Վաքըֆ. միակ հայկական գյուղը Թուրքիայում
Թուրքիայի Սամանդաղ շրջանի Հատայ նահանգում դեռ կանգուն է հայկական Վաքըֆ գյուղը: Հայերն այնտեղ ապրել են Օսմանյան կայսրությունից առաջ , իսկ հիմա գյուղ են վերադառնում նրանց սերունդները: Մոսկվայի և Երևանի մեր հայ ընկերների հետ միասին նույնպես որոշեցինք այցելել այն:
Ի՞նչ պատմություն ունի այդ գյուղը:
1915 թ. Օսմանյան իշխանությունների տեղափոխվելու մասին հրամանը կատարել հրաժարվող հայերը ֆրանսիացիների օգնությամբ ինքնապաշտպանություն են կազմակերպում Մուսա լեռան ստորոտին: Հատայի, Վաքըֆի, Հիդիր բեկի, Բիթիյազի, Ուեզուրի և այլ գյուղերի բնակիչները կոտորածի չենթարկվելու համար բարձրանում են սարն ու դիմադրություն ցույց տալիս թուրք զինվորներին: Ինչպես ասում են, մոտ 1500 հայեր համաձայնվել են տեղահան լինել, մինչդեռ յոթ գյուղի 4500 հայեր որոշել են ընդդիմանալ դրան: Արդյունքում, երկարատև պայքարից հետո նրանք փրկվում են, և 4500 խռովարարների տեղ են տալիս ֆրանսիական հածանավի վրա: Նրանց ուղարկում են Պորտ-Սաիդ, Եգիպտոս: Չորս տարի փրկված հայերը ստիպված են լինում մնալ Եգիպտոսում, մինչև վտանգավոր իրավիճակը կայունանար և նրանք հնարավորություն ունենային վերադառնալ իրենց գյուղերը:
1939 թ. Հատայը դառնում է թուրքական նահանգ: Հենց այստեղից էլ սկսվում է վերջին հայկական Վաքըֆ գյուղի պատմությունը: Այլ գյուղերի բնակիչները արտագաղթում են Սիրիա, իսկ Վաքըֆի բնակիչները շարունակում են մնալ իրենց գյուղում: Հետզհետե հարևան գյուղերի բնակիչները սկսում են տեղափոխվել Վաքըֆ: Այսօր այնտեղ ապրում է մոտ 150 մարդ: Գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 5500 ակր:
Իմ հայ ընկերների համար գյուղ այցելելը հարգանքի տուրք էր նրանց նախնիներին և վերադարձ էր դեպի արմատները: Նրանց համար այդ գյուղը հիմա պատմության մի մաս է: Երբ մենք հասանք գյուղ, միանգամից նկատեցինք մի հարկանի տների պատշգամբներում աճող ծաղիկների բույրը և մարդկանց, որոնք ջերմորեն դիմավորեցին մեզ: Ոչ միայն գյուղն է տարիքն առել, այլ դրա բնակիչների մեծ մասը տարեցներ են: Մարդիկ այնտեղ ապրում են գյուղատնտեսությամբ զբաղվելով, այդ իսկ պատճառով երիտասարդները նախընտրում են գնալ Ստամբուլ սովորելու: Ուսումն ավարտելուց հետո նրանք մնում են խոշոր քաղաքներում, հասկանալով, որ գյուղում աշխատանք չեն գտնելու, սակայն չեն մոռանում վերադառնալ գյուղ տոների ժամանակ:
Երբ Սուրբ Մարիա եկեղեցու մոտ նստած տարեց հայ կանայք տեսնում են մեզ, ուրախանում են ու հրավիրում են ընթրիքի: Մինչ իմ ընկերները զրուցում են նրանց հետ հայերեն, ես նստած հետևում եմ նրանց: Ես հայերեն չեմ հասկանում, սակայն տեսնում եմ այն երջանկությունն ու բերկրանքը, որով լցված են այդ տարեց կանանց աչքերը:
Դեռ երեխա ժամանակ, նրանք անցել են տեղահանումների ու մասսայական խոշտանգումների միջով, բախվել են տառապանքների հետ: Ու հիմա, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ մի սեղանի շուրջ նստած , ծանոթանում են ու զրուցում: Անկասկած, այդ մարդկանց համար այդ տեսակ հանդիպումն առաջին անգամ չէր: Սակայն մեզ համար դա առաջին նման տեսակի հանդիպումն էր: Մենք հաջողություն մաղթեցինք կանանց, մեզ հետ տանելով աննկարագրելի զգացմունքներ: Հետո շարունակեցինք մեր էքսկուրսիան. սկզբում մտանք եկեղեցի, իսկ հետո ՝ դեպի գյուղի խորքերը:
Գյուղում ամենակարևոր տոնը օգոստոսի երկրորդ կիրակին է: Հենց այդ օրն են նշում Սուրբ Մարիայի տոնը: Այդ օրը մարդիկ Վակիֆլի են գալիս տարբեր շրջաններից և նույնիսկ արտերկրից: Գյուղը նաև նշանավոր է նրանով, որ այնտեղ մշակում են օրգանական մթերքներ: Գյուղի կանայք ստեղծել են կոոպերատիվ, որը զբաղվում է այդ մթերքների վաճառքով, որոնք մշակվել են նրանց իսկ կողմից: Այդպիսով նրանք խթանում են թե իրենց արտադրությանը, թե կոոպերատիվի զարգացմանը:
Գյուղի բնակիչները խոսում են այն բարբառով, որով խոսում են Մուսա լեռան հայերը: Դա հայկական բարբառներից մեկն է: Ներկայումս դրանով խոսում են 20.000 հայեր ողջ աշխարհում, սակայն, ցավոք սրտի, այն անհետանալու եզրին է: Երիտասարդները հասկանում են այդ բարբառը, սակայն չեն կարող խոսել դրանով:
Մինչև էքսկուրսիան ավարտելը, մենք ուղղվեցինք դեպի Մովսեսի լեռը, որտեղից մեր առաջ բացվում էին գյուղի յուրահատուկ բնապատկերները:
Իմ հայ ընկերները երջանիկ էին իրենց աչքերով տեսնել իր տեսակի մեջ յուրահատուկ գյուղի նիստ ու կացը, սակայն նրանց համար շատ հարցեր մնում էին անպատասխան: Ի՞նչ է լինելու գյուղի ճակատագիրը թվով փոքրածավալ տարեց բնակիչների մահվանից հետո: Ինչու՞ պետությունը ներդրումներ չի անում գյուղում, որպեսզի այն դառնա երիտասարդների համար ապրելու գրավիչ վայր: Չէ որ թե գյուղը, թե դրա բնակիչներն արժանի են ավելիին, քան տարվա ընթացքում մեկ-երկու այցելությունը…
Մեկնաբանություններ