Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
6 հարց 6 հայերին 6 երկրներից

6 հարց 6 հայերին 6 երկրներից

1. Ի՞ նչ ես կարծում, մենք ունենք ամուր և կազմակերպված Սփյուռք: 

Արսեն, Ռուսաստան՝ Ես կարծում եմ, որ ոչ: Չնայած կան և գործում են մեծ թվով կազմակերպություններ, որոնք միտված են համախմբելու հայկական Սփյուռքը, երբ հարկավոր է, Սփյուռքն ունակ չէ կազմակերպված գործել, հանդես գալ ողջ հայության  անունից, և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի բոլոր հայերի ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Սուսաննա, Աբխազիա՝ Այո: Դա միանգամից կարելի է նկատել, քանի որ հայերը, չնայած սփռված են ողջ աշխարհով մեկ, փորձում են և պահպանել են լեզուն (կառուցվել են հարյուրավոր հայկական դպրոցներ), մշակույթն ու ավանդույթները: Ամեն տարի համայնքներում անկացվում են ավանդական միջոցառումներ: Աբխազիայում երկու այսպիսի միջոցառում  ունենք. հայկական երգերի փառատոնն ու համշենահայերի մշակույթի ու կենցաղի մասին «Համշեն» փառատոնը: Բացի դրանցից, տարբեր քաղաքներից ու երկրներից հայկական համայնքները համագործակցում են միմյանց հետ ու անցկացնում համատեղ միջոցառումներ: Այս ամենը վկայում է այն մասին, որ չնայած մեր ազգի կրած զրկանքներին, դրա ոգին ուժեղ է, իսկ մենք՝ միասնական:

Կարեն, Էստոնիա՝ Մեր Սփյուռքի կազմակերպվածությունն ու ամրությունը գնահատելը բարդ է: Ես ուրախ կլինեի ականատես դառնալ ավելի շատ դեպքերի, որոնք կհաստատեին այդ հատկանիշները: Որոշ երկրներում համայնք որպես այդպիսին գոյություն չունի՝ չկան մշտական կապեր ու ընդհանուր գաղափարներ: Այն երկրներում, որտեղ այդ կապերը գոյություն ունեն, համայնքը գրեթե չի գոյատևում երրորդ սերնդից հետո, հատկապես եթե այն չի համալրվում նոր միգրանտներով: 

Անայիս, Ֆրանսիա՝ Այո, ես մեր Սփյուռքը համարում եմ համախմբված: Դա հատատում են աշխարհով մեկ գործող բազմաթիվ հայկական կազմակերպությունները, որոնք ջանք չեն խնայում մեր մշակույթը տարածելու, մեր իրավունքները պաշտպանելու և մեզ միավորելու համար: Սակայն, ես կուզենայի, որ այդ կազմակերպություններն ունենային ավելի առաջադիմական հայացքներ և ոչ թե պահպանողական, ինչպիսին է ներկայումս դրանց մեծամասնությունը: Եթե մենք ուզում ենք լինել ավելի ուժեղ, պետք է լինենք բաց այլ կրոնական և էթնիկական համայնքների համար և միավորենք բոլոր ջանքերն ամեն տեսակի խտրականությունների դեմ: Անհանդուրժողականությունն ու միմյանց ըստ տարբեր չափանիշների բաժանելու հայերին բնորոշ հատկանիշը միայն  թուլացնում են մեզ  և մարգինալացնում այլ համայնքներից:

Ջոել, Ավստրալիա՝ Որոշ առումով այո, որոշ առումով ոչ: Հայերը համախմբած են ու ուժեղ, սակայն միայն խաղաղ ժամանակ: Սփյուռքում, բացառությամբ մի քանի դեպքերի, հայերի միջև կա գաղտնի պայքար ու մրցակցություն, որը երբեմն հասնում է ծայրահեղ վիճակի:

Մեղրի, Իրան՝ Այո: Սփիւռքում գոյութիւն ունեն մեծ թւով հայ համայնքներ, որոնցից շատերը շատ ուժեղ ու կազմակերպւած են: Հենց այդ հարուստ, կազմակերպւած ու անցեալ ունեցող հանայնքներից մէկն է Նոր Ջուղան: (Սպահան, Իրան): Սերտ կապեր ունեն այս համայնքները Հայաստանի ու Արցախի հետ: Իսկ փոխյարաբերութիւնները սփիւռքի տարբեր համայնքների միջև պիտի զարգանան ու լինեն աւելի ընդարձակ կերպով:

2. Որտե՞ղ ես տեսնում քո ապագան:

