ներսում, իսկ աղջիկները պետք է սպասեն դրսում: Դրա համար մեծերը միշտ մտածում են, թե ով է իրենց մահից հետո իրենց համար սեղան գցելու, հետևաբար աշխատում են անպայման տղա երեխա ունենալ: Ընտանիքում տղաների հանդեպ շատ ուշադիր են ու հոգատար, և եթե միայն աղջիկներ են ծնվում, դա մեծ վիշտ է այդ ընտանիքի համար:
Ի՞նչ աշխատանք ունեիր այնտեղ
Մանկավարժի կրթություն եմ ստացել ու տասներկու տարի դպրոցում դասավանդել: Երբ դեռահաս էի, միշտ մի բան ինձ ճնշում էր: Սակայն երբ ընդունեցի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, ներքին հանգստություն զգացի ու սկսկեցի հանդիպումներ անցկացնել խնդիրներ ունեցող դեռահասների հետ ՝ նրանց օգնելու համար: Միասին ճանապարհորդում էինք աշխարհի ոչ այնքան հարուստ երկրներով, և այդ ամենն օգնում էր նրանց կյանքին այլ աչքերով նայել: Ճանապարհորդություններից հետո դեռահասները ցանկություն էին հայտնում անգլերեն սովորել, կրթություն ստանալ ու համալսարան հաճախել:
Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիր Իրան մեկնել
Մի անգամ, երբ մտածում էի, թե որ երկիր գնամ, բացեցի Ղուրանը: Ուշադրությունս գրավեց Կրոշ անունով մարգարեներից մեկը: Հետո միայն իմացա, որ նա Իրանի թագավորներից է եղել: Սկսեցի հետաքրքրվել, թե ինչ երկիր է , ինչ մարդիկ են այնտեղ ապրում: Պարզեցի, որ Իրանը բավականին փակ համակարգով մուսուլմանական երկիր է, ու այդ պատճառով այն այցելելու ցանկությունս ավելի աճեց: Այդ ժամանակ երեսուն տարեկան էի, ու մտածում էի Աստված ստեղծել է այս հրաշալի աշխարհը, որ մենք կարողանանք ճանապարհորդել ու տեսնել այն ամենն ինչ նա արարել է:
Մայրս դեմ էր իմ Իրան գնալուն: Ասում էր, թե դա վտանգավոր քաղաք է ու ես այնտեղ անելու բան չունեմ: Մորս իսլամի մասին մի ֆիլմ ցույց տվեցի, որը պատմում էր Իրանում ապրող երկու եղբայրների մասին: Նա շատ էր տպավորվել այդ ֆիլմից: Ասեց, եթե այդ երկիրն իրոք այդքան սիրուն է, ինչպես ֆիլմում, իսկ մարդիկ այդքան բարի՝ ուրեմն կարող եմ գնալ:
Սոցիալական ցանցերում թեհրանցի մի ուսանողի հետ ծանոթացա ու հարցրեցի, թե ինչ է հարկավոր անել Իրանում մնալու համար: Նա առաջարկեց ինձ դիմել համալսարանին ու խնդրել, որ ինձ սովորելու հնարավորություն տան: Այդպես էլ արեցի ու սովորելու թույլտվություն ստացա:
Պատմիր Իրանում արկածներիդ մասին
Իրանն ինձ համար դարձել էր երազանք: Հիմա եմ միայն հասկանում, թե ինչքան համարձակ եմ եղել, որ եկել եմ օտար երկիր առանց նույնիսկ անգլերեն իմանալու: Մի բան լավ գիտեի. ուզում էի հասնել Իրան ու տեսնել այդ երկիրը իմ սեփական աչքերով:
Երբ եկա, ասես միջնադարում հայտնվեի: Հիմա հասկանում եմ, որ եթե շատ բան իմանայի այդ երկրի մասին, հաստատ չէի այցելի այն:
Գալուս հաջորդ օրվանից սկսեցի համալսարանում պարսկերեն ուսումնասիրել: Ինձ համար այդ լեզուն սովորելը բավականին բարդ էր: Տառերը նման էին արաբերենին, սակայն քերականությունը շատ տարբեր էր: Ջանք չէի խնայում պարսկերեն սովորելու համար, քանի որ չէի կարող այդպես շուտ հանձնվել զուտ այն պատճառով, որ լեզուն բարդ էր: Ուզում էի մնալ Իրանում ու այնտեղ ապրել:
1979թ. Իրանում Շարիաթ է հաստատվում, ու այդ պահից սկսկած երկիրը գրեթե չէր զարգանում: Ընտանիքները, որոնց հետ շփվում էի, ցույց էին տալիս մինչև 1979թ. արած նկարները, որոնցում պատկերված կանայք հագնվում էին այնպես, ինչպես ուզում էին, սակայն Շարիաթի համաձայն նրանք պետք է փակ հագուստ կրեին: Կանայք խորը թախիծով էին հիշում իրենց ազատ կյանքը:
Վաղ ամուսնություններից խուսափելու նպատակով, Իրանում աղջիկները ընդունվում են համալսարաններ: Աղջիկներին շատ շուտ են ամուսնացնում՝ 16-17 տարեկանում: Նրանք, ովքեր չեն ուզում այդքան շուտ ամուսնանալ, գնում են սովորելու, ու եթե հարկավոր լինի երկրորդ անգամ են համալսարան ընդունվում:
Ինձ դուր էր գալիս այն, որ Իրանում բարձրագույն կրթություն ստանալն անվճար է, իսկ ԲՈՒՀ ընդունվելն այնքան էլ հեշտ բան չէ: Դրա համար նրանք, ովքեր ընդունվում են, ջանք չեն խնայում սովորելու համար: Սակայն, համալսարանն ավարտելուց հետո շրջանավարտներից շատերը չեն կարողանում աշխատանք գտնել: Հատկապես կանանց աշխատանքի իրավունքը բավականին սահմանափակ է: Գրեթե ողջ աշխատանքն իրականացնում են տղամարդիկ: Երբևէ չեմ հանդիպել կին մատուցողի, օրինակ:
Տղամարդիկ շատ շուտ են սկսում աշխատել, որպեսզի կարողանան ամուսնանալ: Արդյունքում, առանց կյանքի փորձ ունենալու և զուրկ լինելով սովորելու կամ աշխատելու հնարավորությունից, աղջիկները ստիպված են լինում ամուսնանալ: Հենց դա է պատճառներից մեկը, որ երկրում բաժանությունների քանակը զգալի շատ է:
Բաժանությունների շատ լինելը կապված է նաև Իրանում թույլատրելի բազմակնության հետ: Պատահում է, որ տղամարդն ամուսնանում է երկրորդ անգամ ու երկրորդ կնոջը բերում տուն, ինչը դուր չի գալիս առաջին կնոջը, և վերջինս որոշում է բաժանվել: Բացի դրանից, այդ տեսակ ամուսնությունը բացասաբար է ազդում նաև երեխաների հոգեբանության վրա:
Իրանում մարդիկ շատ են կարդում ու շատ լավ տեղեկացված են, թե ինչ է կատարվում աշխարհում: Կանայք, տեսնում են, թե ինչպիսին են ամուսնություններն այլ երկրներում, համեմատում են դրանք իրենց երկրի հետ և ի վերջո կամ չեն ուզում ամուսնանալ կամ ուղղակի բաժանվում են:
Երբ Կորեայում էի ապրում, շատ էի վհատվում, տեսնելով մեր երկրի ունեցած անարդար վերաբերմունքը կանանց նկատմամբ ու այն ճնշումը, որը տղամարդիկ գործադրում են կանանց հանդեպ: Սակայն, ի տարբերություն Պարսկաստանում տիրող վիճակին, դա դեռ ոչինչ է: Շատ անգամներ եմ լացել ու աղոթել իրանուհիների համար:
Կանանց այնտեղ չի թույլատրվում մենակ դուրս գալ փողոց: Լինում է, որ փոքր տղաներն են գալիս իրենց ավագ քույրերին դպրոցից տուն տանելու: Կարևորն այն է, որ աղջկա կողքին տղա լինի, ու կապ չունի, որ նա փոքր է տարիքով: Շատ դժվար է իրականում հասկանալ ու ընդունել այդ իրավիճակը:
Ականատես եմ եղել մի քանի անգամ, թե ինչպես են կանայք դեռ ինքնաթիռն Իրանի օդանավակայանում վայրէջք չկատարած միանգամից ծածկում իրենց գլուխները: Ուր եմ ընկել – կասեր յուրաքանչյուր աղջիկ այս իրավիճակում:
Ամեն օր տանից դուրս գալիս մտածում էի, թե այսօր տեսնես ինչ ապրումներ եմ ունենալու: Փողոցով մենակ քայլելուց հնարավոր է ձեզ վիրավորեն կամ բռնանան: Ամեն անգամ, երբ մեկն ինձ անհանգստացնում էր, ափսոսում էի, որ Կորեայում թեքվանդո չեմ սովորել: Աղոթում էի, որ Աստված ինձ պաշտպանի վտանգներից: Կորեայում ապրելիս երբեք այդքան հաճախ չէի աղոթել:
Ամեն դեպքում դու որոշեցիր մնալ ու ապրել Իրանում: Ի՞նչն էր քեզ պահում այնտեղ
