Հայկական հետքը Էրզրումի ֆոլկլորում
Ժամանակակից Էրզրումը թուրքական համանուն շրջանի վարչական կենտրոնն է: Հնում քաղաքն ունեցել է տարբեր անվանումներ: Դրա հայկական անվանումը եղել է Կարին: 15-րդ դարի իսպանացի ճանապարհորդ Ռուի Գոնսալես դե Կլավիխոն պատմում է Էրզրումի մասին.
«Քաղաքը գտնվում էր հարթավայրային տարածքում, ուներ ամուր քարե պատ, աշտարակներ, որոնցից այն կողմ ամրոցն էր: Քաղաքը խիտ բնակեցված չէր, սակայն այնտեղ կար հայկական հրաշալի մի եկեղեցի, որն առաջ պատկանում էր հայ քրիստոնյաներին, որոնց թիվը քաղաքում զգալի մեծ էր»:
Էրզրումում հայ բնակչությունն ապրում էր ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը՝ մինչ Երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերը: Չնայած Էրզրումը փաստացի մաքրել էին հայկական բնակչությունից, թե քաղաքը, թե բնակչությունը դեռ կրում են հայկական մշակութային հետքը:
Էրզրումի բարբառը
Թուրքերենի Էրզրումի բարբառը նման է ժամանակակից ադրբեջաներենին և ունի զգալի թվով հայկական բառեր: Թուրքագետ Ռոբերտ Դանկոֆը իր «Հայկական փոխառությունները թուրքերենում» գրքում օրինակ է բերում մեծ թվով հայկական բառեր, որոնք կիրառվում են Էրզրումի և դրա մոտակա շրջանների բնակիչների կողմից.
Փանծար (կանաչի)՝ հայկական բանջարից; կոմ (ֆերմա) հայ. գոմ; հարմութ (խառնված)՝ հայ. խառն; թուշիկ (փափուկ)՝ հայ. թուշ; թոռուն(թոռ)՝ հայ. թոռն; թեթիկ (թաթ)՝ հայ. թաթիկ: Ռոբերտ Դանկոֆի գրքում հանդիպում է նաև բար (պար) բառը, որը նույն է թե հայերեն պարը (արևմտահայերենում այն արտասանվում է բար): Բարը և ոչ «dans» կամ «oyun» բառերն են կիրառվում Էրզրումի ազգային պարերի անվանումներում:
Էրզրումի ազգագրական պարերը
Թուրքերենում պարերի անվանումները կազմված են երկու բառերից՝ պարի անվանումից ու «պար» նշանակող բառից: Օրինակ, «Zeybek oyunu» (Զեյբեկների պարը) կամ «Bitlis dansi» (Բիթլիսի պարը): Վերոհիշյալ «բար» բառը կիրառվում է նույն ձևով: Դա հաստատելու համար օրինակ բերենք Էրզրումի մի քանի հայնտի պարերի անվանումները. «Koçeri barı» (Քոչարի), «Garabet barı» (Կարապետի պարը):
Koçeri barı /Քոչարի. հայտնի է Անատոլիայի ողջ տարածքում: Այն պարում են մի քանի ազգեր ՝ հայերը, թուրքերը, ադրբեջանցիները, քրդերը, ասորիները, Պոնտոսի հույները:
Ըստ թուրքական աղբյուրների Koçeri բառը ծագել է göçmek (տեղափոխվել, տեղահան լինել, թափառել) բառից: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու է այն արտասանվում koç (քոչ) այլ ոչ թե göç (գյոչ): Պատճառը հավանաբար այն է, որ պարի անվանումն ունի այլ ծագում, կամ այն մեկ այլ լեզվի ազդեցության տակ է եղել, որում բացակայում է [ö] հնչյունը (օրինակ հայերենում):
Garabet barı / Կարապետի պարը. Էրզրումցիների սիրելի պարն է, ինչի մասին վկայում է YouTube.com կայքում զետեղված տեսահոլովակների քանակը: Կարապետ անվանումը ոչ այլ ինչ է քան տղամարդու հայկական անուն: Այդ փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ պարի ծագումը, զարգացումն ու ժողովրդականացումը կապված են Էրզրումի հայերի հետ:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Էրզրւոմը և դրա հարևան տարածքները, չնայած հայ բնակչության ֆիզիկական ոչնչացմանը, շարունակում են կրել հայոց լեզվի ու մշակույթի ժառանգությունը:
Աղբյուրներ.
Руи Гонсалес Де Клавихо — «Дневник путешествия в Самарканд ко двору Тимура (часть 2)»;
Robert Dankoff — «Armenian Loanwords in Turkish»;
YouTube channel — Alper Sokak;
Մեկնաբանություններ