Արսեն, Ռուսաստան՝ Ռուսաստանում կամ Հայաստանում: Սակայն, չեմ բացառում նաև այլ երկրները:

Սուսաննա, Աբխազիա՝ Իմ ապագան տեսնում եմ Աբխազիայում, որտեղ ծնվել ու մեծացել ենք ես, ծնողներս ու պապերս:

Կարեն, Էստոնիա՝ Մոտ ապագաս տեսնում եմ Էստոնիայում: 

Անայիս, Ֆրանսիա՝ Ես չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել: Կենտրոնանում եմ ներկայի վրա: Տեսնենք, թե ուր կբերի ինձ կյանքը:

Ջոել, Ավստրալիա՝ Չորս տարվա ընթացքում պլանավորում եմ գալ Հայաստան, իսկ ութ տարում տեսնում եմ ինձ Երևանում մորս ու ընտանիքիս հետ:

Մեղրի, Իրան՝ Դժւար է հստակ ասել: Չգիտես էլ թէ կեանքը քեզ ուր կը տանի: Ինձ համար շատ տարբերակներ գոյութիւն ունեն: Բայց գիտեմ այն որ եթէ նախկինում մտադիր էի տեղափոխւել Եւրոպա կամ Ամերիկա, հիմա արդեն առաջին տարբերակն որի մասին մտածում եմ, դա անշուշտ Հայաստանն է:

3. Արտերկրում ապրելովդու ինչպե՞ս ես վերաբերվում խառը ամուսնություններին:

Արսեն, Ռուսաստան՝ Եթե դա վերաբերում է ինձ կամ իմ հարազատներին, ապա ես դեմ եմ խառը ամուսնություններին: Բայց չեմ էլ կարծում, որ իրավունք ունեմ անծանոթ մարդկանց ուղղություն տալու, թե ինչպես վարվեն, ում հետ ամուսնանան:

Սուսաննա, Աբխազիա՝ Ես ապրում եմ բազմազգ երկրում և ըմբռնումով եմ մոտենում խառը ամուսնություններին: Ճիշտ է, ծնողներս այլ կարծիքի են, սակայն հանդուրժողականություն են ցուցաբերում իմ հայացքների նկատմամբ:

Կարեն, Էստոնիա՝ Ընդհանրապես, եթե ամուսնությունն անշահախնդիր է ու երկկողմանի համաձայնեցված, արդեն լավ է: Եթե նայենք դրան ազգային ինքնագիտակցությունը պահպանելու կողմից, դա ռիսկ է: Սակայն պետք է ընդունենք, որ ամենամեծ ռիսկը դա հենց սփյուռքի առկայությունն է:

Անայիս, Ֆրանսիա՝ Կարծում եմ, ամեն մարդ պետք է հնարավորություն ունենա վարվել իր կյանքի հետ այնպես, ինպես ցանկանում է: Հրաշալի կլինի, եթե ամուսնանաս հայի հետ: Նույնչափ հրաշալի կլինի, եթե ամուսնանաս համայնքից դուրս ինչ-որ մեկի հետ: Եթե չես ուզում ամուսնանալ ՝ խնդրեմ, մի ամուսնացիր: Այո, կարևոր է պահպանել մեր մշակույթն ու լեզուն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ինքներս մեզ մեկուսացնենք մնացած համայնքներից: Կարծում եմ, բոլորս ուրախ ենք տեսնել այնպիսի մարդկանց, ինչպիսին է օրինակ, Սերենա Ուիլիամսը.  նրանց ներկայացնում են հայկական մշակույթը և  նրանք հպարտությամբ իրենց հայ են կոչում, շնորհիվ իրենց հայ զուգընկերների: Ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնք ծնվել են խառը ամուսնություններից, սակայն Հայաստանի մասին ավելի շատ բան գիտեն ու հայերեն ավելի լավ են խոսում, քան ես , չնայած որ հարյուր տոկոսով հայ եմ: Այնպես որ, եթե մարդիկ կարծում են, թե խառը ամուսնությունները վատ են ազդում համայնքի պահպանման վրա, նրանց մտավախությունները կարելի է փարատել փաստերի միջոցով:

Ջոել, Ավստրալիա՝ Խառը ամուսնությունները վատ են երկրի ներսում, ուր մնաց թե երկրից դուրս: Ընդամենը մեկ սերունդ բավարար է, որ մշակույթն ու ավանդույթները վերանան: Ես դա ասում եմ, քանի որ այդպիսի անթիվ ընտանիքներ գիտեմ: Ես ել էի դասվելու այդ շարքին, մինչև որ որոշեցի, որ հայ լինելն ինձ համար կարևոր է:

