Գրչի հարվածը կացնին. ադրբեջանական գրողի վեպը հայկական կոտորածների մասին
Ի՞նչ է մնում անելու մի գրողի, որը ոչ կարող է լռել, ոչ շշուքով խոսել:
Ինչպես Լեվ Աննինսկին է գրում ադրբեջանցի գրողի« Քարե երազներ» վեպի գրախոսությունում, ոչինչ չէր մի մնում անել, քան ուտքի կանգնել ատելության դեմ, ինչպես դա արեց Աքրամ Այլիսլին:
Երբ հետևում ես երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ երկրներում առկա ներքաղաքական իրավիճակին, հասկանում ես, որ հայերն ու ադրբեջանցիները հավերժ շղթայված են անհաշտ թշնամանքի ու ատելության կապանքներով: Այդ պարագայում, Աքրամ Այլիսլիի նման գրողների առկայությունն ու նրանց՝ աշխարհին հանդես գալը, ապացուցում են այն, որ ոչ մի պրոպագանդա ի զորու չէ մթագնելու իսկապես խղճամիտ ու համարձակ մարդու ուղեղը:
Աքրամ Այլիսլին պարզապես գրող չէր, և իրականում նա շատ բան ուներ կորցնելու: Նա արժանացել էր Ադրբեջանի Ժողովրդական արտիստի կոչմանը ու պարգևատրվել «Շոխրատ» շքանշանով ՝ ադրբեջանական գրականության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար: Բնականաբար, վեպի հետ կապված իրադարձություններից հետո նրան զրկում են կոչումից, սակայն դա չէ ամենավատ բանը, որը պատահում է նրա հետ: Մինչ Ադրբեջանի բնակիչները սկսում են հետապնդել գրողին, մեջլիսի պատգամավորները պահանջում են ստուգել նրա «գենետիկական կոդը», կազմապերպում են նրա գրքերի հրապարակային այրումն ու վերացումը:
Սակայն նա քաջատեղյակ էր, թե ինչ հետևանքներ էր ունենալու իր վեպը, որում ներկայացրել էր հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ողբերգության օբյեկտիվ պատկերը:
Աքրամ Այլիսլին ծնվել է 1937 թ. դեկտեմբերի 6-ին, Նախիջևանի ԻԽՍՀ-ի Այլիս (հայերեն՝ Ագուլիս) գյուղում: Նրա վեպի գլխավոր հերոսը՝ թատրոնի դերասան Սադայ Սադիգլին, (Բաքվի մտավորականության վառ ներկայացուցիչ) նման է վեպի հեղինակին. ինչպես գրողը, նա նույնպես ծնունդով Այլիս գյուղից է և նույնպես անհույս պայքար է մղում արդարության համար:
Վեպի գործողությունները նկարագրում են 1989 թ., հայերի ու ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի թեժ պահը: Գլխավոր հերոսը անգիտակից վիճակում հայտնվում է հիվանդանոցում. նա փորձել է փրկել մի տարեց հայի, որին ամբոխը ցերեկ օրով ծեծի էր ենթարկել Բաքվի փողոցներից մեկում:
Նրա ընկերն ու կոլեգան՝ Նուվարիշ Կարաբաղլին, ով հասցրել էր նրան հիվանդանոց, հուզված պատմում է տեղի ունեցածի մասին. «… հային սկզբում գցեցին լողավազանի սառը ջրի մեջ: Ծեր մարդ է, չէր կարող ջրում մնալ: Ուզում էր դուրս գալ: Այդ տղաները լողավազանի մոտ հավաքվել ծեծում էին նրան: Ախր Սադայ Սադիգլին, Աստված նրան պահապան, միշտ մի փորձանքի մեջ ընկնում է: Հենց ինքը պիտի էդ պահին հայտնվեր էդ անիծյալ տեղում: Նա չդիմացավ, այդքան բան: Ախր նա արտիստ է, մարդասեր անձնավորություն է: Սիրտը չի տարել , վազել է օգնելու»:
Հատկանշական է, որ Նուվարիշի ասելով հային ծեծողների մեջ եղել են Հայաստանում ապրող ադրբեջանցիներ, այսպես կոչված երազներ: «Այդ գրողի տարած փախստականներն ընդհանրապես չգիտեն հարգանքն ինչ բան է (…): Ոչ արտիստներին են ընդունում, ոչ բանաստեղծներին, ոչ էլ գրողներին: Միայն լսեն, որ մեկին հայ ասես, ոտքի տակ կառնեն ու կծեծեն, գազանների նման: Կտոր-կտոր կանեն, ու ոչ մեկ չի համարձակվի մոտենալ օգնության»: Այս կերպ Այլիսլին հստակ բաժանում է հայերին կոտորողներին, առանձնացնելով Բաքվի բնակիչներին, մտավորականներին ու վայրենի գավառացիներին:
Բժիշկ Ֆարզանին, որի մոտ տարել են խեղճ Սադիգլիին, ուշադիր լսում է Նուվարիշի պատմությունը: Դեռ մի քանի օր առաջ նա այդ նույն վիրահատարանում ծանր վիրահատություն էր արել մի հայ աղջկա, որին մետրոյում մի քանի ադրբեջանցի կանայք դաժան ծեծի էին ենթարկել: Ծեծել էին նաև նրա գործընկերներին : « … ինչ-որ մի դեգեներատ-պոետ ներխուժում է հիվանդանոց ու ծեծելով սենյակից դուրս հանում բժշկին, որը քառասուն տարի է ինչ աշխատում էր սրտաբանական բաժանմունքում, միայն այն բանի համար, որ նա հայ էր ծնվել»: «Այդ դեպքից հետո, - գրում է Այլիսլին,- հիվանդանոցում ոչ մի հայ չէր մնացել՝ ոչ բժիշկ, ոչ սպասարկող անձնակազմ: Ոմանք թաքքնվում էին տանը, իսկ մի մասը հավերժ լքել էր Բաքուն»:
Վեպի հիմնական դեպքերը տեղի են ունենում Սադայ Սադիգլիի գիտակցության մեջ այն պահին, երբ նա գտնվում է կոմայում: Այլիսլին Սադիգլիի հիշողությունների միջոոցով տեղափոխվում է իր հարազատ ու հինավուրց Այլիս, որտեղ, ասում են, ժամանակին ապրել են մեծ քանակությամբ հայեր, ու նրանց յոթ-ութ եկեղեցիները մինչև այսօր կանգուն են:
«Երևում է, հայերը շատ բարի ու խելացի մարդիկ են եղել, - գրում է Այլիսլին, ու գլխավոր հերոսին նկարագրելով, ասես խոսում է իր անունից: - … աշխարհն էլ շուռ գա, նրա համար սպիտակը սև չի դառնա: Քանի անգամ է փորձանքի մեջ ընկել լեզվի պատճառով, բայց այդպես էլ բան չի սովորել: Խելքին ինչ փչի, կբարձրաձայնի: Մի քանի ամսից հիսուն տարեկան է դառնալու, բայց կարծես տաս տարեկան երեխա լինի: Չի կարող գոնե վտանգավոր այդ պահերին երբեմն ուղղակի լռել: Նա ասում է. մենք ենք վատը, ոչ թե հայերը: Ասում է ու չի էլ վախենում»:
1980-ականների Բաքուն նկարագրելիս, Այլիսլին գրում է. «Ոչ երեկոյան, ոչ էլ ցերեկը չէիք տեսնի մարդկանց, որոնք մենակ կամ երկուսով քայլեին փողոցում: Նրանք քայլում էին ամբոխներով, հոտերով: Ու միայն այդ ամբոխներն ունեին իրավունք խոսելու ու բղավելու: Իսկ ամենատարօրինակն այն էր , որ նրանց արտաբերած բառերի քանակը հավասար էր նախնադարյան մարդկանց օգտագործած բառերի քանակին. “ Ա-զա-տու-թյուն! Հրա-ժա-րա-կան! Ղա-րա-բաղ! Վերջին օրերին այդ մարդիկ իրենց բառապաշարը հարստացրել էին ևս երեք արտահայտություններով. “ Հայ ես դու ! Մահ քեզ ! Ահա և վերջ! »
«Այն մարդկանց ոգիները, որոնց մենք խոշտանգել ենք, չեն թողնելու, որ հանգիստ ապրենք ,- գրում է Այլիսլին: - Այլիսում բոլոլ նրանք, ովքեր փորձել են իրենց կյանքը բարելավել հայերի հանդեպ բռնության գնով, այսօր հանգիստ չունեն»:
Վեպում զուգահեռներ են տարվում Այլիսի 1919 թ. թուրքերի կազմակերպած կոտորածի ու 1980 թ. Բաքվի ու Սումգաիթի ջարդերի միջև: «Այդ ամենն իրականացվել է ըստ հետևյալ պլանի. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը ոչ մի բանի մասին գլխի չընկնի, Ադիֆ բեյի երեսուն-քառասուն հեծյալներն առավոտվանից անցնում են հայերի ու մուսուլմանների տներով ու տեղեկություն են տարածում, թե շուտով զինադադար է հայտարարվելու, որի համար բոլորը պետք է անհապաղ հավաքվեն հայերից մեկի բակում: Երբ մարդիկ հավաքվում են նշված վայրում, թուրքական զինվորները բաժանում են մուսուլմաններին ու հայերին ու նրանց շարք կանգնեցնում բակի տարբեր մասերում: Հանկարծ ինչ-որ տեղից բարձր հրաման է հնչում՝ «Կրաա՜կ», և թուրքական զինվորները, որոնք բոլոր կողմերից շրջապատել էին տունը, սկսում են անդադար կրակել: Շատերը տեղում մահանում են, իսկ ողջ մնացածներին սպանում են սրերով ու սվիններով: Մի մասին հենց տեղում՝ բակում էլ թաղում են , իսկ մնացածին շպրտում են ձիարաններն ու մոտակա տների նկուղներն ու այրում: Մուսուլմանական կանայք, որոնք այդ օրերին նույնիսկ չէին համարձակվում դուրս գալ իրենց տներից, հետագայում այսպես են նկարագրում տեղի ունեցածը. «Ջուրն առուներում մի շաբաթ դեռ կարմիր էր արյունից»:
Զարմանալի է Այլիսլիի համերաշխության զգացումն ու կարեկցանքը իր նախկին հայ հայրենակիցների հանդեպ. «Սադայ Սադիգլին, ում գերդաստանի մեջ ոչ մեկ չուներ մի կաթիլ իսկ հայի արյուն (…), արդեն որոշ ժամանակ է ինչ ասես անանուն հայի էր կրում իր մեջ: Ավելի ճիշտ ոչ թե կրում էր, այլ թաքցնում: Այդ մեծ քաղաքի ամեն մի ծեծված, կշտամբված ու սպանված հայի հետ ասես իրեն էին ծեծում, կշտամբում ու սպանում»: Ըստ երևույթին, այս վերջին բառերով էլ բացատրվում է այն պատճառը, որը հանգեցրեց Այլիսլիի «ստեղծագործական ինքնասպանությանը» հայրենիքում:
Մեկնաբանություններ