Մարդիկ: Նրանք շատ բարեհամբույր են ու միշտ պատրաստ են օգնելու: Իրանում կորեերեն էի դասավանդում ու մի քանի ուսանողներ ունեի: Երբ հասկացա, թե ինչ բարի հոգի ունեն նրանք, ավելի կապնվեցի Իրանի հետ ու սիրեցի այդ երկիրը, չնայած այլ հանգամանքներին: Այն լքելուց հետո դեռ երկար ժամանակ կարոտում էի ու ուզում էի հետ գնալ:
Ուրիշ ինչով ե՞ս զբաղվել Իրանում
Մոտ մի տարի լեզուն էի սովորում, հետո աշխատանքի անցա տուրիզմի ոլորտում: Աշխատում էի Հարավային Կորեայից եկած զբոսաշրջիկների հետ, հրավիրում էի նրանց Իրան ու ցույց էի տալիս երկիրը: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու սրաբազան վայրերը, որոնց մասին պատմվում է մեր սուրբ գրքերում:
Հինգ տարի եմ ապրել Իրանում ու հինգ տարի զբաղվել եմ տուրիզմով: Ամեն ինչ լավ էր, մինչև իրանական ղեկավարության քաղաքականության վերանայումը: Զբոսաշրջիկների մեջ նրանք սպառնալիք էին տեսնում իրենց այդքան փակ մշակույթի համար, այդ պատճառով շատ տուրիստներ դժվարություններ էին ունենում վիզա ստանալու հարցում:
Իրանում ապրելու ժամանակ, տուրիստներից մեկի միջոցով ծանոթացա իմ ապագա ամուսնու հետ: Սկսեցինք միասին ապրել ու տուրիստական բիզնեսով զբաղվել. միայն մենք էինք Հարավային Կորեայից տուրեր վաճառում Իրանին: Մեր բիզնեսը ծաղկում էր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ իրանական ղեկավարությունը որոշեց արհեստական խնդիրներ ստեղծել վիզա ստանալու հարցում:
Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք Թուրքիա գնալ
Գաղափար չունեինք, թե ինչով ենք զբաղվելու Հարավային Կորեա վերադառնալու դեպքում, սակայն վստահ էինք, որ նախկին աշխատանքին չենք վերադառնալու: Իրան այցելող մեր տուրիստներից շատերը միանգամից չէին վերադառնում Կորեա: Նրանք այցելում էին Հունաստան, Թուրքիա, Եվրոպա: Ամուսնուս հետ երկար մտածում էինք մեր տուրիստական բիզնեսը Թուրքիայում շարունակելու մասին: Դրանից առաջ երկուսս էլ եղել էինք Թուրքիայում ու շատ էինք հավանել այդ երկիրը: Արդյունքում որոշեցինք, որ կկարողանանք այնտեղ մեր բիզնեսը շարունակել ու տողափոխվեցինք:
Իսկ ինչպե՞ս պատահեց , որ որոշեցիք հենց Մերսինում ապրել
Սկզբում եկանք Ստամբուլ, բայց ինձ համար այն շատ աղմկոտ, ապրելու համար բարդ ու թանկ վայր է: Այդպես էլ չսիրեցի այդ քաղաքը: Մեր աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ պարտադրված չէինք անըդհատ Ստամբուլում լինել: Գալիս էինք միայն այն ժամանակ, երբ տուրիստական խմբերը ժամանում էին քաղաք:
Մերսինի մասին մեզ պատմել է Ադանայում ապրող մեր ընկերը: Անցյալում քրիստոնյաների համար սուրբ այդ քաղաքը, որը կոչվել է Տարսուս, նավահանգստային քաղաք էր: Հենց որ տեսանք Մերսինը, հասկացանք, որ շատ գեղեցիկ ու հանգիստ վայր է ու որոշեցինք այնտեղ տեղափոխվել:
Ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայի մասին
Թուրքիա առաջին անգամ եղել եմ 2002թ.: Այցելել եմ թուրքական քաղաքների մեծ մասը: Թուրքիան մուսուլմանական երկիր է, սակայն, ի տարբերություն այլ մուսուլմանական երկրների, թուրքերը գրկաբաց մարդիկ են, այստեղ շատ հարմար է ապրել: Թուրքիայում ապրելու տարիներին դեռ ոչ մի անգամ ինձ վտանգված չեմ զգացել փողոցներում: Թուրքերն իրենց խառնվածքով նման են պարսիկներին, սակայն ի տարբերություն Իրանի, այստեղ ճնշումն ավելի քիչ է, դրա համար ուզում ես ապրել Թուրքիայում:
Դժվար է՞ր թուրքերեն սովորելը
Երբ պարսկերեն էի սովորում, շատ դժվար էր, քանի որ այն ոչ մի ընդհանուր բան չուներ կորեերենի հետ: Սակայն, թուրքերենի դեպքում այդքան դժվարություններ չունեցա. թուրքերենն ու կորեերենն ընդհանուր նմանություններ ունեն, իսկ թուրքական այբուբենն ավելի հեշտ է, քան պարսկականը: Պարսկերենին տիրապետելու համար երկու տարի անհրաժեշտ եղավ, իսկ թուրքերենին՝ ընդամենը մեկ:
Կարող ե՞ս մի քիչ պատմել Մերսինում քո կյանքի մասին
Մերսինում ունեմ իմ գեղարվեստի ստուդիան, ուր ուսանողները գալիս են կորեերեն ու նկարչություն սովորելու: Կիրակի օրերին, ինձ հարազատ մարդկանց կանչում եմ այնտեղ միասին աղոթելու, իսկ հատուկ տոներին, ինչպես օրինակ Զատկի տոնին, հարևաններս մեզ են միանում ու միասին նշում ենք: Մերսինում կյանքը շատ հարմարավետ է: Ես շրջապատված եմ համբերատար, ջերմ ու բարեհամբույր մարդկանցով: Միակ բանը, որը ինձ դուր չի գալիս այստեղ՝ չափազանց շոգ ամառն է:
Գիտեմ, որ տաս տարեկան դուստր ունես: Կպատմե՞ս մի քիչ նրա մասին, Թուրքիայում նրա ուսման մասին
Աղջիկս ծնվել է Իրանում: Թուրքիա տեղափոխվեցինք, երբ լրացավ նրա մեկ տարեկանը: Քանի որ ես և ամուսինս Կորեայի տարբեր հատվածներում ենք ապրել, մեր ակցենտները տարբեր են: Դրա համար որոշեցինք մեր աղջկան ճիշտ արտասանություն սովորեցնել:
Աղջիկս լավ խոսում է և կորեերեն, և թուրքերեն: Երբ գնում ենք Կորեա, կարոտում է Թուրքիան: Նրան դուր է գալիս այստեղ. շատ է կապված իր թուրք ընկերների հետ ու շատ լավ է սովորում: Չեմ կարող ասել, որ թուրքական կրթությունը կորեականից վատն է: Հնարավոր է, որ այն նույնիսկ ավելի լավն է: Կորեայում կրթության նկատմամբ ցուցաբերում են ավելի խիստ ու կարգապահ մոտեցում: Դասերից հետո կորեական աշակերտներն այցելում են լրացուցիչ դասընթացների, ինչն ահավոր հոգնեցնում է: Մինչդեռ այստեղ, աղջիկս դասից տուն է գալիս, տնայիններն անում ու գնում ընկերների հետ զբոսնելու:
Իսկ ի՞նչ կասես իրանական ու թուրքական խոհանոցների մասին
Ես կարող եմ ամեն տեսակի ուտելիքի հարմարվել, բայց իրանական կերակրատեսակներն ինձ համար ավելի ծանր էին, քան թուրքականները: Մենք շատ ենք սիրում թուրքական խոհանոցը: Աղջիկս հատկապես հավանում է լահմաջոն և տանտունին:
Եվ վերջին հարցս. Ի՞նչ կասես, եթե ընդհանուր առմամբ համեմատես Հարավային Կորեան, Իրանն ու Թուրքիան
Հարավային Կորեան զարգացած երկիր է և մարդիկ այնտեղ բնավորությամբ շատ հանգիստ են: Հիմնականում կորեացիներն ապրում են ամեն մեկն իր ու իր ընտանիքի կյանքով ու չեն անհագստացնում ոչ ոքի: Իրանում մարդիկ ավելի խառն են. անըդհատ ինչ-որ բանի մասին մտածում են, ուսումնասիրում են, խոսում են: Արվեստի բնագավառում իրանցիներին համարում եմ հաջողակ, հատկապես գեղանկարչության ու մանրանկարչության ոլորտներում: Իրանցիների մեջ ինչ-որ հատուկ կրակ կա, որը երբեմն չեն կարողանում զսպել: Այդ մարդիկ շատ շուտ են բռնկվում ու չափազանց նյարդային են: Իսկ Թուրքիան իմ համար ոսկե միջինն է: Թուրքիայում բոլոր տարիքի մարդիկ, կանայք ու տղամարդիկ կարող են միասին պարել ու ուրախանալ: Ես շատ եմ հավանում Թուրքիան ու ուզում եմ շարունակել այստեղ ապրել:
Թարգմանել է Մանան Աջամյանը
Մեկնաբանություններ