Մեղրի, Իրան՝ Պայմանները տարբեր երկրներում տարբերւում են: Ես ապրում եմ այնպիսի քաղաքում որտեղ հայերը ապրել ու գոյատևել են առաւել քան 400 տարի: Պարզ է որ եթէ խառն ամուսնութիւնները մեզ մօտ ընդունւած լինէին, հայերը որպէս հայ ու որպէս քրիստոնեայ այստեղ երկար չէին գոյատևելու: Ըստ երկրի օրէնքի, եթէ կողմերից որևէ մէկը մուսուլման չէ, ամուսնութեան ժամանակ դա նա է որ պէտք է կրօնափոխ լինի ու մուսուլման դառնայ (գոնէ առերես): Դա ազգային դիտանկիւնից: Իսկ եթէ հարցին նայում եմ որպէս զուտ մարդկային յարաբերութիւններ, ես ճշտող ու դատողը չեմ թէ որն է ճիշտ, որը սխալ:

4. Ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այս երկրում:

Արսեն, Ռուսաստան՝ Ես, ինչպես և ծնողներս, ծնվել եմ Հայաստանում: Ընտանիքիս հետ ապրում եմ Ռուսաստանում: Ինչ վերաբերում է հայրական կողմիս նախնիներին, նրանց՝ 17-րդ դարի սկզբին պարսկա- օսմանյան պատերազմի պատճառով բռնի տեղափոխել  են Պարսկաստանի խորքերը: Հայաստան, այդ պահին արդեն Սովետական, հորս ազգը վերադարձել է 1947թ. և հենց այդ ժամանակ էլ բնակություն է հաստատել ներկայիս Արմավիրի մարզում: Մայրական ճյուղս ապրում է Տավուշի մարզում, ուր նրանք տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղից 19-րդ դարի սկզբին:

Սուսաննա, Աբխազիա՝ Մորական կողմս 19-րդ դարի 90-ական թթ. է եկել այստեղ, փրկություն գտնելով Սուլթան Աբդուլ Համիդի հետապնդումներից (Տրապիզոն): Հայրական կողմս եկել  է այստեղ 1915 Ցեղասպանության ժամանակ (Օրդու, Ջանիկ):

Կարեն, Էստոնիա՝ Մայրս Աբխազիայի համշենահայ է: Մենք ապրել ենք Աբխազիայում: Երբ 1992 պատերազմ սկսվեց այնտեղ, հնարավորություն կար Էստոնիա տեղափոխվելու: Պատերազմից հետո որոշեցինք չվերադառնալ Սուխումի:

Անայիս, Ֆրանսիա՝ Ընտանիքս ծնունդով Արևմտյան Հայաստանից է (Սեբաստիա և Բուրսա): Ցեղասպանության տարիներին բարեկամներիցս մի քանիսը փախել են Հունաստան, մյուսները՝ Ֆրանսիա, իսկ ոմանք ապաստան են գտել Լիբանանում: 1940-ական թթ. ապուպապս ընտանիքի հետ որոշում է տեղափոխվել Սովետական Հայաստան, որտեղ ծնվում են ծնողներս: Սակայն, որոշ ժամանակ անց , վատ պայմանների պատճառով տատիկս ու պապիկս որոշում են գնալ արտերկիր, իսկ 1970-ական թթ. նրանք վերադառնում են Ֆրանսիա: Ես ծնվել եմ այստեղ, Ֆրանսիայի արվարձանում:

Ջոել, Ավստրալիա՝ Ցեղասպանության ժամանակ հայրական կողմիս նախնիներին տեղահան են արել Վանից ու տարել Եգիպտոս: Ընտանիքս մինչև Աբխազիա տեղափոխվելը վերադարձել է Սովետական Հայաստան, իսկ հետո ՝ 1975թ. վերջնական տեղափոխվել է Ավստրալիա: Մորս ընտանիքին արտաքսել են Բրիտանիայից Բրիտանական արքունիքի դեմ կազմակերպված Շոտլանդական ապստամբության ժամանակ:

Մեղրի, Իրան՝ Անցեալում Նախիջևանի մօտ, երկու սարերի միջև եղել է հարուստ մի հայկական քաղաք, Ջուղա անունով որից անցնում էր Արաքս գետը (հիմա էլ դեռ գոյութիւն ունի բայց ոչ անցեալի շքեղութեամբ): Քաղաքը հողագործութեան համար լաւ պայմաններ չունէր, բայց միջազգային առևտրի ամենակարևոր կենտրոններից մէկն էր համարւում: Սեֆևեաննեերի թագաւորութեան ժամանակ, Շահ Աբբաս առաջինը իր երկիրն ու մայրաքաղաքը մանաւանդ զարգացնելու նպատակով Ջուղայի հայերին 1604 թ. գաղթեցնում է Իրան: Գաղթականների մի մասն, հիմնականում գիւղացիներին, տեղափոխեցին Սպահան(ժամանակի Իրանի մայրաքաղաք) քաղաքի շրջակայ գաւառներ: Իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանում թոյլատրեցին բնակւել Սպահանում: 1605 թ. Հայերը գեղեցիկ շէնքեր կառուցեցին,այդ թւում հայկական եկեղեցիներ,դպրոցներ ու միութիւններ: Հին Ջուղայի փառքն մեծարելու և միշտ յիշելու նպատակով հայերն իրենց նոր բնակավայրը կոչեցին «Նոր Ջուղա»: 400 տարի աւել է ինչ հայերը ապրում են այս քաղաքում: Հայերը Իրանում մեծ աւանդ ու ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում ու ոնց պարսիկներն են ասում՝ իրենք մեզ պարտական են շատ բաների համար:

5. Ո՞ր հայկական ավանդույթներն է պահպանում ձեր ընտանիքը:

Արսեն, Ռուսաստան՝ Միասին շատ ժամանակ անցկացնելն է ամենակարևոր ավանդույթը, որը մենք պահպանում ենք:

Սուսաննա, Աբխազիա՝ Մենք նշում ենք Զատիկը, Սուրբ Գևորգի (Խնդրելեզ) տոնը և Ամանորը:

Կարեն, Էստոնիա՝ Ինչ-որ հատուկ հայկական ավանդույթների չենք հետևում: Սակայն, նշում ենք բոլոր քրիստոնեական տոները: Մեր ավանդական լինելը մեր արժեքների մեջ է, որոնք առօրյայում անցնում են մեր երեխաներին, օրինակ խոհարարարական հմտությունները: 

Անայիս, Ֆրանսիա՝ Ընտանիքիս համար, հատկապես մայրիկիս, միշտ կաևոր է եղել մեր մշակույթի պահպանումը: Երբ փոքր էի,մայրս ասում էր, թե ֆրանսերեն չի հասկանում (բայց հասկանում էր), որ տանը ստիպված հայերեն խոսեինք:  Մայրս նաև հրաշալի խոհարար է և գրեթե ամեն օր համեղ հայկական ուտելիքներ է պատրաստում: Երբ այլազգի ընկերներս գալիս են հյուր, նրանց հայկական ուտելիքներ ենք հյուրասիրում, որոնք շատ են  հավանում: Բոլոր հայկական տոները նշում ենք հայերի հետ հավասար, բացի Սուրբ Ծնունդից, որը նշում ենք ֆրանսիացիների հետ՝ դեկտեմբերի 25-ին:

Ջոել, Ավստրալիա՝ Ընտանիքիս մեծ մասը չի հետևում ավանդույթներին: Նրանք Սովետական Աբխազիայում ապրելու տարիներին շատ են ռուսականացվել: Ես առաջին մարդն եմ իմ տատիկից ու պապիկից հետո, ով գոնե մի քիչ խոսում է հայերեն և առաջին մարդն եմ մեր ընտանիքում 1950 թ. այս կողմ, ով հայերենով գրել-կարդալ գիտի:

Մեղրի, Իրան՝ Մեզ Հայաստանի ու հայկական մշակոյթի հետ կապւած ամէն ինչն է հետաքրքրում: Յետևում ենք հայրենիքում տեղի ունեցող հիւրաքանչիւր իրադարձութեանը: Տօնում ու նշում ենք մեր ազգային ու կրօնական բոլոր տօներն ու առիթները: Գնահատում ենք հայկական բրանդների աշխատանքը, որոնք փորձում են նոր շունչ տալով աւանդական զգեստներին ու տարազներին, դրանք դարձնել մերօեայ: Հայկական ուտեստներ էլ պատրաստում ենք, իսկ ազդւած նաև տեղի ուտեստներից,համեմունքներից ու պատրաստելու ոճից: Օրինակ հայկական տոլման մենք պատրաստում ենք ոչ լրիւօրէն հայաստանեան ոճով, ոչ էլ պարսկական:

6. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հայ լինել: (Ո՞վ կարող է հայ համարվել:)

Արսեն, Ռուսաստան՝ Ես կարծում եմ կան երկու չափանիշներ՝ մշակութային կապ և ինքնագիտակցություն: Այս չափանիշները սերտ կապված են միմյանց հետ: Մշակութային կապ ասելով, նկատի ունեմ լեզուն, ավանդույթները (բայց ոչ կրոնը): Ինչ վերաբերում է ինքնագիտակցությանը, դա մարդու անձնական վերաբերմունքն է վերոհիշյալ մշակութային կապի հանդեպ: Հայ է նա, ով համապատասխանում է այս երկու չափանիշներին:

Սուսաննա, Աբխազիա՝ Մարդ, ով անցել է հավատքի, գրի պահպանման ու գոյության համար մղվող բազմադարյան պայքարի միջով: Մարդ, ով զգացել է կյանքի բոլոր դժվարությունները, սակայն մնացել է անկոտրում:

Կարեն, Էստոնիա՝ Հայ կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հայ լինել: Դեռ ոչ մի անգամ չեմ կասկածել նրանց, ովքեր իրենց հայ են կոչել: Ամեն մի հայ էլ գիտի, թե ինչումն է գաղտնիքը, բայց ես  չեմ ուզում այդ մասին հանրայնորեն բարձրաձայնել:

Անայիս, Ֆրանսիա՝ Յուրաքանչյուր մարդ, ով հայկական ժառանգության կրողն է կամ Հայաստանի քաղաքացի է և իրեն նույնականացնում է հայի հետ ՝ ուրեմն հայ է: Չկա այդպես կոչված  «հայկական քարտ», որը տալիս են կամ վերցնում են: Ես շատ մարդկանց եմ հանդիպել, որոնց ասելով ֆեմինիստների կամ սեռական փոքրամասնությունների շարքին պատկանող մարդիկ հայեր չեն, որ նրանք եվրոպականացված են և օտարերկրացիների ազդեցության ներքո ցանկանում են մասնատել հայկական հասարակությունը: Այս տեսակ ենթադրություններն անհիմն են և տգեղ, հիմնված են ռադիկալ ազգայնական և պահպանողական գաղափարախոսությունների վրա, որոնք վտանգավոր են մեր հասարակության համար: Դրանց պետք է վերջ տալ: Բոլոր մարդկանց իրավունքները պետք է հարգել, անկախ նրանց սեռական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից կամ ցանկացած այլ պատճառով, որը ֆանատիկները կարող են  վերագրել մարդուն հայության շարքերից նրան բացառելու համար:

Ջոել, Ավստրալիա՝ Իմանալ, թե որտեղից ես ու ով ես դու , հոգ տանել քո հայրենիքի մասին: Խոսել, կարդալ ու գրել, ինչպես մենք : Եթե հնարավորություն չես ունեցել սովորել, ինչպես մեզանից շատերը, գոնե պետք է փորձես: Միշտ հիշել, թե ով ես դու և թույլ չտալ որ ինչ-որ արտաքին ուժ փորձի թուլացնել քեզ:  Պահել ազգային կրոնը (Առաքելական եկեղեցի) ու ամենակարևոր ավանդույթները: Թեև դա բոլորի համար սուբյեկտիվ է, ես հավատում եմ, որ կրոնը, ավանդույթներն ու վարվելակերպը մշակութային ինքնությունը պահպանելու գործում ամենակարևորն են: 

Մեղրի, Իրան՝ Երևի հայի քթից կարելի է դա առաջին իսկ պահից հասկանալ (smile): Իրականում կա այդպիսի հետաքրքիր բան, որ երբ հանդիպում ենք ինչ որ անծանօթի, եթէ նա հայ է լինում, դա զգում ենք առաջին իսկ պահից, նախքան խօսելու ու շփւելու:Դա չգիտեմ ինչով է պայմանաւորւած, բայց դա այդպէս է: Հայերէն լեզւով խօսելն ու այն պահպանելն անկասկած կարևոր է բոլորիս համար: Բայց աշխարհիս երեսին ապրում են մեծ թւով հայեր որոնք հայերէն խօսել չգիտէն, բայց ոգով հայ են: Դա ինձ համար շատ կարևոր է ու հային իր հոգով եմ ճանաչում: Հայի ազատատենչ ոգին, որի մէջ տեսնում եմ թէ թախիծ, ցաւ, տառապանք,մենութիւն ու կարօտ, թէ հպարտութիւն,անհնազանդութիւն ու վեհութիւն, բայց և միևնոյն ժամանակ անկեղծութիւն, բարութիւն ու ներողամտութիւն:

Մաս 2՝ 7 հարց 7 հայերին 7 երկրներից

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո